Tuesday, April 22, 2014

Գրողների միությունը որևէ առնչություն չունի մրցանակների հետ


Հարցազրույցներ ՀՀ ԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի հետ

- Պետական եւ նախագահի մրցանակների շնորհումն ամեն անգամ աղմուկի առիթ է դառնում: Այս տարի եւս կոնֆլիկտ եւ աղմուկ եղավ: Մեղադրանքներ հնչեցին, որ գրողների միջամտությամբ է այս կամ այն հեղինակը մրցանակ ստացել։ Որքանո՞վ է մրցանակաբաշխությունն առնչվում Գրողների միության հետ։

- Պետական մրցանակը եւ նախագահի մրցանակը Գրողների միության հետ չեն առնչվում։ Եթե դիմում են հանձնաժողովի անդամի որեւէ թեկնածու ներկայացնել, Գրողների միությունը ներկայացնում է։ Առնչվում է միայն այդքանով, բնականաբար՝ Գրողների միությունը չի ձեւավորում ոչ հանձնաժողովը, ոչ էլ հանձնաժողովի աշխատանքներն է կազմակերպում։ Ցավալի է, որ հաճախ հենց Գրողների միության նախագահի անձի հետ են կապում, թե ինքն է հերթական թեկնածուին կամ մրցանակակրին որոշում։ Գոնե իմ այս աշխատանքային շրջանում նման բանով ես չեմ զբաղվել, ոչ մասնակցել եմ այդ հանձնաժողովների աշխատանքի ընթացքին, ոչ էլ որեւէ առաջադրված գրողի հարցով լոբբինգ եմ արել կամ խոսել ինչ-որ մեկի դեմ:

- Նախագահի այս տարվա մրցանակաբաշխության հետ կապված աղմուկի վերաբերյալ ի՞նչ կասեք։ Հայտնի է, որ այս տարի ներկայացված աշխատանքներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ, եւ մրցանակը չհանձնվեց:

- Բնականաբար, որեւէ առնչություն մենք չենք ունեցել, Գրողների միությունն անգամ հանձնաժողովի անդամ չի առաջադրել։ Իսկ ես եթե որեւէ հանձնաժողովի անդամ չեմ, բարոյական չեմ համարում այդ հանձնաժողովի աշխատանքներին խառնվել։ Եթե որեւէ գրող ստացել է կամ չի ստացել, դա հանձնաժողովի քննարկման եւ քվեարկության խնդիրն է եղել։ Եվ դա էլի կապել Գրողների միության հետ, կարծում եմ՝ ծուռ հայելիների աշխարհից է։ Ասել, թե միայն բանաստեղծներն են ստանում, այդպես չէ, վերջին 10 տարվա ընթացքում մի շարք արձակագիրներ եւս ստացել են։ Եվ ՀՀ պետական, եւ նախագահի մրցանակներ են ստացել Ռուբեն Հովսեփյանը, Վահագն Գրիգորյանը, Վահագն Մուղնեցյանը, նրանցից առաջ՝ Աղասի Այվազյանը եւ ուրիշներ։ Որեւէ խտրականություն չի եղել, դա հանձնաժողովների խնդիրն է, իրենք քննարկում, իրենք էլ քվեարկում են։

- Բայց, այդուհանդերձ, ամեն տարի աղմուկ է բարձրանում, անգամ մամուլով են դժգոհում անարդար կամ կողմնակալ վերաբերմունքի համար։ Ո՞րն է պատճառը։

- Մեր գրողներից շատերը մտածում են, որ իրենց գործն է արժանի, դա իրենց ճաշակին, խղճին թող մնա, ես չէ, որ պիտի ասեմ, թե ով ինչպես մտածի, ամեն գրող էլ իր մասին ունի կարծիք, գուցե մեկինը չափազանցված համարենք, մյուսինը՝ խիստ օբյեկտիվ, դա գրողի խնդիրն է։ Համենայնդեպս, ես մի բան չեմ կարող լրջորեն ընդունել, երբ ամեն անգամ մեկը ստանում է, մի 8-9 թեկնածու բողոքում են, թե ինչու նա, եթե չստացողներից որեւէ մեկն էլ ստանար, մյուսները նորից դժգոհելու էին։ Որքան հասկանում եմ, սա լուրջ չէ անվանի գրողի համար, բոլորն էլ պիտի հակված լինեն հարգելու միմյանց գործը, եւ իրենց համարելով ամենաարժանավորը՝ մեղադրել մյուսի գործը, ճիշտ չեմ համարում։ Հանձնաժողով կա՝ թող քննարկի։

- Մրցանակաբաշխությանը մասնակցող գրողները դժգոհում են, որ հանձնաժողովի անդամները ներկայացված գրքերն անգամ չեն կարդում։ Հնարավոր չի՞ մտահոգ ու բարեխիղճ մարդկանցից հանձնաժողով կազմել։

- Թե ինչու չեն կարդում, այ, դրա պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ ոչ հանձնաժողովի անդամ եմ, ոչ էլ կարող եմ նրանց փոխարեն ասել, եւ այդ ասողները չգիտեմ, թե ինչի վրա են հիմնվում։ Իսկ պետական եւ նախագահի մրցանակների հանձնաժողովների կազմավորման գործում մենք որեւէ գործ չունենք, որպես Գրողների միություն։

