Հովհ. Թումանյան. Հրապարակախոսություն - 2

ՎՌԱԶ ՊԱՏԱՍԽԱՆ Պ. Ա. ՄԵՂՐՅԱՆԻՆ

Պ. Մեղրյան, Ձեր «Ուշացած պատասխանի»1 ու նրանից առաջ տպած հոդվածի միտքն էն է, թե հայ գրողները պետք է մաքուր հայերեն գրեն: Շատ ուշացած ու շատ հասարակ մի խելոք խոսք: Ձեզանից շատ վաղ բոլոր հայ գրողները մտածել են, որ մաքուր հայերեն գրեն: Բայց ի՞նչ կնշանակի՝ մաքուր հայերեն, ահա խնդիրը:

Ձեր առաջն են բոլոր հայ գրողները, ո՞րի լեզուն եք համարում մաքուր հայերեն. ցույց տվեք ու հրամայեցեք, որ նրա նման գրեն: Իհարկե շատ միամիտ կլինիք, եթե ցույց տաք: Մեր լեզուն դեռ կազմակերպվելու շրջանի մեջն է, և ամեն մի գրող ընտրում է իրեն համար մի ճանապարհ: Նրանց առջևն են և՛ եղած գրական լեզուն, և՛ գրաբարը, և՛ բարբառները, և՛ օտար լեզուները:

Ես էն կարծիքին եմ, էսպես էլ գրել եմ իմ հոդվածում2. ու հենց իմ բառերն էլ հանել եք Ձեր պատասխանի մեջ, — որ գրողը իր լեզուն հարստացնելու, կազմելու համար ազատ է օգտվելու էդ բոլոր աղբյուրներից, միայն թե պետք է իմանա շնորհքով, խելացի օգտվել և տեղը գործածել:

Իսկ Դուք...

Ա՛յ տեսեք ինչ եք ասում Դուք: Դուք ասում եք պետք է գրել մաքուր հայերեն, այսինքն, հայերեն լեզվի միջից դուրս վռնդել թուրքերեն, թաթարերեն, ռուսերեն և այլ օտար բառերը և նմուշի համար մի շարք թուրք-թաթարական բառ եք մեջ բերում, ցույց տալու, թե ինչ տեսակ բառերից պիտի զգուշանանք ու պաշտպանենք հայոց լեզվի մաքրությունը, օրինակ, ղարիբ, ղուրբան, դարդ, մարալ, մուշտարի, յար, խաթր, զիլ, մուրազ, նազուք, ջան, ջեյրան և այլն:

Ձեզ ասում են, թուրք-թաթարականը թողնենք մի առ ժամանակ, դա Ձեզ շատ է խրտնեցնում, եվրոպական բառեր կան, որ միջազգային են և բոլոր ազգերը գործ են ածում, օր. ինտելիգենտ, կուլտուրա, լեգենդ, պոեմ, սոնետ և այլն: Ի՞նչ եք կարծում, մենք էլ գործ ածենք, թե չէ:

Հիմի տեսեք թե Դուք ինձ ինչ եք պատասխանում. լավ ականջ դրեք: Ասում եք. «Ի՞նչ եք ուզում ասել դրանով, որ ինտելիգենտ գործածողը իրավունք ունի և դա՞րդ գործածելու»:

Այո՛, հենց էդ եմ ուզում ասել և լավ տեղն եմ բռնել: Եվ ահա Դուք շարունակում եք ավելի խորը խրվելու համար:

«Սարեր-ձորեր տարբերություն կա. առաջին դեպքում (երբ գործ են ածում դարդ, ջան, չոլ) մենք գործ ունենք զուտ տեղական օտար բառերի հետ, որոնց հայերենը կա. իսկ երկրորդ դեպքում՝ բառերի, որոնք միջազգային բնավորություն են կրում և որոնց համազոր հայերենը չկա. բառեր, որ անխտիր գործ են ածում բոլոր եվրոպական քաղաքակիրթ ազգերը»: Եվ ամփոփում եք.

«Ես հակառակ չեմ եվրոպական միջազգային բառերի գործածությանը: Այլ խնդիր է սակայն, երբ խոսքը ժողովրդական բարբառներից օգտվելուն է գալիս»:

Ահա. էս է Ձեր հոդվածների միտքը և մեր տարաձայնության հիմնական պատճառը: Մնացածը ինչ որ պատմում եք, հա՛յ Գամառ-Քաթիպան ծաղրել է բարբառները, նոր-նախջևանցիք էսպես են խոսում, երևանցիք էնպես... Դրանք բոլորը դատարկ բաներ են և մի գրող մարդու առջև պատմելու անարժան: Նստել եք` քրդի աղջկանը լոլո եք սովորեցնում:

Էականին եկեք:

Ուրեմն Դուք դեմ չեք եվրոպական միջազգային բառերի գործածությանը:

Շատ ենք ուրախ:

Ինչո՞ւ չեք դեմ:

Ասում եք՝ երկու պատճառով. առաջինը, որովհետև նրանց համազոր հայերեն չկա. երկրորդն էլ՝ եվրոպական բոլոր քաղաքակիրթ ազգերն անխտիր գործ են ածում:

Դե հիմի կանգնեցեք:

Ձեր առաջին «որովհետև»-ը ստիպված պիտի լինիք ետ վերցնելու, որովհետև նրանց հայերենը կա: Կուլտուրային հայերեն ասում են քաղաքակրթություն, և գործ են ածում էդ մտքով, ու Դուք ինքներդ էլ մի քանի տող վերև գրել եք «եվրոպական քաղաքակիրթ ազգերը», ինտելիգենտին հայերեն ասում են մտավորական, պոեմը — վիպերգություն, լեգենդը — ավանդավեպ: Տեսնո՞ւմ եք, հայերենը կա. բայց... բայց նրանք մտնելու և մնալու են Ձեր մաքուր հայերենի մեջ, որովհետև միջազգային բառերն են, բոլոր ազգերը գործ են ածում: Դուք էլ ընդունեցիք ու սրանով Արևմուտքն ապահովեցիք:

Դե հիմի երեսներդ արեք դեպի Արևելք:

Ձեզ ո՞վ ասավ, պ. Մեղրյան, որ եվրոպական ազգերն ազգեր են և կարող են միջազգային բառեր ունենալ, իսկ ասիական-արևելյան ազգերն ազգեր չեն և միջազգային բառեր ունենալու իրավունք չունեն ու չեն կարող ունենալ:

Արդյոք էստեղ գլխի՞ եք ընկնում, պ. Մեղրյան, թե ինչ խախուտ կռիվ եք սկսել: Հայոց լեզվի կազմության խնդրում էն զիջումը, որ Դուք ակամա անում եք կուլտուրական Արևմուտքի առաջ, ես ուրախությամբ էն գլխից արել եմ և անում եմ թե՛ Արևմուտքի և թե՛ մանավանդ Արևելքի ու մեր ժողովրդական բարբառների առաջ: Եվ կրկնում եմ, էստեղ միայն խելքի ու շնորհքի գործ է, թե ո՛վ ինչպես կօգտվի: Իսկ Դուք ասում եք. «Ըստ իս՝ այստեղ ո՛չ շնորհք է հարկավոր, ո՛չ խելք, այլ հարկավոր է միայն լավ հայերեն իմանալ և գոյություն ունեցող հայերեն բառերի փոխարեն օտարը գործ չածել» («Հորիզոն», № 166, V սյունյակ) ու մեզ համոզելու համար, Ձեր առաջ բերած օտար բառերի տեղ դնում եք մաքուր հայերենը. օրինակ. առաջարկում եք «ջանի» տեղ գործածել «հոգյակ»: Եվ ահա բանը դրստվեց, այսուհետև փոխանակ ախպեր ջան կամ Գրիգոր ջան ասելու, մաքուր հայերենով կասենք հոգյակ եղբայր, կամ հոգյակ Գրիգոր, կամ թե չէ քեֆ անելիս, ներողություն, մաքուր հայերենով ասենք, խրախճան անելիս կամ առհասարակ ուրախանալիս փոխանակ «ջան» բացականչելու, կկանչենք «հոգյա՛կ»...

Եվ մի՞թե Դուք չեք տեսնում ու չեք զգում, թե ինչքա՛ն է սա անմիտ ու անճաշակ: Մի՞թե չեք տեսնում, որ հոնքը շինելու տեղ աչքն էլ հանում եք:

Եվ ինչպես եք Դուք հայոց լեզվից հանելու մուրազը. արդեն նա ասում է անմուրազ, մուրազատու, ինչպես եք դուրս քշելու մարալն ու ջեյրանը, որ մտած են նույնիսկ եվրոպական գիտական գրքերի մեջ. ինչպես եք մերժելու ղարիբը, որի մոլի պաշտպանը չեմ, բայց որը մտել է ձեր բոլոր երգերի ու նույնիսկ Մաշտոցի մեջ և մի շարք թաղման երգեր կոչվում են «ղարիբաթաղի» երգեր. ինչպես եք ջնջելու զիլը, որի հոմանիշը չեք նշանակում կամ նամն ու նազուքը, որ մտել են ձեր կլասիկների գրվածքների մեջ...

Հապա էս մի քանի բառի փոխարեն եթե էն մի քանի հարյուրը հանդես դնեինք, որ ասում եք գիտեմ, էն ժամանակ տեսնեիք, թե ինչ դուրս կգար:

Էսպես: Երկու տարբեր ճանապարհներ են, պ. Մեղրյան, և ձեզանից ու ինձանից չի սկսվում էս կռիվը մեր գրականության մեջ: Մինը Մոսկովյան ուղղությունն է, մյուսը Արարատյան: Մի ճամփի սկզբին կանգնած է Ստ. Նազարյան, մյուսին՝ Խ. Աբովյան: Էս երկու ճանապարհներից թե որն է ճշմարիտն ու կենսունակը — էդ հետո կտեսնենք: Հայ ժողովուրդը իր միջից իրար ետևից սերունդներ է դուրս ղրկում դեպի ուսումնարանական ու գրական ասպարեզները և նրանք կվճռեն էս խնդիրն ու ցույց կտան, թե որ ճանապարհով է գնալու հայոց գրական լեզուն, էն լեզուն, որ կազմվելով ու ճոխանալով հանդերձ միայն մի խորհուրդ ու մի իմաստ ունի — խոսել հայ մարդու, հայ ժողովրդի սրտին:

Մի նկատողություն էլ: Դուք, պ. Մեղրյան, գրում եք, իբրև թե «նա (այսինքն՝ ես) ուզում է հավատացնել, որ եվրոպացիներն ու ռուսներն իրենց երեխաներին ավելի աղավաղված, ոչ մաքուր լեզվով գրվածքներ են հրամցնում, քան մենք հայերս», ու վերջումն մի-մի հարցական ու զարմացական եք տնկում: Կարդացեք, խնդրում եմ, № 103 «Հորիզոնը»3 նորից և տեսեք ես ինչ եմ ասել, Դուք ինչ եք դուրս բերում:




ԱՄՍԱԳՐԻ ԿԱՐԻՔԸ

Մի ժամանակ հայ լրագիրը իր մեջ էր ամփոփում նաև գեղարվեստական գրականությունն ու բանասիրությունը: Ժամանակի ընթացքում հասունացավ ամսագիր ունենալու կարիքը: Եկավ «Մուրճը»: Երեք խմբագրություն փոխեց, մի քանի հրատարակիչ ունեցավ, եղած գրական ու գիտական ուժերից շատերին հավաքեց իր շուրջը, բայց այնուամենայնիվ տասնամյակը չբոլորած ստիպված եղավ դադարելու: Դադարեց, որովհետև ամսագրի բաժանորդ ու ընթերցող այնպիսի բազմություն չկար, որ կարողանար պահել: Էլ չենք խոսում նրանից առաջ եղած ու դադարած ամսագիրների ու հանդեսների մասին:

«Մուրճը» դադարեց և ռուսահայ մամուլի մեջ դարձյալ բաց մնաց ամսագրի տեղը: Այս տարվանից «Մշակին» կից սկսեց լույս տեսնել «Արորը», սակայն նա էլ չկարողացավ գրական ուժեր գրավել, հենց էն գլխից «Արարատի» տպավորությունն արավ ու մնաց եղած-չեղած:

Դարձյալ զգացվում է ամսագրի կարիքը: Եվ ահա «Հորիզոնի» № 218-ում, պ. Սիմ. Տեր-Մինասյանը անում է «Մի կարևոր առաջարկ»1 — հավաքական ուժերով Թիֆլիսում ձեռնարկել մի ամսագրի հրատարակություն: Այդ գործի նախաձեռնությունը հանձնարարում է Թիֆլիսում գտնվող հայ գրականագետներին, որ նրանք կազմակերպեն ու տանեն:

Ժողովուրդը մի գեղեցիկ առած ունի, ասում է՝ «մերկ մարմնիս կատու շալակելն էր պակաս»: Հիմի հայ գրողներին ամսագիր հրատարակելն էր պակաս: Ո՛չ, այդ սխալ է: Ամսագիրը մեզնում, որ տասնյակ հազարների վնաս տալով հանդերձ դարձյալ չի ապրում, հայ գրողների պահելու բան չի:

Սակայն ամսագրի կարիքը կա: Այն էլ է ճշմարիտ, որ Թիֆլիսում պետք է լինի և Թիֆլիսում գտնվող գրողները շատ են պետք դրա համար:

Բայց գործի կազմակերպության և հրատարակության համար ուրիշ մարդիկ են հարկավոր, որ ընդունակ ու պատրաստ լինեն և նյութական զոհաբերության: Եթե կան այդ տեսակ մարդիկ, «Հորիզոնի» էջերը բաց են նրանց համար, թող մեջ գան, հայտարարեն, թե ինչ մասնակցություն կունենան, և, գուցե, ճշմարիտ որ այդ ձևով հավաքական ուժերով կարելի կլինի մի ուժեղ ամսագիր ունենալ և հայ գրողներին ու բանասերներին խմբել ի մի:





ՄԵՐ ՄԱՄՈՒԼՆ ՈԻ ԻՐ ԸՆԹԵՐՑՈՂԸ

Նա, ով երկար տարիներ բաժանորդ է եղել մեր թերթերին ու ընթերցող, լավ կլիներ մի նստեր ու հաշիվ տար ինքն իրեն, թե ի՞նչ է ստացել այդ թերթերից:

Էլ հեռու չգնանք, գոնե մեր կյանքից, իր շրջապատից ի՞նչ տեղեկություն ունի:

Տարիներով կարդացել է՛ ժողովուրդ, ժողովուրդ... Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ են միշտ նրա անունը տալի. արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը:

Տարիներով գավառից, գյուղից թղթակցություններ է կարդացել, այսինչ գյուղում սա նրան սպանեց, թունդ երաշտ է, այնպիսի խոշոր կարկուտ եկավ, որ ծերերը չեն հիշում, տերտերը տգետ է կամ քյոխվի ընտրություն կա... Տարիներից հետո արդյոք սրա ընթերցողը թեկուզ հեռավոր ծանոթություն ունի՞ թե ինչ բան է հայ գյուղը, ո՛վ է հայ գյուղացին և ո՛րն են նրա ցավերը:

Գուցե այդ թերթերը անկողմնապահ ու լուրջ զբաղվել են հայ դպրոցի խնդրով և բազմակողմանի քննության առարկա են դարձրել նրա ուսումնական ու տնտեսական կյանքը և իրենց ընթերցողների համար պարզել են այդ «լուսավորության տաճարը» ներսից և դրսից: Երբե՛ք: Աղմուկներ, աղմուկներ այսինչ հոգաբարձուի կամ այնինչ ուսուցչի չորս կողմը, մեծ մասամբ լիքը հետին մտքերով, կուսակցական կրքով ու անձնական վիրավորանքով:

Կարելի է այդ թերթերը հայ ընթերցողի առջև բաց են արել հայ եկեղեցու և հայ հոգևորականի պատկերը, որոնց անունից խոսել են ու խոսում են շարունակ: Երբե՛ք: Ինչ գրել են՝ եղել են կամ բարեկամի գովասանք կամ թշնամու բամբասանք, և մինչև այսօր էլ նրանց ընթերցողը լավ չի հասկանում, թե ինչո՛ւ պետք է կռվել հոգևորականի դեմ կամ ինչո՛ւ է նրա փեշիցը բռնել: Նա գիտի միայն հրեշներ ու հրեշտակներ, ուրիշ ոչինչ:

Սակայն գուցե թե հայ լրագրի ընթերցողը մի որևէ ճաշակավոր ու անաչառ խոսք է լսել իր թատրոնի կամ իր գրականության մասին: Կրկին նույն պատասխանը շատ քիչ դեպքերի բացառությամբ: Եղիր թեկուզ շատ տաղանդավոր դերասան, միևնույն է, չես ազատվելու ծաղրից ու հալածանքից, եթե այս կամ այն պատճառով թերթն ընկավ քեզ հետ: Գալով գրականությանը, գրողներ կան, որ ամբողջ ժողովրդի հարգանքն ու համակրանքն են վայելում, հոբելյաններ են տոնում, բայց դեռ ոչ մի մարդավարի խոսք չեն լսել այդ թերթերից: Հաճախ միայն հայհոյել են և ամեն կերպ աշխատել են խեղդել կամ թույլ չտալ, որ անունը դուրս գա հրապարակ: Շատ է տարօրինակ, շատ է զարմանալի, բայց փաստ է: Վերջապես հայի կյանքում խոշոր դեպքեր են տեղի ունեցել, աղետներ ու շարժումներ են եղել: Գուցե թե այդ մամուլը անկողմնապահ ու բազմակողմանի քննության է ենթարկել այդ երևույթները: Դարձյալ նույնը, միշտ նույնը. կամ օվսաննա կամ հայհոյանք: Գնա ինչ կուզես դրանից հասկացիր:

Եվ մեր այն բազմությունը, որ կրթվել է այդ մամուլի վրա, զարմանալի թեթև, մակերևույթորեն դատել ու հեշտ դատապարտել է սովորել, խոսքն ընչի մասին ուզում է լինի, հայհոյել, ցեխը կոխել կամ բարձրացնել, երկինք հանել, դեմն ով ուզում է լինի: Չի սիրում բնավ առարկել կամ հիմնավորել իր առարկությունները, չգիտի հարգանք տածել դեպի հակառակորդը, և նեղություն չի քաշում գործի էությունը հասկանալ:

Խոսքս վերջացնելով ավելին ասեմ, այդ թերթերը հոգս չեն քաշում գոնե մի տանելի լեզու ունենային, և հայոց լեզվի աղճատման ու աղավաղման ամենամեծ պատճառներից մինն էլ հենց ինքը — հայ թերթն է:

Եվ չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել:

Իսկ երբ հորիզոնի վրա կերևա այդ պատկառելի ընթերցողը — նա, հայ թերթը, ստիպված կլինի իրեն հավաքելու, «զոհաբերություն» անելու և կարգին աշխատակիցներ պահելու կամ եղածների հետ մարդավարի վարվելու, ստիպված կլինի բան տալու և տալու վայելուչ կերպով: Այդ օրը կլինի վախճանը աղմկարար ու
անբովանդակ հնի և սկիզբը բովանդակալի, անաչառ և ազնիվ մի
նոր հոսանքի, որ ցանկալի է այնքան և որ պետք է գա վերջապես:




ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄԵԶԱՆՈԻՄ

Ամեն մի ազգի ինքնաճանաչության համար ազգագրությունը բռնում է առաջնակարգ կարևոր տեղ: Մինչև կյանքի ու ժամանակների խորքը թափանցելով, ինչքան որ կարող է թափանցել մարդկային միտքն և գիտության լույսը, նա ապացույցներ ու եզրակացություններ է դուրս բերում մարդաբանությունից, լեզվաբանությունից, հնագիտությունից, աշխարհագր<ական> պայմաններից և այդպիսով ցեղերի ու ժողովուրդների անցած կյանքի պատկերը հանում մեջտեղ իրենց ամեն առանձնահատկություններով, այլև խնամքով հավաքում է իր օրերի ազգագրական նյութերը, որ կարող էին ծածկվել, կորչել հեղհեղուկ ժամանակի ալիքների տակ, ու այդ բոլորն ամբարում է, պահում թանգարանների ու ազգագրական գրվածքների մեջ:

Մեր ազգը, որ աշխարհքի ու Արևելքի ամենահին ազգերից մինն է և ազգագրության տեսակետից հանդիսանում է վերին աստիճանի հետաքրքրական մի աղբյուր ուսումնասիրության, և մեր աշխարհքը, որ մի լիքը թանգարան է ամեն տեսակի կենցաղագիտական, պատմական, կրոնական, բանահյուսական և այլ մեծարժեք նյութերի, տակավին մնում են խավարի մեջ, իրենց փառքերը ավերակների ու հողի տակ, իրենց պարծանքները մոռացության ու անհայտության մեջ: Իրար ետևից, անընդհատ կորչում կամ փչանում են այդ ամենը նոր կյանքի հոսանքների տակ ու նորանոր աղետների մեջ: Սրա համար էլ մեր աչքում մի առանձին նշանակություն է առնում Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերությունը իր թանգարանով ու հանդիսով, որ հիմնել է պ. Ե. Լալայանը1 և անդուլ աշխատանքով ճգնում է ծավալել ու ճոխացնել: Այժմ էլ նա նոր է վերադարձել Վասպուրականի կողմերից ու հետը բերել է նոր գանձեր:

Շատ հին ձեռագրեր, որ կոտորածների ժամանակ (սա կնշանակի գրեթե միշտ) թաղված են եղել վանքերի ու եկեղեցիների թաքստոցներում, հանել է, չորացրել, մաքրել ու ցուցակագրել հ. Տաշյանի ձևով2 և լուսանկարել նրանց նշանավոր մանրանկարներն ու գրերը: Դրանց մեջ կան նաև բավական թվով մատենագիրներ, իսկ հիշատակարաններում պատմական հարուստ նյութ Վասպուրականի անցյալից: Եվ այդ ձեռագրերի թիվն է 1,500:

Կազմած է Վանա, Տոսպա և Հայոց Ձորի գավառակների ազգագրությունն ու նկարագրած նրանց գյուղերը, վանքերն ու բերդերը: Նյութեր է հավաքել Վասպուրականի մանրամասն քարտեզը կազմելու: Նյութեր է հավաքել ժողովրդական հավատի ու դիցաբանության մնացորդների: Գրի են առնված ժողովրդական երգեր ու հեքիաթներ, որոնց մեջ և Սասունցի Դավթի ու Մհերի երկու նոր վարիանտները: Լուսանկարել է 170 տիպեր, տեսարաններ, հնություններ ու սեպաձև արձանագրություններ: Բերել է վանեցի կնոջ ու տղամարդու տարազները իրանց ամեն արդ ու զարդերով: Մի գործ՝ արժանի ամեն շնորհակալության ու ամեն խրախուսանքի և այնքա՛ն կարևոր, այնքա՛ն անհրաժեշտ հայոց պատմության ու հայոց գրականության համար3:

Եվ մենք ամենայն եռանդով ու սիրով հորդոր ենք կարդում մեր այն ունևորներին, որոնք իրոք սիրում են իրանց ազգի անցյալն ու ներկան, մոտենան ուժ տալու այս շատ գեղեցիկ հիմնարկությանը, մեր ուսուցիչներին ու ամեն տեղ ցրված կարող մարդկանց, որ աջակցեն օր առաջ հավաքելու մեր հին կուլտուրայի ու կյանքի մնացորդները և այսօրվա եղածը ի մի, որ տեսնենք ի՛նչ ենք ունեցել ու ի՛նչ ունենք:





ՀԱՅՈՑ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Վաղը բացվում է Թիֆլիսի հայոց թատրոնը և բացվում է Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայով:

Մենք չգիտենք ինչն է պատճառը, որ հայոց թատրոնն այսպես ուշ է բացվում, թատրոնի վարչությունը դեռ բացատրություն չի տվել հրապարակավ, բայց ինչ էլ որ լինի, լավ չի:

Դերասանական խումբը ընդհանուր առումով հաջող է կազմված, թեև դժբախտաբար դուրսն են մնացել մեր հին ու փորձված դերասաններից մի քանիսը:

Ռեպերտուարին գալով՝ մենք մի կարևոր նկատողություն ունենք անելու: Ամեն մի ժողովրդի թատրոն թատրոն է ամենից առաջ ինքնուրույն ռեպերտուարով:

Դա է, որ թանկ պիտի լինի թատրոնի համար և նրա հաջող գործերը չպետք է հնացած համարվեն ու դուրս ընկնեն, և եթե մինը կամ մի քանիսը դուրս են ընկնում՝ միայն այն դեպքում, երբ այդ ռեպերտուարը շատ է մեծ ընտրության համար: Այժմ ինչքան է մեծ հայոց ինքնուրույն ռեպերտուարը, որ նրա եղած աչքի ընկնող գործերն էլ դուրս թողնեք: Սակայն Դրամատիքական Ընկերությունը ոչ թե դրանցից մինը կամ մի քանիսն է դուրս թողել, այլ բոլորը և միայն մի հատն է վերցրել — Շիրվանզադեի «Պատվի համար»-ը, այլևս ոչ մի պիես ո՛չ Սունդուկյանից, ո՛չ Ահարոնյանից, ո՛չ Փափազյանից և ո՛չ ուրիշներից: Սա կնշանակի լավ չգնահատել ինքնուրույն գործը:

Չլինի՞ նրա համար, որ հին են:

«Մշակն» էլ զարմանում է, որ Դրամատիքական ընկ. վարչությունը սեզոնը բաց է անում հին պիեսով: Այս զարմանքն էլ մենք գտնում ենք միանգամայն զարմանալի: Ո՞րտեղ է ընդունված և ինչու անպատճառ թատրոնները պետք է բացվեն նոր պիեսով: Այս անշուշտ լավ է իմացել և թատրոնի վարչությունը, որ սեզոնը բաց է անում ծանոթ պիեսով, չնայելով իր ձեռքին ունի երեք նոր պիես — Շիրվանզադեի «Արմենուհին», Մ. Գևորգյանի «Փառանձեմը» և Ս. Թառայանի «Սոկրատեսը»:

Ողջունելով Թիֆլիսի հայոց թատրոնի բացումը, մենք սրտագին կցանկանայինք, որ հայ հասարակությունը գնահատեր ու պաշտպաներ իր մայրենի բեմը, իր դրամատուրգներին ու դերասաններին, այսպիսով նրանց հնարավորություն տալով ավելի ուժեղանալու և իրեն համար էլ իրավունք ձեռք բերեր ավելի խստապահանջ լինելու:





ՉԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈԻՆՔ

Տարիներ շարունակ հետևելով մեր մամուլին, մենք այսօր ստիպված ենք արձանագրելու մեր մամուլի մի տգեղ սովորությունը — նրա վերաբերմունքը դեպի մեր հաստատությունները, դեպի մեր գործերն ու գործիչները և խղճի ամենայն հանգստությամբ հայտարարում ենք, որ դա եղել է միշտ չար, միշտ աչառու, միշտ թունավոր, միշտ վիրավորական, վնասելու դիտավորությամբ, կուսակցական կրքից, թեև միշտ էլ եղել է անաչառ քննադատության անունով և զանազան նման գեղեցիկ յառլիկներով: Նրա հալածանքից ու հայհոյանքից չեն ազատվել ոչ մեր գրականությունն ու գրողները, ինչքան էլ տաղանդավոր լինեին ու անմեղ, ոչ մեր հասարակական հիմնարկությունները, ինչքան էլ նրանք լինեին բարեգործական, հրատարակչական կամ կուլտուրական, ոչ մեր գործիչները, ինչքան էլ նրանք լինեին մաքուր ու պատկառելի, մի խոսքով ոչ ոք և ոչինչ: Փրկվել են միայն նրանք, որոնք եղել են նրան կուսակից ու համախոհ: Այլևս ոչ մի փրկություն: Ամեն մի հիմնարկություն նրա աչքում հակառակ է համարվել նրա շահերին, ամեն մի գործչի, նույնիսկ իր սեփական թղթակցի հռչակն ու հաջողությունը նա վնաս է համարել իր փառքին և միշտ ճգնել է կռվել ամենքի դեմ, հայհոյել, ծաղրել խանգարել, խեղդել:

Մենք այժմ չենք ուզում խոսել այն մասին, թե ո՜րտեղից է հոգու այդ դաժանությունը, այդ չկամությունը, այլ կարոտով միայն մի բան կկամենայինք, որ փոխվեին մեր բարքերը վերջապես, որ վերանար այդ ավերիչ վերաբերմունքը, այդ գարշելի, բարբարոսական ադաթը մեր մամուլի միջից, տեղի տալով անաչառ, վայելուչ քննադատությանը, լայն ու պայծառ հայացքին և ազնիվ, բարյացակամ վերաբերմունքին դեպի մեր մարդիկն ու մեր հաստատությունները և, փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու, աշխատեինք ուժ տալ ու կենդանացնել:





ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Եվրոպական և ռուսական թերթերի էջերը մեծ մասամբ բռնված են քաղաքական հարցերով: Ինչո՞ւ. որովհետև այդ ժողովուրդները ապրում են քաղաքական մեծ պայքարներով, երկիրներ ու ազգեր տիրելու և կառավարելու ծրագիրներ ունեն, առևտուրի մեծ շուկաներ ու ազդեցությունների ասպարեզներ ձեռք բերելու խնդիրներ ունեն, միլիարդներով փոխառություն անելու, դաշնակցություններ կապելու հոգսեր ունեն, խաղում են իրենց ահռելի ուժերով, աշխարհքներ ու ազգեր են շարժում, և արթուն, ուշի՜ ուշով հետևում են ամեն մեկը մյուսի կամ ամբողջ աշխարհքի քաղաքական կյանքի ընթացքին, մանրամասն հաշվի են առնում դիմացինի այս կամ այն շարժումը, նավերի թիվն ու զորաբանակը, աշխատում են գուշակել մեկը մյուսի տեսակցությունն ու խոսակցությունը, զբաղվում են դրանով, խորհրդածություններ են անում, և այդ պատճառով իրենց թերթերն ու հոդվածներն էլ նվիրում են դրանց:

Այս ամենը շատ է պարզ ու շատ է հասկանալի: Բայց մի բան, որ շատ է անհասկանալի ու անհեթեթ, այն է, որ մեր մամուլն էլ, մենք էլ ամենայն եռանդով միշտ հետևել ենք և հայ ընթերցողների հետ զրույց ենք արել, հաշիվ ենք տեսել քաղաքական այդ բոլոր դեպքերի ու դեմքերի մասին, շարունակ առաջնորդողներ ենք նվիրել մեկի և մյուսի քաղաքականությանը, խորհրդածություններ արել, եզրակացություններ հանել, սխալներ գտել, և, թո՛ղ զարմանալի չթվա, նույնիսկ զգուշացրել ու սպառնալիքներ արել:

Եվ այս սովորությունը, այս ադաթը այնպես է արմատացել մեր մեջ, այնպես է տիրել մեր ուղեղին, որ, շատ է հավանական, շատերի զարմանքն են հարուցանելու մեր տողերը, թե՝ հապա ի՞նչ կերպ կարող է լինել: Կասեն՝ մենք կուլտուրական ժողովուրդ ենք, մենք մամուլ ունենք, ինչպե՞ս չհետևենք լուսավոր ազգերի քաղաքական կյանքին: Բայց երբ այդ կուլտուրական ժողովրդի մամուլի ներկայացուցչին, բարերարին ու գյուղատնտեսին դուրս են անում հայ գյուղից, նոր են խոստովանում, թե չեն ճանաչել հայ գյուղացուն ու հայ գյուղը, մի խոստովանություն, որ նորերս արին «Մշակում»1. կամ թե չէ, այդ քաղաքակիրթ բազմությունը, որ քանի-քանի անգամ տեսել է եվրոպական ազգերի կուլտուրական ու քաղաքական գործերի հաշիվը, նոր է իմանում, որ իր թեմական դպրոցներում աշխարհաբար հայերեն լեզու չկա, և հալածված է եղել իր գրականությունը նրանց մեջ, ինչպես վերջերս բացվեց «Հորիզոն»-ի էջերում2:

Իսկ եթե մենք պետք է զբաղվեինք քաղաքականությամբ, այդ ամենից առաջ այն էր լինելու, որ մի ճշմարիտ հայացք լինեինք ստեղծած, մի պարզ վերաբերմունք լինեինք մշակած դեպի այն պետությունները, որոնց ձեռքի տակ գտնվում ենք: Մի գիտակցական, մտածված վերաբերմունք, որ գոյություն չունի ամենևին և միշտ առաջնորդվում ենք քամու հոսանքներով, նախապաշարումներով ու թյուրիմացություններով, ամեն անգամ էլ դառնությամբ հաշվելով մեր կոպիտ սխալներն ու կորուստները, ամեն անգամ էլ ամեն մեկս ետին թվով հանդիսանալով խելոք ու հեռատես, երբ եղածն անցել է անդառնալի: Եվ որտեղից պետք է լինի այդ գիտակցությունն ու մտածված վերաբերմունքը, քանի որ միանգամայն տգետ ենք մեր նույնիսկ մոտիկ անցյալին և այսօրվա անցած դարձածին:

Այսպես է, դժբախտաբար, եվրոպական պետությունների քաղաքականության վրա խորհրդածող կուլտուրական ժողովուրդը: Եզոպոսի աստղաբաշխի3 նման, որ, դիտակն աչքերին, աստղերը դիտելով, առանց իր ոտի տակի ճանապարհը նայելու աոաջ է գնում ու գնում է ընկնում ջրհորը:

Անշուշտ, քաղաքական աշխարհքից պետք է երբեմն-երբեմն տալ տեսություններ և այդ շատ է հեշտ, որովհետև պատրաստ գալիս է տպված, բայց առաջին ու մեծ տեղը պետք է բռնեն մեր աշխարհքը, մեր կյանքը, այդ կյանքի հարցերն ու նրանց լուրջ, ամենակողմանի ուսումնասիրությունը, այն, որ դժվար է, և գուցե դրա համար էլ ամենից քիչ տեղ է ունեցել մեր մամուլի մեջ:





ՆՈՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Անցյալ իննսնական թվականներին հայոց գրական ասպարեզում հայտնվեցին տարբեր ուղղության ու տարբեր շնորհքի մի շարք բանաստեղծներ: Մեծ հասարակությունը, որ առհասարակ ծանր է լսում և ուշ է գնահատում, մանավանդ գեղարվեստական գործերը, իհարկե, սրանց չնկատեց:

Այսպիսի դեպքերում գնահատողը լինում է գրականությունը սիրող ու հասկացող մի որոշ բազմություն, որը կազմում է և այս կամ այն երկրի գրական մթնոլորտը: Դժբախտաբար դա էլ գոյություն չուներ մեր աշխարհում: Հրապարակը բռնած էր միայն մամուլը, և ահա՛ այդ մամուլն էլ, այս ոգևորված ջահելների խումբը տեսավ թե չէ — ծիծաղը պրծավ: Շատ քիչ մարդկանց բացառությամբ, հայոց կրիտիկոսներն ու հրապարակախոսները, ոչ մի գնահատելի բան չգտնելով այս նորեկների մեջ, գլխարկները դրին փայտերի ծայրին՝ այնպես դուրս եկան սրանց դեմ՝ առնելով ծաղրի ու ծանակի առարկա: Եվ այդ ժամանակները մեր կողմերի հայկական շրջաններում, մանավանդ այսպես կոչված «ազատամիտ» բանակում, ավելի ծիծաղելի բան չկար, քան «բանաստեղծ» բառը:

Երկար է այս տարօրինակ պատմությունը և մտադիր էլ չենք այժմ անելու, բայց ուզում ենք մի անգամ էլ հիշեցնել, որ այսպիսի մթնոլորտում չի ծաղկիլ ու չի ճոխանալ ոչ մի տաղանդ, այլ ընդհակառակը, շատ բան կկորցնի տարիների ընթացքում, մինչև որ խանգարված դադարի վերջնականապես: Եվ այդպես է եղել մեր գրականության մեջ:

Մեր գրողները, գրեթե բոլորը, խանգարված գրողներ են, խանգարված թե արտաքին, թե ներքին պայմաններից: Այդ պատճառով էլ սրանց լավ գործերը թվելու ժամանակ մեծ մասամբ առաջին գործերն են հիշատակում, երբ թարմ են եղել դեռ ու ոգևորված:

Բայց թողնենք նրանց: Նորերն են գալիս:

Արդյոք այնքան փոխվե՞լ են ժամանակն ու հասարակությունը, որ գոնե սրանք մենակ չմնան ու լքված, այլ տեսնեն, որ ապրում են հարազատ ժողովրդի մեջ, զգան նրա սիրող սրտի ջերմությանը, նրա վերաբերմունքի քնքշությունը, ոգևորվեն, զարգանան ու մեծանան:

Դուրս է գալի մի նոր բանաստեղծ. բանաստեղծ բառի լավ մտքով և արդեն վկայված է հրապարակում: Բայց ո՞վ է մոտենում նրան, ի՞նչ է սպասում նրան, ո՞վ գիտի...

