Sunday, August 4, 2013

Մեռյալ կառույցներ

Տրանսպորտի չկայացած թանկացումը, Եվրոպա-Եվրասիա կեղծ այլընտրանքը եւ այլ աշխարհացունց իրադարձությունները ստվերեցին Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարը: Առաջ այդ միջոցառման մեջ էլ ինչ-որ խարդավանք կար՝ գալիս էր Աբգար Ափինյանը «իր բրիգադով», գրողների մեջ լեզվակռիվ էր սկսվում, անվայել խոսքեր, մի քիչ էլ հրմշտոց, մի խոսքով՝ լրագրական հետաքրքիր նյութ: Բայց Աբգարը չեկավ, եւ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես որ կանցներ, ասենք՝ 40 տարի առաջ՝ միաձայն, բաց քվեարկությամբ չորրորդ անգամ վերընտրվեց Լեւոն Անանյանը, որը, հավանաբար, ղեկավար պաշտոնում իր երկարակեցությամբ ցանկանում է գերազանցել Նազարբաեւին կամ Քարիմովին:

Խնդիրը, սակայն, անձերի մեջ չէ: Եթե Աբգարը գար եւ սկանդալ սարքեր, դրանից հայ գրականությունը հաստատ չէր շահի: Պարզ է, որ այդ միությունը մեռած, բրեժնեւյան կառույց է՝ ֆորմալ միջոցառումներով եւ հաշվետվություններով, որը ղեկավարում է սովորական ակնարկագիրը: Բայց երբ այն ղեկավարում էր նշանավոր գրողը՝ 20-րդ դարի դասականը, դա նույն կառույցը չէ՞ր: Իսկ այն, որ կոմպոզիտորների միության ղեկին է տաղանդավոր երգահան, դա փոխո՞ւմ է այս կազմակերպության բնույթը: Պարզապես պետք է հասկանալ, որ ստեղծագործական միությունները այն տեսքով, որով դրանք գոյություն ունեն, ստեղծվել են բոլորովին այլ երկրում եւ այլ նպատակներով եւ բարեփոխման ենթակա չեն: Մերկապարանոց չլինելու համար մեջբերեմ հատվածներ ԽՍՀՄ գրողների միության կանոնագրերից. «Խորհրդային գրողների միությունը իր գլխավոր նպատակն է հռչակում ստեղծել բարձր գեղարվեստական նշանակություն ունեցող գործեր, որոնք… հագեցված կլինեն միջազգային պրոլետարիատի պայքարով, սոցիալիզմի հաղթանակի պաթոսով, արտացոլում են կոմունիստական կուսակցության իմաստուն եւ հերոսական բնույթը» (1934): «Գրողների միությունը մասնակցում է հանուն կոմունիզմի կառուցման, սոցիալական առաջընթացի, խաղաղության եւ ժողովուրդների բարեկամության պայքարին» (1971):

Այսպիսով, ըստ էության, գոյություն ուներ գրականության (երաժշտության, նկարչության) նախարարություն, որը կոչված էր ծառայել որոշակի նպատակների: Մի կողմ թողնենք՝ այդ նպատակները իրակա՞ն էին, թե՞ պատրանքային, եւ ինչպես էին արվեստագետները փորձում խորամանկորեն շրջանցել դրանք: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ ունեն հիմա ստեղծագործական միությունները՝ որ դրանց առաջին դեմքերն իրենց շրջապատի հետ մեկտեղ ապահո՞վ ապրեն, որ գրողները տարին մի քանի օր գնան Ծաղկաձոր՝ հանգստանալո՞ւ, որ մի քանի թոշակառու նպա՞ստ ստանան: Դրանք մանր նպատակներ են, եւ հանուն դրանց գրողների միություն պետք չէ պահել: Գրքե՞ր հրատարակել: Բայց ո՞վ է տալիս դրանց փողը՝ պետությո՞ւնը, հովանավորնե՞րը: Թող լինի հեղինակավոր փորձագետների խումբ, որը նույն պետությանը կամ նույն հովանավորներին կասի՝ այս գիրքն արժե տպել, իսկ այս մեկը՝ ոչ: Դրա համար էլ ստեղծագործական միության անհրաժեշտությունը չկա: Իսկ ընդհանրապես գրականությունը, արվեստը անհատական գործ է: Գրողը գլուխը կախ գրում է, չգրողը դատողություններ է անում «գրականության դերի եւ նշանակության» մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Ափինյանը՝ «Լեւոն Անանյան ՍՊԸ»-ի եւ աստծուն գժանոց տանելու մասին

