Saturday, May 28, 2011

Որն է գրականությունը, որը` ոչ, ով է գրող, ով` չգրող

«Այսօր հասարակության ուշադրությունը սեւեռված է միջակությունների վրա, մինչդեռ կարեւորագույն խնդիր է գրական դաշտը աղբից մաքրելը, թե չէ՝ մեր օրերում գրականության մեջ չափանիշներ չկան, ում մտքով ինչ անցնում է, գրում է, եթե անգամ մեկը այբուբենը ամբողջապես չգիտի, կարող է գրել ու իրեն համարել գրող»,- այս կարծիքին է բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ: Բայց ովքեր եւ ինչպես պիտի զանազանեն ցորենը որոմից: Այ, սա է խնդիրը:

Ոչ հեռու անցյալում, այսինքն՝ անկախության շրջանում, զուգահեռաբար գոյություն ունեին Հայաստանի գրողների միություն եւ Հայ գրողների միություն, ու գրողական այս միավորումները անհաշտ պայքար էին մղում գրական կյանքում իրենց տեղի ու դերի, գրողների միության ունեցվածքը բաժանելու առումով: Այսօր էլ միությունների, միավորումների պահանջարկը չի դադարել արդիական լինել հայ գրողների շրջանում: Իհարկե, քիչ չեն նաեւ այս ամենից օտարված, իրենք իրենց համար ստեղծագործող գրողները: Ինչեւէ:

Ահավասիկ` երեկ մամուլի ակումբներից մեկի հյուրերն էին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ու Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Հետաքրքիր զուգադիպությամբ` մեկ այլ մամուլի ակումբ էլ հյուրընկալել էր ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանին եւ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանին, որը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե` ժամանակակից հայ արձակը վերածնունդ է ապրում, ինչը փաստում է վերջին տարիների գրական հունձքը:

Բնականաբար երկու դեպքում էլ թեման գրողը, գիրքը եւ գրականությունը պիտի լինեին եւ, թերեւս, էին: Բայց տարօրինակ կերպով այս դաշտում, ինչպես միշտ, շատ հակասական էին տեսակետները: Եթե ԳՄ նախագահը խոսել էր տարեկան հրատարակվող 2000-ից ավելի գրքերից եւ մրցանակի արժանացածներից, ոգեւորությամբ նշելով, թե գիրքը գտնում է իր ընթերցողին, ապա Ռազմիկ Դավոյանը շեշտը դրել էր գրական դաշտը աղբից մաքրելու վրա, քանզի այսօր միջակություններին մեծ ասպարեզ է տրվում:

Երեկվա ասուլիսի ժամանակ Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը ներկայացրեց միության հրատարակած նոր` «Գրական կյանք» ամսաթերթը, հայտարարելով. «Մեր նպատակն է շեշտը դնել բարձր գեղարվեստական արժեքի վրա եւ այս թերթի առաքելությունն է գրական զարգացումների համար ավելի դեմոկրատական եւ ժողովրդավարական պայմաններ ստեղծելը»:

Նրա ներկայացմամբ` ամսաթերթն այսօր արդեն ունի 5 հազար տպաքանակ, որը մեր օրերում ամենաբարձր ցուցանիշ ունեցող գրական մամուլն է, ուր ներկայացվելու են ժամանակակից գրականության լավագույն դեմքերը` այդպիսով կողմնորոշելով ընթերցողին:

Բնականաբար Ափինյանը նախանձախնդիր է նաեւ միությունն ընդլայնելու, անդամների լուրջ չափ ու քանակ ապահովելու հարցում, ուստի նա հպարտորեն հայտարարում է. «Արդեն ստացել ենք 200 դիմում, ովքեր ցանկություն են հայտնել անդամակցել Երեւանի գրողների միությանը: Սակայն չենք շտապում մեր անդամների թիվն ընդլայնել, քանի որ շեշտը դնելու ենք որակի վրա, այլ ոչ թե քանակի»:

Երեկ Ա.Ափինյանը ակնհայտ մեծահոգություն ցուցաբերեց, հայտարարելով, թե իրենք պատրաստ են համագործակցել Հայաստանի գրողների միության հետ: Ավելին՝ նա պնդեց, որ երկու միությունների միջեւ ոչ մի տարաձայնություն չկա, պարզապես հակասություն գոյություն ունի գրողների եւ չգրողների միջեւ։

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի ակնկալիքը խորապես հասկանալի է. «Երբ պիտի գրական մի չափանիշ մեջտեղ գա, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա. որն է գրականություն, որը` ոչ»: Այս առումով նա լուրջ դեր է վերապահում գրական մամուլին եւ ողջունում է նոր պարբերականի ծնունդը, միաժամանակ հիշելով հին, բարի, գրապաշտ ժամանակները. «Իմ խմբագիր եղած ժամանակ «Գրական թերթը» շուրջ 150 հազար տպաքանակով էր լույս տեսնում: Ակնկալում եմ, որ թերթի հեղինակները քննադատական սլաքը կուղղեն դեպի ստեղծագործությունները, այլ ոչ թե հեղինակներին: Գրական մի չափանիշ պետք է, ի վերջո, մեջտեղ գա, ու մեր ժողովուրդը հասկանա` որն է գրականություն, որը` ոչ: Ժողովուրդը պետք է ինչ-որ մի ձեւով կարողանա վերադառնալ այն կատեգորիային, որում եղել է մի ժամանակ: Մեր պահանջները շատ խիստ են, իսկ եթե դրանք չկան, գոնե պետք է աղբը մաքրվի գրական դաշտից»:

Բանաստեղծն այն համոզման է, որ «հասարակությունն այսօր պետք է կենտրոնանա ոչ թե հեղինակի, այլ բովանդակության վրա: Մինչդեռ այսօր հանրության ուշադրությունը սեւեռված է միջակությունների վրա»:
Իսկ իր մասին տաղանդավոր բանաստեղծն ասաց. «Անձամբ ես արդեն բավական ժամանակ է` գրական կյանքի հետ գործ չունեմ, ապրում եւ ստեղծագործում եմ ժողովրդի համար»:

ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
9.04.11

Մտավորակա՞ն է Լեւոն Անանյանը…

Հայելին միշտ մո՛տդ պահիր –

Այս իմաստակի արտաբերած տխմարությունը չի՜ տարբերվում քյազիմկարաբեքիրների խեղաթյուրումներից

Սփյուռքահայ մտավորականների ու հատկապես գրողների հետ իմ զրույցների ժամանակ նրանց մեծագույն մասը հայտնում է իր խիստ դժգոհությունը Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գործելակերպից: Իսկ երբ նրանց այպանում եմ, թե ինչո՞ւ հենց իրե՛նք չեն բարձրաձայնում այդ մասին, նրանք լռում են, քանի որ չեն ուզում զրկվել ոչ սեփական միջոցների հաշվին հետագայում ՀՀ այցելելու, Ծաղկաձորներ վայելելու, արդեն գրոշի արժեք չունեցող պատվոգրերի, շքանշանների ու մասամբ նոցին արժանանալու հնարավորությունից եւ այլն: Անանյանն էլ, իր հերթին, լավ է իմանում սփյուռքահայ մտավորականների այս մտածելակերպը եւ կարողանում է «գնել» նրանց լռությունը իր շահատակությունների դիմաց: Շատ քչերն են համարձակվում ցույց տալ սույն պարոնի իսկական դեմքը. նրանցից է, օրինակ, Փարիզում հաստատված հայրենաթող գրող Կարեն Սիմոնյանը, որ Անանյանին բնորոշում է «գրականության գծով պետական պաշտոնյա» ու նման շատ դիպուկ պիտակներով:

Այս երկկողմանի պնակալեզությունը, որն ավելի հայտնի է «Բրեժնեւյան սինդրոմ» անունով, օրեցօր ավելի ինքնավստահություն է հաղորդում Լ. Անանյանին՝ անարգել շարունակելու համար իր գետնառյուծային գործունեությունը: Հերիք չէր, որ սույն պարոնը իր ղեկավարած ստեղծագործական միությունը լռության մատնեց ՀՀ նախագահի՝ ՀՀ-Թուրքիա հաշտեցման անընդունելի ու ազգային արժանապատվությունը ոտնահարող գործընթացի դիմաց, վերջին ամիսներին էլ ամեն ինչ անում է նույն միության ու սփյուռքահայ գրողների ջախջախիչ մեծամասնության խոր վրդովմունքը հարուցած՝ ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ վերաբացելու դավադրության դեմ բողոքի ձայնը հնարավորինս մեղմացնելու համար:

Եվս 2 թարմագույն փաստեր՝ ՀԳՄ հենց անմիջական շրջանակից:
Միության խոսնակն եղող «Գրական թերթ» շաբաթաթերթի ս. թ. թիվ 34 (3042), հոկտեմբերի 15ի համարի առաջին էջում տպագրվել է «Հերթական թարգմանչաց տոնը Օշականում» (գրող-մրոտողը հայոց լեզվի տարրական շարադասություն չգիտի, այլապես պիտի գրեր՝ «Թարգմանչաց հերթական տոնը Օշականում») վերնագրված թղթակցությունը: Դրանից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 9-ին, Օշականում հանգչող հայոց ամենասուրբ սրբի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ կառուցված դպրատանը կայացած միջոցառմանը մասնակցել են նաեւ «Հայաստանի Գրողների միության անդամները՝ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ»: Ըստ իր սովորության, Լ. Անանյանը ելույթ է ունեցել, որի ընթացքում, ի միջի այլոց, ասել է. «Տոնն իսկապես մեծ խորհուրդ ունի, որովհետեւ Աստվածաշնչի թարգմանությամբ սկիզբ է դրվել հայ դպրությանը, հայ մշակույթի մի նոր էջի» (ընդգծումը իմն է, Գ. Յ.):

Եթե այս բառերը կարդացած չլինեինք ՀԳՄ պաշտոնաթերթում, այլ՝ մեկ ուրիշ լրատվամիջոցում, կարող էինք կասկածել դրա ճիշտ արտատպմանը (հայաստանյան պարբերական մամուլը «փայլում է» նման սխալ փոխանցումներով): Իսկ եթե սխալ է արտատպվել, «ԳԹ»-ն պարտավոր էր հերքել կամ ճշտել: Սպասեցինք, որ «ԳԹ»-ն հերքում կամ ճշտում տպագրի: Անցել է մեկ ամիս, լույս է տեսել թերթի 4 համար, բայց… լռություն, ինչը նշանակում է, որ Լեւոն Անանյանն իրո՛ք արտասանել է այդ բառերը այնպես, ինչպես դրանք տպագրվել են «ԳԹ»-ում:

Եթե «դպրություն» բառին կցված չլիներ «ը» հոդը, առարկելու հիմք եւ իրավունք չէինք ունենա, քանի որ դա համապատասխանում է պատմական իրողությանը (այլ հարց, թե Լուսավորիչ հորջորջվածը ընդամենը մեկ դար առաջ ինչպիսի՜ անմարդկային կատաղությամբ փորձել էր հիմնովին վերացնել հայ դպրությունը): Սակայն, «ը» հոդի առկայությամբ դուրս է գալիս, որ ըստ Լեւոն Անանյան կոչեցյալ իմաստակի, հայ ազգը, մինչեւ «Աստվածաշունչ մատյանի» (ի դեպ, պետք է այդպես արտահայտվել, այլ ոչ թե միայն «Աստվածաշունչ», թեեւ ճիշտը «Բիբլիա»-ն է) թարգմանությունը, այսինքն՝ մինչեւ 5-րդ դարի առաջին տասնամյակները, առհասարակ դպրություն չի ունեցել: Իսկ քանի որ դպրությունը հիմքն է մշակույթի, կարելի ենթադրել, թե լեւոնանանյանների համար՝ հայ ժողովուրդը մինչեւ 5-րդ դարի սկիզբը մշակույթ չի ունեցել:

Իսկ եթե այս դատողություններին ավելացնենք այն անքննարկելի ճշմարտությունը (աքսիոմը), թե ազգը, հայրենիքն ու ազգային մշակույթը անբաժանելի եռամիասնություն են, ապա, կարելի է եզրակացնել, թե ըստ Լեւոն Անանյան իմաստակի, մինչեւ 5-րդ դարը հայ ազգ եւ հայոց հայրենիք էլ գոյություն չեն ունեցել: Ասացե՛ք խնդրեմ, ինչո՞վ է այս հիմարությունը տարբերվում հայոց հիմնական թշնամիների՝ թուրքերի բարբաջանքներից, թե հայերն անկախ պետականություն, հայրենիք ու ինքնուրույն մշակույթ ընդհանրապես չեն ունեցել: Հիշեցնենք՝ Քյազիմ Կարաբեքիրը Հայաստանի առաջին հանրապետությունը ծնկի բերելուց հետո, Ալեքսանդրապոլի համաձայնագրի բանակցությանց ժամանակ ՀՀ պատվիրակությանը ներկայացրել էր մի հուշագիր (մեմորանդում), որտեղ նշել էր, թե հայերն ինքնուրույն որեւէ բան՝ մշակույթ, տարազ, երգ, պար եւն. չունեն, իսկ ունեցածների մեծ մասը վերցրել են թուրքերից:

Ասացե՛ք խնդրեմ, ինչո՞վ է տարբերվում Լեւոն Անանյան իմաստակի արտաբերած տխմարությունը քյազիմկարաբեքիրների խեղաթյուրումներից… Ի՜նչ հոյակապ զենք է տալիս Հայաստանի Գրողների միության նախագահը մեր անցյալը, ներկան ու… գալիքը խեղաթյուրող, մեզ նախեւառաջ իբրեւ դպրության ու մշակույթի ազգ հոգեբանորեն ոչնչացնող մեր թշնամիների ձեռքին: Ի՞նչ կարող ենք մենք պատասխանել, եթե մի օր նրանք մեր դեմ հանեն Լեւոն Անանյանի այս ցաբռտուքը: Չէ՞ որ այդ փչոցն արտաբերողը գրող է, առավել եւս՝ ոչ սովորական մեկը, այլ՝ Հայաստանի Գրողների միության նախագահի նման հեղինակավոր (sic!) անձը…

Ահա՛ թե ուր կարող է առաջնորդել Եկեղեցին ազգից գերադասելու հիմարությունը… Ինչպե՞ս չհիշել երջանկահիշատակ Վազգեն Ա-ին, որ ասել էր «Հայ ազգից դուրս քրիստոնեություն ես չեմ ընդունում», եւ որն իր գործունեության ընթացքում Եկեղեցի՛ն էր ծառայեցնում հայության…

Իհարկե, լավ կլիներ, որ Անանյանի այս արտահայտությունը լսած ՀԳՄ անդամներից որեւէ մեկը հենց տեղնուտեղը ծեփեր իր միության նախագահի բերանը կամ հենց «ԳԹ»-ում հանդես գար ուղղում-պարզաբանումով: Բայց ո՜չ, այդ համարձակության համար, նրանք այդ վայրկյանից կզրկվեին այն փշրանքներից, որոնք Լ. Անանյանը գցում է իրենց սոված բերանը: Նույնը կարող էին անել նաեւ Հայ եկեղեցու՝ միջոցառմանը ներկա սպասավորները. չէ՞ որ նրանք կոչված են վկայելու միայն եւ միայն Ճշմարտությունը:

Բայց ո՜չ, ի՜նչ ենք ասում: Եկեղեցուն եւ Աստվածաշունչ մատյանի հայերեն թարգմանությունը փառաբանելու համար կարելի է ոտնատակ տալ Ճշմարտությունն ու հայոց արժանապատվությունը՝ Գրողներից, Եկեղեցու սպասավորներից եւ առհասարակ միջոցառման ներկաներից մեկնումեկը ինչո՞ւ չկարողացավ տեղում բարձրաձայնել, թե տրամաբանակա՞ն է, որ դպրության հատուկ աստված (Տիր) ունեցած եւ այսօր էլ ունեցող հայությունը մինչեւ 5-րդ դարի սկիզբը դպրություն չունենար:

Պետք է ենթադրել, որ Էրեբունին, Մեծամորը, Վան-Տոսպը, Գառնիի հիասքանչ տաճարը, հայոց մեհյանները եւ մինչ Աստվածաշունչ մատյանի թարգմանությունը Հայոց աշխարհում կառուցված քաղաքներն ու բյուրավոր մշակութային կոթողները կառուցել են ոչ-հայերը, մի գուցե այլմոլորակայինները՝ միշտ ըստ Լեւոն Անանյանի ու նրա նմանների «դատողության»…

Լա՛վ, մի կերպ կարելի էր «ըմբռնումով» մոտենալ Օշականում Լեւոն Անանյանի՝ պահի թելադրանքով կատարած հաճոյախոսությանը ու անցնել, եթե սույն պարոնը դույզն ինչ նախանձախնդիր լիներ հայոց լեզվի նկատմամբ: Հանրապետությունում հայոց լեզուն ամեն վայրկյան հոշոտվում է, իսկ գրողների միությունը էշի ականջում քնած է կամ, երբեմն-երբեմն, թույլ նվնվոցներով է արտահայտում իր դժգոհանքը: Վերեւը նշեցի Անանյանի ու նրա ղեկավարած միության, շատ մեղմ ասած՝ թույլ հակադարձությունը ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ վերաբացելու դավաճանության: Մի կողմ թողնենք նաեւ այն անընդունելի փաստը, որ ՀԳՄ շենքի ձախ կողմում ծվարած «Նավզիկե» սրճարան թե բարի ցուցանակում բացակայում է հայերենը:

Բերեմ Լեւոն Անանյանի «նվիրյալ հայկականության» եւ «հայ գրողի առաքելության» վերջին ապացույցներից մեկը:

Այս ամսի սկզբին, երբ մի գրողի հանդիպելու համար մտնում էի Գրողների տուն, մուտքի աջին ցցված մի ցուցանակի վրա կարդացի գովազդ, թե Հայաստանի Գրողների միության շենքի 4-րդ հարկում գործում է ՀՀ քաղաքացիների համար՝ Green Cardի ձեւակերպումներ իրականացնող մի գրասենյակ: Այսքանը կարծեք հերիք չէր, այդ ձեակերպումների մանրամասնությունները գրվել էին ռուսաց լեզվով:

Ահա՛ ձեզ հայոց լեզվից ու Մաշտոցից բարբաջող Լեւոն Անանյանի ու նմանների իսկական դեմքը:

Փակագծերում ասեմ, թե մի քանի տարի առաջ, երբ նույն շենքն էի մտնում սփյուռքահայ վաստակաշատ գրող ու հասարակական գործիչ Թորոս Թորանյանի հետ, նույն տեղում կարդացել էինք Green Cardի գովազդը՝ թղթի վրա: Սփյուռքահայ գրողը, անհունորեն վրդովված, գոռաց «Ծո՛, Գեւո՛րգ, այս ի՞նչ խայտառակություն է», ու իր ձեռքով պատառոտեց այդ զազրելի գրությունը:

Իսկ ի՞նչ անեի ես՝ տեսնելով Green Cardի գրասենյակի՝ այս անգամ արդեն երկաթե ցուցանակի վրա ներկով տպված գովազդը: Բավարարվեցի ցուցանակի վրա կպցնելով միշտ հետս եղող մի թղթիկ, որը հիշեցնում է, թե ըստ ՀՀ Սահմանադրության ու օրենքների, ՀՀ պետական լեզուն հայերենն է, որն սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները:

Բարձրանալով 4-րդ հարկ, ճնշումս անօրինակ բարձրացած, ամոթանք տվեցի ՀԳՄ անդամներին, այդ թվում՝ ՀԳՄ քարտուղարներից Հովհաննես Գրիգորյանին՝ այս սրբապղծության համար, պահանջելով անհապաղ դո՛ւրս շպրտել արդեն արյունաքամված ՀՀ-ից արտագաղթին նպաստող գրասենյակը միության շենքից, որտեղ մուտք են արել հայոց մեծամեծներից շատերը, այսուհետ չպղծել այդ շենքը նմանօրինակ աղտեղություններով, խոստանալով այս խայտառակության մասին տեղեկացնել ողջ հայությանը (արդեն տեղեկացրել եմ Թորոս Թորանյանին, իսկ այս հրապարակումով իմաց եմ տալիս ողջ հայության), որպեսզի ՀԱՅ մարդիկ տեսնեն, թե Հայաստանի Գրողների միության այսօրվա ղեկավարը ինչպիսի «հայ» է…

Արաբերենում կա մի նշան՝ «շադդե» անունով, որ երբ տեղադրվում է որոշակի տառի վրա՝ այդ տառի հնչյունը կրկնվում է (օրինակ՝ Սադդամ, Բաշշար):
Այս հրապարակման վերնագրի հարցադրման ճիշտ պատասխանը կարելի է ստանալ «շադդե»-ի նշանը դնելով «մտավորական» բառի 12 բաղաձայն տառերի վրա…

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ
vahagnakanch
Լուսանցք
11.11.2010

Գրողը նրա համար միայն ձայն է

Արձակագիր Լեւոն Ջավախյանը վերջերս դուրս է եկել Հայաստանի գրողների միությունից: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին ուղղած դիմումի մեջ իր այդ քայլը նա որակել էր «ազատագրում»: Երեկ մենք զրուցեցինք ԳՄ կապանքներից արդեն որոշ ժամանակ ազատ գրողի հետ:

- Պարոն Ջավախյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում Գրողների միությունից «ազատագրվելուց» հետո:
- Թեթեւացած, շունչս` բացված, մեջքս` ուղղված, հայացքս` շիտակ, ճամփես` երկար: Գրողների միությունը ինձ գրող չէր դարձրել, ինձ վրա ամագ չուներ, որ հիմա էլ տրտնջամ: Սխալմունք էր մտնելը: Ավելի ճիշտ կլիներ, որ ո՛չ մտած լինեի, ո՛չ էլ դուրս եկած: Ավելորդություն է իմ կյանքում Գրողների միությունը: Դա գիտակցեցի ու սխալների ուղղում արեցի: Բայց ոչ ոք չի հարցնում` ինչո՞ւ ես մտել: Բոլորը հարցնում են` ինչո՞ւ դուրս եկար:

- Ինչո՞ւ եք մտել:
- Ես Գրողների միությունն էն գլխից չէի ուզում: Լեւոն Անանյանի թախանձագին խնդրանքներին տուրք տալով` մտել եմ: Մտածում էի` ինքը գնահատում է իմ գրականությունը, դրա համար է խնդրում, որ անդամագրվեմ: Բայց նա սխալվել է իր հաշվարկներում. կարծում էր` լոռեցի եմ ու ես էլ եւս մի ձայն կավելացնեմ իր օգտին: Դժբախտաբար, Լեւոն Ջավախյանը կլինի, Արմեն Շեկոյանը, թե Պողոս Պողոսյանը, նա գրողների տաղանդը, շնորհքը չի կարեւորում, այլ ընդամենը գրողներին ընդունում է որպես մի ձայն: Լեւոն Անանյանը ձայներն է հաշվում, իսկ մրցանակները տալիս է` ըստ վախի չափի. ումից շատ է վախենում, ավելի մեծ մրցանակ է տալիս, ումից չի վախենում, ընդհանրապես անտեսում է: Մի տեսակ գազոնային մթնոլորտ կա Գրողների միությունում, համահավասարեցման մթնոլորտ: Նա այնքան Գրողների միության նախագահ չէ, որ իր ելույթներում չի համարձակվում անգամ որեւէ գրողի անուն տալ, որովհետեւ լավ հաշվարկել է, եթե մի գրողի անուն տվեց, մյուսները պիտի ասեն` բա ես: Հավասար-հավասարեցնում է: Էս գլխից արդեն ճտերը հաշվում է, որ ընտրության ժամանակ ձվերն ուտի:

- Գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը հույս էր հայտնել, որ մի որոշ ժամանակ անց գուցե փոշմանեք: Հնարավո՞ր է` նման բան լինի:
- Ափսոս, որ այդ հույսը տածել է Հովհաննես Գրիգորյանը, որին, որպես բանաստեղծի, ես հավանում եմ, որն ամեն տեղ, ամեն կերպ իմ գրականությունը, իմ բերած խոսքը դրվատում է, սիրով է վերաբերվում: Ինքը մի բան էր ասել` «Վիրավորված հոգու ճիչ էր Լեւոնի դուրս գալը»: Վիրավորված հոգու ճիչ է ինչո՞ւ: Որովհետեւ Ադրբեջանում` թշնամու երկրում, տեսնում են, որ Լեւոն Ջավախյան կա: Բա իրենց քթի տակ չնկատեցի՞ն, որ այդպիսի մի գրող կա` մի ալմանախում դնեին իր պատմվածքը, մի պատմվածք թարգմանեին, մի անգամ առաջարկեին գիրքը պետական աջակցությամբ տպագրել: Այդ անդամատոմսը հո չեմ ստացել, որ սրան-նրան ցույց տամ, ասեմ` «չիտայտե, զավիդույտե, յա չլեն սոյոզա պիսատելեյ Արմենիի»: Կոստյումը չէ, որ պիտի ինձ զարդարեր:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ԳՄ մարզային կառույցների ղեկավարների ընտրությունը պետք է համաձայնեցվի մարզպետների հետ:
- Հակոբ Պարոնյանն էր ասում` մեծապատիվ մուրացկաններ: Նորից ուզում ենք ասել, որ մեծապատիվ մուրացկաններ ենք: Էստի-էնդի փող են մուրում, գոյություն են պահում, իբր` գրականություն են զարգացնում: Գրականությունը անհատական պրոցես է: Եթե գրողը գրող է, նա գեղարվեստ կստեղծի` առանց որեւէ օժանդակության, առանց փողի: Ո՞վ է ինձ փող տվել, որ ես գիրք եմ տպել, կամ ո՞վ է ինձ ոգեշնչել, որ պատմվածք եմ գրել: Ոչ մի փողատեր, ոչ մի Գրողների միություն: Կյա՛նքը: Ես նայում եմ կյանքը ու գնում դեպի կյանքը, իմ հետեւից գալիս է ընթերցողը:

- Պարոն Ջավախյան, Գրողների միությունը կարծես նյութական ու ֆինանսական աջակցության դիմաց ճորտագրվել է իշխանություններին: Վերջերս էլ, հենց նույն մարտավարության շրջանակներում պաշտոնանկ արվեց, մասնավորապես, ԳՄ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար Նորիկ Գրիգորյանը: Ըստ Ձեզ, նման մոտեցումն ի՞նչ վտանգներով է հղի:
- Նորիկ Գրիգորյանը ինձ մոտիկ ընկեր է, շիտակ, իսկական թալինցի տղա: Բաց ճակատով գրում է Արագածոտնի աղաղակող թերությունների մասին ու մեկ էլ իմանում է, որ իրեն հանել են, որովհետեւ մարզպետն այնտեղից ասել է` եթե դրան հանես, մարզային կառույցին ես փող կտամ, աշխատասենյակ կտամ: Եթե թողնես նույնը, ոչինչ էլ չեմ տա: Փողով գրականությո՞ւն է լինում: Փողով կարելի է կոշիկ առնել, տուն առնել, հարստություն դիզել, բայց ոչ արվեստ, գեղարվեստ: Փողին սովոր մարդիկ էլ դեպի փողն են գնում, իսկ իսկական գրողը, այդ բաներից հեռու, իր ստեղծագործությունն է գրում:

Նույն հանգամանքներում նաեւ Նոյեմբերյանի կառույցի ղեկավարին է հանել` մի վաստակաշատ գրողի, լրագրողի: Ոնց որ 37 թիվն է: Միայն չեն գնդակահարում: 15 հազար դրամ է, է՞, տված աշխատավարձը: Ասում են` դա էլ, փոխանակ աղայաբար գրի, հաշվապահությունից մարդիկ ստանան, ստորացնելով է տալիս, իր մոտ հերթ պիտի կանգնեն, մտնեն, որ 15 հազար դրամը ստանան: Ես որ Գրողների միությանը հրաժեշտ տվեցի, հազար տեղից զանգեր էի ստանում` շնորհավորանքներ ու հարցազրույցների խնդրանքներ: Է՛, ոնց որ մի մեծ երեւույթ է տեղի ունեցել: Եթե Գրողների միությունից դուրս գալը այդքան մեծ բան է, ապա արժե՞ր այնտեղ մնալ: Եթե հասարակությունը այդպիսի հրճվանքով ընդունում է Գրողների միությունից քո դուրս գալը, արդեն իսկ այն փաստի մասին է հուշում, որ Գրողների միությունը ենթակա է մահվան: Այն, ինչ որ մեռնելու է, պիտի մեռնի:

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»
Մարտ 18, 2011

Wednesday, May 25, 2011

Աղբահանություն ՀԳՄ-ում չի եղել, թե չէ Անանյանն այնտեղ չէր լինի

Հարցազրույց բանաստեղծ, ՀԳՄ անդամ Խաչիկ Մանուկյանի հետ

- Պարոն Մանուկյան, ինչի՞ց է, որ ՀԳՄ-ի շուրջ մշտապես առկա են տհաճ խոսակցություններ, դժգոհություններ՝ լինի դա ֆինանսական բնույթի, ստեղծագործական թե բարոյական։ Որպես «ներսի մարդ»՝ ՀԳՄ անդամ, ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է պատճառը։

- Գրողների միությունն իր գործող կառուցվածքով չի ծառայում ոչ մեկին, որովհետեւ սպառված կարգ է։ Դա ժամանակին ստեղծվեց, որպեսզի կարողանային գրողներին համակարգել ու նաեւ ուղղորդել։ Այսօր ուղղորդման կարիք չկա, ամեն մարդ քիչ թե շատ կարողանում է իր մտքերն ազատ արտահայտել՝ կախված իր հոգու զորությունից ու նաեւ վախի չափման միավորից։ Անընդհատ շեշտվում է, որ 400 գրող կա, բայց համոզված եմ՝ անգամ լավագույն ընթերցողը 40 գրողից ավելի չի կարողանա գտնել։

Այսինքն 40 գրողի շուրջ ստեղծվում է մի կառույց, որը չի ծառայում անգամ այդ 40 հոգու համար, որովհետեւ իրականում ոչինչ չի արվում։ Միությունը դարձել է բիզնես կենտրոն, մտնում ես շենք՝ ամեն ինչ կա, բացի գրական շնչից։ Նախկինում, երբ գոնե գրողներ կային, լսում էիր Ռաֆայել Ավագյանի, Սերո Խանզադյանի ու մյուսների զրույցները, իսկ այսօր չկա այդ հնարավորությունը։

- Բայց առաջ էլ, երբ կային այդ գրողները, հիմա էլ, երբ նրանք չկան, ՀԳՄ-ն որպես կառույց չի փոխվել։

- Բայց այդ շրջանի գրական ղեկավարները շատ նախանձախնդիր էին, նրանք առաջնորդվում էին գրական նպատակներով։ Ես տեսել եմ ՀԳՄ այն նախագահներին, ովքեր իսկապես գնահատում էին գրականությունը։ Հրաչյա Հովհաննիսյանի ժամանակ գրականության ու նաեւ ժողովրդի զարթոնքն այնտեղից էր սկսվում, իրենց ուզած մտքերն էին արտահայտում, քաջ ու այս երկիրը սիրող մարդիկ էին, իսկ սրանց մեջ սիրտ ու հոգի չկա, որ սիրեն կամ չսիրեն։ Այդ ամլության մեջ տառապող, տապակված, հիվանդ ժողովուրդ է հավաքվել, ու ուզում են ճանկռելով ապրել։

Մեր Նազարն էլ սա է, որ մտել է աթոռի տակ ու ասում է՝ խոսքիս տերն եմ ու աթոռի տակից դուրս չեմ գալիս։ Ով է նա գրական կյանքում՝ ոչինչ չարած ողորմելի մեկը, իսկ ընդհանրապես հաջողակ բիզնեսմեն է, ասում են՝ լավ կառույցներ է ստեղծել, բայց որ միությանը վնաս է բերում իր ներկայությամբ, դա անխոս։

- ՀԳՄ նախագահից բողոքներ միշտ են եղել, բայց իրավիճակը դրանից չի փոխվում, չկա՞ Անանյանին փոխարինող մարդ, թե՞ ձեր ուժերը բավարար չեն։

- Այդ 40 գրողը թող դառնա 50-60, բայց երբեք չի դառնա 200, իսկ քանակային այդ բազան իր օգտին է։ Բայց կա այն խումբը, որ նախանձախնդիր է այդ հարցում, այս զավեշտի վերջը պետք է տանք, որ եթե կառուցվածքային փոփոխություն էլ արագորեն չլինի, գոնե կարգին, սրտացավ գրող լինի, որին մտահոգի իր երկիրը, իր գրականությունը։ Իմ սերունդը գոնե վայելել է այն ընթացքը, երբ կար գրական կյանք, երբ շենքն իսկապես ծառայում էր գրականությանը։

Իսկ Անանյանին գրական շահը չի հետաքրքրում, որովհետեւ ցանկացած տաղանդավորի ներկայություն իր գետնաքարշությունը վերհանելու առիթ է։ Իրեն միշտ հետաքրքիր են պուճուր, քծնող մարդիկ, որոնք կարող են փոքր մրցանակով շոյվել։ Արդեն ժամանակն է, որ այս էժանագին վիճակին վերջ տանք, իմ սերնդակիցների մեջ կան մտահոգ մարդիկ, ովքեր մեր նախնական հավաքներում իրենց կարծիքն արդեն արտահայտել են։

- Շա՞տ են այդ նախանձախնդիր մարդիկ, ովքեր Ձեզ նման են մտածում։

- Իհարկե շատ են, բայց նաեւ շատ կարգին գրողներ դուրս եկան, օրինակ Լեւոն Ջավախյանը, որի գիրը կյանքից է գալիս ու իրական արժեք է ներկայացնում, բայց դուրս եկավ ՀԳՄ-ից ու ճիշտ էլ արեց, որովհետեւ այդ կառույցը որեւէ նորմալ գրողի չի հետաքրքրում։ Ժամանակն է, որ ստեղծենք մի օջախ, որտեղ եկող սերունդը մի բան հասկանա, թե չէ սրանք ինչ են պատմելու՝ որտեղից ի՞նչ են փախցրել, ինչքա՞ն գումար են տարել։ Բայց ինձ պետք էլ չի, որ նա գնա գաղութում հայտնվի, որովհետեւ այնտեղ ավելի ճշմարիտ մարդիկ կան, քան ինքն է։ Ինձ հետաքրքիր է, որ մենք ունենանք մեր ճիշտ օղակը։

- Ասացիք «ճիշտ օղակ», կարգին գրող։ Կասե՞ք որպես կարգին գրողներ ում եք տեսնում։ Կա՞ այն մարդը, ով կկարողանա ղեկավարել այդ կառույցը, դրանք ովքե՞ր են՝ Ափինյա՞նը, Դավոյա՞նը։

- Ցանկացած մարդ, ով գրական արժեք է ստեղծել, նույն Ռազմիկ Դավոյանը, Ռուբեն Հովսեփյանը, Զորի Բալայանը, Ալվարդ Պետրոսյանը, գրող, ով այս երկրին մի ծառայություն է մատուցել՝ եւ գրականության մեջ, եւ կյանքում։ Չի կարող լինել թիմային վիճակ՝ սա իմ մտերիմն է, նա՝ ոչ։ Այսօր գրողը չի կարող միայն իր սեղանի առաջ նստել ու ինչ-որ բաներ խզբզել, կյանքի ռիթմերը պահանջում են գրողի իրական ներկայությունը, որն այսօր չկա։ Բայց կան հրաշալի անուններ մեր արձակում՝ Վրեժ Իսրայելյան, Սուսաննա Հարությունյան, Լեւոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան։ Բայց Լեւոն Անանյանի համար Չարենցը նույնն է, ինչ որ մի շարքային հեղինակ, որովհետեւ նա ձայնով է հաշվում, քվե լինի։

Նա լավ հասկանում է, որ անտաղանդներին 10 կոպեկով կարող է խաբել ու ավելի լավ է գնա նրանց հետ իր հարցերը լուծի, քանակություն ապահովի։ Բայց այսօր զառանցաբանություններ ոչ մեկի պետք չեն, մեզ իրական խոսք է պետք, որը, մխիթարելուց բացի՝ վեհացնի այս ժողովրդին։ Ցանկացած տաղանդավոր մարդ արձագանքում է իր ժամանակին, մարդը չի փոխվել, նա բոլոր ժամանակներում էլ նույնն է, Համո Սահյանն անընդհատ գութան էր ասում, բայց 20-րդ դարի բանաստեղծ էր, այսինքն հրթիռը չէր մտել նրա գրականության մեջ։ Իսկ եթե ձեւին ես դիմում, ուրեմն փախուստի ես դիմում, եթե երեկվա մարդն ինձանից շատ է տարբերվում, ուրեմն դու սխալ ես այդ մարդուն ներկայացրել։ Հոգեւոր վիճակը չի կայանում մեր երկրում։

- Այսօր ՀԳՄ-ի վարկաբեկված հեղինակությունն ավելի շատ ՀԳՄ նախագահի հե՞տ եք կապում։

- Քանի որ նա է ՀԳՄ նախագահը, նա էլ ներկայացնում է այդ կառույցի դեմքը, եւ մարդիկ, ծանոթ չլինելով խոհանոցին, մտածում են, որ այն, ինչ նա հանում է ասպարեզ, այն, ինչը զարդարում է մրցանակներով, դա է մեր ունեցած գրականությունը, եւ դրա շուրջ էլ կարծիք են կազմում։ Մեր ժամանակակցի հետ տարածական հաղորդվելու խնդիր կա, դրա համար մարդիկ ասում են՝ այսօր գրող չկա, շենք ես մտնում՝ գրական շունչ չկա, կա մարդ, ով անընդհատ նստած՝ հաշվարկ է անում, այսինքն կա հաշվապահ, հիմա հաշվապահին են դրել նախագահ։