- Մի տխուր հանգամանքի էլ եմ ուզում անդրադառնալ. նաեւ շոշափվում է, թե Հովհաննես Գրիգորյանի հիվանդությունը դեր է խաղացել նրա պետական մրցանակ ստանալու որոշման մեջ, բացի այդ, որ Լեւոն Անանյանը նախապես որոշում էր, թե ով է մրցանակ ստանալու։

- Եվ ուզում եմ ավելացնել, թե ասելը, որ Հովհաննես Գրիգորյանին հիվանդության համար են մրցանակ տվել, դա անարգանք է նրա հիշատակի նկատմամբ։ Ամեն գրող թող իր մեջ մտածի՝ արդյո՞ք ինքն ավելի շատ գործ է արել մեր գրականության համար, գեղարվեստական մտքի զարգացման համար, քան Հովհաննես Գրիգորյանը, քան այդ սերնդի որոշակի գրողներ։ Բանաստեղծ են, թե արձակագիր, նշանակություն չունի, այդ մարդիկ 40-50 տարի մասնակցել են գրական ընթացքին, եւ այդ մարդկանց մրցանակ տալը ես խիստ դրական եմ համարում, ճիշտ եմ համարում։ Այդտեղ հիվանդությունը դեր չի խաղացել, Հովհաննես Գրիգորյանի գրականությունն արժանի էր պետական մրցանակի, եւ ստացել է։ Իսկ թե Լեւոն Անանյանը մեր գրողներից մեկին նախապես ասել է, թե Միլիտոնյանին ենք տալիս մրցանակը, ես դա բացառում եմ, որովհետեւ ես Անանյանին չէի ասել, որ իմ գիրքը ներկայացրել եմ, եւ նա իմ անունը չէր կարող ասել։ Անանյանը պետական մրցանակի հանձնաժողովի նախագահն էր, բայց ես չեմ կարծում, որ նախագահն է միանձնյա որոշում, փակ-գաղտնի քվեարկություն է, եւ ամեն մարդ իր ճաշակի եւ ընտրության տերն է։

 Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հարյուրամյակ կնշվի, պետբյուջեից լիքը փող դուրս կգրեն, հերթապահ որմազդները կկախվեն, հերթական միջոցառումները կարվեն, կմոռացվի-կգնա…


Հարցազրույց հայագետ, պատմաբան, կինոգետ, բանասիրական. գիտությունների. թեկնածու Արծվի Բախչինյանի հետ:

-Ի՞նչ խնդիրներ է լուծում գրականությունը, մարդկության կենսագրության մեջ և ի՞նչ խնդիրներ է լուծում հիմա:
-Գրականությունը դարեր շարունակ եղել է ժամանակների և սերունդների միջև մտավոր կապն իրականացնող ու պահպանող մեծագույն միջոցը։ Այն մշտապես եղել է բազմագործառույթ՝ մարդկության հիշողությունը, պատմությունը հավերժացնելուց մինչև որպես ժամանցի միջոց ծառայելը։ Այսօր էլ այն լուծում է իր սկզբնավորման ժամանակաշրջանից առկա նույն խնդիրները, մեկի համար լինելով աշխարհաճանաչողության խոր աղբյուր, ոմանց համար՝ բիզնեսի տեսակ, առանձին ազգերի համար՝ սեփական ինքնության պահպանման հզոր զենք կամ աշխարհին ներկայանալու այցետոմս։ Իսկ առհասարակ, գրականությունը կարելի է սահմանել որպես լեզվի, որպես հանրային-մշակութային մեծ արժեքի, լավագույն դրսևորումը։ Մեկ դարից ավելի է, ինչ գրականությունն ունեցավ մրցակից՝ ի դեմս կինոյի, սակայն քանի կա մարդկությունը, նրա այդ երկու հանճարեղ մշակութային հայտնագործություններն էլ զուգահեռաբար, միմյանց լրացնելով, շարունակելու են իրենց առաքելությունը։

-Տարբերվո՞ւմ է ժամանակակից հայ գրականությունը համաշխարհային արդի գրականությունից: Եվ հատկապես ինչո՞վ է պայմանավորված այդ տարբերության առկայությունը:
-Չի կարող չտարբերվել, դեռ այդքան չենք համաշխարհայնացվել։ Իսկ այդ տարբերությունը թերևս պայմանավորված է մեր ազգի անցած ուղիով ու փորձառությամբ, մեր լեզվի, գրականության առանձնահատկություններով… լուրջ տեսական հարց է, որ գիտական հիմնավորում և վերլուծություն է պահանջում։

-Մոտենում է ապրիլի 24-ը… չե՞ս կարծում, որ ամեն տարի, նվնվում ենք, փաստավավերագրական ֆիլմեր ենք ցուցադրում, բողոքում ենք, սպասում, թե այդ օրը ո՛ր երկրի նախագահը ցեղասպանություն բառը կարտասանի… Այսպես մինչև ե՞րբ:
-Մինչև որ կունենանք հստակ պետական քաղաքականություն ցեղասպանության խնդրի շուրջ։ Երբ կհասկանանք, որ հարցը վաղուց ճանաչել տալու մակարդակից վեր է բարձրացել, որ արդեն պետք է խոսել միջազգային իրավունքի հարթությունից։ Մեր ներկա իշխանությունները պիոներ-պալատի մակարդակի միջոցառումներից մի աստիճան չեն բարձրանում ոչ միայն ցեղասպանության, այլև շատ ուրիշ լուրջ խնդիրների առումով։ Հարյուրամյակ կնշվի, պետբյուջեից լիքը փող դուրս կգրեն, հերթապահ որմազդները կկախվեն, հերթական միջոցառումները կարվեն, կմոռացվի-կգնա, մինչդեռ պետական լուրջ քայլեր, ինչպես միշտ, չեն կատարվի։ Այսինքն, ումի՞ց սպասել պետական լուրջ քայլեր, եթե այսօր պետությունն ինքը դարձել է հեղհեղուկ մի հասկացություն…

