Friday, June 17, 2011

Սնափառության շքահանդես

Գրողների միության շենքի երկրորդ հարկում էինք, երբ ինչ-որ մեկը ծիծաղելով ասաց՝ ներքեւ մի իջեք, շենքը ոստիկաններով օղակված է: Զարմացած ու հետաքրքրված անհաջող կատակից՝ իջանք, պարզվեց, որ կատակասերն ավելի քան լուրջ է: Ոչ միայն շենքն էր շրջապատված, այլեւ առաջին հարկում քայլարշավում էին փողկապավոր սափրագլուխները, մեզ դեսուդեն էին հրում՝ ճանապարհ բացելով:

Ու հանկարծ միջանցքում դեմառդեմ հանդիպեցի ՀՀ ոստիկանապետին՝ հեռախոսով խոսելիս: Տեր Աստված, ի՞նչ է պատահել, այդ ո՞ւմ է կանչում: Շփոթված դուրս եկա եւ շենքի բակում հանրապետության դատախազին հանդիպեցի, որ մուտքին էր մոտենում:

Շփոթմունքս վերածվեց խուճապի: Իսկ Բաղրամյան փողոցը փակ էր, ազդանշանային լուսարձակներով տագնապ առաջացնող ոստիկանական մեքենաներով լցված: Զարմացա, եթե ԱՄՆ կամ ՌԴ նախագահն է գալիս, նախապես որեւէ հաղորդագրություն չի եղել, իսկ թե անգամ այդպես է, Գրողների միությո՞ւնն ինչ կապ ունի:

Ուզում էի փախչել, բայց նաեւ ցանկությունս մեծ էր՝ պարզելու իրողությունը, եւ շուրջս շենքից փախչող ծանոթ-ընկեր գրողներին հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել: Պատասխանեցին՝ բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Ուրարտական անձրեւներ» գրքի շնորհանդեսն է:

Իսկ այդ մարդիկ ի՞նչ կապ ունեն բանաստեղծի գրքի հետ: Ոստիկանության տո՞նն է, դատախազության օ՞րը, թե՞ գրական միջոցառում: Եվ այդ միջոցառմանը, որ պետք է գրողներն իրենց ներկայությամբ արժեւորեին, խուճապահար փախչում էին Գրողների միության շենքից:

Սա այն Հովեյան Հովիկն է, ով մի ժամանակ մշակույթի նախարար էր, իսկ նշանակվելու նախօրեին անցավ ՕԵԿ շարքերը, ումից էլ հետո ՕԵԿ-ը խիստ հիասթափվեց ու ազատեց՝ սկանդալային պահվածքի համար (կարծեմ ատրճանակով ինչ-որ մեկի գլխին էր հարվածել):

Հետաքրքիր է՝ եթե Թումանյանի կամ Չարենցի գրքի շնորհանդեսը լիներ, հանրապետության ոստիկանապետն ու դատախազը, մյուս բարձրաստիճան հյուրերը կգայի՞ն: Դե, ես էլ հետաքրքիր մարդ եմ, բերել եմ Հովեյանի պես տիեզերական քերթողին ինչ-որ Թումանյանի ու Չարենցի հետ եմ համեմատում, իհարկե, նրանց համար չէին գա՝ չափելով ըստ մեծության:

Իսկ հետաքրքիր է՝ Թումանյանը նման մարդկանցով գրքի շնորհանդես կանե՞ր: Հովեյան ջան, ուզեցար ասել՝ հայ-հայ, տեսեք, թե ինչ վիթխարի գրող եմ, որ այդպիսի մարդիկ են գրքիս շնորհանդեսին մասնակցում: Վիթխարի կլինեիր, եթե քեզ գրողները մեծարեին, ոչ թե դատախազն ու ոստիկանապետը:

Պատկերացնում եմ, թե ինչքան ես չարչարվել դրանց Գրողների միություն բերելու համար, փոխարենը մի քիչ չարչարվեիր բանաստեղծի կերպար ունենալու ուղղությամբ: Եվ գիտե՞ս, թե շենքից փախչող մեր նշանավոր գրականագետներից մեկն ինչ ասաց.