Սակայն այս տողերը գրելու առիթը մեզ տվին այն երկու աշակերտները, որոնց աոաջին երգերն այսօր տպամ ենք «Հորիզոնի» թերթոնում, մինը Ներսիսյան դպրոցի VII դասարանցի, մյուսը Երևանի Թեմական դպրոցի IV դասարանցի1: Կան սրանց նման և մի քանի ուրիշները: Այս պատանիները, որ դեռ աշակերտական նստարանից մեր առջև փռում են իրենց շնորհքը, միաժամանակ հենց այդ օրերից էլ իրենց գլուխները կորացնում են ծանր կարիքի այն սև ճակատագրի տակ, որը չի խնայում ոչ մի տաղանդի: Միաժամանակ հրապարակ է գալի սրանցից ոմանց սոսկ ապրուստի, շատ համեստ ապրուստի խնդիրը: Արդ, եթե տակավին չկա այն հասարակությունը, որը գրականություններ ու գրողներ է ապահովում, մի՞թե չկան մեզանում գրականությունը սիրող ու հասկացող այնպիսի անհատներ, որոնք սիրեին և այս տեսակ մարդկանց կյանքն ու գործը:

Անշուշտ կան, և շատ բան է պարտական նրանց հայոց գրականությունը: Ահա այդպիսի մարդկանց ուշադրությունն ենք հրավիրում մեր տաղանդավոր սկսնակների վրա: Թող սրանք էլ լինեին ուրիշ շատ որդեգիրների թվում, որ սրանց գեղեցիկ ճանապարհն ու թանկ հաջողությունը ապահովվեին ջահել օրերից: Այս տեսակի լավությունը արված կլինի ոչ թե մի անհատի, այլև մի ամբողջ ժողովրդի, ո՞վ գիտի, գուցե և ավելին, որով և հասարակական տեսակետից բարերարությունն էլ կդառնա ավելի մեծ ու իմաստալի:




<Լ. Ն. ՏՈԼՍՏՈՅԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ>

Ընկավ ռուսական վիթխարի հանճարը ու մահվան բոթից թնդում է լայնածավալ Ռուսաստանը մի ծայրից մինչև մյուսը: Թնդում է և ամբողջ լուսավոր աշխարհքը, որովհետև, ինչպես ճշմարիտ մեծ մարդ, կրելով կատարյալ իր ժողովրդի հոգին ու պատկերը, հանդիսանում էր իր ժամանակի գեղարվեստական գրականության այն հոյակապ ուժը, որ կարող էր մի հայացքով ու մի գրվածքով ամփոփել կյանքը ահագին տարածության վրա՝ վերևից մինչև ներքև, արտաքին կեղևից մինչև հոգու ամենածածուկ խորշերը, հանդիսանում էր իր ժամանակի հսկա փիլիսոփան, որ աշխատում էր լուծել կյանքի առեղծվածը, խորամուխ լինել, հասկանալ ու պատասխան գտնել, թե ինչո՜ւ է ապրում մարդը և փիլիսոփայական խաղաղությամբ նայելով մահվան պաղ ու խորունկ աչքերին՝ ուզում էր հաշտություն ստեղծի նրա ու նրա առջև սարսափող հոգիների մեջ:

Գերագույն ապավեն էր որոնում, Աստված էր որոնում տառապող ու դժբախտ մարդկության համար և գտնում էր նրան ոչ թե ուժի մեջ, այլ արդարության, ճշմարտության, ներքին, բարոյական մաքրության և այն սիրո մեջ, որ հավասարեցնում ու եղբայրացնում է մարդկանց, թշնամի չի ճանաչում աշխարհքում, չի հակառակում նույնիսկ չարին. և ազատությունն էլ հենց սրա մեջ էր դավանում:

Մահվան հանդեպ հաշվելով մարդու կարճօրյա կյանքի օրերը՝ իջեցնում է նրա արժեքը ու քարոզում է այն էլ նվիրել սիրո ու բարության Աստծուն:

Դեռ երիտասարդ հասակից նրա միտքը քաշում է դեպի բնությունն ու գյուղացին — մուժիկը: Այնտեղից տարածվում է բոլոր արհամարհվածների ու զրկվածների վրա ու մի օր էլ բացականչում է. «Չեմ կարող չտեսնել մերկերին ու քաղցածներին»: Իհարկե, այս այն տեսնելը չի, որ տեսնում են սովորական աչքեր ունեցողները: Եվ այսպես տեսնելուց հետո ութսունական թվականներին գրում է. «Քաղաքային կյանքը, որ առանց այն էլ խորթ էր իմ հոգուն, զզվեցրել է արդեն և փարթամ կյանքի վայելքները, որ երբեմն հաճույք էին տալիս, այժմ տանջանք են դարձել ինձ համար»: Եվ ահա նա վաղուց խորշում էր այս կյանքից ու սրա վայելքներից, որ հիմնված են ուրիշների տառապանքների վրա, վայելքներից, որ նա համարում է կեղծ քաղաքակրթության արդյունք ու ընդհանուր առումով կոչում է անառակություն: Բայց խորշում էր շրջապատված այդ վայելքներով, ապրում էր իր համոզմունքներին հակառակ պայմաններում — մի ծանր դրամա, մի ներքին կռիվ, որ պետք է մի օր մի լուծում, մի ելք ունենար:

Այսպես առաջ գալով մենք գտնում ենք, որ նրա գործերից ամենամեծն ու բնորոշը, նրա գլուխ գործոցը եղավ վերջին փախուստը — ելքը Եգիպտոսից:

Նրա դժգոհ հոգին այլևս չկարողացավ հանդուրժել այս կյանքին, կամ, ավելի ճշմարիտը՝ կյանքի այս եղանակին, ու մեջքն արավ նրան, երեսը դեպի անապատ, այն մեծ դժգոհների նման, որոնք անապատ են քաշվել իրենց հոգու հետ այնտեղ ապրելու և խորհելու, այնտեղ վայելելու այն ցանկալի խաղաղությունը, որ ստեղծագործող ու բարի հոգիների հայրենիքն է, այնտեղ մտածելու կյանքի անառակության ու մարդու փրկության վրա:

Այդ ճանապարհին էլ գտավ իր մահը:

Տրտմության օր է համայն Ռուսաստանի և ամբողջ լուսավոր մարդկության համար, տրտմության օր է ռուսական, այլև համաշխարհային գրականության համար, տրտմության օր է բոլոր նեղվածների ու ճնշվածների համար, որոնք իրենց նեղության մեջ սովոր էին լսելու նրա հուժկու ձայնը, տրտմության օր է բոլոր բարի սրտերի համար, որոնք գիտեին, որ դեռ կենդանի է Տոլստոյը...

Ընկավ մեծ գեղարվեստագետը, մեծ քարոզիչը ու մեծ դժգոհը:

Երախտագետ սրտով ու խորին պատկառանքով խոնարհվում ենք մեծ մարդու հիշատակի առաջ:





ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Հրապարակի վրա դրված է մեր նշանավոր վիպասան և դրամատուրգ Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակի խնդիրը: Թիֆլիսի հայոց Դրամատիքական Ընկերության վարչությունը, որ գործի նախաձեռնությունը առել էր իր վրա, ընդհանուր ժողով հրավիրեց, ուր և ընտրվեց հոբելյանական հանձնաժողով: Այսպիսով առաջներս է գրական մի տոն1:

Այստեղ մենք խոսք չենք անելու Շիրվանզադեի տաղանդի ու նրա գրական արժանիքի վրա, այլ միայն ուզում ենք վկայել, որ հայ ժողովուրդը եթե մարդիկ ունի, որոնց պետք է հարգի հոբելյանով, դրանցից մինը Շիրվանզադեն է: Հոբելյանական տոներին ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի, գալիս է հարգելու, պսակելու ինքը իրեն, իր շնորհքը, իր մտավոր-հոգեկան ուժերը, ուժեր, որ ընդունակ լինեին պատկառանք ներշնչելու ո՛չ միայն ազգի ընդհանրությանը, այլև օտարին: Այդ տեսակետից «Ցավագարի», «Քաոսի», «Արտիստի» և շատ ուրիշ վիպական ու բեմական գրվածքների հեղինակը հանդիսանում է անվիճելի արժանավոր հոբելյար: Մենք միայն կցանկանայինք, որ արժանավոր մարդու հոբելյանն էլ տոնվեր արժանավայել կերպով: Կցանկանայինք՝ ավելի մեծ տարածության վրա լսվեր հայ ժողովրդի խրախուսական ձայնը, որ երեսուն տարուց հետո գալիս է մայրական խոսք բերելու իր տաղանդավոր զավակին: Կցանկանայինք, որ գրական այս տոնին հայտնվեին և՛ ռուսահայը, և՛ տաճկահայը, և՛ պարսկահայը, և՛ Հնդկաստանի, Ամերիկայի ու Բուլղարիայի գաղթական հատվածները, և ոչ միայն այս տոնին, այլև միշտ, նման տոներին, և դա դառնար սովորություն:

Եվ հենց այդպիսով էլ արդարացրած կլինեինք այս տեսակ տոների բարոյական մեծ նշանակությունը: Կցանկանայինք, որ տաժանելի երեսուն տարիներից հետո տևական հանգստի հնարավորություն տրվեր նրան, միայն մի պայմանով — վերացած լինեին հարգանքի այն բոլոր միջոցներն ու ձևերը, որ մեր հոբելյարների ստացած պսակների փշերն են կազմում և մարդ չի հասկանում հարգանքի՞ համար են, թե՞ վիրավորանքի: Մանավանդ Շիրվանզադեն, որպես դրամատուրգ, այդ կողմից մեծ հարմարություն է տալիս: Ամեն մի քաղաքում կարելի էր դնել նրա դրամաներից և տալ հոբելյանական ներկայացումներ: Այդ ներկայացումները և նրա երկերի մասին եղած դասախոսությունները շատ բան կապահովեին միանգամայն գեղեցիկ ճանապարհով և կհեշտացնեին հանձնաժողովի գործը — մնացածը հոգալու նույնպես պատվավոր ձևով:

Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը: Եվ երբ որ տեսնի — կհամոզվի, որ նրանց մեջ էլ կան այնպիսիները, որոնք իրենց տաղանդով մրցում են ու հավասար են եվրոպական ժողովուրդների սիրված, հանրահռչակ հեղինակներին, տարբերությունը միայն սրանց ու նրանց բախտի մեջն է:




ԱՄԵՆՔԸ ՄԻԱՍԻՆ

—Այժմ ի՞նչ պետք է անեք Խ. Արովյանի արձանի համար, երբ միայն 200 ռ. ունեք 18,000-ի փոխարեն, հարցրի Կուլտուրական Միության պ. նախագահին1:

—Երեկույթներ պետք է սարքենք, հարուստներին պետք է դիմենք, ուրիշ ի՞նչ անենք, պատասխանեց նա:

Ու սիրտս մի երկյուղ ընկավ: Ուրեմն կարող է պատահել, որ այս ճանապարհով կանգնի Խ. Աբովյանի արձանը, երևի վրեն էլ գրած «Հայ ազգը — իր մեծ զավակին»:

Ո՛չ, այդ անկարելի է, այդպես չպետք է լինի: Հայ ժողովուրդը, ինչքան էլ անտարբեր ասենք, ինչքան էլ հոգնած ու աղքատ, թույլ չի տալ և թույլ չպետք է տա, որ այդպես լինի: Դա մի տաղանդավոր գրողի արձան չի, դա մի անհատի արձան չի, դա հայ ժողովրդի վերքոտ սրտի արձանն է, որ կանգնելու է այնտեղ՝ Արարատի սրբազան դաշտում սերունդներին ու դարերին ի տես, որ տեսնեն թե քանի սուր կա ցցված նրա մեջ, քանի դարդ ու ցավ:

Պետք է կանգնի հավիտյան ու անլռելի պատմի աշխարհքին հայի տանջանքն ու տենչանքը: Սրա նման մի կոթող էլ կա, որ թերևս մի օր հայությունը կբարձրացնի Վանա ծովի ափերին, Նարեկա ժայռերի վրա, որ նա էլ երկնքին պատմի, «ի խորոց սրտի» Աստուծո հետ խոսի և դեպի վեր ուղղի «Ձայն հառաչանաց հեծութեան սրտի ողբոց աղաղակի»...

Եվ կատարյալ կլինի: Թող լսեն և՛ երկինքը և՛ երկիրը: Եվ պետք է լսեն, որովհետև այստեղ արդեն հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք:

Սրանց արձանները երեկույթներով ու հարուստների փողով չեն կանգնելու, այլ ազգի ընդհանրության: Սա մի պարտականություն է, բայց միաժամանակ և մի իրավունք, որ վերապահված է ամեն մի հայի:

Խ. Աբովյանի արձանն էլ թող ուշանա մինչև հարկավոր գումարի լրանալը, ՜միայն թե՜ հայ ժողովուրդր կանգնի: Նրա արձանը պետք է կանգնի այն տեսակ երեք ռուբլիներով, որ այսօր նվիրաբերում է մի դառն աշխատավոր, մի Անուշավան Աբովյան2 իր սրտի անկեղծ հրճվանքի ու ազգային հպարտության հետ միասին: Բայց այդ երեք ռուբլին շռայլ է. կոպեկներ լինեն թող, միայն թե ամենքը, ամենքը գան ու մասնակցեն, որովհետև նա ամենքինն է և ամենքը նրա մեջ են:




1911

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ

Սիրելի ընկերներ.

Շատ քիչ է պատահում մեզ համար ուրախ բան բերի Նոր տարին, որ կարողանանք շնորհավորել սրտալի: Սակայն այսօր, լքումի և ամենքի մենակության օրերին, մի գեղեցիկ երևույթ ժպտում է իմ սրտին այնքան զվարթ, որ ստիպում է շնորհավորել հրապարակավ ի լուր ընդհանուրի: Դա հայ գրողների այն պատկառելի համախմբումն է ու ընկերական այն սրտառուչ կապը, որով այսօր շաղկապված հայտնվում ենք մեր ժողովրդի առաջ1: Մի կապ, որ վաղուց պետք է լիներ, քանի որ մենք իրար հարազատ ենք ի ծնե, հոգով, քանի որ մին ենք արդեմ սիրով ու ձգտումով դեպի բարին, գեղեցիկն ու ճշմարիտը, քանի որ երազում ենք նույն երազները ու տառապում ենք նույն վշտերով:

Մենք քիչ մխիթարանք ունենք մեր կյանքում, թող դա լինի մեր հաստատուն մխիթարանքը: Եթե չունենք գրականությունը սիրող հասարակություն, թող մենք ինքներս իրար համար փոխարինենք այդ հասարակությունը, եթե պակասում են ոգևորիչ հանգամանքներ, իրար ոգևորենք ու միասին զորացած խմբով գնանք այն բարձր ճանապարհը, որ գծել է մեզ համար նախախնամությունը:

Ազնիվ ընկերներ, մեր ժողովուրդն էլ քիչ մխիթարանք ունի:

Անշուշտ նա էլ է ուրախանալու՝ տեսնելով մեզ միացած և ուժեղ: Երբ ասում են հայոց գրականությունն աղքատ է՝ նա մեր երեսին է նայում ու սպասում: Ու մխիթարվում է մեկիս գրական տոնին գալով իր մայրական նվերներով, մյուսիս թաղմանը իր պսակներով: Մխիթարվում է, որ տաղանդավոր զավակներ ունի և սիրում է ու հարգում: Թող բարձր զորավիգ լինի մեզ համար նրա մայրական սերը և այն գիտակցությունը, որ կարող ենք ուրախացնել մեր հեգ ժողովրդին, և սերն ու հարգանքն էլ դեպի տաղանդավոր մարդը՝ թող մեր մեջը լինի ամենից առաջ:

Գրական կյանքի հիսնամյակը բոլորած մեր ազնիվ նահապետը — Ղ. Աղայանը մեր աշխարհքի խեղդուկ մթնոլորտից նեղվելով եթե աղաղակում է թե՝ քիչ է մնում փախչեմ և՛ գրականությունից և՛ մեր միջավայրից2, չի փախչիլ ու շատ ուրախ օրեր կտեսնի, քանի որ մեզանով կլինի շրջապատված, երեկվա սկսնակն էլ, որ մեզ նայեյով գալիս է մեր ետևից, ուժ կառնի ու չի հուսաահատվիլ իր գեղեցիկ ճանապարհին՝ իր առջև տեսնելով մեզ բարձր ու զորեղ միության մեջ:

Եվ, ով գիտի, գուցե մոտիկ է օրը, երբ հայ մարդը, որ երեկ-մյուս օրը եկեղեցու շուրջն էր պտտվում, այնուհետև անցավ ուսումնարանին, գալու է հասնի և գրականությանն ու արվեստին:

Թող այդ նշանավոր օրը գա ու գտնի հայ գրական ընտանիքը միասիրտ ու միահամուռ բարու, գեղեցկի ու ճշմարտության ճանապարհի վրա:

Սրտագին շնորհավորում եմ այս վսեմ կապը, անգին ընկերներ:





ԳԱՎԱՌԱԿԱՆ ԵՐԵԿՈԻՅԹՆԵՐ

Փետրվարի 2-ին Թիֆլիսի ժողովարանում բժ. Ա. Զարգարյանը կազմել էր զոկական երեկույթ, ուր ներկայացնելու էին իր զոկերեն գրած պիեսը — «Ադաթ չի»1, երգելու էին զոկական երգեր, նազանքներ, արտասանելու էին զոկերեն ժողովրդական ոտանավորներ և պ. Հար. Թումանյանի զոկերեն կուպլետները2, պարելու էին զոկական պարեր:

Եվ ահա այդ գիշեր այս փոքրիկ երեկույթի մեջ հանդես եկավ հայ ժողովրդի թերևս ամենակուլուրական այս հատվածը՝ այնքան ինքնուրույն, այնքան առանձնահատուկ համով ու հոտով և այնքան սրտալի ու շնորհալի, որ հանդիսականների հիշողության մեջ անջինջ կմնա այդ երեկույթի գեղեցիկ տպավորությունը: Եվ ես այդ տպավորության տակ մտածում էի, թե ինչքան լավ կյիներ, եթե մեր գավառները իրար ետևից հանդես գային Թիֆլիսում այսպիսի երեկույթներով՝ իրենց առանձին տարազով ու բարբառով, իրենց սարք ու կարգով, վարք ու բարքով, իրենց ադաթով, լավով-վատով, և ի՛նչ հաճույք կտան այդ երեկույթները, և ի՛նչքան բան կսովորեցնեն:

Մեզանում, Թիֆլիսում, այս կամ այն նպատակով երեկույթներ կազմելու ժամանակ նստում են գլուխ տրաքեցնում, մտածում, որ մի գյուտ անեն, մի նորություն հնարեն ժողովրդին հրապուրելու: Ահա ձեզ գյուտը: Եվ ասեղ գցելու տեղ չկար փետրվար 2-ի գիշերը Թիֆլիսի ժողովարանում, ոչ վերջ հրճվանքին: Թող գան իրար ետևից Արարատը, Շիրակը, Ղարաբաղը, Լոռին, Ջավախքը, Զանգեզուրը, Նուխին, Շամախին, նույնիսկ Տաճկաստանի գավառները: Եվ ի՛նչ գեղեցիկ կլինի:




ԱՆՑՆԵՆՔ ՏՈՆԻՆ

Վերջացավ Շիրվանզադեի հետ սկսած աղմուկը1: Վերջապես իմացանք, որ ամենքն էլ իրավունք ունեն քննադատելու, լավն ու վատը իրարից ջոկելու, վատը մերժելու, լավը վեր հանելու: Եվ այս շատ լավ եղավ հենց իրեն` Շիրվանզադեի համար: Այսօր տեսնում ենք նրա երեսնամյա գրական գործունեության հաշիվը և նրա լավ գործերի համար ցույց ենք տալու մեր հարգանքը: Արդ, այն մարդիկ ու այն մամուլը, որ նրա մի անհաջող նախադասության վրա այսքան կանգնեցին ու զբաղվեցին2, եթե անկեղծ ու շիտակ մարդիկ են, ո՛րքան պիտի կանգնեն նրա տաղանդավոր գործերի առաջ ու ո՜րքան պիտի զբաղվեն նրա հատորներով: Եթե մի ձախորդ խոսքի համար այսքան նախատեցին ու քաշքշեցին, ո՛րքան պիտի հարգեն ու գովեն ամբողջ գեղարվեստական գործերի համար: Ամեն մարդ էլ խոսելու իրավունք ունի, իսկ նրանք, որ իրենց պարտականությունն են համարում երկար խոսելու նախադասությունների մասին, իրավունք չունեն լռելու երեսուն տարվա գրական գործունեության հանդեպ:

Անցնենք այդ երեսուն տարվան գրական տոնին:

Եվ չէ՞ որ գրական հոբելյաններին չեն գալիս անհաջող գործերն ու սխալները թմբկահարելու, այլ հանդես դնելու այն, ինչ որ թանկ է մի ժողովրդի համար, այն, ինչ որ մի հեղինակ ավելացրել է իր մայրենի գրականությանը, այն, ընչի համար որ գալիս են նրան պսակելու:

Ամեն մարդ խոսելու իրավունք ունի. իսկ դուք և իրավունք ունիք և պարտականություն:

Դե խոսեցե՛ք:




ԶԳՈՒՅՇ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ

Հերիք չի, որ հայոց գրականությունը ունի իր երդվյալ թշնամիները, որոնք իրենց փեշակ են շինել հայհոյել ու անվանարկել հայ գրողներին, կա և մի այլ անախորժ դեպք, երբ վշտացնում ու վիրավորում են նրանց առանց չար դիտավորության, մինչև անգամ բարեկամությունից ու սիրուց, հրապարակական քննության առնելով նրանց ապրուստն ու նյութական անապահովության խնդիրը: Վիրավորական ու դատապարտելի մի սովորություն կրկին պատճառներով. առաջինը՝ որովհետև այդպես չի, երկրորդը՝ որ տգեղ է:

Այդ անապահովության անախորժ ողբերը հաճախանում են մանավանդ հոբելյանների ժամանակ: Ահա նորից հոբելյան, նորից մեզ ծանոթ վիրավորական կարեկցությունները և նորից ստիպված ենք հիշեցնելու, թե՝ զգույշ եղեք: Եթե դուք գալիս եք ողջունելու մի տաղանդավոր գրողի իր երեսուն տարվա գրական հոբելյանի օրը և գալիս եք ձեր դրամական ու այլ ձևի նվերներով, այդ հիրավի նրա համար հո չի, որ նա սոսկ մի անապահով մարդ է: Եթե այդ լիներ պատճառը, էլ ինչո՞ւ օտարները գումարներ կնվիրաբերեին իրենց ունևոր գրողներին այդպիսի դեպքերում: Բայց թողնենք օտարներին: Այո՛, շատ ու շատ է ցանկալի, որ այդպիսի օրերը դրամականի խնդիրը չգար մեջտեղ, և ով ավելի շատ կցանկանար որ այդպես լիներ — եթե ոչ հենց ինքը գրողը: Ամեն մինը, որ կարծում է թե անհարմար մի բան կա, չգիտեմ ինչու՝ կարծում է, թե միայն գրողն է, որ չի զգում այդ: Գտեք ձեր գրականությունը պահելու և ձեր հարգանքն արտահայտելու հարմար ու վայելուչ ձևը:

Այդտեղ էլ հո գրողը չի մեղավոր, որ դուք չեք կարողանում գրականություն պահել կամ արժանավայել կերպով ցույց տալ ձեր հարգանքը:

Մտածում եք գրողի մասին, հոբելյան եք տոնում, չպետք է մոռանաք, որ նա զգալ գիտի. պետք է միշտ ի նկատի ունենաք նրա ինքնասիրությունը, նրա հոգու հպարտությունը, նրա սրտի քնքշությունը. այլապես կարող եք աղավաղել ու աղճատել այն, որ ամենասուրբն ու ամենանուրբն է նրա մեջ և որ ամենաթանկը պիտի լինի ձեզ համար:

Տողերիս գրելու աոիթը տվեց «Тиф. листок»-ում տպած մեր սիրելի նկարիչ Գ. Բաշինջաղյանի հոդվածը Շիրվանզադեի հոբելյանի առիթով1, որի մեջ խոսում է վիպասանի նյութական կացության մասին թեև բարեկամավարի ու սիրով, բայց և այնպես ծանը տպավորություն է անում:

Ցավում ենք մանավանդ, որ Բաշինջաղյանն է այդպես խոսում:

Զգույշ պետք է լինել:




ՍԻՐԵԼԻ ՇԻՐՎԱՆ

Երկար տարիների ընթացքում շատ ուրախ ու տխուր օրեր ենք անցկացրել միասին: Բայց այնպես է մեր կյանքն ու ճակատագիրը, որ ուրախության ժամանակ էլ՝ չես իմանում՝ ուրախությունն է շատ, թե տխրությունը: Հոբելյանի ժամանակ էլ՝ չես իմանում որն է ավելի շատ — ուրախությո՞ւնը, թե՜ տխրությունը: Սակայն այս ամենը չեն կարող ու չեն կարողացել ընկճել էն հոգին, որ կրում է իր մեջ աստվածային ուժն ու ստեղծագործական շնորհքը, ամենաբարձրը, ինչ որ կարող է աշխարհքում վիճակվել մահկանացուին: Եվ բոլոր ծանր տպավորություններն ու դաժան դեպքերը դատարկ բաներ են այն չքնաղ գիտակցության հանդեպ, թե դու պաշտոն ես տանում գեղեցկին ու ճշմարտին, ու կյանքի բոլոր անախորժ օրերը ոչինչ են ոգևորության սրբազան վայրկյանի առաջ, որ ընդունակ է վայրկենաբար թոթափել այդ ամենը ու մարդուն միշտ վերածնել հավերժական ֆենիքսի նման: Դու ունիս այս երջանկությունը: Բայց բանաստեղծի այս գաղտնի երջանկության հետ միասին կա և մի այլ հզոր մխիթարություն մեր անհամբույր կյանքի մեջ, որ դու այնքան թանկ ես գնահատել. դա գրող-ընկերի վսեմ կապն ու անվերջ սերն է: Եվ ահա այսօր, քո երեսուն տարվան սրբազան ժամերի ու ծանր օրերի հիշատակելի տոնին գալիս եմ՝ ընկերական ջերմ համբույրով: Դարձյալ օրեր անցկացնենք միասին, շատ կլինեն այդ օրերը թե քիչ — չգիտեմ, ուրախ կլինեն թե տխուր — չգիտեմ, բայց միշտ քեզ հետ կլինի ընկերներիդ սիրող սիրտը:




ԱՐՁԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Խաչ. Աբովյանը ծնվել է Երևանի Քանաքեռ գյուղում 1804 — 5 թվականին: Նա երեխուց աչքը բաց արավ՝ տեսավ՝ թե ինչ անասելի նեղություն էր քաշում մեր ազգը էն ժամանակվա պարսից տերության ձեռքին ու ազգի էս ծանր վիճակը վերք դառավ՝ կպավ սրտին: Մեծացավ, օտար երկիր գնաց ուսում առավ, իր սրտի վերքն էլ հետը մեծացավ ու խորացավ: Ահա էս խոր վերքը, իր աչքի տեսած տանջանքն ու տառապանքը, կռիվն ու քաջությունը հրեղեն լեզվով նա պատմեց մի գրքի մեջ՝ անունը դրեց «Վերք Հայաստանի»: Մեր ազգի սիրած «Վերք Հայաստանին»:

Բաքվի Հայոց Կուլտուրական Միությունը ձեռնարկել է արձան կանգնելու Խաչ. Աբովյանին իր հայրենիքում:

Աշխարհքի ամեն կողմից հայ մարդիկ ուղարկում են իրենց նվերները, ամենքն էլ ուզում են մասն ունենան Խաչ. Աբովյանի արձանի մեջ: Շատն ու քիչը էստեղ նշանակություն չունի. բանը սիրտը, սերը, զգացմունքն է: Թող հինգ կոպեկ լինի տվածը: Միայն թե ամենքն էլ լինեն:

Երեխեք ջան, «Հասկերի» ընթերցող երեխեք, դուք էլ՝ ամեն մեկդ ինչքան կարող եք՝ ղրկեցեք, որ դուք էլ մասն ունենաք մեր անմահ Աբովյանի արձանի մեջ: Էն Աբովյանի, որ կանչում է.

«Ձե՛զ եմ ասում՝ ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդք՝ ձեր անունին մեռնիմ, ձեր արևին ղուրբան. տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք: Մեկ դարդակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ: Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ»:

«Էրեխեք, ձեր ջանին մեռնիմ, ձե՛զ եմ ասում իմ դարդը. ձեզ համար եմ գրում. ձեր երեսին ղուրբան՝ հողումն էլ ըլեմ, եկե՛ք, վրես կանգնեցե՛ք, թե ազգասիրությունն ու հայրենասիրությունը ձեզ վնաս տա, անիծեցե՛ք ինձ, թե օգուտ, օրհնեցե՛ք, ու լսեցե՛ք ձեր ընկերների լացն ու սուքը. նրանց հորն ու մոր կսկիծն և ձեր հորն ու մոր ծոցումը դինջ հանգստանալիս` ասածներս մտքներդ բերե՛ք»: (Վերք Հայաստանի)1:

Նվերները կարելի է ուղարկել «Հասկերի» խմբագրությանը կամ «Հորիզոն» լրագրին:




ԳՐԱԿԱՆ ՖՈՆԴ

Ինչ խոսք, որ Լեոն պետք է գտներ ու հայտարարեր հայոց տպագրության չորսհարյուրամյակը՝ ինչպես և արավ երեկվան «Հորիզոնում»1: Եվ ահա առաջներս է այդ մեծ կուլտուրական տոնը — ընդհանուր հայոց գրականության տոնը, մեծ հիշատակների, հոյակապ գործերի, փառավոր անունների տոնը: Տոնը այն ամեն նվիրականի ու վսեմի՝ ինչ որ կարողացել է տալ և տվել է հայ ազգը: Բարձր ու լուրջ խորհրդածությունների առատ ու գեղեցիկ նյութ: Եվ անկասկած շատ խոսք կլինի այդ տոնի նշանակության ու հայոց գրականության վրա. բայց չորս հարյուր տարուց հետո հայոց տպագրությունը, հայոց գրականությունը ինչ խնդիրներ, ինչ հոգսեր է հանում մեր առջև: Սրանց հանդեպ էլ պետք է լինեն այն առաջարկությունները, որոնց մասին խոսում է մեր ընկերը:

Այդ խնդիրներից, այդ հոգսերից մեկը, թերևս կենտրոնականն ու մեծը այն է, որ աշխարհքի ամեն ծայրում հայ գրողը չի կարողանում նվիրվել գրականությանը և իր գործով պարապում է ի միջի այլոց: Հույս էլ չկա, որ կփոխվի այդ դրությունը, որովհետև պատճառը շատ է հիմնական. ազգը փոքր է, ընթերցող հասարակությունը քիչ է, գրականության շուկան — սահմանափակ: Այս տեսակ փոքր ազգերի մեջ գրականությունը միշտ պահվում է անհատի, հասարակության թե պետության՝ արտաքին միջամտությամբ ու օժանդակությամբ: Մեր մեջ էլ մի քանի անգամ հրապարակավ խոսք է եղել — գրականությունն ապահովելու մի ձև գտնել, բայց միայն խոսք է եղել և երբեք գործի չի անցել: Այժմ պատեհ ժամանակ է և գրական այս համազգային տոնին հեշտ կարելի էր մի անգամ ընդմիշտ վճռել այդ հին խնդիրը՝ հիմնելով ու հաստատելով մի ուժեղ գրական ֆոնդ: Ընդհանուր հայոց ազգի հիմնած մի ուժեղ ֆոնդ — հայոց գրականության համար: Այդ ֆոնդը կփոխեր հայոց ամբողջ գրականությունը, կյանքի քմահաճույքներից կազատեր տաղանդավոր մարդկանց, խանգարված հներին գործի կդներ, սկսնակ նորերին ուժ կտար ու առաջ կքաշեր: Դա կլիներ առաջիկա մեծ տոնի ամենագեղեցիկ հավերժացումը: Եվ անպատճառ պետք է լինի այդ համազգային հոգացողությունը՝ եթե ճշմարիտ է, որ ամբոխներն ու ժողովուրդները գրականությամբ են ազգ դառնում ու մտնում կուլտուրական ազգերի շարքը, եթե գրականությունը ազգի հոգին է, եթե նրա փառքն ու պարծանքն է, ինչպես հայտնի է լուսավոր աշխարհքներում ամեն օր, իսկ մեզանում կրկնվում է հոբելյանների ժամանակ:




ՊԱՏԱՍԽԱՆ Պ. ԿԱՏՈՆԻՆ

Հարգելի պ. Կատոն. «Սուրհանդակ»՝ թերթի № 408-ում1 տված ձեր պատասխանից երևում է, որ ձեզ իսկի դուր չի եկել իմ տված այն հարցը, թե արդյոք դո՞ւք եք նաև «Կ-ն», «Իրազեկ» և Ս. Չերքեզյանը2: Մի հարց, որ ես շատ գեղեցիկ եմ գտնում և շատ է հարկավոր, որ իմ հերթին կարողանամ ձեր հարցի պատասխանը տալ:

Դուք իմ հարցից խուսափելու, այլև ինձ շփոթելու համար պայման եք դնում, որ նախ և առաջ ես հայտնեմ, թե խուզարկու ոստիկանության պաշտոն ունեմ: Եվ սպասում եք, որ պիտի սարսափեմ:

Ընդհակառակը: Դուք իսկի չեք սխալվում, պ. Կատոն, որ խուզարկուի պաշտոն ունեմ, բայց ոչ թե գաղտնի ոստիկանության, այլ այն ժողովրդի, որի բանաստեղծներից մինն եմ, և եթե կուզեք, նրանից էլ դուրս, մինչև ուր կկտրեն աչքերս ու կհասնի ձեռքս: Եվ չեք սխալվում, եթե բացականչում եք՝ չգիտենք որտեղ է վերջանում բանաստեղծությունը և որտեղ է սկսվում գաղտնի խուզարկուի պաշտոնը:

Գրողները, բանաստեղծները միաժամանակ ոչ այլ ինչ են, եթե ոչ գաղտնի խուզարկուներ, որ, ոչ միայն ձեր կեղծ անունները հրապարակ կբերեն, այլև ձեր կեղծ հոգին ու կեղծ մտքերը, որ ավելի խորն են ծածկված:

Այդ աստվածային գաղտնի խուզարկությունն է, որ հայտնագործում է մութը արարածների գաղտնի գործերը և աղաղակում է հրապարակում, և այդպիսով հսկում է բարոյական օրենքներին ու շատ նվիրական բաների՝ գաղտնի սրիկայությունների դեմ:

Գաղտնի խուզարկո՛ւ...

Գիտե՞ք, գաղտնի պարոն Կատոն, եվրոպական մեծ բանաստեղծներից մինը, կարծեմ Հեյնեն, իր հայրենիքին դիմելով՝ ասում է. «Ես քո պահապան շունն եմ»: Ի՞նչ կա որ, թող ես ել իմ համեստ ուժերով իմ հայրենիքի պահապան խուզարկուն լինեմ: Եվ ահա բռնել եմ ձեզ. պատասխան տվեք իմ հարցին, դուրս եկեք հրապարակ: Ոչ մի բարոյական օրենք չկա, որ մի մարդ խոսի, գործ տեսնի միաժամանակ մի քանի կեղծ անուններով, մի անունը մի բան գրի, մյուսը նրան վկա գա, երրորդն էլ հաստատի, իբրև թե երեք մարդ են մեջտեղը: Մի անունով հայհոյի, զրպարտի, մյուս անունով կանգնի իբրև բանից անտեղյակ ու անմեղ մեկը: Մարդ մի երես պետք է ունենա ու մի անուն, մանավանդ նա, որ առաջ է անցնում խոսելու հասարակական ծանր խնդիրների մասին, անհատների ու հոսանքների դեմ:

Այո՛, հասկանում եմ կեղծ անունը, երբ մարդ մի լավ բան է անում կամ գրում ու ծածկում է իր անունը: Նա փախչում է փառքից ու պատվից: Բայց երբ մեկը հարձակվում է սրա նրա դեմ, զրպարտում, հայհոյում, կասկածների տակ գցում ու թաքնվում կեղծ անունների տակ, նա փախչում է պատասխանից ու պատժից: Երբ բարի գործ անողի, հերոսի անունն են են հարցնում, նա իրավունք ունի նեղանալու և խոսելու բարոյական օրենքից, բայց երբ զրպարտչի, հայհոյիչի ու նման մի վատի օձիքը բռնած ժամանակ նա էլ է համարձակվում աղմուկ հանել ու դիմել նույն բարոյական օրենքներին ու էտիկային, և դեռ ուզում է դրանցով վախեցնել իրեն բռնողին, այդ ես չեմ հասկանում, և ոչ ոք էլ չի կարող ինձ հասկացնել, թե հանդուրժելի է:

Դո՜ւրս եկեք արևի տակ: Այսպես է ասում ձեռզ խուզարկու Հով. Թումանյանը:




1912

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈԻԹՅՈւՆ»

Վաղուց է, որ մեզանում զգացվում է մի կարգին «Հայոց պատմության» կարիքը: Վաղուց է, որ նշանավոր դեպքերն իրար ետևից գալիս են ու աղաղակում թե՝ հայ ժողովուրդը չունի և չգիտե իր պատմությունը, նույնիսկ երեկ մեկել օրվա պատմությունը, չգիտի թե ո՞վ է ինքը, ո՞րտեղից է գալիս և ո՞ւր գնում: Հոգեկան ու մտավոր կուրության մեջ այս տեսակ ժողովուրդը, անուղեցույց խարխափում է նա ինչպես անգիտակից մի խալխ՝ միշտ ենթակա այս կամ այն պատին ու պատահարին զարկվելու փորձանքին: Եվ փորձանքներն էլ դաս ու խրատ չեն լինելու նրա համար՝ մինչև որ այդ փորձերի ու փորձանքների պատմությունը չունենա աչքի առաջ ու մտքի մեջ, մինչև որ չհասկանա նրանց իմաստն ու փիլիսոփայությունը: Եվ եթե սխալի ու փորձանքի մեջ ընկնի և պատասխանի կանչվի այս տեսակ ժողովրդի մարդը՝ վերջ ի վերջո նա մի արդարացում կունենա միայն, որ ինքը չի հասկանում իր արածն ու իրեն: Չի հասկանում ինքը, չի հասկանում և նա, ով պետք է պաշտպանի, չի հասկանում և նա, ով պետք է դատի: Մի՞թե սրանից ավելի ողբալի դրության մեջ կարող է հայտնվել մարդ արարածն աշխարհքում: Եվ զարմանալու ի՞նչ կա, որ նա հաճախ կարող է դատապարտվել ու կորչել և անմեղ:

Այժմ հրապարակի վրա դրված է Հայկական տպագրության չորսհարյուրամյակը տոնելու և այդ տոնը զանազան ձեռնարկություններով հավերժացնելու խնդիրը: Բավական ժամանակից ի վեր կտրված լինելով արտաքին աշխարհից՝ չգիտեմ դրա համար ինչ առաջարկներ են եղել՝ բայց որոշ տպավորությունների տակ՝ կուզենայի, որ ամենալուրջ առաջարկների հետ դրված լիներ և «Հայոց պատմության» խնդիրը: Մի «Հայոց պատմություն»: Մի «Հայոց պատմություն» պետք է տալ այս ժողովրդին, որ նրան դատողը դատելիս կարողանա ծանոթանալ ու այնպես դատել, որ նրան պաշտպանողը պաշտպանելիս առաջ քաշի այդ պատմությունը և այնպես պաշտպանի, որ նա ինքը՝ պատասխանի կանչվելիս բաց անի այդ պատմությունն ու այնտեղից հանի իր պատասխանը, որ ուրիշներն էլ ճանաչեն նրան, ինքն էլ ճանաչի իրեն:

Մի «Հայոց պատմություն»:




ՏԽՈՒՐ ՀԻՇՈՂՈԻԹՅՈԻՆ

(Ղազարի մահվան տարեդարձին)

Ուղիղ մի տարի առաջ՝ մին էլ այսօր էր, որ նա դարձավ հիշողություն: Մենք էլ հիշողություններ կգրենք: Ուրիշ ի՞նչ կարող է անել մեր մարդկային ապիկարությունը ամենազոր մահվան հանդեպ:

Սակայն այսօր, նրա մահվան առաջին տարեդարձին ես այն չեմ պատմելու, թե ինչ զգացմունքով էինք կապված մենք կյանքում ու ինչ օրեր անցկացրինք, ոչ էլ նրանից եմ խոսելու, թե ինչ եղավ նրա մահն ինձ համար, այլ հիշատակելու եմ մի երկու տարօրինակ դեպք: Տարօրինակ եմ ասում, որովհետև սովորաբար տարօրինակ են համարվում, թե չէ մենք այդ տեսակ դեպքերը ընդունում էինք որպես սովորական ու բնական երևույթներ:

Մենք հաճախ խոսում էինք բնության ու կյանքի գաղտնի ուժերից, որ տակավին մարդը չի ճանաչում ու չի գիտակցում պարզորեն: Խոսում էինք և հոգիների փոխադարձ հաղորդակցության ընդունակությունից, որ տարածություն չեն ճանաչում և ազդում են ամեն տեղ ու ամեն հանգամանքում, բայց միայն նուրբ բնության տեր մարդիկն են զգում ու հասկանում: Եվ մեր մեջ՝ համարելով մեզ էլ այդ տեսակի մարդիկ՝ շատ դեպքեր էինք բերում մեր կյանքից:

Ահա այդ դեպքերից երկուսը. մինը՝ թե ինչպես նա ինձ տեսավ վտանգի մեջ, մյուսը՝ թե ինչպես ես տեսա նրա մահը:

Սրանից տասը տարի առաջ, 1902 թվականին, ես Թիֆլիսի Հայոց Ազգագրական Ընկերության խմբագրության մասնաժողովի մեջ էի: Գարնանը, մի գիշեր, երբ հավաքվել էինք խմբագրական մասնաժողովի նիստին, մի անակնկալից ես հանկարծ ընկա: Կես գիշերին ինձ բերին մեր տունը: Դրությունս այդ գիշեր սաստիկ ծանրացավ. բայց, իհարկե, այդ ժամին ամենքը քնած էին ու ոչ ոք էլ բան չէր կարող իմանալ: Գիշերվա մի ժամին մեր զանգը տվին: Գնացին, եկան, թե՝

—Աղայանն է կանգնած ներքևը մթնում, քեզ է հարցնում: Դուրս եկա հարցնեմ՝ ինչ կա, ինչ է պատահել:

—Դե լա՛վ, լա՛վ... հետո... Ձայն տվեց ներքևից ու գնաց:

—Առավոտը եկավ, դեմս կանգնեց ու զարմանք հայտնեց, թե ինչպես է, որ ես կենդանի եմ: Պատմեց ու նկարագրեց, նկարագրեց ամենայն ճշտությամբ, թե ինչ դրության մեջ էր տեսել ինձ գիշերը: Նրա համար էր վախեցել ու եկել անժամանակ, համոզված, որ ինձ, անպատճառ մի դժբախտություն է պատահել և զարմանում է, որ ոչինչ չի պատահել:

Ես եղածը ծածկեցի նրանից մինչև մի քանի օր անցավ:

Մի ուրիշ անգամ ես տեսա նրան: Տեսա, թե ինչ պատահեց նրա հետ, ես էլ վախեցած շտապեցի նրա մոտ, բայց այլևս չէի կարող նրան պատմել...