- Վերջերս տեսակետ էիք հայտնել, թե «Հայ գրականության հանդեպ թշնամական վերաբերմունքը հենց մեր՝ գրողներիս մեջ է, եւ խեղճուկրակ այս պարոնն ընդամենը զոհ է»։

- Դա այդպես է, որովհետեւ մարդը (Անանյանին նկատի ունի) վատ շրջապատ է ընկել, խաբել-ասել են՝ գրող ես, ինքն էլ խաբվել է ու այդպես առաջ է գնացել։ Ես իր կողքին չեմ տեսել մեկին, որ ասի՝ այ տղա, զառանցանքներդ մի տպագրի. «Պատուհանի գոգին մեղուն ավանդեց հոգին…». խայտառակություն ինչքան ասես կա, անգամ ողբերգական բաներ նկարագրելուց զավեշտներ է դնում, որ մարդ ամաչում է, չգիտես՝ ինքն իրե՞ն է ծաղրում։ Այսօր կարող ենք մեր գրականագետներից վիրավորվել, որովհետեւ եթե արժանապատիվ գրականագետներ եք, ճշմարտություն եք փնտրում հայ գրականության մեջ, ինչի՞ մի հատ էս մարդուն չեք ասում՝ այ տղա ջան, դու կապ չունես գրականության հետ։

Նրանց դերը մեծ է այստեղ, պիտի կարողանան վեր կանգնել ամեն ինչից, չեմ կարծում, որ ՀԳՄ նախագահը ձեռքի տակ այնպիսի միջոցներ ունի, որ կարող է նրանց արգելել գրել։ Այսօր ՀԳՄ-ն ընտանեկան բիզնեսի վերածված կառույց է դարձել, շենք ես մտնում՝ աջ ու ձախ վարձակալություններ են։ Կամ պիտի մաքրենք, կամ պիտի մաքրվենք կեղտից։

- Այսօր գրական կյանքում արժեզրկվել են նաեւ մրցանակները։ Ինչի՞ հետ եք դա կապում։

- Մեր ժողովրդի աչքի առաջ Գրողների տունն արժեզրկված միավոր է դարձել։ Նախ՝ մինչեւ մրցանակ ստանալն այդ գրական գործը պիտի հասանելի լինի մարդկանց, այսինքն՝ ստեղծագործությունը պիտի արդեն ճանաչելի լինի։ Կամայականություններ միշտ էլ լինելու են, ու երբ այդ խայտառակությանն ականատես են դառնում բոլորը, իհարկե կզզվեն այդ միությունից էլ, դրա նախագահից էլ, բա 11 տարի խոսես ու մի միտք չասե՞ս։

- Օրերս պարոն Անանյանը մեզ տեղեկանք էր ուղարկել, որտեղ մանրամասն նշել էր աղբահանության, կանանց տոնի նվերների, մեքենայի բենզինի ու էլի մի շարք ծառայությունների վրա ծախսված գումարները՝ ի ապացույց ֆինանսական մաքուր գործունեության։

- Ես չեմ հավատում, որ աղբահանություն մեր շենքում եղել է, որովհետեւ այդ դեպքում նա հաստատ այնտեղ չէր լինի։ Ինձ այդքան էլ հետաքրքիր չի, թե այդ գումարներն ինչ ձեւով են լափում, ու մտադիր չեմ նրան ուղարկենք ազգիս գաղութները, որ հիմա էլ այնտեղ չգիտեմ ինչեր ստեղծի։ Եթե գրականությամբ չի զբաղվում, պարզ է, որ պիտի իր հարցերը լուծի, բայց ես իրեն ուզում եմ խորհուրդ տալ, որ վեր կենա գնա, այդ շենքը մաքրենք ու կարողանանք Գրողների միություն սարքել։

ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»
12.05.2011

Կուզեմ, որ Ջավախյանը փոշմանի

Երեկ մեր օրաթերթի «Ազատ խոսքի հրապարակում» տպագրել էինք գրող Լեւոն Ջավախյանի դիմումը ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին, որտեղ նա գրել էր Գրողների միությունից դուրս գալու իր որոշման մասին, իր այդ քայլը որակելով որպես «ազատագրում»։

Գրողը նշել էր, որ այդ տարիների ընթացքում ՀԳՄ-ից չի ստացել ոչ նյութական, ոչ բարոյական օգնություն եւ ոչ էլ ստեղծագործական քաջալերանք. «Անկատար է նա, ով չի փոխվում, չի գիտակցում իր սխալը։ Իմ որոշումը սխալիս գիտակցումն է»։ Նկատի ունի ՀԳՄ մտնելու որոշումը։ Լեւոն Ջավախյանի այս քայլի վերաբերյալ իր գրչակից գրողների կարծիքն իմանալու նպատակով զանգահարեցինք նրանցից մի քանիսին։ Ռազմիկ Դավոյանն իր խոսքում նշեց, որ համաձայն է գրողի հետ, ով իրեն ազատագրված է համարում. «Մարդն իր զգացողություններն անկեղծ արտահայտել է, եւ պետք է գնահատել իր անկեղծությունը»։

Այն հարցին, թե Գրողների միությունն ինչ է տալիս այսօր գրողին, եւ պե՞տք է արդյոք այն, Ռազմիկ Դավոյանն ասաց. «Ես չգիտեմ, գրողներին հարցրեք՝ այն 400 հոգուց, որ այսօր գուցե արդեն դարձել են 1400։ Ես դրանց հետ կապ չունեմ»։ ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանն էլ նշեց, որ գրողի հրաժարականն իր համար տխուր փաստ էր, եւ հույս ու ցանկություն հայտնեց, որ Լեւոն Ջավախյանը մի քանի օրից գուցե փոշմանի. «Ինքը շատ բռնկվող տղա է, էմոցիոնալ, եւ կարծում եմ՝ պահի տակ է արել այդ քայլը, դա նրա էությունից չի գալիս, այլ վիրավորված հոգու ճիչ է»։ Ի պատասխան նամակում գրված Լեւոն Ջավախյանի այն խոսքերի, որ իր ոչ մի ստեղծագործություն այս տարիների ընթացքում չի թարգմանվել, չի ընդգրկվել որեւէ ալմանախում, էլ չասած մրցանակի մասին, Հովհաննես Գրիգորյանը նշեց. «Ինքը տաղանդավոր գրող է ու արժանի է մրցանակի, որը հետո անպայման կստանա։

Ինքն էլ պիտի հասկանա, որ բոլորին հնարավոր չէ միանգամից մրցանակներ տալ, այս անգամ չի ստանա, մյուս անգամ կստանա։ Կարծում եմ՝ հաջորդ գրքի համար մենք այդ քայլը կանենք։ Մնացած հարցերում ՀԳՄ-ն այդքան մեծ հնարավորություններ չունի։ Կուզեմ շուտ փոշմանի, որովհետեւ բեղմնավոր գրող է»։ Պերճ Զեյթունցյանն էլ նշեց, որ չի հասկանում, թե գրողն ինչու է այդ քայլն արել։ Նշեց, որ ստեղծագործական քաջալերանք պետք չէ սպասել ՀԳՄ-ից, այդ քաջալերանքը պիտի ստանալ ընթերցողից. «Ընթերցողները պիտի քաջալերեն, ոչ թե Գրողների միությունը։ Գրողների միության քաջալերանքն իմ ինչի՞ն է պետք, ինձ պետք է, որ ընթերցողն ինձ սիրի, կարդա, սպասի։ ՀԳՄ-ն 400 անդամ ունի՝ ավելի շատ, քան պետք է Հայաստանին։ Ես Գրողների միությամբ չեմ ապրում, դա իմ կյանքում դեր չի խաղում, ամեն դեպքում, ՀԳՄ-ն ինձ ոչ օգնում է, ոչ խանգարում»։

ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»
04.03.2011



Ազատագրում

Ես չեմ գրում, ես ապրում եմ: Իմ կյանքը ստեղծագործություն է,
թեկուզ եւ այս դիմումը, թերեւս այս ակցիան…
Ես դա հասկացա, երբ արտաբերեցի վերնագիրը`

Հայաստանի գրողների միության նախագահ պարոն` Լեւոն Անանյանին.


Լինելով գրողների միության անդամ ես ոչ մի անգամ չեմ օգտվել Ծաղկաձորի հանգստյան տան ծառայությունից, գրքերիցս ոչ մեկը չի տպագրվել Գրողների միության օժանդակությամբ, իմ ոչ մի ստեղծագործություն չի թարգմանվել այլ լեզուներով` ներառյալ ռուսերեն, գրքերս կամ պատմվածքներս չեն արժանացել գրողների միության գեղագիտական ուշադրությանը, խրախուսանքի, քննարկման, շնորհանդեսի, էլ չեմ ասում` մրցանակի, մի պատմվածք անգամ չի ընդգրկվել Գրողների միության նախաձեռնությամբ պարբերաբար կազմվող որեւէ ալմանախում, ինքս ոչ մի անգամ չեմ ընդգրկվել Գրողների միության կողմից պարբերաբար կազմակերպվող մարզային շրջագայություններում, արտասահմանյան ուղղեւորություններում, չեմ ստացել ոչ մի տեսակ նյութական կամ բարոյական օգնություն, ստեղծագործական քաջալերանք…

Միթե՞ կա ավելի լավ ժամանակ, քան իմ կյանքի ժամանակն է, որն անպատեհ կապված է Գրողների միության մռայլ դամբարանի հետ: Ամեն ինչ հարահոս է, փոփոխական: Անկատար է նա` ով չի փոխվում, չի գիտակցում իր սխալը: Իմ որոշումը սխալիս գիտակցումն է: Քանի որ Գրողների միությունը իմ համար չէ, ի վերջո հասկացա, որ ես էլ Գրողների միության համար չեմ: Ես Գրողների միություն եմ մտել մաքուր խղճով, մաքուր էլ հեռանում եմ` մնացածը թողնելով գլխաքանակին: Ես դուրս եմ գալիս Գրողների միությունից: Ես դեպի կյանք եմ գնում…

Ստորեւ ներկայացնում եմ Գրողների միության անդամատոմսը`
անժաժ, ոչ մի անգամ չօգտագործված:
Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ
02.03.2011թ.

Բաց նամակ Հայաստանի բոլոր գրողներին եւ ոչ միայն

Սիրելի գրողներ, տեր կանգնեք ձեր միության նախագահին։ Երեւի այսքանով կարելի էր ավարտել այս կոչ-նամակը, բայց իրականությունը չափից ավելի տխուր է եւ պարտավորեցնում է մի քանի բան ասել ու հնարավորինս օգնել ձեզ, որ տեր կանգնեք։ Այս օրերին դարձյալ աղմուկ է Լեւոն Անանյանի շուրջ։ Ավելի ճիշտ` Լեւոն Անանյանը խիստ զայրացել է, որ 2010 թվականն ամփոփող իր գործողություններից հերոսական Արցախում էլ այնքան տպավորված չեն, ինչպես ինքը կցանկանար։

Իսկ ինքը, հավանաբար, կցանկանար, որ թերթ ու մի քիչ էլ գիրք կարդացող արցախցիները յուրացնեին անանյանական աշխատաոճն ու տարածեին բազմաչարչար Արցախում։ Այդպես չեղավ, ի՞նչ կարող ես անել։ Ազատատենչ արցախցին չկարողացավ ըմբռնել մամուլի բերանը 37 թվի մեթոդներով փակելու մերօրյա նախաձեռնությունը, որն իր ողջ հմայքով արտահայտվեց Հայաստանում` «Կեղանք» եւ «Գեղանք» մրցանակների համադրության փորձով։ Եվ տեղի ունեցավ ամենաանսպասելին` Արցախը միջամտեց ՀՀ ներքին գործերին, այսինքն Հայաստանի գրողների միության նախագահի արկածներին վերջ դնելու մի փորձ կատարեց։

Ո՞նց թե, մտածեց Անանյանն ու 2011թ. հունվարի 25-ին թռավ «Ազգ» օրաթերթի երեսին, որտեղ 14.01.2011-ին հանդես էր եկել Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը եւ իր տեսակետն արտահայտել Անանյանի մրցանակների վերաբերյալ։ Նա իր ««Գեղանքի» եւ «Կեղանքի» միջակայքում» հոդվածում մասնավորապես նկատել էր. «Շատ ցավալի է, որ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի «մտքի թռիչքը «Կեղանք»-ից այն կողմ չի անցել»։

Արցախցի պատգամավորի այս եւ մի շարք այլ մեկնաբանություններ այնքան են զայրացրել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին, որ վերջինս քիչ է մնացել պատերազմ հայտարարի ԼՂՀ Ազգային ժողովին։ Քիչ է մնացել` ուրեմն լա՞վ ենք պրծել։ Մի շտապեք մխիթարվել, քանզի այս աղմուկից շվարած «Ազգ» օրաթերթը (չգիտեմ` դատվելո՞ւց, թե՞ կեղանքավորվելուց խուսափելու նպատակով) տպագրել է Անանյանի պատասխան հոդվածը, որի վրա` չգիտես լաս, թե խնդաս։

Երբ ես, տակավին միամիտ մի պատանի, բազմափորձ Անանյանին խորհուրդ էի տալիս գրին գրով պատասխանել, մտքիս ծայրով չէի կարող անցկացնել, որ ՀԳՄ նախագահը նաեւ այսպիսի գիր գրելու «շնորհք» ունի։ Ես հիմա նոր եմ հասկանում, որ Անանյանին խայտառակ խորհուրդ եմ տվել, եւ որ գրելը նրան հակացուցված է թե Աստծո եւ թե մարդկության բոլոր օրենքներով։

Եվ վերեւում ընդգծածս կոչի մասին, աղաչում եմ, չմոռանաք։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հրապարակ»
27.01.2011

«Գեղանքն» ու «Կեղանքը»

Մեր թերթի էջերում բազմիցս անդրադարձել ենք ստեղծագործական միություններին, այն արվեստասպան միջավայրին, որ տիրում է սովետական փտախտով հիվանդ այդ հաստատություններում, գրել ենք նաեւ այդ միություններում առկա կոռուպցիոն երեւույթների մասին։ Բայց մշակութային օլիգարխների, կաշառակեր դոկտոր-պրոֆեսորների, վաստակավոր կարիերիստների որջեր դարձած միությունների` հասարակությանը հասցրած վնասի մեջ թերեւս պետք է նշվի նաեւ այն, որ այդ միությունները հսկայական քանակությամբ «արվեստագետներ» են արտադրում, որ իրենց արժանի փոխարինողն են լինելու՝ ապահովելով համակարգի հարատեւությունը։

Իշխանական կուսակցությունների նմանությամբ միությունները, գլխաքանակ ապահովելու համար, շարունակաբար ընդունելություններ են կազմակերպում, եւ հեռու չէ այն օրը, երբ նրանք կսկսեն միության անդամ դառնալու համար փող առաջարկել։ Այդ «ինկուբատորների» ժրաջան գործունեության արդյունքում մշակութային դաշտը ծածկվում է ծախսատար միջոցառումներով, իսկ գրականությունն ու արվեստը ընդամենը գործիք են իշխանական «ռեսուրս» դառնալու եւ հարստանալու ճանապարհին։ Այդ կառույցից ուրիշ բան հնարավոր էլ չէր սպասել, եւ այդ հաստատություններին ուղղված քննադատությունը մի տեսակ ինքնանպատակ է եւ նաեւ դրանց նախագահներին է «փիառում»։

Բանը հասել է նրան, որ մի ասուլիսի ժամանակ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն այնքան կարեւորեց իր անձը, որ ասաց, թե լրագրողները պատվեր են կատարում։ Բայց գիտակցելով, որ այդ ռուբենգեւորգյանցների մասին գրելով՝ ակամա ջուր ես լցնում նրանց ջրաղացին, այնուամենայնիվ չես կարողանում անտարբեր նայել ու համակերպվել նրան, թե ինչպես են ապականում մթնոլորտը։ Մի խոսքով՝ մշակութային «չինովնիկությունը» ծլում-ծաղկում է, եւ պատահական չէ, որ այդ միությունների նախագահների այլեւս անպատվաբեր պաշտոնում նստած են գործող ցմահ նախագահները, իսկ այդ պաշտոնի հավակնորդների մեծ մասն էլ իրենց նկարագրով առանձնապես չեն տարբերվում գործողներից։

Ընթերցողին հիշեցնենք, որ ստեղծագործական միությունները սահմանել էին «Գեղանք» եւ «Կեղանք» մրցանակները։ «Գեղանքը» տրվելու էր մշակութային միջոցառումները լավագույնս, այսինքն՝ դրական լույսի ներքո ներկայացրած լրատվամիջոցին ու լրագրողին, «Կեղանքը»՝ «մատնիչ-սադրիչ», այսինքն՝ միությունների գործունեությունը քննադատած լրագրողներին։ Մեր թերթն իհարկե` հավակնում էր «Կեղանք» մրցանակին, բայց, հաշվի առնելով միությունների ներսում անցկացվող մրցանակների ավանդույթը, մենք վստահ էինք, որ մեզ կզրկեն դրանից։

«Գեղանքի» մրցանակակիրը «Հ1»-ի լրագրող Ջուլիետա Կաժոյանն էր, երկրորդ «Գեղանքը» բաժին հասավ «Իրատես դե ֆակտոյին»։ Քինախնդիր Լեւոն Անանյանը «Մեծ կեղանք» մրցանակ հանձնեց Աբգար Ափինյանին, որին «այլախոհության»՝ իր պաշտոնի վրա աչք ունենալու համար ժամանակին հեռացրել էր ՀԳՄ շարքերից։ «Կեղանք» մրցանակի արժանացավ նաեւ տխրահռչակ «Ազատամտության» լրագրող Կիմա Եղիազարյանը։ Լրագրողներն առանձնապես դարդ չարեցին իրենց գործընկերուհուն շնորհված իբր հակամրցանակի կապակցությամբ։

Նրանք մտածում էին, որ տեղն է Կիմային, չհասկանալով, որ միությունների հակամրցանակը մրցանակ է, մրցանակը՝ հակամրցանակ։ Աբգար Ափինյանին շնորհված «Կեղանքի» կապակցությամբ «Հ 2»-ի լրագրողն ասաց, որ դրանից հաշվեհարդարի հոտ է գալիս։ «Այսինքն ո՞վ պետք է գա եւ մեր դատին տեր կանգնի։ Եթե ձեզ վրա հարձակվում են, բռնաբարության փորձ են անում, կողոպտում են, ո՞վ պիտի ձեր փոխարեն դատի տա եւ ձեր իրավունքներին տեր կանգնի»,- լրագրող կնոջն այսպիսի պատասխան տվեց Լեւոն Անանյանը, որից չէր հասկացվում՝ բռնաբարողը Ափինյա՞նն է եղել, Եղիազարյա՞նը, թե՞ երկուսը միասին, բայց որ ցավոտ է եղել՝ դա պարզ էր։

Այս մրցանակաբաշխությունը կրկին անգամ ցույց տվեց, թե ինչ անառողջ մթնոլորտ է տիրում ստեղծագործական միությունների ներսում։ Ինչպես միությունների մյուս մրցանակների դեպքում է հաճախ լինում, «Կեղանք» պատվաբեր մրցանակն էլ հանձնվեց անարժաններին։ Թող անհամեստ չհնչի, բայց մենք ամենասուրն ու անաչառն ենք եղել միությունների գործունեությունը քննադատելիս, եւ այս մրցանակն իրավամբ մեր թերթին էր պատկանում։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Հրապարակ»
24.12.2010

Լեւոն Անանյանի տարփածին կետերը

Համաձայն մեր ունեցած հավաստի տեղեկությունների, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը պատրաստվում է ամենամոտ ապագայում հանդես գալ հայտարարությամբ, որը կարող է հերթական անգամ կանգնեցնել աշխարհը քաոսի եւ հուսահատության եզրին։

Պարզվում է, «Կամասուտրայի» 1883 թվականի կանոնական թարգմանության մեջ, որն էլ, ըստ էության, ծանոթացրեց լուսավորյալ աշխարհին սեռական ակտի նենգության հետ, գրողների միության քաջարի նախագահը հայտնաբերել է անճշտությունների աներեւակայելի քանակություն։

Հենց այդ ժամանակ էլ ծնվեցին անմահ տողերը Լեւոն Անանյանի «Չափածո մելոդրամա մեկ գործողությամբ» ոտանավորից.
Սարսուռը քո շուրթերի։ Մատներիդ հրճվանքը խաղացկուն։

Ամենօրյա հաշվապահություն. քանի՞ տարփածին կետ ունի տղամարդու մերկությունը (կնոջը նույնպես)։
Հետաքրքիր է, որ հեղինակին առաջին հերթին հետաքրքրում է մերկ տղամարդու էրոգեն գոտիների քանակը, իսկ կանանց մասին խոսվում է իմիջիայլոց։ Համաձայնեք, դա որոշակի մտորումների տեղիք է տալիս։

Ինչեւէ, սարսափելի հայտնագործությունը թույլ տվեց Լեւոն Անանյանին հանգել այն եզրակացության, որ իրենց ողջ կյանքում մեր համաքաղաքացիները ճիշտ տեղում չեն որոնել տարփածին կետերը։ Միանգամայն հնարավոր է, որ ԳՄ նախագահը զգացել է անհամապատասխանությունը, երբ ուսումնասիրում էր «Կամասուտրայի» ինտիմ կետերի հայտնաբերման կանոններին նվիրված բաժինը։

Գրքի դասական թարգմանության մեջ ասվում է, որ հարկատուն, որն ուզում է հաճույք պատճառել հարկատուհուն, պետք է շոյի կամ հպվի մի այնպիսի բանի, որը հարկատուհին ինքը ցույց կտա հայացքով։ Գլխի ընկնելով, որ էրոգեն գոտիներ փնտրելը բնավ նույն բանը չէ, ինչ սունկ փնտրելը, Անանյանը համեմատեց տեքստը բնօրինակի հետ եւ. օ՜, սարսափ։ Պարզվեց, որ էրոգեն գոտին համարվում է գտնված, երբ հարկատուհու աչքերը հաճույքից ճակատն են թռչում, այլ ոչ թե պտտվում կողմնացույցի պես։

Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ չարաճճիությունը կանոնակարգող հնդկական ուսումնական ձեռնարկի մյուս գլուխներում եւս թարգմանիչները բազում փաստացի սխալներ են թույլ տվել։ Մասնավորապես անփույթ են մոտեցել քաղաքացիական հասարակության գործունեության արդյունավետության համար շնչառությունների փոխանակության կարեւորության մասին հարցին։

Եվ այստեղ ծնվեցին Անանյանի հետեւյալ հանճարեղ տողերը նույն ոտանավորից.
... քիթդ, որի հետ միշտ պետք է հաշվի նստել, երբ համբույրները դառնում են անկառավարելի։ Ես իմ տաք շունչը պահ եմ տալիս քո թոքերին։ Չմոռանաս վերադարձնել։

Հասկանալի է, որ առայժմ դժվար է կանխատեսել՝ կդիմի՞ Անանյանը «Կամասուտրայի» թարգմանիչների դեմ հայցով Կենտրոն համայնքի ընդհանուր իրավասության դատարան, բայց արդեն իսկ պարզ է, որ խոսքը վերաբերում է բնավ ոչ թարգմանության հասարակ անճշտություններին։ Իրավիճակն անհամեմատ դրամատիկ է, քանզի հարվածն ուղղված է մեր հասարակության ինտիմ հիմքերին։

Անանյանի հայտնագործությունը թույլ է տալիս ենթադրել, որ «Կամասուտրան» սասանում է այդ հիմքերը, քանզի ոչ մի պատկերացում չի տալիս մեր քաղաքացիներին, թե ինչպես բարին մերկ տղամարդու (ինչպես նաեւ կնոջ) տարփածին կետերի որոնման ընթացքում կարող է հաղթել չարին։

Բացի այդ, «Կամասուտրան», որից սխալմամբ կարող են օգտվել անմեղ մարդիկ, ոչ մի կերպ չի կարգավորում խոսքի ազատության, քաղբանտարկյալների խնդիրները, հոգ չի տանում որբերի մասին, չի պայքարում կոռուպցիայի եւ ծխամոլության դեմ, անտարբեր է բնակչության սոցիալական պաշտպանության, արհմիությունների, օտարալեզու դպրոցների եւ մեքենաների պարտադիր ապահովագրման խնդիրների նկատմամբ։

Ինչն էլ դրդեց Անանյանին հորինել հետեւյալ տողերը.
Խլածաղիկը թոշնում է ամոթից։

Մաշկի տակ շառաչող հաճույքը՝ ոտնածայրից մինչեւ ականջի բլթակ (կամ հակառակը)։ Մողես, իջիր մեջքիցս։
Մերկ տղամարդու (ինչպես նաեւ կնոջ) տարփածին կետերի անանյանական տանջալից որոնումները թույլ են տալիս հանգել որոշ հիմնարար ընդհանրացումների։ Տարփածին կետերի գոյությունը թեեւ երաշխավորվում է ՀՀ քաղաքացիներին սահմանադրությամբ, սակայն այդ ամենը չպետք է մատնվի ինքնահոսի, այլ պիտի ամրագրվի համապատասխան ակտերով։

Ըստ էության, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի գաղտնի կարդալ «Կամասուտրան», ծիծաղել ու եզրահանգում անել, թե այնուամենայնիվ որքա՜ն ապաշնորհ է այդ Անանյանը։ Բայց քանի որ գլխավոր հաճույքը մեր համաքաղաքացիները ստանում են ոչ թե կնոջը տիրանալուց, այլ բնակարանի, բաղնիքի, տոնածառի խաղալիքների եւ 2400 դրամով «Լոռի» պանրի տիրանալուց, ապա «Կամասուտրան» պետք է համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։

Խելամիտ կլիներ, կարծում ենք, ամանորյա արձակուրդներից հետո նախաձեռնել այդ հարցի քննարկումը Ազգային ժողովում։ Գրողների միության նախագահի պատրաստած օրինագիծը կարող էր օրինաստեղծ լարվածության մեջ պահել պատգամավորներին, համենայն դեպս՝ «Կամասուտրայի» առաջին եւ երկրորդ ընդունման ընթացքում։

Ի վերջո, մերկ տղամարդու (ինչպես նաեւ կնոջ) տարփածին կետերի որոնումը վաղուց արդեն խաղ չէ մեզ համար, ոչ էլ զբոսայգու նստարանին արձակած հառաչանքներ։ Մեր «Կամասուտրան» հիմար հրահանգ չէ, թե որտեղ ինչը շոյես եւ ինչը սեղմես։ Մեր աչքերը տեսնում են այլ տարփածին կետեր. գետի ոլորանը, ձորակը, պարարտ նախիրները, հասկառատ արտերը, եւ այդ ամենի վերեւում՝ երկնային բարձունքում, հնչում է գերագույն բավականության ճիչը՝ կռունկի կանչը։

Իսկ գուցե դա ամենեւին էլ կռունկի կանչը չէ, այլ Լեւոն Անանյանի հետեւյալ տողերը նույն «Չափածո մելոդրամա մեկ գործողությամբ» ոտանավորից.
Հատուկենտ բռավոներ։ Հեշտասեր սուլոցներ։ Արագ, իջեցրե՛ք վարագույրը։

«Հայոց Աշխարհ»-ի մառազմատիկ երեւույթների ուսումնասիրության բաժին

Շահեն Մկրտչյանի նամակը ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանին

Վարդան, սիրելիս

«ԼՂ Հանրապետություն» թերթում տպագրված իմ հարցազրույցում քո և քո միության շահերն արատավորող ոչինչ չկա, որ առիթ դառնա աղմուկ բարձրացնես։ Խոսքը գնացել էր քեզ համար վաղուց սովորական դարձած թերությունների մասին։

Թղթակցի տված հարցերին ես հայտնել եմ իմ անձնական տեսակետները, որոնք դիտարկվել և ընդհանրացվել էին ԼՂ պետականության կայացման մտահոգություններից ելնելով։

Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսևորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից և պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության քեզ համար շատ նեղվածք գիրկը: Նաև դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում:

Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին։ Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը և քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարել: Պետք չէ։ Դա քեզ պատիվ չի բերի։ Այս է դառը ճշմարտությունը, և նրանից փախչել չես կարող։

ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
9.08.94

ԳՐԱԿԱՆ PR-Ի ԿՈՂՄԻՑ։ Այս նամակը գրվել է 17 տարի առաջ։ Արցախի բռնապետ Կևորկովի հովանավորյալ Վարդան Հակոբյանի «գործունեությունը» տպավորություն չի թողնում, թե նրա մեջ որևէ բան է փոխվել։

Տաղանդը մախաթի պես պարկում չես թաքցնի

Բաց նամակ գրչի վարպետ Լեւոն Անանյանին

Մեծարգո պարոն, «Ազգ»-ի հունվարի 25-ի համարում գերագույն հաճույքով կարդացի եւ մի քանի անգամ վերընթերցեցի ձեր «Հպանցիկ պատասխանը մերօրյա Դրամբյանին»։ Ինչպիսի՜ լեզու, ինչպիսի՜ ոճ։ Անբացատրելի գեղագիտական վայելք ստացա։

Այնուհետեւ ձեր «պատասխանը» խնամքով կտրեցի-առանձնացրի վերոհիշյալ թերթի մնացյալ նյութերից, ոսկեզօծ շրջանակի մեջ դրի ու կախեցի առանձնասենյակիս պատից՝ ամենատեսանելի տեղում, որպեսզի Աստծո ամեն օր աչքի առաջ ունենամ յուր ձեւ ու բովանդակությամբ անգերազանցելի արվեստի այդ գործը։

Այն ցույց տվեցի մի քանի տասնյակ ծանոթ-բարեկամների ու ընկերների, բայց նրանք, ցավոք, հասու չեղան տեսնելու եւ զգալու ձեր ստեղծագործության ոգին, մտքի թռիչքն ու ծիծաղեցին։ Մեկը միայն անկեղծորեն խոստովանեց, որ իր ողորմած հոգի կոշկակար պապը երբեք չէր կարող նման բան գրել...

Իհա՛րկե, չէր կարող։ Այդ էր պակաս։ Ձեր մեջբերած միայն այն մարգարեությունը, թե «Շունը կհաչի, քամին կփչի, քարավանը կանցնի իր ճանապարհը», ամեն ինչ արժե։ Կարդալով այդ տողերը, ես տասնամյակներով հետ գնացի եւ հիշեցի, թե ինչպես մեր բակում ջահել ինչ-որ կին արեւածաղիկ վաճառող մի պառավի ասաց՝ բաբո, հարմար չես նստել, ոտքերդ մի քիչ սեղմի, երեխեքը նայում են ու ծիծաղում, իսկ սա ներքեւից արհամարհանքով նայեց նրան ու նետեց. «Շունը կհաչի, քարավանը կգնա...»։

Սրտանց ցավում եմ, որ մինչ այդ ձեզնից ոչ մի տող չեմ կարդացել։ Անգամ չգիտեմ, թե մինչ այդ ո՞ր ժանրով եք ստեղծագործել։ Բայց նույնիսկ եթե ոչինչ գրած էլ չլինեք, ձեր այս «պատասխանն» իր լեզվամտածողական կոլորիտով ու մտքի ճախրանքով հաստատ կմնա մեր գրականության պատմության ոսկե պահուստում։ Ի դեպ, խորապես խնդրում եմ ներեք, որ դուք-ով եմ խոսում ձեզ հետ։ Կարծում եմ՝ ներողամիտ կլինեք եւ դրանից չեք վիրավորվի...

Հապա ձեր բառապաշա՜րը։ Ցանկացած դասականի «ձեռքում չոփ կդնեք»։ Այն փաստը, որ ինչպես դուք եք խոստովանում, «կուլ չեք գնացել» ձեր «մեղմ ու բարի բնավորությանը» եւ, աչքի առաջ ունենալով «հասարակական բարքերի խաթարվող միջուկը», ձեր «զզվանքը ուղղված հերթական վայրահաչությանը»՝ «ճշմարտության կոպալը անգթորեն իջեցրել եք ոչ գրական ոչնչությունների գլխին», շատ խոսուն է։ Դեմիրճյանի հայտնի պիեսի գահին բազմած հերոսն անգամ կնախանձեր հայոց բառապաշարի գանձարանից խնամքով ընտրած այդ մարգարտաշարին...

Ու լավ էլ անում եք, որ զինված «Կեղանքի» մրցանակով, ձեր պատկերավոր անուշ լեզվով ասած՝ այդ «գրչակների», «բամբառակների», «բազմագլուխ հիդրաների», «վայրահաչողների», «բանսարկուների» եւ «ծախու աճպարարների» բմբուլները քամուն եք տալիս... «Ձախորդ կրիտիկոսներ», ովքեր հասու չլինելով հասկանալ ձեր արվեստը, չիմանալով, որ դուք ժամանակին թարգմանել եք Ռիչի Դոստյանի «Ռուսլանը եւ Կուտյան» եւ միջազգային երեք ակադեմիաների անդամ եք (ցավոք, դա պատահմամբ իմացա ճապոնացի մի ծանոթից), հանդգնում են իրենց նախանձի թույնով խաթարել ձեր «25-ժամյա աշխատանքային օրը»։

Ձեր «պատասխան»-ում միանգամայն իրավացիորեն նկատել եք, որ «Վ. Օվյանը երբեք չի եղել ՀԳՄ անդամ (ով-ով՝ նա չէր էլ կարող լինել...)»։ Իսկապես ես ՀԳՄ անդամ չեմ եղել։ Այդ մասին անգամ չեմ էլ մտածել։ Ընդամենը ԽՍՀՄ գրողների միության անդամ եմ եղել, բայց ոչ այդ միությունն է երբեւէ ինձ պետք եկել, ոչ էլ միությունն է առանձնապես զգացել իմ կարիքը։ Դրան հավելած, այդ միության անդամ դառնալուց մի քանի տարի հետո ԽՍՀՄ-ը վերցրել ու փլուզվել է... Եվ իրոք, ով ով՝ ես երբեք չեմ կարող ՀԳՄ անդամ լինել։ Անգամ կարգին հայհոյել չգիտեմ։ Նույնիսկ երբեւէ չեմ կարող ստորագրությունս դնել որեւէ զրպարտագրի տակ, որ արդեն այլ անվամբ տպվել է չճանաչված մի հանրապետությունում...

Իսկ ես, պարոն, մշտապես սխալմամբ կարծել եմ, թե մեծ կամ նշանավոր գրողները հազվադեպ են երկար ժամանակ մնում գրողների միության կամ գրական որեւէ կազմակերպության ղեկավարի պաշտոնում, եւ այդ պաշտոնում հիմնականում աշխատում են ապաշնորհ մարդիկ, ովքեր այլապես չէին կարող տպագրել իրենց գրական խոտանը: Դժբախտաբար իմ այդ կարծիքը տարիներ առաջ տպագրվել էր նաեւ իմ գրքում...

Հիմա եմ հասկանում իմ մեծ մոլորությունը։ Ձեզնից որքա՜ն բան ունեմ սովորելու։
Նաեւ ճիշտ եք վարվել, որ ձեր «պատասխան»-ում համեստորեն զուգահեռ եք անցկացրել Ձերդ մեծության եւ Թումանյանի միջեւ, որի վրա եւս դրամբյանները ժամանակին քարեր էին նետում։ Լոռեցու անվան հիշատակումը պատիվ է բերում նրան...

