Sunday, October 20, 2013

ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը


Քիչ առաջ ավարտվեց ՀԳՄ համագումարը, և ձայների գերակշիռ մեծամասնությամբ ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համագումարն անցավ բավականին լարված, եղան անգամ բանավեճեր, և ՀԳՄ անդամներից ոմանք կարծում էին, որ արդեն հսկիչների կարիք է զգացվում:

Ձայները բաշխվեցին այսպես.  Էդվարդ Միլիտոնյանը ստացավ 199 ձայն, Հովիկ Հովեյանը՝ 100, Դավիթ Սարգսյանը՝ 24, իսկ Ռոմիկ Սարդարյանը՝ 4 ձայն: Անվավեր է ճանաչվել 7 թերթիկ:

http://www.yerkir.am/am/news/56925.htm

Սկանդալային միջադեպեր Գրողների միության համագումարում. «КГБ»-ից լինելու մեղադրանքներից մինչև ինքնաբացարկներ


Գրողների միության համագումարը, որի օրակարգում նախագահի ընտրությունն է, որը, ինչպես միշտ, այս անգամ ևս առանց վեճերի չանցավ, թեև ԳՄ նախագահի հինգ թեկնածուներից Էդվարդ Միլիտոնյանը (թեկնածուներից երկուսին առաջադրեցին այսօր) համագումարը բացելով՝ կոչ արեց միմյանց չվիրավորել՝ արձանագրելով՝«Մենք գրողներ ենք, ով ում ուզում է, թող ընտրի»:

Հիշեցնենք, որ ԳՄ արտահերթ համագումար նշանակվեց ԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի անսպասելի մահվանից հետո, և հիմնական թեկնածուներ են՝ ԳՄ նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, գրող Դավիթ Սարգսյանը և Մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը: Այսօր հընթացս երկու թեկնածու ևս ավելացան՝ գրող Վլադիմիր Հայրապետյանը, ով ինքնաբացարկ տվեց և կոչ արեց քվեարկել հօգուտ Հովիկ Հովեյանի, և գրող Ռոմիկ Սարդարյանը:

Վեճն սկսվեցին դեռևս այն պահից, երբ առաջարկվեց ընտրել քարտուղարություն՝ Պետրոս Դեմիրճյան, Ավիկ Իսահակյան, Վազգեն Գաբրիելյան, Հրաչյա Սարուխան կազմով:

Մեկ հոգի՝ գրող Աշոտ Խաչատրյանը չբարձրացրեց մանդատը և բարկանալով, որ դա չարձանագրվեց, մոտեցավ և քարտուղարությանը հարցրեց, թե ինչու իր դեմ լինելը չի արձանագրվում: Գրողը լքեց դահլիճը՝ ասելով՝ «Էս ինչ ա, Բրեժնևը ք… ք էր կերել»:

Քիչ հետո դահլիճ վերադարձած Աշոտ Խաչատրյանի վրա էլ հարձակվեց ԳՄ Նոյեմբերյանի բաժանմունքի անդամ Սամվել Բեգլարյանը՝ գոռգոռալով, թե նա «КГБ»-ից է, ինչին ի պատասխան Խաչատրյանը՝ հեգնանքով նշեց, թե «գնամ КГБ-ից» աշխատավարձս ստանամ:

Գրողների միության անդամների միջև նոր վեճերի պատճառ դարձավ հաշվիչ հանձնաժողովների ընտրությունը, և ոմանք տեղերից գոռում էին, թե ինչու պետք է ցուցակ ներկայացվի, այլ ոչ տեղում ընտրվի:

Ի վերջո, ձեռք բերվեց կոմպրոմիս, որ առաջադրված երեք թեկնածուները Էդվարդ Միլիտոնյանը, Հովիկ Հովեյանը և Դավիթ Սարգսյանը կներկայացնեն երկուական թեկնածու, մեկն էլ՝ յոթերորդ անդամն էլ կլինի երիտասարդ գրողների կողմից՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

Նշենք, որ հաշվիչ հանձնաժողովի կազմը այսկերպ հաստատելու առաջարկը եկավ թատերագետ Լևոն Մութաֆյանից, ով տեղից հայտարարեց, որ ԳՄ նախորդ համագումարում նախագահի ընտրությունն անցել է բազմաթիվ կեղծիքներով, ինչի վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ ունի:

Երկար գրողները վիճեցին հարցի շուրջ, թե կանոնադրությամբ քանի րոպե պետք է տրվի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին. տեղերից դժգոհում էին, որ առաջարկվող հինգ րոպեն քիչ է, սակայն մեծամասնության մանդատներով կանգ առան այս տարբերակի վրա: Կային գրողներ, որ տեղից բղավում էին՝ «ոչ մի րոպե ձայն մի՛ տվեք»:

Այբբենական կարգով առաջինը ելույթ ունեցավ Վլադմիր Հայրապետյանը, ով հանդես եկավ հօգուտ Հովիկ Հովեյանի ինքնաբացարկով, հայտարարեց, որ 2001 թվականից ի վեր Գրողների միությունը չի ունեցել կանոնադրություն, գործել է ապօրինի:

«Անընդհատ մեր բերանը փակել են, թե ստեղծագործական միությունների մասին օրենքի մեջ կտեղավորվենք և այլն»,- ասաց Վլադմիր Հայրապետյանը և ավելացրեց, որ այս տարի ընդունված կանոնադրությունը ավելի լավ է՝ չընդունվեր, «մնային էդ ապօրինի դաշտում»:

Նա ասվածը մասնավորեցրեց կետով, որը սահմանում է, թե կարող է լինել Գրողների միության անդամ:

