Saturday, March 31, 2018

«Վռամշապուհը լիներ, Վռամշապուհից կվերցնեի մեդալը, բայց որ Սերժ Սարգսյանն է, իրենից եմ վերցնում»


Լեւոն Ջավախյանի հերթական` «Ծնկան ծերին» գիրքն ընթերցողի սեղանին է: Ջավախյանն ինչպես միշտ, առաջնորդվում է Էքզյուպերիի սկզբունքով` «Ամենակարեւորն աչքով չես տեսնի» եւ գրում է զուտ ամենակարեւորի մասին: Չի սիրում աջ ու ձախ հարցազրույցներ տալ, մեր հարցազրույցն էլ էքսպրոմտ էր, չնախատեսված ու ինքնաբուխ: Ուղղակի հանդիպեցինք սիրելի գրողին Վերնիսաժում` արծաթյա զարդերի իր վաճառասեղանի առաջ, խոսեցինք դեսից-դենից, խնդրեցինք այդ պահին ծնված մի քանի հարցի պատասխանել: 

– Այսօր արդեն պահանջված գրող ես, ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր գրել… 

– Երկու բան օգնեց դրան` մեկը Հրանտ Մաթեւոսյանի «Ծառեր» ստեղծագործությունը, որ կարդացի ու ոնց որ քնած մարդու մեջ գրող արթնացներ: Բայց այն ժամանակ դեռ գրելու մասին չէի մտածում: Իրականում ես գրող դարձա պարապությունից: Պարապ էի, չգիտեի` ինչ անեի, աշխատում էի Լենինյան գործկոմում` անչափահասների հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն էի: Մարդիկ ժիր ու ժրաջան ղես ու դեն էին գնում, սեղանի վրա թղթեր դաստում, ամեն մի թուղթ մի գործ էր, փող էր, ես էլ փող աշխատելու ձեւերը չգիտեի, ու քանի որ չգիտեի, թե ինչով զբաղվեմ, սեղանս էլ ոնց որ ավլած կալ լիներ, կարող էի էդ սեղանի վրա սոթ տալ, ստիպված թուղթը վերցրի ու սկսեցի գրել, էդպես պարապությունից գրող դարձա:

– Լավ, ո՞նց պատահեց, որ լավ գրող դարձար… 

– Լավ գրող դառնալու համար մի բանը քիչ է, մենակ տաղանդը քիչ է, տասը եւ ավելի բան է պետք` որտեղ ես ծնվել, ինչ ծնողներից ես ծնվել, ինչ շրջապատում ու բնության մեջ ես մեծացել, ինչ գրքեր ես կարդացել, ոնց ես սովորել….Շատ բաներից է կախված: Բայց, միեւնույն է, Ալավերդիում, որտեղ ես եմ ծնվել, մեծ գրող չէի կարող դառնալ, որովհետեւ մեծ ձկները մեծ ջրերում են լինում, ես չեմ ասի, թե մեծ ձուկ եմ, էդ թող ընթերցողն ասի… Օրինակ, մեր Սեւանա լճում, ինչքան էլ տրաքենք, Կետ ձուկ չի կարող լինել, փոքր ձկներ են միայն… Լավ գրող դառնալու համար շփում է պետք, մտավորական շրջանակ եւ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ես Երեւան տեղափոխվեցի, եւ այդ գործում մինչեւ հիմա գլուխ է գովում կինս: Մի օր ջղայնացա, կնոջս հետ կռվեցի, դե ի՞նչ մարդ ու կնիկ, որ կռիվ չանեն, ինքն ասաց, որ ես քեզ քաղաք չբերեի, դու ո՞վ էիր լինելու: Իսկապես ես շահեցի էդ առումով: Բայց էն գլխից իմ ոտքի տակ ասֆալտ է եղել, որ ինձ օգնել է: Ճիշտ է, որոշակի ավանդապահությամբ գյուղացի մնացի, բայց հոգով քաղաքացի եղա: Երեւանում ինձ ազատ ու անկախ եմ զգում: Շատ հաճախ գրական շրջանակում ես ավելի շատ կորցնում եմ, քան շահում, ինձ ասում են` գեղցի ես, գեղցի, ես էլ ասում եմ՝ քանի ձեր նման քաղաքացիներ իմ կողքին քաղաքացի դարձան… Ես անում եմ մի բան, որ ոչ ոք չի անում: Իմ ստեղծագործությունը նման է մեղվի աշխատանքին, այսինքն, ես կյանքից անընդհատ վերցնում եմ նեկտարը…Մի բան չկա, որ իր մեջ գեղարվեստ պարունակի, ու ես մեղվի նման չբերեմ ու փեթակս դրանով հարստացնեմ: Շատերն ասում են` Լեւոն, ինչից է, որ քիչ ես գրում…Ես նոր ջոկել եմ, թե ի՞նչն է պատճառը: Էդ խոսքերը, բառ ու բանը շաղ տված չի գետնին: Ոնց որ մարգարիտը, ոսկին, ադամանդը, դրանք թափված չեն, պիտի դրանք տեսնես, փնտրես, գտնես….Ինչ-որ տեղ իմ արածը էդ առումով բանահավաքչություն է, իսկ ո՞նց է դա իմ ներքին ենթագիտակցության մեջ խմորվում եւ գրչիցս արտաբերվում, դա արդեն ինձ է հայտնի… Ուրիշներն իմ գրածը կարդալով կկարծեն, թե սա սուպերռեալիզմ է, սուպերլուսանկարչություն, բայց դա թվացյալ է…Ես իրականում տեսնում եմ ամենակարեւորը, այսինքն, Էքզյուպերիի ասած` ամենակարեւորն եմ տեսնում եւ բերում եմ գրականություն:

– Իսկ ո՞րն է ամենակարեւորը: 

– Ամենակարեւորը ոչ աչքով կարող ես տեսնել, ոչ խոսքով արտաբերել, ամենակարեւորը իմ պատմվածքներն են…Ցանկացած կենդանի օրգանիզմ մինչեւ արարվելը սաղմնային վիճակում է լինում, հետո էդ սաղմը մարմին է դառնում, շնչավոր է դառնում: Իմ տեսած ամենակարեւորը էդ սաղմի հյուլեական վիճակն է, որը ընթերցողը կկարդա եւ կբեղմնավորվի, կարող է հետո «հղիանա» ինձանով: Հրանտ Մաթեւոսյանը մի շատ գեղեցիկ ու տարօրինակ տող ունի, ասում էր, որ ստեղծագործողը իգանում է, այսինքն՝ ծննդկան է դառնում, ծննդաբերում է…Այ, հենց էդտեղից է սկսվում իմ գրականությունը եւ ավարտվում է ընթերցողով, սակայն էնքան էլ չի ավարտվում, իմ գրվածքներում բազմակետերն ավելի շատ են, քան վերջակետները…. Հետեւաբար ընթերցողին անելու շատ բան է մնում, լոռեցիք ասում են` թամամ խոսքը էշին կասեն…Հիմա իմ խոսքն էլ թամամ խոսք չի, իմ խոսքը շարունակական խոսք է, որը գնում է դեպի ընթերցողը:

– Քո «Մովսես Խորենացի» մեդալը շատ շահարկվեց, բայց քո գրքի շապկին հենց այդ մեդալով լուսանկարն ես դրել… 

– Ես բախտավոր մարդ եմ` Խորենացին բախտ չունեցավ իմ պատկերն իր կրծքին կրելու, ես բախտ ունեցա իր պատկերն իմ կրծքին ունենալու: Խորենացին ինձ համար պաշտամունք է, նա ծննդյան վկայականն է մեր ժողովրդի, եթե էս աշխարհից գնալիս լինեմ կամ քոչելիս լինեմ մի ուրիշ աշխարհ, ինձ ասեն՝ մի գիրք վերցրու հետդ, ես Խորենացու «Հայոց պատմությունը» կվերցնեմ: Էդ առումով բախտս բերեց ու «Խորենացի» ստացա… Վռամշապուհը լիներ, Վռամշապուհից կվերցնեի մեդալը, բայց որ Սերժ Սարգսյանն է, իրենից եմ վերցնում…Ի՞նչ է` էս աշխարհում իմ երկրից փայ չկա՞, էդ սուտ է, որ ասում են, թե իբր արվեստագետները փառք չեն սիրում, դա նույնն է, որ արտիստը բեմ բարձրանա, եւ նրա համար միեւնույն լինեն ծափահարությունները…Եթե ես այնքան ուժեղ լինեի, ինչպես Հիսուս Քրիստոսը, Մուհամեդը կամ ասենք՝ Հոմերոսը, որոնք իրենց ասելիքը գիր չեն դարձրել, այլ խոսք են ասել, չէի գրի, մինչդեռ ես իջել եմ թղթի մակարդակի հանուն փառքի, որ ընթերցողը կարդա ու ինձ ծափ տա, մի ձեւ էլ էդ մեդալն է: Այդ առումով ինձ շատ հայհոյեցին: Ի հեճուկս հայհոյողների` հենց այդ մեդալով նկարն էլ գրքիս շապկին է:

– Իսկ ինչո՞ւ «Ծնկան ծերին»… 

-Որովհետեւ իմ գրականությունը ծնկան ծերի գրականություն է, մուսան որտեղ բռնացնում ա, էնտեղ չոքացնում ա: Գիտեք` ես արծաթ եմ վաճառում, ու էդ ժամանակ միտքս երկու-երեք տեղով գնում ա, ու ինչքան էլ վաճառեմ-չվաճառեմ, միտքս ինձ հետ է, մարդու ազատությունը, նաեւ ստեղծագործելու ազատությունը ներսում է…Մարդու ազատությունը դրսում չի լինում, եւ իզուր մեր քաղաքական գործիչները այն դրսում են ման գալիս: Հենց այդ ազատ միջակայքում մուսան գալիս կոկորդիցս բռնում է, եւ ես խոնարհվում եմ նրա առաջ գրելուց: Իսկ էդ հանդիպումը ծնկան ծերին է տեղի ունենում:

– Ավելի շատ հիասթափությո՞ւնը, թե՞ ոգեւորությունն է գրելու ազդակ դառնում:

– Երկուսն էլ…Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, ինձ համար հիմնական ազդակը, արվեստի շեմը զարմանքն է: Եթե երբեւէ դադարեմ զարմանալ, էդ օրվանից սկսած էլ չեմ գրի: Ու քանի դեռ ես երեխայի նման կարողանում եմ զարմանալ, դեռ կգրեմ: Չկա մի իրավիճակ, որ հոգեկան ցնցում առաջացնի քո մեջ, ու դա չարտահայտվի գեղարվեստական պարպումով: Օրինակ, ինձ համար նորություն էր նախագահական միջավայրը, մեդալ ստանալը…Այդ ամենի արդյունքում էլ գրեցի «Ծանր է Խորենացու մեդալը»: Մի խոսքով, իմ կյանքում ինչ փոթորկուն, զարմանահրաշ իրադարձություն է տեղի ունենում, անպայման գրի է վերածվում…

Զրույցը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ 

Վիշապը՝ Հրանտ Մաթևոսյանի վզին


ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԽՈՐԱԳՐԻ ՀՅՈՒՐԸ` 
Վերժինե Մովսիսյանն  է, Հրանտ Մաթեւոսյանի կինը։

Վերժինե  Մովսիսյանին ճանաչողները շատ են, սակայն սակավաթիվ են նրանց կողմից տրվող բնութագրերը: Նրան գիտեն և՜ Հովհաննես Թումանյանի գերդաստանում, և՜ ակադեմիայում, և՜ մտավորականության ամենալայն շրջանակներում, և բոլորը միաձայն ասում են մեկ բան. Վերժիկը փողոցային է, խուլիգան, որը փորձանք ու դժբախտություն է տարածում ամենուր, ուր հայտնվում է: Ընդ որում, որպես քայլող ողբերգություն, քանդում է այն ամենը, ինչ պատահում է նրան կյանքում՝ լինի դա մեծն Թումանյանի թանգարանը, թե էն խեղճ Հրանտ Մաթևոսյանի ընտանիքը: Պետք է նշել, որ տիկին Վերժիկին բնութագրել որպես ազգային խայտառակություն` այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ նա կանանց սեռի և ընդհանրապես տիեզերական խայտառակություն է: Բայց քանի որ չունենք համապատասխան խորագրեր, ստիպված ենք Վերժինե Մովսիսյանի մասին խոսել «Ազգային խայտառակության պատկերասրահի» շրջանակում:

Իսկ բացեիբաց խոսել Վերժինե Մովսիսյան երևույթի մասին` մեր հասարակությունում այնքան էլ ընդունված չէր, քանի որ միաժամանակ հոլովվում էր նաև Հրանտ Մաթևոսյանի անունը, որը շատերի համար հեղինակություն է: Իսկ թե իրականում ինչ էր կատարվում գրողի ընտանիքում, այդ նույն մարդկանց կա՜մ չէր հետաքրքրում, կա՜մ գաղափար չունեին: Անգամ շշուկներ կային, թե խեղճ գրողին փակում էին սենյակում՝ թողնելով անհաց ու անջուր, մինչև հերթական գործը չգրի ու չապահովի ընտանիքի տիկնանց եկամուտը:

Չգիտեմ, թե արդյոք լուրջ ավանդ ունի՞ Հրանտ Մաթևոսյանը հայ գրականության մեջ, սակայն հստակ կարելի է ասել, որ այն չարիքը, որ հասցրին հայ հասարակությանը նրա անվան շնորհիվ անցաթուղթ ստացած կանայք՝ Վերժինե Մովսիսյանն ու մոր կրկնապատկեր դուստրը՝ Շողեր Մաթևոսյանը, իսկապես ֆանտաստիկ էր: Այն ժամանակ, երբ Հրանտ Մաթևոսյանը Գրողների միության նախագահն էր, նրա տիկինը ստանձնել էր միության իրական տիրոջ դերը: Երբ հայ գրողները ման էին գալիս ծակ կոշիկ-շալվարներով, տիկինը միության շենքի տարբեր սենյակներ տալիս էր վարձակալության, հասույթը՝ գրպանում, առանց մի լումա անգամ հատկացնելու իրական տերերին: Նմանապես և այն գումարները, որ գրողներին էին նվիրաբերում Սփյուռքի գաղութները, դառնում էին տիկնոջ սեփականությունը: Այսպես, երբ կաթողիկոսը միությանը նվիրեց 20000 դոլար, տիկինն անմիջապես թաթը դրեց վրան՝ հայտարարելով. «այս ողորմելիները (գրողները) կարծում են, թե սա իրենցն է. սա միայն ու միայն Հրանտինն է»: Հրանտ Մաթևոսյանի մահից հետո անգամ, տիկինն իրեն զգում էր տեր ու տնօրեն, իսկ միության նախագահի ավտոմեքենան շահագործում ըստ հայեցողության: Ոչ մեկը չէր կարողանում տիկնոջը ստիպել վերադարձնել պետական գույքը, ու միայն այն բանից հետո, երբ արդեն նոր նախագահ Լևոն Անանյանը սպառնում է, թե կբացահայտի նրա բոլոր անօրինություններն ու չարաշահումները, հնարավոր է լինում այն հետ ստանալ:

Վերժինե Մովսիսյանը, լինելով անհագուրդ ցանկությունների տեր և չբավարարվելով կենդանի դասականի «ընտելացմամբ», ձեռք է զարնում ժամանակի քննությունն անցած ու անմահության պանթեոնը մեկընդմիշտ նվաճած մեկ այլ դասականի «սեփականաշնորհմանը»: ՀՀՇ-ի կառավարման տարիներին, երբ թամբին էին հայտնվել հիմնականում գրողական արմատներ ունեցողները, որոնց համար Մաթևոսյանն անվիճելի հեղինակություն էր, Շողերն էլ, իր սիրելի Վանոյի «դաբրոյով», ոչ ավելի, ոչ պակաս` Ազգային Ժողովի պատգամավոր, Վերժինե Մովսիսյանի թուրը, բնականաբար, կտրում էր: Եվ մի՞թե կարող էր գրող ու պատգամավոր ունեցող ընտանիքի տիկինը նրանցից պակաս դիրք գրավել: Իհարկե, ո՜չ: Ըստ այդմ, տիկնոջ քմահաճույքին ընդառաջ գնալով` բացվում են Թումանյանի տուն-թանգարանի դռները, և թանգարանային գործից կիլոմետրերով հեռու Վերժինե Մովսիսյանը, որ գաղափար անգամ չուներ, թե ինչ է գիտական, արխիվային ֆոնդերի հետ աշխատանքը և բազմաթիվ մեծ ու փոքր մանրուքներ, 1997թ. ապրիլի մեկին նշանակվում է թանգարանի տնօրեն:

Իբրև մեծ «տնտեսվար», իբրև գրող «սեփականաշնորհած» կին` տիկին Վերժինեն հղանում է մի հանճարեղ գաղափար. սեփականաշնորհել Թումանյանի տուն-թանգարանը. ինչու՞ իր նման կինը չպիտի ունենա քաղաքի լավագույն առանձնատունը. դե, Թումանյանին էլ մի անկյուն կհատկացվի, իհարկե, հո չի՞ թողնի դրսում. ինքը մեծահոգի է: Այդ նպատակով մեր տիկինը Մշակույթի նախարարություն է ներկայացնում թանգարանի շենքի գնահատման վերաբերյալ մի տեղեկանք, ուր այդ վիթխարի շենքը գնահատված էր ընդամենը 9106951 դրամ՝ քսան հազար դոլարից պակաս: Կարելի է կասկած անգամ չունենալ, որ հհշականները, որոնց ամենասիրած զբաղմունքը հանրապետության ունեցվածքը մեջ-մեջ անելն էր, չէին զլանա և կնվիրաբերեին թանգարանի շենքը սիրելի գրողի կնոջը, եթե անհապաղ բողոքի ձայն չբարձրացնեին գիտության, մշակույթի, արվեստի ճանաչված գործիչները: Բողոքի նամակներ են հղում Սիլվա Կապուտիկյանը, Էդվարդ Ջրբաշյանը, Լևոն Հախվերդյանը, Վարազդատ Հարությունյանը, Անահիտ Սահինյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Գրիգորյանը և այլք, որոնք զգուշացնում են մշակույթի նախարար Արմեն Սմբատյանին և հետ պահում այդ քայլից:

Բայց դա չի ընկճում տիկնոջը: Չկարողանալով դե-յուրե սեփականաշնորհել թանգարանը` որոշում է դե-ֆակտո այն դարձնել իրենը: Թանգարանը դառնում է ընտանեկան բիզնես: Մուտքի տոմսերի վաճառքից, էքսկուրսիաներից, բազմապիսի ծառայությունների տրամադրումից ստացած շահույթը գրպանում է «սեփականատերը», մինչև նրա վրա սկսում են ուշադրություն դարձնել իրավապահ մարմինները: Դատախազությունում հարուցվում է քրեական գործ, սակայն թայֆայական կապերի շնորհիվ, այն սվաղվում է: Հետագայում ևս երկու քրեական գործ է հարուցվում` դարձյալ տիկնոջ ապօրինությունների փաստերով: Սակայն, սրանք դեռ ծաղիկներն էին…

Բարձրանում է հերթական սկանդալը: Մշակույթի նախարարի և նրա հովանավորյալի թույլտվությամբ թանգարանում ֆիլմի նկարահանումներ են իրականացվում, ընդ որում` դրվագներից մեկը նկարվում է մեծ բանաստեղծի անկողնում, ֆիլմում կային ճաշկերույթի տեսարաններ, որտեղ օգտագործվում են թանգարանային ցուցանմուշները: Բայց այստեղ ավելի հետաքրքիր է թանգարանի տնօրեն կոչեցյալի պահվածքը. հասարակության բարձրացրած բողոքի ձայնը ո՜չ թե զղջման, ամոթի զգացումներ է առաջացնում տիկնոջ հոգում, այլ միայն ու միայն` զարմանք ու արհամարհանք. արժե՞ր, արդյոք, աղմուկ բարձրացնել հնամաշ կահույքի, տեսքից ընկած անկողնու սպիտակեղենի, ինչ-որ նոյի թվի ամանեղենի ու մոխրամանների պատճառով: Ավելին, նորաձևության հետևորդ տիկինը պատրաստվում է փոխել անգամ թանգարանային արժեք հանդիսացող գորգերը, քանի որ դրանք «հնաոճ էին»…

Ինքն իրեն դնելով շենքի տիրոջ տեղ՝ տիկին Վերժինեն քանդել է տալիս երկրորդ հարկի հիմնական պատը՝ խորդանոց սարքելու նպատակով, պատրաստվում է վերացնել Թումանյանի ընտանիքի սենյակը: Նրա տնօրինության օրոք թանգարանից մի շարք իրեր են անհետանում, որոնց թվում՝ քանդակագործ Չորեքչյանի հեղինակած Օլգա Թումանյանի բրոնզե կիսանդրին, Թամար Թումանյանի արծաթե վզնոցը և այլն: Թանգարանային նմուշները անհետանում էին, իսկ դրանց տեղը հայտնվում … կատուներ… Կարելի է հատուկ սոցիոլոգիական հարցում անցկացնել, թե աշխարհի ո՞ր տուն-թանգարաններում են կատուներ պահում. գուցե արդյունքում Թումանյանի տուն-թանգարանը, տիկին Վերժիկի շնորհիվ, գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:

Տիկին Վերժինեի հերթական «հանճարեղ» նախաձեռնությունը թանգարանի տարածքում սրճարանի բացումն էր, ինչը հնարավորություն կտար զգալիորեն ավելացնելու «դուքանի» վերածված թանգարանից ստացվող եկամուտները, սակայն, այս անգամ էլ, դարձյալ այդ «ախմախ ինտելիգենտները» խանգարում են իրենց բողոքներով և ծրագիրը կրկին ձախողում: Իհարկե, չբացված սրճարանին որոշ չափով փոխարինում են բանաստեղծի ճաշասենյակում անցկացվող բանկետները, որոնք միայն կարելի է երևակայել, թե բաքոսյան ինչպիսի խրախճանքների էին վերածվում:

Իհարկե, այդքան «նախաձեռնությունների» հեղինակ թանգարանի տնօրենը, հասկանալի է, «բազմազբաղությունից» ելնելով, «ստիպված էր» անտեսել «Վերնատան» և «Անուշ» պոեմի 100-ամյակը, թանգարանի հիմնադրման 50-ամյա և բազմաթիվ այլ հոբելյաններ: Էլ չասած, որ տիկնոջ մուտքի օրից դադարում են ամենամյա «թումանյանական ընթերցումները», թանգարանը դադարում է թումանյանագիտական կենտրոն լինելուց, փակվում է գիտական աշխատանքով զբաղվողների համար նախատեսված սրահը:

Ուշագրավ է, որ 1999թ. ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը, իր մահվան նախորդ օրը իր վերջին նամակ-ցանկության մեջ միանում է թանգարանի գիտխորհրդի մյուս անդամների խնդրանք-պահանջին, որ Վերժինե Մովսիսյանը հեռացվի թանգարանից: Դրանից մեկ տարի անց, իբրև բողոքի նշան, գիտխորհրդի կազմից դուրս են գալիս բոլոր թումանյանագետները: Մեծ բանաստեղծի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը, որ առանց աշխատավարձի ծառայում էր թանգարանում որպես խորհրդական, հրավիրում է մամուլի ասուլիս ու պատմում տնօրենի կամայականությունների, ֆինանսական կոպիտ խախտումների մասին: Տիկին Վերժինեն անմիջապես նրան ազատում է աշխատանքից՝ հայտարարելով` «քանի ես այստեղ եմ, Թումանյանի սերունդներից ոչ մեկի ոտքը էս դռնից ներս չի մտնի»: Այդպես Թումանյանների համար մեկընդմիշտ փակվում են իրենց պապի տուն-թանգարանի դռները, այն դեպքում, երբ այդ շենքը կառուցվել էր նրանց օգնությամբ, ցուցանմուշների 80 տոկոսը դարձյալ բանաստեղծի ընտանիքի նվիրատվությունն էր: Ընդհանարապես, տնօրեն դառնալու օրից, Վերժինե Մովսիսյանը շարքով-կարգով աշխատանքից ազատում է հին կադրերին, որ իրենց գործին նվիրված թումանյանագետներ էին՝ փոխարինելով գործին անտեղյակ մարդկանցով, որ չէին կարողանում անգամ էքսկուրսիաներ անցկացնել. բայց դե, կարևորն այն էր, որ «իր կադրերն էին»:

Այնպես, ինչպես տաղանդավոր ամուսնու դափնիներն էին հասնում տիկին Վերժինեին, այդպես էլ` թանգարանի ձեռքբերումները վերագրվում են «նախաձեռնող» տնօրենին: Այդպես, Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգումը տիկին Վերժինեն համարում էր իր «հունարը», բանաստեղծի 125-ամյակին նվիրված ցուցադրությունը, որ պատրաստվել էր դեռևս 1994թ-ից, թանգարանի աշխատակից Նաիրա Ազարյանի ջանքերով, ևս Վերժինե Մովսիսյանի անձնական վաստակն է հայտարարվում: Ընդ որում, այս ցուցադրության նախապատրաստման համար վարչապետի կողմից տրամադրում է 16 հզր դոլար, ինչը գործունյա տնօրենը, բնականաբար, գրպանում է, իսկ Նաիրա Ազարյանի տարիների աշխատանքը յուրացնում՝ ներկայացնելով իբրև իր տքնանքի արդյունք, կազմակերպում հատուկ ցուցադրություն, ստանում շնորհավորանքներ ու պարգևներ Մշակույթի նախարարությունից: Ընդհանրապես, տիկին Վերժինեի կարծիքով, ինքն է թանգարանը թանգարան դարձրել՝ մոռանալով, որ ստացել է վեց պատրաստի, կահավորված սենյակ, «Վերնատան» սենյակը, «Անուշ» համայնապատկերը, ցուցանմուշների 80 տոկոսն էլ բանաստեղծի ընտանիքի նվիրատվությունն էր:

Տասնամյա պայքարի արդյունքում` Վերժինե Մովսիսյան կոչեցյալին, ի վերջո, մի կերպ ազատում են տնօրենի պաշտոնից, քանի որ վաղուց անցել էր 65-ի շեմը, բայց, ինչպես պարզվում է, անհնար է լինում նրանից ազատվել: Մշակույթի նախարարությունը, որը վերը նշված ցանկացած արարքի համար պարտավոր էր պատժել ու հեռացնել, պարգևատրում է նրան ոսկե շքանշանով: Նկատի ունենալով մի քանի ներքաղաքական նրբություն, կարելի է ասել, որ ավելի հակապետական, ավելի անբարոյական քայլ նախարար Հասմիկ Պողոսյանը (խոշորագույն կենսաբան) չէր կարող անել: Թվում էր, թե թանգարանը գոնե այդ գնով կազատվի հոգեհանից, բայց, պարզվում է՝ ոչ. Վերժինե Մովսիսյանից ամբողջ կյանքի ընթացքում Հրանտ Մաթևոսյանը չկարողացավ պրծնել, ուր մնաց թե` հանգուցյալ Թումանյանը կարողանար:

Նոր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը վերածվում է թատերականացված բեմադրության: Թումանյանի ընտանիքի, ԳԱԱ Գրականության ինստիտուտի, Հայաստանի գրողների միության առաջադրած թեկնածուի՝ Թումանյանի մասին գիտական լուրջ հետազոտությունների, հրապարակումների և մենագրության հեղինակ, բանասիրության թեկնածու Սուսաննա Հովհաննիսյանի փոխարեն անցկացնում են Վերժինե Մովսիսյանի դրածո Նարինե Թուխիկյանին: Նա, լինելով հեռուստալրագրող, չուներ Թումանյանին վերաբերող ոչ մի հրապարակում, չուներ ո՜չ ղեկավար, ո՜չ էլ թանգարանային աշխատանքի փորձ (հայտնի է միայն, որ նա Վահագն Հովնանյանի «պրոտեժեն» է, ինչը հասկանալի է դառնում, եթե հիշենք, որ Վերժինե Մովսիսյանի հիմնական հովանավոր Արմեն Սմբատյանը ևս անցաթուղթ ստացավ իր կնունքի քավոր Հովնանյանի ձեռամբ): Ի դեպ, մրցույթի արձանագրություններն ու ձայնագրությունները հենց նույն օրը ջնջում են, որպեսզի հնարավոր չլինի դատական կարգով բողոքարկել պատասխանները: Իսկ նորընծա տնօրենի առաջին գործը թանգարանում դառնում է այն, որ Վերժինե Մովսիսյանին նշանակում է իր տեղակալ: Ղեկավարվող, վստահելի «տնօրենի» պաշտոնակատարի նշանակումը տիկին Վերժինեի համար կյանքի ու մահվան հարց էր, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ ջրի երես չհանել տասը տարվա ապօրինություններն ու հանցագործությունները:

Ամուսնու հեղինակության հաշվին բարձր ատյանների հովանավորությունը վայելող «Ուստիանը» հիմա էլ շարունակում է «թագավորել» թանգարանում: Նրա անմիջական հովանավորներն էին Մշակույթի նախարարության թանգարանների բաժնի պետ Անահիտ Գալստյանը, նախարար Հասմիկ Պողոսյանը (դարձյալ Արմեն Սմբատյանի դրածոն), որոնց համատեղ ջանքերով էլ հնարավոր դարձան տնօրենի մրցույթ կոչված խեղկատակության կազմակերպումն ու ցանկալի թեկնածուի անցկացումը: Ընդ որում, Հասմիկ Պողոսյանն անգամ հայտարարում է, թե «թանգարանի մասին խոսելը կարող է վնասել մեր պետականությանը՚: Իսկ պետականությանը վնաս չէ՞, արդյոք, նման մարդկանց ներկայությունը այդպիսի հաստատությունում: Պետականությանը վնաս չէ՞ արտոնություններ տալ մի գժի, որ շահարկում է ամուսնու անունը: «Չգիտե՞ք ում հետ գործ ունեք. դուք իմ վրա չեք կարա», իսկ մահից հետո դարձյալ շարունակում էր հոլովել նրա անունը. «կարծում եք Հրանտը որ չկա, ինձ էլ պաշտպանող չկա՞՚»:

Իհարկե, պաշտպանող կա. ինչպե՞ս կարող է չլինել, ինչպե՞ս կարող է այդքան ապօրինություններ գործած մարդն առանց պաշտպանների շարունակել պաշտոնավարել Թումանյանի տուն-թանգարանի նման հաստատությունում: Ինչպե՞ս կարող էր առանց պաշտպանի թանգարանի տնօրեն դառնալ մի մարդ, որ տնօրեն բառն անգամ գրում էր «տնորեն», որ գաղափար անգամ չուներ թանգարանից, որ կարող էր գրադարանի 8000 գրքերը խոնավության մեջ փչացնել ու ասել, թե «ոչինչ, կչորանան ու էլի նախկին տեսքի կգան»:

Հետգրություն. Երբ ծանոթանում ես Վերժինե Մովսիսյանի կերպարին, նոր ես հասկանում, թե ինչու՞ էր Հրանտ Մաթևոսյանը միշտ վիզը ծուռ, խեղճ ու կրակ. ինչո՞ւ էր միշտ քաշված ու անվստահ: Երբ Մաթևոսյանին հարցնում էին, թե «ինչու՞ չդարձաք մեր Չինգիզ Այթմատովը», գրողը պատասխանում էր. «Ո՞վ ունենա Վերժիկի նման կնիկ, որ մի հատ էլ Այթմատով դառնա»…

ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ 
9.12. 2008

Saturday, December 9, 2017

Ինձանից առաջ և ինձանից հետո


Լրագրող Կիմա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել ՀՀ գրողների միության համագումարի ժամանակ Լևոն Խեչոյանի «Ինձանից առաջ և ինձանից հետո» վերնագրված ելույթի տեքստը։
Ստորև ձեզ ենք այն ներկայացնում ամբողջությամբ
.  .  .

«Խոսքս ճիշտ ընկալելի լինելու համար նախօրոք հայտարարում եմ՝ հավակնություն չունեմ Գրողների միության ղեկավար մարմիններում իմ թեկնածությունը առաջադրելու եւ հրաժարվում եմ որեւէ կառույցի անդամագրվելուց:

Ելույթս նրան է վերաբերելու, թե արդյոք ճի՞շտ ճանապարհով է գնացել Գրողների միությունը կամ տեղ կհասնի՞, եթե կողմ քվեարկենք առաջարկվող կանոնադրության նախագծին: Այս Գրողների միությունը, այսպիսի կառույցով, այս ժամանակահատվածում չի համապատասխանում ներկա պահանջներին:
Տոտալիտար երկիրը փլուզվել է, բայց նրանից որպես բանդագուշանք մնացած, տոտալիտար կառույցը իր համայնավարական սկզբունքներով կա, ռեժիմն ինքն էլ ստեղծում է խումբը, խմբի շահերը՝ ինչպես եղել է 70 տարի: Հարկավոր է՝ այստեղ հավաքված 300 հոգով արիություն ունենալ եւ հաստատման ներկայացված Գրողների միության նոր կանոնադրության նախագծի մեջ փոփոխություններ կատարել, այնպիսի կետեր մտցնել, որ ցանկացողները կարողանան դուրս գալ հին Գրողների միությունից, եւ որեւէ գրական ուղղության, սկզբունքի, նորարարության շուրջ՝ իրենց պատկերացրած նոր անկախ գրողների ընկերությունները ստեղծեն, այն էլ՝ մի քանիսը: Նման մասնատման մեջ որեւէ սարսափելի բան չկա, եթե կարողանանք կանոնադրությունը տնտեսագիտական եւ իրավաբանական ճշգրտումներով հաստատել: Այսպես է Ռուսաստանում, մեր հարեւան Վրաստան-Ադրբեջանում, այսպես է ամբողջ Եվրոպայում:

Գրողների միությունը գրականության շահի համար իր տնտեսությունով բաժանվելով մի քանի ընկերությունների՝ նախ հնարավորություն կտա, որ ամեն մեկն իր թերթերով, ամսագրերով, տպագրված գրքերով, մյուսի հետ պնդաջիլ մրցակցություն ունենա՝ կծաղկի տարբեր ուղղություններին հարող առողջ գրականությունը:

Նման քայլը մեր գրականության շուրջ լռության շրջափակումը բացելու համար լավագույն ելքն է լինելու՝ ամեն մի ընկերություն իր փոքրիկ, թեթեւ խմբերով աշխարհի չորս ծագերի ուղղությամբ կռվելով առաջ կգնա: Ամենքս մի կողմի վրա՝ արեւելք եւ արեւմուտք, ես համոզված եմ՝ որեւէ մեկը տեղ կհասնի, կհասնի արեւելքին, կներկայանա մեր դարավոր մշակույթի անունից:
Հանդգնություն պիտի ունենանք կեղեւից դուրս գալու՝ մեր բողբոջը մեզանից դա է պահանջում: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի բացվել: Մեզ համար միայն աշխարհը բացելը չէ կարեւոր, այլ՝ ներդրում ունենալ համաշխարհային մշակույթի մեջ. Ահա մեր գերխնդիրը:

Եթե կարողանայինք այս 45 հազար քառակուսի (Արցախն էլ հետը) կլիոմետր փոքրիկ տարածքի վրա ապրող քիչ մարդկանցով պատմության քառուղիները անցած ժողովրդի մշակույթի խորհուրդը, բարոյականությունը, քմահաճ հողի եւ հպարտ մարդու փոխադարձ կնքած դաշինքը գեղարվեստական խոսքի զորությամբ աշխարհի սրտի մեջ դնեինք՝ ապա համակիր ունկնդիրներ կունենայինք:
Շատ երկրներում եղածի իմ փորձով կարող եմ վկայություն տալ, որ մեր տեսակի գեղարվեստական ներսը հետաքրքիր է աշխարհի համար, պիտի թույլ տանք, որ լսի մեզ ու մեր հեւքը ունենա մեզանից: Այդ առաքելությամբ համաշխարհային գրականության մեջ ներդրվել կարողանալը դիտվելու է՝ որպես պատմաբանների, քրիստոնեության դրոշի, դիվանագետների զորությամբ արված գործին հավասար:
Բայց մենք այս առաջընթացով անորոշ հեռվի ճանապարհն ենք բռնել, Գրողների միության այսպիսի կառույցով ո՞ւր ենք գնալու, այսչափ վախվորածությունը ո՞ւր կտանի…

Բազմաքանակ, հարյուրներով, տարեկան տպագրվող գրքերի անուններ են տալիս. Շատ գրքեր տպագրելը դեռեւս գիրք տպագրել չի նշանակում… Եթե դրանց գրական որակի համար Գրողների միությունը պատասխանատու չէ, գոնե կազմակերպվող շնորհանդեսների, ավելի շատ կողմնակիցներ ձեռք բերելու նպատակով անընդհատ նորանոր մարդկանց անդամագրելու համար պատասխանատվություն կրո՞ւմ է…

Կորել է գրական պրոֆեսիոնալիզմի պատվախնդրությունը՝ գրքահեղեղի պատճառով: Կորել է սպիտակ թղթի եւ սեւ թանաքի վիճաբանության երկյուղը: Փոխարենը սկսվել է մասսայական ճշմարտությունների ժամանակաշրջանը: Բողբոջի համար կեղեւ է պետք բացել:

Իսկ այսօրվա գրաքննադատությունը գրականության մուտքի համար նպաստավոր պայմաններ, գեղարվեստական դաշտի մթնոլորտ չի ստեղծում: Տասնյակ տարիների ընթացքում առաջացած գրաքննադատությունը ինչքան էլ տապալված փուլեր է ունեցել, բոլոր դեպքերում ստեղծել էր ուղենիշը: Գրականության նկատմամբ ձեւավորել էր քրիստոմատիկ համակարգ, հիմա, տարիների ընթացքում մշակված լուսավոր այդ կորիզն ենք կորցնում:
Գրաքննադատության դերը աշխարհում միշտ եղել է ու կա՝ գրականության տեսակն ու որակը իրարից զատել, պատմվածքը՝ պատմվածքից, պիեսը՝ պիեսից, գրողին գրողից բաժանել…

Մեր գրաքննադատությունն այսօր մեկ ուրիշ կարգավիճակի է հասել, հենց ինքն իր վճիտ ակունքների սկզբունքներին հակառակ, ի հեճուկս, հենց ինքն իրեն, ամբողջ գրականությունը միատեղում, փորձում է բոլորին մի անկողնում անվեճ քնեցնել, այն ամուսինների նման, որոնք մի կյանք հաշտ ու խաղաղ ապրում են միասին, բայց օտար են իրար:

Իսկ նպատակը ոչ թե իրար նմանեցնելը պետի լինի, այլ՝ իրարից տարբերակելը: Նոր, շնորհալի սերունդ է գալիս, նրանք տեսնող աչքի են սպասում: Համառորեն թեզական գրաքննադատությունը իր դիրքերն է հաստատում: Եթե այդպես չլիներ, գրաքննադատությունը ձեռքը բռներ, ապա որտեղից է լինելու մրցանակաբաշխության այսքան առատ՝ հեքիաթային ոսկե խոնչայի նվիրատվությունները: Գրողների միությունը հսկայական միջոցներ է ծախսում թարգմանչաց տոների համար: Ռուսական շուկան մեզ վաղուց է հայտնի. այդ գործն իր հին կապերով պիտի թողնել ավագ սերնդին՝ նոր սերունդի համար անհրաժեշտ է Եվրոպա դուրս գալու քայլեր ապահովել: Թարգմանությունը, մանավանդ, տեղեկատվական այս ժամանակաշրջանում, երբ վրացիները եւ ադրբեջանցիները Արեւմուտքի դռներից չեն հեռանում, պիտի գրողների ընկերությունների համար ազգային գործունեության նպատակ դարձնել, միաժամանակ, լավագույն պայքարի միջոցը կլինի միջակության դեմ:

Գրողների միության մյուս կարեւորագույն խնդիրներից մեկը լեզուն է, որն աչքաթող է արվել մինչեւ հիմա, այս պատճառով սփյուռք ենք կորցնում: Աբեղյանական ուղղագրությունը, որ անգամ ժամանակին համազգային քննարկման չդրվեց, տարեցտարի օտարություն մտցրեց Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, խզեց հաղորդակցության խորքային կապը, քանի գնաց՝ միմյանց լեզվամտածողության եւ հոգեբանության նկատմամբ անհաղորդ դարձանք, ինչը, որ շատ վաղուց ռուսական պանշովինիզմի երազանքն էր՝ հայկական երկու հատվածներին զրկել ազգային մտածողության եւ գաղափարախոսական խնդիրնրից: Մեր արմատն է մեզ փրկելու, հակառակ դեպքում՝ ամենակատարյալ բիզնեսը, հաջողակ դիվանագիտությունը, լավագույն բանակները, եթե սեփական մշակույթի վրա չեն հենված՝ փլուզվելու կամ թափվելու են: Սա է հզոր պետականություն ունենալու ժամանակակից երկրների ուղենիշը:

Որպեսզի իրականանա մեր համազգային ինքնությունը, ոչ թե կեղծ՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսով, բայց տարբեր ուղղագրություններով պիտի առաջնորդվենք, այլ՝ իրապես՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ունենալու համար բանաստեղծի պատգամը պիտի կատարենք, թե՝ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է:

Իսկ այսօր, համակարգչային դարում, Սփյուռքի հետ անգամ գրավոր հաղորդակցությունն է հայերենով, հայկական տառերով անհնար՝ ուղղագրությւոնների անհամապատասխանելիության պատճառով…
Նման իրավիճակն է պատճառը, որ Մերձավոր Արեւելքի Հայ համայնքները նահանջում են հայերենից, Սփյուռքում շատ երիտասարդներ արդեն չեն տիրապետում հայերենին: Ապշած ենք, թե ինչո՞ւ է սկսվել հոգեւոր անկում: Այստեղ էլ ժողովուրդը լքում է հայրենիքը՝ անգամ Թուրքիա է գնում:

Պատրվակը միայն հացը չէ, հավատացած եմ, որովհետեւ բարոյականությունը, որ ցրտին, խավարին, սովին, պատերազմին էր դիմակայել, չխրախուսվեց: Նման հատկանիշը ապագայի ազգային ուղենիշ-կեցվածք չդարձավ:
Դրամահավաքն էլ՝ Սփյուռքից, պատերազմող Արցախից, թոշակառուներից, դպրողականներից, մեծ ու փոքրից, թուլացրեց Գրողների միության կեցվածքը. այդ ե՞րբ էր պատահել, որ վերցներ ժողովրդից, միշտ հայրաբար ինքն էր տվել:
Հայող աշխարհի հոգեւոր դիմագիծը կոփելու, մեր երկու հատվածները վերականգնելու համար, Գրողների միությունը խիզախություն պիտի ունենա լծի տակ մտնելու՝ համազգային միասնական ուղղագրությունը վերականգնելու գործում:

Որ ազգդ երանի չի տա մեզ՝ 15 դար սեփական այբուբենն ու ուղղագրությունը անփոփոխ օգտագործելու համար:
Երանելի ազգային պատվախնդրություն…