-Կա՞ թեմա, որը կարծում ես, որ այսօր շատ կարևոր է, մինչդեռ այդ թեմաների մասին մարդիկ չեն խոսում… ֆիլմեր չեն նկարահանվում…
-Իհարկե, շատ ցանկալի կլիներ ավելի բացեիբաց խոսել մեր սոցիալական, ընտանեկան կյանքի մի շարք արատավոր կողմերի, հայ կնոջ իրական վիճակի մասին, մեզանում արմատավորված փարիեսցիության, կեղծ արժեքների մասին, որոնցից վայրկյան առաջ ազատվելը կնպաստեր մեր հանրության առողջացմանը։ Այս հարցերից մի քանիսին անդրադարձել եմ վերջերս հրատարակած իմ պատմվածքների գրքում։

-Վերջին ֆիլմը, որ նայել ես ու հավանել, ավելին՝ կինոգետի աչքերով…
-Որպես օրենք՝ ավելի շատ նայում եմ ու չեմ հավանում։ Մեծ սպասումներ չունեի Արոնոֆսկու «Նոյից» (թեև նա հետաքրքրական ռեժիսոր է)։ Վերջին հավանածս կինոնկարներն են Միխայել Հանեկեի «Սերը» և Ան Լիի «Պիի կյանքը»։ Վերջինը չափազանց ուշագրավ էր ոչ միայն իր ուղերձով և պատմությանը շնչակտուր հետևել տալու վարպետությամբ, այլև տեխնիկայի, տվյալ դեպքում՝ համակարգչային գրաֆիկայի գերազանց գործածությամբ, որ լիովին մոռացնել է տալիս գեղարվեստական պայմանականությունը։

-Ո՞վ Է Արծվի Բախչինյանը… նման հարց տվե՞լ ես երբևէ, ինքդ քեզ…
-Շատ հաճախ տալիս եմ այդ հարցը։ Ո՞վ է Ա. Բ.-ն… իր ծնողների զավակը, իր բալիկների հայրը, որ շատ է սիրում պատմաբանասիրական հետազոտություններ, կինո, բալետ, խոհանոցային գործեր… Իսկ եթե լուրջ՝ իր երկրին, իր մշակույթին կառչած, միաժամանակ ողջ աշխարհի հետ բաց շփվող մի տեսակ, որը մշտապես տառապում է իր ժողովրդի ցավերով ու երկրում տիրող անօրինությունից ու փորձում է իր ամենօրյա գործերով իր լուման ներդնել մեր համընդհանուր գործում։ Լավ ձևակերպեցի՞…

Հարցազրույցը՝ Արթուր Հայրապետյանի

Thursday, April 17, 2014

ՀԳՄ-ն դիրքորոշում է արտահայտում՝ առանց դիրքորոշում ունենալու


ՀԳՄ-ն դիրքորոշում է արտահայտում՝ առանց դիրքորոշում ունենալու
Գրականության ոլորտում նախագահի մրցանակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մոտ 20 օր առաջ գրել էինք, մասնավորապես այն, որ 2-րդ փուլ անցած 3 գրքերից Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուն կրկնության պատճառով քվեարկությունից դուրս էր թողնվել (ժողովածուում նախկինում տպագրված գործեր  կային ընդգրկված), եւ ընտրությունը կատարվել էր 2 գրքերի՝  Արեւշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» եւ Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» գործերի միջեւ, որի արդյունքում հանձնաժողովի 7 անդամներից 2-ն իրենց ձայնը տվել էին Հովհաննես Երանյանի, 3-ը՝ Արեւշատ Ավագյանի գրքին, իսկ հանձնաժողովի 2 անդամ ընդհանրապես դեմ էին քվեարկել 2 գրքին էլ։ Քանի որ Արեւշատ Ավագյանի գիրքը ստացել էր ձայների մեծամասնությունը, բայց ոչ կեսը, ապա հանձնաժողովը ՀՀ նախագահին ուղղված դիմում-առաջարկով էր հանդես եկել: Թե ինչպիսին էր եղել այդ առաջարկության բովանդակությունը՝ տալ մրցանակ այս տարի գրականության ոլորտում, թե ոչ, հանձնաժողովի նախագահ Ազատ Եղիազարյանը դեռ օրեր առաջ չասաց՝ նշելով, որ նախագահի հաստատումից հետո միայն կասվի դրա մասին (նախագահի մրցանակն աղմուկ հանեց նաեւ նրանով, որ նախօրոք որոշված էր այն տալ Ղուկաս Սիրունյանի գրքին, բայց քանի որ գիրքը պայքարից դուրս մնաց, ապա հանձնաժողովի անդամները դրսեւորեցին դասական չուզողություն՝ 2 գրքերից եւ ոչ մեկին չտալով առավելագույն ձայն)։