Հայաստանի գրողների միության վերջերս կայացած 16-րդ արտահերթ համագումարում «բաց» քվեարկությամբ շուրջ 400 գրող միության նախագահ վերընտրեց Լևոն Անանյանին:  

Aravot.am-ի հետ զրույցում գրականագետ Աբգար Ափինյանը նման կարծիք հայտնեց. «Այս համագումարով վերջ դրվեց Հայաստանի գրողների միություն ՀԿ-ին ու նոր կառույց ստեղծվեց՝ «Լեւոն Անանյան» ՍՊԸ, եւ որեւէ գրական արտադրանք այս կառույցից ակնկալելու իրավունք չունենք: Ինչպե՞ս կարող է գրական համագումար լինել եւ ավարտվել կայծակնային արագությամբ՝ տեւելով ընդամենը մի քանի ժամ ու այդ համագումարում ընդամենը քննարկվի մեկ հարց՝ վերընտրել գործող նախագահին: Նախկինում գրողների միության համագումարները օրեր էին տեւում, քննարկվում էին արձակի, չափածոյի, դրամատուրգիայի, հասարակական կյանքի խնդիրները, կառավարությունն էլ սարսափում էր՝ լսելով, թե համագումար է սպասվում, կառավարության անդամները ներկա էին լինում, գրողների միության համագումարը իրադարձություն էր, գրական փաստ: Մինչդեռ այսօր այդ երեւույթները չկան: Ի՞նչ է, մեր գրականությունը պրոբլեմ չունե՞ր քննելու, երիտասարդական գրականություն ունենք, ժամանակակից արձակ, գրողների սոցիալական վիճակ… հայրենիքի ճակատագիր ունենք վերջապես, ամբողջ Հայաստանը փոթորկվում է: Լուրջ գործընթացներ են կատարվում, մեր պետական կառուցվածքը փոփոխությունն է կրելու: Մի՞թե կարելի դրանց գրող կոչել, ովքեր հավաքվում են ընդամենը Լեւոն Անանյանի հարցով: Ես հրաժարվում եմ գրող կոչել այն մարդկանց, որոնց չի հետաքրքրում հայրենիքի ճակատագիրը, չի հետաքրքրում, որ ջահել աղջիկը գիրք է գրել, թե ինչպես է քնում հարազատ հոր հետ եւ դա Լեւոն Անանյանը ներկայացրել է պետական մրցանակի ու գիրքն իսկապես մրցանակ է ստացել… Փաստորեն, այդ մարդկանց այս ամենը չի հետաքրքրում, հետաքրքրում է միայն ճահիճը, ճահիճ, որտեղ գորտերը կկռկռան, գոլ ջուր կլինի, չի՛ լինի հայրենիք, ազգություն, հեռանկար: Ես արդեն քանի տարի խնդրում եմ՝ բոլոր ՀԳՄ անդամներին գրող մի՛ անվանեք: Լեւոն Անանյանը բանաստեղծություն է գրել այն մասին, որ Աստծուն պետք է տանել գժանոց: Զարմացած եմ՝ ի՞նչ է, դա Մայր աթոռին չի՞ հետաքրքրում, գրասերներին չի՞ հետաքրքրում, որ այսպես արգահատանք ունեն գրականության նկատմամբ: Այս հարցը չպիտի՞ քննարկվեր գրողների միության համագումարում: Ախր ընթերցողներից մեկը կարդալով Անանյանի գրածները, զայրացած բացականչել էր՝ գնալու եմ վառեմ բոլոր գրադարանները, բայց նախկինում ընթերցողները խենթանում էին Սեւակ, Սահյան տեսնելիս, գալիս էին գրողների միություն, ժամերով սպասում, որ Մաթեւոսյան տեսնեն, իսկ էսօր զզվում են, որ գրողի կերպարանքով իրենց ներկայանում է մուննաթ, աշխարհից զզվածի արտաքինով անձնավորություն, որը նստած է Իսահակյանի աթոռին ու չի ժպտում»:

Մեր զրույցի ընթացում անդրադարձ եղավ Աբգար Ափինյանի ու Լեւոն Անանյանի «դարավոր» հակամարտությանը եւ դրա հետ կապված դատական գործընթացներին: Ի դեպ ՀԳՄ նախագահը բոլոր ատյաններում շահել է դատը:

«Ինքն անընդհատ դատական գործընթացների մեջ է, եւ բացառված չէ, որ այս հարցազրույցից հետո էլ դիմի դատարան, բայց դա ինձ չի մտահոգում»,-զգուշացրեց Ափինյանը: Ապա հավելեց. «Մեր «Գրական կյանք» թերթում գրողները իրենց ձայնն էին բարձրացրել այն ամենի դեմ, ինչ-որ կատարվում էր գրողների միությունում, ինքը (Լեւոն Անանյանը-Գ. Հ.) դատի էր տվել «Գրական կյանքին»:

Խնդրեցինք հիշեցնել, թե ինչպիսին էր դատարան դիմելու իրենց ձեւակերպումը: «Մենք էլ իրեն էինք դատի տվել բայց դա էական չէ, էականն այն է, որ մեր գրականությունը մորթվում է, իսկ ձեւակերպումը հետեւյալն էր՝ մենք պետք է ազատենք գրողների միությունը չարիքից եւ գորշ միջակության իշխանությունից: Դատավորը որոշեց, որ չարիք ու գորշ միջակություն ասելով նկարի ունենք Լեւոն Անանյանին, որքան էլ որ փորձում էի համոզել որ դա ընդհանուր խոսք է, ինքը ասում էր՝ դուք Անանյանին նկատի ունեք: Դրանից հետո հենց դատարանում ասացի՝ ուրեմն դո՞ւք էլ այդ կարծիքին եք, այդ դեպքում կարող եք ազատորեն որոշում կայացնել, որովհետեւ մենք ճիշտ ենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/31/271900/

«Հենց այնտեղից դուրս եկա Գրողների միությունը սոդոր-գոմորի կվերածվի». Լեւոն Անանյան


«Ես շնորհալի, տաղանդավոր կազմակերպիչ եմ, առանց համեստության եմ ասում։ Ես այնքան ջանք եմ ներդրել, որ չեմ ցանկանա, որ այս կառույցը փլուզվի։ Իսկ այս խայտառակ մաղձի, թույնի, փոխադարձ ժխտումի մթնոլորտում Անանյանը հենց այնտեղից դուրս եկավ, հավանաբար սոդոր-գոմորի կվերածվի, ես շատ լավ եմ պատկերացնում: Ես որևէ ձայն չեմ առել և չեմ կեղծել»,-այս մասին այսօր «Ֆորում» մամուլի ակումբում անդրադառնալով  հուլիսի 27-ին տեղի  ունեցած Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարին ասաց  Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով չորրորդ անգամ վերընտրվեց այդ պաշտոնում:

Ըստ Անանյանի` արտահերթ համագումարում գլխավոր հարցը, այն է, որ ԳՄ-ն իր անհամաձայնությունն է հայտնել ստեղծագործական հասարակական կազմակերպությունների՝ հկ-ների կարգավիճակում ամրագրելու առթիվ եւ հույս հայտնում, որ իրենց ձայնը լսելի կլինի պետական մարմիններին:

Վերջինիս փոխանցմամբ` համագումարը քննարկել եւ հաստատել  է ՀԳՆ նոր կանոնադրությունը, գործելու օրինական դաշտում, միաժամանակ քվեարկելու այն նոր դրույթների համար, որոնք նախատեսվում են ՀՀ Ազգային ժողովի` հ/կ-ների օրենքի աշնանային նախատեսվող փոփոխություններում:

Բանախոսն անդրադառնալով քաղաքացիական հասարակության ակտիվությանն ասաց, որ մինչեւ վերջին ակցիաներն, ինքը թերահավատ էր, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության նմուշներ կլինեն, բայց այն, ինչ տեղի ունեցավ, ըստ նրա, պատվիրված չէր, այլ ինքնաբուխ էր։ «Փողի, քաղաքական շահի խնդիր չկար, դա զուլալ էր, որի հետ հաշվի նստեց կառավարությունը»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է իրենց պասիվությանը Լ. Անանյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մենք գրողներից ավելին ենք պահանջում: Մեր գրողներն իրենց անհատական որակներն ու   դրսեւորումներն ունեն: Պահանջել գրողների միության միակողմանի դիրքորոշումը այս կամ այն ակցիայի վերաբերյալ, նշանակում է չպատկերացնել այս կառույցը»,-ասաց նա:

Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կգործի ՀԳՄ սրճարանը, որտեղ ակնկալում է գրական քննարկումներ ու գրական մթնոլորտ:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
http://www.aravot.am/2013/08/03/272996/

Tuesday, July 30, 2013

Նվիրվում է ՀԳՄ նորվերընտիր նախագահին

Մի Դանթե կամ թե մի Պուշկին ես դու,
Օ՛, ոչ, ոչ, ավելի ուժգին ես դու,
Երկնքից թափված մանանա ես դու,
Մեր արեւ Լեւոն Անանյանն ես դու…

Չարենցի ստվերն ես՝ երկրի վրա,
Կոշիկի ձախ թայը՝ Թումանյանի,
Ես գրազ եմ գալիս խելքիդ վրա,
Որ դու հավասարն ես հուր Խայամի:

Քո փառքը երկինք է հասնում արդեն,
Գրիչդ՝ բլբուլ մի, հավք հազարան
Ափսոս որ հիմնարկդ լիքն է անդեմ
Պոետներով՝ որպես մի կզարան:

Եվ պատրաստ են նրանք զգուշորեն
Լոկ փառքը երգել քո, լալ ու հուսալ,
Զի լքված են, սոված եւ անշոր են,
Առանց քեզ՝ դատարկ ու անմուսա:

Քեզ ողջերի մեջ կփնտրեն, միայն՝
Տուր մի կտոր հաց ու մի քիչ գինի,
Եվ քո պատկերը կպռտեն նրանք
Եվ կերկրպագեն որպես բագինի:

Saturday, July 27, 2013

Եթե գրողները նախընտրում են «թագավորի» ինստիտուտը, ապա ինչ սպասել հասարակությունից

Նորից ու վերստին համոզվեցի, որ մեր երկիրը երբեք չի փոխվի:
Նորից ու վերստին համոզվեցի, որ Գալուստ Սահակյանն ու Լեւոն Անանյանը նույն մարդն են:
Այսօր Հայաստանի գրողների միության համագումարում դարձյալ ՀԳՄ նախագահ է ընտրվել Լեւոն Անանյանը, որը միությունը ղեկավարում է 2001 թվականից:

Ավելի քան 400 անդամ ունեցող միությունը բացի Անանյանից, այլ նախագահ չի տեսնում:
Եթե հասարակության, այսպես ասած, ,,առաջադեմ,, հատվածը ստրկամիտ է եւ գտնում է, որ ՀԳՄ-ում պետք է ցմահ իշխի Անանյանը, ուրեմն՝ ողջ հասարակությունից ակնկալիքներ չպետք է ունենալ:

Եթե գրողները նախընտրում են ,,թագավորի,, ինստիտուտը, ապա ինչ սպասել հասարակությունից:
Անդեմության մարմնավորում Անանյանը, որի որդին սավառնում է կառավարության բարձրունքներում, ուղիղ տասը տարի միությունը ղեկավարում էր առանց կանոնադրության, եւ սա հանդուրժում էին 400 անդամները: Այո՛, անդամները, քանի որ իրենց միության հակաօրինական գործունեության դեմ աչք փակող գրողները չեն կարող գրող համարվել: Անդամ են, միմիայն՝ անդամ:

Եթե այս միության անդամները Անանյանի ղեկավարման 12 տարիներին երբեւէ ՀԳՄ ղեկավարությունից չեն պահանջել արձագանքել /հայտարարությամբ հանդես գալ/ երկրում տեղի ունեցող հակազգային եւ հակասոցիալական գործընթացներին, որոնք ուղղակիորեն հարվածում են ժողովրդին, ապա այդ գրող կոչվածները ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեն:
Անանյանի գլխավորությամբ պալատին ծառայող աշուղների վարքին հետեւելիս, իրոք, դժվարանում ես հավատալ, որ սրանք են հանրային մտքի ,,գեներատորները,,:
Քաղքենիական ճռվողյուններով, տափ արած գոյությամբ ,,գրական կյանքը,, շարունակող ՀԳՄ-ն մեր ամոթն է…

Ուրեմն՝ նման ստորաքարշ, անսկզբունքային, լպրծուն ու պալատին շողոքորթող անդամներով համալրված միության գոյության պայմաններում, բնավ զարմանալի չէ, որ մեր հասարակությունը, ժողովուրդը դարձել է նույնքան ստրկամիտ, թուլակամ ու հարմարվողական:
Դրա համար էլ իշխանությունն ու մտավորականություն կոչվածը երկիրն ու ժողովրդին ուղարկել է գրողի ծոցը…

Կիմա Եղիազարյան
http://www.armblogs.am/facebook/kima-eghiazaryan-11

Monday, June 10, 2013

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ. «ԱՆԱՆՅԱՆԸ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵՑ ԱՄԲՈՂՋ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«ԱՆԱՆՅԱՆԸ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵՑ ԱՄԲՈՂՋ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ՀՀ նախագահի կողմից 2012 թվականին լավագույն երիտասարդ գրող անվանակարգի թափուր մնալը` այն էլ գրատպության 500-ամյակի եւ Գրքի մայրաքաղաք հռչակված տարում, զարմանքի առիթ դարձավ:
Այս մասին "Իրավունքը" դիմել էր Հայաստանի գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻՆ եւ ստացել հետեւյալ պատասխանը.

- Անկեղծ ասած, ես երիտասարդական մրցանակների հետ առնչություն չունեմ:
- Այսինքն` մենք չունե՞նք երիտասարդ գրողներ:
- Ինքս եմ զարմացած, ընդհակառակը, մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդ ե՛ւ արձակագիրներ, ե՛ւ բանաստեղծներ: Կարծում եմ, որ կազմակերպչական առումով վրիպումներ ենք ունեցել, լավ չի քարոզվել, ճիշտ չի կոորդինացվել: Ցավում եմ, որովհետեւ գոնե վստահաբար 4-5 անուններ այսօր ունենք, երիտասարդներ, ովքեր գրքեր են տպագրել, կարող էին համարձակ մտնել այդ մրցակցության ոլորտը:

Սա, իհարկե, բոլորիս համար սթափեցնող է, ավելի զգոն կլինենք` հաջորդ տարի նման անախորժ եւ անտրամաբանական իրավիճակում չհայտնվելու համար:
Երիտասարդ գրողների թափուր մնացած անվանակարգի մասին «Իրավունքը» խոսեց նաեւ Երեւանի գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ:

ԳՅՈՒՂԱՑԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԳՐՈՒՄ ԵՆ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ

- Պարո'ն Ափինյան, նախագահի կողմից սահմանված երիտասարդ գրողների անվանակարգը թափուր մնալու համար ՀԳՄ նախագահ Լ. Անանյանն ասում է, որ ինքն առնչություն չունի...
- Անանյանը ճիշտ չի ասել, նա պիտի ասեր, որ ինքն, առհասարակ, գրականության հետ կապ չունի, որովհետեւ 11 տարի է ավերում է հայ գրականությունը: Բոլոր տաղանդավոր գրողներին վանեց, շնորհալիներին փչացրեց, բոլորին դարձրեց քծնող, շողոքորթող, հարմարվող, թշվառական: Մի՞թե լավ ուժեր չկան. լիքն են: Հիմնել ենք երիտասարդական ստուդիա եւ միայն մեր ստուդիայում 6-7 տաղանդավոր, շնորհալի երիտասարդ գրողներ կան, այդ ինչպե՞ս եղավ, որ Անանյանի շրջապատում դրանք բացակայում են: Պատճառն այն է, որ Անանյանը հեղինակազրկեց ամբողջ գրականությունը, գրողին մարդատեղ դնող չկա, հարգող չկա, երիտասարդ գրողների հանդեպ էլ կա առհամարական վերաբերմունք: Ես այդ որոշումը համարում եմ դրա հետեւանքը: Սա վերջին տարիների գրականության հեղինակազրկման բնական արդյունքն էր: Երիտասարդ շնորհալի ուժեր միշտ էլ կան, բայց Անանյանը բոլորին դարձրեց իր նման, երբեք չես տարբերի` թե ով` ով է: Սեփական դիրք, շնորք չկա, բոլորը ինկուբատորի ճտերի պես իրար նման գրում են ազատ ոտանավորներ: Խայտառակություն է ուղղակի: Ես չգիտեմ էլ հանձնաժողովում ովքեր են եղել, բայց հանձնաժողովականները, եթե մի փոքր լայն հայացքով նայեին ժամանակակից հայ գրականությանը, կարող էին երիտասարդ բազմաթիվ գրողների հանդիպել, բայց նրանք, ցավոք սրտի, Անանյանի շրջապատում չկան:

- Գուցե վերջերս լույս տեսած "անթոլոգիա" արդի հայ գրականություն գի՞րքն է ընկել հանձնաժողովի ձեռքը, եւ ամաչել են ներկայացնել նախագահին:
- "Անթոլոգիայի" մեջ անանյանական գրողներն են, այնտեղ օտար մեկը չկա: Բոլորը իր ստեղծած կադրերն են: Ինչ-որ գյուղացի աղջիկներ, որոնք գրում են սեքսի մասին: Եկել են քաղաք, տեսել են մի քանի այլանդակություն եւ կարծում են, ահա, հեղափոխական են, եւ դա շատ նոր է: Բայց նորը գեղարվեստ չէ: Ես այդ երիտասարդ գրողներին էլ չեմ մեղադրում, որովհետեւ այն գաղջ, զզվելի մթնոլորտը, որ ստեղծել է Անանյանը իր շրջապատում, այնտեղ բոլոր ծաղիկները, ծիլերը պիտի չորանան, այդպես չի կարելի: Միջավայր է պետք գրողների համար: Երիտասարդ գրողները հանդիպում են երիտասարդների հետ, այնինչ` իրականում երիտասարդները պիտի հանդիպեն ավագ գրողների հետ, ինչպես նախկինում էր: Այն ժամանակ երիտասարդ գրողները հանդիպում էին Ավ. Իսահակյանի, Ստ. Զորյանի հետ եւ ժառանգաբար անցնում էր հայ գրականության գենետիկ այդ մաքրությունը, բարոյականությունը:

Այսօր 40 չգրողի Անանայնաը հավաքում է մի տեղ, իսկ ովքե՞ր են, անհայտ է` իր նման, իր մակարդակի: Մեր գրականությունը Անանյանը իջեցրեց իր մակարդակին, իսկ երիտասարդ գրականությունը, որ միշտ Հայաստանում իսկապես պատիվ է բերել, ու եղել պետության, Գրողների միության ջերմ հոգատարության ներքո, այսօր երիտասարդ գրականությունն էլ ոչնչացման եզրին է, որովհետեւ երիտասարդները չգիտեն ինչ գրեն, ինչի մասին, ինչի համար գրեն, ու քանի որ չկա այդ առաջնորդող լույսը մեր երիտասարդ գրականության համար` այդ լույսը պիտի բերեր Գրողների միության նախագահը: Ավ. Իսահակյանը բերում էր, Անանայանը` մարում է: Ահա եւ երիտասարդ գրականության մեջ այդ պիղծ երեւույթները առկա են: Ոչնչով մարդիկ չեն կարողանում աչքի ընկնել` բացի պղծությունից: Ես այդ ամենը այդպես եմ համարում: Չեմ մեղադրում երիտասարդ հեղինակներին, նրանց մեջ էլ անպայման շնորհալիրները կան, բայց, ցավոք, նրանք գրողի երես չեն տեսնում: Երիտասարդ գրողները տաղանդավոր գրողի երես պիտի տեսնեն, երիտասարդ գրողները պիտի սովորեն գրել, պիտի փորձի փոխանակում լինի: Ռազմիկ Դավոյանից, Հրաչյա Սարուխանից, Ալիսյա Կիրակոսյանից եւ շատերից պիտի սովորեն: Հենց Հայաստանի գրողների միության մեջ հիանալի վարպետներ կան, բայց, ցավոք սրտի, երեխաները, ոչինչ չիմանալով, նայում են Անանյանի դեմքին, իսկ այնտեղ գրված է գորշություն, տափակություն եւ միջակություն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Իրավունք»

07 Հունիս 2013 թ.

Tuesday, April 23, 2013

Գրողների միության նախագահ. Ես այլևս ձայն չունեմ, ձայնս արդեն տվել եմ Տարոն Մարգարյանին


Գրողների միության նախագահից 168.am-ը հետաքրքրվել է՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերին ծանոթանալուց հետո՞ է իր որոշումը հօգուտ Տարոն Մարգարյանի կայացրել, թե՞ ամեն ինչ ի սկզբանե պարզ էր: Լևոն Անանյանն ասաց, որ ուզած-չուզած, ծանոթացել է մյուս կուսակցությունների ծրագրերին, քանի որ նախընտրական բուկլետներն իրենց տուն են բերել: Դրանք Լևոն Անանյանը կարդացել է անկողնում և կարծում է, որ վատ քնաբեր միջոց չէ: «Քնելուց առաջ եմ կարդում և լավ էլ քնարական եմ քնում, որովհետև ֆանտաստիկայի մի աշխարհ եմ ընկնում, լավ էլ վարդագույն երազներ եմ տեսնում»,- ասաց Լևոն Անանյանը:

Հարցին ի պատասխան, թե նման երազներ չի՞ տեսել՝ ՀՀԿ-ի ծրագիրը կարդալիս, Լևոն Անանյանը հակադարձեց.«Ես ՀՀԿ-ի ծրագիրը կարդալու խնդիրը չեմ տեսնում, ես ծանոթ եմ ծրագրին»:

Հայաստանի գրողների միության նախագահը չցանկացավ նաև խորանալ այն հարցի մեջ, թե ինչպես են առաջացել Տարոն Մարգարյանի հայտարարագրված եկամուտները: «Ես այդ մարդկանցից չեմ, որ դնեմ ուրիշի փողերը հաշվեմ: Եթե էդպես սկսե՞մ` էնքան միլիոնատերեր կան: Ես մտածում եմ` որ գոնե մի շերտ կա, որ բարեկեցիկ է ապրում, մտածում եմ, որ 100 աղքատ ունենք, դառնա 110-ը, հո դրանից լավ չե՞մ զգալու ինձ»,- նշեց Գրողների միության նախագահը:

Հ.Գ. Զրույցի վերջում Լևոն Անանյանը կատակեց, թե ինքն այլևս ձայն չունի, քանի որ ձայնն արդեն տվել է Տարոն Մարգարյանին:

iLur.am