Գրողների միությունը պիտի հրաժարվի լավ պարողի իր համբավից: Անընդհատ պարում է իշխանություննրի առաջ: Չի արձագանքում հասարակության համար ճակատագրական հարցերին կամ արձագանքում է երկրորդական նշանակություն ունեցող խնդիրներին: Հարկավոր է՝ տան բարոյականությունը պահողի, ազգային ծրագրեր, գաղափարներ թելադրողի դերում լինել:

Օրինակ՝ այսօր մեր համագումարը չի կարող չարձագանքել, նաեւ կոչ չանել մյուս հասարակական կազմակերպություններին, որ արձագանքեն պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի ելույթին, թե՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ եւ գրավյալ տարածքներ կան»:
Ոչ ոք՝ ոչ ՀՀ նախագահը, որ արտգործնախարարը, ոչ պաշտպանության նախարարը, իրավունք չունի առանց հանրաքվեի մի թիզ անգամ վերադարձնել, պատերազմը ժողովրդական է եղել, հողերի ճակատագիրը ժողովուրդն էլ կորոշի: Եթե հասարակության կամքին հակառակ քայլ կատարվի, դրա համար պատասխանատու կլինի նաեւ կոալիցիան:

Իսկ ինչ վերաբերվում է Գրողների միության նախագծի հաստատելուն, արդեն իմ վերոհիշյալ ելույթից պարզ է, թե ինչո՞ւ չէի ցանկանա՝ որեւէ նախագահ 2 տարուց ավելի ժամկետով ընտրվեր: Մյուս պատճառն արդեն իրավաբանական է. հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենսգիրքը կարդալով, ինչքան հասկացա, պահանջում է, որ երկու տարին մեկ պարտադիր ժողով հրավիրվի եւ ժողովն է իրավասու որոշելու՝ տվյալ նախագահը մնա՞, թե՞ նորն ընտրեն:
Դրան էլ իրավաբանները կպատասխանեն…»:

Լևոն Խեչոյան
Երևան, 2005թ., մայիսի 21»

Wednesday, May 17, 2017

ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Աչալուրջ հետեւեք գրքերին, դրանցից շատերը 
ենթակա են խստագույն դատի, 
ինչպես դատում են չարանենգ եւ վտանգավոր հանցագործներին. 
խլելով ընթերցողի թանկագին ժամանակը, 
նրանք մահացու հարված են հասցնում լավ գրքերին:

Ջոն ՄԻԼՏՈՆ

Ինչպես ասում են, հերթական անախորժությունը անգլիական բարեկիրթ ընտանիքումՙ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հրապարակ է հանել մի շատ ձախավեր գիրք, որ, ոչ ավել, ոչ պակաս, կոչվում է «Հայոց գրականության պատմություն. երրորդ հատոր»: Մինչեւ հիմա «Հայ գրականության պատմություն» էր («Սովետահայ գրականության պատմություն», «Հայ նոր գրականության պատմություն»), հիմա չգիտես, թե ինչ տրամաբանությամբ, դարձել է «Հայոց», այսինքնՙ «Հայերի գրականության պատմություն»: Պարզվում է, որ մյուս ժողովուրդները հիմար են, որ չեն գրում «Ֆրանսիացոց» կամ «Անգլիացոց գրականության պատմություն»... Ի դեպ, «Գրական թերթին» ուղղված իր նշանավոր Թղթում ինստիտուտի նորընծա տնօրեն, բանասիրության դոկտոր Վարդան Դեւրիկյանը գրում էՙ «Հայ գրականության պատմություն» վեցհատորյակի երրորդ հատորը...»: Տնօրենը, պարզվում է, իրենց տպած գրքի ճիշտ անունը չգիտի... Ճիշտն ասած, տնօրենի եւ իր աշխատակցի` «Գրական թերթ»-ին ուղղված նամակները մի լավ հոդվածի հրաշալի նյութ են, բայց լավ կլինի, որ բանը դրան չհասնի, Աստված տա, որ ես այդ հոդվածը չգրեմ...

Բայց դառնանք գրքին:

«Հայ գրականության պատմության» հինգհատորյակը լույս է տեսել շուրջ հիսուն տարի առաջ, գաղափարական ա՛յլ ժամանակներում: Սպասելի էր, որ այս նոր հրատարակության մեջ պետք է մատնացույց արվեր նախորդ հրատարակության հնացածության աստիճանը, ցույց տրվեին բացթողումները, սխալները, վրիպումները եւ մնացած բոլոր թերություններն ու պակասությունները, շարադրվեին այն նոր սկզբունքներն ու մոտեցումները, որոնցով առաջնորդվել է այս նոր հրատարակությունը, եւ ի ցույց դրվեին այս հրատարակության առավելությունները:

Բայց նման բան չի արվել, որովհետեւ գրքում այդ ամենը չկա:

Ենթադրվում է, որ Գիտությունների ակադեմիայի Գրականության ինստիտուտի հրատարակած գրականության պատմության հատորը պետք է, ինչ խոսք, գրված լինի գրագետ լեզվով, գիտական (գրականագիտական) պատշաճ մտածողությամբ եւ շարադրանքով եւ իր մեջ պարունակի գիտական նոր բացահայտումներ, նոր գաղափարներ, գիտական օրինակելի տեսություն եւ ունենա գիտական կուռ համակարգ... Նման հրատարակությունը պետք է գիտական սպառիչ խոսք եւ ուղեցույց լինի ե՛ւ գիտնականների ու մասնագետների, ե՛ւ ուսանողության, ե՛ւ առհասարակ բոլորի համար:

Մինչդեռ այս գրքում շատ բան անհաճո զարմանք ու տարակուսանք է պատճառում, շատ բան պարզապես մերժելի է, իբրեւ ոչ գիտական ըմբռնում ու շարադրանք, շատ բանՙ ուղղակի զավեշտական է, մի բան, որ շատ բնորոշ է այս հատորին: Հատորը հանգամանալից քննության ենթարկելու համար անհրաժեշտ են ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր էջեր:

Հատորի նյութերը երկու կարգի են: Նյութերի մի մասը շարադրված է գրագետ, մասնագիտական լեզվով եւ գիտական պատշաճ մակարդակով: Այստեղ ես ասելիք չունեմ:

Նյութերի մյուս մասը ծանր խոհերի է մղում եւ դառն զգացումներ է առաջացնում: Ես խոսելու եմ դրանց մասին:

«Ներածության» մեջ (հեղինակՙ ակադ. Ս. Սարինյան) առաջարկվում է գիտական պարբերացման նոր մոտեցում եւ նոր սկզբունք: Անսպասելիորեն հայ գրականության եւ մշակույթի մեծագույն գիտակ է դառնում Լեոն: Իր հայրենակից Լեոյի հուշակոթողի նման բարձրացումը շատ հասկանալի է Ս. Սարինյանի պարագային, հասկանալի է եւ, ինչ ասեմՙ նաեւ ծիծաղելի: Ի դեպ, ահա թե ինչ կարծիք ունի, ինչ է գրում Վահան Տերյանը Լեոյի գրականագիտության մասին. «...մինչեւ որ մեջտեղից չվերանա հայկական տափակ մտածողության այդ կլասիկ ներկայացուցչի (Լեոյի.- Ե.Տ.-Խ.) ժառանգությունը, մեր գրական քննադատությունը չի կարող առաջ գնալ եւ ծառայել իր նպատակին»: Կարծեմ թե Տերյանը գրականություն մեզանից,- չեմ ուզում ասել` ձեզանից,- լավ էր հասկանում: Իսկ ո՞ւր է մնում մեր ողջ հայագիտությունը, ուր է մնում «հայագիտության վիթխարի կաղնին»ՙ Մանուկ Աբեղյանը, որն, ի դեպ, իր «Գրականության պատմությունը» ավարտում է Սայաթ-Նովայով եւ 19-րդ դարի սկզբի մխիթարյան բանաստեղծներով: Պարբերացման մասին խոսելիս հարգարժան ակադեմիկոսը մատնացույց է անում եւ վկայակոչում է Մոսկվայի հրատարակած քառահատոր «Ֆրանսիական գրականության պատմությունը» ռուսերեն լեզվով: Վկայակոչում էՙ առանց այդ հրատարակության մատենագիտական տվյալները բերելու: Հարց է առաջանումՙ ինչո՞ւ: Պատասխանը, իհարկե, պարզ է: Որովհետեւ «Ֆրանսիական գրականության պատմության» առաջին հատորը լույս է տեսել 1946 թվականին: Զարմանալի է, որ գիտնական-գրականագետը մատնացույց է անում ոչ թե որեւէ ժամանակակից գիտական ուսումնասիրություն, այլ ուղիղ յոթանասուն տարի առաջ Ստալին-Բերիայի քաղաքական ռեժիմի հրատարակած, Ստալին-Բերիայի երկրի գաղափարախոսությամբ շարադրված գիրքը: Եվ առավել զարմանալի է, թե ինչու հարգարժան ակադեմիկոսը, որը «Ներածության» առաջին էջում օտարալեզու գրականություն է մատնացույց անում, չի վկայակոչում արդի ֆրանսիական գրականագիտության որեւէ գիրք: Էական չէ, թե ռուսները յոթանասուն տարի առաջ ինչպես էին պարբերացնում ֆրանսիական գրականությունը, էական է այն, թե ֆրանսիացիներն իրենք ինչպես են այսօր պարբերացնում իրենց գրականության պատմությունը: Սա կլիներ իրոք գիտական մոտեցում:

Մեղմ ասած, վիճելի է հայ նոր գրականության պատմությունը 17-րդ դարից սկսելը: Գիտական հիմնավորում եւ փաստարկումներ չկան, Լեոյի եւ այլոց դատողությունները չեն համոզում: Սայաթ-Նովայի երգերը (բանաստեղծությունները) չեն, որ ձեւավորել են հետագա դարերի հայ գրականությունը, մինչդեռ «Աղասու ձին, այո՛, շատերի տակ խաղաց»: Սայաթ-Նովայի խաղերը ոչ ազդել են գրականության վրա, ոչ նոր գրական լեզվի ու նոր գրականության ճանապարհ են բացել, ոչ էլ գրականություն են ստեղծել, մինչդեռ Աբովյանը ստեղծել է ողջ ետաբովյանական գրականությունը: Նոր ժամանակների հայ ողջ գրականությունը, բոլոր հայ գրողները դուրս են եկել,- Աղասին շինել չէր հագնում,- Աղասու չուխայից:

Մի քանի էջ առաջ անցնենք («Գրականության նորոգությունը 17-18-րդ դարերում», հեղինակ` ակադ. Ս. Սարինյան) եւ տեսնենք, թե հարգարժան ակադեմիկոսը ինչպես է նորոգում այդ նյութի շուրջ մեր գրականագիտությունը: Ահա մի օրինակ: Նկատի առեք, որ առհասարակ, տեղի սղության պատճառով առաջիկայում ես միշտ մատնացույց եմ անելու միայն մեկ կամ երկու օրինակ:

Պարզվում է, որ հայ բանասիրությունը (բոլոր հեղինակներին եւ բոլոր ուսումնասիրությունները մատնացույց չեմ անելու, միայն տե՛ս, օրինակ, Պաղտասար Դպիրի «Տաղեր»-ի վերջին, լիակատար ժողովածուն, Երեւան, 2007, էջ 61 եւ այլն) տասնամյակներ շարունակ միամտաբար կարծել է, թե Պաղտասար Դպիրի «Ի նընջմանէդ արքայական...» սկսվածքով տաղը ուղղված-հասցեագրված է Հայաստանին: Մինչդեռ, ըստ ակադեմիկոս Սարինյանի, պարզվում է, որ դա ընդամենը էրոտիկական բանաստեղծություն է. «Եվ սակայն սերը մնում է անհաս, որ, ավա՜ղ, անէանում է սիրուհու հավիտենական քնի ողբերգական վերջավորությամբ.

Ի նընջմանէդ արքայական,

Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր,

Էհաս նըշոյլն արեգական,

Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր:

Պատկեր սիրուն, տիպ բոլորակ,

Լըրացելոյ լուսնոյն քատակ,

Ո՛չ գըտանի քեզ օրինակ,

Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր:

Կորուստն անվերադարձ է, վիշտըՙ անամոք, ու կարծես չկա դարձի արահետ»:

Ակադեմիական հրատարակությունը պետք է ներկայացնի գիտության նոր, վերջին խոսքը: Գիտական նոր հայացքը, նոր հետազոտությունը պետք է ամփոփի, ճշտի, հարստացնի նախորդ ուսումնասիրությունների փորձը: Անհատական մի շարադրանքում, առանձին մի հոդվածում կարելի է գրել նաեւ նման բան. դա հեղինակի կարծիքն է, բայց գրականության պատմության մեջ, այն էլ «Հայոց», պետք է առնվազն նախորդ հետազոտությունները, նախ, փաստականորեն հերքել, համարել սխալ, անճիշտ, ոչ գիտական եւ հետո միայն գիտականորեն հիմնավորելով առաջադրել նոր տեսակետ (Աստված եղածը տեսակետ համարի): Մինչդեռ...