«Այս սնափառության շքահանդեսն ի՞նչ կապ ունի գրողի եւ գրականության հետ»: Հովեյան ջան, տեսա՞ր վերջում ինչ եղավ, ուզում էիր, որ հասարակությունն իմանար, թե ինչ նշանավոր մարդիկ են եկել գրքիդ շնորհանդեսին, ես էլ տեղեկացրի՝ քեզ հասցնելով մուրազիդ: Կարիք չկա շնորհակալություն հայտնելու, բա էլ ո՞ր օրվա համար ենք:

Պատահականության բերումով՝ քո գրչընկերը,
ով ավելի շուտ կհրաժարվի գրելուց,
քան նման շնորհանդես կկազմակերպի

hraparak.am
17.06.2011

Friday, June 3, 2011

Մրցանակն էլ է արժեզրկվում, մրցանակակիրն էլ


Մինչ պաշտոնապես կհայտարարվի, թե ովքեր են այս տարի արժանացել ՀՀ նախագահի պետական մրցանակին, ոչ պաշտոնական մակարդակով շշուկներն ու խոսակցություններն արդեն կան։

Այդպիսով, շաբաթ օրը տեղի ունեցած քվեարկության արդյունքում նախագահի գրական մրցանակին արժանացել է Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը։ Նշենք, որ մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ արժեքավոր գործեր եւ հայտնագործություններ կատարած ու, որպես կանոն, ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակներին՝ 7 բնագավառներում։ 2001-ից տրվող մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Ֆրանսիա)։

Որպես մրցանակ՝ շնորհվում են վկայագիր, մեդալ եւ դրամական պարգեւ՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք չափով։ Հանձնաժողովի նախագահ՝ գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը նշեց, որ, ի տարբերություն անցած տարիներին տրվող 5 հազարի, այս տարի 10 հազար դոլար մրցանակի գումարային չափն ավելի է սրել մրցույթի շուրջ քննարկումները, դա մի կողմից վատ է, մյուս կողմից՝ լավ, որովհետեւ ավելացնում է մրցակցությունը։ Թեկնածուների ընտրությունն ու առաջադրումը կատարվում են «Պողոսյան» հիմնադրամի եւ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից։ Գրական մրցանակին ներկայացված 13 հայտերից հանձնաժողովն ընտրել է 7 հեղինակի, 2-րդ փուլում՝ այդ 7-ից 3-ին. Վարդան Հակոբյանի «Պոեմ իմ մասին կամ՝ 24-ն անց 81 րոպե» գործը, Հրաչյա Թամրազյանի «Բանաստեղծություններ, էսսեներ, գրական դիմանկարներ, հոդվածներ» գիրքը եւ Արեւշատ Ավագյանի «Աստղալույսերի ձայնը» բանաստեղծությունների ժողովածուն, որի արդյունքում փակ քվեարկության ժամանակ 3 կողմ եւ 2 դեմ ձայներով անցել է Վարդան Հակոբյանի գիրքը, 2 կողմ, 3 դեմ ձայների է արժանացել Հրաչյա Թամրազյանի գիրքը, 5 դեմ ձայների՝ Արեւշատ Ավագյանի ժողովածուն։

Ռուբեն Հովսեփյանը մրցանակի շուրջ առաջացած դժգոհություններին այսպես արձագանքեց. «Ես 3-րդ անգամ եմ հանձնաժողովը ղեկավարում եւ դեռ չեմ հիշում, որ մի անգամ գոնե բոլորը համաձայն լինեն ու հետո դժգոհություններ եղած չլինեն։ Նրանք, ովքեր հավակնում էին ստանալ ու չեն ստանում, միշտ էլ աղմուկ են բարձրացնում, անկախ նրանից՝ իդեալական ընտրություն է եղել, թե ոչ։ Ո՞վ չի դժգոհի, եթե ուրիշին մրցանակը տան»։ Իսկ ի՞նչ չափանիշներով են ընտրություն կատարում, նա նշեց, որ այնտեղ քանոնով կարկին դրված չէ, որ կարողանան չափել, եւ որ կոնկրետ նշաձող չկա, յուրաքանչյուրն ընտրում է իր գրական ճաշակին համապատասխան. «5 հոգի են, 5-ն էլ գրականության մարդիկ (հանձնաժողովի կազմում եղել են Լիլիթ Արզումանյանը, Աելիտա Դոլուխանյանը, Գուրգեն Գասպարյանը, Ավիկ Իսահակյանը եւ Ռուբեն Հովսեփյանը), ամեն մեկն իր կարծիքն ունի, ոչ մի ճնշում չի եղել։

