Tuesday, July 30, 2013

Նվիրվում է ՀԳՄ նորվերընտիր նախագահին

Մի Դանթե կամ թե մի Պուշկին ես դու,
Օ՛, ոչ, ոչ, ավելի ուժգին ես դու,
Երկնքից թափված մանանա ես դու,
Մեր արեւ Լեւոն Անանյանն ես դու…

Չարենցի ստվերն ես՝ երկրի վրա,
Կոշիկի ձախ թայը՝ Թումանյանի,
Ես գրազ եմ գալիս խելքիդ վրա,
Որ դու հավասարն ես հուր Խայամի:

Քո փառքը երկինք է հասնում արդեն,
Գրիչդ՝ բլբուլ մի, հավք հազարան
Ափսոս որ հիմնարկդ լիքն է անդեմ
Պոետներով՝ որպես մի կզարան:

Եվ պատրաստ են նրանք զգուշորեն
Լոկ փառքը երգել քո, լալ ու հուսալ,
Զի լքված են, սոված եւ անշոր են,
Առանց քեզ՝ դատարկ ու անմուսա:

Քեզ ողջերի մեջ կփնտրեն, միայն՝
Տուր մի կտոր հաց ու մի քիչ գինի,
Եվ քո պատկերը կպռտեն նրանք
Եվ կերկրպագեն որպես բագինի:

Saturday, July 27, 2013

Եթե գրողները նախընտրում են «թագավորի» ինստիտուտը, ապա ինչ սպասել հասարակությունից

Նորից ու վերստին համոզվեցի, որ մեր երկիրը երբեք չի փոխվի:
Նորից ու վերստին համոզվեցի, որ Գալուստ Սահակյանն ու Լեւոն Անանյանը նույն մարդն են:
Այսօր Հայաստանի գրողների միության համագումարում դարձյալ ՀԳՄ նախագահ է ընտրվել Լեւոն Անանյանը, որը միությունը ղեկավարում է 2001 թվականից:

Ավելի քան 400 անդամ ունեցող միությունը բացի Անանյանից, այլ նախագահ չի տեսնում:
Եթե հասարակության, այսպես ասած, ,,առաջադեմ,, հատվածը ստրկամիտ է եւ գտնում է, որ ՀԳՄ-ում պետք է ցմահ իշխի Անանյանը, ուրեմն՝ ողջ հասարակությունից ակնկալիքներ չպետք է ունենալ:

Եթե գրողները նախընտրում են ,,թագավորի,, ինստիտուտը, ապա ինչ սպասել հասարակությունից:
Անդեմության մարմնավորում Անանյանը, որի որդին սավառնում է կառավարության բարձրունքներում, ուղիղ տասը տարի միությունը ղեկավարում էր առանց կանոնադրության, եւ սա հանդուրժում էին 400 անդամները: Այո՛, անդամները, քանի որ իրենց միության հակաօրինական գործունեության դեմ աչք փակող գրողները չեն կարող գրող համարվել: Անդամ են, միմիայն՝ անդամ:

Եթե այս միության անդամները Անանյանի ղեկավարման 12 տարիներին երբեւէ ՀԳՄ ղեկավարությունից չեն պահանջել արձագանքել /հայտարարությամբ հանդես գալ/ երկրում տեղի ունեցող հակազգային եւ հակասոցիալական գործընթացներին, որոնք ուղղակիորեն հարվածում են ժողովրդին, ապա այդ գրող կոչվածները ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեն:
Անանյանի գլխավորությամբ պալատին ծառայող աշուղների վարքին հետեւելիս, իրոք, դժվարանում ես հավատալ, որ սրանք են հանրային մտքի ,,գեներատորները,,:
Քաղքենիական ճռվողյուններով, տափ արած գոյությամբ ,,գրական կյանքը,, շարունակող ՀԳՄ-ն մեր ամոթն է…

Ուրեմն՝ նման ստորաքարշ, անսկզբունքային, լպրծուն ու պալատին շողոքորթող անդամներով համալրված միության գոյության պայմաններում, բնավ զարմանալի չէ, որ մեր հասարակությունը, ժողովուրդը դարձել է նույնքան ստրկամիտ, թուլակամ ու հարմարվողական:
Դրա համար էլ իշխանությունն ու մտավորականություն կոչվածը երկիրն ու ժողովրդին ուղարկել է գրողի ծոցը…

Կիմա Եղիազարյան
http://www.armblogs.am/facebook/kima-eghiazaryan-11