Այդ անցյալ տարի, ուղիղ մին էլ այսօր, հունիսի 20-ի առավոտն էր: Մի տոթ առավոտ էր: Ժամը 9-ից նոր էր անցել:

Նստած էի գրասեղանի առաջ ու միտք էի անում:

Այս խաղաղ մտորման ժամին հանկարծ առաջս փայլատակեց մի պատկեր, մի կենդանի ու զարհուրելի պատկեր... Ղազարոսն առջևս գետին տապալվեց... մեռավ...

Այս պատկերը կայծակի արագությամբ, ավելի վառ, քան իրականությունը, եկավ ու անցավ մի անսպասելի ծանր հարվածի պես և այնպես տակն ու վրա արավ, որ ցավի ու շփոթության մեջ սկսեցի մոտիկ բարեկամների անունները որոնել, թե ո՞րտեղ են, որ հեռագրենք... Մի կերպ աշխատեցի ինձ հաղթանակել, հուզմունքս զսպել. վեր կացա, սկսեցի սենյակումս շրջել, բայց չէի կարողանում ինձ տիրել: Այս ժամանակ ներս է մտնում կինս ու տեսնելով ինձ այդ դրության մեջ, զարմացած հարցնում է՝ թե ի՛նչ է պատահել: Պատմում եմ, թե այս տեսակ մի հիմար բան է մտել գլուխս ու չեմ կարողանում ազատվել: Նա ծիծաղում է վրես ու հանդիմանում: Սկսում է խոսել ուրիշ բանից: Հենց այս խոսակցության միջոցին փողոցից ներս է ընկնում գունաթափ որդիս...

—Պապեն ընկավ...

—Ո՞րտեղ...

—Փողոցում...

—Ի՞նչպես թե ընկավ...

—Ուշաթափվեց... տարան տուն... բժիշկների ետևից են վազում...

Վազում եմ: Նրա տանից մոտ եմ... Հեռվից մեր բարեկամներից մինը ձեռքով դեմս նշան է անում օդի մեջ ու ձայն է տալի.

— Վերջացա՛վ...

Վազում եմ... Մի երկու րոպեից աչքիս առջևն էր նրա վիթխարի դիակը, իսկ ականջումս կանչում էր մեր բարեկամի գուժկան ձայնը.

— Վերջացա՛վ...

Այո՛, վերջացավ: Հավիտյան վերջացավ: Եվ ինչքա՛ն բան վերջացավ ինձ համար... որովհետև ինչքան էլ սիրելի լիներ նա որպես գործիչ, հազար անգամ՜ ավելի թանկ էր որպես ընկեր, և ինչքան էլ շնորհալի լիներ որպես ստեղծագործող, անհամեմատ ավելի բարձր էր որպես ստեղծագործություն: Աստծո հազվադեպ հաջող ու պայծառ ստեղծագործություններից մինն էր նա:





ԵՐԵԿՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՍՕՐՎԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորից ոռնում է հին ծանոթ գույժը — «Տաճկաստանում կոտորում են հայերին»...

Նորից կոտորածի մռայլ մղձավանջը ծանրանում է մեր հոգնած սրտերին և նորից ամենուրեք դալկանում է Արևելքի հին տառապյալը — հայ ժողովուրդը:

Ոմանք ասում են՝ սուտ է, կոտորած չկա: Հայերի դատարկ սարսափն է միայն, որ աղաղակում է այդպես զարհուրելի: Բայց մեր աշխարհքներին ու կիսավայրենի ժողովուրդներին ծանոթ մարդը ամենայն հեշտությամբ պետք է հավատա կոտորածին:

Եթե մինչև անգամ միայն սարսափն է գոռում այսօր, մի՞թե սարսափը դատարկ բան է, էն էլ սարսափելի երկրում ու սարսափելի ժողովուրդների մեջ: Էդ էն սարսափն է, որ աղաղակում է ամեն կոտորածից առաջ ի լուր աշխարհի:

Մի՛ ասեք, թե սուտ է և ապարդյուն ու թշվառ քաղաքականության մի՛ դիմեք անհույս ու շատ փորձված կողմերում:

Դիմեցեք հայոց պատմությանը, Կովկասի պատմությանը, Արևելքի պատմությանը — նրանք ձեզ կասեն. էդպես է եղել միշտ — սարսափ ու կոտորած, սարսափ ու կոտորած... իսկ վերջին դարերում սարսափի, կոտորածի հետ միաժամանակ կկարդաք. «ս. պատրիարքը գնաց մեծ եպարքոսի մոտ, նրան հավաստիացրին, որ արդեն կարգադրություն է եղած խաղաղությունը վերականգնելու և չարագործներին պատժելու, կամ թե չէ՝ պատրիարքը հրաժարական տվեց...» և դարձյալ սարսափ ու կոտորած, սարսափ ու կոտորած...

Վերցրեք մեր պատմությունից ժամանակի մի որոշ տարածություն: Ահա ձեզ 1912 տարի:

1912 տարի է մի անհավասար կռվի մեջ միսն ատամն առած մաքառում ու տանջվում է էս ժողովուրդը, կոտորվում ու փչանում է էս ժողովուրդը:

1912 տարի է Արևելքի բոլոր հզորներն ու բարբարոսները արյունով ու արտասուքով հեղեղում ու ողողում են էս երկիրը: 1912 տարի է սարսափ ու կոտորած, ջարդ ու գաղթ հետևում են իրար անընդհատ:

Էս ամենը դարերով տեսնող ու տանող ժողովուրդը անշուշտ մի իմաստություն պիտի հաներ ու սովորեր էսքան դառը փորձերից ու փորձանքներից, մի քաղաքականություն պիտի ստեղծեր ու մշակեր իր համար էս դժոխք աշխարհքում:

Եվ հայ ժողովուրդը ստեղծեց ու մշակեց իր համար գլխապահության, ինքնապաշտպանության քաղաքականությանը:

Բայց լավ փորձելով ու տեսնելով, որ անկարող է միայն ինքնապաշտպանությամբ իր գլուխը պահել, միշտ աշխատել է միաժամանակ ունենալ մի հզոր դաշնակից կամ ավելի ճշմարիտը — հովանավոր Արևմուտքի քրիստոնյա պետություններից, որովհետև նրան անդադար հոշոտում ու ծվատում էին ոչ թե միայն վաչկատուն ցեղերն ու ժողովուրդները Արևելքի, այլև հենց էն պետությունները՝ զրադաշտական թե իսլամ, որոնց հավատարիմ հպատակն ու հարկատուն էր նա:

Եվ 1912 տարի շարունակ իր երկրի մերթ էս, մերթ մյուս կողմերում ինքնապաշտպանություն կազմակերպելով ու դիմագրավելով օրհասական տագնապների մեջ, նա՝ հայ ժողովուրդը երկար դարերով անդադար օգնություն ու պաշտպանություն է աղերսել քրիստոնյա Արևմուտքից, և էդքան դարերի ընթացքում միայն երկու անգամ է պատահել, միմիայն երկու անգամ, որ նա Արևմուտքից գտել է օգնություն և ուժեղ հովանավոր:

Առաջինը եղել է արևելյան հռովմեական կայսրությունից — Բյուզանդիայից, երկրորդը — ռուսական կայսրությունից:

Հայոց պատմությունը հոյակապ է նկարագրում էն տեսարանը, երբ Ձիրավի մեծ դաշտում մի կողմը պարսկական թշնամի զորքն էր ծփում «իբրև ծով իմն ահեղ», իսկ նրա դեմ Հայաստանին օգնության եկած բյուզանդական բանակն էր կանգնած իր խաչանիշ դրոշակով «իբրև լեառն ադամանդեայ»: Եվ մինչդեռ Արևելքի ու Արևմուտքի էս ահագին զորություններն իրար եկած վճռում էին հայ ժողովրդի ճակատագիրը՝ վերև, Նպատի նվիրական բարձունքին հայոց մեծ Ներսեսը գոչում էր. «Առ Տէր՝ բազկատարած հայցմամբ խնդրելով ի նմանէ հայիլ ի խաչակիր դրօշակ իւրոյ ժողովրդեան», որի աշխարհքը դարձել էր «սպանդարան մարտիրոսաց»:

Թերևս ավելի սրտառուչ է, երբ շատ դարերից հետո Էջմիածնին օգնության շտապող ռուսաց բատալիոնները1 Կրասովսկու առաջնորդությամբ Ապարանի լեռներից Պարսկաստանի գահաժառանգ Աբբաս Միրզայի տասնապատիկ ավելի ուժեղ բանակի կրակի միջով ձգվում էին դեպի հայոց մայր Աթոռը, և մինչդեռ ամբողջ օրը Արարատյան դաշտում, Օշականի ձորում, Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի շուրջը որոտում էր պատերազմը, մի ուրիշ մեծ Ներսես2 սեղան էր հանել Հայաստանի սրբությունները և Լուսավորչի գերեզմանի առջև տարածված ամբողջ միաբանությամբ առ Աստված էր աղաղակում պատերազմի ելքի և պարսկական դժոխքի մեջ այրվող իր ժողովրդի փրկության համար. և աչքերը հանած, լեզուները կամ ոտներն ու ձեռները կտրատած հայ մարդիկ Մայր տաճարի զանգակների տխուր ղողանջյունի վրա սողում էին Էջմիածին կամ դեպի քրիստոնյա բանակը:

Եվ զուր չի էդ հողի վրա հայոց եկեղեցին արձան կանգնեցրել հայ ժողովրդի ապագա սերունդներին ի գիտություն:

Այո՛, էդ ամենը պետք է իմանան ապագա սերունդները:

Այսօրվա շատ մարդիկ, հայ թե ռուս, չեն էլ կարող երևակայել, թե ինչպես են իրար հանդիպել հայն ու ռուսը: Ականատեսներից մինը, հայտնի դեկաբրիստ Ե. Ե. Լաչինովը, իր «Խոստովանությունների» մեջ սաստիկ սրտաշարժ պատմում ու նկարագրում է անցյալ դարի սկիզբներում էդ հանդիպումները:

Նկարագրում է տաճկական, պարսկական ու քրդական գազանությունները, պատմում է, թե ինչպես էին նրանց առաջ սարսափահար փախչում հայերը գեղահան ու տեղահան եղած: Պատմում է, թե ինչպես էին նրանք վազում դեպի ռուսական զորքերը՝ ծեր ու մանուկ, մարդ ու կին, աղաղակելով, русь! русь! здрасти! здрасти!...

Եվ էդ մի բառով էին արտահայտում ամեն բան, և սարսափ, և աղաչանք, և սեր, և խնդիր, որովհետև լեզու չգիտեին: Իսկ մյուս կողմից. «Не бойтесь! не бойтесь!» ձեն էին տալի սարսափահար գյուղացիներին թշնամու դեմ վազող զինվորներն ու արագացնում էին իրենց վազքը:

Ակներև էր, ասում է նա, Լաչինովը, որ գերազանց հանդիսանալու ցանկությանը չէր, այլ յուրաքանչյուրի սրտին հարազատ կարեկցության զգացմունքն էր տանում ամենքին: Մեզանից ամեն մինը մասնակցում էր դժբախտների վիճակին: Նրանք իրենց հանձնել էին մեր պաշտպանությանը, մենք տեսնում էինք նրանց լիովի վստահությունը ռուսական բնավորությանը, նրանց երախտագիտությունը շարժում էր մեզ, հարուցանում էր մեր մեջ ազգային պատվասիրության բարձր ու ազնիվ զգացմունքը: Վերջապես վտանգի միջի կինը, էն թույլ ու անպաշտպան արարածը, որ սակայն ամեն ժամանակ ու ամեն տեղ մեծ ազդեցություն է ունեցել սխրագործությունների վրա, ասպետական ոգու վրա, — ահա թե ինչն էր պատճառը, որ մեզանից ամեն մինը հարձակվողներին նկատում էր որպես անձնական թշնամիների և սլանում էր պաշտպանելու ոչ թե իբրև օտար մարդկանց, այլ իբրև իր արենակիցների» (Кавказск. сб. т. I. Отрывок из «Исповеди» Лачинова)3: Նա, Լաչինովը, պատմում է, թե ինչ սրտառուչ խանդավառությամբ էր դիմավորում իրենց հայ կեղեքված ու տանջված ժողովուրդն ամեն տեղ, ինչպես էր աղոթում, լալիս ուրախությունից. թե նույնիսկ էն երեխան էլ, որ նոր էր սկսել թոթովել, իրենց տեսնելիս ինչպես էր կանչում «Здравствуй, здравствуй...»:

Իսկ մյուս կողմից ռուս օֆիցերներն են գանգատվում, թե հայերին օգնության գնալիս անկարելի է կարգ պահպանել զորքի մեջ, զինվորական շարքերում. որովհետև ամեն մի զինվոր առաջ է նետվում ավելի շուտ օգնության հասնելու համար և խանգարում են կարգը: Անկարելի է լինում կարգ պահպանել:

Էսպես. էն լացախառն ու աղոթքախառն «Здравствуй»-ն, որով ողջանամ էր բազմատանջ հայ ժողովուրդը ռուսական ազատարար բանակին, հենց էնպես աղոթքով ու արտասուքով էլ արձանագրվեց ու հավերժացավ «Վերք Հայաստանի»-ի մեջ, ինչպես էն ի խորոց սրտի խոսքերից մինը, որ երբևիցե արտասանել է հայ ժողովուրդը աշխարհքի առաջ, և իր մշտական տառապանքի մեջ էլ միայն էն ժամանակ է մի իրական օգնություն տեսել, երբ հնչել է եղբայրական հուժկու «Не бойтесьж-ը հանուն արդարության, հանուն քաղաքակրթության:

Մենք հավատում ենք, որ այժմ էլ, երբ վառվում է Անատոլիայի անմար դժոխքը, չի մարած ռուս մարդու լայն սրտի մեջ էդ ազնիվ ու վեհ զգացմունքը, որով նա պետք է պարծենա աշխարհքի առաջ. մենք հավատում ենք, որ այժմ էլ, երբ միլիոնավոր մարդիկ կոտորածի առաջ սարսափահար կարեկցություն ու պաշտպանություն են աղերսում — ռուսական մեծ պետությունը չի հրաժարվիլ Արևելքի մորթվող ժողովուրդներին պաշտպանելու սրբազան ավանդություններից և՝ հիմնվելով միջազգային դաշնագրերով իր ունեցած իրավունքների ու պարտավորաթյանների վըրա՝ կարտասանի իր հսկայական «Не бойтесь»-ը. մենք կյանքի փորձով գիտենք ու հավատում ենք էդ մեծ ուժին ու կենդանի զգացմունքին և հավատում ենք, որ նա վերջ կդնի հայ ժողովրդի էս անվերջ կոտորածին, վայրենի ժողովուրդների անվերջ բարբարոսությանը, քաղաքակիրթ աշխարհքի էս անվերջ խայտառակությանը:




Ղ. ԱՂԱՅԱՆԻ «ԱՆԱՀԻՏԸ»

Սի քանի տարի սրանից առաջ պ. Լևոն Մանվելյանը Հայոց նոր գրականության վրա խոսելիս մի նկատողություն արավ, թե՝ Ղ. Աղայանը իր «Անահիտը» վերցրել է Թաղիադյանի «Վեպ Վարսենկան» գրվածքից:

Ես նրան հայտնեցի իմ գիտեցածը, թե «Անահիտը» ժողովրդական հեքիաթ է, որի մի վարիանտն էլ «Փեշակը ոսկի ա» վերնագրով տպված է Նավասարդյանի հեքիաթների ժողովածուի մեջ1, էն էլ Լոռու վարիանտը, որ Աղայանը գիտեր մանկուց, իսկ վրացական վարիանտը՝ «Թագավորն ու արհեստավորը» անունով տպված է «Աղբյուրի» առաջին տարում2:

Պ. Մանվելյանն էս ամենը հիշատակել էր իր «Հայոց գրականության պատմության» առաջին գրքում3, կցելով սակայն, թե էս նյութն առաջին անգամ մշակել է Թաղիադյանը, որին հետևեց Աղայանը: Եվ խոստացել էր «Վարսենիկի» ու «Անահիտի» համեմատությունն իր տեղն անելու:

Աղայանը սպասում էր խոստացած համեմատության հրատարակությանը, որ ասի էս առարկայի մասին իր խոսքը, բայց դեռ համեմատությունը չտպված ինքը մեռավ: Այժմ դուրս է եկել խոստացված գիրքը, Հայոց գրականության պատմության չորրորդ պրակը, որի մեջ պ. Մանվելյանը իր համեմատությունը անելիս գրում է. «Աղայանը իր սյուժետը վերցրել է Թաղիադյանի «Վեպ Վարսենկան» վերնագրով հեղինակությունից»4:

Եվ ահա թե՛ իմ ողբացյալ ընկերի հիշատակի առաջ, թե գրականության պատմության առաջ ես իմ պարտականությունն եմ համարում էսօր գրելու էս մի քանի տողը՛ ճշմարտությանը պարզելու նպատակով, հայտարարելով միանգամայն, որ սրանով պ. Մանվելյանին չեմ վերագրում ճշմարտության դեմ դիտավորությամբ մեղանչելու որևէ միտք, անընդունակ ճանաչելով նրան էդ տեսակ վարմունքի:

«Անահիտի» սյուժետը Աղայանը Թաղիադյանի «Վարսենիկից» չի վերցրել: Աղայանը մինչև անգամ պնդում էր, որ Թաղիադյանի վեպը փոխադրություն է իտալականից, տալիս էր իտալացի գրողի անունը և խոստանում էր ապացուցանել: Աղայանի «Անահիտի» և Թաղիադյանի «Վարսենիկի» մեջ չկա էն նմանությունը, ինչ որ կա հայ ժողովրդական հեքիաթի և Աղայանի գործի մեջ, որ նույնն է ամենայն հարազատությամբ: Աղայանը էդ նյութն առել է մեր ժողովրդական հեքիաթից, որ ջատագովում է արհեստը: Մի հեքիաթ, որ ունեն բոլոր ժողովուրդները, ըստ էության նույնը, մանրամասնությունների մեջ իրենց առանձնահատուկ երանգով ու կյանքով: Ինչպես գրեթե բոլոր հեքիաթները:

Աղայանը գիտեր էդ հեքիաթի հայկական երկու վարիանտը: Էս րոպեին ես իմ ձեռքի տակ ունեմ նույն հեքիաթի վեց վարիանտը: Մի վարիանտ էլ կա, ռուսերեն լեզվով գրի առած իբրև հայ ժողովրդական հեքիաթ, որը ուրիշ բան չի, այլ հենց Աղայանի «Անահիտի» թարգմանությունը5: Վերջապես Աղայանը դեռ 1881 թվին «Անահիտի» հենց առաջին հրատարակության մեջ հայտարարում է դրա ինչ լինելը և որտեղից առնելը: Էդ հրատարակության ճակատին գրած է. «Հին զրույց», «Ազգային բանավոր զրույցներից առած»: Հետն էլ դնում է Խորենացու խոսքերը. «Պատմեցից ձեզ... զրոյցս անգիրս, յաւանդութենէ ի մեզ հասեալ, զոր և բազումք ի գեղջկաց զրուցեն մինչև ցայժմ»:

Իսկ թե ինչու է Աղայանը էս հեքիաթին տվել պատմական զրույցի կերպարանք ու փոխադրել Աղվանք Վաչագան թագավորի ժամանակները, էդ էլ կարելի է պարզ տեսնել էն «հավելվածքից», որ դրել է նույն հրատարակության վերջում հետնյալ վերնագրի տակ. «Մովսես Կաղանկատուացու պատմությունից մի ծանոթություն Վաչագանի ժամանակումն եղած չար և դիվական աղանդների մասին»:





ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈւ

I

«Հորիզոնի» № 196-ում տաճկահայոց նոր սարսափների առիթով ես մի հոդված էի գրել «Մեր երեկվան պատմությունն ու այսօրվան իրականությունը» վերնագրով1, որի մեջ, շատ թռուցիկ հայացք ձգելով մեր կյանքի ու պատմության վրա, մեր ներկա վիճակը նկատել էի անցյալի շարունակությունը և ասել էի. — եթե մեր բազմադարյան տառապանքի մեջ մի օգուտ ու օգնություն ենք տեսե՝լ էդ եղել Ռուսաստանից վերջին ժամանակներս, և հուսացել էի, թե դարձյալ նա օգնության կգա կոտորածի առաջ կարեկցություն ու պաշտպանություն աղերսող հայ ժողովրդին:

Էսպես գիտեմ ես մեր արյունոտ պատմությունից, էսպես է ասում ինձ Փոքր Ասիայի ու Կովկասի զարհուրելի տարեգրությանը, էսպես է խոսում ինձ հետ հայոց գրականությունն ու իրականությունը, էսպես է թելադրում ինձ իմ հասկացողությունն ու խիղճը:

Արդ, «Հովիտ» շաբաթաթերթի 38 №-ում, պ. Գ. Ենգիբարյանը, ինձ «մեր սիրելի բանաստեղծն» անվանելով հանդերձ՝ էնպես է դուրս բերում, իբրև թե ես տաճկահայերին ապստամբության եմ դրդել իմ հոդվածում, կասկածի է ենթարկում իմ անկեղծությունը ու շատ է նեղանամ, որ ես էս տեսակ մտքեր ու դատողություններ եմ արտահայտում:

Այո՛, սխալ, և շատ սխալ կարող են լինել իմ մտքերը, ինչպես կարող են սխալ լինել և իրեն, պ. Ենգիբարյանի մտքերը, բայց ո՞րտեղ Է տաճկահայերի ապստամբության ակնարկն իմ հոդվածում, և կամ ի՞նչն իրավունք տվեց «Հովիտի» աշխատակցին անկեղծության ու սրտի խոսք հարուցանելու:

Մի՞թե էդպես են խոսում «սիրելի բանաստեղծների» հետ...

Հիրավի, էս ի՞նչ այլանդակ սովորություն է մեր աշխարհքում. մարդկանց դեմ խոսելիս՝ պարզ ասածը խեղաթյուրել, ստեր փաթաթել դիմացինի վիզը, ապա մի անգամ փաթաթած զրպարտությանը զարգացնելով հակառակորդին դուրս բերել ոչ թե էնպես, ինչպես որ կա, այլ էնպես, ինչպես որ իրենք են ուզում:

Եվ էս տգեղ սովորությունը վերջին տարիներս մեր կյանքում իրեն շատ հարմար մի նյութ է գտել — հեղափոխությունն ու ապստամբությանը:

Տարիներից ի վեր մենք լսում ենք հայ մարդկանցից, կարդում ենք հայոց մամուլի մեջ, հենց «Հովիտի» վերև հիշած №-ում էլ նույն բանն են գոռում, թե տաճկահայերի կոտորածները հայկական ապստամբության արդյունք են:

Օտարները աղաղակում են, Տաճկաստանում պաշտոնավարող եվրոպացիք ապացուցանում են, որ էդպես բան չի եղել ու չկա, որ հայկական ապստամբությունն առասպել է, սուտ է, «...армянское восстание — миф» (Ролен Жекмен, член Института международного права. «Армения, армяне и трактаты», стр. 153), որ էդ մեղադրանքը ոչ մի քննադատության չի դիմանամ — Обвинение, будто бы армяне были зачинщиками возбуждения, не выдерживает критики (Мак Коль, «Султан и Державы», стр. 263, телеграмма британского посланника в Константннополе к Лорду Салсбёри от 13 дек. 1895 г.): Նրանք ցույց են տալի, որ էդ կոտորածները սարքովի են, եղել են միշտ, և միտք ունին, որ հայ ժողովուրդը ջնջեն, հայկական հարցը ջնջեն, եթե ջնջել չկարողանան, գոնե թիվը կրճատեն, որ միանգամ ընդմիշտ պրկվի ու ընկնի հարց դառնալու իրավունքից ու կարողությունից: Նրանք հրատարակում են, թե կոտորածներից հետո մեծ վեզիրը սուլթանին հայտագիր ներկայացրեց Հայաստանի դրության մասին, նրան հավաստիացրեց, որ էլ չանհանգստանա հայկական ռեֆորմների ծրագրի պատճառով, որովհետև այժմյանից արդեն ամեն տեղ մահմեդական տարրը մեծամասնության է կազմում (Там же, стр. 264. Депеша итальянского посланника в Константинополе итальянскому министру иностр. дел): Վերջապես, հինգ տերություն միասին վեր են կենում, քննություն են կատարում ու հայտարարում, թե ամեն մի բողոք անիրավության դեմ, ինչքան էլ նա սուր բնավորություն ունենա — ապստամբություն չի, թե հայկական ապստամբություն չի եղել ու չկա... Էդ միևնույն է, սրանք իրենցն են շարունակելու:

Եվ ահա ես էլ էսօր ստիպված եմ հերքելու, թե իմ հոդվածում ապստամբության չեմ գրգռում թուրքահայերին, այլ ասում եմ կոտորվում են, տանջվում են, և Ռուսաստանը կօգնի էդ կարեկցություն ու պաշտպանություն աղերսող ժողովրդին:

Ես, իմ աշխարահայացքով, հայոց թագավորության կարոտով մաշվողը չեմ: Ինձ համար լիուլի հերիք է հայ ժողովրդի կուլտուրական ազատությունը կուլտուրական ժողովուրդների եղբայրության մեջ:

Սակայն, էսօր իմ առաջուց գրածին ավելացնամ եմ հետևյալ խոսքերը: Պ. Ենգիբարյանը պատրաստ պետք է լինի, չպետք է զարմանա ու չպետք է ուշաթափվի, եթե երբևէ մի օր էլ էդ տեսակ երկրում լսի ապստամբության գոչը: Ամեն մի ժողովուրդ, ինչքան էլ նա ռայա լինի (որ հոտ կնշանակի), բաղկացած է կենդանի մարդկանցից, հորից, մորից, քրոջից, եղբորից, ամուսնուց, որդուց... Դրանք հավիտյան չեն կարող տանել թե՛ իրենց և թե՛ իրենց հարազատների տանջանքն ու անպատվությունը:

Մարդկային կարողությունն ա համբերությունը, ինչքան էլ մեծ լինի, մի սահման ունի: Իսկ էն հարցին, թե էդ տեսակ դեպքում Ռուսաստանը դուրս կգա կռվի դաշտը թե չէ, կօգնի հայերին թե չէ, մի հարց, որի պատասխանը հենց տեղն ու տեղը ինքը պ. Ենգիբարյանն էլ տալիս է բացասաբար, առարկելով, թե Ռուսաստանը պատերազմ չի ուզում, ես դրան էսպես կպատասխանեմ: Ռուսաստանը 1877 թվականին էլ ամեն կերպ աշխատում էր խաղաղ ճանապարհով վերջացնել բոլգարական խնդիրը, էն ժամանակ էլ պատերազմ չէր ուզում, էսպես էլ հայտարարում էր մինչև պատերազմի նախօրյակը և պատրաստ էլ չէր իսկի, բայց ստիպված եղավ պատերազմի դուրս գալու. հետևաբար չի ուզում — ուրիշ բան է, չի գնալ — ուրիշ:

Այնուհետև պ. Ենգիբարյանը իմ դեպի Ռուսաստանը տածած հույսերի վերաբերությամբ անկեղծության ու շիտակության հարց է հարուցանում, և ես ինձ զգում եմ ավելի ամուր դիրքի մեջ: Նա հարցնում է, մի՞թե ես հավատում եմ, որ ռուսները եթե հարյուր տարի առաջ հայերին օգնեցին՝ էսօր էլ կօգնեն:

Ես պատասխանում եմ — այո՛, էսօր էլ մեզ ռուսները կօգնեն, ինչպես օգնեցին 100 տարի առաջ և նրանից հետո էլ շատ անգամ:

1878 թվականին էլ մեզ կօգնեին ռուսները և էսօրվա դրությունը չէր լինի, եթե չլիներ Անգլիան և եվրոպական պետությունների կոնցերտը: Նա դուրս չէր բերում իր զորքերը տաճկական վիլայեթներից, մինչև սուլթանը չիրագործեր հայկական բարենորոգումների ծրագիրը, բայց նրան ստիպեցին, զորքը դուրս բերին, մեջտեղը մնացին դատարկ խոսքերն ու խոտոումները, որոնց չկատարելու համար Տաճկաստանը ավելի ևս եռանդով կպավ հայն ու հայկական հարցը մեջտեղից վերացնելու դժոխային գործին: Նրանից հետո էլ, 90-ական թվականների կոտորածներից հետո էլ եվրոպացի դիվանագետները ասում էին. հայկական ռեֆորմների հարցը ձգձգելը կնշանակի էդ հարցը լուծելու գործն ապագայում հանձնել Ռուսաստանին: Նրանցից շատերն էն ժամանակ էլ գտնում էին ու խոստովանում, որ միայն Ռուսաստանն էր լավ վճռում և նրան պետք է թողած լինեին վճռելու հայկական հարցը: Ասացեք խնդրեմ, եթե եվրոպացի քաղաքագետները կարող էն էդքան հույս ունենալ Ռուսաստանի վրա՝ ի՞նչ զարմանալու բան կա կամ ի՞նչ հանցանք, որ մի հայ մարդ ու հայ գրող էլ նույնպես էդ հույսն ունենա ռուսների վրա: Մի հայ գրող, որ գոնե եվրոպացիների չափ կարող է գիտենալ իր ժողովրդի պատմությունն ու դրությունը:

Եվ մեզ զբաղեցնող հարցի վերաբերությամբ միշտ ես ունեցել եմ մի հայացք ու մի համոզմունք, հիմնած մեր պատմության ու իրականության վրա, ու ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ էլ չեմ թաքցրել իմ կարծիքն ու իմ զգացմունքը:

Սրանով էլ պետք է բացատրել էն վրդովմունքը, որ ես ունեցա ու հրապարակով հայտնեցի, երբ Պոլսում, Թուրքիայի հողի վրա, էն հողի վրա, ուր երբեք չի ցամաքել մարդկանց արտասուքն ու արյունը և էն օրերն էլ դեռ ծովացած էր 20 հազար ադանացիների արյունը — միտինգ էին անում ու խոսում Ռուսաստանի դեմ: Մի՞թե ես չգիտեի, թե ուրիշ նեղացող եթե չլինի, գոնե էն միտինգ անողները կնեղանան ինձանից:

Դրանից մի քանի տարի աոաջ էլ, թուրք-հայկական ընդհարումների ժամանակ, երբ հարկադրված, հայի պատմական ինքնապաշտպանաթյանը դիմելով հանդերձ, աշխատում էի իմ հայրենիքում հաշտություն ու խաղաղություն հսատատել հայ ու թուրքի մեջ, առանց խտրելու, թե որինն է էս սարսափած երեխան կամ էս դալկացած կինը, էն ժամանակ էլ, թե՛ ինքնապաշտպանության գործում, թե՛ խաղաղության, եղել եմ միշտ ռուսաց պետական մարդկանց հետ, հաստատ համոզված լինելով, որ էդ պետությունն է միայն մեր երկրում եղած կարգը հաստատողն ու պահպանողը, որ նրա բացակայությունը Կովկասից կվերադարձնի էն դժոխքը, որի մեջ դարերով էրվել են բոլոր ազգերն ու ցեղերը հավասար, էն դժոխքը, որ տեսել ենք անցյալում և որ տեսանք մեր օրերում, մեր աչքով ռուս պետության ժամանակավոր խառնակության ու թուլության օրերում:

Տրամաբանորեն էս հայացքից ու համոզմունքից էլ առաջ գալով, ես «Հորիզոնում» տպած էդ իմ հոդվածը3 գրել եմ ամենայն հետևողականությամբ ու անկեղծությամբ: Բայց շարունակենք:

II

Շատ սառն ու օբյեկտիվ հարցրել եմ կյանքին ու պատմությանը, թե ինչո՞ւ էր տաճկական պետությունը կոտորում հայերին և ինչո՞ւ է կոտորում: Ինչո՞ւ է Ռուսաստանը պաշտպանել հայերին և ինչո՞ւ պետք է պաշտպանի:

Չէ՞ մարդիկ կան, որ կարծում են, թե Աբդյուլ Համիդը կոտորում էր հայերին, որովհետև արյունռուշտ մի բռնակալ էր և սիրում էր կոտորել... Տաճկահայերն էլ մի երգ ունեն. ասում է` մկները քրդերի արտերը կերան, քրդերը որ տեսան մկներին չեն կարողանում հաղթել՝ ետ դառան հայերին կոտորեցին...

Այո՛, աշխարհքին հայտնի մի պարզ ճշմարտություն է, որ Տաճկաստանում կոտորում են հայերին: Բայց պետք է գտնել սրա ետևը թաքնված մյուս ճշմարտությունը — պատճառը, որը կարող Է շատ բարդ լինել:

Ինչո՞ւ է Տաճկաստանը, Համիդյան թե Ժյոն թուրքական, բռնապետական թե սահմանադրական, հալածում ու կոտորում հայերին և թույլ տալիս կոտորելու նույնիսկ մկների ջգրու, ինչպես ասում է ժողովրդական երգը:

Էս մի հարցին մի քանի պատասխան են տալի: Ասում են՝ որովհետև հայերը քրիստոնյա են... որովհետև տնտեսական խնդիր կա... որովհետև հեղափոխականներ կան... որովհետև վրեժ կա... որովհետև անկարգ կառավարություն է, խավար է...

Էդ ամեն որովհետևներն էլ կարող են լինել և կան. սակայն մի որովհետև կա, որ ինձ թվում է, թե ամենալուրջ պատճառն է հայկական կոտորածների:

Վերցրեք Թուրքիայի քարտեզն ու մտիկ արեք: Դա մի նոր պետություն է, որ դրսից եկել է ու կոպիտ ուժով նստել հին կուլտուրական ազգերի ու նրանց հայրենիքների վրա: Եվ էդ երկիրներից մինը թե կա, որ նա համարում է ու դարձրել է իր հայրենիքը, ոչ Բալկանյան թերակղզին է, ոչ Աֆրիկայի հյուսիսը, այլ Անատոլիան, Փոքր Ասիան, էն երկիրը, ուր հայ ժողովուրդն էլ հնագույն ժամանակներից նստած պաշտում է իր Մեծ Հայաստանը, իր ազգային նվիրական վայրերն ու սրբությունները ու էն հողի վրա էլ հարուցանում ու զարգացնում է հայկական հարցը: Էս տեսակետից էլ հայկական հարցը Տաճկաստանը հուզող ամենածանր ցավերից մինն է, և հետզհետե թերևս դառնա ավելի ու ավելի ծանր, քանի թուրքն ստիպված լինի սեղմվել դեպի էս կողմերը: Եվ ահա էս հարցից ազատվելու հնարը էսպես է վճռել թուրքի պետական հանճարը — հայերին կոտորել կամ հալածել, քշել, գաղթեցնել: Այո՛, վայրագ ու անօրեն է էս ճանապարհը, այլն խելագար, սակայն հաստատ: Եվ էս, ճանապարհով էլ նա արդեն հասել է մեծ հետևանքի: Թե՛ եվրոպական մեծ պետությունների հյուպատոսների ու դեսպանների, թե՛ գիտնական ճանապարհորդների, թե՛ հայոց պատրիարքարանի տված ստատիստիկական տեղեկություններով Տաճկաստանի ինը հայաբնակ վիլայեթներում հայ ժողովրդի պրոցենտը տատանվում է 14-24-ի մեջ, իսկ ոչ մի վիլայեթում հայը չի կազմում ազգաբնակության 50 տոկոսը: Էս դեռ 80-ական թվականների ստատիստիկան, իսկ նրանից հետո ի՛նչքան ժողովուրդ կոտորվեց, ի՛նչքան ժողովուրդ գլուխն առավ փախավ, գաղթեց, ի՛նչքան ժողովուրդ պակասեց...

Վանի ռուսաց հյուպատոս Մայեվսկին իր «Ванский вилает» ուսումնասիրության մեջ ասում Է՝ Վանի վիլայեթից 15 — 20 տոկոս պակասեց հայ ժողովուրդը միայն 1895 թվի կոտորածով: Ասում է գյուղեր ու տեղեր կան, ուր Ժողովրդի կեսից ավելին ջարդվեց ու գաղթեց:

Եվ էս ջարդին ու գաղթին վերջ չկա:

Էսպեսով էլ ստեղծվել է մի դրություն, որ նշանավոր գիտնական Էլիզե Ռեկլյուին տրամադրում է լուրջ կերպով կարծիք հայտնելու, թե հայ ժողովուրդը ոչնչանալու ճանապարհի վրա է, և շատ չի քաշիլ որ, Արևելքի մի քանի անհետացած կուլտուրական ազգերի նման, նա էլ կիջնի պատմության ասպարեզից:

Մի դրություն, որ մանավանդ երբ տեսնում եք չի փոխվում, և որի վրա ձեր հիշողության մեջ երբ գալիս ավելանում են հենց միայն վերջին դարիս նախճիրները — 1822 թվի հույների կոտորածը, 1850 թվի նեստորականների կոտորածը, 1860 թվի մարոնիտների ու սիրիացիների կոտորածը, 1876 թվի բուլղարների կոտորածը, 1892 թվի եզիդների կոտորածը, — կարծեք արդարանում է Գլադստոնի2 կարծիքը, թե էն սև օրվանից ինչ հայտնվեց էդ ժողովուրդը, հայտնվեց ինչպես մարդկության թշնամի: Որ կողմը հայտնվեց՝ իր ետևից թողեց արյան լայն հետք, և ուր մտավ նրա իշխանությունը, ամեն տեղից չքացավ քաղաքակրթությունը, անհետացավ միանգամայն: Ամեն տեղ մտցրեց կոպիտ ուժի իշխանությունը և երբեք չհասկացավ ու չունեցավ օրենքի վրա հիմնած կառավարություն...