Ինձ ոչ ոք ոչ մի բան չի ասել եւ չէին էլ համարձակվի ասել։ Ես գիտեի, որ դժգոհություններ կլինեն, ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Թող հանձնաժողովի ամեն մի անդամ այնքան վստահ ասի այդ բանը, որքան ես»։ Նկատենք, որ ոմանք կարծում են, որ եթե ճնշում չլիներ, մրցանակ կստանար Թամրազյանի գործը։ Սակայն պրն Հովսեփյանն ասում է, որ հանձնաժողովի արդար եւ անաչառ աշխատանքի համար հակափաստարկներ բերելու խնդիր չունի. «Եթե ամեն տեղ խոսում ենք ժողովրդավարությունից, այստեղ էլ է ժողովրդավարություն՝ 5 հոգի նստում են ու քվեարկում»։ Իսկ թե քվեարկությունից առաջ ինչ է կատարվում, ոչ ոք չգիտի։

Ըստ Արեւշատ Ավագյանի՝ ժողովրդավարության մասին խոսք անգամ լինել չի կարող. «Դժբախտաբար, այդ ընտրությունները մեր մոտ երբեք արդար չեն անցնում։ Տարբեր շահեր կան, իսկ որտեղ փող կա, այնտեղ պետք է կասկածել, որովհետեւ կատարվում են ոչ գրական, ոչ մշակութային հարաբերություններ։ Ուղղակի արդեն ծիծաղս է գալիս։ Պետական մրցանակի ներկայացված իմ նախորդ գիրքն էլ, որի շուրջ մամուլը շատ գրեց, բայց վերջում մրցանակը տվեցին հայհոյախոսություններով լցված Դավիթ Հովհաննեսի գրքին, որը որ նախապես որոշված էր. դեռ ընտրությունը չեղած էլ ասում էին՝ նրան են որոշել վերեւից։ Հիմա էլ ի՞նչ ասեմ»։

Արեւշատ Ավագյանը նշեց, որ 2007-ին իր «Խոսք եւ գույն» գիրքը նույնպես չարժանացավ պետական մրցանակի, չնայած հանձնաժողովի բոլոր 5 անդամներն էլ ասել էին, որ տվել են առավելագույն 10 միավորը. «Հիմա մարդկանց ուզում եմ եւ հավատալ, եւ չհավատալ, այն ժամանակ էլ մրցանակը տվեցին Զորի Բալայանին։ Ես հայ գրականություն եմ ստեղծել եւ կարծում եմ, որ այդ գիրքը պիտի արժանանար եւ նախագահի, եւ պետական մրցանակի»։ Նշեց, որ եթե այս անգամ էլ միաձայն 5-ն են դեմ քվեարկել, դա արդեն մտածելու տեղիք է տալիս, ու ստացվում է, որ կարելի է էլ չգրե՞լ. «Սա հումորով եմ ասում։ Բայց չեմ ուզում, որ ժողովուրդն ինձ սխալ հասկանա, որովհետեւ մեր ժողովրդի մոտ մի սուտ բարոյականություն կա, որ եթե դու ես քեզ պաշտպանում, դա վատ բան է, բայց եթե մի անտաղանդի մի կաշառված մեկը գովի, փառաբանի, ոչ մեկը չի ասի՝ այդ ի՞նչ ես անում»։

Պրն Ավագյանի կարծիքով, ինքն ուղղակի այս իշխանությունների կողմից չսիրված անձնավորություն է, որովհետեւ պարզ, անկեղծորեն խոսում-ասում է իր կարծիքը, եւ դրա համար իրեն որոշել են այդկերպ «պատժել»՝ ոչ մի մրցանակի չարժանացնելով իր գրքերը։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ այդ մրցանակները շատ կարեւոր են, բայց յուրաքանչյուր մրցանակ պիտի պատիվ բերի այն մարդկանց, ովքեր այդ մրցանակը տալիս են ու վերցնում։

Այն, որ յուրաքանչյուր գրական մրցանակից առաջ եւ հետո խոսակցություններ են գնում արժանիի ու անարժանի, արդարի, ոչ արդարի շուրջ, խոսում է այն մասին, որ ցանկացած դեպքում օբյեկտիվ գնահատական չի կարող լինել, որովհետեւ ամեն մեկն իր շահից բխող ճշմարտություն ունի։ Գրական կյանքում կարող է լինել հեղինակություն եւ հեղինակություն վայելող կարծիք, ասենք՝ ինչպես իր ժամանակին Հրանտ Մաթեւոսյանն էր, ում գովասանքը հազար մրցանակ արժեր գրողի համար։ Իսկ երբ այսօր կասկածի տակ է դրվում ոչ միայն մրցանակ տվողի, այլ նաեւ այն ընտրողների գրական կշիռն ու կարծիքը, մրցանակն էլ է արժեզրկվում, մրցանակակիրն էլ։

ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
hraparak.am
15.03.2011