Պարզվում է՝ օրերս ՀԳՄ նիստի ժամանակ Գրողների միության նախագահությունը նամակ է գրել նախագահին, որ, հաշվի առնելով գրականության շահերը, նախագահի մրցանակն այս տարի տրվի այն գրքին, որն ստացել է ձայների մեծամասնությունը, այսինքն՝ Արեւշատ Ավագյանի գրքին։ Ի դեպ, նախագահությունը երկար մտածել է՝ վերը նշված հարցը ձեւակերպել որպես խնդրա՞նք, թե՞ առաջարկ, վերջը կանգ են առել առաջարկի վրա։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանից փորձեցինք ավելին իմանալ նամակի, դրա բովանդակության եւ ընդհանրապես ՀԳՄ դիրքորոշման մասին, բայց նա հարցը լսելուն պես ասաց, որ շատ զբաղված է եւ «ոտի վրա» չի կարող պատասխանել հարցերին։ Արված դիտարկմանը, թե խուսափո՞ւմ է պատասխանել նամակի հետ կապված հարցին, պահանջեց հարգել իր զբաղվածությունն ու ժամանակը։ Միլիտոնյանը հրաժարվեց անգամ մի նախադասությամբ մեկնաբանել նախագահին ուղղված իրենց նամակը։ Փաստորեն, ՀԳՄ-ն ուզում է դիրքորոշում արտահայտել՝ առանց դիրքորոշում ունենալու, ավելին՝ խուսափելով նույնիսկ դրա մասին բարձրաձայնելուց։

Մեզ հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Ազատ Եղիազարյանը նշեց, որ դեռ տեղյակ չէ՝ իրենց որոշումը նախագահը հաստատե՞լ է, թե՞ ոչ, միայն նշեց, որ չհաստատելու դեպքում բոլորս կիմանայինք՝ մեծ աղմուկ կլիներ։ Եղիազարյանը տեղյակ չէր նաեւ նախագահին ուղարկած ՀԳՄ նամակի մասին, բայց, ըստ նրա, ցանկացած դեպքում դա նախագահի որոշելիքն է: Նա միաժամանակ ակնարկեց, որ կասկածում է, թե նախագահը կարող է հանձնաժողովի որոշման հետ չհամաձայնել. «Որովհետեւ մեր որոշումը փոխել չի լինի, նա կարող է իրավաբանական այլ ձեւակերպում տալ, որ այս մարդն ստացել է ձայների հարաբերական մեծամասնությունը, եւ շնորհի այդ մարդուն»։ Այն դիտարկմանը, թե ստացվում է, որ ՀԳՄ-ն նախագահին ուղղված իր նամակով, փաստորեն, կասկածի տակ է դնում հանձնաժողովի որոշման արդարացիությունը, ապա Ազատ Եղիազարյանն այդպես չի մտածում. «Հիմա գրողներ են, որոշել են այդպես անել՝ թող անեն, ես հանձնաժողովի դեմ ուղղված բան չեմ տեսնում»։

Հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, հանձնաժողովի որոշումը հօգուտ գրողների՞ է, թե՞ ձեռնպահ դիրքորոշում են հանդես բերել, ըստ հանձնաժողովի նախագահի, իրենք միանշանակ պաշտպանել են գրականության շահերը։ Նշենք նաեւ, որ «գրականության շահը» նախագահի մրցանակի դեպքում նաեւ նյութական բնույթ է կրում, այն է՝ 10 հազար դոլարի չափով մրցանակային ֆոնդ։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Thursday, March 20, 2014

Նախագահի մրցանակն անտե՞ր մնաց


Մեր երկրում տեղի ունեցող ցանկացած մրցանակաբաշխություն, առավել եւս, եթե այն պետական մակարդակով է անցկացվում, հայտնվում է ուշադրության կենտրոնում, ու միանգամայն հասկանալի է, թե ինչու. նախ սիրում ենք մրցանակներ, պատվոգրեր, մեդալներ, հետո էլ ՀՀ պետական եւ ՀՀ նախագահի մրցանակների դեպքում առկա է 5 մլն դրամի եւ 10 հազար դոլարի չափով մրցանակային ֆոնդ, ինչը պակաս դերակատարում չի ունենում, եթե չասենք՝ գլխավոր։ ՀՀ նախագահի մրցանակը, որ շնորհվում է ամեն տարի, 7 բնագավառներում, այս տարի գրականության մասով հայտնվել է ուշադրության կենտրոնում։