Բայց անցնենք առաջ, հասնենք «Սայաթ-Նովային» (հեղինակ` ակադ. Ս. Սարինյան):

Այսօր, փառք Աստծո, կա գիտական սայաթնովագիտություն, որ լուրջ պատմություն եւ վավերական ձեռքբերումներ ունի: «Գիտական» եմ ասում, որովհետեւ մեր այս խայտառակ ժամանակներում, բացարձակ տգետների, դիլետանտների, գրամոլների մեր այս անփառունակ ժամանակներում գոյացավ նաեւ զանազան կասկածելի անձանցՙ գրական լեզվից եւ գրականությունից անսահման հեռու, իրենց գյուղի բարբառով ու հնչերանգով մի կերպ խոսող ավտովարորդներիՙ «սամասվալի շոֆերների» «սայաթնովագիտությունը»ՙ օծված գիտության զանազան կասկածելի դոկտորների անուն-ազգանուններով, նրանց տված օրհնությամբ ու հանձնարարականներով: Այսօր փաստորեն նոր էջ է ավելանում «սամասվալի շոֆերների» «սայաթնովագիտությանը»: Գրականության պատմության այս հատորում ողջ սայաթնովագիտությունը փաստորեն անտեսված էՙ Գեւորգ Ախվերդյանից մինչեւ Մորուս Հասրաթյան եւ մինչեւ մեր օրերը: Փոխարենը ի՞նչ է հրամցվում:

Ահա, օրինակ, հույժ գիտական վերլուծության մի պարբերություն: Շարադրանքի գրագիտությունը հեղինակինն է:

«Աշուղական պոեզիայի եւ Սայաթ-Նովայի համեմատական դրվածքով (sic!) ընդհանրություն են նշմարում եվրոպական ժողովրդական արվեստի ուղղությունների (sic!) հետՙ հունական ռապսոդներ, ֆրանսիական տրուբադուրներ, գերմանական մինեզինգերներ եւ այլն: Եվ սակայն գրականության գիտական պատմագրությունը (sic!) դրանք դիտում է որպես մշակութային ուրույն, բանահյուսական ուղղություն գրականության զուգահեռի վրա: Նույն սկզբունքով պետք է դիտվի նաեւ աշուղական պոեզիանՙ գրականության զուգահեռի վրա: Այստեղից ինքնին ծագում է ակադեմիական հարցադրումը. ո՞ր ուղղությանն են պատկանում աշուղական պոեզիան եւ Սայաթ-Նովանՙ կլասիցիզմի՞, ռոմանտիզմի՞, սիմվոլիզմի՞, թե՞ մի այլ իզմի» (էջ 30):

Նախ, պարզվում է, ինչպես առաջին նախադասությունն է ցույց տալիս, որ հունական ռապսոդները, ֆրանսիական տրուբադուրները, գերմանական մինեզինգերները, անձինք, ոչ ավել, ոչ պակաս, «եվրոպական ժողովրդական արվեստի ուղղություններ» են: Մեղա՜, մեղա՜...

Եվ հետո, «գրականության գիտական պատմագրությունը դրանք դիտում է որպես մշակութային ուրույն, բանահյուսական ուղղություն գրականության զուգահեռի վրա»: Ուրեմն, դրանք գրականությունից տարբեր մի բան են, գրականությունըՙ մի այլ բան. դրանք, դուրս է գալիս, գրականություն չեն, նույնը չեն եւ գրականությանը զուգահեռ երեւույթներ են: Եվ քանի որ դրանք պետք է դիտել «գրականության զուգահեռի վրա», ուրեմն որտեղի՞ց է առաջանում անհեթեթ, ուղղակի զավեշտական հարցադրումը. «Այստեղից ինքնին ծագում է (ի՞նչ տրամաբանությամբ.- Ե.Տ.-Խ.) ակադեմիական հարցադրումը. ո՞ր ուղղությանն են պատկանում աշուղական պոեզիան եւ Սայաթ-Նովանՙ կլասիցիզմի՞, ռոմանտիզմի՞, սիմվոլիզմի՞, թե՞ մի այլ իզմի»: Զարմանալի է, թե անբավ գիտելիքների, ահռելի իմացականության եւ մեծ ինտելեկտի տեր, առանձնապես հարգարժան ակադեմիկոսը ինչո՞ւ է խոսքը ընդհատում կես ճանապարհին, ինչո՞ւ հարցը չի շարունակում մինչեւ վերջՙ «սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, իմաժիզմի, սյուրռեալիզմի...»: Սրանք, իհարկե, ճիշտ են, բայց, մեր մեջ ասած, ես կարծում եմՙ ամենաճիշտը դադաիզմն է: Սայաթ-Նովան ակնհայտ դադաիստ է: Մարդը ինքը իր ձեռքով գրել է, չէ՞...

Դադա պիտի թարիփդ ասէ...

Եթե որեւէ մեկը, թեկուզ ուսանողական դասընթացի սահմաններում, գիտի, թե որոնք են կլասիցիզմի, ռոմանտիզմի կամ սիմվոլիզմի քաղաքական, պատմական, փիլիսոփայական, էսթետիկական ու գրական նախահիմքերը, ինչ են իրենցից ներկայացնում գրական այդ ուղղություների պոետիկան եւ գրական արվեստը, էլ չեմ խոսում ժամանակի ու ժամանակագրության մասին, զարմանքից ափիբերան կմնա: Ուրեմն Սայաթ-Նովան ուղիղ գծով կապվում է, ասենք, Ժան Մորեասի եւ 1886-ի սեպտեմբերին իր հրատարակած «Սիմվոլիզմի մանիֆեստ»-ի հետ: Ու դեռ Ստեֆան Մալարմեն, Ժյուլ Լաֆորգը, Վերլենը, մյուսներըՙ ձեզ վրադիր:

Սա, եթե այսքան տխուր ու ցավալի չլիներ, շատ զավեշտական էր լինելու:

Հիմա տեսնենք, թե մեծարգո ակադեմիկոսը Սայաթ-Նովայի պոեզիան որպիսի խորունկ վերլուծության է ենթարկում, ինչը ի չիք է դարձնում նախորդ ժամանակների սայաթնովագետների գրականագիտությունը, խոսքն ու շարադրանքները եւ ինչը, ենթադրվում է, պետք է համարել սայաթնովագիտության նոր, բարձր աստիճան եւ հայ «գրականության գիտական պատմագրության» նոր, աննախադեպ մակարդակ.

«Զարբաբ ու զար իս, ծովից հանած անգին քար, տեսնողին ապշահար ես անում, նմանը չտեսա ոչ հնդու կողմերում, ոչ ֆռանգի պատկերներում: Գովքդ դավթար եմ արել, քանզի ուրիշ է տիպարդ, ես քեզանից չեմ հեռանա, մինչեւ «չհասնի մահիս վադեն», թող քեզ ուրախությունը լինի, իսկ Սայաթ-Նովայինՙ տառապանքը («Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զառ իս, գովելի»):

Աշխարհում դու իմ միակն ես, անմատչելի ես, ամուր, ինչպես ադամանդի քարը, դու Լեյլի ես, տեսնողիդ Մեջնուն ես դարձնում, շուրթերդ նաբաթ են, քանզի նոքար Սայաթ-Նովան անկարող է «դիմանալ էսչափ չարին» («Յիս քու ղիմեթըն չիմ գիդի»):

Բլբուլը վարդին է փնտրում, աշուղն իր յարին, բլբուլին վարդն է այրում, աշուղին իր յարը, ո՛չ վարդն է հայտնվում բլբուլին, ո՛չ աշուղին յարի պատկերը, երկուսին վիճակված է նույն տառապանքը, թող աշուղը լա երկուսի վիշտը.

Ղարիբ բըլբուլՙ ձայնըդ մալում,

Յիս ու դուն էրվինք մե հալում.

Սայաթ-Նովեն ասացՙ զալում,

Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու:

(«Ուստի՞ գու քաս, ղարիբ բըլբուլ») (էջ 34)

Եզրահանգումը թող ընթերցեղն անի:

Մեծահարգ ակադեմիկոսը անմիջապես շարունակում է.

«Այս կարգի իմիտացիաները կարող են միայն գաղափար տալ սայաթնովյան երգի «սյուժեների» մասին ու նաեւ արտահայտել բնագրի գեղարվեստական հմայքն ու խոհափիլիսոփայական արձագանքը» (էջ 34):

Ի՞նչ իմիտացիա, ինչի՞ իմիտացիա... Սայաթ-Նովայից մեջբերման մեջ ի՞նչն է իմիտացիա, ինչի՞ իմիտացիա է... Սա միայն ինքը գիտի: Եթե մարդ փորձ անի թափանցելու այս բառերի խորքը, փորձի իմաստ եւ տրամաբանություն գտնել, կհասնի ծայրահեղ սահմանիՙ զառանցագին անհեթեթության կամ բանականության կորուստի: Բայց շարունակենք:

Անցնենք մի երկու էջ եւ նորից կարդանք հարգարժան ակադեմիկոսի գիտական խորունկ վերլուծությունը.

«Դաստամազդ ռեհան է, ունքերդՙ ղալամով քաշած, տեսքիդ կարոտ մնացի երկու տարի, կարոտից հիվանդացել եմ, Մեջնունի պես սարերն եմ ընկել, Լեյլիից լուր չունեմ, սիրուցդ սիրտս վառվում է, հովանալու ճար չունեմ, Աստված վկա քեզնից բացի ուրիշ յար չունեմ, թող ես մեռնեմ, միայն թե դու ողջ լինես, միայն թե նազ մի անի, նազդ ինձ սպանում է («Դաստամազտ սիմ ու շարբաբ...»):

Բլբուլը բաղին է կարոտ, սիրածդՙ քո ձեռքի արաղին, ծոցիդ շամամներն անուշահոտ են, տեսքդ աննման է, ունքերդ անղալամ քաշած ոսկու փայլ ունին, կեցվածքդ համակ կարոտ է, ես ուրիշ յար չունեմՙ աշխարհումը իմը դուն իս: Թեկուզ թագավոր կանչի, թեկուզ Լողման բժիշկը, ոչ ոք իմ վիշտը չի հասկանա, քանզի խոցս խարանին կարոտ է, ուրեմն լսիր տառապյալի խոհամիտ աղերսը անցավոր աշխարհի մասին (ու դեռ մեջբերումն էլ հետը.- Ե.Տ.-Խ.).

Գիշեր-ցերեկ ման իմ գալի, էշխետ

յանա-յանա, գոզալ,

Անգաճ արա մատաղ իմ քիզՙ մէ քիչ

կամաց գնա գոզալ,

Աշխարըս ումն է մընացի, վուր ինձ ու

քիզ մընա գոզալ,

Մակամ միռա՞վ Սայաթ-Նովեն,

անգաճըտ խաղին կարոտ է:» (էջ 36)

Եվ այսպես անվերջ, այսպես է այս գրքում իր շարադրած բոլոր էջերում, բոլոր պարբերություններում ու նախադասություններում: Ափսոս, տեղ չկա բոլոր նախադասությունները մեկ-մեկ բերելու եւ բառ առ բառ դրանց էությունը բացելու ընթերցողի առջեւ:

Սա՞ է գիտական շարադրանքը, պարոն Վարդան Դեւրիկյան, սա՞ է ակադեմիական մտածողությունը, սա՞ է ձեր ասած պատկառելի գրականագիտությունը, սա՞ եք պաշտպանում հնարավոր բոլոր ձեւերով: Լավ, թողնենք «Սայաթ-Նովան» էլ:

Հայ ոչ մի գրողի կյանքը, գործն ու ժամանակը այնպիսի խորությամբ եւ մանրակրկիտությամբ, ճշգրտորեն ու հստակությամբ չի ուսումնասիրված, ինչպես Խաչատուր Աբովյանի: Եվ դրա համար առաջին հերթին մենք պարտական ենք մեծատաղանդ գիտնական եւ հմուտ, ընտիր բանասեր Պիոն Հակոբյանին: Այո, մենք այսօր ունենք իսկական, գիտական աբովյանագիտություն: Բայց այս գրքում, այս «Հայոց»-ի մեջ մեր աբովյանագիտությունը պարզապես նետված է մի կողմ եւ տեղը դրված է նույն Սայաթ-Նովայի շարադրանքի ոճով նյութ, որը միտումնավոր թե ակամա անտեսում-շրջանցում է մեր գիտական աբովյանագիտությունը: Փոխարենը ընթերցողին է հրամցվում պարզունակ մի շարադրանքՙ լեցուն սխալներով, սխալ ձեւակերպումներով եւ մերժելի տեսակետներով: Օրինակ, «1830 թվականի սեպտեմբերին Աբովյանն արդեն Դորպատում էր: Այստեղ Աբովյանը մնում է վեց տարի...» (էջ 128): Ոչ, սխալ է: Աբովյանը Դորպատում մնացել է հինգ տարի, հինգ ամիս եւ տասը օր` 1830 թվականի սեպտեմբերի 4-ից մինչեւ 1836 թվականի հունվարի 14-ը կամ 18-ը: Կասեք` մանրուք է, բայց գիտական-ակադեմիական գրքում նման «մանրուք» չի լինում: Ցավալին այն է, որ նման «մանրուք»ներն այս գրքում բազմաթիվ են: Կամ թեՙ «Հակասությունները ցարական չինովնիկության հետ ավելի ու ավելի սուր բնույթ են ստանում...» (էջ 130): Սխալ է, Աբովյանն ինքը, ի վերջո, իր պաշտոնով ցարական չինովնիկ էր, ութերորդ աստիճանի աստիճանավոր: Բավական է հիշել միայն «Թուրքի աղչիկը» պատմվածքի «Որ լսում էի, թե մեկ մարդի պատիժ տվին...» սկսվածքով հատվածը, որպեսզի հասկանալի լինի, որ Աբովյանը շատ խոնարհ աստիճանավոր էր եւ այն անձը չէր, որ կարող էր ցարական իշխանության հետ հակասություններ ունենալ: Ինչքա՞ն կարելի է Աբովյանից լենինյան հեղափոխական սարքել: Ափսոս, տեղ եւ հնարավորություն չկա պարբերություն առ պարբերություն այս բոլորը դիտարկելու: Այսպիսի շարադրանքի հեղինակը կամ գրականության ինստիտուտը պետք է գրավոր ասեր ու հայտարարեր, որ սխալ են ու մերժելի ինստիտուտի իսկ հրատարակած նախորդ ուսումնասիրությունները, ասպարեզի վրա եղած եւ մինչեւ այսօր գիտականորեն չհերքված տեսակետներն ու աշխատությունները եւ հետո նման շարադրանք ներկայացներ ընթերցողին:

«Ղեւոնդ Ալիշան»-ը (հեղինակ` բ.գ.թ. Ս. Մարգարյան, հատորի գիտական խմբագիր) երկու շերտ ունի: Մի շերտը պարզունակ, խեղճ, անօգնական շարադրանք է, մյուս մասըՙ անկապ բառերի ու կամայական, քմահաճ դարձվածքների անհասկանալի զուգակցումներ, ինչպես որ գրված են «Ներածությունը», «Գրականության նորոգությունը», «Սայաթ-Նովան», «Խաչատուր Աբովյանը» եւ այլ բազմաթիվ էջեր: Ահա, օրինակ, շարադրանքի առաջին իսկ էջում (էջ 131)ՙ «Մկրտության ավազանի անունն էր Քերոբե»: Սա անհեթեթություն է: Քարե ավազանը անուն չի ունենում: Ավազանում մկրտում են: Ոչ թե «մկրտության ավազանի անունն էր Քերոբե», այլ,- հայերեն գրագետը սա է,-«ավազանի անունով»: Եվ ոչ թե Քերոբե, այլ Քերովբե: Եվ իհարկե, առանց «մկրտություն» բառի:

Ահա «գիտական» փայլուն շարադրանքի եւս մեկ բացառիկ օրինակ: Ո՜վ նոր լեզվաբանություն, ո՜վ նոր քերականություն: «Սիրո քնարական զեղումներով Ալիշան նահապետը վերապրում է (sic!) Հայոց աշխարհում մի ժամանակ եղած Աստծո դրախտը (sic!), դրախտում ապրող մի աստվածային ժողովուրդ (sic!)...» (էջ 177): Չեմ շարունակում, ուշադրություն դարձրեք` «Ալիշան նահապետը վերապրում է... դրախտը,... [Ալիշան նահապետը վերապրում է] աստվածային մի ժողովուրդ...»: Անհեթեթությունն ու զառանցանքը էլ ո՞նց են լինում: Սա այսպես է եւ անվերջ է: Ինչքան կարելի է գրել` շարադրանքի գրագիտությունը հեղինակինն է:

Եվ, պարոն Վարդան Դեւրիկյան, դուք պնդում եք, որ այս ձախավեր գիրքը խմբագրվա՞ծ է:

«Հաջորդ տարին լինում է (Ալիշանը.- Ե.Տ.-Խ.) Մանթովայում, Լոնտրայում...» (էջ 172):

Ի գիտություն այս շարադրության հեղինակի, իտալական այբուբենում «թ» տառ չկա, «թ» տառ գոյություն չունի: Մանտովան քաղաք է Հյուսիսային Իտալիայում: Իսկ շարադրողը գիտի՞, արդյոք, թե ինչ է «Լոնտրան», այն էլ «տ»-ով: Ուրեմն, մարդ, որ մի տեղից արտագրում է, գոնե պիտի գրագետ արտագրի:

Ի դեպ, արտագրության մասին եւ առիթով:

1952 թվականին «Ակոս» ամսագիրը իր երկու եւ երեք միացյալ համարը նվիրել է Լեւոն Շանթին: Հանդեսում ի թիվս այլ նյութերի, տպագրված է Գասպար Իփեկյանի «Շանթի գրական վաստակը» հոդվածը: Ահա, օրինակ, թե ինչ է գրում Իփեկյանը իր այդ հոդվածում. «Միաժամանակ, գերմարդի տեսութիւնը իր ծայրայեղ անհատապաշտ հիմքովՙ սկսել էր քարոզուիլ դարավերջի փիլիսոփայէ մըՙ Նիցչէն, որուն արձագանգ կուտային Նորվեկիայի հանճարեղ զաւակըՙ Իբսէն, իր թատերգութիւններով եւ հանճարեղն Վակներ, որ կը վերակենդանացնէր իր օբերաներովՙ գերման հին հեթանոսական ուժի եւ վայելքի պաշտամունքը, յետ-մահու Վալալայի որսորդական դրախտի երանութեան խոստումներով: Ռայնկոլթ, Սիկֆրիթ, Ուալքիրի, Լոհէնկրին, Փարսիֆալՙ իրար կը յաջորդէին: Եւ կամ, քրիստոնէական աստուածպետականութեան դէմ ըմբոստացածՙ Ռիենցի եւ Վենիւսի երկրպագուՙ Թանհէօյզըր, կրօնա-աւանդական բռնութեան դէմՙ ախոյաններ կը հանդիսանային»:

1991 թվականին մեծահարգ ակադեմիկոս Ս. Սարինյանը հրատարակում է իր «Լեւոն Շանթ» մենագրությունը: Իր գրքի էջերում նա խոսում է Գասպար Իփեկյանի հոդվածի մասին եւ ահա տեսեք, թե Իփեկյանի հոդվածի վերը բերված հատվածը ինչ տեսք է ստանում ակադեմիկոսի գրքում. «Ուշագրավ է, որ ակնարկի հեղինակը Նիցշեի, Իբսենի եւ Վագների առկայությամբ հիշատակում է նաեւ այլ անուններՙ Ռայնգոլդ, Զիգֆրիդ, Ուայլկիրի, Լոհենկրին, Պարսիֆալ, ապա նաեւ «քրիստոնեական աստվածապետականության դեմ ըմբոստացած Ռիենդի եւ Վենյուսի երկրպագու Թանհոյզեր», որոնք նպաստել են Շանթի մտավոր որոնումների ու պատկերացումների ձեւավորմանը» (Սերգեյ Սարինյան, «Լեւոն Շանթ», Երեւան, «Նաիրի», 1991, էջ 33):

Գրագիտությունն ու տառադարձումը, իհարկե, հեղինակինն են: Ուրեմն, «Ռայնկոլթ»-ը - «Ռայնգոլդ», Ուալքիրին - «Ուայլկիրի», Լոհէնկրինը - «Լոհենկրին», Փարսիֆալը - «Պարսիֆալ», Թանհէօյզըրը - «Թանհոյզեր»: Այս տառադարձումը պարզ ցույց է տալիս, որ հարգելի ակադեմիկոսը չգիտի, թե դրանք ովքեր են: Եթե հարգարժան ակադեմիկոսը իմանար, թե դրանք ովքեր են, ապա գոնե «Ուալքիրի»-ն կտառադարձեր «Վալկիրիա» ձեւով, ինչպես գրում եւ արտասանում են գերմանացիները եւ ինչպես որ ընդունված է մեզանում: «Ռիենցին» դարձել է «Ռիենդի». սա, իհարկե, ոչինչ, էական չէ: Էականը այն է, որ Նիցշեի, Իբսենի եւ Վագների անունների կողքին ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը հայտնաբերում է եւ դնում է այլ մտածողների եւ փիլիսոփաների անուններ: Ուրեմն, ըստ ակադեմիկոս Սարինյանի, Վագների օպերաների գործող անձինք փիլիսոփաներ եւ մտածողներ են, որոնք Նիցշեի, Իբսենի ու Վագների առկայությամբ «նպաստել են Շանթի մտավոր որոնումների ու պատկերացումների ձեւավորմանը»: Այստեղ արդեն, ինչպես ասում են, հայ գրականագիտական մտքի զավեշտը հասնում է իր բարձրակետին:

Այո՛, նենգ ու դավադիր շատ, շատ բան կա այդ սփյուռքահայ հեղինակների տեքստերում: Խեղճ մարդիկ զանազան մտքեր ու գաղափարներ, քաղաքների կամ այլ հատուկ անուններ են արտագրում եւ իզուր տեղը ընկնում են կրակը:

Առհասարակ «Հայոց գրականության պատմության» այս չարաբաստիկ հատորի այն հատվածները, որոնք շարադրել են ընդհանուր խմբագիրն ու հատորի «գիտակա՛ն» խմբագիրը, գրված են ուղղակի խեցբեկագույն լեզվով: Անկապ բառերի եւ անիմաստ դարձվածների անհեթեթ համակցումները երբեմն վերածվում են զառանցանքի... Ահա մի օրինակ.

«Խորտակված սիրո էլեգիան, վշտի անձնական հեծեծանքները տարիների հեռավորության վրա ձգտում են իրականությունից դժգոհ անհատի տիեզերական թախծի: Տեսիլքների ու անուրջների մտապատկերներում վերստին հառնում է վերհուշը, բայց երեւակայության պատրանքը տեղի է տալիս գորշ իրականությանը, եւ մնում է ազատության բաղձանքը, որ հասու է թերեւս միայն սառը գերեզմանումՙ «Ա՜խ յիւր կետ վերջին եհաս սեաւ կյանք իմ // Ա՜խ, ես ե՞րբ մեռայց, ե՞րբ հանդուրձիցիմ» (էջ 27):

Ի՞նչ է նշանակում «վշտի անձնական հեծեծանք». իսկ ոչ անձնական հեծեծանքը ո՞րն է, ի՞նչ է նշանակում «հեծեծանքները տարիների հեռավորության վրա ձգտում են իրականությունից դժգոհ անհատի տիեզերական թախծի»: Ո՞վ կարող է մեկնել, բացատրել այս բանդագուշանքը: Հաջորդ այսպես կոչված նախադասության իմաստին ըստ երեւույթին մարդկային բանականությունը չի կարող հասու լինել: Կամ թե` «Եվ սակայն հեռացումն ու փախուստը չեն ակնկալում (sic!) անհայտ հեռուներ: Ներքին դեգերումները հետադարձ են կատարում (sic!, sic!) դեպի համընդհանուր սիրո ավետարանական ճշմարտությունը: Պետք է ապավինել արարչության խորհրդին, աղոթել Աստծուն մեղանչումի ու զղջումի հորդորանքով եւ Ավետարանի մեջ որոնել երջանկության խորհուրդը» (էջ 27):

Մի կողմ թողնենք «ներքին դեգերումները հետադարձ են կատարում» անհեթեթությունը (հետադարձ կարող է կատարել ուղղագիծ շարժում կատարողը), տեսեք, որ հարգարժան ակադեմիկոսը չգիտի «մեղանչել» բայի բառարանային իմաստը: «Մեղանչել» նշանակում է «մեղք, հանցանք գործել»: Դուրս է գալիս, որ «պետք է աղոթել Աստծուն մեղք, հանցանք գործելու ու զղջումի հորդորանքով...»: Եվ հետո` ի՞նչ է նշանակում «աղոթել հորդորանքով». ո՞ւմ ես հորդորում` Աստծո՞ւն: Բայց Աստծուն խնդրում ու աղերսում են եւ ոչ թե հորդորում: Մարդ եմ ասել, որ այս լեզվից ու այս քերականությունից բանական միտք ու խոսք հանի:

Սա՞ է գիտական գրականագիտությունը, սա ակադեմիական մտածողություն եւ գրականագիտական շարադրա՞նք է: Գնանք հասնենք գրքի վերջը: Հարյուրավոր օրինակներից ահա մի օրինակ:

««Րաֆֆին գեղագիտական որոշակի սկզբունք է կապակցում վեպի ամբողջ կառուցվածքումՙ ստեղծելով բնության մի յուրօրինակ պատմություն, որը վեպի գաղափարի սյուժետային զարգացումը անդրադարձնում է իր տարերքների երաժշտությամբ» (էջ 564):

Ո՞վ կարող է հասկանալ վերը գրվածը, ի՞նչ է նշանակում «որոշակի սկզբունք է կապակցում»,- կապակցում են մի բանի, այստեղ «կապակցում է» ինչի՞ն, ո՞ւր է խնդիրը (տրական հոլովը), ի՞նչ է նշանակում «ստեղծել բնության պատմություն», որտե՞ղ է վեպում այդ «բնության պատմությունը», ո՞վ կբացատրի, ո՞ր հանճարը, թե ի՞նչ է նշանակում «..վեպի գաղափարի սյուժետային զարգացումը (sic!) անդրադարձնում է (sic!) իր տարերքների երաժշտությամբ (հազար անգամ sic!)»:

Վերը բերված օրինակները փնտրված օրինակներ չեն, դրանցով լեցուն է հարգարժան ակադեմիկոսի ամեն մի էջը, ամեն մի պարբերությունը:

Գրականագիտությունը ճշգրիտ, ստույգ գիտություն է, ունի իր ուրույն լեզուն, մտածողության ձեւերը, իր եզրույթներն ու իր բառապաշարը, իր հասկացություններն ու ըմբռնումները: Գրականագիտությունը ստեղծվում է գրականագիտական լեզվով եւ մտածողությամբ եւ ոչ թե բառերի կամայական համակցումներով, անկապ ու անհեթեթ բառերը քով-քովի շարելով: Դա գիտության լեզվի հետ ոչ մի կապ չունեցող լեզու է, որ կարող է միայն անգետ-անիմաց մարդու վրա իբր թե գիտական լեզվի տպավորություն թողնել:

Ինչ վերաբերում է գրքի էջերում սփռված փաստական սխալներին, վրիպումներին եւ այլն, ապա դրանց թիվը ոչ թե տասնյակ է կամ հարյուր, այլ դրանք պարզապես հարյուրավոր են եւ անհաշիվ: Օրինակներըՙ ինչքան ուզեք: 21-րդ էջում գրված է «Պաղտասար Դպիր», 28-րդ էջումՙ «Բաղդասար Դպիր»: 72-րդ էջում գրված է «...Արսեն Կոմիտաս Բագրատունին (Անթիմոսյան, 1790-1866)», մինչդեռ պետք է լիներ «Արսեն վարդապետ Բագրատունի» կամ «Հայր Արսեն Բագրատունի (Կոմիտաս Անթիմոսյան, 1790-1866)»: 203-րդ էջում, իբրեւ վերնագիր, «Պոեզիան», 577-րդ էջում, «Բովանդակության» մեջ, «Պոեզիա»:

410-րդ էջում տողատակում գրված է` «Ա. Տեր-Սարգսենց, Վառարանիմ կայծեր», մինչդեռ պետք է լինի «Ս. Տէր-Սարգսենց, Վառարանի իմ կայծեր կամ մաս մը իմ հին խաղերից»:

411-րդ էջում տողատակում գրված է «Հոդվածը գրել է Ա. Կոստանյանը»: Ո՞վ է այս «Ա. Կոստանյանը», որտե՞ղ եւ ինչո՞ւ է գրել այդ հոդվածը, ինչո՞ւ եւ ինչպե՞ս է դա հայտնվել այս աննախադեպ «Հայոց»-ի մեջ, մնում է անհասկանալի:

Առհասարակ, հատորի հեղինակների մասին ընդհանրապես տեղեկություններ չկան այս «ակադեմիական» ու «գիտական» գրքում. Կ. Դանիելյանը եւ Ա. Կոստանյանը ինստիտուտի աշխատակիցնե՞ր են, հատուկ այս հրատարակությա՞ն համար են գրել իրենց նյութերը...