Էս պատճառով էլ Ֆր. Գրինն ասում է. «Երբ Տաճկաստանից Կովկաս ես անցկենում, էդ միևնույն է, թե անապատից պարտեզ ես մտնում, անապահովությունից կատարյալ ապահովության ես անցնում, կարիքից ու ցավից լիության ու բարեկեցության մեջ ես ընկնում («Положение армян в Турции», 268): Այո՛, միանգամայն ուրիշ պատկեր է Ռուսաստանում: Դրա համար էլ բոլորովին ուրիշ հարաբերություններ են եղել էստեղ և ուրիշ հարաբերություններ էլ պետք է լինեն: Էդ պատճառով էլ մենք Ռուսաստանի համար ոչ այլ ինչ ենք, եթե ոչ ավանգարդ, ինչպես ասում են սովորաբար: Եվ հավատարիմ ավանգարդ, որովհետև էստեղ կոտորածներից ազատվել ենք, թվով բազմապատկվել ենք, տնտեսականապես հարստացել ենք, կուլտուրապես առաջ ենք գնացել, և դեռ սպասում ենք ավելի լավ օրերի: Ռուսաստանն էլ մեզանից ոչ մի վատություն չի տեսել անցյալում, ապագայում էլ ոչ մի երկյուղ չունի: Էս 25-30 տարվա սառնությունն էլ, որ սկսվում է Հայոց Գեորգ IV թուրքասեր կաթողիկոսի ու Դոնդակով-Կորսակով հայատյաց կառավարչապետի օրերից, հեշտ կարող է վերջանալ Գեորգ V-ի կաթողիկոսության ու կոմս Վարանցով-Դաշկովի փոխարքայության օրով: Ռուսական սահմանադրությունն էլ, որ ծանր երկունքով հասունացած կյանքն է ծնել, ինչ ուզում է լինի, ինչքան էլ տատանվի — դեպի առաջ է գնալու, դեպի ավելի լայն հորիզոններ ու պայծառ օրեր, թուրքական սահմանադրությունը չի որ, անակնկալ ու օտարոտի, Պոլսին տիրող բարձունքներից ընկել է թնդանոթի ռումբի հետ, հար և նման ՜76 թվականի Համիդյան սահմանադրության և ճիշտ նույն հանգամանքներում ու միևնույն նպատակով — մինը` Տաճկաստանն ազատելու բոլգարական փորձանքից, մյուսը` մակեդոնական, ուրիշ ոչինչ: Եթե մի ժամանակ մարդիկ կային, որ չէին հավատում, այժմ էդ տեսակ մարդիկ էլ չպետք է լինեն:

Ռուսաստանում մենք ունեցել ենք և կարող ենք ունենալ կուլտուրական մաքառում: Եվ ես համաձայն չեմ էն ողբերի ու ողբասացների հետ, թե մենք կորչում ենք էդ մաքառման մեջ. էդ տրտունջները պետք է բացատրել գլխավորապես ավելի առաջ գնալու տենչանքով. ընդհակառակը, մի հետադարձ հայացք կհամոզեր, որ հենց ազգային տեսակետից երբեք էնքան ուժեղ չենք եղել — ինչպես էսօր:

Խոսքս եզրափակելով ասում եմ, մենք Ռուսաստանում գտնվում ենք աշխարհիս լավ ժողովուրդներից մեկի և լավ գրականություններից մեկի ազդեցության տակ, Տաճկահայաստանն էլ կազմում է Ռուսաստանի արևելյան ազդեցության մերձավոր շրջաններից մինը, և գրեթե միմիայն Ռուսաստանի: Էնտեղ էլ անցյալում նա է կամեցել և այժմ էլ նա կկամենա ու կկարողանա վերջ դնել էս ծանր դրությանը:

Հարկավ, մարդիկ կլինեն, որ կառարկեն, թե էդ ամենը Ռուսաստանը արել է, կանի, որովհետև էդպես են պահանջում իր շահերը: Ես դրան կպատասխանեմ... — Ավելի լավ, որ հզոր Ռուսաստանի ու հայ ժողովրդի շահերը բռնում են իրար: Հենց դրա մեջն է կայանում հայ ժողովրդի օգնությունը, և դրանով է նա հաստատ:

Ահա թե ինչու և ինչպես իմ հույսերն ու համակրանքը կապվում են Ռուսաստանի հետ:




ԳՈՐԾԻ ԱՍՊԱՐԵԶԸ

Ասում են՝ փչացավ հայկական տառերի գյուտի ու տպագրության մեծ տոնը: Փչացավ թե չէ՝ էդ մասին հետո կխոսենք, բայց գլխավորը, — էսօր, մեծ տոնի առիթով հայ ժողովրդի առջև արդեն կանգնած են երկու մեծ գործ — Հայոց Կրթական ֆոնդն ու Հայոց Գրական Ընկերությունը իր Գրական ֆոնդով:

Այո՛, տոնի առիթով, բայց տոնական զգեստ չեն սրանք, որ տոնի օրը հագնենք ու տոնն անցնելուց հետո հանենք մեր հագից: Ո՛չ, դրանք գալիս են շատ ապրելու, շատ ապրեցնելու և շատ լուսավոր ու անմահ գործեր առաջ բերելու վեհ ու վսեմ նպատակով:

Դրանց կարիքը վաղուց Է զգացված մեր կյանքում, վաղուց են սպասում դրանց, ու շատերն են գերեզման իջել, զուր սպասելով հարազատ ժողովրդի ընդհանուր պաշտպանությանը՝ լույսի ու խավարի ծանր ու սրբազան կռվի մեջ:

Մեզանից մեծ ու հառաջադեմ ազգերի մեջ էլ դպրոցն ու գրականությունը կարոտում են արտաքին օգնության և վայելում են ազգերի ու պետությունների խնամքը, ո՛րքան ավելի ևս անհրաժեշտ պետք է լինի էդ խնամքն ու հոգացողությունը մեզանում:

Եվ շարունակ խոսել, շարունակ գրել, բացատրել ու շեշտել են մեզանում դպրոցի ու գրականության նշանակությունը: Շարունակ ցույց են տվել, գանգատվել ու հառաչել դպրոցի ու գրականության, ուսուցչի ու գրական գործչի տագնապալի վիճակի վրա: Շարունակ երազել, ցանկացել ու առաջարկել են հայոց դպրոցն ու գրականությունը ապահովելու անհրաժեշտ գործը:

Եվ ահա Էսօր, մեծ տոնի օրը, Էդ ցանկությունները մարմին առած կանգնած են հայ ժողովրդի առջև, ու դարերի խորքից նրա վրա նայում են Մեսրոպներն ու Սահակները, Խորենացիներն ու Եղիշեները, Նարեկացիներն ու Շնորհալիները, նրանց միջնադարյան ու նոր ժամանակների հաջորդները, նրանց պայծառ գործի բոլոր գործակիցները: Նայում են նրանց անմահ հայացքները, իսկ մենք խոսքից անցնում ենք գործի:

Բացված Է գործի ասպարեզը:





ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՇԻՐԻՄԸ

«Ամեն մարթ չի՛ կանա կարթա
Իմ գիրըն՝ ուրիշ գըրեն է:
Բունիաթըս ավազ չիմանաս՝
Քարափ է, քարուկըրեն է...»1
Սայաթ-Նովա


Մեր սիրելի նկարիչ Գ. Բաշինջաղյանը անցյալները «Մշակում»2 մի նամակ էր տպել ու հիշեցրել էր մեր անմահ երգիչ Սայաթ-Նովայի շիրմի խնդիրը:

Եթե չեմ սխալվում՝ մի անգամ էլ, մի քանի տարի առաջ, մեր ազգայիններից, մինը հրապարակ հանեց դարձյալ Սայաթ-Նովայի շիրմի խնդիրը, բայց էնպես անպատասխան էլ անցավ ու մոռացվեց թե հարուցած խնդիրը, թե ինքը՝ հոդվածագիրը:

Հիրավի, ծանր է, երբ միտք ես անում, էսքան հոյակապ մի տաղանդ, էսքան խորունկ մի հոգի, էսքան ազնիվ ու կենդանի մի սիրտ ու էսքան մոռացված մի գերեզմա՛ն...

Այո՛, էս ազգը դառը ժամանակների ու վայրենի հարվածների տակ ջախջախված, խանգարված ու խառնված մի խալխ է դարձել ու դեռ ուշքի չի եկել նորից, մի ամբողջություն չի դարձել ու չի ապրում իր կյանքով, թե չէ ի՞նչպես կարող էր պատահել, որ Սայաթ-Նովայի երգերն ու գերեզմանը մնային մոռացված:

Հայոց նորաբաց Գրական Ընկերությունը որոշել է մոտիկ առաջիկայում կազմակերպել հատուկ Սայաթ-Նովային նվիրված մի գրական-երաժշտական երեկո և շիրմի խնդիրն էլ էս անգամ կարգի կդրվի:

Եվ արժե, որ հայ ժողովուրդը երբեմն-երբեմն էս հարազատ, գեղեցիկ ու մեծ անունները հանդես բերի ու ջերմանա նրանց մշտավառ հոգիների անշեջ կրակով:




1913

ՄԻ՞ԹԵ ԴԺՎԱՐ Է

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ: Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը:

Մի՞թե հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի:

Եվ հեռու է տանում ինձ էս մտածմունքն ու ավելի մեծ է վիշտը:

Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ: Կյանքը — տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով: Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով — մարդկության կյանքով: Սակայն նույնիսկ դրանով — մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ: Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման: Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով: Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի — նեղ թայֆայական կյանք — թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը... Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսրտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ:

Ո՛վ ողորմելի ուրախություն, ի՛նչքան ցավալի բաներ ես ասում դու...

Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը: Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ: Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք: Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի:

Մի՞թե դժվար է:




ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ՈԻ ԻՐ ԼՈԻԾՈԻՄԸ

Երևակայեցեք թե քսան տարի է, ինչ որ դուք ծանոթ եք մի նշանավոր մարդու, դրա համար էլ ձեզ համարում են քսան տարեկան, մինչդեռ 50 կամ 60 տարեկան եք դուք:

Սրա նման մի բան է, որ սովորաբար ասում են 35 տարի է, ինչ գոյություն ունի հայկական հարցը, որովհետև 35 տարի է, որ դրված է եվրոպական դիվանագիտության առջև և էդ էլ հաշվում են Բեռլինի դաշնադրության օրից1:

Մի հիմնական սխալ, որ մարդկանց մտածողությունը սահմանափակելով էս 35 տարվա ժամանակի ու դեպքերի շրջանակում, պատճառ է դառնում շատ սխալների:

Սակայն եթե ազատվենք էդ մեծ սխալից, հարցին նայենք ավելի մեծ տարածության վրա, հեշտ էլ կճանաչենք նրա բծավորությունը, ավելի հաջող էլ կմոտենանք նրա բանական ու բնական լուծման հնարավորությանը:

Եվրոպական դիվանագիտության համար, այո՛, 35 տարի է, ինչ որ գոյություն ունի Հայկական հարցը, բայց Մեզ համար էլ հո էդպես չի, 35 տարի չի, ինչ որ գոյություն ունի նա:

Երկրորդն էլ մեր հարցը Բեռլինից չի սկսվում և եվրոպական պետությունները չեն դրել, այլ Սան-ՍտԷֆանոյից է սկսվում, և ռուսներն են առաջին անգամ Հայկական հարցը մտցրել միջազգային խնդիրների շարքը:

Էս երկու ճշմարտության մշտապես հիշելը շատ է կարևոր և շատ բան են ասում սրանք:

Հայկական հարցը շատ է հին: Իր ամբողջությամբ նրան մեզանում քչերն են ծանոթ ու տեղյակ: Նա իր սկզբնական շրջանում զուտ քաղաքական խնդիր էր և հետամուտ էր ձեռք բերելու հայի կորցրած քաղաքական անկախությունը: Բայց ժամանակի ընթացքում ջախջախվեց ինքը — հայ ժողովուրդը, ջախջախվեցին նրա ուժերն ու հույսերը ու իջնելով, իջնելով պարսկական ու տաճկական բռնակալության տակ՝ պահանջը հասավ մինիմումի: Եվ Էսօր նա հանդես Է գալիս արդեն լոկ որպես քաղաքացիական ազատության խնդիր, որ իր պահանջը վերջ ի վերջո ձևակերպում է էսպես. կյանքի, գույքի, պատվի և կուլտուրական զարգացման ապահովություն:

Թե հայոց հարցը քաղաքացիական խնդիր է, ոչ թե քաղաքական, էդ լավ գիտեն թե Եվրոպայում, թե Տաճկաստանը և թե Ռուսաստանը, և հայոց սեպարատիզմի առասպելին լուրջ մարդիկ չեն հավատում: Ռուս հայտնի գեներալ Ֆադեը իր «Армянская народность» աշխատության մեջ հերքելով հայկական սեպարատիզմը, որպես քաղաքական ուղղության, ասում Է՝ եթե մինչև անգամ դրսից էլ օգնություն ստանա, դարձյալ անիրագործելի բան է դա:

Եվ, էսպես ամենքի համար նա է և մնում է կյանքի, գույքի, պատվի և կուլտուրական զարգացման ապահովության պահանջ:

Արդ, ո՞րտեղ և ո՞ր օրից գոյություն ունի հայկական հարցը իր ներկա բնավորությամբ:

— Էն օրից, ինչ որ վտանգվել Է հայ ժողովրդի կյանքը, գույքը, պատիվն ու կուլտուրական զարգացումը: Եվ գոյություն է ունեցել Պարսկաստանում, գոյություն է ունեցել և ունի Տաճկաստանում: Գոյություն չունի և չի ունեցել Ռուսաստանում, թեկուզ իշխան Գալիցինի օրերում: Ընդհակառակը, հայ ժողովուրդը միշտ նայել է Ռուսաստանի վրա որպես իր խնդրի ավանդական պաշտպանի վրա:

Դեռ 18 դ. սկզբում Օրին, հայոց բարձր հոգևորականությունն ու մելիքները բանակցության մեջ էին Պֆալցի գերմանական կուրֆյուրստ Հովհան Վիլհելմի հետ և, առաջարկելով Հայաստանի իշխանությունը, խնդրում էին նրան, ազատել իրենց երկիրը պարսկական բռնակալությասից, գերեվարություններից, կոտորածներից, կեղեքումներից ու առևանգումներից:

Ուրեմն էն ժամանակ գոյություն ուներ հայկական հարցը Հայաստանի պարսկական մասում և կոչվում էր պարսկահայկական հարց: Եվ դեռ էն ժամանակ էր, որ գերմանական կուրֆյուրստը, թեև ցանկանում էր օգնել հայերին, հայտնեց, թե եվրոպական պետությունները հակամարտ շահեր ունեն Արևելքում — Պարսկաստանում ու Տաճկաստանում, չեն միաբանել հայկական հարցի վրա, վերջը՝ թե հայ ժողովրդի փրկությունը չի կարող գլուխ գալ առանց Ռուսաստանի: Խորհուրդ տվեց դիմել Ռուսաստան Պետրոս Մեծին: Շատ շուտով փորձն ու գործն էլ ցույց տվին, որ միայն Ռուսաստանը կարող էր վճռել խնդիրը: Եվ թե Օրին ու հայ հոգևորականությունն ու մելիքները, թե հայ ժողովուրդը էն օրվանից երեսներն արին դեպի Ռուսաստան: Եվ ընդմիշտ դեպի Ռուսաստան: Մինչև էսօրվան օրը:

Ռուսաստանը էն միակ մեծ պետությունն էր, որ, անվերադառնալի վճռած, իր պատմական հարվածներն ուղղել էր Պարսկաստանի, բայց մանավանդ Տաճկաստանի վրա, և ուզում էր մի կողմից Ցարգրադի դարպասի ճակատին կախել իր վահանը, մյուս կողմից իջնել դուրս գալ Պարսից ծոցը: Էսպես, ճանապարհն ուղիղ Կովկասի վրով, այլև քրիստոնյա ու անհամեմատ ավելի բարձր իր քաղաքակրթությամբ: Եվ հայ ժողովուրդը բազմատանջ Վրաստանի հետ միասին ապավինեց նրան: Իսկ Կովկասը իր բարեկամ քրիստոնյա ժողովուրդներով Ռուսաստանի համար թե՛ ռազմական, թե՛ տնտեսական տեսակետից հանդիսանում էր միակ ու հաստատուն կռվանը Արևելքում: Էսպեսով էլ երկուստեք դաշն ու հավատարմությունը ապահովված էին վերին աստիճանի կենսական ու հաստատուն երաշխիքներով: Եվ ահա

«От Урала до Дуная,
До большой реки
Колыхаясь и сверкая
Движутся полки...
………………………
Идут все полки, могучи,
Шумны, как поток,
Страшно — медленны, как тучи,
Прямо на восток2.
(Лермонтов)

Եվ մի շարք ռուս-պարսկական պատերազմներից հետո վերջնականապես 1828 թվին Ռուսաստանը տիրեց Հին Սյունիքը, Գուգարքն ու Արարատյան երկիրը և միանգամ ընդմիշտ վերջ տվեց կոտորածներով, գաղթականություններով ու առևանգումներով հայտնի հայկական հարցին հայոց աշխարհքի էս մասում, կամ ուրիշ խոսքով՝ պարսկահայկական հարցին:

Մնաց տաճկահայկական հարցը:

1829, 55 և 78 թվականների պատերազմներով էլ իր ձեռքի տակը բերելով Ալեքսանդրապոլն ու Ղարսը և այլ շրջաններ — էդ մասերում էլ լուծեց հայ ժողովրդի կյանքի, գույքի և պատվի հարցը: Սակայն սրանով լուծվեց տաճկահայկական հարցի մի մասը, իսկ մնացած մասում, ինչ որ մնաց թուրքի ձեռքի տակ — Էրզրում, Վան, Մուշ և այլ տեղեր, մնացին ու շարունակվեցին նույն կոտորածները, նույն գաղթականությունները, նույն բռնաբարությունները ու առևանգումները — մի խոսքով նույն հին հայկական հարցը:

Եվ պարբերաբար եվրոպական պետությունների շահերի դիմաց, լուսավոր մարդկության խղճմտանքի դիմաց, ամբողջ հայության մորմոքվող սրտի դիմաց ծառանում է էդ արյունոտ ու արցունքոտ հարցը: Այժմ էլ ահա նորից բարձրացել է նա սրբազան ահավորությամբ: Ի՞նչպես պետք է վճռվի նա և էդ մնացած մասում:

Առաջին պատասխանը, որ բխում է գործի հիմնավոր ծանոթությունից, ասում է.