Ես, որ «թագավորների մերկությունը» նկատելու վատ սովորություն ունեմ, ձեր դեպքում միանգամայն տրամագծորեն հակառակ խնդրի առաջ եմ հայտնվել։ Միայն ձեր սույն ստեղծագործությունը բավական է, որ ես հստակ տեսնեմ ձեր կոստյումը, փողկապը, անգամ դրանց գույնը, խնամքով մաքրած ու կոկ կոշիկները... Բայց ինչ-որ մի բան կարծես պակասում է։ Չեմ կարողանում տեսնել (Սարոյանի հերոսը կբացականչեր՝ «Էհե՜յ, ո՞վ կա այդտեղ...»)։

Հա, ամենակարեւորը. ձեզ մաղթում եմ ամենայն բարիք եւ ստեղծագործական նորանոր թռիչքներ։ Ձեր գրչով փայլուն ապացուցեցիք, որ իրոք հնարավոր չէ տաղանդը մախաթի պես պարկում թաքցնել... Գլուխ եմ խոնարհում Ձեր մեծության առաջ։

Հարգանքներով՝ ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Արցախյան «Նոր էջ» թերթի խմբագիր,
գրող, հրապարակախոս

«Հայոց Աշխարհ»
02.02.11

Հայրենասիրությունը ստահակների վերջին ապաստանն է

Լեւոն Անանյանի «բանադրանքին» թռուցիկ կամ «հպանցիկ» պատասխանելու ցանկություն չունեմ: Իմ փոխարեն դա արել է «Ազգ»-ը` հետգրությամբ, ինչպես նաեւ` «Հայոց Աշխարհ»-ը` հունվարի 26-ի համարում տպագրելով «Գրական ոչնչությունից ուրիշ ի՞նչ սպասես» անդրադարձը: Կարծում եմ, հասկացողի համար ամեն ինչ պարզ է:

Եւ, այդուհանդերձ, ինչպես ռուսներն են ասում` «............»:
Լեւոն Անանյանը մի ակնարկ ունի` ԽՍՀՄ հերոս իր համագյուղացի Ջահան Կարախանյանի մասին, որտեղ նոստալգիկ երանգներով նկարագրում է Կողբի ամառային ուրթերը: Երեւի`անձնական տպավորությամբ: Ըստ երեւույթին, նա իր հայհոյախոսությունների պաշարը կուտակել է մանկության գառնարածության կամ հորթապահության տարիներին: Եւ դեռ գտնվում է այն «հին, երանելի» ժամանակներում: Մնացածը` համալսարանական կրթությունը, շուրջ կեսդարյա մայրաքաղաքային կյանքը, կոստյում-փողկապը զուտ բուտաֆոր է:

Կողբն, ուրեմն, ուրթերում կռիվ տվող մի կարգին հովիվ կամ նախրապան է կորցրել, իսկ հայ գրականությունն ու մշակույթը ոչինչ չեն շահել: Ընդհակառակը, հայոց գրավոր խոսքի անդաստան է ներխուժել մի «փողկապավոր չոբան» եւ ազատորեն շրխկացնում է «գլուխը մեխած ծանր» հովվամահակը բոլոր նրանց գլխին, ովքեր համարձակվում են ասել, որ գրական առաջնորդությունը «չոբանություն» չէ:
Սարսափելին այն է, որ նա եւ իր արցախցի պաշտոնակիցը գրական ղեկավարի դիրքը շփոթում են պետական պաշտոնի հետ: Իրենց համառորեն տեսնում են հիերարխիայի մի ինչ-որ սանդղակի վրա: Մինչդեռ ավելի շատ պիտի մտածեին իրենց հանրային պահանջվածության խնդրի շուրջ:

Մեր ազգային ինքնագիտակցության մեջ գրողն ավելին է, քան սոսկ ստեղծագործողը: Նա գաղափարախոս է, «մտքերի տիրակալ»: Ահա այս չափանիշով է, որ մենք ուզում ենք տեսնել Լեւոն Անանյանին` որպես ոչ թե պաշտոնյայի, որ օրը «25 ժամ» լինում է ԳՄ-ում կամ ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնում, այլ պիտի իր հեղինակավոր ներկայությամբ հանրությանն ինչ-որ բան ասի:

Ինչ-որ չեմ հիշում նման բան: Անանյանը կամ դատական կամ «ներգմ»-ական վեճերով է հայտնի, իր արցախցի գործընկերը` ինքնամեծարման «հրավառություններով»: Երկուսն էլ իրենց շրջապատում «թշնամիներ» են որոնում: Իսկ ով փնտրի` անպայման կգտնի: Խնդիրն այն է, որ չփնտրեն, այլ իրենց հիմնական գործով զբաղվեն` կազմակերպեն գրական կյանքը, նոր անուններ ի հայտ բերեն, նրանց սատար կանգնեն, հնարավորինս հոգան ԳՄ անդամների թեկուզ պարզ մարդկային կարիքները:

Փոխարենն ի՞նչ ենք տեսնում: Անվերջ «վհուկորս», անվերջ տրտունջներ, «ոչ գրական ոչնչություններն» իրենց շուրջ հավաքելու, «բանակ կազմելու» կիրք: Այդպես, մանավանդ Արցախում, մեռցվում է գրական կյանքը:

Իր «բանադրանքում» Լ. Անանյանը թվարկում է «գրական» անուններ, որոնք, իբր, «բանսարկուիս արժանի պատասխան են տվել»: Ցավոք, նրանք են այսօր ներկայացնում Արցախի «գրական ջոկատը»` 80-ն անց այդ գյուղական ուսուցիչներն ու Արցախի ԳՄ նախագահի «կոնտորա»-ում տեղ գտած «խոստումնալի երիտասարդները», որոնք հայ գրականության համար եղած կամ չեղած`նույն հաշիվն է:

Ինչ վառ հույսեր եւ ծրագրեր կային Արցախյան շարժման արշալույսին: Ո՞ւր մնացին: Դե արի ու մի ասա, որ կեւորկովյան բռնապետության տարիներին այստեղ կարգին գրականություն է ստեղծվել: Գուրգեն Գաբիրելյան ենք ունեցել, Մաքսիմ Հովհաննիսյան, Վազգեն Օվյան, Հրաչյա Բեգլարյան, այդ տարիներին են առաջին քայլերն արել Հրանտ Ալեքսանյանը, Նորեկ Գասպարյանը, Կիմ Գաբրիելյանը, Ռոբերտ Եսայանը, Համլետ Մարտիրոսյանը:

Բոլորը հատել են 50-ի սահմանը: Ո՞վ է նրանց փոխարինելու եկել, ո՞վ է գալիս, ո՞վ է գալու: Այս հարցերը Լեւոն Անանյանին չե՞ն մտահոգում: Վահան Տերյանն ասում էր` անցյալ դարասկզբին, որ ազգերը պարտվում են նախ մշակութային ճակատում: Ասում էր այն ժամանակ, երբ Թումանյան եւ Իսահակյան ունեինք, Շանթ, Զոհրապ, ինքը` Տերյանը կար, գրականության դժվար ասպարեզ ահա-ահա ոտք էր դնում Չարենցը...

Հիմա ումո՞վ եւ ում ի՞նչ «գրական արտադրանքով» ենք մղում «մշակութային մեր պատերազմը»: Ես որոնեցի համացանցում եւ պարզեցի, որ Լ. Անանյանի «գեղարվեստական թռիչքը» ՀԽՍՀ «սոցիալիստական ինդուստրալիզացիայից այն կողմ չի անցել»: Սրանո՞վ ենք փակելու աշխարհին գրականության բնագավառի Նոբելյան մրցանակակիր տված` «բարբարոս» թուրքերի գրական-մշակութային հավակնությունների ճանապարհը: Սրանո՞վ ենք ներկայանալու եթե ոչ այսօրվա, ապա առնվազն վաղվա` գրական «Կապկազ-թամաշային»:

Լ. Անանյանի ու իր արցախցի պաշտոնակցի «գրական քաղաքականությունը» հասցրել է նրան, որ արցախցի գրողը «ոռնոցով» ԼՂՀ միջազգային ճանաչում է աղերսում, որպեսզի... ճանաչված լինի նաեւ իր շփերթ բանաստեղծությունը: Մինչդեռ ԵՍ պիտի իրենից Արցախի անկախության միջազգային ճանաչման գոնե գրական-մշակութային հիմնավորվածություն ակնկալեի: Սա է խնդիրը` որպեսզի քաղաքականության առաջամարտիկը գրողը լինի, ոչ թե ԵՍ տքնեմ, որպեսզի ԻՆՔԸ ճանաչվի: Սրա մասին է խոսքը:

Ես դարձյալ համացանցում որոնեցի եւ «Дружба народов»-ում հայտնաբերեցի Լ.Անանյանի մի հատիկ հոդվածը` գլոբալիզացիայի եւ ազգային ավանդույթների «հակադրամիասնության» մասին` 2005թ. «հեղինակության»: Եվ ցավով ու ափսոսանքով հիշեցի Վահան Տերյանի 100-ամյա մորմոքը` «Մեզ չի հասկանա օտարերկրացին // Մեզ չի հասկանա սառն օտարուհին»: Ուրիշ ի՞նչ է հեղինակել օրվա 25 ժամերին անդուլ «աշխատող» սույն «լրագրող-թարգմանիչը»` ինչպես ասված է իր պաշտոնական կենսագրականում: Նաեւ` սա է խնդիրը: «Ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է»: Հատկապես` առաջնորդներից: Լինի նա քաղաքական թե գրական-մշակութային դեմք:

Մի քանի խոսք «հայրենասիրության» եւ «Արցախի հարցը չարչրկելու» մասին:
1989 թվականից ես քաղաքականության մեջ եմ: Այդ թվին ընտրվել եմ Արցախի ազգային խորհրդի անդամ եւ մասնակցել ԼՂԻՄ եւ ՀԽՍՀ վերամիավորման հարցով հայտնի նստաշրջանին: 1990-95 թթ. եղել եմ Հայաստանի ԳԽ պատգամավոր, լրատվության եւ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի անդամ: 1995-96 թթ. խմբագրել եմ ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթը եւ, ի դեպ, առիթ եմ ունեցել մերժել Արցախի «գրական ընտանիքի» որոշ ներկայացուցիչների` առ ՊԲ հրամանատար ունեցած «սրտալի զեղումները»:

1996 թ. դեկտեմբերի 26-ից առ 1997 թ. մարտ ծառայել եմ ԼՂՀ ՊԲ N Պաշտպանական շրջանում: 1997 թ. ապրիլից առ հաջորդ տարվա սեպտեմբեր եղել եմ «ԼՂ Հանրապետություն» թերթի թղթակից: 1998-2000 թթ. աշխատել եմ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից` Ստեփանակերտում: Նույն տարուց առ այսօր ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր եմ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ:

Եթե չեմ սխալվում, միայն մեկ անգամ է, որ Լ. Անանյանը դիմել է հարազատ տեղաշրջանի ընտրողների օգնությանը եւ հավակնել ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունների, բայց մերժվել է, իսկ նրա արցախցի պաշտոնակիցն առհասարակ անկախ պետականաշինության բոլոր տարիներին իրեն «մղել է դեպի ստվեր»: Կարծում եմ, որ այս դեպքում նա ավելի խելամիտ է վարվել, քան Լ. Անանյանը: Քանի որ «թաքնված ականջների» մասին, հնարավոր է, մեկը գիտի եւ լռում է, բայց երբ դրանք «ցուցվում են որպես կյանքի ուղիղ ճանապարհ», ապա լոռեցիներն իրենց նման են գնահատում «մեծ»-ի հասկացությունը:

Ի վերջո, անցած տարիներին ես բազմիցս հանդես եմ եկել հայաստանյան մամուլում, Երեւանում անցկացրել մամուլի ասուլիսներ: Եվ եթե այդ ամբողջ նյութը «հաշվապահի համառությամբ» հավաքեմ ու հրապարակեմ, ապա, կարծում եմ, դա ավելի ծանր կկշռի, քան Լեւոն Անանյանի ողջ լրագրողական եւ «թարգմանական» ժառանգությունը: Մեր տարբերությունն այն է, որ ես ուզում եմ ասպարեզ բերել գրքույկ, որն ավելի արժեքավոր կլինի, քան ոմանց «բազմահատորյակները», իսկ Լ. Անանյանը, օգտագործելով պաշտոնն ու դրանից բխող հնարավորությունները, Վախթանգ Անանյանի ասած` «ինչ որ գրչի ռեխն է ընկնում», իսկույն «պետպատվերով» լույս աշխարհ է հանում: Եվ դեռ Գիքորի նման էլ կանչում` «Էստի համեցեք»:

Իսկ «հայրենասիրության» մասին նրա մտավարժանքներն այլ բան չեն հուշում, քան հայտնի ճշմարտությունը. «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
Հունվար 28, 2011

Գրական ոչնչությունից ուրիշ ի՞նչ սպասես

Հիմա, երբ արեւը մայրամուտ է թեքվում,
Ես գիտեմ, թե ինչ եմ փնտրել այս կյանքում...


Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը այս տողերը գրել է իր 60-ամյակի առիթով` օգտագործելով «տաղանդի գեթ մի կաթիլը»։ Շուտով կդառնա 65 տարեկան եւ ավելի քան պարզ է, թե ինչ է փնտրել իր ողջ կյանքում։

Իսկ փնտրածն ու գտածը, իրոք, ահռելի մի բան է եղել։ Ողջ կյանքում երազել է դատի տալ ու մրցանակ շնորհել «Հայոց Աշխարհ»-ին ու նրա լրագրողին։ Ողջ գիտակցական կյանքում այս առիթն է փնտրել, եւ անցյալ տարի սրան վերջապես հաջողվեց իրականացնել իր միակ երազանքը։ Մեզ դատի տվեց ու մրցանակ հանձնեց։

Իսկ հիմա որոշել է հարձակվել մեզ պաշտպանողների վրա, որոնք դատապարտեցին անանյանական ծիծաղելի մրցանակաբաշխությունը։
Կեղանքաստեղծ եւ «գեղանքախոս» Անանյանը երեկ վերավաճառողի լաչառությամբ հարձակվեց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի վրա։

Պատգամավորը «Ազգ» օրաթերթի հունվարի 14-ի համարում «հանդգնել» էր իր տեսակետն արտահայտել Անանյանի մոգոնած քոսոտ մրցանակների վերաբերյալ եւ իր «Գեղանքի» եւ «Կեղանքի» միջակայքում» հոդվածում մասնավորապես նկատել էր. «Շատ ցավալի է, որ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի «մտքի թռիչքը «Կեղանք»-ից այն կողմ չի անցել»։ Ինչն, ի դեպ, վկայում է, որ «գրական կյանքի ոչ օբյեկտիվ լուսաբանման մասին» նրա «մտահանգումը» ոչ այլ ինչ է, քան` ՀԳՄ նախագահի աթոռի հանդեպ հիվանդագին սիրո դրսեւորում։

Այլ իրավիճակներում Աբգար Ափինյանը եւ Կիմա Եղիազարյանը կհայտարարվեին «ժողովրդի թշնամի» եւ «ոչ այնքան հեռավոր տեղեր մեկնելու ուղեգիր» կստանային։ Կամ նրանց պարզապես «կթրխկացնեին»։ Ինչպես 1937-ին` «ոչ ժողովրդի բարեկամ» հռչակվածներին»։

Երեկ հանդես գալով նույն թերթի էջերում, Անանյանը Վահրամ Աթանեսյանին անվանեց` «զրպարտիչ», «բամբառակ», «ձախորդ կրիտիկոս», «փորձված բանսարկու»... նրա գրածը` «բարբաջանք», «զառանցանք», «վայրահաչություն», որը «զզվանքով» է կարդացել։

Գրողների կարկառուն առաջնորդը նաեւ հարցնում է, թե Վահրամ Աթանեսյանի «մարմնի ո՞ր հատվածը եւ ինչո՞ւ է մրմռում «Կեղանքի» մրցանակակիրների առիթով»։ Դե, կեղանքաստեղծին մարմնի «կղկղանքային հատվածից» բացի, ուրիշ ի՞նչ կարող է հետաքրքրել։ Եվ սա առաջնորդն է համարվում հայ գրողների, որը, ինչպես նկատեցիք, իրեն դրսեւորել է փողոցային լաչառ վերավաճառողի նման։

Բայց սա ամենը չէ. Անանյանը երեկվա իր «Հպանցիկ պատասխանում» (դե պատկերացրեք, եթե սա բերանը ոչ թե հպանցիկ, այլ համապարփակ բացեր) նաեւ փորձում է գնահատել ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահի գործունեությունը, գրելով, թե Վահրամ Աթանեսյանը. «իր անպտուղ գործունեությամբ չարչրկում է Արցախի հիմնախնդիրը»։ Էս մարդու բերանից որ փորձեիր, անգամ աքցանով չէիր կարողանա Արցախի հիմնախնդրի մասին բառ իսկ դուրս քաշել, եւ իբրեւ ՀԳՄ նախագահ մինչ օրս ազգային հիմնախնդիրների վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել։

Իսկ հիմա, երբ հանկարծ դիպան իր «մարմնի հատվածին», սույն լպրծուն արարածը հիշեց «Արցախի հիմնախնդրի» եւ այն «չարչրկելու» մասին։ Իսկ թե ինչ է նշանակում «չարչրկել», այնքան էլ հասկանալի չէ, ինչպես նույն ինքը` գրական ոչնչությունն ու իր խզբզանքները։ Չլինի՞ Տեր-Պետրոսյանի պես Անանյանն էլ է կողմ, որպեսզի առանց «հիմնախնդիրը չարչրկելու» օր առաջ Արցախը հանձնվի Ադրբեջանին։

Անանյանների նմանների համար Արցախը ուտել-խմելու տեղ է եղել միշտ, որն իր շքախմբով ամեն տարի մեկնել է այնտեղ, մասնակցել զանազան բանկետների ու վերադարձել։ Հարց է առաջանում. թե սա այդ ե՞րբ է հետաքրքրվել ԼՂՀ խորհրդարանի գործունեությամբ, որ համարձակվում է գնահատել Վահրամ Աթանեսյանի օրենսդրական աշխատանքը։ Գնահատում է մի քաղաքական գործչի, որը միայնակ տասնապատիկ ավելի նպաստավոր գործ է անում, քան ստեղծագործական միությունների որոշ բեզդարնի ու չբեր ղեկավարներն իրենց բազմամյա գործունեության ողջ ընթացքում։

Միայն անանյանները կարող են նման հայտարարություններով բալզամ քսել Ադրբեջանի ջանին, ադրբեջանական քարոզչամեքենային ավետել Վ.Աթանեսյանի «անպտուղ գործունեության մասին»։
Ընդ որում, նկատենք, որ Վահրամ Աթանեսյանն իր հոդվածում Անանյանի հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն չի արել, հակառակը, պահպանելով կոռեկտությունը, ասելիքը ներկայացրել է զուսպ ու փաստարկված։

Մինչդեռ մերօրյա Գեւորգ Աբովը 1937-ի ոճով ու ոգով «մերկացնում է հակահեղափոխական» Վ.Աթանեսյանին։

Ամենազավեշտականը, սակայն, այն է, որ Անանյանը փորձում է իրեն դնել «Թումանյանի» տեղը, քանզի Վ.Աթանեսյանին համարում է «մերօրյա Դրամբյան»։

Միշտ այդպես է պատահում, «երբ արեւը մայրամուտ է թեքվում», Անանյանի մտքերն էլ թեքվում են դեպի Դսեղի կողմը, եւ սկսում է երեւակայել, որ ինքը ծնվել է ոչ թե Նոյեմբերյանի գյուղերից մեկում, այլ Թումանյանների ընտանիքում։ Հետո պուճուրիկ մարդը, լարելով ֆանտազիան, երեւակայում է, որ ինքն է հիմնադրել Վերնատունը, եւ այդպես շարունակ։

Մեղք, ողորմելի արարածների ֆանտազիա։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հունվար 26, 2011

Հպանցիկ պատասխան մերօրյա Դրամբյանին

Մեծարգո խմբագիր

Օրերս ձեր թերթում զարմանքով ու զզվանքով կարդացի ոմն Վահրամ Աթանեսյանի «Գեղանքի» եւ «Կեղանքի» միջակայքում» բարբաջանքը: Զարմանքս ուղղված է իմ նախընտրած լրագրերից մեկին` «Ազգին», որին տարբեր առիթներով հրապարակավ եւ արժանիորեն միշտ էլ բնութագրել եմ իբրեւ հավասարակշիռ ու անկողմնակալ պարբերական: Զզվանքս ուղղված է հերթական վայրահաչությանը, որը, ցավոք, արդի հայ մամուլի որոշ օրգանների հիմնական ժանրն է դառնում` յուրովի արտացոլելով հասարակական բարքերի խաթարվող միջուկը: Ինչեւէ:

Սովորաբար նման հրապարակումներին չեմ պատասխանում` խնայելով բազմազբաղ ժամանակս եւ նյարդերս, ապավինելով «Շունը կհաչի, քամին կփչի, քարավանը կանցնի իր ճանապարհը» բանաձեւին: Արդեն 10 տարի է, ինչ ղեկավարում եմ Գրողների միությունը եւ անխոցելիորեն վարժվել եմ տարասեռ գրչակների խծբծանքներին, ովքեր խիղճ, բարոյականություն, պատասխանատվություն կորցրած` ալենդալեսյան խայտառակ սկզբունքը որդեգրած` ցեխ են շպրտում ազնիվ ու ճշմարիտ մտավորականների վրա: (Հիմա եմ հասկանում նշանավոր դրամատուրգ Կարինե Խոդիկյանի անզուսպ վրդովմունքի պատճառը, երբ «Գրական թերթի» նույն էջում տպագրված էր տեսել միջազգային մրցանակի շնորհավորանքի առիթով իր լուսանկարը եւ ներքեւում` կեղանքակիր Կիմա Եղիազարյանի արտապատկերը: Տեսնես եթե Ափինյան-Եղիազարյան տանդեմի չեղած շնորհքը քամես` Կարինեի տաղանդի գեթ մի կաթիլը կմզվի՞...):

Բայց առավոտյան բացելով Էլ. փոստս, պարզապես կարկամեցի նամակների առատությունից, որոնք համախումբ դաշնությամբ վրդովմունք, զայրույթ ու արգահատանք էին արտահայտում հիշյալ հրապարակման ու նրա հեղինակի դեմ: Նաեւ համառ հորդոր-պահանջ` հերթական անգամ կուլ չգնալ իմ «մեղմ ու բարի բնավորությանը», «ճշմարտության կոպալը անգթորեն իջեցնել ոչ գրական ոչնչությունների գլխին»: Ինչպես` «Կեղանքի» դեպքում:

Ո՞վ է սույն բամբառակը, որ հանձն է առել աբգարափինյանների եւ կիմաեղիազարյանների դատի պաշտպանությունը, որոնք դատական վճիռներից եւ սեփական հորինվածքների ինքնահերքումներից հետո էլ շարունակում են բազմագլուխ հիդրայի նման վերարտադրվել սեփական թույնի եւ չարության ընկերքից:

Եվ, արդյոք, հոդվածագրի մարմնի կամ հոգու (հոգու մասին` նամակիս վերջում) ո՞ր հատվածը եւ ինչո՞ւ է մրմռում «Կեղանքի» մրցանակակիրների առիթով: Իսկ գուցե, սա այն բնորոշ դրվագներից է, որոնց ընդհանրացմամբ անվանի իրավագետներից մեկը մեր երկրի ամենակոռումպացված չորս ոլորտներից մեկը համարում է արդի հայ մամուլը...

Համենայնդեպս Աթանեսյանի մասին այնքան գիտեմ (կրկին հղելով նամակներին), որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր է, արտաքին հարաբերությունների պատասխանատու, որն իր անպտուղ գործունեությամբ չարչրկում է Արցախի հիմնախնդիրը: Եվ որ նրա մասին մի ծավալուն տրակտատ է գրել հայտնի պատմաբան Շահեն Մկրտչյանը, ժամանակին նրա զրպարտչական վարքագիծը տարբեր հրապարակումներով դատապարտել են արցախցի գրողներ եւ մանկավարժներ Նորայր Ավետիսյանը, Խորեն Բաղդասարյանը, Համլետ Մարտիրոսյանը, Դավիթ Միքայելյանը, Բոգդան Ջանյանը, Հրաչյա Բեգլարյանը, Քանաքարա Քոչարյանը եւ շատ ուրիշներ.

Ուրեմն, է՞լ ինչ է ուզում այս զրպարտիչը: Չնչին մի բան. անվանարկել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին եւ Արցախի Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին: Դրա համար շատ բան պետք չէ. ընդամենը խեղաթյուրել փաստերը, իրականությունը ներկայացնել ծուռ հայելու մեջ: Այդպես էլ անում է փորձված բանսարկուն. հասարակական անտարբերության ներկա պղտոր հորձանքում ո՞վ է ջոկելու թարսն ու շիտակը:

Փույթ չէ, որ Ա. Ափինյանը ու Կ. Եղիազարյանը անխոնջ ու անդադրում զրպարտում ու վիրավորում են, նրանց պետք է լուսապսակով զարդարել...

Փույթ չէ, որ ստեղծագործական միությունների նախագահների խորհրդի որոշմամբ է սահմանվել «Գեղանքը» եւ «Կեղանքը», մեղսագործը անպայման Լեւոն Անանյանն է:

Փույթ չէ, որ Վ. Օվյանը երբեք չի եղել ՀԳՄ անդամ (ով-ով` նա չէր էլ կարող լինել, իբր, նրան աբով-ժդանովյան դժնի մեթոդներով միությունից վտարել է Լեւոն Անանյանը, եւ այլն, եւ այլն):

Փույթ չէ, որ Վարդան Հակոբյանը գրչով ու զենքով եղել եւ մնում է Արցախյան հերոսամարտի առաջին խրամատում, տաղանդավոր բանաստեղծ է, գրական-հասարակական նշանավոր գործիչ, ինչպես՞ կարելի է նրան աշխատավարձ տալ (թիվն էլ` խոշորացույցով ուռճացվա՜ծ), նրան երեւի մուրացկանի կարգավիճակն է վայել... Հետն էլ, հասկանալի է, թե ինչու, պարկեշտորեն խնայել է ինձ` մոռանալով նշել իմ 25-ժամյա աշխատանքային օրվա աշխատավարձը... 75.000 դրամ: Ահա այսպիսի զառանցանքներ:

Եվս մի զավեշտական դրվագ` Վարդգես Պետրոսյան-Հրանտ Մաթեւոսյան բանավեճի մասին, որը ոչ մի կապ չունի հոդվածի բուն նյութի հետ: Բայց քանի որ պատեհ առիթ է` հիշեցնեմ մերօրյա Դրամբյանին: Երեւի՛ Լեւոն Անանյանի համեստ շնորհքը գնահատելով` Վարդգես Պետրոսյանն է դեռ 1975-ին նրան հրավիրել «Գարուն» աշխատանքի, հետանկախության 10 տարիներին պատվով խմբագրել ամսագիրը, հետն էլ հիմնել «Ապոլոն» թարգմանական հրատարակչությունը: Իսկ երբ 2001 թ. Լեւոն Անանյանը ընտրվեց ՀԳՄ նախագահ, Հրանտ Մաթեւոսյանը առաջինը շնորհավորեց եւ (վկաների ներկայությամբ) ասաց.

- Լեւոն ջան, գիտեմ, որ լավ էլ գլուխ կհանես գործից, միայն թե ցավակցում եմ, որ Աբգարի հետ նույն հարկի տակ ես աշխատելու...

Գործից գլուխ հանելու մասին թող դատեն մեր գրողները, իսկ Աբգարն իր ապիկար պահվածքի պատճառով վաղուց հեռացվել է ոչ միայն Գրողների տնից, այլեւ Գրողների միությունից...

Այնպես որ` ոչ լաց, ոչ հեծեծանք, ոչ էլ պղտոր ջրում ճիճու որսալու հուսահատ մոլուցք: «Գեղանքն» եւ «Կեղանքը» անդառնալի են: «Գեղեցկությունը կրնա պարտվիլ: Բայց չըլլա, չըլլա, որ հաղթանակը տգիտությանը ըլլա»,- ասում է փարիզաբնակ հրաշալի գրող, իմ լավ բարեկամ Մովսես Փչաքճյանը,- եւ մենք թույլ չենք տա, որ մեր երկիրն ապականվի զանազան ծախու աճպարարների ձեռքով»:

Վերջում, ձախորդ կրիտիկոս Վահրամ Աթանեսյան, փոքր-ինչ ձեւափոխելով Հովհաննես Թումանյանի խոսքը, ուզում եմ քեզ հորդորել. «Ո՛չ, կանգնեցեք, (ճշմարտությունը նենգափոխող)» անսանձ փոքրություններ: Էստեղ տվեք ձեր ականջներն ու կանգնեցեք մեր առջեւ: Էսպես: Ես ճանաչում եմ ձեզ: Դուք մի որեւէ Ռ. Դրամբյան չեք: Դուք մինը չեք: Դուք շատ եք: Դուք տիպ եք: Դուք էն պստիկ, մաղձոտ ու մութ հոգին եք, էն հավիտենական անկոչ պրոկուրորը, որ ամեն տեղ... դատում ու դատապարտում է ամեն գործ ու գործիչ, առանց ճանաչելու, առանց ամաչելու»: Ասվել է 100 տարի առաջ ճիշտ եւ ճիշտ քո եւ քո հովանավորյալների մասին:

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
«ԱԶԳ»
25.01.2011



Խմբ. կողմից - Նույնությամբ հրապարակելով Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի՝ ի պատասխան մեր թերթի 2010 հունվարի 14-ի համարում լույս տեսած Վահրամ Աթանեսյանի «Գեղանքի» եւ «Կեղանքի» միջակայքում» վերնագրով ռեպլիկի, մեր նպատակը չէ փոխադարձ վիրավորանքների առիթ տալ մեզ համար խիստ հարգելի երկու անձնավորություններին, այլ տուրք՝ մեր իսկ դավանած սկզբունքին՝ պատասխանի իրավունքը հարգել յուրաքանչյուր մարդու: Խոստովանենք՝ հրատարակելով Վ. Աթանեսյանի խնդրո առարկա գրությունը, սխալ ենք վարվել, մանավանդ որ նա «Գեղանք»-«Կեղանքի» հարցը դուրս էր հանել զուտ մամուլային շրջանակներից եւ հարցին խառնել հին ու նոր այլ խնդիրներ, տեղ-տեղ փաստական սխալներով: Ափսոսում ենք եղածի համար, որն առիթ տվեց վերոշարադրյալ պատասխան ռեպլիկին, որն իր կոշտությամբ չի զիջում առաջինին:

Այսուամենայնիվ ցանկանում ենք երկու նկատառում արձանագրել ստորեւ.

ա) Ափսոսում ենք ստեղծագործական մեր երեք կազմակերպությունների ղեկավարների հաստատած «Գեղանք»-«Կեղանք» տարեկան մրցանակների համար: Եվ սա մեր թերթի գլխավոր խմբագրի կարծիքը չէ միայն: Գեղեցիկն ու արժեքավորը մրցանակով գնահատելն արդեն իսկ տարբերակում-ընդգծում է ենթադրում, եւ հեղինակավոր երեք կազմակերպությունները միայն լավը, դրականն ու գեղեցիկը գնահատելով կարող են արհամարհել վատն ու տգեղը: Այլապես՝ տգեղին մրցանակ շնորհելը՝ թեկուզ «Կեղանք», նսեմացնում է «Գեղանքը»:

բ) Սխալվում են բոլոր նրանք, ովքեր («Ազգը» միայն Լեւոն Անանյանի պատասխան-անդրադարձը չի ստացել) Վահրամ Աթանեսյանին փնովում-քննադատում են իր... օրենսդրական գործով չզբաղվելու համար եւ, իբր, ոչինչ չանելու: Այնինչ, եւ դա կարող են առաջին հերթին վկայել մեր ընթերցողները, նա ԼՂՀ-ի (եւ ոչ միայն ԼՂՀ-ի) օրենսդիրների մեջ այն բացառիկներից է, որ ուշի-ուշով հետեւում է ադրբեջանական մամուլին եւ հետեւողականորեն վեր հանում հակառակորդի ստերն ու հակասությունները, ծավալում հակաքարոզչական կարեւոր գործունեություն, ինչը կարող էր նախանձը շարժել անգամ հակաքարոզչությանը նվիրված մեր պետական ինստիտուտների, առանց վարձատրության որեւէ ակնկալության:

Ինչ վերաբերում է նրա օրենսդրական գործունեությանը, դժբախտաբար շատ բան չգիտենք ինչպես ԼՂՀ խորհրդարանի, այնպես էլ նրա առանձին պատգամավորների գործունեության մասին:

-----------------------------------------------

Գրական PR-ի կողմից։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե գրողների միության նախագահը ոչ թե «հպանցիկ», այլ ավելի «հանգամանալից» պատասխան գրեր...

«Գեղանքի» և «կեղանքի» միջակայքում

«Գրական թերթը» տեղեկատվություն էր տպագրել «Գեղանք» եւ «Կեղանք», այս վերջինի մասին` թող թույլ տրվի ասել, «մրցանակներ» բաշխելու մասին: Շատ ցավալի է, որ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի «մտքի թռիչքը «Կեղանք»-ից այն կողմ չի անցել»: Ինչն, ի դեպ, վկայում է, որ «գրական կյանքի ոչ օբյեկտիվ լուսաբանման մասին» նրա «մտահանգումը» ոչ այլ ինչ է, քան` ՀԳՄ նախագահի աթոռի հանդեպ հիվանդագին սիրո դրսեւորում:

Այլ իրավիճակներում Աբգար Ափինյանը եւ Կիմա Եղիազարյանը կհայտարարվեին «ժողովրդի թշնամի» եւ «ոչ այնքան հեռավոր տեղեր մեկնելու ուղեգիր» կստանային: Կամ նրանց պարզապես «կթրխկացնեին»: Ինչպես 1937-ին` «ոչ ժողովրդի բարեկամ» հռչակվածներին:

Ուղղակի Լեւոն Անանյանն ընտրել է «կատակի ժանրը», քանի որ ժամանակներն այլ են: Բայց ո՞րն է Գեւորգ Աբովի եւ Լեւոն Անանյանի տարբերությունը: Նմանություններն ավելի շատ են: Եւ դրանով, կարծես, ամեն ինչ ասվում է:

Անանյանից առաջ էլ ՀԳՄ նախագահ ունեցել ենք` Հրանտ Մաթեւոսյանին: Հայտնի է, որ նա եւ Վարդգես Պետրոսյանը տարիներ շարունակ եղել են «հակառակ ճամբարներում»: Քաղաքան չէ` գրական: «Գյուղագիրների» եւ «քաղաքագիրների» բանավեճը` ցայտուն օրինակ: Բայց Վարդգես Պետրոսյանի մասին ո՞վ է այդքան սիրով եւ բնութագրական գրել, քան Հրանտ Մաթեւոսյանը: Երեւի` ոչ ոք: Որովհետեւ Հրանտ Մաթեւոսյանը մեծություն էր:

Պատկերացնել կարելի՞ է, որ Հրանտ Մաթեւոսյանը «Կեղանք» հնարեր եւ այդ անունով մրցանակ շնորհեր Լեւոն Անանյանին: Հրանտ Մաթեւոսյանը նման «կատակ» չէր անի եւ չարեց:

«Պաստեռնակին ես չեմ կարդացել, բայց նա հակախորհրդային գրող է»,- այսպես ասում էին «հին, բարի» խորհրդային ժամանակներում: Հիմա Լեւոն Անանյանն է ասում, որ վաղուց Աբգար Ափինյանի հոդվածները չի կարդում, բայց գիտի, որ նա «ոչ օբյեկտիվորեն է լուսաբանում Հայաստանի գրական կյանքը»:

Բայց ի՞նչ է նշանակում լինել օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ:

Եթե մարդ թթու խոսք է ասում ՀԳՄ նախագահի հասցեին, դրանից ինքնաբերաբար հետեւում է, որ նա «ոչ օբյեկտի՞վ» է դատում: Ըստ Լեւոն Անանյանի` այո: Բայց չէ՞ որ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Ժդանովը նույնպես «շատ արդարացիորեն» գտնում էր, որ «Զվեզդա» ամսագիրը «ոչ օբյեկտիվորեն է պատկերում խորհրդային իրականությունը»: Դրա համար էլ գրող Զոշչենկոն պետք է համարվեր «արգելված»: Ախմատովան` նույնպես:

Ժամանակ առաջ Արցախի ԳՄ նախագահությունը մի «որոշում» էր կայացրել եւ «ոչ հայրենասիրական» որակել... Վազգեն Օվյանի ողջ գրական ժառանգությունը: Հավելումն` կազմակերպվել էր «մտավորականության ներկայացուցիչների» նամակների հոսք, որով պահանջվում էր... «գրադարաններից հավաքել եւ ոչնչացնել» գրողի գրքերը, չեղյալ հայտարարել Ստեփանակերտի փողոցներից մեկը նրա անվամբ կոչելու մասին քաղաքապետարանի որոշումը:

Ի՞նչ կապ ունի դա Լեւոն Անանյանի հետ:

Ուղղակի, քանի որ Վազգեն Օվյանի «ապազգայնության» մասին հոդվածը նախ տպագրվել էր Արցախի ԳՄ «Եղիցի լույս» պաշտոնաթերթում, ապա արտատպվել «Գրական թերթում»: Եւ երբ արցախցի մի խումբ մտավորականներ իրենց բողոքն էին հայտնել «ժդանովականության» այդ դրսեւորման դեմ, «Գրական թերթը» դրան արձագանքել էր Արցախի ԳՄ նախագահության որոշումն ըստ էության դրվատող մի հրապարակմամբ, որն ստորագրել էին ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը եւ արդեն հանգուցյալ` բանաստեղծ Բոգդան Ջանյանը:

Պատճառն այն է, որ Վազգեն Օվյանի որդու` ՀԳՄ անդամ Վարդգես Օվյանի եւ Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանի «ջրերը նույն առվով չեն հոսում»: Մարդը «հանդգնում է» Վարդան Հակոբյանին ասել, որ մի քիչ տգեղ է, երբ ԳՄ նախագահն Արցախում «նախարարական աշխատավարձ» է ստանում եւ պետության միջոցներով «Ընտիր երկեր» տպագրում: Այն էլ` 6-7 հատորով: Ասում եւ կրակն է ընկնում. Արցախի ԳՄ-ն որոշում է ... Վարդգես Օվյանին հեռացնել իր «շարքերից». եւ Լեւոն Անանյանն իր «Գրական թերթ»-ով կանգնում է ոչ թե տուժածի, այլ` որոշում ընդունողի «օբյեկտիվ դիրքերում»:

Այսքանից հետո զարմանալի է միայն, որ հայ գրողը եւ լրագրողը «ձեռամբ Լեւոն Անանյանի» ստանում է որեւէ մրցանակ: Լինի դա «Գեղանք», թե` «լավագույն մանկական բանաստեղծության համար»: Մի՞թե չեն տեսնում «գեղանքի» եւ «կեղանքի» պղտոր միջակայքը. երբ նույն ԳՄ-ն սահմանում է երկու` «Գեղանք» եւ «Կեղանք», երկրորդի մասին` դարձյալ թող թույլ տրվի ասել` «մրցանակ», ապա ի՞նչ տարբերություն, թե որն ով է ստանում: Չէ՞ որ երկուսն էլ տրվում է նույն ձեռքով: Եվ, վերջապես` չէ՞որ վաղը «Գեղանք»-ը կարող է «Կեղանք» դառնալ: Եվ` ընդհակառակը: Երբ ջրերը պարզված լինեն:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ
«ԱԶԳ»
01.14.2011

Tuesday, May 24, 2011

Նախագահները 37 թիվ են ուզում

Գրողների միությունում իր թիմի հետ միահեծան իշխանություն հաստատելուց հետո այլակարծության եւ ազատ խոսքի որեւէ դրսեւորում չհանդուրժող Լեւոն Անանյանը հիմա էլ ուզում է քիչ թե շատ ազատ մամուլի բերանը փակել։ Երեկ նա եւ նրա նմանակ Կարեն Աղամյանը «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում ասուլիս էին տալիս, որի նպատակն էր դատի տալու սպառնալիքով լռեցնել լրագրողներին։ Մինչ Լեւոն Անանյանը կսկսեր ինքնագովազդն ու լրագրողներին կմեղադրեր ծախված լինելու մեջ, ասուլիսը վարողը ներկայացրեց խոսակցության թեման՝ մեջբերումներ անելով ՀԳՄ հայտարարության տեքստից։

«Գրական եւ լրագրողական այլ մրցանակների կողքին հայտարարվելու է եւս մեկ մրցանակաբաշխություն, որը կոչվելու է «Կեղանք»։ «Կեղանք» նշանակում է խոց, քոս։ Գրական-մշակութային արժեքները խեղաթյուրելու, մշակույթի գործիչներին անվանարկելու, ստեղծագործական միություններին վարկաբեկելու, փաստերը խեղաթյուրելու ասպարեզում սահմանվում է լրատվամիջոցների եւ լրագրողների «Կեղանք» մրցանակաբաշխություն։ Մրցանակները կհանձնվեն ամեն տարեվերջին, ՀԳՄ քարտուղարության որոշմամբ։ Մրցանակակիրներին կտրվեն դիպլոմներ եւ 37 թվականին թողարկված 3 ռուբլիանոցների պատճեններ»։

Լեւոն Անանյանը նախ ասաց, թե շուկայական հարաբերությունները մտել են հասարակության հոգեբանության մեջ, ապա, դա կապելով քաղաքական պայքարի հետ, շարունակեց. «Արդեն օդի մեջ զգացվում է էն սպասվելիք պառակտումները»։ Իհարկե, Լեւոն Անանյանը շատ կուզենար, որ ինչպես իր նախագահած կառույցում է, այնպես էլ քաղաքական դաշտում «ուրիշ» կարծիք չլինի եւ ինչպես ՀԳՄ անդամ գրողների գերակշիռ մեծամասնությունն է անլեզու, հլու-հնազանդ, այնպես էլ հասարակությունը լինի, որովհետեւ ընդդիմությունը սուր հարցադրումներ անելու «գեշ» սովորություն ունի, եւ մի օր էլ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներից վարակվելով՝ ՀԳՄ անդամ գրողները կարող են հարցնել Լեւոն Անանյանին, թե ի՞նչ եղան երկու հեռուստամարաթոնների արդյունքում հավաքված հարյուր հազարավոր դոլարները։

Պարոն Անանյանը, որի փողասիրության մասին ՀԳՄ-ում եւ սրճարաններում գրողները զավեշտական ու տխուր պատմություններ են պատմում, չխորշեց ինքն իր մասին խոսելիս մեջբերում անել Ավետարանից։ «Ես ուզում եմ վկայակոչել էդ՝ Հովհան… Հովհաննեսի, սուրբ Հովհաննեսի ավետարանի հետեւյալ տողերը՝ ես ուզում եմ վկայել իմ մասին, բայց այդ վկայությունը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ որտեղից եմ եկել եւ ուր եմ գնում»,-ասաց պարոն Անանյանը, եւ մնում է միայն ավելացնել՝ ամեն։ Նա պատմեց իր փառահեղ կենսագրության նշանակալի դրվագները, եւ մենք իմացանք, որ Անանյանը կարմիր դիպլոմով է ավարտել համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։

«Դիպլոմային աշխատանքս պաշտպանել եմ անգլերեն։ Դա բացառիկ երեւույթ էր։ Ռուսամոլության ախտանիշի դեմ էր կարծես թե։ Բացել եմ «Ապոլոն» հրատարակչությունը։ Իմ 12 գրքերից 4-ը թե 5-ը հրապարակախոսական բնույթ ունեն։ Արժանացել եմ «Ոսկե գրիչ»… Մի խոսքով, էս ամենը ինքնագովազդ չի»,- ինքն իրեն գովազդեց Լեւոն Անանյանը։ Այնուհետեւ մեծ ոգեւորությամբ տեղեկացրեց լրագրողներին, որ «դատի են տվել» «Հայոց աշխարհ» թերթը՝ «ոչ անհայտ» Կիմա Եղիազարյանի «Թալանել, թալանել մինչեւ վերջ» հրապարակման առիթով, եւ դատարանը բավարարել է իրենց հայցը։

Տպագիր մամուլի վրա ցեխ շպրտելուց եւ նրանց ցածր տպաքանակների հաշվով իր ուրախությունը հայտնելուց հետո պարոն Անանյանն անդրադարձավ հեռուստաընկերություններին։ «Մեր հեռուստաընկերությունները, փառք Աստծու, շատ ավելի զուսպ են եւ ավելի պատասխանատու, բայց էդ մամուլի տեսություններով եւ հատկապես սկանդալները, սենսացիաները որդեգրելով՝ տիրաժավորում են։ Ի՞նչ ա նշանակում տպագրել խայտառակ փաստեր»։

Երբ ստրկամիտ, սովետից ժառանգած «մտավորական» պիտակը կրող միջակությունը սուսուփուս ծամում է իշխանության ողորմած «հանապազօրյա հացը» եւ միայն ընտրությունից ընտրություն իր ներկայությամբ «օգնում» իշխանությունների քարոզարշավին, դեռ կարելի է մտածել՝ մարդ ա, էլի, իր վախերով, իր ստամոքսով, բայց որ ՀԳՄ նախագահն իր ուրախությունը հայտնի տպագիր մամուլի տպաքանակի սակավության եւ հեռուստաընկերությունների կախյալ վիճակի առթիվ, դա արդեն խելքից-մտքից դուրս վարքագիծ է։

Լեւոն Անանյանն անդրադարձավ նաեւ իր մասին մամուլում գրված հոդվածներին ու կարծիքներին։ «Մեկը գրեց, որ ես 1,5 միլիոն եվրո ունեմ (եւ «Հրապարակ» թերթն էլ բոյով-բուսաթով մեկ անամոթաբար արտատպեց) «Անելիք» բանկում եւ ես թալանել եմ Գրողների միության հիմնադրամը։ Էդ խեղճ ու կրակ հիմնադրամն ընդամենը 150 հազար դոլար ուներ»,- լրագրողների աչքերի մեջ նաելով՝ ստեց Լեւոն Անանյանը։ Մեր թերթը չի արտատպել Անանյանի գործունեությանն առնչվող որեւէ հոդված, այլ գրող Բոյ-Բուսաթովը «Ազատ խոսքի հրապարակ» էջում ՀԳՄ նախագահի մասին հայտնել էր իր կարծիքը։

Լեւոն Անանյանը հայտարարեց, թե իրենց դեմ գրվող հոդվածները արտասահմանից են հովանավորվում, ապա քիչ անց ասաց. «Շատ ավելի գերադասելի ու բարոյական է կրկեսի մոտ մարմինը վաճառել երեք ռուբլով, քան խիղճը վաճառել՝ ժուռնալիստի համար, որեւէ դրամով»։ Մենք կրկեսի մոտ կատարվող առքուվաճառքից լավատեղյակ Լեւոն Անանյանի ասածին կարող ենք միայն ավելացնել, որ վաճառվող լրագրողներից պակաս քստմնելի արարածներ չեն մշակութային դաշտն ապականող ստրկամիտ մտավորականները եւ մշակութային թալանչի օլիգարխները։

Անանյանից հետո ավելի կարճ խոսեց Աղամյանը, ով զարմանում էր, որ այդքան ՀԿ-ների մեջ ՀԿ-ի կարգավիճակ ունեցող ստեղծագործական միություններին են «հալածում»։ Հետո եկավ հարցուպատասխանի ժամանակը, եւ մենք փորձեցինք Անանյանից ճշտել, թե ինչ եղան հեռուստամարաթոնի ժամանակ թոշակառուների ու բիզնեսմենների նվիրաբերած գումարները, բայց նա չցանկացավ այդ հարցին պատասխանել եւ զգուշավոր ցրեց. «Դա 4-5 տարի առաջ է եղել, եւ բոլոր հրապարակումները «Գրական թերթում» կան։ Համբարձում, եթե քեզ որեւէ բան հետաքրքրում ա, այնտեղ բոլորը կան։ Ես չեմ ուզում քո հարցին պատասխանել»։

«Պարոն Անանյան, Դուք ասում եք, որ թերթերն առանց փաստերի են գրում։ Մեր թերթում գրող Արփի Ոսկանյանը հանդես եկավ հոդվածով, որտեղ իր գրքի օրինակով ներկայացրեց ՀԳՄ-ի ներսում առկա կոռուպցիոն երեւույթները։ Ինչպես Գրողների միությունն իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել եւ առնվազն 200 օրինակ քիչ է տպագրել գիրքը։ Դուք գիտեք, թե ուր է կորել գրքի չտպագրված խմբաքանակի գումարը»,-հարցրինք մենք։

«Ես եմ կերել, Համբարձում»,-հեգնախառը խոստովանեց պարոն Անանյանը, ապա սկսեց գոռգոռալ. «Դու խառնում ես պատասխանատուներին։ Գրելուց առաջ… Դու շատ ջահել ես։ Շատ ափսոսում եմ, որ դու էլ բռնեցիր էդ ճանապարհը, եւ Արփի Ոսկանյանը թող ինքը գա-կանգնի եւ էդ բոլորը իմ աչքերի մեջ նայելով ասի։ Էն, ինչ որ Արփին գրել ա, շատ մտահոգիչ ա, բայց կոռուպցիա-բան, էդ զազրելի բառերը տար եւ քո թերթի վրա ամրագրի»։ Պարոն Անանյանը մեր մի հարցին հրաժարվեց պատասխանել, մյուսին պատասխանեց գոռգոռալով, ինչպես որ Արփի Ոսկանյանի հոդվածում հիշատակված ՀԳՄ հրատարակչության տնօրեն Բագրատ Ալեքյանն էր պատասխանից խուսափելով գոռգոռացել, երբ գրողը նրան հարցրել էր, թե ինչու են իր գիրքը առնվազն 200 օրինակով քիչ տպագրել։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Հրապարակ»
12.11.2010

Արվեստագետներն ընդդեմ լրագրողների

Հայաստանի ստեղծագործական միությունները հակամրցանակ են շնորհում լրագրողներին «խեղաթյուրված լուսաբանման» համար

Հայաստանում գործող հինգ ստեղծագործական միությունների ղեկավարների կողմից սահմանված մշակութային կյանքը լուսաբանող լրագրողների համար նախատեսված «Գեղանք» և «Կեղանք» մրցանակները հինգշաբթի գտան իրենց հասցեատերերին։

Առաջին անգամ անցկացվող ու մի փոքր հումորային կամ սարկաստիկ երանգ ունեցող «Կեղանք»
մրցանակը, որ նշանակում է քոս, փառ կամ խոց, նախատեսված է մշակույթի ոլորտն առավել վատ կամ խեղաթյուրված լուսաբանած լրատվամիջոցի և լրագրողի համար, իսկ «Գեղանքը» (ծագում է գեղեցիկ բառից), ընդհակառակը, հանձնվում է անաչառ կամ անկողմնակալ վերաբերմունք հանդես բերած լրագրողին կամ լրատվամիջոցին։

Հայաստանի գրողների միության ղեկավար Լևոն Անանյանն ասել է, որ հակամրցանակը մարտահրավեր է որոշ լրատվամիջոցներին իրենց մեծամտության համար։

«Լրագրողների շրջանում անգամ ձևավորվել է մի խավ, որն այնքան է հղփացել ու հոռացել, որ ցեխ է շպրտում ստեղծագործական միությունների հասցեին։ Եվ քանիցս նրանք շարունակեն նման հրապարակումներով հանդես գալ, այնքան պատասխանատվության են կանչվելու` համարժեք և օրինական միջոցներով»,- հայտարարել է Անանյանը հինգշաբթի մրցանակաբաշխության ժամանակ։

Լրագրողների ներկայությամբ կայացած միջոցառման ժամանակ Անանյանը հայտարարեց, որ «Կեղանք» մրցանակը հանձնում են տեղական «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Կիմա Եղիազարյանին` «ստեղծագործական միությունների գործունեությունը տարիներ շարունակ խեղաթյուրված ներկայացնելու, հասարակական կարծիքը բարոյախեղդելու համար»։

Եղիազարյանը, որը ներկա չէր «մրցանակաբաշխությանը», ավելի կոնկրետ մրցանակը ստացավ «Հայոց աշխարհում» ապրիլի 27-ին տպագրված «Ծախել, ծախել մինչև վերջ» հոդվածի համար։

Այս հոդվածում հեղինակը պնդում է, որ գրողների միության ղեկավարությունը վաճառել է միության շենքին հարակից այգու տարածքը, որտեղ արդեն բարձրահարկ շենք է կառուցվում, ինչպես նաև վաճառել է Սևանում գտնվող գրողների ստեղծագործական տունը։ Եղիազարյանը նման պնդումներ անում է նաև կոմպոզիտորների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների վերաբերյալ` թվելով, թե որ ստեղծագործական միությունն ի´նչ է վաճառել։ Ստեղծագործական միությունները հետևողականորեն հերքել են այս պնդումները։

Մրցանակի կազմակերպիչները մրցանակակրին որպես պարգև հանձնեցին, ավելի ճիշտ` խոստացան առաքել 1937 թվականին ստալինյան 3 ռուբլիանոց փոքր թղթադրամ և դիպլոմ։

«Մեծ կեղանք» անվանակարգում «հաղթած» գրողների միության նախկին անդամ, «Նոր դար» գրական հանդեսի խմբագիր Աբգար Ափինյանին էլ տվեցին ստալինյան 3 ռուբլիանոց մեծ թղթադրամ` «միության գործունեությունն անխոնջ բանսարկելու» և ԶԼՄ-ներով հետևողականորեն ապատեղեկատվություն տարածելու համար։

Ափինյանը և գրողների միության ղեկավար անդամներն արդեն մի քանի տարի շարունակ փնովում են միմյանց ու տարբեր առիթներով քննադատում։

Եղիազարյանն ավելի ուշ «ԱրմենիաՆաուին» ասաց, որ իր 20-ամյա «լրագրողական գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ մրցանակ է ստանում և շատ «ոգևորված» է։

Իր հրապարակումների մասին լրագրողն ասաց, որ դրանք իրականություն են։

«Ի դեմս Կիմա Եղիազարյանի` հայ լրագրությունը կատարում է իր առաքելությունը, բացահայտում է ճշմարտությունը։ Ուրախ եմ, որ իմ հրապարակումներով ստիպեցի Անանյանին հատուկ մրցանակ հորինել»,- ասաց Եղիազարյանը։

Մրցանակաբաշխության ժամանակ ավելի քիչ ուշադրության արժանացավ «Գեղանքի» մրցանակակիրը` «de facto իրատես» և «Հ1» հեռուստաընկերությունների լրագրող Ջուլիետա Կաժոյանը։ Վերջինս նշեց, որ հաճելի է, որ իրեն հիշել են և գնահատել։

Սիրանույշ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից
24.12.10

Նորից սուտ ու կեղծիք և նորից համեմված ինքնաթմբկահարմամբ


Ծխածածկույթ՝ սեփական բացերը սքողելու համար. սա կարող է լինել «Ազատ Արցախ» թերթում «Եղիցի լույս»-ի լույսը և նրա բուժիչ հատկությունները» խորագրով տպագրված հոդվածի գնահատականը, որն ընթերցողին է ներկայացվել որպես պատասխան նույն թերթում տպագրված իմ «Եղիցի լույս»-ին պակասում է լույսը» հոդվածին։ Հենց սկզբից ասեմ, որ դրանում էլ թույլ է տրվել կեղծիք։ Հոդվածի հեղինակը բոլորովին էլ Ռ. Եսայանը չէ, այլ Վարդան Հակոբյանը։ Դժվար չէ դա հաստատել տեքստային քննությամբ։ Եվ ոչ էլ մինչ այսօր արդեն հանրությանը ծանոթ «բանավեճի» առիթով գրված հոդվածների հեղինակը Դ. Միքայելյանն է։ Դավիթն ինտելեկտուալ կարողություններ չունի գրականագետի դերում հանդես գալու համար։ Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ «Եղիցի լույսի» անցյալ տարվա թիվ 3-5 համարում միաժամանակ տպագրված նրա երեք հոդվածներին։ Դրանցում լեզվական արտառոց սխալները միահյուսված են արտառոց աղավաղումներով։

Դժվար է բացեիբաց չմերժել «վերևների» հանդեպ այն քծնանքն ու շողոքորթությունը, որ տեղ են գտել այդ երեք հոդվածներից երկուսում։ Սա էլ Դ. Միքայելյանի գործը չէ, այլ Վ. Հակոբյանի։ Նրա ձեռագիրը կա նաև նրանում, որ նույն թերթի ճակատամասում տեղադրվել են ԼՂՀ ղեկավարի լուսանկարը և, որ առավել ցավալի է, ոչ խնամքով մեջբերումներ արվել նրա ելույթներից։ Համոզված եմ, ԼՂՀ այսօրվա ղեկավարները, որոնք այս ծանր պայմաններում լծվել են մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը, կուռք դառնալու ցանկություն չունեն և զուր են նման ջանքերը։

Արգահատելի երևույթ է «Եղիցի լույսը» սեփական նպատակներին և փառաբանությանը ծառայեցնելը։ Ինչպիսի՜ դիֆիրամբներ ասես, որ չեն տպագրվում նրանում Վ. Հակոբյանի, երևանյան ԳՄ ղեկավարների և նրանց աջակիցների մասին։ Դ. Միքայելյանի «Երբ սահմաններ չի ճանաչում ցինիզմը» տպագրվեց, թե չէ, «Եղիցի լույսի» նույն համարում ԳՄ նախագահության, ասել է թե՝ Վ. Հակոբյանի անունից տպագրված հոդվածում տրվեց նրա գնահատականը։ Այն որակվեց որպես «գրականագիտական խոր վերլուծություններով հագեցված աշխատություն» քիչ է, դրան էլ կցվեց զարմանք պատճառող, մեր գրականագիտության մեջ դեռևս տեղ չգտած մի այլ գնահատական՝ որ իբր Դ. Միքայելյանն իր խորին ուսումնասիրությամբ «ետխորհրդային կյանքում բացել է նոր գաղտնիքներ»։

Բանավիճողը պարտավոր է լինել արդար, չհորինել կեղծիք և սուտ, չշրջանցել ընդդիմախոսի հարցադրումները։ Այդպիսին չէ Վ. Հակոբյանը։ Իմ և Վարդանի միջև իրար չկամեցության սկիզբը սկսվել է նրանից, որ ես նրան մի երկու անգամ դիտողություն եմ արել գրողների միության գործունեության մասին։ Հիշում եմ, դեռ անցյալ դարի 30-ական թվականների վերջերին, այնուհետև Մեծ հայրենականի ավարտից հետո ինչպիսի գրական եռուզեռ էր Արցախում այն դեպքում, երբ մատների վրա կարելի էր հաշվել գրողներին։ Գրական ընթերցումներին հաջորդում էին սեմինարները, ընթերցողների հետ հանդիպումները, կազմակերպվում այլ միջոցառումներ։

Հիմա, երբ ավելի լայն են ԳՄ աշխատանքները ծավալելու հնարավորությունները, անդորր է իշխում միայն։ Իմ դիտողություններին Հակոբյանը պատասխանել է, թե՝ գրքեր ենք հրատարակում։ Այդ պատասխանն ինձ չի գոհացրել, քանզի գրքեր հրատարակելը հիմնականում հրատարակչության գործն է։ Որոշ ժամանակ անց իմ դժգոհությունը հայտնեցի «Եղիցի լույսի» անմխիթար վիճակի մասին։ Ուշադիր ընթերցեցի երեք համար։ Դրանցում զետեղված նյութերը ոչ միայն կարգին խմբագրված չէին, այլև լի էին ուղղագրական և կետադրական սխալներով։ Միայն Բ. Ջանյանի մի ակնարկում դրանց թիվը հասնում էր 67-ի։

Սակայն դրանից հետո էլ վիճակը մնաց անփոփոխ, որի մասին կրկին տեղեկացրի Վարդանին։ Նա ինձ առաջարկեց իմ ցանկացած աշխատավարձով լինելու «Եղիցի լույսի» սրբագրիչը։ Դա խորը վիրավորեց ինձ։ Ասացի, որ ոչ թե սրբագրիչ, այլ խմբագիր լինելուն եմ արժանի։ Սակայն սա գործնական առաջարկ չէր իմ կողմից։ Հաշվի առնելով իմ տարիքը, ունենալով խարխուլ առողջական վիճակ, ես խմբագիր լինելու ցանկություն չունեի։ Հետո էլ այնքան միամիտ չեմ, որ չիմանամ՝ Վարդանը ոչ միայն Հ. Մարտիրոսյանից, այլև Դ. Միքայելյանից և Ռ. Եսայանից ազատվել չի կամենում։ Ես գիտեի, որ նրանք Վարդանի տեղեկատվության «սյուներն» են։ Մեկ անգամ չէ, որ ես նրան հուշել եմ ազատվել այդ անբաններից, նրանց փոխարեն ընդունել աշխատելու ընդունակ մարդկանց։ Ինտելեկտուալ ցածր կարողություններ ունենալով հանդերձ, նրանք մշտապես վազքի մեջ են, քանի որ նրանցից յուրաքանչյուրը, ԳՄ-ն չհաշված, 2-3-ական հաստիքներ են զբաղեցնում ուրիշ հիմնարկներում։ Այսօր նույն թերթում վիճակը ոչնչով չի փոխվել դեպի լավը։

«Երբ սահմաններ չի ճանաչում ցինիզմը» զրպարտագրությունը տպագրելուց 3-4 օր հետո Վարդանը զանգեց ինձ և առաջարկեց հաշտություն։ Սակայն խորն էր իմ վիրավորանքը, և ես դրան գնալ չէի կարող։ Ես «ցինիկ» էի անվանվել հոդվածի իրական հեղինակ Վ. Հակոբյանի կողմից, որ ինձ տղա կսազի, և նրա խոսափող Դ. Միքայելյանի կողմից, որը համարյա իմ մեծ թոռան հասակակիցն է։ Իսկ երբ Վարդանին ասացի, որ անբարո քայլ է բանավեճում սուտ ու կեղծիքին դիմելը, նա բառացիորեն ասաց. «Բա ի՞նչ անեինք, դու անաղարտ մարդ ես։ Թերևս միակը, որ կարողանում էր վիճել Կևորկովի հետ։ Ստին ու կեղծիքին դիմեցինք ստիպողաբար, քանի որ որոշեցինք երկու էջանոց հոդվածով պատասխանել քեզ։ Ինչ եղել՝ եղել է, գտնում եմ, որ պետք է հաշտվել»։

Հիշեցի, թե նա ինչպես է փութաջանությամբ և օպերատիվությամբ նույն հոդվածը վերատպել «Գրական թերթ»-ում։ Դա արդեն ուժի ցուցադրում էր, որ տանել չէի կարող։ Մյուս կողմից, փոխանակ հաշտության իրական քայլեր աներ, նա ընտրեց առճակատումը։ Եվ նրա ջանքերով խափանվեց «Գրական թերթ»-ում իմ պատասխան հոդվածի տպագրությունը։ Փոխարենը հորինեցին կոլեկտիվ հոդված, որոնց տակ ստորագրածներից ոչ քչերը ժխտում են իրենց իմացությունը այդ հոդվածի բովանդակությանը։

Գոնե գրքերի հրատարակման գործը կարգին վիճակում լիներ։ ԳՄ-ի կողմից տպագրված բոլոր գրքերը խոտան են։ Սպասվում էր, որ որպես հարգանքի տուրք, Գ. Գաբրիելյանի մասին լույս ընծայվելիք հուշագիրքը կլիներ ուշադրության կենտրոնում։ Բայց այդպես չեղավ։ Երբ այն դեռ տպարանում էր, կարդալով և տեսնելով աղաղակող թերությունները, Վարդանին խոստացա անվճար խմբագրել ու սրբագրել այն։ Պատասխանը լռությունն էր, որ նշանակում է՝ մի° խառնվիր մեր ներքին գործերին։ Գիրքը տպագրվեց նախնական տեսքով՝ բացթողումներով, աղավաղումներով, ուղղագրական և կետադրական հարյուրավոր սխալներով։ Ստացվում է, որ ԳՄ-ի համար կարևորը ոչ թե գրքեր հրատարակելն է, այլ դրանք «խմբագրելու» պատրվակով 20-30 հազար դրամ շորթելը։
Ես իմ քաղաքական համոզմունքները ոմանց նման թաշկինակի պես փոխողներից չեմ։ Իհարկե, այսօր Վարդանի կարծիքը չի կարող համատեղվել իմի հետ։ Այլ է հիմա նրա ապրուստ-կապուստը։

Խորհրդային ժամանակներում կոմունիստ է եղել, նոմենկլատուրային բարձր պաշտոններ զբաղեցրել, իսկ այսօր նա այլ մարդ է, 1100 ուսանողով մասնավոր համալսարանի, կահույքի արտադրամասի տեր է և այլն (ի դեպ, 3 հերթ պարապմունքներով անգամ հնարավոր չէ 1100 հոգուն տեղավորել համեստ այդ շենքում)։ Մեծ գումարներ ունի ու մտադիր է, ինչպես ինքն է ինձ խոստովանել, իր համալսարանի շենքին կից 5 հարկանի նոր շենք կառուցել։ Իսկ ես արդեն 15 տարի է չեմ կարողանում ավարտին հասցնել հրետակոծությունից ավերված երկսենյականոց սեփական իմ տան վերանորոգումը։

Մանթաշևի բարեգործական եռանդը որևէ բան չի՞ հուշում քեզ, Վարդան։ Չէ°, չի հուշում։ Եթե հուշեր, վերջին տարիներին հրատարակած քո 7-8 գրքերը կտպագրեիր ոչ թե պետության, այլ քո° միջոցներով։ Կամ եղե՞լ է, որ սովածին մի կտոր հաց տաս, չքավոր ընտանիքի ուսանողից ուսման վարձ չվերցնես։ Գոնե հոգացե՞լ ես այն մասին, թե քո բուհն ավարտած շրջանավարտներն ինչպես են դասավորվում աշխատատեղով պակաս մեր երկրում։

Ինձ ներկայացրած միակ մեղադրանքը, որին կարող է հավատալ ընթերցողը, Մուսլիմովի և իմ ստորագրությամբ մարզի հերթական հոբելյանի առթիվ գրված գիրքն է։ Իրականում գիրքը գրվել է Բաքվում, իրական հեղինակները ոչ թե մենք ենք, այլ այն տարիներին Բաքվում հանրահայտ լրագրող Իրինա Մովսեսովան։ Մենք միայն տեղեկանքներ ենք ներկայացրել, այդ թվում՝ նաև մեր դիտողությունները չլուծված հարցերի վերաբերյալ։ Դա կարող է վկայել քաղլուստան նախկին տնօրեն Ռուդիկ Աղաբեկյանը, որ այդ նյութերը տարել է Բաքու։ Ի դեպ, այդ կեղծիքի մասին ես նշել եմ 1985 թ. դեկտեմբերին կայացած մարզային կուսկոնֆերանում ունեցած իմ ելույթում։ Իսկ ելույթս նվիրված էր Արցախի նկատմամբ Բաքվի խտրական քաղաքականության մերկացմանը, որը ներկաները ընդունել են ոտքի կանգնած և ծափահարություններով։ Ցավոք, ինձնից հետո ոչ ոք չարձագանքեց իմ ելույթին։ Սպասում էի, թե Վարդանը, հաշվի առնելով, որ ես շոշափել եմ մշակույթի բնագավառի հարցեր, ելույթ կունենա։ Բայց նա գերադասեց «լռությունը ոսկի է» զգուշացումը։

Վարդան Հակոբյանին ամբողջ կյանքում ուղեկցել են պաշտոնամոլությունն ու հարստանալու տենչը: Թե ինչպես նա դավեր նյութելով հասավ գրողների միության բաժանմունքի քարտուղար Արմեն Հովհաննիյանին աշխատանքից ազատելուն և տիրացավ նրա պաշտոնին, կարծում եմ, սխալ չի լինի, եթե պատմի հենց ինքը՝ Արմենը: Ես հիմա ընդամենը կվերապատմեմ այն, ինչ մեկ տարի առաջ ինքը՝ Վարդանն է պատմել մեր գրողներից մեկի հոբելյանի արարողության ժամանակ։

Իր երկու գրչընկերների հետ ներկայացել էր կուսմարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովին, առաջարկել աշխատանքից ազատել մեր բարձր պաշտոնյաներից մեկին: Կևորկովն անհիմն է համարել մեղադրանքները: Սցենարը կրկնվել է մի քանի անգամ, և դարձյալ Կևորկովն անհողդողդ է մնացել։ Առաջ է քաշվում նոր վարկած՝ այսինչ այսինչյանը սիրուհիներ է պահում և գործը թողած՝ սիրահետում իրեն ենթակա աղջիկներին:

Ինչպես ինքը՝ Վարդանն էր պատմում, Կևորկովը տհաճորեն է ընդունել նոր հերյուրանքն ու, զայրացած նետել. «Պուշկինը մոտ հարյուր սիրուհի է ունեցել, ու երբեք ցարը նրան չի նախատել դրա համար»: «Բորիս Սարկիսովիչ, Պուշկինը կոմունիստ չի եղել, իսկ մեր ընկերը կոմունիստ է»,- փորձել է հակաճառել Վարդանը: Այս պատմությունը լսելով, իր փոխարեն ամաչեցի։

Շատ չանցած, Վարդանն արդեն իմ, որպես «Խորհրդային Ղարաբաղի» խմբագրի տեղակալի պաշտոնը նշանի տակ առավ: Մամուլում այդ մասին գրվել է, ավելացնեմ միայն, որ, այնուհանդերձ, ես ընդառաջեցի՝ նրան տեղակալ նշանակելու մասին հրամանն անձամբ գրեցի, մնում էր կուսմարզկոմի բյուրոյում հաստատվեր: Սակայն այդ քայլիս համար իմ դեմ ելավ թերթի ողջ ստեղծագործական կոլեկտիվը, որի կամքին ես հակառակվել չէի կարող...

Դառնամ Սոկրատ Խանյանին։ Հարգելի Սոկրատ Աղալարի, ախր ես խնայել եմ Ձեզ և, նշելով Ձեր սխալները, չեմ հիշատակել Ձեր անունը։ Հիմա ստիպված եմ պատասխանել նաև Ձեզ։ Այդ երբվանի՞ց է գրականությունը դարձել գրականագետների ցանկապատված, ելումուտ չունեցող բոստան։ Գրականությունը ոչ թե գրականագետների, այլ ընթերցողների համար է։ Երևի Ձեզ նմաններին է նկատի ունեցել Չարենցը, երբ դիմելով ընթերցողին, գրել է. «Չկա ուրիշ քննադատ՝ քեզանից բացի»։

Հետո էլ ինձ համար վիրավորական է, երբ գտնում եք, որ ես իրավունք չունեմ գլուխս խոթելու գրականագիտական հարցերի մեջ, ես իբր իրավասու չեմ: Երկար տարիներ ես եղել եմ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրի տեղակալ, ապա՝ խմբագիր։ Ս. Խանյանը Բաքվի մանկավարժականն է ավարտել, իսկ ես՝ չորս բուհ՝ Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտի հայ գրականության և լեզվի բաժինը, ապա էքստեռն կարգով՝ ռուս գրականության և լեզվի բաժինը, Բաքվի կուսակցական դպրոցը, Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, և բոլորն էլ՝ կարմիր դիպլոմներով։

Ավելացնեմ, որ չորս տարի ռուսաց լեզու և գրականություն եմ դասավանդել, Մեծ հայրենականի վետերան եմ, մարտական երկու շքանշանի և բազմաթիվ մեդալների ասպետ, կոչումով մայոր եմ։ Արցախյան շարժման տարիներին բազում հոդվածներ և ակնարկներ եմ տպագրել երևանյան մամուլում։ Իսկ մինչև շարժումը հոդվածներ եմ տպագրել «Սովետական գրականություն» և «Գրական Ադրբեջան» հանդեսներում, ռուսերեն՝ «Սելսկայա ժիզն», «Տրուդ» թերթերում։ Հիշեցնեմ նաև, որ արցախյան շարժման սկզբնական շրջանում, երբ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագիրն էի, չնայած իմ աշխատասենյակում հերթապահություն էին անում ՊԱԿ-ի աշխատողները, էլի արժանի ձևով լուսաբանել ենք արցախյան շարժման նախնական ընթացքը: Դրանում համոզվելու համար կարող ես կարդալ Ս. Խանզադյանի «Արցախը կրակների մեջ» գիրքը։

Ներողություն եմ խնդրում իմ մասին այս ամենը պատմելու համար։ Բայց ի՞նչ անել, երբ այսօր աղավաղվում է մեր շարժման պատմությունը, երբ քարոզվում է, թե շարժումը նախաձեռնել և հաղթանակի է հասցրել մի ինչ-որ «եռանկյունի»։ Ստացվում է, որ մյուսները սոսկ «բակլուշկա» են խաղացել։ Ի դեպ, երկու անգամ լուրջ հանձնարարությամբ գործուղվել եմ Մոսկվա, ելույթ ունեցել Մեծ հայրենականի վետերանների համամիութենական համագումարում։ Տուն վերադառնալիս Ստեփանակերտի օդանավակայանում ձերբակալվել եմ։ Ազատ եմ արձակվել միայն երեք օր հետո, քանի որ մարզային պարետը Ստեփանակերտից բացակայում էր: Նրան օդանավակայան բերողներն էլ իմ մտերիմ չորս ընկերներն էին, որոնցից հիմա միայն Սերգեյ Դավթյանն է ողջ:

Չմոռանամ Ս. Խանյանին խորհուրդ տալու հեռու մնալ մանրանալուց։ Ով կարդացել է վերջերս «Լուսարար» թերթում տպագրված նրա հոդվածը դասախոս Սիրուն Բաղդասարյանի մասին, չի կարող չասել, որ այն ոչ պակաս, ոչ ավել գյուղական թամադայի կենացներ է հիշեցնում։ Սազական չէ նաև, որ երբեմն նույնիսկ ինֆորմացիաներ է զետեղում թերթերում։ Կխնդրեի նաև գրականագիտական իր հոդվածներում զերծ մնալ անարժեք գրքերի փառաբանումից, գոնե օգտագործեր նաև խորհրդային տարիներին շրջանառության մեջ եղած «կան նաև թերությունները»։

Չեմ կարող դժգոհությունս չհայտնել նաև «Ազատ Արցախ» թերթի խմբագրությունից։ Իմ դեմ գրված պատասխան հոդվածին թեթևակի իսկ ծանոթանալը հուշում է, որ հոդվածագիրը միտումնավոր շրջանցել է իմ բոլոր հարցադրումները։ Իսկ սա բավական է, որ պատասխան հոդվածը չտպագրվեր «Ազատ Արցախում»։

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ

ԽՄԲ. ԿՈՂՄԻՑ։ Վ. Հակոբյանի գրքի ընծայագիրը Ե. Սարգսյանին՝ 8-րդ էջում։
8-րդ էջից։ «Սիրելի Եղիշե Գրիգորիչին, հրաշալի ղարաբաղցուն, մեծ մարդուն, արցախական աշխարհի ամեն լավի ու բարու հովանավորին, իմ և իմ բանաստեղծության լավագույն բարեկամին... Թող նրա շուքը միշտ անպակաս լինի մեր լեռներից ու սրտից...

Սրտագին մաղթանքներով՝ Վ. Հակոբյան»-ը այս տողերը ընծայագրել է Եղիշե Սարգսյանին նվիրած իր գրքի վրա 1987 թվականին, երբ վերջինս «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագիրն էր, իշխանություն, ազդեցություն և կշիռ ուներ։ Փոխվել են ժամանակները, պարզ է, որ Հակոբյանը փոխել է նաև իր բարեկամների շրջապատը։ Ի՞նչ կարող ես անել, մարդը իր ողջ կյանքն այդպես է ապրել՝ քծնում ու շողոքորթում է, քանի իշխանություն ունեն, իսկ երբ զրկվում են իշխանությունից, առաջինն ինքն է քար նետում։
Ձեռնպահ ենք մնում նրա՝ Կևորկովին ուղղված շողոմ ընծայագիրն ի ցույց դնելուց։

«Նոր էջ»
23 մարտի 2009 թ.