Փնթիությունՙ ինչքան ասես: 314-րդ էջումՙ «Գաբրիել Սունդուկյան» գլխում առաջին տողը ասում է. «Կյանքը: Գաբրիել Սունդուկյանը ծնվել է...»: Եվ բոլորը նույն տառատեսակով, մինչդեռ «Կյանքը» ենթավերնագիր է, պետք է տպվեր այլ տառատեսակով:

Տասնյակ էջեր կան, որոնց տողատակում գրված է «Նույն տեղում, էջ...»: Երբեմն մի քանի էջ պետք է ետ դարձնես, որ գտնես, թե այդ «նույն տեղում»-ը ինչին է վերաբերում: Մինչդեռ ծանոթագրական պարզ կարգը ասում է, որ «նույն տեղում» կամ «նշվ. աշխ.» գրում ես, երբ էջում արդեն մեկ անգամ նշված է տվյալ աշխատությունը: Այն տպավորությունն է,- եւ իրոք այդպես է,- որ գրքի շարվածքը նույնությամբ մատուցվում է իբրեւ էջադրում:

Օրինակները բերեցի տարբեր տեղերից, անվերջ թվարկումը իմաստ չունի: Այս գրքի ի՞նչն է խմբագրված, հարգելի պարոն Դեւրիկյան, որ դուք «Գրական թերթին» ուղղված Ձեր հայտնի Թղթում գրում եք. «...այն մեծ աշխատանքը, որը կատարել է հատորի խմբագիր բ. գ. թ. Ս. Մարգարյանը»:

Հատորի խմբագիրն էլ, իր հերթին, «Գրական թերթին» իր նամակն է հասցեագրել, ափսոս, որ հավակնոտ ու ամբարտավան, հայհոյանքով լեցուն եւ մանավանդ ոչ գրագետ մի գրություն:

Իր նամակում հատորի «գիտական», ինչպես ինքն է շեշտում իր նամակում, խմբագիրը գրում է` «տնօրինության կողմից հրավիրված նիստ», հայերեն ճիշտ եւ գրագետ կլինի ասել «տնօրինության նիստ»:

Քիչ ներքեւ «տնօրինությունը» դառնում է «դիրեկցիա»:

Հայերեն չեն գրումՙ «...խմբագիրն է, ով...», հայերեն կգրենՙ «խմբագիրն է, որը...» եւ այսպես շարունակ:

Հատորի «գիտական» խմբագիրը չի կարողացել «Գրական թերթին» ուղղված իր ճոռոմ ու մեծամիտ երկու տողը խմբագրել, նա ինչպե՞ս պիտի խմբագրեր այդ հատորը: Որո՞նք են հատորում ընգրկված ժամանակահատվածի վերաբերյալ եւ առհասարակ հայ գրականության շուրջ նրա ծանրակշիռ եւ ուշագրավ ուսումնասիրություններն ու աշխատանքները, որոնք նրան գիտական ու բարոյական իրավունք կտային ակադեմիական հատորի խմբագիրը լինելու: Մարդը, որ կարծում է, թե գրքի ցանկը կամ բովանդակությունը կազմում է հրատարակչությունը կամ տեխնիկական խմբագիրը, ի՞նչ բարոյական իրավունք ունի խմբագիր լինելու: Խմբագիրը պատասխանատու է իր խմբագրած գրքի ամեն մի էջի, ամեն մի տողի եւ նույնիսկ կետադրության համար: Խմբագիրը պետք է գաղափար ունենա եւ պատասխանատու լինի նաեւ գրքի ձեւավորման, չափի, տառատեսակի եւ շատ այլ բաների համար: Սա համընդհանուր պարզ իրողություն է եւ ամենեւին էլ նորություն չէ:

Այն, ինչ մատնացույց է արել Ամ. Ալեքսանյանը, շատ չնչին բան է, ուղղակի ոչինչ բան գրքի իրական պատկերի համեմատությամբ: Եվ տեսեք, թե մեր բարքերի անբարո դրսեւորումը ուր է հասնում: Թեպետեւ ինստիտուտի տնօրինությունը չի հերքում, ընդունում է Ամ. Ալեքսանյանի մատնանշումները, այնուամենայնիվ ժողով է հրավիրում եւ քննարկում է Ամ. Ալեքսանյանին աշխատանքից հեռացնելու հարցը: Ճիշտ է, տնօրինությունը, ի վերջո, չի հեռացնում Ամ. Ալեքսանյանին, բայց ամոթալին այն է, որ մեկնումեկը, գոնե մի մարդ վեր չի կենում ասելու, թե սա գիտական հիմնարկին վայել բան չէ, խաղք ու խայտառակություն է, եւ որ անհեթեթությունն էլ պետք է սահման ունենա, որ խանական ու տնայնագործական գրականագիտությունը ոչ մի կապ չունի գիտական ակադեմիական հրատարակության հետ:

Ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը «Գրական թերթին» ուղղված իր նշանավոր Թղթում ասում է, թե «երրորդ եւ չորրորդ հատորների բոլոր հեղինակները կնշվեն չորրորդ հատորում»: Ի՜նչ զավեշտ է. պետք է հուսալ եւ հավատալ, որ երկրորդ հատորի հեղինակներն էլ կնշվեն հինգերորդ հատորում: Այ քեզ ակադեմիական հրատարակություն եւ գիտական խոսք:

Իր Թղթում տնօրենը գիրքը քննարկելու կոչ է անում, բայց գիրքը պետք էր քննարկել մինչե՛ւ տպագրությունը, տպագրությունից հետո որեւէ քննարկում ինչո՞վ կլավացնի գիրքը:

Ինստիտուտի գիտական խորհուրդի որոշմամբ տպագրված գիրքը ունի խմբագրական խորհուրդ: Բայց պարզվեց, որ այդ խորհրդի անդամները ո՛չ տեսել են այդ գիրքը եւ ո՛չ էլ կարդացել: Ինքնին հասկանալի է, որ քննարկման մասին խոսք չի էլ կարող լինել:

Ըստ ամենայնի, այս գիրքը մինչեւ տպագրությունը տեսել են միայն ընդհանուր խմբագիր ակադեմիկոս Ս. Սարինյանը եւ «գիտական» խմբագիր բ. գ. թ. Ս. Մարգարյանը:

Այս չարաբաստիկ հատորը ոչ ժամանակագրություն ունի, ոչ անվանացանկ:

Գրքի գրեթե բոլոր գրություններում առկա է նույն ձեռքը, գրեթե բոլոր գրություններում նույն անկապ ու անհեթեթ կապակցումներն են, նույն անհեթեթ լեզուն: Խանական մի մութ ձեռք ստվերել է հատորի գրեթե բոլոր գրությունները:

Հասանք վերջապես հարցերի հարցին, որն իր խորքում ոչ թե հարց է, այլ պատասխան: Սա ավելի մեծ խաղք ու խայտառակություն է եւ վերջին շեշտն է այս ամոթալի պատմության:

Հատորը լույս տեսնելուն պես ինստիտուտի տնօրինությունը ցնծության շեփորահանդես է կազմակերպում եւ գինեձոնի պես մի բան է սարքում: Եվ գիտական բարձր կոչումներով ու աստիճաններով զարդարված անձինք,- անկեղծ ասած, նրանց ոչ անուն-ազգանուններն են կարեւոր, ոչ նրանց աստիճանները եւ ոչ էլ իրենք, կարեւորը երեւույթն է,- սազը առած, միմյանց հետ մրցակցելով, գովում եւ երկինք են հանում այս ձախավեր գիրքը:

Ինչպե՞ս բացատրել սա, ինչպե՞ս հասկանալ այս ճղճիմ երեւույթը: Հնարավոր է երկու տարբերակ:

Առաջինը այն է, որ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրության դոկտոր Վարդան Դեւրիկյանը եւ օրվա հերոս մյուս դոկտորները կարդացել են հատորը, շատ էլ լավ տեսել ու նկատել են այն ամենը, ինչը մատնացույց արվեց վերեւում, եւ դավադիր լռություն պահպանելով գրքի իրական պատկերի շուրջ, սեփական շահադիտական նպատակ հետապնդելով (հանկարծ ու մի բան դուրս չգա, տաքուկ ճահիճը չխաթարվի) գովաբանում են ակադեմիական ակնհայտ խոտանը:

Երկրորդ հնարավոր տարբերակը այն է, որ նույն մարդիկ կարդացել են հատորը, բայց իրենց մտավոր ու մասնագիտական կարողությունները թույլ չեն տվել նրանց ճիշտ տեսնելու, ճիշտ հասկանալու եւ ճիշտ գնահատելու կարդացածը, ինչը ամենեւին էլ հեռու չէ այդ ինստիտուտից ու նրա մարդկանցից: Այս գրքի գոյության փաստը ասվածի վառ վկայությունն է:

Երկու տարբերակն էլ շատ ամոթալի ու անպատվաբեր է մեր գիտության ու մշակույթի համար, երկու տարբերակն էլ շատ դառն խոհեր են արթնացնում եւ մղում են ծանր եզրակացությունների:

Հարգելի ընթերցողներ, դուք կարդացիք բերված օրինակները, ծանոթացաք այդ «ակադեմիական» շարադրանքի մակարդակին եւ, համոզված եմ, հանգեցիք շատ տխուր ու ծանր եզրակացության:

Այո՛, ես էլ եմ ձեր կարծիքին: Եվ` վաղուց:

Ֆրանսիայում, երբ պետական միջոցներով խոտան գիրք են տպագրում, հրատարակիչներին վարչական տույժերի են ենթարկում, մեծ տուգանքների եւ այլն: Չինաստանում նման գրքերի հեղինակներին եւ հրատարակիչներին խստորեն պատժում են: Հայաստանում նրանց արժանացնում են պետական պարգեւների եւ ջերմ խրախուսանքի:

Ոչ ոք, ով էլ որ նա լինի, իրավունք չունի հայ գրականության եւ հայ գրականագիտական մտքի հետ այնպես վարվելու, ինչպես խանական ձեռքը վարվել է այս գրքում: Կարծում եմ, տնօրինությունը եւ հրատարակիչները պետք է պատասխանատու լինեն ակնհայտ խոտանի համար:

Հայ գրականությունը վեր է ամենքից եւ ամեն բանից:

Այս գրքում դեռ շատ ու շատ, ուղղակի անթիվ-անհամար բան կա մատնացույց անելու... Գրականության ինստիտուտի տնօրինությունը եւ մանավանդ «գիտական» խմբագիրը փոխանակ այս ամենի մասին մտածելու, թուրը առած պայքարում են գրքի որակի բարձրացման համար: Ինչպես հայտնի գրողն է ասում, ուզում են փրկել երկրորդ կարգի թարմության իրենց ապրանքը: Հոտած պանիր են արտադրել եւ հիմա զանազան նամակներով սրան-նրան հայհոյելով բարձրացնում են իրենց պանրի որակը: Պարոնայք, եթե դա է փրկարար միջոցը, ինձ սրանից հետո գիշեր-ցերեկ անդադար հայհոյե՛ք, եւ ձեր գիրքը կդառնա կատարյալ գիրք, իրո՛ք գիտական եւ իրո՛ք ակադեմիական:

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Saturday, December 17, 2016

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՈՒ ՉԱՐԱԳՈՐԾ ՈՀՄԱԿԸ


Մարդու դեմ պայքարելով՝ մենք չպետք է նմանվենք նրան: 
Անգամ նրան նվաճելով մի որդեգրեք նրա արատները: 
Ջորջ Օրուել

Փնթի հայտնիների հորիզոնականի առաջին շարքում պետք է դնել Հրանտ Մաթևոսյանին ու Զորի Բալայանին: Ի՞նչ եք կարծում, Հրանտ Մաթևոսյանն ինչո՞ւ էր խոստովանել, որ Վանո Սիրադեղյանն իր երկրորդ սերն է և բացառված չէ, որ Վազգեն Սարգսյանը եղել է նրա առաջին սերը: Միայն չասեք, թե դա ես եմ հորինել, անգամ փաստագրական տեսանյութեր կան այդ խոստովանանքի վերաբերյալ, ես միայն արձանագրել եմ փաստը: (https://www.youtube.com/watch?v=z2qHGzNsvcM ՀՐԱՆՏ ՄԱԹևՈՍՅԱՆ)

Իզուր չէր, որ Հրանտ Մաթևոսյանի դուստր՝ Շողեր Մաթևոսյանը դարձավ « Շամիրամ » կուսակցության նախագահ: Բայց, թե ինչո՞ւ Ասորեստանի հեշտասեր թագուհու անունը պետք է լիներ նրանց կուսակցության անունը, դա արդեն ցույց տվեց նրանց հետագա աշխատանքային գործունեությունը: (Ասորեստանի թագուհին, առհասարակ, կապ չունի հայ ժողովրդի հետ, չհաշված «Արա Գեղեցիկի ու Շամիրամի» առասպելը: Բայց տարօրինակ չէ, որովհետև Շողեր Մաթևոսյանի տգիտությունն ու երևակայությունն այդքան էր: Փաստացի, «Շամիրամ» կուսակցության անունը ճիշտ էր ընտրված, որովհետև հայոց պատմության մեջ անբարոյական կանայք չեն եղել: ԳՀ. ԱՌ) Իզուր չէր, որ «Շամիրամ» կուսակցության կանանց անվանում էին Վանոյի «ԲԵՏԵՌ-ներ», նկատի ունենալով՝ անբարոյական, լաչառ կանանց խումբը, որոնք Վանո Սիրադեղյանի ցուցումով էին գործում: Ինչպես օրինակ՝ Լֆիկ Սամվել Ալեքսանյանի « անատամ, հազար դրամանոց ջադուների » ոհմակը, «Փակ շուկայի» շինարարությանը սատարելու համար: Փաստագրությունը համոզում է, որ ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի դուստրն էր «Չարիքի իշխանության» մեջ փողեր աշխատում, այլև Հրանտ Մաթևոսյանի երրորդ սերը՝ նրա կինը՝ Վերժինե Մովսիսյանը:

«Վերժիկը»՝ նրա կինը, ով տասը տարի Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն լինելով, կողոպտեց ու թալանեց այն, անգամ ցանկանալով սեփականաշնորհել ու իր համար առանձնատուն սարքել, ոտնատակ տալով Հայոց Ամենայն բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանին պատկանող սրբությունը: Իսկ այդ մասին չեն խոսում, անգամ արգելված թեմա է, որովհետև Հրանտ Մաթևոսյան, Վազգեն, Վանո միությունը դառնալու էր «Չարիքի իշխանության» անկյունաքարը: (1997թ. ապրիլի մեկին Վերժինե Մովսիսյանը նշանակվում է Թումանյանի թանգարանի տնօրեն: Իբրև մեծ « տնտեսվար , իբրև գրող «սեփականաշնորհած» կին` տիկին Վերժինեն հղանում է մի հանճարեղ գաղափար. սեփականաշնորհել Թումանյանի տուն-թանգարանը. ինչու՞ իր նման կինը չպիտի ունենա քաղաքի լավագույն առանձնատունը. դե, Թումանյանին էլ մի անկյուն կհատկացվի, իհարկե, հո չի՞ թողնի դրսում. Ինքը մեծահոգի է: Այդ նպատակով մեր տիկինը Մշակույթի նախարարություն է ներկայացնում թանգարանի շենքի գնահատման վերաբերյալ մի տեղեկանք, ուր այդ վիթխարի շենքը գնահատված էր ընդամենը 9106951 դրամ՝ քսան հազար դոլարից պակաս: Կարելի է կասկած անգամ չունենալ, որ հհշականները, որոնց ամենասիրած զբաղմունքը հանրապետության ունեցվածքը մեջ-մեջ անելն էր, չէին զլանա և կնվիրաբերեին թանգարանի շենքը սիրելի գրողի կնոջը, եթե անհապաղ բողոքի ձայն չբարձրացնեին գիտության, մշակույթի, արվեստի ճանաչված գործիչները:

Երբ հայ գրողները ման էին գալիս ծակ կոշիկ -շալվարներով, տիկինը գրողների միության շենքի տարբեր սենյակներ տալիս էր վարձակալության, հասույթը՝ գրպանում, առանց մի լումա անգամ հատկացնելու իրական տերերին: Նմանապես և այն գումարները, որ գրողներին էին նվիրաբերում Սփյուռքի գաղութները, դառնում էին տիկնոջ՝ Վերժինե Մովսիսյանի սեփականությունը: Այսպես, երբ կաթողիկոսը Գրողների միությանը նվիրեց 20000 դոլար, տիկինն անմիջապես թաթը դրեց վրան՝ հայտարարելով. « այս ողորմելիները (գրողները) կարծում են, թե սա իրենցն է. սա միայն ու միայն Հրանտինն է»: Հրանտ Մաթևոսյանի մահից հետո անգամ, տիկինն իրեն զգում էր տեր ու տնօրեն, իսկ միության նախագահի ավտոմեքենան շահագործում ըստ հայեցողության: Ոչ մեկը չէր կարողանում տիկնոջը ստիպել վերադարձնել պետական գույքը, ու միայն այն բանից հետո, երբ արդեն Գրողների միության նոր նախագահ Լևոն Անանյանը սպառնում է, թե կբացահայտի նրա բոլոր անօրինություններն ու չարաշահումները, հնարավոր է լինում այն հետ ստանալ: ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ http://www.louysworld.com/archives/tag/թումանյանի-տուն-թանգարան) Իմիջիայլոց, Հրանտ Մաթևոսյանը Գրողների միությունում տիտղոսներ վաճառողներից էր. Գրողների միության անդամ կարող էր դառնալ ցանկացածը, ով վճարում էր, ինչպես գիտեմ, այդ ավանդույթը շարունակվում է առ այսօր: Լևոն Անանյանի մասին կարելի է գրել օրինակներով, սակայն բավական է միայն Թիֆլիսում գտնվող Հովաննես Թումանյանի «Վերնատան» վաճառքի պատմությունը, որպեսզի նրան գնդակահարեն՝ հայրենիքի դավաճանության հոդվածով: Սակայն վերադառնանք «Չարիքի իշխանության», չարագործ Հրանտ Մաթևոսյանին: Գիտեք, չեմ զարմանա, եթե պարզվի, որ « Էրոտիկայի արքայադուստր » կրքոտ Վիոլետ Գրիգորյանը՝ հենց Հրանտ Մաթևոսյանի միջոցով է դարձել Հայաստանի գրողների միության անդամ՝ (չնայած նա միշտ անդամ է եղել իր ասելով) միջազգային փառատոններում հաղթած «Ծլիկ» բանաստեղծության համար: Իսկ Էջմիածնի հոգևորականներից շատերը «Ծլիկ» բանաստեղծությունը կատարում են պատարագից առաջ՝ Գարեգին Բ-ի պատվերով: Այն, որ «Չարիքի իշխանությունը» խրախուսում է անբարոյականությունն ու պոռնկությունը, դա փաստ է, օրինակները տեսանք «Շամիրամ» կուսակցության տարբերակում:

Տեղին է հիշել ոստիկանության ՊՊԾ գնդում «Սասնա ծռերի» կողմից հայտնաբերված «Կամասուտրա» ժամացույցը, դրան գումարած « Հրեշտակների » գումարտակի մերկապարուհի՝ Մագային (Մարգարիտա Կարապետյանին): Չի բացառվում, որ Մագան՝ Շողեր Մաթևոսյանի «Շամիրամ» կուսակցության անդամ է, կամ էլ աշակերտում է Շողերին: Այն, որ անբարոյականները բազմել են իշխանական օթյակներում, դա տեսնում են բոլորը, ամեն մեկը՝ իր անձնական օգտագործման սիրուհուն տեղավորում է բարձր վարձատրվող պետական պաշտոնի՝ սկսած Արդարադատության նախարարից, վերջացրած Հոլանդիայում ու Վիետնամում հավատարմատար դեսպաններին: (http://www.iravunk.com/news/1200 Վիետնամում ՀՀ դեսպանը « կորցրել » է դոլարով պահվող խնայողությունները 26.03.2016 13:3)

Ազգային ժողովի պատգամավորներից շատերն էլ զբաղված են նիստերի ժամանակ «Պոռնո» ֆիլմեր նայելով: Մի խոսքով, Չարիքի իշխանությունը լեցուն է իսկական «Շամիրամ» կուսակցության հեշտասերներով ու Վենետիկյան կուրտիզանուհիներով: Սակայն վերադառնանք «Մեծ գրողին»՝ Հրանտ Մաթևոսյանին, ով դարձել է չարության սիմվոլ: Հիմա շատերը կասեն, թե ի՞նչ կապ ունի նրա կինը կամ նրա արարքները, քանի որ նա իսկապես տաղանդավոր ստեղծագործող էր. Դրա բացատրությունը քիչ ավելի ուշ: (Ըստ Հրանտ Մաթևոսյանի. «գրողը պետք է բարեկեցիկ ապրի, որպեսզի լավ ստեղծագործի, մնացածի վրա թքած»: (http://www.yerkir.am/news/view/101026.html)

Այն, որ « Չարիքի իշխանության » անունը տալիս միշտ հիշում են Հրանտ Մաթևոսյանին, ում խոսքերը լոզունգի պես կպցրել են ամեն անկյունում՝ որպես պետական գաղափարախոսություն: (Ինչպես Ջորջ Օրուել «1984» գրքի մեջ է ասված «Չարիքի իշխանության » լոզունգը. «Պատերազմը խաղաղություն է, Ազատությունը ստրկություն է, Տգիտությունն ուժ է»):

Եվ իզուր չէր, որ Արդարադատության, Մշակույթի, Արվեստի մեջ պետք է անկում գրանցվեր, որովհետև որակին փոխարինեց քանակը, միայն փողի կաշառքի հարաբերության վրա պետք է ստեղծվեր այդ աղբը, որը կոչվում է արվեստ ու մշակույթ: Առհասարակ, նույն բանը կատարվում է բոլոր բնագավառներում՝ կոմպոզիտորների միությունում ու իզուր չէր, որ « Սասնա Ծռերի » դեմ դուրս էին եկել նրանք իրենց հայտարարությամբ, սատարելով Բռնակալին՝ ինչպես Ջորջ Օրուելու «1984» գրքի՝ «Մեծ եղբորը»: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը խոստանում էր «Սասնա ծռերին»՝ զենքը ցած դնելու դեպքում, նրանց մասին երգ գրել, դե սպասենք տեսնենք թե ե՞րբ է կատարելու իր խոստումը: (https://www.youtube.com/watch?v=OOBs1YrkFkI) Չարիքի իշխանությունում Գիտությունների Ազգային Ակադեմիան նույնպես հանդիսանում է տգետների ու հետույքամտնուկների Ակադեմիա, իհարկե ոչ բոլորը, շարքային Ակադեմիկոսները ու գիտնականները սովահար վիճակում են ինչպես բոլորը, չնայած Ակադեմիայի «էլիտան» ոչ միայն հանդիսանում է գործիք ճնշելու համար գիտական միտքն ու առաջընթացը, այլև արգելակում է ցանկացած գիտական նորարություն ու ծրագիր: Բռնակալի քմահաճույքին ծառայելով նրանք ոչնչացնում են գիտությունն ու միտքը, իզուր չէր, որ Հայաստանի ԳԱԱ ծերակույտի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը շեշտել, որ « Հայաստանը «Քոսոտ » Երկիր է»: ( րթության և գիտության նախարարը համաձայն չէ, թե Հայաստանը «քոսոտ» երկիր է: https://www.youtube.com/watch?v=ngI1ywV8vKw 11 мая 2016 г)

Սովորաբար քաղաքակիրթ երկրներում քաղաքացիական հասարակությունը այսպիսի խոսքեր ասողներին այրում է խարույկի վրա, իսկ մեզ մոտ՝ բարբարոս Ասիայում խրախուսում են, պատահական չէր, որ Ռադիկ Մարտիրոսյանը կրկին անգամ նշանակվեց Ազգային Գիտությունների Ակադեմիայի նախագահ: Նույնիսկ Սերժ Սարգսյանը շնորհավորեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 80- ամյակը։ (http://www.aravot.am/2016/05/01/686630/Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ 11:36 | Մայիս 1 2016)   Առհասարակ, Չարիքի Իշխանության մեջ բոլոր թվարկածս բնագավառներն ու ծառայությունները ունեն միայն մեկ նպատակ՝ Գովազդային: Գովերգելով Բռնակալի իշխանությունը, ինչպես մի ժամանակ ասում էին «Ընկեր Ստալինը ժողովուրդների հայրն է»:

«Այսքան ուրախ կյանքը մեր, Ընկեր Ստալինն է տվել:
Ջան Ստալին, ջան Ստալին, Ջանս քեզ ղուրբան, Ստալի՛ն…»։


 ՀԱՏՎԱԾ  ՉԱՐԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐՔԻՑ
Աղբյուրը՝
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՈՒ ՉԱՐԱԳՈՐԾ ՈՀՄԱԿԸ - ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ

Monday, July 7, 2014

ԳՄ. ստալինյան կառույցը մնում է

Հուլիսի 4-ին Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-ամյակն էր նշվում։
Բավական խորհրդանշական է, որ միջոցառումը տեղի ունեցավ Կոմեդիայի թատրոնում։
Այս միությունը հասարակական կազմակերպության կարգավիճակ ունի, այսինքն՝ համարվում է «անկախ» կառույց։

Բայց արի ու տես, որ իբրեւ «ՀԱՑԻՎ» միությունը իշխանություններից նվեր ստացավ ծառայողական մեքենա եւ համակարգիչներ։

Ավելին՝ իշխանության կողմից հրապարակված շնորհավորհական ուղերձում էլ նշված է. «Ձեր խնդիրն է գեղարվեստորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը»։

Ստալինի կողմից ստեղծված ստեղծագործական միություններում, փաստորեն, ոչինչ չի փոխվել։ 1930-ականներին բոլշեւիկյան իշխանությունը ճիշտ այսպես հրահանգում էր, թե ինչի մասին եւ ինչպես պետք է գրեն գրողները։

Սա 21-րդ դարն է, բայց ժամանակակից գրողները նույն կերպ, ինչպես անցյալ դարի 30-ականներին՝ դահլիճում նստած, հանգիստ լսում էին իրենց առաջադրված խնդիրը։

Թեպետ, գուցե իսկապե՞ս պետք էր շեշտել, թե ինչի մասին գրեն մեր գրողները, որոնց մեծ մասը ակտուալ թեմաները թողած՝ ժամանակավրեպ ու անհետաքրքիր թեմաներ են շոշափում, ինչի պատճառով ընթերցող չունեն։ Նրանք այնքան կյանքից կտրված են, որ թերթելով նոր հրատարակությունները, մտածում ես՝ լավ, այս հեղինակները ո՞ր մոլորակում են ապրում կամ ե՞րբ են վերջապես 19-րդ դարից հասնելու մեր ժամանակներ։

Պակաս ուշագրավ չէր նաեւ հոբելյանական առիթով իշխանության կողմից մի քանի գրողների ոսկե հուշամեդալով պարգեւատրելու փաստը։ Այն էլ «Հայ գրականության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար»։

Վերջին երկու տասնամյակներին գրական ընթացքին քիչ թե շատ հետեւած մարդիկ անգամ մեծ դժվարությամբ կարող են հիշել պարգեւատրված գրողների անունները, եթե չասենք՝ մի քանիսի անունն առաջին անգամ էին լսում։

Մի խոսքով, ստալինյան կառույցը մնում է ստալինյան կառույց՝ բնույթով, գործելաոճով եւ իշխանությանը ծառայելու անվերապահ հավատարմությամբ։

Դե, 80 տարեկան միությունն իր այս «պատկառելի» տարիքում հո չի՞ փոխվելու...

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ 
ֆեյսբուքյան էջից

«Աշխարհում 12-20 տոկոսն են կազմում էլեկտրոնային գրքերը»

Գրական գործերին ու գրական տեղեկություններին մեր օրերում ընթերցողը ծանոթանում է ավելի շատ էլեկտրոնային կայքերի՞ միջոցով, թե՞ նախընտրում է գրքերն ու գրական պարբերականները: Ըստ այդմ` ինչպիսի՞ն է գրական մամուլը մեր օրերում: Անդրադառնալով irates.am-ի այս հարցերին, գրողների միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ նախ թվարկեց գրողների միությունում և գրողների միությունից դուրս գործող գրական պարբերականները` «Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիան», «Արտասահմանյան գրականություն», «Գրեթերթ», «Ցոլքեր», «Նարցիս» , «Գարուն», «Անդին»:

Նշեց, որ գրական մամուլը որոշակի պետական աջակցություն է ստանում: Շուտով ՀԳՄ կայքը նորովի կգործի . «Էլեկտրոնային, թե դասական եղանակով են կարդում, պետք չէ հիվանդագին ընդունել: Ով ոնց ուզում է` թող կարդա: Մեր սերունդը կապված է թղթային գրքին, ես ինքս գիրքն այդ ձևով ավելի եմ սիրում, գրքի ձևավորումը, հոտը, ոնց որ ասում են, այդ ամենը, իհարկե, կա, նաև կարդալու սովորություն է առաջանում: Մեկ ուրիշն էլ էլեկտրոնային եղանակով է կարդում: Բայց աշխարհում 12-20 տոկոսն են կազմում էլեկտրոնային գրքերը: Մեզ մոտ տոկոսայինը չգիտեմ, բայց էլի նույն թվերն են: Համենայն դեպս, չի կարելի ասել, թե դասական գիրքը մահանում է, ճգնաժամ է: Հավատանք, որ երկու ձևով էլ պիտի կարդան: Կարևորը ընթերցանությունն է»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