— Էս օրվան մնացածն էլ պետք է վճռվի էնպես, ինչպես
որ վճռվել է մինչև այժմ:

Բայց էստեղ մի մեծ հարց:

— Ո՞վ կուզի դրա առաջն առնի և ո՞վ է կարող:

Եվ ահա, հարցի պատմությանն ու ընթացքին հետևելով, եկանք կանգնեցինք էնտեղ, որ հայկական հարցի մնացորդն էլ պետք է լուծի Ռուսաստանն էնպես, ինչպես լուծել է մինչև այժմ կամ ուրիշ խոսքով, եկանք կանգնեցինք Խոյ ու Մակու: Եվ ահա սահմանի մյուս կողմը թյուրք կառավարությունը, որ միշտ խաղացրել է եվրոպական պետություններին, լավ գիտենալով, որ նրանք էլ են խաղ անում, աճապարանքով հրամանագրում է իր պաշտոնյաներին — խաղաղություն պահպանել հայկական նահանգներում, թե չէ ռուսը անց կկենա:

Էսպեսով ամբողջ աշխարհքը գիտի, որ թե... ռուսն անց կկենա:

Թուրքը երբեք չի կարողացել և այժմ էլ չի կարող առնել ռուսի առաջը: Հապա ո՞վ կուզենա առնել ռուսի առաջը:

Եվրոպական մեծ պետությունները կուզենան:

Նրանք են միշտ պաշտպանել թուրքին ռուսի դեմ և կարող է պատահել, որ նորից նրանք պաշտպանեն:

— Արդյոք թուրքի սիրո՞ւց:

―Ո՛չ:

— Գուցե հայերին մարդավայել օր ու կյանք տալու համա՞ր:

― Երբե՛ք:

Իրենց շահերի և հատկապես Ռուսաստանի հզորացման առաջն առնելու համար:

Ռուսաստանը հյուսիսից դեպի հարավ իջնելով, Անգլիան Հնդկաստանից դեպի հյուսիս բարձրանալով, աշխարհքի էս երկու հզորների շահերն ու ազդեցությունները վաղուց են իրար դեմուդեմ եկել Միջին ու Փոքր Ասիայում: Եվ Անգլիան ամեն կերպ աշխատել է միշտ Ռուսաստանի դեմ ստեղծել մի պատվար, պաշտպանել է մերթ Պարսկաստանին, մերթ Տաճկաստանին և առհասարակ Ռուսաստանին թշնամի ամեն մի՝ ուժ սրա ծավալման ու հզորացման առաջն առնելու համար:

Մյուս կողմից՝ գերման ու սլավոն ցեղերի հին ներհակությունը հաստատվել է նոր իրական հանգամանքներով: Գերմանիան է ազդեցություններ ու իրավունքներ ձեռք բերել Տաճկաստանում և հայտնվել ռուսի ճանապարհին: Ավստրիան է տեսնում օրը ցերեկով, որ Ռուսաստանը իր ամեն մի, զարկով ոչ թե շարունակ մեծանում է Տաճկաստանի հաշվին, այլև իրար ետևից ազատագրում բոլոր սլավոն ցեղերին, իսկ ինքը Ավստրիան ունի 25 միլիոն սլավոն հպատակ: Սրանց հետ, միասին, եթե առնենք և այլ ուրիշ հանգամանքներ, քաղաքական թե տնտեսական, պարզ կլինի մեզ համար թե ինչու Ավստրիան ու Գերմանիան էլ հաճախ պաշտպանել են Տաճկաստանին ռուսի դեմ, որը հունա-սլավոնականության մեծ ներկայացուցիչն ու վերածնողն է հանդիսանում:

Դեռ 16 դարից, Ղրիմի թաթար խաների դեմ մղած կռիվների օրից, իր հետ ունենալով սլավոն ցեղերը, վեր է կացել Ռուսաստանը Տաճկաստանի դեմ: Եվ քանի-քանի անգամ մահացու հարվածներ է տվել նրան: Բայց կանոնավոր կերպով ամեն մի հաղթանակից հետո նրա դեմ են դուրս եկել եվրոպական մեծ պետությունները ու կանգնեցրել էն պատերազմի դաշտում. — Ո՛չ, Տաճկաստանը պետք է ապրի և դու չպետք է զորանաս նրա հաշվին: Թեև իրենք էս միջնորդությունների համար միշտ զորացել են Տաճկաստանի հաշվին և ռուսին տարել են մի որևէ կոնգրես կամ կոնֆերանս: — Անատոմիա կամ ավտնոմիա, — պահանջ է դրել, Ռուսաստանը վեհաժողովներում:

— Ո՛չ, Տաճկաստանի ամբողջությունը պիտի մնա անձեռնմխելի. և ամեն մի բարենորոգում իր երկրի մեջ նորին մեծություն սուլթանի փադիշահության ներքին գործն է, և նա արդեն ազնիվ արքայական խոսք է տալիս, և ահա հրատարակում է էս ինչ կամ էն ինչ թուղթը. վճռել են ամեն անգամ եվրոպական մեծ պետություններն ու փակել իրենց վեհաժողովները:

Ահա թե որտեղ է, ինչպես Տաճկաստանի հետ կապված ուրիշ հարցերի, էնպես էլ հայկական հարցի դժբախտության պատճառը, և ահա թե ինչու և ինչպես է ապրել Թյուրքիան:

Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է. նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է: Եվ նրա հաջողությունը միշտ կապված է եղել Ռուսաստանի հաջողության հետ: Ով վեր է կացել Ռուսաստանի հաջողության դեմ, վեր է կացել հայկական հարցի հաջողության դեմ, և ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին:

Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ:

Եվ տեղ չկա խուսափելու:

«Հորիզոնի» նախանցյալ № 9-ում մեր խոսքը նրանով վերջացավ, թե Եվրոպական պետություններից որը եղել է Ռուսաստանի ծավալման դեմ — նա դեմ է եղել և հայկական հարցին, էսպես է հայկական հարցը իր ներկա բնավորությամբ, որպես գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր, կապված Ռուսաստանի առաջխաղացության հետ:

Հաստատ կարելի է ասել — բոլոր հայերը գիտեն ու համոզված են, որ Գերմանիան ու Ավստրիան ավելի քան անտարբեր են եղած դեպի հայկական հարցը:

Բայց մեր մեջ հավատ կա արմատացած, թե Անգլիան ու Ֆրանսիան եղել են հայկական հարցի բարեկամները:

Ինձ թվում է մեզ էս քաղցր մոլորության մեջ գցել են Գլադստոնի, Դիլլոնի, Բերարի, Պրեսանսեի նման լավ մարդկանց ճառերը ի պաշտպանություն հայ ժողովրդի, ընդդեմ Թուրքիայի վատթար կառավարության: Իսկ իրենց պետությունները, որ միշտ եղել են Ռուսաստանի զորացման դեմ Արևելքում, դրա հետ միասին միշտ էլ դեմ են եղել հայկական հարցին:

Անցյալ դարու սկզբից Ռուսաստանը մտավ Կովկասի սահմաններն ու սկսեց իր պարսկական պատերազմները: Էդ պատերազմները թե Գուգարք ու Սյունիք, թե Շիրակ ու Արարատյան երկրում՝ ազգային սրբազան պատերազմի նշանակության ունեին հայերի համար: Վճռվում է պարսկահայկական հարցը:

Հայ ժողովուրդն ազատվում է պարսկական դժոխքից: Հայոց հոգևորականությունը խաչը ձեռքին գնում էր ռուսաց զորքի առաջին: Հայոց ինքնապաշտպանության խմբերը, որ կամավորներ էին կոչվում, կռվում էին ոուսաց զորքի շարքերում կամ ապահովում էին նրա ճանապարհը թշնամու հարձակումներից: Հայ ժողովուրդը իր ամբողջությամբ ոտի էր կանգնել:

Եվ էդ բոլոր պատերազմներում Անգլիան օգնում էր Պարսկաստանին: Իհարկե, նա չէր էլ մտածում հայ ժողովրդի մասին, և միայն մի ցավ ուներ — կտրել ռուսի առաջխաղացության ճանապարհը դեպի հարավ, դեպի Հնդկաստանի իր կալվածքները: Եվ էդպեսով գործում էր պարսկահայկական հարցի դեմ: Թե 1804 — 1807, թե 1810 — 13, թե 1826 — 28 թվականներին պարսից սարվազների գլուխն անցած՝ ոուսաց զորքի դեմ, նրանց հետ և հայ կամավորականների ու հայ ժողովրդի դեմ՝ կռվում էին Անգլիայի օֆիցերներն ու ինժեներները, պայթում էին անգլիական հրացանները, որ 20 հազարով ու 40 հազարով իրենց ամեն ռազմամթերքով տալիս էր Պարսկաստանին Հնդկաստանի Անգլիական կոմպանիան: Ղարաբաղի ամրությունների ու Էջմիածնի պարիսպների դեմ որոտում էին և անգլիական թնդանոթները, որոնց վրա մակագրված էր. «Թագավորների թագավորից — Շահերի Շահին պարգև»:

Սակայն վերջ ի վերջո հաղթվեց Պարսկաստանը ու վճռվեց պարսկահայկական հարցը. այսինքն, պարսկահայկական նահանգներն անցան Ռուսաստանին և ապահովվեց հայ ժողովրդի գոյության խնդիրը:

Հերթն եկավ տաճկահայկական հարցին:

Տեսնում ենք դարձյալ Անգլիան Տաճկաստանի հետ Ռուսաստանի դեմ և միաժամանակ դեմ հայկական հարցին:

Թե 1829 թվականի, թե 1855 թվականի, թե 1878 թվականի ռուս-տաճկական պատերազմներին հայտնի է, թե ինչ պաշտպանություն ցույց տվեց Անգլիան Տաճկաստանին: Մի քանի անգամ ռուսաց բանակը մտել է Էրզրում և մի քանի անգամ հայկական նահանգները Անգլիայի ջանքերով ռուսից խլվել ու ետ են տրվել սուլթանին: Եվ մի քանի անգամ հայ ժողովուրդը, որ էդ պատերազմներում իր համակրանքն ու սերը բաց ցույց էր տվել ռուսներին — Անգլիայի ձեռքով մատնվել է տաճիկ կառավարության ու ժողովրդի վրեժխնդրության կատաղությանը:

1855 թվին, երբ Ռուսաստանը հասել էր Պոլիս, երևաց դարձյալ Անգլիան, միաբանության բերեց մեզ անմիաբանությամբ: Հայտնի եվրոպական կոնցերտը, և ոչ միայն Տաճկաստանն ազատեցին ռուսի ձեռքից, այլև ռուսին ջարդեցին ու թուլացրին միացյալ ուժերով, իսկ սուլթանին ուժեղացրին, ստեղծեցին նրա համար մի անձեռնմխելի արտոնյալ դիրք և նրա արյունոտ ձեռքն ավելի ծանր հաստատեցին Տաճկաստանի քրիստոնյա ժողովուրդների, նրանց թվում և հայերի վրա, որոնք արնաքամ եղան մինչև 1878 թվականը:

1878 թվականին էլ, երբ կրկին <սկսեց> ռուս-տաճկական պատերազմը, և երբ դարձյալ ռուսական բանակը հասավ Պոլսի շեմքը, դարձյալ երևաց Անգլիան, դուրս հանեց իր նավատորմիղը և ռուսին կանգնեցրեց Սան-Ստեֆանոյում: Ապա Գերմանիայի հետ հաղթողին տարավ Բեռլին, դիպլոմատիական ջարդ տվեց նրան և միաժամանակ ջարդեց հայկական հարցը, կամ ավելի ճիշտը թարսեց, 16-ը շինեց 61, ռուսաց զորքի փոխարեն հոդվածի մեջ մտցրեց սուլթանի անունը և նրա բարեհայեցողությանը հանձնեց հայ ժողովուրդը, էս բոլորի համար ստանալով Կիպրոսն ու հայկական հարցի մոնոպոլիան:

Մենք զարմացանք Բեռլինում կատարված էս ֆոկուսի վրա, թե ինչպես 16-ը դարձավ 61, ուրախացանք, որ դարձանք 6 մեծ պետության հոգածության առարկա ու Բեռլինից գնացինք Լոնդոն, էնտեղ էլ տեսանք ինչ գեղեցիկ ճառեր են ասում...

Մինչդեռ մեր աշխարհքում հետզհետե մեծանում էր մեզ ու ռուսին իրարից բաժանող տարածությունը, պաղում էին հին լավ հարաբերությունները, ստեղծվում էին նոր հարաբերություններ անպայման վնասաբեր երկու կողմի համար էլ, թե մեծի թե փոքրի, թե ռուսի թե հայի:

Եվ ահա վրա հասան 1894-96 թթ. կոտորածները, երբ Կովկասում հայ-ռուսական հարաբերությունների պաղությունը հասել էին գալիցինյան ռեժիմին և Վելիչկոյի հրապարակախոսությանը, իսկ Անգլիայում մեր բարեկամությունն և հոգատարությունը հասել էր իր գագաթնակետին Գլադստոնի ճառերում...

Եվ ի՞նչ...

Վերջ ի վերջո դուրս եկավ, որ Գալիցինը գոնե տաճկական սրից ազատված 40 հազար հայ գաղթական ընդունեց Կովկաս, իսկ հայկական հարցի ու հույսերի տերը — Անգլիան հայ ժողովրդի սարսափին ու աղերսախառն դիմումին տվեց հայտնի պատասխանը — «Մեր նավերը չեն կարող լողալ հայոց լեռների գագաթներին»8:

Մինչդեռ աշխարհքին հայտնի է, որ սուլթան Աբդուլ Համիդը նստում էր ոչ թե Հայոց լեռների գագաթներին, այլ Բոսֆորի ջրերի ափերին, ուր միշտ կանգնում են անգլիական նավերը:

Էսպես է եղել Անգլիան մինչև վերջին տարիներս:

Իսկ Ֆրանսիա՞ն:

Տասնվեցերորդ դարից սկսած սուլթանի հետ կապած պայմանագրերով ձեռք բերելով Թյուրքիայում բացառիկ դեր ու դիրք, Ֆրանսիան դարձավ Արևելքում պաշտպանը եվրոպական քրիստոնյաների, որոնք նույնիսկ ֆրանկ կոչվեցան անխտիր, եղան Թյուրքիայում արտոնյալ ու ազատ բնակիչներ, լցվեցին ծովեզրյա քաղաքները և միշտ, մինչև Պոլսի վերջին ջարդը, իրենց լուսամուտներից տեսան հայերի կոտորածը: Եվ հայերը երբեք չնկատվեցին քրիստոնյա ու չտեսան Արևելքում քրիստոնեության մեծ հովանավորի հովանին, որովհետև տաճկահպատակ էին ու ռայա:

Եվ հենց Փարիզումն Էր (1856 թվին), Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ եղած վեհաժողովում4, որ առաջին անգամ Տաճկաստանն ընդունվեց եվրոպական քաղաքակիրթ մեծ պետությունների շարքը, միջազգային երաշխավորությամբ ապահովեց նրա հողայինն անձեռնմխելիությունը, սուլթանի անկախության սկզբունքը, նրա` իր հպատակ քրիստոնյա ազգերին հոշոտելու խնդիրն անվանեց Տաճկաստանի ներքին գործ և նրանց, բարօրության, համար միանգամայն բավարար նկատվեց սուլթանի Հատտը-Հումայունը:

Էստեղ, Փարիզում ստեղծվեցէԷն ամենը, ընչով որ սուլթանն իրեն զգում էր ուժեղ ու ապրում էր նրա բարբարոսական կառավարությունը, իսկ նրա հպատակ քրիստսնյա ժողովուրդները — դժբախտ ու տառապում էին՝ օրհասական մաքառումներով, ցույց տալով իրենց կենդանությունն ու վերածնվելու ձգտումը:

Եվ ահա Փարիզյան կոնգրեսի ու դաշնադրության վրա խոսելուց հետո էսպես է եզրափակում իր խոսքը մարդկության պատմությունը:

«Եվ էսպես, — ասում է, — քրիստոնյա պետությունների և ժողովուրդների մեջ եղած հակամարտության պատճառով, նրանց <հան>դեպ իրար ունեցած նախանձի պատճառով, էն մշտական անվստահության պատճառով, որով նրանք հսկում էին իրար, և վերջապես, էն երկյուղի պատճառով, որով նրանցից ամեն մինը վերաբերվում էր մյուսի ազդեցության շրջանի միակողմանի ծավալումին ու զորացմանը — եվրոպական պետությունները իրանց հովանու տակ առան տաճկական գիշատիչ պետությունը և երկարացրին նրա գոյությունը, մտիկ չտալով, որ նա խորտակում է իր ազգաբնակության կուլտուրան և ինչպես իր մուսուլման, էնպես էլ քրիստոնյա հպատակների վերաբերությամբ անընդունակ է կատարելու իր պետական պաշտոնը: Էդ ժամանակից տաճկական պետության գոյությունը միայն մի նպատակ է ունեցել. — արգելել իր սահմաններում ապրող ժողովուրդների պատմական զարգացումը ու ձգձգել Բալկանյան թերակղզու նահանգների վիճակի որոշումը» («История человечества», т. VIII, под ред. Гельмольдта)5:

Եվ ահա տաճկահայ ժողովուրդն իր հարցով նույնպես եղել է եվրոպական պետությունների հակամարտության դժբախտ զոհերից մինը, և անպայման ամենադժբախտը:

Ամենադժբախտը, որովհետև գտնվում էր Թյուրքիայի սրտում, ամենադժվար ու ամենավտանգավոր տեղում, և Թյուրքիան նրան բաց պիտի թողներ միայն իր վերջին շնչի հետ:

Եվ նա՝ Թյուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար:

Իր հերթին Ռուսաստանը զարկել է, զարկում է և կզարկի Թյուրքիային, մինչև ուժասպառ չանի նրան՝ հասնելով իր նախորոշած նպատակին ու կատարելով մի մեծ պատմական միսիա թե Բալկաններում և թե Արևելքում: Իսկ եվրոպական մեծ պետությունները աշխատել են ամեն կերպ առնել Ռուսաստանի ծավալման ու զորացման առաջը: Իրերի պատմական էս դասավորությունից ափաշկարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ և իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույսը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ:

Պարզ է նույնպես, որ եվրոպական մեծ պետությունները, որոնք դեմ են եղել Ռուսաստանի զորացմանն Արևելքում — պետք է պաշտպանեին Տաճկաստանին և դեմ լինեին հայկական հարցին:

Եվ էսօր, եթե հայկական հարցը, ինչ ձևով ուզում է լինի — մի լուծում է առնելու, դա լինելու է Ռուսաստանի հաղթանակը կամ նրան փոխադարձաբար արած մի զիջում: Եվ հավանորեն փոխադարձ զիջում է լինելու, քանի որ Անգլիան ու Ֆրանսիան էսօր հաշտ ու համերաշխ են Ռուսաստանի հետ: Եվ էդ հաշտությունը, եթե կա, զարհուրելի է Տաճկաստանի համար, որ ապրել է նրանց անհաշտության պատճաոով, հետևաբար կլուծվի և հայկական խնդիրը, և կլուծվի Ռուսաստանի նախաձեռնությամբ:

Էսպեսով 35 տարվան շեղումից հետո՝ մեզ պատմության ընթացքը բերում է դարձյալ նույն տեղը:

Դարձյալ հայկական հարցը Ռուսաստանի պաշտպանությանն ապավինած և Ռուսաստանի հետ:

Դարձյալ ռուսական մամուլն է արծարծում հայկական հարցը, և դարձյալ ոուսական զորքն է կանգնած էն դժոխք երկրի սահմանի վրա, ուր դարձյալ կոտորածի սարսափի տակ ալեկոծվում է հայ ժողովուրդը:

Էս 35 տարվա ընթացքում ծանր տպավորությունների տակ ծնվել ու մեծացել է մի սերունդ, որ շատ հասկանալի հոգեբանական ու իրական պատճառներով թերահավատ է տակավին. բայց էն մարդիկ, որոնք լավ գիտեն, թե կարճատև ու անցողական են ամեն վատ մարդիկ ու վատություններ, էն մարդիկ, որ անսասան հավատում են լավ գաղափարների աստիճանական, բայց հաստատուն զարգացումին ու հաղթանակներին, ինչպես անհատների մարդասիրությանը, էնպես էլ ազգերի առաջադիմությանն ու ազնվացումին, էն մարդիկ, որ պարզ աչքով տեսնում են պատմական ու իրական էն հիմունքները, որ ապահովում են ազգերի լավ հարաբերությունները, — պետք է հավատան լավ օրերին ու լավ հարաբերություններին և պետք է ակնկալեն հայի համար մի մարդավայել ազգային վիճակ ու մի ցանկալի ապագա, որի մեջ Ռուսաստանն ունեցել է ու կունենա վճռական ազդեցություն: