Tuesday, April 23, 2013

Գրողների միության նախագահ. Ես այլևս ձայն չունեմ, ձայնս արդեն տվել եմ Տարոն Մարգարյանին


Գրողների միության նախագահից 168.am-ը հետաքրքրվել է՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերին ծանոթանալուց հետո՞ է իր որոշումը հօգուտ Տարոն Մարգարյանի կայացրել, թե՞ ամեն ինչ ի սկզբանե պարզ էր: Լևոն Անանյանն ասաց, որ ուզած-չուզած, ծանոթացել է մյուս կուսակցությունների ծրագրերին, քանի որ նախընտրական բուկլետներն իրենց տուն են բերել: Դրանք Լևոն Անանյանը կարդացել է անկողնում և կարծում է, որ վատ քնաբեր միջոց չէ: «Քնելուց առաջ եմ կարդում և լավ էլ քնարական եմ քնում, որովհետև ֆանտաստիկայի մի աշխարհ եմ ընկնում, լավ էլ վարդագույն երազներ եմ տեսնում»,- ասաց Լևոն Անանյանը:

Հարցին ի պատասխան, թե նման երազներ չի՞ տեսել՝ ՀՀԿ-ի ծրագիրը կարդալիս, Լևոն Անանյանը հակադարձեց.«Ես ՀՀԿ-ի ծրագիրը կարդալու խնդիրը չեմ տեսնում, ես ծանոթ եմ ծրագրին»:

Հայաստանի գրողների միության նախագահը չցանկացավ նաև խորանալ այն հարցի մեջ, թե ինչպես են առաջացել Տարոն Մարգարյանի հայտարարագրված եկամուտները: «Ես այդ մարդկանցից չեմ, որ դնեմ ուրիշի փողերը հաշվեմ: Եթե էդպես սկսե՞մ` էնքան միլիոնատերեր կան: Ես մտածում եմ` որ գոնե մի շերտ կա, որ բարեկեցիկ է ապրում, մտածում եմ, որ 100 աղքատ ունենք, դառնա 110-ը, հո դրանից լավ չե՞մ զգալու ինձ»,- նշեց Գրողների միության նախագահը:

Հ.Գ. Զրույցի վերջում Լևոն Անանյանը կատակեց, թե ինքն այլևս ձայն չունի, քանի որ ձայնն արդեն տվել է Տարոն Մարգարյանին:

iLur.am