Իսկ խնդիրն այն է, որ գրականության բնագավառում մրցույթի ընդունված աշխատանքների մեջ ներկայացված է բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուն, որը, պարզվում է, հեղինակի «Վերջին խոսքի պես» գրքի վերահրատարակությունն է՝ մի քանի համալրված գործերով։ Կրկնությունը, որոշ խոսակցությունների համաձայն, կազմում է գրքի մոտ 70 տոկոսը։ Մինչդեռ, ըստ կանոնակարգի, «եթե աշխատանքը կամ նրա մի մասն ընդգրկված է եղել նախորդ տարիներին ներկայացված աշխատանքում, ապա այն չի կարող մասնակցել մրցույթին»: Այսինքն՝ անգամ մի քանի գործի ներառումը բացառվում է, ինչը, փաստորեն, հանձնաժողովը կամ չի նկատել, կամ չնկատելու է տվել։ Իսկ նախագահի մրցանակին, բացի Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուից, հավակնում է եւս 8 գործ՝ Արեւշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գիրքը, Սմբատ Արունյանի (Մուրադյան)` «Մեգ» վիպակը եւ պատմվածքները, Հովհաննես Երանյանի` «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքների ժողովածուն, որը ներկայացված է «Անտարես մեդիա հոլդինգի» կողմից, Անահիտ Թոփչյանի «Տագնապ» վեպը, Բակուրի (Բորիս Կարապետյան) «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպը, Սամվել Մարգարյանի «Սրբազան լեռնաշխարհ» բանաստեղծությունների ժողովածուն, Շանթ Մկրտչյանի «Արտացոլանքը հեռու, բազմադեմ» բանաստեղծությունների ժողովածուն եւ Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արեւը» վեպը։

Նախօրեին մենք կապվեցինք հանձնաժողովի նախագահ գրականագետ Ազատ Եղիազարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ է այդ խոսակցություններին, մեկ անգամ արդեն ստուգել, համեմատել են, բայց, ըստ երեւույթին, նոր ստուգման կարիք կա: Ապա խնդրեց սպասել մեկ օր, որովհետեւ հաջորդ օրը հանձնաժողովը քննարկելու է այդ հարցը եւ վերջնական որոշում կկայացնի՝ գիրքը հավակնո՞ւմ է մրցանակի, թե՞ դուրս է գալիս քվեարկությունից։

«Ընդունման ժամանակ որեւէ մեկը պարտավոր չէ դնել, մեկ-մեկ ստուգել, հեղինակը գիտի, որ ինքը պետք է ներկայացնի նոր ժողովածու, իսկ գործերն ընդունում է համահայկական հիմնադրամի ներկայացուցիչը»,-ասաց նա, ապա հավելեց, որ դա, հավանաբար, հեղինակի անտեղյակության արդյունքն է։

Ի վերջո, երեկ երեկոյան տեղի ունեցած հանձնաժողովի նիստը որոշել է, որ կանոնակարգային խախտում կա, բայց դա, ինչպես ընդգծեց Եղիազարյանը, գրքի որակի հետ կապ չունի. «Բնականաբար, պետական պրոցեսից Ղուկաս Սիրունյանի գիրքը դուրս է մնում, այսինքն՝ որոշումն այդպես էլ պիտի լիներ, ուրիշ ելք չկար»,-նշեց Եղիազարյանը։ Ինչ վերաբերում է կրկնությունների չափին, ապա, ըստ հանձնաժողովի նախագահի, դրանք բավականին շատ են կազմում, հիշելով, որ նման նախադեպ նախկինում էլի եղել է, երբ 2 գիրք կրկնության համար չի ընդունվել ու դուրս է մնացել մրցույթից։

Սակայն, ինչպես մեզ հայտնի դարձավ օրվա վերջում, նիստի ժամանակ հանձնաժողովի անդամները ոչ միայն քննարկել, այլ նաեւ քվեարկել են 2-րդ փուլ անցած 3 գրքերի համար, ու քանի որ այդ 3-ի մեջ է եղել նաեւ Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուն, որը հանձնաժողովը կրկնության պատճառով դուրս է թողել հետագա պայքարից, ապա մրցույթը ծավալվել է 2 գրքերի շուրջ՝ Արեւշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գրքի եւ Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքների ժողովածուի միջեւ։ Ավելին, քանի որ ձայները հետաքրքիր կերպով են բաշխվել, հանձնաժողովը որոշել է այս տարի մրցանակ չտալ գրականության ոլորտում։ Թե ինչքանով է այդ որոշումը հավաստի, նորից փորձեցինք ճշտել հանձնաժողովի նախագահ Ազատ Եղիազարյանից, ով, սակայն, նշեց, որ, էթիկայից ելնելով, չի կարող պատասխանել, ընդգծելով միայն, որ երկար ու լարված նիստ են ունեցել, եւ իրենց որոշումն ընդամենը առաջարկություն է, որը պետք է հաստատի նախագահը։ Դրանից հետո նոր միայն կհայտարարվի իրենց որոշման մասին։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Monday, March 17, 2014

«Լեն օրերից մեկը»


«Ինչ-որ տեղ կարդացի, որ «Երևանյան բեսթսելեր» նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Հայաստանի գրողների միության անդամ, երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը:
Ամենաընթերցվող գրքերի տասնյակում այդպես էլ չգտա վերջին մի քանի տարում ՀՀ նախագահի մրցանակ ստացած որևէ հեղինակի անուն։ Հաստատ նրանք չկան նաև 100 կամ 200 ամենաընթերցվող հեղինակների մեջ:

Ի դեպ, տարակուսանք առաջացրեց Լևոն Խեչոյանի անվանը նախորդող «Հայաստանի գրողների միության անդամ» կապակցությունը։ Ո՞ւմ էր պետք այդ անհեթեթ կարկատանը։ Որ ի՞նչ։ Դրանով տաղանդավոր գրողի՞ն են ցանկացել բարձրացնել, թե՞ գոյություն քարշ տվող ԳՄ կառույցն են փորձել բարձրացնել, դիպցնել գրողի կոշիկներին։ Այդ միության անդամ գրող կոչվող բազմաթիվ մարդիկ նույն հաջողությամբ կարող էին կթվոր աշխատել անասնաֆերմայում կամ լինել ՀՀ կառավարության անդամ»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանը:

Միանգամայն ճիշտ է, Վարդգեսը:
Բայց Վարդգեսը մի քիչ «սեղմած» է ներկայացրել ժամանակահատվածը: Ամենաընթերցվող գրքերի տասնյակում կամ նույնիսկ հարյուրակում չենք կարող գտնել ոչ թե վերջին մի քանի տարում, այլ 2001-ից ՀՀ Նախագահի մրցանակ ստացած հեղինակների անունները: Ավելին՝ չեն ընթերցում նաեւ 1999-ից ՀՀ պետական մրցանակ ստացած գրողների գրքերը:

Ընդհանրապես, եթե թեթեւակի աչքի անցկացնենք ՀԳՄ բազմաթիվ անդամների կենսագրությունները, նրանցից յուրաքանչյուրը առնվազն 20 մրցանակ ունի եւ նաեւ ՀՀ մշակույթի կամ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումներ:

Մրցանակները կողոպտել են աջ ու ձախ, շարել իրենց գրասեղաններին կամ կախել տան պատի ամենաերեւացող տեղում, սակայն նրանց գրքերի մասին գիտեն միայն գրչընկերները եւ ծանոթ-բարեկամները: Այս շրջանակից դուրս նրանք ընթերցողներ չունեն կամ գրեթե չունեն:

Ասում ենք՝ գիտեն, քանի որ այդ գրքերի շնորհանդեսների ժամանակ գրչընկերներից շատերը նոր հրատարակության մասին ճառ ու կենաց են ասում՝ գիրքը չկարդացած:

Այդ բազմակի մրցանակակիր գրողների կենսագրություններում նաեւ նշված են, որ նրանց գրքերը թարգմանվել են առնվազն 10 լեզուներով՝ ռուսերեն, անգլերենից մինչեւ ղրղզերեն ու ճապոներեն:
Դե, մի քիչ դժվար է պատկերացնել, որ ասենք ռուս, անգլիացի կամ ճապոնացի ընթերցողները ոչ միայն թերթել, այլ նույնիսկ տեսել են այդ գրքերը:

Ընդ որում, այդ մրցանակակիր ու կոչումնավոր գրողներից շատերը գիտության դոկտորներ ու պրոֆեսորներ են: Այսինքն ունեն ուսանողական լսարան եւ անգամ իրենց գրքերը վաճառում, հազվադեպ՝ նվիրում են ուսանողներին (դասախոս են, ո՞նց կարող է ուսանողը հրաժարվել ու չգնել դրանք):

Անգամ այս պարագայում նրանց ընթերցողների թիվը շատ չնչին է:
Հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է այդ միությունների բանը ու գործը, որ մինչեւ հիմա անգամ չեն կարողացել այնպիսի գրական քաղաքականություն իրականացնել, ինչի արդյունքում ամեն տարի հրատարակվող մոտ 100 անուն գրականությունը պահեստներում կամ գրողների տներում չփտի: Այլ արժանանա ընթերցողների ուշադրությանը, վերջիններիս շրջանում հետաքրքրություն առաջանա ձեռք բերել եւ կարդալ գոնե մրցանակակիրների ստեղծագործությունները:

Պարզ է, գրաքննադատությունն էլ ինչպես ասում են «մի օրի չի», բայց եթե նույնիսկ մրցանակակիր հեղինակների գրքերը գրախոսվում են, ապա դա էլ եւս «եղանակ չի ստեղծում» այն իմաստով, որ մարդիկ վազեն գրախանութ եւ գնեն դրանք:

Ինչեւէ, ծանր, շատ ծանր է հայ գրողների մեծ մասի վիճակը:
Ամեն ինչ ունեն, բացի ընթերցողից:

Կիմա Եղիազարյան
7or.am- Լուրեր Հայաստանից

Tuesday, March 4, 2014

Ստիպված եղա


Տհաճություն է պատճառում այս խնդրին անդրադառնալը, սակայն Էդուարդ Միլիտոնյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցն ստիպեց։ Նա նրբորեն հարցն այնպես է ներկայացնում, իբր մրցանակի, փողի կռիվ է։
Այնինչ կռիվը նախեւառաջ գրականության համար է։ Պարոն Միլիտոնյան, խնդիրն այն չէ, թե այս կամ այն հավակնորդը մրցանակ չստացավ եւ չարախոսում է ստացողին, թե ինչ-որ մեկը հաճախ է ստացել, իսկ, ահա, Դուք արդեն չորս տարի է` չիք:

Թողնենք հանրահաշիվը, մի բան հաստատ է` ով լավագույն գիրքն է գրել, նա էլ ստանալու է, թեկուզեւ` ամեն տարի, հացի հերթ չէ։ Եթե մրցանակն ստանար, ասենք, Հրաչյա Սարիբեկյանը կամ Արեւշատ Ավագյանը, սիրով կշնորհավորեի մրցանակակրին։ Սակայն մրցանակն ստացել է (իրականում` զավթել է) Հայաստանի գրողների միության նախագահը… Ձեր գրքի արժանիքներին կամ անարժանիքներին չեմ ցանկանում դիպչել, նույնիսկ եթե աշխարհի լավագույն գիրքն էլ լիներ` Դուք այն չպետք է ներկայացնեիք, չէ, դրա օրինական իրավունքն ունեիք, իհարկե, բայց խոսքը բարոյական իրավունքի մասին է (նախորդը, օրինակ, տասներկու տարի նախագահեց, սակայն չեմ հիշում, թե իր գրքերը ներկայացրած լիներ որեւէ մրցանակի, նախկին նախագահներն էլ, չեմ հիշում, թե իրենց նախագահած շրջանում իրենց գրքերը ներկայացրած լինեն որեւէ մրցանակաբաշխության), նախ, որովհետեւ հանձնաժողովի բոլոր անդամները Ձեր ղեկավարած կազմակերպության անդամներն են, բնականաբար` կախվածություն ունեն (հազար ու մի մանր ու մեծ խնդիրներ կան, որոնք ես, Հրաչյան կամ մյուսները չէինք կարողանալու լուծել), նաեւ` Դուք մնում եք Գրահրատարակչական գործակալության տնօրեն (թերթ ու գիրք տպագրելու խնդիրներ կան, որ ես, Արեւշատը կամ մյուսները չէինք կարողանալու լուծել): Սա էլ երկրորդ կախվածությունը, էլի ասեմ` հանձնաժողովում էին Ձեր խնամին, մոտ ընկերները, եթե նրանք նույնիսկ գերանաչառ էլ լինեին, էլի բարոյականությունը պահանջում էր, որ կամ Դուք հանեիք Ձեր գիրքը, կամ նրանք դուրս գային հանձնաժողովի կազմից։ Սակայն նրանք անաչառ չեղան, միահամուռ Ձեզ տվեցին ամենաբարձր` տասը միավոր (միայն երկու ջահել գրականագետներն էին, որ համարձակվեցին ընդամենը վեց տալ, ինչի համար էլ նրանց դրել եք կրակահերթի տակ, իբր Ձեր դեմ ի սկզբանե հաշիվներ են ունեցել, այնինչ նրանք Ձեր իսկական բարեկամներն են, ուզում էին փրկել Ձեզ թուքումուրից):

Արդյունքում ստացվեց ծիծաղելի առավելություն` տասը միավորից ավելի երկրորդ եւ երրորդ տեղի գրքերից` վեպեր, որոնք մշտապես ամենշաբաթյա բեստսելլերների մեջ են, Ձեր ընկերները վախից, ինչ է թե հանկարծ չստացվի, որ չափն անցել են, պարո՛ն նախագահ։ Ավելի խորքը գնանք, խնդիրն այն է, որ Դուք եւ Ձեր շուրջ հավաքված` իրեն «գրական էլիտա» համարող խումբը գրական մրցանակները կարուսելային պտույտի մեջ է դրել, զուր չէ, որ նրանց մեծամասնությունն արդեն ունի մեծ մրցանակների ամբողջ փաթեթը, ահա, հիմա Դուք էլ ունեցաք, շուտով մյուսներն էլ կլրացնեն, ի՞նչ է եղել, հանձնաժողովները` Ձերը, լծակները` Ձերը։

Ավելի խորքը գնանք, ո՞նց է ստացվում, որ նույն մարդիկ հավերժորեն պտտվում են հանձնաժողովներում (անուններ չտամ, լավ գիտեք), ոմանք նույնիսկ հաջողացնում են երեք մեծ մրցանակաբաշխությունների հանձնաժողովներին անդամակցել, կամ էլ՝ ի՞նչ են անում հայ ժամանակակից գրականությունը գնահատող հանձնաժողովներում, ասենք, Նատալյա Գոնչարը կամ Արամ Գրիգորյանը, երբ նրանց աշխատանքային լեզուն ռուսերենն է, եւ չեմ հիշում, թե երբեւէ կապ են ունեցել ժամանակակից հայ գրականության հետ, բնականաբար` ներկայացված գրքերը նրանք չեն կարդալու։ Ի դեպ, հանձնաժողովների անդամներից շատերն են, որ չեն կարդում գրքերը, որպես փաստ` վերադարձված գրքերի կպած էջերը։ Է հա, ինչո՞ւ կարդան, երբ մրցանակը գրքին չեն տալու, այլ՝ անձին։ Սա էլ` հանձնաժողովային կարուսելը, «էլիտան» ստեղծում է հանձնաժողով կամ դրա կորիզը, որը հետո պիտի կատարի պատվերը։ Այսպիսով, Ավիկն ընկերների հետ նախագահի մրցանակը հաջողացնում է Հենրիկին, հետո նույն Ավիկը Հենրիկի ու մյուս ընկերների հետ արդեն պետական մրցանակը հաջողացնում է Էդիկին, հաջորդն էլ Էդիկն իր հին ընկերների հետ կհաջողացնի ցուցակով հաջորդին…

Իհարկե, կարելի է թքել մրցանակների վրա, մրցանակների համար չէ, որ գրում ենք (գոնե` ես)։ Սակայն կա գրականության խնդիրը, մրցանակներն ստեղծված են գրականությանը ծառայելու համար, լավագույն գրականությունը մատնանշելու համար, որպեսզի հանրությանն ասվի, թե, ահա՛, տե՛ս, գրականությունը կա, չի մեռնում, ահա, լավագույն գրքերն արժեւորել ենք, ներկայացրել քեզ, կարդա՛, խորհուրդ ենք տալիս…

