Monday, July 7, 2014

ԳՄ. ստալինյան կառույցը մնում է

Հուլիսի 4-ին Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-ամյակն էր նշվում։
Բավական խորհրդանշական է, որ միջոցառումը տեղի ունեցավ Կոմեդիայի թատրոնում։
Այս միությունը հասարակական կազմակերպության կարգավիճակ ունի, այսինքն՝ համարվում է «անկախ» կառույց։

Բայց արի ու տես, որ իբրեւ «ՀԱՑԻՎ» միությունը իշխանություններից նվեր ստացավ ծառայողական մեքենա եւ համակարգիչներ։

Ավելին՝ իշխանության կողմից հրապարակված շնորհավորհական ուղերձում էլ նշված է. «Ձեր խնդիրն է գեղարվեստորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը»։

Ստալինի կողմից ստեղծված ստեղծագործական միություններում, փաստորեն, ոչինչ չի փոխվել։ 1930-ականներին բոլշեւիկյան իշխանությունը ճիշտ այսպես հրահանգում էր, թե ինչի մասին եւ ինչպես պետք է գրեն գրողները։

Սա 21-րդ դարն է, բայց ժամանակակից գրողները նույն կերպ, ինչպես անցյալ դարի 30-ականներին՝ դահլիճում նստած, հանգիստ լսում էին իրենց առաջադրված խնդիրը։

Թեպետ, գուցե իսկապե՞ս պետք էր շեշտել, թե ինչի մասին գրեն մեր գրողները, որոնց մեծ մասը ակտուալ թեմաները թողած՝ ժամանակավրեպ ու անհետաքրքիր թեմաներ են շոշափում, ինչի պատճառով ընթերցող չունեն։ Նրանք այնքան կյանքից կտրված են, որ թերթելով նոր հրատարակությունները, մտածում ես՝ լավ, այս հեղինակները ո՞ր մոլորակում են ապրում կամ ե՞րբ են վերջապես 19-րդ դարից հասնելու մեր ժամանակներ։

Պակաս ուշագրավ չէր նաեւ հոբելյանական առիթով իշխանության կողմից մի քանի գրողների ոսկե հուշամեդալով պարգեւատրելու փաստը։ Այն էլ «Հայ գրականության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար»։

Վերջին երկու տասնամյակներին գրական ընթացքին քիչ թե շատ հետեւած մարդիկ անգամ մեծ դժվարությամբ կարող են հիշել պարգեւատրված գրողների անունները, եթե չասենք՝ մի քանիսի անունն առաջին անգամ էին լսում։

Մի խոսքով, ստալինյան կառույցը մնում է ստալինյան կառույց՝ բնույթով, գործելաոճով եւ իշխանությանը ծառայելու անվերապահ հավատարմությամբ։

Դե, 80 տարեկան միությունն իր այս «պատկառելի» տարիքում հո չի՞ փոխվելու...

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ 
ֆեյսբուքյան էջից

«Աշխարհում 12-20 տոկոսն են կազմում էլեկտրոնային գրքերը»

Գրական գործերին ու գրական տեղեկություններին մեր օրերում ընթերցողը ծանոթանում է ավելի շատ էլեկտրոնային կայքերի՞ միջոցով, թե՞ նախընտրում է գրքերն ու գրական պարբերականները: Ըստ այդմ` ինչպիսի՞ն է գրական մամուլը մեր օրերում: Անդրադառնալով irates.am-ի այս հարցերին, գրողների միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ նախ թվարկեց գրողների միությունում և գրողների միությունից դուրս գործող գրական պարբերականները` «Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիան», «Արտասահմանյան գրականություն», «Գրեթերթ», «Ցոլքեր», «Նարցիս» , «Գարուն», «Անդին»:

Նշեց, որ գրական մամուլը որոշակի պետական աջակցություն է ստանում: Շուտով ՀԳՄ կայքը նորովի կգործի . «Էլեկտրոնային, թե դասական եղանակով են կարդում, պետք չէ հիվանդագին ընդունել: Ով ոնց ուզում է` թող կարդա: Մեր սերունդը կապված է թղթային գրքին, ես ինքս գիրքն այդ ձևով ավելի եմ սիրում, գրքի ձևավորումը, հոտը, ոնց որ ասում են, այդ ամենը, իհարկե, կա, նաև կարդալու սովորություն է առաջանում: Մեկ ուրիշն էլ էլեկտրոնային եղանակով է կարդում: Բայց աշխարհում 12-20 տոկոսն են կազմում էլեկտրոնային գրքերը: Մեզ մոտ տոկոսայինը չգիտեմ, բայց էլի նույն թվերն են: Համենայն դեպս, չի կարելի ասել, թե դասական գիրքը մահանում է, ճգնաժամ է: Հավատանք, որ երկու ձևով էլ պիտի կարդան: Կարևորը ընթերցանությունն է»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