Friday, June 17, 2011

Սնափառության շքահանդես

Գրողների միության շենքի երկրորդ հարկում էինք, երբ ինչ-որ մեկը ծիծաղելով ասաց՝ ներքեւ մի իջեք, շենքը ոստիկաններով օղակված է: Զարմացած ու հետաքրքրված անհաջող կատակից՝ իջանք, պարզվեց, որ կատակասերն ավելի քան լուրջ է: Ոչ միայն շենքն էր շրջապատված, այլեւ առաջին հարկում քայլարշավում էին փողկապավոր սափրագլուխները, մեզ դեսուդեն էին հրում՝ ճանապարհ բացելով:

Ու հանկարծ միջանցքում դեմառդեմ հանդիպեցի ՀՀ ոստիկանապետին՝ հեռախոսով խոսելիս: Տեր Աստված, ի՞նչ է պատահել, այդ ո՞ւմ է կանչում: Շփոթված դուրս եկա եւ շենքի բակում հանրապետության դատախազին հանդիպեցի, որ մուտքին էր մոտենում:

Շփոթմունքս վերածվեց խուճապի: Իսկ Բաղրամյան փողոցը փակ էր, ազդանշանային լուսարձակներով տագնապ առաջացնող ոստիկանական մեքենաներով լցված: Զարմացա, եթե ԱՄՆ կամ ՌԴ նախագահն է գալիս, նախապես որեւէ հաղորդագրություն չի եղել, իսկ թե անգամ այդպես է, Գրողների միությո՞ւնն ինչ կապ ունի:

Ուզում էի փախչել, բայց նաեւ ցանկությունս մեծ էր՝ պարզելու իրողությունը, եւ շուրջս շենքից փախչող ծանոթ-ընկեր գրողներին հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել: Պատասխանեցին՝ բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Ուրարտական անձրեւներ» գրքի շնորհանդեսն է:

Իսկ այդ մարդիկ ի՞նչ կապ ունեն բանաստեղծի գրքի հետ: Ոստիկանության տո՞նն է, դատախազության օ՞րը, թե՞ գրական միջոցառում: Եվ այդ միջոցառմանը, որ պետք է գրողներն իրենց ներկայությամբ արժեւորեին, խուճապահար փախչում էին Գրողների միության շենքից:

Սա այն Հովեյան Հովիկն է, ով մի ժամանակ մշակույթի նախարար էր, իսկ նշանակվելու նախօրեին անցավ ՕԵԿ շարքերը, ումից էլ հետո ՕԵԿ-ը խիստ հիասթափվեց ու ազատեց՝ սկանդալային պահվածքի համար (կարծեմ ատրճանակով ինչ-որ մեկի գլխին էր հարվածել):

Հետաքրքիր է՝ եթե Թումանյանի կամ Չարենցի գրքի շնորհանդեսը լիներ, հանրապետության ոստիկանապետն ու դատախազը, մյուս բարձրաստիճան հյուրերը կգայի՞ն: Դե, ես էլ հետաքրքիր մարդ եմ, բերել եմ Հովեյանի պես տիեզերական քերթողին ինչ-որ Թումանյանի ու Չարենցի հետ եմ համեմատում, իհարկե, նրանց համար չէին գա՝ չափելով ըստ մեծության:

Իսկ հետաքրքիր է՝ Թումանյանը նման մարդկանցով գրքի շնորհանդես կանե՞ր: Հովեյան ջան, ուզեցար ասել՝ հայ-հայ, տեսեք, թե ինչ վիթխարի գրող եմ, որ այդպիսի մարդիկ են գրքիս շնորհանդեսին մասնակցում: Վիթխարի կլինեիր, եթե քեզ գրողները մեծարեին, ոչ թե դատախազն ու ոստիկանապետը:

Պատկերացնում եմ, թե ինչքան ես չարչարվել դրանց Գրողների միություն բերելու համար, փոխարենը մի քիչ չարչարվեիր բանաստեղծի կերպար ունենալու ուղղությամբ: Եվ գիտե՞ս, թե շենքից փախչող մեր նշանավոր գրականագետներից մեկն ինչ ասաց.

«Այս սնափառության շքահանդեսն ի՞նչ կապ ունի գրողի եւ գրականության հետ»: Հովեյան ջան, տեսա՞ր վերջում ինչ եղավ, ուզում էիր, որ հասարակությունն իմանար, թե ինչ նշանավոր մարդիկ են եկել գրքիդ շնորհանդեսին, ես էլ տեղեկացրի՝ քեզ հասցնելով մուրազիդ: Կարիք չկա շնորհակալություն հայտնելու, բա էլ ո՞ր օրվա համար ենք:

Պատահականության բերումով՝ քո գրչընկերը,
ով ավելի շուտ կհրաժարվի գրելուց,
քան նման շնորհանդես կկազմակերպի

hraparak.am
17.06.2011

No comments:

Post a Comment