Կարդում է, եւ ի՞նչ… Նա հո չգիտի՞ գրական էլիտայի խաղերի մասին, կարդում է եւ ընդամենը հաստատում ընդունված կարծիքը` չունենք, չկա։ Մեծագույն վնասը Դուք ինձ կամ մյուս հավակնորդներին չէ, որ պատճառում եք, այլ գրականությանը, գրականության նկատմամբ հավատին։ Մի խոսքով, հարգելի ՀԳՄ նախագահ եւ «գրական էլիտա», գրականությունը կերակրաման չէ, ոչ էլ թքաման, եթե այն Ձեզնով ավարտված տեսնելու մեծամտությունը կամ հոգնածությունն ունեք, հանգիստ թողեք, թողեք նրանց, ովքեր գրականությունն իսկապես սիրում են, ամեն ինչից բարձր են դասում, տեսնում են նրա ապագան, եռանդ ունեն, նաեւ զգում են ժամանակի զարկերակը, այդպիսիք, որքան էլ չցանկանաք տեսնել, կա՛ն, եկել են, մի փնովեք նրանց` հենց միայն Ձեր մանրախնդիր շահերը պաշտպանած լինելու համար։

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Tuesday, February 25, 2014

Բանաստեղծ Արամը և ԼՂՀ ԳՄ Կաշչեյ Վարդան Հակոբյանը


Արամը իմ մանկության տարիների ընկերներից է։ Ինձնից 5 տարով մեծ է։ Դպրոցական տարիներից ոտանավորներ էր գրում և մեզ համար կարդում։ Բոլորս նրան «գրող Արամ» էինք ասում, բայց նա գրող չդարձավ, այլ ինժեներ, չնայած սիրում էր երբեմն ոտանավորներ հնարել։ Հետո ամուսնացավ, երեխաներ ունեցավ։ Ավագ որդին՝ Կարենը, հորն էր քաշել. 6-7 տարեկանից ոտանավորներ էր հորինում։

Մի օր Արամն ասաց որդուն.
- Ինչպես տեսնում եմ, ոտանավորներդ պիտի ուղարկեմ Վարդան Հակոբյանին։

- Դա ո՞վ է, պապա։

- Մեր Ղարաբաղի գրողների միության ղեկավարն է,- տղային փորձեց բացատրել Արամը։- Երբ դու ծնվել ես, մի քանի օր հետո լսեցի, որ Կևորկովը նրան նշանակել է մեր գրողների նաչալնիկ։

Արամը ժամանակ չուներ որդու բանաստեղծություններով զբաղվելու, արցախյան շարժման երկրորդ տարին էր, իսկ նա իրենց ֆիդայական ջոկատի հետ ավելի շատ շրջաններում էր լինում, քան տանը։ Բացի դրանից, այդ տարիներին Վարդան Հոկոբյանն էլ Արցախում չէր, Երևանում էր «Ղարաբաղի դիրքերը պաշտպանում»։

Կարենը զինվորական ծառայության տարիներին շարունակում էր բանաստեղծություններ գրել՝ հայրենասիրական, սիրային։ Երբ ծառայությունը վերջացրեց, Արամն ասաց.
- Կարգին էլ գրում ես, եկ բանաստեղծություններդ ուղարկենք Վարդան Հակոբյանին։

- Դա ո՞վ է,- հարցրեց որդին։

- Չե՞ս հիշում, երբ դու ծնվել ես, նույն տարում Կևորկովը նրան Ղարաբաղի գրողների նախագահ է նշանակել։

Կարենը նույնպես բանաստեղծ չդարձավ, բայց սիրած աղջկան մի տարում այնքան ոտանավորներ նվիրեց, որ նա ամուսնացավ հետը։ Մի տարի հետո Կարենի ընտանիքում տղա ծնվեց։ Պապի անունով Արամ կոչեցին նրան։ Փոքրիկ Արամն էլ էր պապիկի և հոր պես դեռ տառերը լրիվ չսովորած, ոտանավորներ հնարում։

Երբ 7 տարեկան էր և իր ոտանավորներն արտասանում էր Արամ պապիկի համար, վերջինս ասաց.
- Կարեն, տղադ կարգին բանաստեղծ է, գուցե ոտանավորներից ուղարկենք Վարդան Հակոբյանին՝ իր թերթում տպի։

- Պապի, ո՞վ է դա,- հարցրեց փոքրիկը։

- Երբ հայրդ ծնվել է, նույն տարում Կևորկովը նրան դարձրել է Ղարաբաղի գրողների...

- Տղաս, մի խոսքով դա մեր գրողների Կաշչեյ Բեսսմերտնին է,- հորն ընդհատեց Կարենը,- ես ու նրա աթոռը նույն տարիքին ենք՝ 30 տարեկան...

Այնպիսի ծիծաղ բարձրացավ, որ հարևաններն էլ էին նրանց ձայնը լսում։ Ամիսներ շարունակ նրանք դա անեկդոտի պես պատմում էին իրենց ընկերներին ու բարեկամներին և ուրախ քրքջում։

ՎԱՀՐԱՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
Աղբյուրը՝