«Ինչ է ասում մեր կանոնադրությունը՝ ԳՄ անդամ կարող է լինել ՀՀ յուրաքանչյուր հայազգի քաղաքացի, ով ստեղծագործում է»,- ասաց Վլադմիր Հայրապետյանը և հարց տվեց, թե ինչ է նշանակում՝ հայազգի: Այսինքն՝ ԳՄ–ի կազմում կան բազմաթիվ այլազգի՝ եզդի, քուրդ ,ասորի գրողներ, և ստացվում է, որ նրանք չեն կարող ԳՄ նախագահ ընտրվել:

Նա նաև նկատեց, որ սփյուռքի գրողներն ընտրում են, սակայն նախագահ ընտրվելու իրավունք չունեն։ Սա ըստ Վլադմիր Հայրապետյան՝ նրանց դարձնում է ընտրազանգված:

Թեկնածուն հայտարարեց նաև, որ կանոնադրական խախտում է այն դրույթը, որ ԳՄ նախագահը մինչև մեկ միլիոն դրամի արժողության գույքը կարող է օտարել, նվիրել: Ըստ նրա՝ դրա իրավունքը ունի տվյալ կազմակերպության մարմինը, բայց ոչ տվյալ անձը՝ նախագահը:

Վլադիմիր Հայրապետյանը հայտարարեց նաև, որ 13 տարի է, ինչ ԳՄ–ում աուդիտ չի եղել, ֆինանսատնտեսական գործունեության և ոչ մի ստուգում: Եվ հետևաբար, առաջարկեց, որ նոր նախագահը դրսից աուդիտ հրավիրի:

Նա հավելեց նաև, որ պետք են միության իրավակառուցվածքային փոփոխություններ, քանի որ ԳՄ–ն ձևավորված է «երեսունականների կոլխոզի» սկզբունքով, անհասկանալի է, թե ինչ են անում երկու կոլեգիալ մարմինները՝ նախագահությունը և քարտուղարությունը: «Ոչ մի բան»,-ավելացրեց նա:

Իր ելույթը նա ավարտեց ասելով, որ եթե իշխող Հանրապետական կուսակցությունը ուներ «Հավատանք և փոխենք» կարգախոսը, ապա Գրողների միության պարագայում պետք է գործի «Փոխենք, որ հավատանք» սկզբունքը:

Հովիկ Հովեյանն էլ հայտարարեց, որ Սփյուռքին ընտրվելու հնարավորությունից զրկելով նրան դարձնում են ընտրազանգված և հայտարարեց, «Գրողների միության նախագահը պետք է բոլորի նախագահը լինի, չպետք է մի քանի գրողների նախագահը լինի»:

Իսկ որպես ծրագրային դրույթներ Հովիկ Հովեյանը առաջարկում է խստացնել միություն անդամներ ընդունելու պայմանները, ԳՄ-ին կից ստեղծել թարգմանչական գեղարվեստական խորհուրդ, գրաքննական բաժանմունք, որը ընթերցողին կներկայացնի գրողների ստեղծագործությունների գեղարվեստական վերլուծությունը, ժանրային սեկցիաներին տալ արտոնություններ, բարելավել հրատարակչական գործը, վարագույր դնել Գրողներից միության դահլիճում:

Ձեռքն ուղղելով ԳՄ ճաքերը ծածկող կտորների ուղղությամբ Հովիկ Հովեյանը առաջարկեց «վերացնել էս գազարագույն բաները»: Ինչպես նաև ԳՄ-ից հեռացնել այն գրողներին, որոնք պետպատվերով ոչ մի գործ չեն հրատարակել։ Բացառություն կկազմեն երկրից օբյեկտիվ պատճառներով բացակայողները, դատապարտված գրողները:

Հովիկ Հովեյան առաջարկեց նաև միությանը պատկանող տեղծագործական տներում չորս օրով ավելացնել տասը տարվա անդամ հանդիսացող գրողների անվճար մնալու կարգը, կոչ արեց, որ գրական մամուլի պատասխանատուները հանդես գան հաշվետվությամբ:

«Գրողների միության նախագահի աշխատանքը պաշտոն չէ, այլ ծառայություն, և ես կսեղմեմ նրա ձեռքը, ով այստեղ կմտնի որպես ծառայող այլ ոչ թե աթոռակիր»,- իր ելույթն այս խոսքերով ամփոփեց Հովիկ Հովեյանը:

Էդվարդ Միլիտոնյանը հայտարարեց, որ ընտրվելու դեպքում կընդլայնվեն սփյուռքի և Արցախի ԳՄ բաժանմունքերի գրողների տպագրության ենթակա գրքերի ցանկը:

Պատասխանելով մեղադրանքներին, որ ԳՄ անդամ են դառնում ոչ միայն ոչ գրական դեմքեր, այլև գրողական աշխարհի հետ որևէ կապ չունեցող մարդիկ, Միլիտոնյանը հայտարարեց, որ հենց կոնկրետ պահը գալիս է , բոլորը, ովքեր խոսում են չափանիշների մասին, դրանց մասին մոռանում են:

Նա նաև ավելացրեց, որ ԳՄ նախագահը իրեն չպետք է վերապահի ԳՄ անդամ դարձնելու մենաշնորհային դիրք, ինչպես նաև տարբեր գրական մրցանակներ տալու: Նա խոստացավ թարգմանությունների միջոցով խթանել հայ գրողներին աշխարհին ներկայացնելու գործընթացը:

Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ավելացնելու է գրատարած ցանցը, սակայն ունի նաև սոցիալական ծրագրի մեկ–երկու կետ: Մասնավորապես, որ երիտասարդ գրողները կարողանան օգտվել «Մատչելի բնակարան« ծրագրից՝ վարկերի տոկոսադրույքների պակասեցման կամ մարման ժամկետի ավելացման հաշվին:

Մյուս թեկնածուն՝ Դավիթ Սարգսյանը նկատեց, որ դա պետք է լինի ոչ թե ԳՄ–ի այլ Սոցապ նախարարության գործը, իսկ միությունը դրան կարող է աջակցել: Նա ուշադրություն հրավիրեց մի քանի կարևոր կազմակերպչական հարցերի վրա, մասնավորապես, որ Արցախի գրողները մասնակցում են ԳՄ նախագահի ընտրությանը:
Նա նշեց, որ ներքին քաղաքական գծին հավանություն տալով, հանդերձ՝ այս պարագայում անհամատեղելի «են օրենքն ու ցանկությունը»:

Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ գրողները, որոնց ընդունված է համարել, որ հասարակության խիղճն են, մեկուսացել են հասարակական կյանքից, խզված է կապը գրողի և հասարակության միջև:
Ավելին՝ նախկինում գրողները որոնք, ըստ Դավիթ Սարգսյանի՝ կարող էին պայթյունավտանգ դարձնել յուրաքանչյուր հարց, «Արտագաղթից սկսած վերջացած այլ իրադարձություններով, որևէ արձագանք չենք տալիս հասարակական ընդվզումներին»:

Թեկնածուների նախընտրական ծրագրային ելույթներին հետևեցին գրողների ելույթները, իսկ քվեարկությունը տեղափոխված է ավելի ուշ։

Նախքան համագումարի մեկնարկը գրողները մեկ րոպե լռությամբ հարգեցին հեռացած գրչակից գրողների հիշատակը, իսկ ԳՄ անդամ Արտակ Վարդանյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի անդամ է, ընթերցեց Սերժ Սարգսյանի ուղերձը:

http://www.tert.am/am/news/2013/10/20/writers-union/

Saturday, October 19, 2013

Իմ զենքն իմ կենսագրությունն է. Գրողների միության նախագահի թեկնածու Հովիկ Հովեյան


Բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, ով Գրողների միության նախագահի թեկնածու է, Tert.am-ի հետ հարցազրույցը սկսեց բանաստեղծական ոճով. «Բարև ձեզ պարոն Հովեյան, ձեզ Tert.am-ից են զանգում, ես Արուսն եմ լրագրող» արտահայտությանը հետևեց նրա համպատրաստից պատասխանը. «Ես Արուսն եմ լրագրող, բերել եմ ձեզ շատ խաղող: Լսում եմ ձեզ…»:

-Դուք ինքնաառաջադրվե՞լ եք, թե գրողների խումբ է առաջադրել ձեզ:

-Ինքնաառաջադրվել է ժամանակավոր պաշտոնակատարը, ով քարոզարշավ է սկսել հանրապետության տարածքում և Արցախի Հանրապետությունում, և պայքարը հենց այդ ինքնաառաջադրվելու և կանոնադրական խախտումների դեմ է: Հայաստանի գրողների միություն ՀԿ-ն իր կանոնադրության համաձայն բարձրագույն մարմնի միջոցով, այսինքն՝ համագումարի միջոցով առաջադրում և հաստատում է թեկնածուներին, մինչդեռ, խախտելով կանոնադրությունը, վարչակազմը, մասնավորապես՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, երբ դեռ ոչ մի անուն հայտնի չէր, ինքն արդեն Վանաձորում նախաքվեարկություն էր կազմակերպել, քվեարկվել էր: Մենք էլ հենց պայքարում ենք դրա դեմ, այսինքն՝ ոչ ոք իրավունք չունի ինքնաառաջադրվելու, այլապես եթե գրողների համագումարում մեկ ուրիշ մարդ առաջադրվում է համախոհների կողմից, այդ մարդը զրկվում է այդ նախնական սուտի քարոզարշավի հնարավորություններից: Մենք հայտնվել ենք մի իրադրության մեջ, որ Գրողների միության համագումարը կորցրել է իր անկախ մարմին լինելու ողջ իրավասությունը և ենթարկվել շոուծրագրային հեռուստաարշավների: Քանի որ մեր կողմի լռությունը ընդունվում է որպես համաձայնության նշան, մենք ստիպված մտանք այս արդեն իսկ խախտված գործառույթի մեջ և ձեզ ինտերվյու ենք տալիս:

ՀՀ գրողների միության պատմության մեջ չէր եղել այսպիսի նախադեպ, երբ մենք պետք է հայտնվեինք այսպիսի հասարակայնացման կամ հասարակացման իրադրությունում, ԳՄ բարձրագույն մարմինը և համագումարը նույն օրը պետք է առաջադրի թեկնածուներին, ինքը հաստատի և ինքը լսի թեկնածուների ծրագրերը:

-Ինչպե՞ս եք գնահատում մրցակիցների հնարավորությունները:

-Շատ գեղարվեստական եմ գնահատում: Էս դեպքում, երբ ժամանակավոր պաշտոնակատարը թեկնածու է, ինքը պիտի բոլոր օրենքներով հրաժարվեր ժամանակավոր պաշտոնակատարի իր լիազորություններից և դառնար թեկնածու:

Թյուրիմացության մեջ է մեր ժամանակավոր պաշտոնակատարը, երբ սկսեց նախնական քարոզարշավ խախտելով կանոնադրությունը և բոլորիս դնելով նման իրավիճակի մեջ: Ինձ թվում է, որ ինքը, հավանաբար, գյուղապետի կամ ՏԻՄ ընտրության է մասնակցում:

-Ի՞նչ ծրագրեր ունեք և, որպես առաջնային բարեփոխում, ի՞նչ կփոխեք:

-Վաղը «Գրական թերթում» կտպագրվի բոլոր թեկնածուների ծրագրային դրույթները։ Սահմանել են ընդամենը մեկ համակարգչային էջ, ի՞նչ է նշանակում դա: Ստիպեցին ինձ, որ ես իմ ծրագրային դրույթները կրճատած ներկայացնեմ:

Առաջին դրույթը այն է, որ Հայաստանի ԳՄ ՀԿ-ն պետք է դառնա բոլորի գրողների միությունը, այն պիտի զերծ մնա կամայական և առանձնաշնորհյալ գրողներին տանիք շնորհելու, մրցանակներ շնորհելու իր տարածքային հնարավորություններից: Եվ Ապարանում հանկարծ երկնաքեր չհայտնաբերեն գրողների միությունում, ԳՄ-ն կայացած կառույց է:

-Հավերժ վեճ կա, թե Գրողների միության նախագահը լավ կազմակերպիչ պետք է լինի, թե լավ ստեղծագործող: Դուք ձեզ ո՞ր տեսակն եք համարում:

-Բոլոր տեսակների մեջ էլ ես ինձ տեսնում եմ, ես իմ կենսագրությամբ հավաստել եմ, և՛ լավ կազմակերպիչ, կամ վատ, և՛ լավ ստեղծագործող, կամ վատ, իմ զենքն իմ կենսագրությունն է:

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք կարծիքները, թե Գրողների միությունը մեռյալ կառույց է:

-Դրանք բամբասանքներ են, Գրողների միությունը մեռյալ կառույց չէ, այդ հարցերի պատասխանը պիտի ժամանակավոր պաշտոնակատարը տար, բայց չտվեց, մի «կավեենային» շոու ստեղծվեց, երբ հայտարարեց, որ ԳՄ-ն ճռռացող սայլ է, եթե այդպես է, ապա ինքը, որպես հավանական թեկնածու, ինչու որպես սայլապան ձիթապտղի յուղով չի յուղել այդ սայլի անիվները, կամ իրեն դեն չի շպրտել այդ սայլից, եթե չի շպրտել, ուրեմն կամ խուլ է եղել կամ համր: Չի կարելի վարկաբեկել այդ կառույցը, այդ խոսակցություններն արդեն հոգնեցրել են մեզ:

-Մշակույթի նախարարի պաշտոնից ազատվելուց հետո սա ձեր առաջին «դեբյուտն» է, ի՞նչ կասեք այդ մասին:

-Ոչ թե ազատվել, այլ հրաժարական տալ: Ես միակ նախարարն եմ եղել, ով հրաժարականով է դուրս եկել, որովհետև քաղաքական սադրանք կար, ցայսօր ոչ մի իրավական խախտում չի կատարվել այդ տարածքում իմ նախարար եղած ժամանակ:

-Այդ ժամանակ հրապարակվել էր, թե դուք նախարար եղած ժամանակ ատրճանակի պոչով հարվածել եք էլեկտրիկին:

-Կրկնում եմ, քաղաքական սադրանք է, որը շարունակվում է ցայսօր էլ, բայց եթե ես հարվածել եմ, պետք է դատված լինեի, իսկ եթե չեմ հարվածել, ուրեմն պիտի «Կենտրոնի» Պետրոս չգիտեմ ինչյանը դատարանում հայցադիմում ներկայացնի, իջնեմ այդ մակարդակին, և նա տանուլ կտա: Իմ զենք իմ կենսագրությունն է, ես ուրիշ զենք չեմ ունեցել այս կյանքում:

http://www.tert.am/am/news/2013/10/18/hovik-hoveyan/

ՀԳՄ-ի անունը կա, ամանում չկա


Հարցազրույց գրող, թարգմանիչ Աշոտ Գաբրիելյանի հետ

- Առաջիկայում սպասվում է գրողների միության արտահերթ համագումարը, որտեղ ընտրվելու է միության նոր նախագահ։ Երիտասարդ գրողները սկզբում նշեցին, որ հանդես են գալու իրենց թեկնածուով, սակայն հետո hրաժարվեցին այդ գաղափարից, ինչո՞ւ:

- Պատճառը մեկն էր: Գրողների միության անդամների մեծամասնությունը հակված չէ բարեփոխումների: Նրանք նոր ընտրությունների կապակցությումբ քննարկում են ոչ թե ծրագրեր, այլ խոսում են անձերից: Շատ քչերին է հուզում ՀԳՄ այսօրվա կարգավիճակը: Նույնիսկ նախագահի թեկնածուներին չի հուզում, թե իրենց հնարավոր ընտրվելու դեպքում, ինչ կարգավիճակի կառույց են ղեկավարելու՝ հասարակական կազմակերպությո՞ւն, թե՞ ստեղծագործական միություն: Այս աննորմալ իրավիճակում ու մթնոլորտում ծրագրերը տեղ չունեն: Երիտասարդները սա հասկանալով՝ ետ քաշվեցին: Անձամբ ես ընտրություններին չեմ մասնակցելու, քանի որ ես ընտրում եմ ծրագրեր և ոչ թե անձնավորություններ, ովքեր չգիտեն թե ինչ կարգավիճակի կառույց են ղեկավարելու: Իսկ այն երիտասարդները, ովքեր այս պայմաններում պիտի մասնակցեն ընտրություններին, ուրեմն նրանք ևս ընդունել են անծրագիր խաղի կանոնները:

- Ի՞նչ օրակարգային հիմնախնդիրներ ունի գրողների միությունը ներկայումս:

- Գրողների միությունը կարիք ունի ճիշտ կառավարման: Խորհրդային կարգերից հետո, հասարակարգի փոփոխման հետ, ՀԳՄ և մյուս ստեղծագործական միությունները պետք է վերադիրքավորվեին: Ինչը տեղի չունեցավ, որի պատճառով այսօր մենք ունենք մի փտած ու անպետք կառույց: Այն գործառույթները, որը պետք է ՀԳՄ-ն վերցներ իր վրա, այսօր դրանք իրենց վրա են վերցրել մի քանի հրատարակչություններ, գրական խմբակներ, կայքէջեր և այլն: Մեր օրերում ՀԳՄ-ն նույնիսկ նորմալ կայքէջ չունի: Ժամանակակից գրականության քարոզումը, որը ՀԳՄ թիվ մեկ խնդիրը պետք է լիներ, այսօր ավելի հաջող կատարվում են ոչ թե ՀԳՄ-ում, այլ՝ ՀԳՄ շրջանակներից դուրս: Այսինքն՝ այն գործառույթների շրջանակներում, որում պիտի ՀԳՄ-ն գործեր, ստեղծվել է մրցակցային մեծ դաշտ, որտեղ ՀԳՄ-ն չի կարողանում մրցակցել: Ավելի կոնկրետ՝ անունը կա՝ ամանում չկա:

- Ձեր պատկերացմամբ ինչպիսի տեղ և դեր պետք է ստանձնի Գրողների միությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և արդյոք ներկայումս միությունն այդ տեղում է:

- Խորհրդային միությունը ստեղծեց միակ ու անկրկնելի գրողների միությունը: Գրական լուրջ խմբավորումների համար այլընտրանք չկար: Տվյալ պարագայում այն ավելի շատ վերածվել էր միակ կուսակցության բարձրախոսներից մեկին: Պետք է խոստովանեմ, որ հասարակարգի փոփոխությունից հետո ՀԳՄ-ն ավելի անատամ դարձավ, քան ԽՍՀՄ-ի շրջանում: Գրողների միության վարչությունը երկրում ծավալված հասարակական, քաղաքական, սոցիալական խոցելի շատ երևույթների չարձագանքեց: Պահպանեց թանկագին լռությունը: Այդ կերպ հասարակությունը երես թեքեց գրականությունից ու գրողից, այլևս չվստահեց նրան, իսկ դրանում մեղավոր չէին անհատ գրողները: ՀԳՄ-ն այլևս լավ ու վատ գրողի, ասել է թե՝ լավ ու վատ գրականության չափանիշ չունի: Ավելի կոնկրետ՝ ՀԳՄ-ն այլևս անելիք չունի:

http://araratnews.am/%D5%B0%D5%A3%D5%B4-%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%A1-%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B9%D5%AF%D5%A1/

Monday, September 16, 2013

Սամվել Մկրտչյան. «ԳՄ նախագահը պետք է մաքրի ավգյան ախոռները, ազատվի գրական թափոններ արտադրողներից»


Tert.am-ը զրուցել է գրող, թարգմանիչ և հրատարակիչ Սամվել Մկրտչյանի հետ՝ Գրողների միության նախագահի ընտրությունների արդյունքում նոր նախագահի գործունեությունից, սպասումներից, գրական կյանքը կազմակերպելու ունակություններից:

- Պարոն Մկրտչյան, թեև Գրողների միության արտահերթ համագումարի օրը, որը պետք է նախագահ ընտրի, հայտնի չէ, սակայն արդեն իսկ կա ԳՄ նախագահի ՝ ընտրությունից ընտրություն ավանդական իրադրությունը. նշվում են անուններ, թեժ կրքեր են ծավալվում: Ի տարբերություն հետընտրական տարիների, երբ ԳՄ-ն, որպես կանոն, իր մասին լսեցնել չի տալիս: Ինչ հատկանիշներ կուզենայիք, որ ունենա ԳՄ նոր նախագահը:

- Կցանկանայի , որ Գրողների միության նախագահը փորձեր ինչ-որ բան փոխել: Փոխել այն, ինչ կա հիմա ու ոչ միայն հիմա, այլ տարիներ շարունակ: Գրողների միությունը գոնե ինձ համար այսօր ավելորդ կառույց է, ու ոչ թե Գրողների միություն, որը պետք է ծառայի գրողներին ու հատկապես գրականությանը, և առաջին հերթին` գրքերի տպագրությանը: Նման Գրողների միություն ունենալու համար Գրողների միության նախագահը պետք է անի ֆունդամենտալ փոփոխություններ: Բայց, անկեղծ ասած, չեմ էլ պատկերացնում, թե տարիներ շարունակ կուտակված հարցերն ինչպե՞ս է լուծելու:
Տարիներ շարունակ մարդիկ են ընդունվել Գրողների միության շարքեր, ովքեր մի հատ պատմվածք չեն գրել: Ես օրինակ՝ գիտեմ մարդ, որ ընդհանրապես կիսագրագետ է: Պատկերացրե՛ք ՝ Կոմպոզիտորների միությունում լսողություն չունեցող կամ նոտաները լավ չիմացող անդամ լինի:
Գրողների միության նախագահը պետք է մաքրի Գրողների միությունը, որն այսօր մոտավորապես ավգյան ախոռի պես մի բան է: Պետք է մնան շնորհալիները, միայն էն մարդիկ, ովքեր ծառայում են գրականությանը:
Կարծում եմ՝ կարգին, նորմալ մարդ պետք է լինի, որը այնպես անի, որ Գրողների միությունը՝ որպես անկախ կառույց, ծառայի գրականությանը և ոչ թե արտահայտի իշխանությունների ու Սերժ Սարգսյանի տեսանկյունը:
Բայց իմ պատկերացրած մարդիկ, որոնք կարող էին ինչ-որ փոփոխություններ անել՝ մեկը Լևոն Խեչոյանն է, մյուսը՝ Հակոբ Մովսեսը, ցավոք, տարբեր պատճառներով հրաժարվեցին: Իսկ նրանք, ում անունները մնում են, նրանց, անկեղծ ասած, չեմ հավատում: Ու եթե իմ նախընտրած մարդիկ չմասնակցեն ընտրությանը, Գրողների միության ճակատագիրը ինձ չի էլ հուզի. եթե ԳՄ նախագահի ընտրությունը, ինչպես մեր երկրում ամեն բան համաձայնեցվում է Բաղրամյան 26-ի հետ, ես էդպիսի Գրողների միության անդամ լինել չեմ ուզում:

- Հավերժական պրոբլեմներ են, մի ժամանակ ակտիվ շրջանառվում էր թեզիսը, որ լավ կլինի, որ ԳՄ նախագահը առաջին հերթին լավ կազմակերպիչ լինի:

- Թող լավ կազմակերպիչ լինի, բայց էլի իմ ասածի պես գործի, ունենա՛ էդ որակական հատկանիշները: Այսինքն՝ իշխանություններից կախում չունենա և աշխատի մաքրել Գրողների միությունն էդ ավելորդ կեղտից:
Եվ վերջապես. Գրողների միությունը՝ որպես ստեղծագործողների միություն, պետք է հաղորդակից լինի, արձագանքի հասարակական կյանքին: Եղավ «Մարտի մեկ», գրողները լռեցին, ակտիվիստներին են դատում, գրողները լռում են: Հիշո՞ւ մ եք վերջին տարիներին որևէ դեպք, երբ Գրողների միությունը՝ որպես անկախ մտավորականների ստեղծագործական միություն արձագանքած լինի, հանրային կյանքում տեղի ունեցած որևէ իրադարձության, ես չեմ հիշում: Այսօր մենք մտավորականի պրոբլեմ ունենք:

- Ի՞նչ պետք է անի Գրողների միության նախագահը, ինչպե՞ս մաքրի այդ ավգյան ախոռները, վերցնի ու հեռացնի՞ ԳՄ-ից: Ում-ում, բայց Ձեզ պետք է, որ հայտնի լինի, որ մեր գրողներից շատ շատերն իրենց պատկերացնում են …

- Հա, գիտեմ՝ բոլորը իրենց հանճար են կարծում: Ճիշտն ասած, էդպիսի հատուկ մեթոդ չգիտեմ, բայց ինչ-որ անկախ հանձնաժողո՞վ անունը դնենք, թե աուդիտ, դրա նման մի բան պետք լինի, որ զտի։ Գրողների միությունում այսօր գրական թափոններ արտադրողների մի խումբ կա և կան նաև մարդիկ, որոնց կեսի ստեղծած գրականությունը հաստատ գրական որևէ չափանիշի չի դիմանում: Ասեմ, որ այսօր ամեն մեկը կարող է մի հատ գիրք գրել ու հետո որպես երկրորդ քայլ երկու գրող պեղել, որպեսզի իրեն ԳՄ անդամ դառնալու երաշխավորագիր տրվի:
Դեմ չեմ, թող բոլորիս, այդ թվում՝ իմ գրական ավանդը նորից դնեն վերանայեն: Բայց պե՛տք է ազատվել էս գրական «բալաստից»:

- Ասում եք՝ ԳՄ-ն իշխանամետ չլինի, բայց ԳՄ նախագահն ի՞նչ անի, կանչի առաջարկի, ստիպի, որ ոչ իշխանամետ լինե՞ն:

- ԳՄ նախագահը պետք է լինի անկախ միության ղեկավար: Նախագահը ինքը դրանով կսկսի արդեն մեծ ուժ ներկայացնել: Մի հատ ռիսկով տղա է պետք, որ իր թիմով սկսի նորմալ աշխատել:

- Գրքերի տպագրության մասին խոսեցիք, տեղյա՞կ եք՝ Գրողների միությունը տարեկան որքան և ինչ որակի գրականություն է տպագրում:

- Գրողների միությունը վերջին տարիների Լևոն Անանյանի շնորհիվ տպարան ձեռք բերեց, բայց իմ կարծիքով՝ շատ անհաջող գրքեր են տպագրվում: Այն, ինչ տեսել եմ տպագրական իմաստով շատ վատն է, գրական, գեղարվեստական չափանիշների մասին էլ չեմ խոսում, որովհետև խիստ կասկածելի չափանիշներով գրականություն է տպագրված: Ում պատահել տպել են, քանի որ գրական արժեհամակարգ այսօր գոյություն չունի, թացն ու չորը խառնվում են իրար, շնորհալին ու անշնորհքը՝ իրար:

- Առաջ՝ Խորհրդային տարիներին, Գրողների միությունը՝ որպես պետական կառույց, գրողների համար ինչ-որ սոցիալական խնդիրներ էր լուծում. ուղեգրեր, աշխատավարձ, բուժում, թոշակներ: Հիմա դա չի արվում: Ձեր կարծիքով ինչ-որ սոցիալական խնդիր ԳՄ-ն պե՞տք է և կարո՞ղ է ապահովել իր անդամների համար: 

- Իհարկե, Գրողների միությունը, եթե նման բաներով զբաղվել է, դա շատ լավ է, պատիվ է բերել ԳՄ-ին, և Լևոն Անանյանն էլ կարողանում էր նման խնդիրներ լուծել:
Ես, իհարկե, կողմնակից եմ , որ Գրողների միությունը լուծի շնորհալի գրողների խնդիրները: Բայց հիմա նման բան վաղուց չկա և եթե չկա, գոնե անեն պարտադիր մինիմալը: Որ նորից կրկնվում եմ, Գրողների միությունը ծառայի գրականությանը:
Թող տպեն լավ գրքեր, հրաշալի մատենաշարեր թող բացեն: Սովետի ժամանակ հրաշալի գրականություն էր տպագրվում, հիմա էդ բանը կարելի է վերականգնել և գոնե գաղափարական իմաստով «վերահսկվի», թե ինչպիսի գրքեր են տպագրվում՝ թարգմանական, տեղի գրողների: Մանավանդ, որ հիմա Գրողների միությունը տպարան ունի, կարող է զարգացնել իր տպարանը:

http://www.tert.am/am/news/2013/09/15/samvel-mkrtchyan-gm/

Friday, September 13, 2013

Գրողների միության նախագահի թեկնածուների երկար ցանկ, իսկ արտահերթ համագումարի օրը հայտնի չէ

Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի մահվանից հետո անցկացվելիք Գրողների միության արտահերթ համագումարի օրը, որի օրակարգում լինելու է ԳՄ նախագահի առաջադրումների ու ընտրության հարցը, դեռ հայտնի չէ: Հայաստանի Գրողների միության քարտուղար Էդվարդ Միլիտոնյանը Tert.am-ին հայտնեց, որ պետք է կազմվի հանձնաժողով, որն էլ պետք է որոշի համագումարի օրը:

Ցայսօր շրջանառվում է ԳՄ նախագահի թեկնածուի մոտ մեկ տասնյակի չափ անուն. ԳՄ քարտուղար Էդվարդ Միլիտոնյան, դրամատուրգ Կարինե Խոդիկյան, արձակագիրներ՝ Լևոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան: Ցանկում առկա են նաև մշակույթի նախկին նախարար, թարգմանիչ Հակոբ Մովսեսի և Ռազմիկ Դավոյանի անունները, թեև առաջինը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ կայքերից մեկին տված մեկնաբանությունը, որ ինքը չի ցանկանում լինել Հայաստանի գրողների միության նախագահ, ուժի մեջ է և ավելացնելու ոչինչ չունի:

«Ես չեմ ցանկանում, դեմ եմ այդ տեսակ ստեղծագործական միությունների նախագահ լինելուն, քանի որ դեմ եմ դրանց գոյությանը: Ավելին՝ գտնում եմ, որ դրանք պետք է ինքնալուծարվեն»,- ասաց Հակոբ Մովսեսը:


Ւ պատասխան հարցի, թե, այնուամենայնիվ, ԳՄ նախագահի ընտրություններն անխուսափելի են, և ու՞մ կցանկանար տեսնել այդ պաշտոնում, Հակոբ Մովսեսն ասաց. «Խաչատուր Աբովյանն էլ գար այդտեղ ոչինչ չէր կարողանալու անել»:

Tert.am-ի հետ զրույցում գրող Արփի Ոսկանյանն էլ հայտնեց. «Ով էլ լինի Գրողների միության նախագահը, նրա համար շատ բարդ է լինելու վերականգնել ԳՄ խարխլված վարկանիշը, որովհետև այսքան տարիների ընթացքում Գրողների միությունն իր ղեկավար կազմով ծառայել է իշխանություններին, փորձել է նրանց կամքի արտահայտողը լինել գրողների շրջանակում և ձևավորել էսպես՝ պսևդոինտելեկտուալ ինչ-որ պատրանք, նոմենկլատուրային «մտավորական» էլիտայի դերն էր ստանձնել: Եվ քանի որ Գրողների միությունը՝ որպես կառույց, ավանդաբար շաղկապված է պետության հետ, ցանկացած ղեկավարի համար շատ բարդ կլինի այդ տարանջատումը, մանավանդ որ դրա նախադրյալները չեն էլ երևում: Թե ինչու պիտի տարանջատվի»:

Այնպես որ, Արփի Ոսկանյանի կարծիքով՝ ԳՄ նոր ղեկավարությունը նույն ուղով շարունակելու է: Ուստի Արփի Ոսկանյանը «կոչ է» անում. «ԷՆ մարդիկ, ովքեր վարկաբեկված չեն կամ կարողացել են իրենց դիմագիծը պահել որպես ստեղծագործողներ, գրողներ և ոչ թե «մտավորականներ» պիտի կարողանան զերծ մնալ էդ քաշքշուկից, որը հիմա կսկսվի»:

Նշենք, որ գրական որոշ շրջանակների փոխանցմամբ՝ Հակոբ Մովսեսի ԳՄ նախագահ լինելուն կողմ է եղել երիտասարդ գրողների հատվածը, իսկ գրողների միության անդամ Զորի Բալայանը, երկու թեկնածուներից մեկի համար պատրաստվում է լոբբինգ անել իշխանական շրջանակներում:

Տեղեկացվում է նաև, թե ԳՄ նախագահի աթոռից հրաժարվել են նաև Լևոն Խեչոյանը և Գուրգեն Խանջյանը: Ոմանք չեն բացառում, որ ինքնաառաջադրման փորձեր անի Աբգար Ափինյանը, թեև վերջինս հեռացված է Գրողների միությունից:

Լուսանկարը՝  tesankyun.am-ի

http://www.tert.am/am/news/2013/09/11/writers-union/

«Լևոնը «դավադրաբար» լքեց մեզ, ու մենք հիմա պարտադրված հայտնվել ենք անպարկեշտ վիճակում»

Նոր-նոր ենք հողին հանձնել ՀԳՄ վարչության երկարամյա նախագահ Լևոն Անանյանին, որի աթոռի, զբաղեցրած դիրքի նկատմամբ անհանգիստ խմորումները չէին դադարում այն տասից ավելի տարիների ընթացքում, երբ գործունյա, կազմակերպչական բացառիկ որակներով օժտված այդ մարդը դեռ ողջ-առողջ էր, լի ապրելու և ստեղծագործելու նախանձելի կամքով ու հեռավոր կասկածի տեղիք էլ չէր տալիս, թե այսպես շտապ ու անակնկալ պիտի լքի իր գործն ու այս մեծ, լուսավոր աշխարհը:

Եղածը եղած է. մահվան դեմ բոլորս ենք անզոր: Բայց կարող ենք, չէ՞, մեզ կոռեկտ ու մարդավայել պահել, համբերել` մինչև մայր հողի փափուկ վերմակը կիջնի, կգրկի իր խորքում ննջող նորաթաղ հանգուցյալին:
Այնինչ, ՀԳՄ վարչության նախագահի թափուր մնացած աթոռը կրքեր է բորբոքում, ու դժվար է ակնկալել, թե դրանք կհանդարտվեն տեսանելի ապագայում: Ասենք, որ հանդարտվեն, թե ոչ այդ կրքերը, հարցի քննարկման և այնքա՜ն սպասելի լուծման ընթացակարգը մեկն է ու անփոփոխ. ՀԳՄ նոր նախագահի անունը հայտնի կդառնա միության արտահերթ համագումարի ժամանակ միայն, իսկ համագումարը կկայանա ոչ հեռու ապագայում: Թեև արդեն մամուլում ու բանավոր խոսակցություններում շրջանառվող անունների առատության մեջ դժվար է կողմնորոշվել ու կանգ առնել դրանցից որևէ մեկի վրա, այնուամենայնիվ, «Իրատես de facto»-ն իր հարցերն ուղղեց մեր ընթերցողին «…Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի հրապարակումներից լավ ծանոթ ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԻՆ, ում վարչական գործունեությունը վերջին տարիներին հիմնականում ծավալվում է ՀՀ մշակույթի նախարարության` Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն-համալիրում և միտված է մեր ժողովրդական մշակութային արժեքների պահպանմանն ու հանրահռչակմանը:

-Պարոն Հովեյան, ի թիվս այլ անունների` ՀԳՄ նախագահի թափուր աթոռի հավակնորդների մեջ շրջանառվում է նաև Ձերը: Դուք տեղյա՞կ եք այդ մասին:

-Անկախ նրանից` տեղյա՞կ եմ ես, թե՞ ոչ, բոլոր անհամբերներին ուզում եմ հորդորել, պարտադրել հարգել մեր սիրելի եղբոր` Լևոն Անանյանի հիշատակը: Այդ մահն այնքան անժամանակ էր: Լևոնը «դավադրաբար» լքեց մեզ, ու մենք հիմա պարտադրված հայտնվել ենք մի անպարկեշտ վիճակում, երբ քննարկումներ ենք ծավալում նրա լքած աթոռը ճանկելու թեմայով: Մի՞թե ժամանակն է խոսելու այդ մասին:

-Ես նույնպես կարծում եմ, որ ժամանակը չէ, բայց մամուլն ունի առաքելություն` ապահովել հանրությանն անհրաժեշտ տեղեկատվությամբ: Եվ քանի որ հանրության ուշադրությունը սևեռված է այդ խնդրի վրա, և քանի որ շրջանառվում են կոնկրետ անուններ, այդ թվում և` Ձեր, մենք ևս անդրադառնում ենք խնդրին: Այս պարագայում լռելն այլևս անիմաստ է, ջայլամային վարքի նման մի բան: Եվ ուրեմն, ի՞նչ եք ակնկալում առաջիկա համագումարից Դուք անձամբ:

-Ես ակնկալում եմ, որ մարդիկ ողջախոհ լինեն ու նախ և առաջ ճիշտ ընտրեն համագումարի անցկացման ժամկետները, անհարկի շտապողականության չդիմեն այս հարցում, որպեսզի բոլորս հասցնենք ուշքի գալ կատարվածից, իրատեսորեն վերլուծել այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի գրողների միությունը Լևոնի կորստից հետո: Գրողների միությունը մանրածախ առևտրի օբյեկտ չէ, որ նրա ղեկավարին ընտրեն ոտքի վրա, ի միջի այլոց, գլխառադ անելով: Ժամանակը շատ բան իր տեղն է դնում, ու պետք է սպասել, որ հասունանա այդ ժամանակը: Իսկ թե ում կընտրեն իմ գրչակից ընկերները նախագահի պաշտոնում, կրկնեմ, պարզ կլինի համագումարից հետո միայն:

-Դուք մոտ երկու տարի աշխատեցիք որպես ՀՀ մշակույթի նախարար: Սովորաբար բարձր պաշտոններն արագ են լքում այն անձինք, ովքեր պատրաստ չեն իրենցից ակնկալվող այլևայլ փոխզիջումների: Չե՞ք կարծում, որ այդպիսի որակներ ունեցողը, նախընտրելի թեկնածու լինելով ստեղծագործական միջավայրի համար, չի կարող համագործակցել բազմացանց այն համակարգի հետ, որին անխուսափելիորեն առնչվում է գրողների միությունը:

-Նախ մշակույթի նախարարի պաշտոնը չի կարելի համեմատել որևէ ստեղծագործական միության նախագահի դիրքի հետ: Իսկ թե որքանով եմ ես փոխզիջումային կամ սկզբունքային, նոր չէ, որ պիտի ինձ ճանաչողներն իմանան: Եվ բացի այդ, ես բոլորովին չեմ պնդում, թե պատրաստվում եմ դառնալու ՀԳՄ նախագահ: Դեռ վաղ է այդ մասին որոշակիորեն խոսել:

Ճեպազրույցը`
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ
http://www.irates.am/hy/1379021865