Հովհ. Թումանյան. Հրապարակախոսություն - 4

ԽՈՍՔ` ՈՒՂՂՎԱԾ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻՆ

Էս տարվա սկզբին մեր անմոռանալի բարեկամն ու ընկերը՝ Վ. Բրյուսովը, երբ Թիֆլիսում մեզ մոտ հյուր էր1, զրույցների ժամանակ հայոց բանաստեղծության հանդեպ միշտ կրկնում էր իր անկեղծ հիացումը և զարմանքով ու ցավով հարցնում, թե ի՞նչպես են իրենք մինչև էսօր անծանոթ մնացել մի էս տեսակ հարուստ գրականության ու արվեստի:

Ու մի օր էլ, խնջույքի մեջ, դիմելով նրան, ես էսպես բացատրեցի նրա համար զարմանալի երևույթը, թե ինչպես է եղել, որ իրենք անծանոթ են մնացել մեր բանաստեղծությանը: Ասի՝ մինչև էսօր Ռուսաստանից մեզ մոտ ոստիկաններ են ուղարկել, թե գնացեք գողեր բռնեցեք ու սրիկաներ: Նրանք էլ եկել են՝ ավազակներ, գողեր ու սրիկաներ են գտել: Դատախազներ են ուղարկել, թե մարդասպաններ ու ոճրագործներ երևան հանեցեք ու դատապարտեցեք: Նրանք էլ եկել են, մարդասպաններ ու ոճրագործներ են գտել: Ժանդարմներ են ուղարկել, թե արթուն հսկեցեք, հեղափոխականներ գտեք: Նրանք էլ եկել են՝ հեղափոխականներ են գտել. Եվ այլն, և այլն: Ու լուրը գնացել է Ռուսաստան՝ թե Կովկասում ավազակներ կան, գողեր ու սրիկաներ կան, մարդասպաններ, խաբեբաներ ու ոճրագործներ կան, հեղափոխականներ կան...

Բայց բանաստեղծներ չեն ուղարկել, թե գնացեք Կովկասում կամ հայերի մեջ բանաստեղծություն որոնեցեք: Ահա, առաջին անգամն է ռուս բանաստեղծը գալիս մեզ մոտ հատկապես մեր բանաստեղծության համար: Առաջին անգամն են ռուս նշանավոր բանաստեղծները մեր բանաստեղծությանը մոտենում — և գտնում են լիուլի, և այժմ լուրը կերթա Ռուսաստան, թե Կովկասում կամ հայերի մեջ բանաստեղծություն էլ կա, բանաստեղծներ էլ կան...

Մեր ազնիվ հյուրը պատմում էր, թե առաջին անգամ, երբ նրանց ուշադրությունը խնդրել էին հայոց բանաստեղծության վրա, նրանք ինչ զարմանքով ու անլուրջ էին վերաբերվել էդ առաջարկին, իսկ երբ ծանոթացանք, ասում էր, գրեթե հենց առաջին ծանոթությունից, հենց աոաջին գիշերից միանգամից ամենքս հիացանք ու դարձանք հայասեր: Եվ առաջ էր բերում էն տեսակ ականավոր բանաստեղծների կարծիքները, ինչպես Բայլմոնտ, Վ. Իվանով, Բլոկ և այլն: Բայց ամեն թյուրիմացություն փարատելու համար՝ էստեղ պետք է ասեմ, որ միշտ մեր միջնադարյան բանաստեղծությունն է եղած հիացման գլխավոր առարկան:

Էն ժամանակ նրանք էին հիացած, այժմ հերթը մերն է: Ես քննադատելու չեմ «Поэзия Армении» գիրքը: Քննադատներ շատ կան, նրանք կքննադատեն: Ամենաշատը ես ինչ-ինչ նկատողություններ եմ անելու, մեծ մասամբ մեր հին բանաստեղծության մութն ու վիճելի կետերի վրա: Սակայն չեմ կարող իմ բուռն ու անկեղծ հիացումը չհայտնել հրապարակով մեր լավագույն բարեկամների ու ընկերների էն շնորհքի ու սիրո հանդեպ, որ նրանք հանդես են բերում էս գեղեցիկ գործի մեջ, հաճախ անհաղթելի դժվարությունները հաղթահարելով: Մարդիկ կան, որ բանաստեղծների անհաջող գործերն են որոնում ու նրանցով են զբաղվում: Դրանք անգետ ու անճաշակ մարդիկ են, և նույնիսկ վատ հոգու տեր մարդիկ: Թերությունները պետք է նկատել, բայց բանաստեղծին իր հաջող գործերի մեջ պետք է ճանաչել, նրանցով պիտի գնահատել:

Եվ էս ճշմարիտ է ո՛չ միայն ինքնուրույն գործերի համար, այլև թարգմանության: Չէ՛ որ բանաստեղծության թարգմանությունը, էն էլ առանձին համ ու հոտ, շունչ ու ոճ ունեցող՝ բանաստեղծության թարգմանությունը շատ է դժար ու հազվագյուտ բան: Բանաստեղծության նույնիսկ լավ թարգմանության համար ասված է, թե նա մի վարդ է, որ ապակու տակ է դրված: Այսինքն թե՝ ձևը կտեսնես, բայց բուրմունքը չես զգալ: Ինչքա՛ն շնորհք է հարկավոր, որ ոչ միայն հարազատ ձևը ցույց տա, այլև ինքնուրույն բուրմունքը հաղորդի: Եվ շնորհքի հետ ի՛նչքան սեր...

Եվ ի՛նչ խնամքով կազմած ու ճաշակով տպած գիրք է, ինչքան շքեղ իր պարզության մեջ: Դրա համար էլ ամեն մի ձեռքն առնող, — հայ լինի թե օտար, — համակվում է սիրով ու հարգանքով դեպի մեր շատ թշնամի ու քիչ բարեկամ տեսած ցեղը:

Այժմ ամենքի համար պարզ է «Поэзия Армении» գրքի նշանակությունը: Էն ժամանակ Բրյուսովին իրեն էլ էինք ասում: Եվ բնավ չափազանցություն չէին էն բոլորը, ինչ որ դարձրին բրյուսովյան շաբաթը Թիֆլիսում՝ տոնական շաբաթ:

Եվ ահա էս ամենի համար պարտականություն եմ զգում եղբայրական համբույր ուղարկելու նրանց, Ռուսաստանի լավագույն զավակներին, որ կյանքում լավագույնն են փնտրում, ընտրում ու սիրում:

Վերջապես եկավ վաղուց սպասված գիրքը — Поэзия Армении-ն, Հայաստանի բանաստեղծությունը: Եվ ռուսերենից ու ռուսախոս հայերից նրանք, որ միայն Հայաստանի թշվառությունն էին լսել, կոտորածներն ու սարսափները գիտեին, այժմ կտեսնեն և նրա բանաստեղծությունը ու կսիրեն: Չեն կարող չսիրել, որովհետև ինքը ամբողջ սեր է. իսկ, մեր անզուգական Սայաթ-Նովայի խոսքով ասենք, «Սերը սեր կու բերե...» և

«Աշուղի լեզուն բլբուլ է,

Օրհնանք ունի, նալաթ չըկա...»2:



ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈԻԹՑՈԻՆԸ

Գրականության միջոցով հոգեկան կապ է հաստատվում հայ ու ռուս ժողովրդի միջև, և էն անարյուն, բարոյական նվաճումները, որ անում է ու պիտի անի հայ ժողովուրդը թե՛ Ռուսաստանում, թե Ռուսաստանի սահմաններից դուրս՝ նոր են ու, անկասկած, շատ թանկ: Եվ լուրջ է գործի սկզբնավորությունը:

— Ռուսաց գրողներից շատերն այժմ զբաղված են հայոց գրականության ուսումնասիրության ու թարգմանության գործով: Օրեցօր ավելի ու ավելի են ճանաչում ձեր բանաստեղծությունն ու ձեզ, և ահա թե ինչեր են գրում իրենց նամակներում, ասում է ռուս մեծանուն բանաստեղծը՝ Վ. Բրյուսովը, որ էդ գործի գլուխն է կանգնած Մոսկվայում, և հայտնում է ռուս նշանավոր գրողների կարծիքները՝ լիքը հրճվանքով ու սիրով:

Եվ իր դասախոսությունը «Հայ բանաստեղծության մասին» ընդհանուր առումով թերևս կարելի լինի ռուս գրողների էդ հրճվալից վերաբերմունքի արտահայտությունը համարել:

Այժմ պ. Բրյուսովը հայոց բանաստեղծությունից անցնում է պատմությանը:

Հայոց պատմությանը...

Նախանցյալ դարու վերջերն էր, որ ռուսները նոր ոտք դրին Վրաստանի սահմանները1: Շատ ցավալի պատկերներ բացվեցին նրանց առաջին էդ գեղեցիկ ու դժբախտ երկրում: Էդ տխուր պատկերներից մեկն էլ նոր ավերած Թիֆլիսն էր2, ուր շատ դիակների թվում կար և մի սրահար ծերունի կրոնավորի դիակ` օրերով բերդի եկեղեցու դռան մեջտեղը ընկած: Սայաթ-Նովայի դիակն էր դա, որ իմ կարծիքով, էդ ժամանակ արքեպիսկոպոս էր Դավիթ անունով և թեմի առաջնորդը: Սայաթ-Նովան — որ կնշանակի երգի թագավոր, երաժշտության տեր: Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը խրած իր ազնիվ ու մեծ սրտի մեջ:

Եվ ինչո՞ւ չի կարելի Սայաթ-Նովային նկատել որպես հայ ժողովրդի կյանքի ու տանջանքի խորհրդանշանը — նրա պատմությունը:

Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ...

Եվ երբեք չցամաքեց էդ արյունոտ դաշույնը, ոչ նրանից առաջ, ոչ էլ նրանից հետո մինչև էսօր...

Հայոց պատմությունը դարերի անվերջ մաքառում եղավ, որ կարողանար ետ մղել էդ սպանիչ դաշույնը իր սրտից, և իր լավագույն զավակներն էդ կռվի մեջ մաշեց ու սպառեց: Էսօր էլ իր զավակները միացած ռուսական մեծ բանակին ու լավագույն ժողովուրդներին՝ ասես թե հազար-հազար ձեռքերով ձգում են ու ճգնում են հանեն էդ դաշույնը մեծ Սայաթ-Նովայի սրտից:

Բայց պետք է ճանաչել Սայաթ-Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն էլ համոզվեն, թե չի կարելի հավիտյան թողնել էդ դաշույնը նրա սրտում...

Գնանք լսելու մեր լավ, մեր հռչակավոր բարեկամին, թե ինչ է ասում հայոց պատմության մասին, հայի դարավոր տառապանքի ու մաքառումի մասին և հայի ապագայի մասին...





ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՏՈՆԸ

1616 թվականի ապրիլի 23-ին Անգլիայամ վախճանվեց Շեքսպիրը, միևնույն օրը Իսպանիայում վախճանվեց Սերվանտեսը:

Մի օրում գերեզման իջան երկու գրական հսկա, որ ոգեպես հարություն առնելով ու բարձրանալով համաշխարհային գրականության հորիզոնի վրա կանգնեն ու մնան ընդմիշտ՝ այլ մեծերի շարքում՝ երկու պայծառ արեգակ կամ բանաստեղծության ամենատես աչքերը՝ հավիտյան բացված մարդկային կյանքի ու բնության վրա:

Էս տարի, ապրիլի 23-ին՝ լրանում է սրանց մահվան երեքհարյուրամյակը:

Համաշխարհային աղետալի պատերազմի ընթացքում շատ տոներ եկան ու անցան չտոնված, բայց էս մի տոնը պետք է տոնի ամբողջ կուլտուրական աշխարհքը: Պետք է տոնեն և՛ պատերազմից հեռու կանգնած ժողովուրդներն իրենց խաղաղ քաղաքներում, և՛ կռվող ազգերը իրենց խրամատներում, և՛ անգլիացին, որ Շեքսպիր է ծնել, և՛ գերմանացին, որ Շեքսպիր է սիրել ու որդեգրել, և' ռուսը, և՛ ֆրանսիացին, և՛ իտալացին, և՛ ավստրո-հունգարացին, — ամե՛նքը, ամե՛նքը, մինչև ուր հասել է Դոնքիշոտի ազնիվ խելառության համբավը, մինչև ուր հասնում է Շեքսպիրի աստվածային բռնակալությունը, որ մարդկային հոգին ազատագրելով ամեն տեսակ բռնակալություններից՝ միայն ստեղծագործական ոգու իշխանությանն է ենթարկում:

Էս տոնը վրա է հասնում սգավոր մարդկությանը՝ որպես մի համաշխարհային միություն, թե՝ ազգերը միայն ավերիչ թնդանոթներ չեն ղրկում իրար, այլև ստեղծագործող հանճարներ, թե նրանք միայն իրար չեն ծվատում ու իրարից խլում, այլև փոխադարձաբար իրար տալիս են է՜ն ամենաբարձրը, ինչ որ կարող է մարդը երազել. թե նրանք ունին էն տեսակ կապեր, որոնք միշտ մնում են սրբազան, ամուր ու անսասան, նույնիսկ և էն ժամանակները, երբ պատառոտված ու ոտնակոխ են եղած արքայական կնիքներով կնքված ամեն դաշնագիր:

Շեքսպիր ու Սերվանտես...

Համլետ ու Դոնքիշոտ...

Նրանք էին, որ հունականի ֆատալիզմից ու միջնադարյան միստերիայից, այլև Իսրայելի Եհովայի ահավորությունից ազատագրեցին մարդկային միտքը, պալատներից ու վանքերից դուրս բերին գեղարվեստն ու գրականությունը էս լեն ու արձակ արև աշխարհքը և տիրողներին բերին ցիփ մերկացրին ժողովուրդների առջև ու ցույց տվին մարդը՝ մինը իր բարձր հումորով, մյուսը Կյանքի ամենակողմանի ու խորին ըմբռնումով ու հանճարեղ վերարտադրումով, և իրական կյանքի վրա դրին համաշխարհային նոր գրականության սկիզբը: Էսպեսով՝ նոր գրականությունը դարձավ էն թարմ, առողջ օդը, որ Վերածնության շրջանից սկսած շնչում է մարդկությունը, և, միշտ նոր ուժ առնելով, իրար ետևից նորանոր հորիզոններ է նվաճում՝ անդադար ընդարձակելով իր կյանքի ու աշխարհայացքի սահմանները:

Մենք էլ՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհքի հետ միասին պետք է տոնենք էս մեծ տոնը:

Հայոց գրական Ընկերություններն ու դպրոցները հանդիսավոր գրական երեկույթներ պիտի կազմեն. հայոց մամուլը պետք է պատշաճավոր հոդվածներ նվիրի, և հայոց թատրոնը տոնական ներկայացումներ պիտի տա՝ Շեքսպիրի մահվան երեքհարյուրամյակին միացնելով և հայ հանճարեղ Համլետի՝ Պետրոս Ադամյանի մահվան քսանհինգամյակը:





Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

1847 թվականին 18 տարեկան Միքայել Նալբանդյանը գրագիր է եղել Նոր-Նախիջևանի հոգևոր կառավարության մեջ:

1887 թվականին էլ 18 տարեկան ես էի գրագիր Թիֆլիսի հայոց Կոնսիստորիայում:

Շատերը կհիշեն, թե ութսունական թվականներին ինչքան քիչ էր գիրքը Թիֆլիսում, և ինչ դժվարությամբ էր ընթերցանության գիրք ճարվում՝ թե հայերեն, թե ռուսերեն: Դժվար էր մանավանդ ինձ նման մի օտարական պատանու համար:

Ներսիսյան դպրոցն էլ իսկի չավարտած՝ գրեթե բացարձակ անգետ էի ինչպես ամեն գիտության՝ էնպես էլ գեղարվեստին ու գրականությանը, թեև մեծ սեր ու ձգտում ունեի, մանկուց էլ ոտանավորներ էի գրում: 18 տարեկան էի դարձել և միայն մի քանի գիրք էր անցել ձեռքս, էն էլ մեծ մասամբ պատահմունքով: Եվ ահա էդպես պատահմունքով էլ էդ ժամանակները ձեռքս ընկան «Հյուսիսափայլի» համարները:

Շատ սիրեցի էդ բաց կապույտ, շողարձակ տետրակները և պատանեկան ոգևորությամբ կարդում էի: Առանձնապես դյուր էին եկել Կոմս Էմանուելի հիշատակարանն ու մյուս գրվածքները, Ս. Նազարյանի խորհրդածություններն ու թարգմանությունները և Սադաթյանի թարգմանած՝ Լերմոնտովի «Դևը»1:

Էսպես էլ իմ շատ քիչ կարդացած ու սիրած գրքերից մինը եղավ «Հյուսիսափայլը»: Սրանով էլ պետք է բացատրել էն երեվույթը, որ իմ էն ժամանակներում գրած ու 1890-1892 թվականներին Մոսկվա տպած2 ոտանավորների մեջ պատահում են «Հյուսիսափայլի» ոչ միայն ոճերն ու դարձվածքները, այլև մինչև անգամ բառերն ու բառերի ձևերը, — սեղանակապուտ, գիշերատեսիլ, հարցանել, մեռանել, և այլն:

Չէ՞ որ ամեն մի գրող ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իրենից առաջ եղածների ազդեցությունների համագումար — մեկից շատ, մյուսից քիչ, որ ընդունում, հալում է իր ոգևորության հնոցի մեջ ու ձուլում, ձևակերպում իր ճաշակով:

Եվ էսօր, «Հյուսիսափայլի» մեծ աշխատակցի մահվան հիսնամյակի օրը, առանձին սիրով ու երախտագիտությամբ եմ ետ նայում դեպի էն օրերը, երբ հափշտակված կարդում էի նրա գրվածքները և առհասարակ դեպի «Հյուսիսափայլը», ինչպես իմ պատանեկության հարազատներից մեկին:

Հետո, իհարկե, աչքս ավելի բաց անելով ու ավելի մեծ գրականությանը ծանոթանալով՝ տեսա, որ ես իմ պատանեկան անգիտության ու ոգևորության մեջ՝ ոչ իմացած եմ եղել, ոչ էլ նկատած «Հյուսիսափայլի» պակասությունները, և միմիայն նրա լավ կողմերով եմ եղել տարված: Չեմ իմացել թե պարսավագիր կա Կոմս էմանուելի «Մեռելահարցուկի»3 մեջ, թե «Տեսիլքի»4 մեջ Գիրսասը Սարգիս եպիսկոպոս Հասան Ջալալյանն է՝ անհատական քենից էնքան սևացած, չեմ իմացել, թե իր բանաստեղծությունները առնված են Բերանժեից ու Հայնեից5, մի խոսքով՝ նրանից առել եմ էն, ինչ որ լավն է ու պայծառ, ճիշտ երեխայի կամ լավ ընթերցողի նման: Եվ էսօր օրհնում եմ էդ երջանիկ միամտությունը ու մազաչափ անգամ իմ սերն ու հարգանքը չի պակասում թե՛ դեպի ամբողջ «Հյուսիսափայլը» առհասարակ, թե՛ դեպի Մ. Նալբանդյանը առանձնապես: Ինչ որ պակասություններ են՝ եղել են իրեն ժամանակինն ու պայմաններինը, և շատերը նույնիսկ շատ հեշտ բացատրելի ու հասկանալի են, իսկ միշտ կենդանի, միշտ վառվռուն ու միշտ որոնող հոգին ու ազատ շունչը իր անկապտելի էությունն է եղել: Եվ, վերջապես, ինչի՞ս են պետք նրա մանր մունր անցավոր պակասությունները, որ նրանից հազար անգամ ավելի շատ կյանքում ունի ամեն մի մարդ, ամեն օր, ամեն քայլափոխի վրա, ինձ էսօր նրա հավերժական լավությունն է զբաղեցնում, որ միլիոնավորներից մեկը չի ունենում:

Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա: Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել, ոչ թե դեպի վար: Հալածել են, — Նոր-Նախիջևանից Մոսկվա է փախել և եկեղեցու դպրի ու հոգևոր կառավարության քարտուղարի պաշտոնից հասել է Լազարյան ճեմարանի ուսուցչությանը և «Հյուսիսափայլի» գլխավոր աշխատակցի բարձրությանը: Էլի են հալածել. — Մոսկվայից էլ արտասահման է անցել, դարձել իր ժամանակի լուսավոր աշխարհքի սակավաթիվ առաջադեմ մարդկանցից մինը, ճոխացած եվրոպական գիտությունով ու լայն, ազատական մտքերով, լավագույն մտածողների ու գործիչների ընկերն ու մտերիմը: Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է Հայոց Գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մինը:





ՇԵՔՍՊԻՐ ԵՎ ՍԵՐՎԱՆՏԵՍ

Ազնիվ հանդիսականնե՜ր.

Համաշխարհային գրականության պատմության մեջ հազիվ թե էնքան նշանավոր մի թվական լինի, ինչքան նշանավոր է 1603 թվականը, երբ, ասում են, լույս տեսան Անգլիայում Շեքսպիրի «Համլետը», Իսպանիայում Սերվանտեսի «Դոն Քիխոտը»: Մտածող ու տառապող նոր ինտելիգենտի ողբերգությունը և համաշխարհային ազնիվ խենթի արկածների պատմությունը:

Երկուսն էլ, թե Համլետը, թե Դոն Քիխոտը, գիտեն ու տեսնում են, որ աշխարհքը դուրս է եկել իր ճանապարհից, և մարդը տառապում է, երկուսն էլ զգում են, որ իրենց է վիճակվել նորից աշխարհքը ուղիղ ճամփի վրա դնելու մեծ գործը, բայց նրանցից մեկը, Համլետը, դժգոհ է, անիծում է իր ճակատագիրը, թե ինչու իրեն է վիճակվել էդ ծանր գործը ու դժբախտ է իր արքայական զգեստի ու պալատի մեջ, մինչդեռ մյուսը, Դոն Քիխոտը, գոհ է իր բարձր առաքելությունից և երջանիկ է աղքատ գիդալգոյի ցնցոտիներով ու իր ունեցած թշվառ միջոցներով:

Եվ ահա Համլետը թշնամուն հաստատ գտնելուց ու պարզ տեսնելուց հետո էլ՝ կասկածներ է հայտնում, թե գուցե լավ չտեսավ, գուցե լավ չիմացավ և աշխատում է իրեն խաբել ու հանգստացնել և խուսափել իրեն վիճակված արյունոտ գործից, մինչդեռ մյուսը, Դոն Քիխոտը, հենց բավական է աչքը բաց անի, որ ամեն տեղ էլ տեսնի թշնամուն, ինչ ուզում է լինի և ով ուզում է լինի: Եվ երբ Համլետը վճռական վայրկենին վարանում է ու պատյանից դուրս չի քաշում իր սուրը առջևը կանգնած թշնամուն հարվածելու համար, այլ տագնապալի աղաղակում է. — Զսպի՛ր քեզ, հոգիս, թող սուրը իմ խոսքերի մեջ լինի, ոչ թե գործի, — էս միևնույն ժամանակ մյուսը, Դոն Քիխոտը, առանց վարանքի ու տարակուսանքի, լոկ երևույթը նկատելուն պես մերկացնում է սուրն ու հարվածը իջեցնում: Սակայն՝ երկուսն էլ տառապում ու կռվում են իրենց ճամփից դուրս եկած աշխարհքը կարգի դնելու համար, մարդուն երջանկացնելու համար:

Նույնքան նշանավոր է 1616 թվականը, և հատկապես էդ թվականի ապրիլի 23-ը, երբ միևնույն օրը վախճանվեցին՝ Անգլիայում Շեքսպիրը, Իսպանիայում Սերվանտեսը, և էսպեսով համաշխարհային գրականության հորիզոնի վրա միաժամանակ մայր մտան երկու հսկայական արեգակ:

Երկու հսկայական արեգա՛կ...

Սակայն գերազանց է բրիտանական հանճարի փայլը, որ իր ճաճանչները մի կողմից զարկում էր մինչև Էսքիլեսի ու Սոֆոկլեսի ժամանակները, մյուս կողմից դեպի գրականության ապագան: Եվ ամեն մի գրող, ինչ աշխարհքում էլ ասպարեզ իջնի, տեսնում է իր ուղին արդեն լուսավորված նրա շողերով, և գրեթե անխտիր, շատ քիչ բացառությամբ, ամենքն էլ խոնարհել են նրա հանճարի առջև:

Մեծ Գյոթեն, որին մի Ոլիմպիական աստծու են նմանեցնում, որ միշտ հանգիստ կարող է նայել ամեն գրական մեծության երեսի, երբ հասնում է Շեքսպիրին, ասում է.

— Ահով ու դողով եմ մոտենում գրական էն հսկա կաղնուն, որի մոտ միանում են ու որից բաժանվում են գրականության բոլոր ճանապարհները…

Եվ ահա էսօր՝ գրականության էդ բոլոր ճանապարհներով բոլոր կուլտուրական ազգերը իրենց հիացումն ու հարգանքն են ուղղում դեպի Անգլիա, դեպի Շեքսպիրի նվիրական գերեզմանը և դեպի նրա ծնող ժողովուրդը — անգլիական ազգը:

Մենք, հայերս էլ, որ երբեք խորթ չենք եղել գրականության ոչ մի ճանապարհիս և վաղուց ջերմ սիրել ենք Շեքսպիրը՝ նրա մահվան երեքհարյուրամյակի օրը արդեն աճենք մեր արժանավայել ներկայացուցչությանը, և ինձ էնպես է թվում, թե էսօր Շեքսպիրի գերեզմանի վրա արդեն կանգնած է հայկական Համլետը, հոգիացած Ադամյանը, իբրև հայության ներկայացուցիչ, և դժվար թե ուրիշ որևէ ազգ էլ կարողանա ավելի գեղեցիկ մի ներկայացուցչություն ունենալ էսօրվան օրը՝ Ստրադֆորտում իր հարգանքն ու մեծարանքը ցույց տալու համար:

Հարգանք անգլիական մեծ ազգին, որ մարդկությանը էնքան մեծ հանճարներ ու հանճարեղ կարգեր է տվել, հարգանք իսպանական ազգին, որ կարող է միշտ պարծենալ իր շատ մեծ զավակների անուններով, և հարգանք նրանց հանճարեղ զավակների՝ Շեքսպիրի ու Սերվանտեսի անմահ հիշատակին:




ԳՐԱԿԱՆՈԻԹՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈԻԹՅՈԻՆ ՊԵՏՔ է ԼԻՆԻ

I

«Հորիզոնի» 89 և 90 համարներում պ. Գ. Չալխուշյանը սաստիկ վշտացած է էն տեղեկություններից, որ տվել է Տորոպովը Ռուսաստանում 1915 թվականին լույս տեսած հրատարակությունների մասին: Էս հաշվետվությունից երևում է, որ հայերը, իրենց հրատարակած գրքերի թվով, իրենց հարևան ժողովուրդների մեջ վերջին տեղն էն բռնում:

1915 թվականին թուրքերը հրատարակել են 325 կտոր գիրք, վրացիները 247, հայերը 159:

Ես ուզում եմ դեռ ավելի սաստկացնել պ. Չալխուշյանի ազնիվ վիշտը:

Թող նայի հայերեն գրքերի ցուցակին և կտեսնի, որ դրա մի մասը արտատպություն է, մնացածի մի մասն էլ անպետք ու տպագրության անարժան գործեր, և վերջ ի վերջո տակը մնում է շատ խեղճ ու ողորմելի մի բան:

Ինչո՞ւ է էսպես:

Պ. Չալխուշյանը էս դժբախտ ինչուի հանդեպ աղաղակում է — «քնե՞լ ենք, թմրե՞լ, թե արդեն հնացել, մաշվել, քամվել, չգիտեմ...»2:

Եվ՝ սրա ճարի վրա մտածելով՝ վերջը գալիս է էն եզրակացությանը, թե չպետք է շատ օժանդակել համալսարանական ուսանողությանը, այլ պետք է ծավալել տարրական ուսումը, կրթել ազգը, ու մենք կունենանք և՛ գրականություն և՛ ճոխ ու շատ հրատարակություններ...

Ո՛չ, և հազար անգամ ո՛չ, ազնիվ հայրենակից, պ. Չալխուշյան. ո՛չ համալսարանական ուսանողության խորթությունն է հայոց գրականության խեղճության պատճառը, ոչ էլ տարրական ուսման պակասը: Սա ունի մի հիմնական պատճառ, որի շուրջը շատ են պտտվել, բայց մեջը չեն մտել և վերացնելու մասին էլ մտահոգություն չեն ունեցել:

Եվ էս հիմնական պատճառը գտնելու համար երբեք չպետք է դիմել հրատարակություններին, գրքերին: Գրքերը անշունչ թուղթ են, նրանք ձեզ ոչինչ չեն ասիլ, նրանցից չեք կարող իմանալ, թե ինչու են իրենք քիչ դուրս գալիս, դրա համար պետք է դիմել էդ գրքերը գրողներին, նրանցից պետք է հարցնել ու իմանալ, թե` ինչո՞ւ են իրենք քիչ գրում:

Այո՛, գրականություն ասելիս պետք է գրողներ հասկանալ, ոչ թե գրքեր, և գրողներին պետք է հարցնել, ոչ թե գրքերին:

Եվ երբ գրողներին կհարցնեք՝ նրանք ձեզ կասեն, որ իրենք գրականությամբ չեն պարապում: Խոսքս գեղեցիկ գրականության վրա է հատկապես, և ասում եմ, որ նրանք, հայոց բանաստեղծներն ու վիպասանները գրականությամբ չեն պարապում, և պարապելիս էլ պարապում են ի միջի այլոց, պատահաբար:

Եթե ճշմարիտ չի ինչ որ ասում եմ, ապա սա մի ծանր զրպարտություն է հայոց գրողների դեմ, իսկ եթե ճշմարիտ է, մի շատ ցավալի հայտարարություն է, որի առջև լուրջ կանգ պետք է առնի ամեն մի գրականություն սիրող ու ցանկացող ժողովուրդ և քննի ու հասկանա, թե ինչո՞ւ չեն իրեն տաղանդավոր մարդիկը զբաղվում իրենց բարձր ու գեղեցիկ գործով — գրականությունով:

Ի՞նչն է սրա հիմնական պատճառը:

II

Այժմ գանք հայոց գրականության դժբախտության հիմնական պատճառին:

Երևակայեցեք, թե ամբողջ հայ ազգի մեջ մի 40 — 50 կամ 100 սափրիչ կա ընդամենը:

Ի՞նչ եք կարծում, նրանց հաջողությունը ապահովված կլինի՞, թե չէ, նրանց գործը կմեծանա՞, առաջ կգնա՞, թե չէ. նրանք իրենց արհեստը կզարգացնե՞ն, թե չէ:

Պատասխանը դրական է անկասկած:

Ինչո՞ւ:

Շատ պարզ է՝ ինչու:

Որովհետև անպատճառ պետք է ազգի գլուխը խուզել կամ երեսը սափրել: Եվ հարյուր սափրիչը նույնիսկ մի քաղաքի չի հերիք, ո՜ւր մնաց ամբողջ ազգին:

Երևակայեցեք, թե 100 կոշկակար լիներ միայն: Դարձյալ նույնը: Ազգը հո չի կարող բոբիկ ման գա, թեկուզ կոշիկի գինը մեկին տասը բարձրանա, ինչպես էսօր:

Եթե հացթուխ վերցնենք. նույնը: Ազգը հո անհաց չի մնալ, թեկուզ մի օր:

Դերձակ առնենք. դարձյալ: Ազգը հո տկլոր չի կարող ման գա:

Տերտեր առնենք. նույնը: Պետք է տուն օրհնի, մկրտի, պսակի, թաղի...

Իսկ եթե նույնքան գեղարվեստագետ, գրող, գիտնական ու հրապարակախոս առնե՞նք, ի՞նչ կլինի նրանց վիճակն ու նրանց գործի դրությունը:

Էն, ի՛նչ որ է: Անպայման անապահով, անհաստատ, և շատ դժար լուծելի մի խնդիր:

Ինչո՞ւ:

Որովհետև առանց գրքի ու առանց գիտության ազգը կարող է ապրել: Իսկ էնտեղ, որտեղ առանց գրքի ու առանց գիտության կարող են ապրել, էնտեղ գրողն ու գիտնականը չեն կարող ապրել, ավելորդ մարդիկ են, և ուզեն-չուզեն պետք է իրենց ճամփից շեղվեն, իրենց գործը թողնեն, ուրիշ գործով զբաղվեն, որ իրենք էլ ապրեն, իրենց տունն էլ պահեն: Կամ շա՛տ շա՛տ միաժամանակ երկուսն էլ անեն, ծառաեն և՛ աստծուն և՛ մամոնային: Բայց մենք արդեն լավ գիտենք, որ չի կարելի միաժամանակ և՛ աստծուն ծառայել և՛ մամոնային: Դրանից լավ բան չի դուրս գալ: Իհարկե վերջ ի վերջո էսպես էլ մի բան կգրվի, բայց էն չի լինիլ երբեք, ինչ որ պետք է լիներ, և գրողը միշտ փոխանակ առաջ գնալու՝ ետ կգնա, ինչպես մեր գրողներից շատերը, որոնց գովելու ժամանակ սովորաբար առաջին գործերն են հիշատակում. մի հանգամանք, որ ցույց է տալիս, թե գրողը տաղանդ է ունեցել, բայց գրական մթնոլորտ չի ունեցել ապրելու և զարգանալու համար կամ եղածը հերիք չի եղել:

Եվ էսպես է ոչ միայն մեզանում, այլև էն տեսակ երկիրներում, ուր ոչ ուսանողությունն է խորթացած իր մայրենի ժողովրդից ու գրականությունից, ոչ տարրական ուսումն է պակաս:

Դրա համար էլ էս տեսակ երկիրներում զանազան միջոցների են դիմում՝ ապահովելու էն բոլոր բարձր արժեքները, որ ժողովրդի համար առաջին անհրաժեշտ պահանջ չեն հանդիսանում և իրենք իրենց գոյությունն ու զարգացումը ապահովել չեն կարող: Էս տեսակ երկիրներում պետական ազգային ընդհանուր օժանդակությունով օգնության են գալիս պահպանելու գրականություն, գիտություն, թատրոն:

Ազգային-պետական օժանդակաթյունը անհրաժեշտ է դառնում մանավանդ էն երկրներում, ուր ժողովուրդը, թեկուզ և զարգացած, բայց իր քանակով փոքր է. օրինակ մի Շվեդիա, մի Նորվեգիա, մի Դանիա. նրանց գրողը, թեկուզ և Իբսեն լինի, չի կարող հույս դնել իր ընթերցողների քանակի վրա, և ազգային-պետական օգնությունն անհրաժեշտ է եղել, որպեսզի նա ապրեր, զորանար ու դառնար համ [ա] եվրոպական կամ համաշխարհային գրող:

Էսպես է եղել ամեն ժամանակ, բոլոր երկիրներում: Սկսեցեք Պարսկաստանից ու Հնդկաստանից, վերցրեք եվրոպական նոր ազգերը ու գնացեք մինչև լատինական ու հունական գրականությունները: Սակավ բացասությամբ ընդհանուր երևույթ է, որ արվեստները, գրականությունն ու գիտությունը ծաղկել են ազգի ընդհանրության և կամ մեծ մեկենասների ուժեղ պաշտպանության օրերում և կարճ ժամանակում հրաշքներ են կատարել, կենդանության հզոր շունչ են ներշնչել ազգերին, մեծ թափ են տվել կյանքին, մշտական փայլ ու համաշխարհային հռչակ են վաստակել իրենց հայրենիքների համար:

Եթե լսում եք մի Օմար խայամի, մի Վիրգիլիոսի, մի Գյոթեի, մի Շեքսպիրի և կամ սրանց նման մեծ ստեդծագործողներից մեկի կամ մյուսի անունը, պետք է իմանաք, որ նրանք իրենք էլ մի մի մեծ ստեղծագործություններ են, որոնց ստեղծագործությանը մեծ չափով մասնակից են իրենց հայրենիքները և իրենց շրջապատը:

Սակայն ինձ կառարկեն՝ թե էն ազգերը, որոնք պետություն ունեն, կարող են ազգովին էլ կազմակերպել ու հոգալ, մենք ի՞նչպես կազմակերպենք ու ո՞րտեղից հոգանք մեզանում արվեստների, գրականության ու գիտության զարգացման հոգսը:

Հետևյալ անգամ էդ մասին կխոսենք, թե որտեղից կարելի է հոգալ և ինչպես կազմակերպել:

III

Եվ ահա եկանք կանգնեցինք ամենադժար հարցի առաջ, թե՝ որտեղից: Ո՞րտեղից պետք է հոգա հայ ժողովուրդը իր մեջ գեղարվեստը, գրակաասթյունն ու գիտությունը ապահովելու ու զարգացնելու գործը:

Ես կպատասխանեմ. — Որտեղից հոգացել է ու հոգում է, էնտեղից էլ պետք է հոգա: Միայն մի տարբերությամբ, որ իր միջոցները պետք է դասավորի ու ծախսի ոչ էնպես, ինչպես արել է մինչև օրս:

Ահա մեր ընկերություններից ամենահինը — Բաքվի Մարդասիրական Ընկերությունը3, որը ոչ թե կարող է, այլև առաջինն է եղել, որ դեռ սրանից քսան տարի առաջ հարց է հարուցել, թե կեճսաթոշակներով պետք է ապահովել հայոց գրականության զարգացումը և նույնիսկ սկսել էր համեստ չափերով իր որոշումը իրագործել՝ հետզհետե մեծացնելու խոստումով. արդեն երեք-չորս հոգի էլ թոշակ էին ստանում, երբ գալիցինյան ռեժիմի առջև փակվեց ու ընդհատվեց:

Նա կարող է նորից վերադառնա իր հին որոշումին և ավելի մեծ չափով, քանի որ պարզ տեսնում է, թե մի ազգ ստեղծելու, բարձրացնելու և պահպանելու գործում ինչ կարող են անել գեղարվեստը, գրականությունն ու գիտությանը:

Ահա Պետրոգրադի Եկեղեցական Խորհուրդը4, որ մեծ միջոցներ ունի իր տրամադրության տակ, ամեն կերպ աշխատել է հայ ազգային կուլտուրայի բարձրացման համար, որը խոշոր գումարներ է տվել և՛ ուսանողության, և՛ ուսումնարանների, երբեք չի խնայիլ էս տեսակ մի ազգային հոգևոր-մտավոր շարժման նպաստելու:

Ահա Նոր Նախիջևանի եկեղեցական հոգաբարձությունը5, որ հենց պ. Չալխուշյանի վկայությամբ, մի հարուստ հաստատության է ու տարեկան հարյուր հազար է ծախսում ազգային կրթության վրա ու հիսաթափվում, որովհետև իր ընտրած ճանապարհով իր սաները միշտ դառնում են իրենց խորթ ու օտար: Նա, Նոր Նախիջևանը՝ Գամառ-Քաթիպայի ու Նալբանդյասի ծննդավայրը, որ էնքան մեծ դեր է խաղացել մեր գրականության և ազգային գործերի մեջ և խաղում է տակավին, նա երբեք չի զլանալ իր միջոցները նրանց, որոնք ոչ թե օտարանում են, այլ օտարացումի դեմը հանդիսանում են հզոր պատնեշ և խորթացածներին էլ վերադարձնում դեպի հայրենի ժողովուրդն ու հարազատացնում:

Ահա Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերությունը6, որ էնքան ուշադիր ու նախանձախնդիր է ազգային լուսավորության գործին, և որը նույնիսկ գումարներ ունի իր տրամադրության տակ՝ հատկապես գրականությունը խրախուսելու համար:

Ահա, վերջապես, Բաքվի Հայոց Կուլտուրական Միությունը7, որի ամենաառաջին նպատակներից մեկը հենց մեր առաջադրած խնդիրն է:

Ո՞վ գիտե, գուցե կան և ուրիշ ազգային համանման հաստատություններ, որ ես այժմ չեմ հիշում, բայց հենց սրանք էլ բավական են մինչև օրս մեր մեջ չտեսնված մի գեղարվեստական-գրական-գիտական շարժում առաջ բերելու համար:

Սրանց շարժվելու դեպքում անկասկած առաջ է գալիս մի բարձր տրամադրություն, գործը՝ լուրջ կազմակերպելուն պես՝ ներշնչելու է հաստատուն հավատ ու վստահություն և հրապարակում հայտնվելու են իրենց ազգի քաղաքակրթությանը նախանձախնդիր շատ ազնիվ անհատներ — կտակարարներ ու մեկենասներ:

Արդ, ակներև է, որ միջոցն էլ կա, էն էլ, եթե կուզեք՝ առատ-առատ: Հարկավոր է միայն գործի կարևորության գիտակցությունն ու բարի կամքը:

Միջոցը եղել է միշտ և ամեն տեղ: Անգլիայում էլ միջոց կար, բայց ավանդությունն ասում է, թե Շեքսպիրը՝ սկզբներում, Գլոբուս թատրոնի դռանը՝ թամաշա եկողների ձիանքն էր պահում, մինչև որ հազարավոր թամաշավորներից մեկը, հոգու աչք ունեցող մեկը, մի Սոուտհամտոն, նկատեց, որ էս մարդը ձի պահելու համար չի աշխարհ եկած, որ սովորական հացակերի մեկը չի, թևեր ունի, և լիասիրտ միջամտե թևերը լայն տարածելու հնարավորություն տվեց, ու նա էլ խոյացավ դեպի վեր, մինչև երկինք:

Եթե գնահատողի սուր աչքը չլիներ և Անգլիայի օդը, թերևս մի Շեքսպիր մնար, եթե ոչ սոսկ ձիապան, համենայն դեպս մի խանգարված ու անհաջողության մատնված գրական մարդ:

Թող հազար անգամ Կոլումբոսը հեռուները ճանապարհորդելու և նոր աշխարհքներ գտնելու երազներ տեսներ ու տարիներով թափառեր դռնե դուռ, ի՞նչ պիտի աներ, եթե մի Իզաբելլա չհայտնվեր ու իրականություն դարձներ նրա շքեղ երազները:

Թող մի Դարվին ինչքան կուզեր հետաքրքրվեր իրենց համալսարանի շուրջը գտնվող բույսերով, բայց երբեք էնքան մեծանալու, Դարվին չէր դառնալու, եթե չնկատեին ու չուղարկեին աշխարհքի չորս կողմը պտտելու և դիտելու:

Մի Վիկտոր Հյուգոյի՝ դեռ տասնուհինգ տարեկան հասակից՝ մի ոտանավորի համար8 ֆրանսիական ակադեմիան խրախուսում է ու պարգև է տալիս:

Եվ էսպես տեսնում եք մի տեղ մեկենասն է, մյուս տեղ ազգն է, որ կարողանում է տաղանդներ գտնել, պաշտպանել, զորացնել ու դուրս բերել: Այո՛, տաղանդի հայտնվելը ու էս կամ էն ուղղությամբ զարգանալն էլ իր պայմաններն ունի, և իրեն իրեն, պատահաբար չի լինում:

Մի ժամանակ, երբ մեկենասներն էին պահում գրականությունը, և մեկենասներն էլ մեծ մասով թագավորներ ու իշխաններ էին, գրողներն էլ, սրանցից բարերարված, նրանց մթնոլորտում շնչելով նրանց էին փառաբանում, թագավորներին ու իշխաններին էին հերոս առնում, և պալատական կյանքն էին երգում առհասարակ:

Հետզհետե, ժամանակի ընթացքում ժողովուրդները կազմակերպվեցին, տեր հանդիսացան ինչպես շատ բաների, էնպես էլ իրենց միջից դուրս եկած տաղանդներին ու պահեցին, պաշտպանեցին: Գրողներն ու գեղարվեստագետներն էլ մնացին ժողվրդի մեջ, ժողովրդի հետ, նրա ցավերը երգեցին, նրա տենչերով ոգևորվեցին, նրանից առան իրենց հերոսները, և արքայական ծիրանու փոխարեն մեջտեղ եկան սովորական մարդու ամենօրյա զգեստները, պալատական դրապիրովկի ու պուրակների փոխարեն տարածվեց ազատ բնությունը, ու փքուն, ճռճռան ֆրազների փոխարեն սկսեց տիրել ժողովրդական լեզուն իր կենդանի երանգներով, իր կուռ, գեղեցիկ ոճով ու իր վճիտ պարզությունով:

Առեք պալատական գրողներից թեկուզ ամենամեծերը, ամենալավերը. — մի Գյոթե, որ էնքան նոր է ու էնքան համայնապարփակ, բայց որ Վեյմարի պալատում է ապրել ու երգել, մի Ֆիրդուսի, որ Մահմուդ Շահի երգիչն է, մի Ռուսթավելի, որ Թամար թագուհու երգիչն է, էլ չեմ ասում մի Կոռնեյլի, մի Ռասինի և սրանց նման ուրիշներին, որոնք պալատից դուրս կյանք չեն էլ ընդունում. սրանց դիմացը դրեք մի Մոլիերի, մի Բեոռնսի, մի Բերանժեի կամ մի Իբսենի, որոնց թիկունքին իրենց ժողովուրդներն են կանգնած: Խոսքս, իհարկե, տաղանդների մեծության ու փոքրության վրա չի, այլ ոգու, շնչի, ուղղության, աշխարհայացքի, և կտեսնեք ի՛նչ ահագին տարբերություն կա: Մի տեղ տիրողներն են ապրում, մյուս տեղ ժողովուրդները: Մի տեղ ժողովուրդներն են թամաշավոր, մյուս տեղ թագավորները:

Հայ ժողովուրդն էլ պետք է պարզ հասկանա ու տեր հանդիսանա իր ամենանվիրական ստացվածքին, իր ազգային հանճարին, պետք է ապահովի ու կազմակերպի իր ազգային ոգու արտահայտության ու հզորացման գործը, իսկ թե ո՜րտեղից կամ ի՜նչպես, էդ ամենից հեշտն է: Ամենից դժվարը հասկանալն ու կամավորելը, ցանկանալն է:

Միայն վերև հիշած ընկերությունները հերիք են, որ մեջտեղից վերանա «որտեղից»-ի խնդիրը, այժմ կխոսենք էն մասին, թե ինչպես պետք է կազմակերպել:

IV

Մենք տեսանք, որ հայոց գրականական զարգացումն ապահովելու միջոցը ոչ միայն հնարավոր է գտնել, այլև պատրաստ կա արդեն:

Մնում է վերջին հարցը, թե ի՞նչպես պետք է կազմակերպել գործը, ո՞ւր կենտրոնացնել միջոցները և ինչ մարմնի որոշումով ու ձեռքով բաշխել:

Ճիշտ է, էս խնդիրը կարող է վեճ հարուցանել մեզանում զանազան սաստկություններով, բայց էդ վեճերը բնավ չեն կարող արգելք լինել, որովհետև արդեն հրամայողական պահանջ է դարձել մեր ազգային կուլտուրան ազգովին պաշտպանելու գործը:

Մենք ունենք Գրողների Ընկերություն, որը բավական լայն կանոնադրություն ունի և դեռ կարելի է ավելի լայնացնել և որի մեջ մտնում են մեր գեղարվեստագետները, գրողները, գիտնականներն ու հրապարակախոսները, և, էդ նույն կանոնադրությամբ, Ընկերությունը հոգալու է սրանց նյութական ապահովությունն ու մտավոր զարգացումը:

Հայոց Գրողների Ընկերությունը, որ պատերազմի պատճառով՝ շատ բնական կերպով՝ կանգ առավ իր գործունեության ճանապարհին, պատերազմի վերջի հետ անշուշտ կվերսկսի իր գործունեությունը շատ ավելի մեծ թափով ու մեծ ծավալով, և հենց նա էլ կարող է լինել հայոց գեղարվեստի, գրականության ու գիտության մարդկանց ապահովության գործի կենտրոնը: Նրա հետ միասին պետք է ստեղծել մի գրական-գիտական կաճառ, որ մի կողմից կընտրի Ընկերության ընդհանուր ժողովը, մյուս կողմից կմիանան միջոցներ տվող մարմինների և մեր այլ կրթական-կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչները:

Էս կաճառն է, որ պետք է որոշի՝ ում օժանդակել, ինչ ձևով, ինչքանով, ինչ ժամանակով ու ինչ նպատակով:

Ինչ ձևով եմ ասում, որովհետև միայն թոշակի ձևը չի, որ պետք է կիրառվի: Բացի թոշակը ուրիշ շատ միջոցներ կան: Օրինակ, կարելի է որոշ ժամանակով կամ միանգամ ընդմիշտ գնել էս կամ էն գրողի կամ գեղարվեստագետի երկերը: Էսպեսով և նրա գործերը կդառնան ազգի սեփականություն ու էժան կտարածվեն ժողովրդի մեջ և նա ինքը հնարավորություն կստանա ազատ շարունակելու իր գործունեությունը: Կամ կարելի է էս կամ էն գիտնականին, մասնագետին հանձնարարել ուսումնասիրելու մեր երկիրը մեր, պատմությունը, ժողովուրդը, լեզուն և այլն և այլն, միշտ ապահովելով նրանց գործն ու գործունեությունը:

Էն ժամանակ էլ ականատես չենք լինիլ էն տեսակ ծանր ու ամոթաբեր երևույթների, թե Նորայր Բյուզանդի պես մի գիտնական հայ ազգի լեզուն ուսումնասիրում է հենված մի օտարուհու օժանդակության վրա ու միշտ անտես առնված հայությունից և զայրույթով ցանկանում է իր գրվածքները ոչնչացնել...

Կամ Կոմիտաս վարդապետի պես մի անձնավորություն, նույնիսկ Եվրոպայում հիացմունք առաջ բերելուց հետո էլ, չի կարողանում իր հայրենիքում մի դաշնամուր ձեռք բերի կամ հնարավորություն գավառները ճանապարհորդելու և կատարելու մի գործ, որ միայն ինքը կարող է կատարել և որն էնքան պատիվ է բերում ամբողջ ազգին...

Կամ մի Պ. Ադամյան, որ ազգի պարծանքը դառնալուց հետո, երբ հիվանդանա ու մահվան մահճում դիմի իր ժողովրդին՝ սառը լռություն լինի պատասխանը, և ռուսները օգնեն հեռու Մոսկվայից, ռուսները տանեն պատսպարեն և ռուսաց դեսպանական հիվանդանոցում փչի իր վերջին շունչը...

Կամ Գամառ-Քաթիպայի պես մեկը ամբողջ ազգի կուռքը դառնալուց հետո էլ, երբ մեռնելու վրա էր, կարդում էր իր աչքով, թե ինչպես են հեռագրում ու թերթերում տպում, թե սնունդի ու դեղի փող չկա իրեն համար. և մարդը մեռավ իր վերջին ոտանավորներից մեկի տողերը շրթունքին. «Խղճալի ազգ եք, հայեր, դուք, ավա՛ղ...»9:

Կամ մի Պարոնյան: Էնքան տաղանդավոր գործեր կուտակելուց հետո էլ ստիպված էր կանաչի ծախելով ապրել և մեռնել իբրև մի խեղճ խանութպան...

Բայց ո՞ր մեկն ասեմ... Չի կարելի հանդիսավոր օրերը գրականությունը մեջտեղ դուրս բերել խաչվառի նման ու հանդեսից հետո, նորից ետ տանել կոխել մի մութ խորան, որտեղից դուրս էին բերել: Եվ եթե ասում եմ մեր ժողովուրդը ազգովին պաշտպանում է կամ պետք է պաշտպանի էս տեսակ մարդկանց, բնավ ես էնպես չեմ մտածում, թե մի բարեգործություն պետք է անի կամ մարդասիրություն կամ սրա նման մի բան: Երբե՛ք: Այլ, ասում եմ, նա պետք է գոնե որոշ չափով պարտավճար լինի, քանի որ արդեն ստանում է ավելի շատ, քան տալիս է, և իր պարտաճանաչությունը արդարացնում է իր ետամնացությունով: Եվ էսպես է պահանջում նրա ազգային շահը ամեն տեսակետից:

Ահա հենց «Հորիզոնի» էն վերջին համարում, ուր տպված էր իմ նախորդ հոդվածը, հենց նույն համարում մի հարգելի հայուհի* հոդված է գրել «Մեր ցավերից խոշորագույնը» վերնագրով. գանգատվում է, թե Իգդիրից մինչև Բաքու անց է կացել և հայերի բերանից հայերեն խոսք չի լսել: Էս գանգատը պարբերաբար, գրեթե ամեն շաբաթ մի քանի անգամ ամեն տեղից հայտնվում է մեր մամուլի մեջ, և խոսվում է ամեն անկյունում:

Արդ, ի՞նչ ունի հայ ժողովուրդը գոնե այժմ, քաղաքական հանգամանքներում, էս երևույթի դեմը հանելու: Դպրոց և գրականություն: Դպրոցը որոշ չափով պաշտպանվում է և դեռ ավելի պետք է ուժեղացնել. բայց գրականությունը թողած է քամու հոսանքին և տակավին չի հասկացված, թե ազգային լեզվի ու ինքնաճանաչության գործի մեջ ինչ արժեք ու նշանակություն ունի էս կամ էն գրողի գոյությունը — մի Րաֆֆիի, մի Գամառ-Քաթիպայի, մի Աղայանի և այլն, և այլն: Եվ ոչ ոք չի էլ մտածում, թե նրանք մի՞թե էն կտային, ինչ որ տվել են, եթե նպաստավոր հանգամանքներում լինեին:

Վերջապես, ասում են, թե հայերը վաճառական ժողովուրդ են: Նայենք և էս տեսակետից: Առնենք գրողներից ամենաթանկը, որ ամենից շատ ծախք է նստել իր երկրին. օրինակ մի Գյոթե: Հաշվեցեք, թե ինչ է նստել նա, և մի՞թե այժմ միայն էնքան արժե իր երկրի ու իր ժողովրդի համար:

Ի՞նչ բան է Անգլիայի կամ մի որևէ անգլիացու տվածը մի Շեքսպիր պահելու համար, մի Շեքսպիր, որին էսօր նույն Անգլիան չի փոխում ամբողջ Հնդկաստանի հետ:

Էսպես էլ ամեն մեկը, մեծից մինչև փոքրը:

Բայց նրանք, որոնք Շեքսպիրներ ու Գյոթեներ են ուզում պատրաստի, երբեք չեն ունենալ, ինչպես Շեքսպիրն ու Գյոթեն էլ պատրաստի Համլետ ու Ֆաուստ չեն գտել փողոցում:

Գրականություն ունենալու համար ժողովուրդները պետք է ոչինչ չխնայեն, և նույնիսկ պաշտպանելու դեպքում էլ լավ իմանան, որ իրենց պահածներից ու պաշտպանածներից տասնից մինն է միջակ գրող դուրս գալու, հարյուրից մինը տաղանդավոր և հազարից մինը հանճարեղ:

Այո՛, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել:




ԱԴԱՄՅԱՆԻ ՕՐԵՐԻՑ

(Հիշողություն)

Լրացավ Պետրոս Ադամյանի մահվան քսանհինգամյակը1:

Էսօր՝ նրա կյանքը վերապատմելու կամ նրա տաղանդը վեր հանելու ժամանակ՝ ես էլ ուզում եմ էն պատմել, թե երբ ու ինչպես եմ նրան տեսել և ինչ առնչություն եմ ունեցել նրա հետ, թեկուզ և շատ կարճ ու կողմնակի:

Ութսունական թվականներն էին:

Մեր կյանքում ռազմական փողի նման թնդում էին Գամառ-Քաթիպայի ազատ երգերը, վարար գետի նման հոսում էին Րաֆֆու վեպերը անընդհատ ու խորհրդավոր, մամուլի մեջ աջ ու ձախ շառաչալից մտրակում էր Գրիգոր Արծրունին, իսկ Թիֆլիսի թատրոնում զինվորական երաժշտությունը հնչում էր «Զեյթունցիների մարշը», և որոտում էր Ադամյանը: Հասարակությունը խռնվում էր թատրոնի դռների առաջ, ու փողոցային երեխաները Թիֆլիսի փողոցներում ճչում էին.

—«Օֆելիա՛, մտի՛ր կուսանոց...

—Դեզդեմոնա՛, ու՞ր է թաշկինակը»...

Հայոց լեզուն տիրաբար հաղթանակում էր գրեթե ամբողջովին վրացախոս Թիֆլիսում և մի նոր շունչ էր փչում:

Թիֆլիսի հայության վրա առանձնապես մեծ տպավորություն էր թողել էն չտեսնված ու չլսված հանգամանքը, որ գլխավորապես ռուս գեներալներն ու բարձր շրջանները իրենց ընտանիքներով լցվում էին հայոց թատրոնի օթյակները...

Ես աշակերտ էի:

Ոչ մի կերպ չէի հաշտվում էն ամենի հետ, ինչ որ խոսում էին էս մարդկանց դեմ. մանավանղ խոսում էին Գամառ-Քաթիպայի, Րաֆֆու և Ադամյանի դեմ, Արծրունու մասին միայն թե ասում էին բռնակալ է:

Պատանեկան ասեմ թե երեխայական զայրույթով ծառս էի լինում, վիճում իմ միանգամայն չգիտցած բաների մասին, պաշտպանում էի նրանց և շարունակ երազում էի՝ տեսնել:

Գամառ-Քաթիպային երբեք էլ չտեսա: Դեպքը բերեց, հենց էդ օրերը, դեռ աշակերտ, եղա Րաֆֆու մոտ, երբ առաջին փռած «Սամվելն» էր գրում ու սրբագրում: Մի քիչ հետո եղա և Արծրունու խմբագրատանը, մի երկու անեկդոտանման բան էլ տվի թերթի համար2: Բայց ամենից դժարն ու ամենից ծիծաղաշարժը Ադամյանի հետ ծանոթանալս եղավ: Հեշտ բան չէր էն ժամանակ մի աշակերտի համար՝ Ադամյանին տեսնել բեմի վրա: Ներսիսյան դպրոցի աշակերտներին արգելված էր թատրոն գնալը:

Թատրոնի վերաբերությամբ անողոքելի խիստ էր մեր վերակացու պարոն Գրիգորը3: Նա թատրոնը համարում էր անբարոյականության վայր և ամեն կերպ աշխատում էր «էս արդար երեխանցը» հեռու պահի էն նզովյալ շինությունից: Ինքն էլ կյանքում թատրոն չէր գնացել ու չէր գնում: Տարին մի անգամ, բարեկենդանին էլ, երբ դպրոցից հրամայում էին՝ «Վարդանանց պատերազմի» ներկայացմանը որդեգիրների հետ թատրոն գնա, ստիպված գնում էր, բայց ներկայացման ժամանակ նստում էր երեսը ետ շրջած ու մեջքն արած դեպի բեմը:

Ահա էս ժամանակ, Ադամյանի թունդ ժամանակը, Լոռուց Թիֆլիս եկավ իմ հին ուսուցիչը, Տիգրան Տեր-Դավթյան, որին պարտական են իմ հասակակից գրեթե բոլոր գրագետ լոռեցիները, և իր նախկին աշակերտներից մի քանիսին հավաքեց, թե եկեք ձեզ տանեմ «Համլետ»-ի ներկայացմանը, Ադամյանին տեսեք Համլետի դերում: Տարավ: Տեսանք: Էդ գիշերը ինձ համար եղավ մի կախարդական գիշեր և գրեթե վճռական նշանակություն ունեցավ իմ ամբողջ գրական կյանքում: Էդ գիշեր ես էնքան սիրեցի Համլետը և հետո էլ Շեքսպիրը, որ մի քանի դրամա գրեցի4 ու միշտ ոչնչացրի, որովհետև... Շեքսպիրի գրածների նման չէին դուրս եկել: Սակայն էնքան ուժեղ էր կախարդանքը, որ մինչև օրս էլ ես ինձ դրամատուրգ եմ համարում, քան ուրիշ մի բան:

Էն գիշերից հետո ես գաղտնի ճանապարհով դարձյալ ընկա Ադամյանի ներկայացումներին, և մինչև անգամ մի գիշեր էլ խաղացի նրա հետ: Էդ խաղը, որ բոլորովին անակնկալ, մի սկանդալ դուրս եկավ ու խեղճ Ադամյանին գրեթե սպանեց բեմի վրա, հենց էդ խաղն էլ պատճառ եղավ, որ ես ծանոթացա նրա հետ: Էդ էլ էսպես եղավ: Պոլսից Թիֆլիս էր եկել իր ժամանակին հայտնի դերասան Կյուրեղյանը և, եթե չեմ սխալվում, տիկ. Հրաչյայի հետ «Վարդան Մամիկոնյան» էին խաղալու5: Ահա այդ խաղի մեջ Ադամյանն էլ վերցրել էր Եղիշեի դերը: Վարդա՛ն Մամիկոնյա՛ն... Եղիշե՛... Ադամյա՛ն... ես էլ Ներսիսյան դպրոցի աշակերտ — վճռեցի՝ տեսնել, ինչ ուզում է լինի, թեկուզ դպրոցից դուրս անեն: Մի բարի հոգի ինձ սովորեցրեց, թե էնպես մի կարճ ու ապահով ճանապարհ կա, որ համ Ադամյանին կտեսնես, համ Վարդան Մամիկոնյանին, դեռ նրանց հետ էլ կխաղաս ու քեզ էլ դպրոցից դուրս չեն անիլ:

—Ի՞նչպես:

—Թե՝ ներկայացումից առաջ կգնաս բեմի ետևը, կհայտնես, որ ուզում ես զինվոր խաղաս — կընդունեն, շորերդ կփոխեն, բեղեր կշինեն, ու կլինես բեմի վրա. էլ ոչ կճանաչեն, ոչ դուրս կանեն:

Փոխանակ <քիչ> առաջ գնալու, ես դեռ մի քանի ժամ առաջ գնացի, մինչև իրիկնապահ սպասեցի: Իրար ետևից եկան, հարցուփորձ արին, վերջապես ինձ ընդունեցին հայոց զինվոր: Շորերս փոխեցին, տրիկո հագցրին, գույնզգույն լանջապանակ հագցրին, մի ոսկեզօծ կարդոնե սաղավարտ կոխեցին գլուխս, մի փետե սուր կախ արին կողքիցս, սուր ծերը արծաթի գույն թղթով պատած մի նիզակ էլ ձեռս տվին, և արդեն կազմ ու պատրաստ էի մեծ պատերազմի համար:

Էսպես կերպարանափոխված ու զինավառ՝ որ հայելու մեջ ինքս էլ ինձ տեսա՝ լցվեցի գործի լրջության գիտակցությամբ: Ռուս զինվորներ էին բերել, նրանց հետ տարան մի երկու անգամ բեմի վրա պտտեցինք, փորձ արինք, թե որ կողմից պետք է մտնեինք, ինչ անեինք ու ինչ ասեինք — և ընդամենը ասելիքներս մի քանի բացականչություններ էին — կեցցե՛ Վարդան, կեցցե՛ զորավար, և սրա նման բաներ, նրանից հետո մեռել պիտի խաղայինք, իբրև պատերազմի դաշտում — Ավարայրի դաշտում սպանված հայ զինվորներ: Ահա հենց էս սպանված զինվորների դերն էր, որ ես չկարողացա կատարեմ ու դուրս եկավ սկանդալ վերջին գործողությանը, վարագույրը բանալուց առաջ մեզ տարան պառկեցրին զանազան տեղեր՝ թե դաշտում, թե լեռնալանջերին, իբրև սպանված ու թափված զինվորներ: Ես ընկա մի լեռնալանջ: Բանն էն է, որ էդ լեռնալանջ ասածդ կտավի վրա նկարած լեռներ ու ժայռեր են, ետևից տեղ-տեղ արանք-արանք տախտակներով շինած: Էդ տախտակների վրա պառկեցինք — իբրև լեռնալանջերին: Ես էլ, ինչքան կարող էի, պատմական մեծ ողբերգությանը վայել մի դիրք ընդունեցի, սաղավարտս ու նիզակս էլ կողքիս ընկած, տախտակի լենքովը մին պառկեցի: Բայց էնպես պառկեցի, որ կարողանամ ներքև — դաշտին նայեմ, ուր մի սևացրած արկղի վրա, իբրև ժայռի վրա գալարվելով ու — «Ա՛խ, Հայաստան, Հայաստան» մրմնջալով, մեռնում էր Վարդան Մամիկոնյանը — Կյուրեղյանը: Նրա մոտ պիտի գային և Վասակի կինը — տիկին Հրաչյան, և վերջապես Եղիշեն — Ադամյանը ծեր Ծառուկի հետ:

Վարագույրը բացվեց: Առաջին անգամ էի բեմից հասարակություն տեսնում. անհամար գլուխներ ու աչքեր, բոլորը հառած դեպի մեզ: Բեմի վրա կես մութ է, լուսնյակ գիշեր և խորհրդավոր լռություն, միայն Վարդանն է, որ ոլոր-մոլոր է գալիս ու ցավալի մրմնջում. — «Ա՛խ, Հայաստան, Հայաստան»...

Ահա եկավ Սաթենիկը, մի բաժակ գինի ձեռքին, որ Վարդանի համար է բերում Հայաստանից:

Ոտներս ինձ քաշեցի, սրան ճանապարհ տվի: Գնաց, ներքև սկսվեցին նրանց փոխադարձ ողջագուրանքները, գուրգուրանքներն ու սրբազան ուխտերը...

Մին էլ հանկարծ թատրոնը թնդաց ծափերից, գլխիս վերև հայտնվեցին Եղիշեն — Ադամյանը ծեր Ծառուկին հենված:

— Ծո՛, ճանապարհ տուր...

Ոտներս դարձյալ ինձ քաշեցի, սա էլ անցավ:

— Վարդա՛ն, իմ Վարդա՛ն, — մրմնջալով Ավարայրի դաշտն իջավ: Հենց դաշտն իջավ թե չէ, որ պիտի խաղա — սը՛՛սս... հասարակությունը ամեն կողմից սը՛ս արավ ու լռեց, պատրաստվեց: Էդ ժամանակ ես էլ ուզեցի պատրաստվեմ, որ լավ լսեմ ու տեսնեմ. վիզս որ ծռեցի, թեքեցի դեպի ներքև, անկանոն դիրքի
պատճառով՝ թուքս կատիկս թռավ թե ինչ՝ հանկարծ մի հազ բռնեց ինձ: Ես ցնցվում եմ ամբողջ մարմնով, ինձ հետ շարժվում ու ճռճռում է ամբողջ դեկորացիան, բոլոր տախտակներն ու կտավները — այսինքն բոլոր սարերն ու ժայռերը, և հակառակի
նման էն ամենահանդիսավոր րոպեին, թատրոնի խորին լռության մեջ: Թատրոնում ընդհանուր ծիծաղ բարձրացավ, գալերեան սկսեց աղմկել ու աղաղակել — բրավո... բիզ, կեցցեն հայոց քաջերը...և այլն և այլն:

Խեղճ Ադամյանը մնացել է քարացած, մեջտեղը կանգնած: Վերջապես հազս դադարեց, ժողովուրդը հանգստացավ, նորից սը՛սս, նորից լռություն: Ադամյանը մի փոքր էլ սպասեց ու խաղաց: Գործողությունը վերջացավ: Վարագույրն իջավ թե չէ՝ ժողովուրդն սկսեց դղրդալի ծափահարություններով Ադամյանին կանչել, իսկ Ադամյանը տեղից թռավ դեպի մեռելները կատաղած գոռալով.

— Ա՛ն ո՞վ էր, ծո՛..., բայց ժամանակ չկա, էնտեղ կանչում են, վարագույրը բարձրացնում են: Գնաց: Ես խառնակ դրությունից օգտվելով փախա, զինվորական համազգեստս հանեցի ու փախա դեպի պարտերը: Ճանապարհին, դեպի բեմի ետևը եկողները հարցնում էին, թե էն ո՞վ էր, որ էնպես հազում էր ու աչքերն էլ բաց ներքև նայում: Ես մտածեցի, որ էս աչքերի բացն էլ քանի չեն իմացել — շուտով թողնեմ բեմական ասպարեզը, գնամ տուն:

Մյուս օրն էր թե մի երկու օրից հետո, պատմեցին, թե այժմ Ադամյանն էլ բարկացած չի, ծիծաղելով է պատմում էդ դեպքը և հարցնում էր, ուզում էր ինձ տեսնի: Ես գնացի, զարմանալի սիրով ու քաղաքավարությամբ ընդունեց, մանավանդ երբ իմացավ Ներսիսյան դպրոցի աշակերտ եմ և ինչ պատճառով էի գնացել, իրեն գրքերից մինն էլ նվիրեց6 ի հիշատակ Վարդանանց պատերազմի ներկայացմանը և իմ կարճատև — բայց աղմկալի բեմական գործունեության: Նրանից հետո մի քանի անգամ եղա մոտը:

Ինձ թվաց մի շատ քաղաքավարի ու քնքույշ, բայց հիվանդ մարդ, և, չգիտեմ ինչու, մենակ մարդ: Գուցե էն էր պատճառը, որ հյուրանոցում էր ապրում, չգիտեմ, բայց մենակ մարդ...

Այնուհետև երբ ավելի ու ավելի ծանոթացա նրա կյանքի հետ, նրա տառապանքների հետ, տեսա, թե մեր կյանքում ինչքան է հալածվել և մամուլից, հատկապես «Մշակից»7, որ նրան ոչ թե տանելի, այլ անտանելի տաղանդ էլ չէր ընդունում և դրա համար կռվի էր մտել ռուսաց «Кавказ» թերթի հետ: Հալածվել է և մասնավոր մարդկանցից, և երբեմն էլ հալածանքների պատճառը եղել են զանազան կանանց պատմություններ: Առանձնապես նեղն է ընկել մի ռուս կնոջ պատճառով և մի շատ անախորժ դրությունից ազատվել է միայն իր բարեկամ գնդապետ Մելիք-Հայկազյանի միջամտությամբ8: Եվ հետագայում, ասում եմ, երբ ավելի շատ ծանոթացա էս մենակ ու միշտ օտար մարդու կյանքի հետ, որին ավելի շատ գնահատել ու սիրել են նրանք, որոնց միանգամայն խորթ է եղել ինքը, որոնց նույնիսկ լեզուն չէր հասկանում ինքը, երբ վերահասու եղա, թե ինչ աշխատանքով ու ինչ բարեխղճությամբ է նա իր դերերն ուսումնասիրելիս եղել — և ամսական քանի-քանի դեր խաղալու պայման է կապելիս եղել նրա հետ հայոց թատրոնը պահող մարմինը, և թե նրան ծափահարողները ծափահարել են լոկ արտաքին փայլից շլացած րոպեաբար և լքել են մշտապես, այնուհետև նա դարձավ ինձ համար մի մշտական վիշտ, մի գեղեցիկ վիշտ, մի իսկական Համլետ, որ բարձր ձիրքերով ծնվել էր մի շատ խեղդուկ մթնոլորտում...

Եվ խեղդվեց...

Իննսնական թվականների սկզբներին էր: Աշխարհահռչակ իտալացի դերասան Ռոսսին եկավ Թիֆլիս9: Էն ժամանակ, ինչքան հիշում եմ, Թիֆլիսում բացի հայոց դերասանական խումբը՝ ուրիշ խումբ չկար: Հայոց խումբն էլ մեծ մասամբ կազմված էր սիրողներից հանգ<ուցյալ> Գևորգ Չմշկյանի գլխավորությամբ: Ես էլ էի սիրողների մեջ: Ռուս անտրեպրենյորը մեզ հրավիրեց Ռոսսուն դիմավորելու: Եվ ահա մենք, իբրև դերասանական խումբ գնացինք կայարան, Ռոսսուն ընդունեցինք ծաղկեփնջերով ու երաժշտությունով: Ռոսսին մեզ հրավիրեց իր բոլոր ներկայացումներին: «Համլետի» ներկայացման գիշերն էր: Ամբողջ հասարակությունը անհամբեր սպասում էր վարագույրի բացվելուն, որ Ռոսսու Համլետը համեմատի Ադամյանի Համլետի հետ: Դուրս եկավ Ռոսսին, հսկա դերասանը — Դանիայի դժբախտ ու փիլիսոփա արքայազունը: Հասարակությունը հափշտակված, շունչն իրեն պահած հետևում էր մեծ ողբերգուին: Գործողությունը վերջացավ: Վարագույրն իջավ: Թատրոնը դղրդաց միահամուռ ու անընդհատ ծափահարությունից: Ռոսսին ստիպված մի քանի անգամ բեմ դուրս եկավ՝ մինչև որ հասարակությունը հանգստացավ: Եվ հասարակությունը հանգստացավ թե չէ, նույնիսկ Ռոսսու թարմ խաղի ահագին տպավորության տակ գրեթե միաձայն արձակեց իր վճիռը.

— Սքանչելի է... Բայց Ադամյանին չի հասնիլ:

Ես իմ կյանքում, թերևս երբեք ինձ էնքան հպարտ չեմ զգացել իբրև հայ, ինչպես էն գիշեր:

Բայց, այսուամենայնիվ, չեմ կարող ասել՝ հպարտությո՞ւնս ավելի մեծ եղավ, թե՞ վիշտս...

Նա մեզանում չգնահատվեց, և անպաշտպան, անժամանակ գերեզման իջավ:






ԱՐԵՎԵԼՔԻ ՆՈՐ ԴԱՐԱԳԼՈՒԽԸ

Ասիան ու Եվրոպան կամ, ուրիշ խոսքով, Արևելքն ու Արևմուտքը լոկ աշխարհագրական տերմիններ չեն, այլև տարբեր քաղաքակրթություններ ու աշխարհայացքներ: Հազարավոր տարիների ընթացքում էդ աշխարհներից ամեն մինը հանդես է բերել իր էս կամ էն գերազանց ուժը՝ իբրև իրեն ներկայացուցչությունը մյուսի հանդեպ: Եվրոպա կամ Արևմուտք ասելով մի ժամանակ Հունաստան են հասկացել, նրանից հետո Հռոմ և կամ Բյուզանդիա, ինչպես որ Ասիա, և հատկապես Արևմտյան Ասիա կամ Արևելք՝ երբեմն Բաբելոն կնշանակեր, երբեմն Ասորեստան, երբեմն Պարսկաստան և երբեմն արաբական խալիֆայություն:

Եվ մինչդեռ քրիստոնյա արևմուտքի ժողովուրդները ժամանակի ընթացքում վեր են կենում հեգեմոնիայի դեմ ու ձգտում են հավասարակշռության, մյուս կողմը՝ իսլամական արևելքը արաբական գերիշխանությունից հետո ընկնում է թուրքի գերիշխանության տակ և 14-րդ դարից սկսած Թուրքիան հանդիսանում է արևելքի ներկայացուցչությունը արևմուտքի հանդեպ մինչև էսօր:

Եվ Բաբելոնից, Ասորեստանից, Պարսկաստանից ու արաբական իշխանաթյուններից հետո Արևելքը երբեք չէր ունեցել էսքան վայրենի, էսքան անկուլտուր ու անարժան մի ներկայացուցչություն: Մինչև թուրքական գերիշխանությունը՝ Արևելքը, որ կրոններ էր տվել աշխարհքին փիլիսոփայական սիստեմներ, շատ մեծ բանաստեղծներ ու գիտություններ՝ մեծ էլ հարգ ու հմայք ուներ և միշտ կենդանի ապրում էր ավանդական խոսքը թե՝ Արևելքից է լույսը: Թուրքական գերիշխանությունից հետո Արևելքը և խավարն ու բարբարոսությունը դարձան հոմանիշ հասկացողություններ:

Նա ոչ միայն ինքը չստեղծագործեց ու ոչ մի հանճարեղ բան չտվեց աշխարհքին, այլև դրսից չընդունեց ոչինչ և չմշակեց: Միշտ մնաց սուրը ձեռքին ավերող: Եվ եթե արգելենք նրան իսլամ ընդհանուր անվան տակ զարդարվելու պարսիկ, արաբ կամ հնդիկ հանճարների անուններով՝ կմնա մեջտեղը կանգնած իր նոմադական մերկությամբ1 ձեռքին միշտ արյունոտ սուրը:

Եվ էդ արյունոտ սրով նա մորթեց Արևելքի կուլտուրական ժողովուրդներին, խորտակեց նրանց հին ու փառավոր կուլտուրաները և, վերջին մահացու հարվածը տալով բյուզանդական պալեոլոգներին, էդ սպանիչ սուրը մեկնեց Եվրոպայի սիրտը:

Չորս հարյուր տարի շարունակ գրոհ տվեց Եվրոպայի դարպասների վրա, որ խորտակի ու ներս խուժի՝ սպանելու արևմտյան քաղաքակրթությունը, ավերելու բարեշեն քաղաքները, ավարելու դարերով դիզած բարիքները, իր ձիաների սմբակների տակ տրորելու հումանիզմն ու վերածնությունը, կոտորելու Ռաբլեին ու Տասսոյին, Շեքսպիրին ու Սերվանտեսին, Ռուբենսին ու Ռաֆայելին, Կոպեռնիկին ու Գալիլեյին, Կոլումբոսին ու Գուտտեմբերգին և նմաններին:

Չորս հարյուր տարի Արևելյան Եվրոպան ահով ու սարսափով դիմագրավեց նրա դժոխային արշավին, մինչև որ 17-րդ դարում, Վիեննայի պատերի տակ, վերջնականապես կտրեց նրա առաջ անցնելու հույսը:

Այնուհետև կռիվն իրեն վրա առավ նոր զորացող Ռուսաստանը, որ երեք հարյուր տարի է՝ անհաշտ ու անդադար պատերազմ է վարում էդ դաժան ու խավար ուժի դեմ՝ հետզհետե կտրատելով ու կրճատելով նրա լայնածավալ տերության սահմանները և էսօր էլ, ահա, տալիս է վերջին հարվածը:

Մեծ է Ռուսաստանի էս ծառայությունը քաղաքակիրթ աշխարհքի առաջ, և երբեք նրա կառավարության հոռի կողմերը չպետք է արգելեն տեսնելու էս մեծ գործը, որի հաջող ավարտումը համաշխարհային տոն է քաղաքակրթության համար:

Տոն է մանավանդ էն ազգերի համար, որոնք դարերով կրել են թուրքի անտանելի լուծը և դարերով լալիս են իրենց անվերջ կորուստները նրա ձեռքից:

Եվ ահա էսօր նա՝ ռուսական հզոր բանակի առջև պարտված ու ջարդված, հարյուր հազարավոր անմեղ մանուկների, տղամարդկանց ու կանանց արյունով արյունոտ իր սուրը ձգելով հաղթողին՝ տեղի է տալիս դեպի իր հին բունը, դեպի Անգորայի հովիտները2, որտեղից դարեր առաջ սկսեց իր քստմնելի ասպատակությունը աշխարհքի վրա:

Արդեն անցավ Վերին Եփրատից դենը, և հեռագիրն աշխարքին ավետում է, թե Մեծ Հայաստանը վերջնականապես մաքրված է թուրքական տիրապետությունից: Վերջին զոհն էլ՝ հոշոտված ու ծվատված՝ արդեն ազատված Է նրա ճանկերից:

Պատմական ի՛նչ հոյակապ ավետիս: Բացվում են Արևելքի ոսկի դռները ազատ ժողովուրդների, լուսավորության ու քաղաքակրթության համար և սկսվում է մի նոր դարագլուխ Արևելքի պատմության մեջ:




<ՀԵՆՐԻԿ ՍԵՆԿԵՎԻՉԻ ՄԱՍԻՆ>

Անմահ հոգի, որ Հենրիկ Սենկևիչ անունով մարմին առար բազմատանջ լեհ ազգի կյանքում՝ նրա տանջանքները փարատելու համար, ընդունիր աշխարհքի ամենատանջված ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովրդի գրական գերդաստանի սերն ու հիացումը:

Դո՛ւ, որ ազատ, լավագույն օրերի արշալույսը վառեցիր քո ցեղի հոգու մեջ, և արդեն նրա առաջին ցոլքերն ընկնում են թարմ շիրիմիդ վրա, փառաբանում է քեզ միշտ արշալույսի ձգտող հայ ժողովրդի գրականությունը:

Դո՛ւ, որ ընդհանուր եղբայրության ազնիվ կապերով շաղկապեցիր ազգերն ու ազգի-ազգի մարդիկ ու եղբայրորեն համախմբեցիր դագաղիդ ու հիշատակիդ շուրջը, օրհնում են քեզ եղբայրության ու սիրո էնքան կարոտ հայ ժողովրդի գրողն ու ընթերցողը:

Եվ դու, որ համաշխարհային գեղեցիկ գրականության հավերժական տաճարում ճշմարտության, բարության ու գեղեցկության մեծ քուրմերից մինը եղար, քո վսեմ հաղթանակի համար դափնի պսակ ենք ձոնում քո հիշատակին աշխարհքի հնագույն գրականություններից մեկի՝ հայ գրականության անունից:




1917

ԽՈՍՔ ՍԿՍՆԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

Երիտասարդ ընկերնե՛ր:

Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել: 1857 թ. ուսանող Ռ. Պատկանյանը — Գամառ Քաթիպան հրատարակել է իր «Ազգային երգարան»1 անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել առաջին շրջանի բանաստեղծության:

Նրանից երեսուն տարի հետո, 1887 թվականին ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը2, ու սկիզբն առավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը:

Հովհաննիսյանից երեսուն տարի հետո էլ, 1908 թվականին դարձյալ ուսանող՝ Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները»3 ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ Գրողների Ընկերության մեջ:

Ինչպես տեսնում եք՝ ես ընկնում եմ երկրորդ շրջանի մեջ և կանգնած եմ հին շրջանի ու նորագույնի մեջտեղը: Մտերիմ ընկերներ եմ ունեցել առաջին շրջանի գրողներից, նորագույն շրջանի մեջ էլ ունեմ մոտիկ և սիրելի մարդիկ: Սա ցույց է տալիս, թե ինչքան նոր է մեր բանաստեղծությունը, որ մի մարդ կարող է ընկերներ ունենալ առաջին գրողներից մինչև նորագույնը:

Անարատ ընկերական սիրո զգացմունքով ու խորին հուզմունքով խոնարհվելով առաջին շրջանի իմ հավերժացած ընկերների հիշատակի առջև՝ ողջունում եմ ձեզ, իմ նոր ընկերներ, որ նոր ոգևորությամբ ու նոր երգերով հայտնվում եք հայոց գրական աշխարհքում:

Հրճվանքով եմ լսում, թե իզուր չեն շրջանները իրար հետևել, և դուք՝ թե արվեստի կողմից, թե հոգեկան ապրումների՝ հանդիսանում եք ձեր նախորդ շրջանների զարգացումը: Բայց նույնքան հրճվանքով եմ նկատում և մեր հասարակական կյանքի զարգացումը, որի պերճ ապացույցը հենց էսօրվան մեր հանդիսական հասարակությունն է:

Մենք էլ ենք եղել սկսնակներ, բայց մեր գրական կյանքի արշալույսին էս տեսակ հասարակություն, էս տեսակ դահլիճ, էս տեսակ ընդհանրական ուշադրություն չենք տեսել:

Սա էլ ձեզ նման նոր է, մի նոր ժողովուրդ, որ առաջ է եկել էս երեսուն տարվա ընթացքում, մեր աչքի առջև, նոր ճաշակով, նոր բովանդակությամբ, նոր պահանջներով ու նոր վերաբերմունքով: Մենք էս տեսակ ժողովուրդ չենք տեսել: Իսկ մեզնից առաջ, մեր նախորդները ավելի ևս անմխիթար մթնոլորտում են աչքները բաց արել: Նրանք էլ ասում էին, թե՝ իրենք պետք է գրեին և կարդալ սովորեցնեին, որ իրենց գրվածքները կարդային: Իրենք պետք է ընթերցողներ պատրաստեին իրենց համար:

Եվ ահա՝ ողջունելով ձեզ, միաժամանակ շնորհավորում եմ, ցույց տալով էս նոր ժողովուրդը, որ էսքան աննախընթաց ոգեվորությամբ խառնվում է մեր գրական երեկոներին և նույնիսկ իր ահավոր աղետի օրերում4 խոսք է անում ու մտածում իր գրականությունը պաշտպանելու մասին:

Նոր են և քննադատները, որ խոսում են ձեզ հետ:

Նորություն է մեր գրականության մեջ նրանց հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը: Հարկավ նրանք կարող են սխալվել իրենց գնահատությունների մեջ, բայց նոր ու շիտակ է նրանց ճանապարհը: Դուք էլ ուշադիր ու հարգանքով լսեցեք նրանց, օգտվեցեք նրանց դիտողություններից և մի շփոթվեք բնավ, որովհետև ամենից շատ և ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն հասկանում և իր ներքին բնազդն ու ինտուիցիան է իր ամենաուժեղ առաջնորդողը: Համոզված եղեք, որ քննադատը ոչ բանաստեղծ կարող է ստեղծել և ոչ բանաստեղծ կարող է սպանել: Նա միայն մեկնաբանում, պարզում ու բացատրում է: Եվ վերջ ի վերջո մի քննադատ կա, որ վերջնականապես որոշում է ապրող և մեռնող գործերը, դա ժամանակն է:

Մի՛ շփոթվեք նաև էն ժամանակ, երբ ազդեցությունների խոսք են անում: Համաշխարհային գրականության մեջ ոչ մի բանաստեղծ չկա, որ շատ կամ քիչ ազդված լինի իր նախորդներից:

Ազդեցությունը էն սանդուղքն է, որով սկսնակը, բարձրանում է դեպի ինքնուրույնությունը: Ոչ էլ հուզվեցեք, երբ լավ բանաստեղծություններ շատ չեն գտնում ձեր գրվածքներում: Լավ բանաստեղծություններ քիչ կան նույնիսկ նշանավոր բանաստեղծների մեջ: Հիշեցեք Հայնեի խոսքը, որ ասում է թե՝ մեծ բանաստեղծը նա է, որի յոթ գրվածքից մինը լավն է: Եթե մեծ բանաստեղծը նա է, որի յոթը երգից մինը լավն է, դուք շատ պետք է ուրախ լինեք, եթե ձեր տասնևյոթ կամ քսանևյոթ երգից մինը լավ լինի: Դրանով էլ դարձյալ կենդանի կմնաք ձեր մայրենի գրականության մեջ:

Խոսքս վերջացնելով` կրկին ողջունում եմ ձեզ և ձեզ չեմ ասում՝ բարով եք եկել, ինչպես սովորաբար ասում են ուրիշներին էս հարկի տակ ողջունելիս: Նրանք դրսից են գալիս, իսկ դուք էս տանիցն եք, էս գերդաստանից և էս տեղից եք մեկնում դեպի կյանք: Ձեզ ասում եմ՝ բարով գնաք դեպի մեր ժողովուրդն ու աշխարհը, վշտերի, ցավերի, չարիքների ու կարիքների աշխարհը ձեր թարմ ու անկեղծ երգերով, կյանքի լավագույն ձայներով մարդկանց հրապուրելու դեպի ճշմարիտն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը:






ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ


Երբոր, ծերունի, մեռնելու լինեմ,
Ու, հավատա, երկար չըպիտի ապրեմ,
Դու հրամայիր իմ դին տանելու
Մեր կանաչ այգին, էնտեղ, ուր երկու
Ճերմակ հակակի թըփեր են ծաղկում...1
«Մծիրի», Լերմոնտով:


Զարմանալի է մահվան հոգեբանությունը: Կյանքի վերջին վայրկենին մարդիկ շատ անգամ ձեռքները թափ են տալիս ամբողջ աշխարհքի վրա, բայց և ամբողջ ուժով կառչում են մի չնչին բանից: Եվ ընդհանրապես էդ չնչին բանն էլ իրենց հին, մանկության օրերի էս կամ էն հիշատակն է լինում:

Մահից մի քան օր առաջ ինձ մոտ էր Ալ. Ծատուրյանը, ու երկուսով նստած երկար զրույց էինք անում:

Խոսեցինք նոր ազատությունից, առաջիկա Հայաստանից, մեր գրականությունից, հազար ու մի ուրիշ բաներից, սակայն էս բոլոր մեծ հարցերից ավելի ուժգին երկու փոքրիկ բան են մեխվել հիշողությանս մեջ:

Մեկ էն, թե ինքը միշտ հիվանդ է եղած ու շատ վաղուց կլիներ մեռած, եթե իր կինը չլիներ, որ իրեն անքուն հսկող հրեշտակն է եղել կյանքում: Մեկ էլ էն, թե արդեն պարզ տեսնելով, որ կյանքի թելը կտրելու վրա է՝ եկել է հայրենիք, ուզում է գնա Զաքաթալա՝ վերջին անգամ տեսնի իր մոր գերեզմանը և իրենց դռան հին թթենին, որի վրա էնքան եղել է մանուկ ժամանակ...

Ասում էր՝ նրանից հետո հանգիստ կմեռնեմ:

Մի երկու օրից հետո երբ իմացրին՝ թե Ծատուրյանը ուշաթափվել է՝ շտապեցի, տեսա գիտակցությունը կորցրած, աչքերը փակած, գլուխը բարձր՝ պառկեցրած, սառուցը գլխին ու կրծքին, ու փակած աչքերից մեղմ արտասուքի կաթիլներ են հոսում:

Սպասում էինք բժշկին:

Ես մտածում էի, թե արդյոք նրա համար չեն հոսում արտասուքի էն վերջին անզոր կաթիլները, որ նա չկարողացավ տեսնել ոչ իր սիրած մոր գերեզմանը, ոչ էն հին թթենին...

Տիկինը տագնապի մեջ կամ սառույցն էր փոխում, կամ թեյի գդալով ջուր էր տալիս ու խոսում, անդադար խոսում... Մին էլ հանկարծ խոսքը փոխեց, թե.

— Ա՜խ, գիտեք նա ինչքան էր ուզում գա Կովկաս՝ տեսնելու իր մոր գերեզմանն ու իրենց դռան հին թթենին... Իսկ ես, ճշմարիտն ասեմ, վախենում էի դրանից: Ամեն անգամ ինձ թվում էր, թե իր հայրենիքի հողն է կանչում, գա թե չէ՝ կմեռնի...

Բժիշկը եկավ: Քննեց: Վերևից ներքև մարմինը քորոցով ծակծկեց: Արդեն կորցրել էր զգայունությունը: Ապա թե աչքերը բաց արավ բժիշկը, վառած մոմը դիմացը բռնեց, մատով բիբերը շոշափեց — չէին շարժվում: Էլ հույս չկար: Մարում էին: Մի թույլ ու խոր թախիծ կար նրանց մեջ սառած մնացած...

Մի երկու ժամից հետո երբ նորից վերադարձա՝ կես ժամ առաջ մեռել էր:

Եվ տաք դիակի առջև կանգնած էն էի մտածում, թե — չտեսավ... Այժմ էլ, երբ ցավելով խոսում են նրա տառապալից կյանքի մասին, նրա գրական գործի մասին, նրա գործերի հրատարակության և այլ ավելի մեծ խնդիրների մասին — մի տարօրինակ համառությունով իմ սիրտն էլ էն փոքրիկ ցավն է բռնել, նրա վերջին կարոտը, որ՝ մեռնելով ձգտեց՝ ու չկարողացավ հասնի, տեսնի ոչ իր բազմատանջ ու շատ սիրած մոր գերեզմանը, էն մոր, որ աղքատության մեջ, անվառարան, ցուրտ խրճիթում ծոցն էր առնում ու տաքացնում իր փոքրիկ Ալեքսանդրին, և ոչ էլ էն հին թթենին, որ ցուրտ ու բուք գիշերները իր պառաված ճյուղերով մթնում անդադար ծեծում էր նրանց աղքատիկ խրճիթի պատերն ու կտուրը, և որի վրա ամռան արևոտ օրերին էնքան թութն է քաղել ու խաղացել, զվարճացել մանկուց որբացած ու ամեն զվարճություններից, ամեն հաճույքներից զրկված Ալեքսանդրը...




ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ է ԽՈՍԻ

Մենք, ռուսահայերս, սովորաբար Հայաստան անվանել ենք Տաճկահայաստանին: Նույնիսկ Այրարատյան կամ Շիրակի դաշտից Տաճկահայաստան գնացողն էլ ասում է՝ Հայաստան եմ գնում: Էլ չեմ քննում, թե ինչ է սրա պատճառ., բայց էսպես է:

Եվ ահա էս պատերազմի ընթացքում, դեպքը բերեց, ես երկու անգամ գնացի Հայաստան: Մի անգամ Ալաշկերտի հովիտը, մյուս անգամ Վան: Ապա թե ծանոթացա Հայաստանի շատ մտավորականների հետ, մոտիկից տեսա Հայաստանի ժողովուրդը, ու մի ահագին ցավ ծանրացավ իմ սրտին, թե ես ի՛նչքան քիչ տեղեկություն եմ ունեցել էսօրվա կենդանի Հայաստանից. ես, որ համարվում եմ նրա ճանաչողներից մինը, ես, որ միշտ կարծիք եմ հայտնել ու շատ թե քիչ գործել նրա համար...

Նրանից հետո Վասպուրականի, Արածանու հովտի և այլ տեղերի գաղթականության հեղեղն եկավ ծովացավ Այրարատյան դաշտում:

Ես էլ նրան դիմավորողներից մինը եղա: Պտտվեցի նրանց մեջ Էջմիածնում, խոսեցի Թիֆլիսի ժողովներում, ու վերջը՝ դարձյալ մի տխուր գիտակցություն համակեց ամբողջ էությանս ու մի խորին վիշտ, թե մենք ի՛նչքան ենք տկար մեզ վրա եկած աղետի հանդեպ. տկար ֆիզիկապես, նյութականապես ու բարոյապես...

Հապա նրա — Հայաստանի հա՞րցը, հայկական հա՞րցը...

Ի՛նչեր չեն խոսվել ու կատարվել էդ հարցի շուրջը...

Եվ Հայաստանը գրեթե միշտ լռության է եղել դատապարտված ակամա: Ոչ նրա ցավն ենք կարողացել ճշմարիտ իմանալ, ոչ էլ ցանկությունը:

Բավական էր:

Հայաստանը պետք է խոսի վերջապես:

Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար:




ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Մայիսի 11-ին Մոսկվայի Մեծ թատրոնում մի նշանավոր ժողով է գումարվել1, ուր հանդես են եկել մի շարք ռուս հռչակավոր ակադեմիկոսներ, պրոֆեսորներ ու գրողներ: Բոլորը միաձայն իրենց ճառերում Ռուսաստանի հիմնական դժբախտությունը որոնում են ու գտնում են ետամնացության մեջ, որի մեջ պահում էր հին բռնապետական կառավարությունը: Ցույց են տվել, որ գերմանական մի մեծ գործարանում ավելի շատ քիմիկոսներ կան, քան բովանդակ Ռուսաստանում: — Գիտություն, տնխնիկա, կուլտուրա, ահա թե ինչի մեջն է Գերմանիայի ահռելի ուժը, որով կռվում է գրեթե ամբողջ աշխարհքի դեմ, և միայն այժմ է խեղճանում, երբ իրեն դեմ էլ Անգլիան, Ֆրանսիան ու Ամերիկան դուրս բերին նույն գիտության, տեխնիկայի ու կուլտուրայի անպարտելի ուժը:

Առանձնապես խոր տպավորություն են արել Ն. Մորոզովի և Մաքսիմ Գորկու ճառերը:

— Ազատությունը դեռ ամեն բան չի, և դեմոկրատիան դեռ ամեն բան չի, ասել է Ն. Մորոզովը, նշանավոր հեղափոխականը, Շլիսելբուրգի 23-ամյա կալանավորը2: Նախնական վայրենին էլ ուներ անսահման ազատության: Նա, անշուշտ, ամենաազատ դեմոկրատն էր: Բայց նրա բնակավայրում կատարած պեղումները երևան են հանում մարդկանց կրծած ոսկորների կույտեր: Էսպես էր տոնում իր տոնը հին ազատ դեմոկրատը — իր մերձավորին ուտելով: Մարդակեր էր նա:

Չի կարելի անգույն բազմությունը դարձնել անսխալական աստվածություն: Փառք ու պատիվ բանվորի կոշտացած ձեռքերին, բայց փառք ու պատիվ և ռուսական մեծ ինտելիգենցիային, որի գաղափարներով վերափոխվում է Ռուսաստանը:

Առանց գիտության ու կուլտուրայի մենք՝ էսպես ներքև գլորվելով դեռ երկար ժամանակ վայրենի կմնանք:

Ավելի խորն է ցնցել Մաքսիմ Գորկու ճառը3, որ մի կրակոտ ջատագովություն է գիտությանը: Նա եղած ազատությունը անվանում է արտաքին ազատություն. ասում է հոգեպես դեռ ստրուկ ենք: Հոգեկան ստրկությունից մեզ միայն գիտությունն է ազատելու: Եվ ռուսական երազկոտությունը, տգիտությունն ու ծուլությունը ձաղկելուց հետո, որոտընդոստ ծափերի մեջ իր խոսքը վերջացնելով առաջարկել է հիմնել գիտության ինստիտուտ 1917 թ. փետրվարի 27-ի հիշատակին: Տեղն ու տեղը տվել է իր հասցեն, որ գործին օգնել ուզողները իրենց օգնությունը իրեն հասցնեն: Մարդու ծանր մտածմունքների մեջ են ընկղմում էս գեղեցիկ հավաքույթն ու էս ընտիր մարդկանց անկեղծ խոսքերը:

Ուզենք չուզենք՝ անալոգիայով վերադառնամ ենք դեպի մեզ ու մտածում, եթե սրանք հայտարարում են, թե գերմանական մի գործարանում ավելի շատ քիմիկոսներ կան, քան թե ամբողջ Ռուսաստանում և սարսափում են իրենց ետամնացությունից՝ ինչ պետք է անենք մենք, երբ հաստատ գիտենք, որ ետամնաց Ռուսաստանի էս մի ժողովում, ուր ողբում են իրենց տգիտությունը ավելի շատ գիտնականներ կան, քան թե ամբողջ հայոց ազգի մեջ...

Բայց ի՞նչ եմ ասում, ոչ թե ժողովում, այլ էս ժողովի միայն մի շարքում... իհարկե մեր խոսքը հայ գիտնականի մասին է:

Մի զարմանալի զուգադիպությամբ հենց էս միևնույն օրը, մայիսի 11-ին նշանակված էր Հայ Գրողների Ընկերության փակ երեկույթը, ուր ես մի համառոտ զեկուցումով պետք է ցույց տայի մեր գրականության ու գեղարվեստի խեղճությունը և գիտության կատարյալ բացակայությունը, որ մենք արտաքուստ ազատվելով, հոգեպես մնում ենք ստրուկ և պետք է խորհրդածեինք Հայոց Համալսարանի ու Հայոց Ակադեմիայի մեծ կարևորության մասին: Էնպես պատահեց, որ էդ օրը դահլիճը բռնեց հայ ուսուցչական համագումարը և, զեկուցում կարդալու փոխարեն, նույն խեղճության ու հոգեկան ստրկության մասին ես ստիպված էի շատ ավելի սեղմ շեշտել Հայ ուսուցչական Համագումարի առջև իմ ողջույնի խոսքի մեջ՝ իսկական, ներքին ազատությունը ակնկալելով ազատ դպրոցից ու ճշմարիտ լուսավորությունից:

Այո՛, մենք շատ ու շատ ավելի ենք ետամնաց և ավելի խոր էլ պիտի զգանք մեր հոգևոր ստրկությանը, ավելի ուշադիր էլ ականջ դնենք աշխարհքի առաջավոր ժողովուրդների ու նրանց լավագույն զավակների կոչին, հետևենք նրանց, հիմնենք ու ազգովին պաշտպանենք Հայոց համալսարանը, Հայոց Ակադեմիան, զարգացնենք ու ծավալենք գիտությունը, գրականությունն ու գեղարվեստը մեզանում: Եվ մենք ամեն կողմից ընդունակ ենք էս բարձր նպատակներին հասնելու, լավագույն ազգերի բարձրությանը հասնելու, իսկ էս ամենին հասնելու համար արդեն ճանապարհը բաց է մեր առջև, ուղիղ ու պայծառ:




1918

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿՈԻՆ

Թանկագին Սերգեյ Միտրոֆանովիչ.

Մեծ պատերազմի ընթացքում բոլոր ժողովուրդներն աշխարհի առաջ, համարյա ամբողջությամբ, արտահայտեցին իրենց էությունը, և ամենից ավելի, թերևս, այս ժողովուրդը, որովհետև նա, պատերազմից բացի, կատարել է և հեղափոխություն: Պարզվեց, որ այդ ժողովուրդը մի կենտավրոս է և նրան իր ամբողջությամբ մենք չէինք տեսել և չգիտեինք:

Մինչև այժմ մենք տեսել էինք միայն նրա գլուխը, ի դեմս նրա գրողների և մտավորականության, իսկ ժողովուրդն ինքը — մարմինը — մնում էր մթության մեջ և մեզ անծանոթ:

Եվ ես այժմ եմ միայն ըմբռնում ռուս գրականության համար այնքան յուրահատուկ, իսկ ուրիշ ժողովուրդների գրականություններին օտար, ձգտումը՝ «ճանաչել իր ժողովրդին»:

Հիրավի մեզ անծանոթ էր այդ մարմինը, որը սակայն ինքն էր աճեցրել այդ գլուխը, որ ընդունակ է այնքան բարձրանալու և ազատ հայացքով ընդգրկելու լայն ու հեռու տարածություններ: Իսկ լայնն ու հեռուն՝ հենց դա էլ ժողովրդի հայրենիքն է:

Եվ ես կարծում եմ, որ բոլշևիզմի մեծ խիզախումները խորթ չեն ռուս մարդու հոգուն: Իսկ ռուս ժողովուրդը առհասարակ մեծ միսիա ունի կատարելու ժողովուրդների կյանքում:

Այսպես նայելով Ռուսաստանին և այդպես հասկանալով նրան, ես իմ խոսքը սահմանափակում եմ Կովկասով, և ուզում եմ մի հարցում անել, որին Դուք, թերևս, կպատասխանեք որպես ռուս բանաստեղծ և ռուս ժողովրդի հոգու մեկնիչ:

Ձեր աչքերի առաջ այստեղ Կովկասում տեղի է ունենում չափազանաց տարօրինակ երևույթ:

Այն ժամանակ, երբ Կովկասի բոլոր ժողովուրդները մեկը մյուսի ետևից ողջունում են նոր, ազատ Ռուսաստանը և իրենց ազգային համագումարներում որոշում են մնալ ազատ, մեծ ռուսաստանյան հանրապետության կազմում, հենց այդ ժամանակ ռուսական բանակը, որ հաղթանակորեն մտել է թշնամու երկրի խորքը և դարձել դրության տերը, սկսում է նահանջել ո՛չ միայն ռազմադաշտից, այլև լքել նույնիսկ Կովկասը:

Հավատա՞լ արդյոք, որ ռուսներն այդքան հեշտ կարող են թողնել իրենց գրաված վայրերը և Կովկասը:

Հավատա՞լ արդյոք, որ ռուսները միայն ցարերի կամքով էին Կովկաս գալիս, և այժմ, երբ այդ կամքը չկա, վերադառնում են տուն:

Մի՞թե Ռուսաստանը միայն մի ռետինե զանգված է, որին ձգեին այնքան շատ և այժմ ազատ մնալով, կծկվում է ետ, թե՞ ռուս ժողովրդի այդ պատմական առաջընթացն ուներ իր ներքին, ժողովրդի մեծ ոգով պայմանավորված, իմաստը:

Կովկասի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի նվաճման ժամանակ ռուս լավագույն մարդիկ այն միտքն էին հայտնում, որ Ռուսաստանը կոչված է այդ երկրներում ստեղծել քաղաքացիական ազատ կյանք, արդար իրավակարգ և լինել կուլտուրայի և լուսավորության կրողը:

Ի՞նչ եք կարծում, այդ բոլորը միայն դատարկ ֆրազնե՞ր էին, և մենք, որ մինչև այժմ հավատում էինք, սխալվե՞լ ենք:

Ռուսաստանն ավելի քան մի հարյուրամյակի ընթացքում միլիարդներով փող է գործադրել և անհամար հերոսական պատերազմներում միլիոնավոր կյանքեր զոհաբերել և ստեղծել լայնածավալ մի պետություն, որ այժմ դարձել է ռուսական մեծ հանրապետություն:

Ի՞նչ եք կարծում ՝ ոչ մի կապ չկա՞ այն միլիոնավոր ռուս մարդկանց և այժմյան ռուսների միջև: Եվ մեր օրերի ազատ ռուս մարդիկ, որ դեռևս կանգնած են պատմական եղբայրական շիրիմների վրա, մի՞թե այժմ հրաժարվում են իրենց ժառանգությունից, Արևելքում իրենց գրաված դիրքից և իրենց ազգային մեծ միսիան կատարելուց:

Մի՞թե այս նոր երրորդ Հռոմի փլուզումը ցավալի արձագանք չի գտնում նրա որդիների սրտերում, և մի՞թե մեծ հայրենիքը պաշտպանություն չի գտնի իր բազում գնդերից, և չի առաջանա մի նոր հզոր շարժում Ռուսաստանի վեհության, ազատության ու պատվի պաշտպանության համար:

1918 թ. հունվար



ՁՈՆ

Երիտասարդ ընկերնե՜ր:

Վաղուց ի վեր մենք բաժանված ենք եղել երկու մեծ հատվածի — Ռուսահայ և Տաճկահայ, ու միշտ ձգտել ենք նորից միանալու, իբրև մի պատառված ամբողջության երկու մասեր: Բայց աշխարհքի չար տիրողները ամեն անգամ սրերով են կտրատել մեր՝ եղբայրական գրկախառնության համար իրար տարածած բազուկները:

Էսօր էլ եթե միացել ենք, միացել ենք համաշխարհային թոհուբոհի հետևանքով, կենդանին ու մեռելն իրար խառնված, երբ հույսի ու հուսահատության շափառուկները անդադար հետևում են իրար մեր տակավին սևակնած երկնքում:

Սակայն անխորտակելի է մեր ժողովրդի կուլտուրական հակումն ու ձգտումը և ստեղծագործության տենչն ու կարոտը անդիմադրելի:

Մեր ամեն ինչ կորցրած գաղթականը օտարության մեջ հենց կանաչ խոտի վրա կրակ արավ թե չէ՝ իր առաջին հոգսերից մեկն եղավ գրադարան հիմնել, դպրոց բանալ ու թերթ հրատարակել:

Այժմ էլ, երբ մի կողմի արյունն ու արցունքը չեն ցամաքել, իսկ մյուս կողմը երերում է տագնապի դաժան շնչից, մեր երիտասարդ գրողները երկուստեք իրար են եկել իրենց՝ անցյալի տխրության ու ապագայի խնդության արցունքները միացնելու մի նոր — հոգևոր Հրազդանի մեջ սասանած հայության ոգին ոռոգելու և կազդուրելու համար: Ես ուզում եմ մեր անմահ Նահապետի — Հրազդանի երգչի անուշ խոսքերով բացականչել. —

— Ա՛յ դրախտի ջրեր, իջե՛ք, իջե՜ք,

Զերկիրն Հայոց արբեցուցեք1...

Բարով ես գալիս, ո՛վ նոր Հրազդան, բարով եք գալիս, ո՛վ նորեր, ո՛վ լավեր: Դու՛ք, որ բազմատանջ հայության երկար ժամանակով բաժանված ու իրար կարոտ հոգիները առաջին անգամ միացնում եք ձեր՝ թեկուզ և համեստ, բայց գեղեցիկ գործի մեջ: Օրհնված լինիք և դուք և ձեր ազնիվ գործը: Եվ թող ձեր երիտասարդ կյանքի վրա բացվի էն երջանիկ արշալույսը, որ մեր — նախորդներիս երիտասարդությունը երազեց իր փոթորկալի ու մութ գիշերին:



1919

<ԽՈՍՔ ԻՐ ՀԻՍՆԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ>

Թանկագին ուսուցիչներ ու սիրելի աշակերտներ, դեռ փոքր, պատանեկական հասակում ես տաղ էի ասում մեր մեծերի մոտ, որոնք ինձ ասացին՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք...». սակայն անցան տարիներ և ես նորից պիտի ասեմ՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Մենք գրքերում էինք կարդում ու հեքիաթներում լսում մարդկանց գազանությունների մասին, սակայն այսօր մենք մեր աչքերով տեսանք, որ դեռ չի վերացել կռիվը, պատերազմը:

Շատ ճակատներ կան պատերազմում, սակայն ամենավսեմը ձերն է, որովհետև դուք եք կռվում այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն ու ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս ու արդարություն: Դուք պիտի պայքարեք՝ վերացնելու ժողովուրդների վրայից տանջանքներն ու թշվառությունները: Ես մի համեստ գործիչ եմ, և այսօր ձեր այդ վառ զգացմունքները ապացուցում են, որ դուք պիտի ձեր գործը սրբությամբ կատարեք:

Ծերանալուց հետո՝ ես նորից կրկնում եմ ձեզ, սիրելի աշակերտներ՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Մենք, հին սերունդը դժբախտ եղավ, մաղթում եմ, որ դուք ստեղծեք երջանիկ կյանք: Հայտնում եմ ձեզ բոլորիդ իմ խորին շնորհակալությունը՝ ինձ ցույց տված զգացմունքների համար:





ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈԻԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ

Ես մեր բանաստեղծների, վիպասանների ու դրամատուրգների գործերը տարիներ առաջ եմ կարդացել:

Սխալ կանեի, եթե մեր գեղեցիկ գրականության վրա կարծիք հայտնեի հին տպավորության տակ:

Էն ժամանակից շատ են փոխված իմ գրական ճաշակն ու հասկացողությունը և իմ աշխարհայացքը: Ինչ որ էն ժամանակ թվում էր գեղեցիկ ու հերոսական, այժմ տգեղ է ու բարբարոսական: Ես վերջին տարիներս, երբ դեպք է լինում՝ վերադառնում եմ իմ հին կարդացածներից մեկին կամ մյուսին՝ հիասթափվում եմ հաճախ: Ընդհանուր տպավորությունս ու կարծիքս էն է, որ մեր գեղեցիկ գրականությունը առողջ ու ամբողջական գործեր շատ չունի:

Մինչև այժմ մեր գրականությունը հարազատ հող չի ունեցել իր ոտի տակ, մեծ մասով գաղութային գրականություն է եղել: Բանաստեղծի ոտը հարազատ ու իրական հողի վրա պիտի լինի, նրանից հետո միայն կարող է բարձրանալ, թեկուզ գլուխը մինչև երկինք հասնի:

Հայոց ապագա գեղեցիկ գրականության զարգացման գրավականը ապագա Հայաստանն է, ազատ, հարազատ հողը, ժողովուրդը:

Էդ ապագա Հայաստանն էլ կտա մեր գրականության ուժեղ ու կենդանի լեզուն, որ լինելու է ժողովրդական բարբառների, գրաբարի ու եղած գրական լեզվի համադրությունը: Հայ ժողովրդական կենդանի բարբառների ազդեցությունն է լինելու տիրական:

Չնչին է հայ ժողովրդական կենդանի բարբառների միջև եղած տարբերությունը և կայանում է գլխավորապես կը-ի և ում-ի մեջ: Էդտեղ էլ՝ գերակշռելու է կովկասահայ բարբառը: Էս չնչին տարբերությունները մի կողմ թողած, հայ ժողովրդական բարբառները մի լեզու են և հայտնաբերում են մի ամբողջական հայություն:





1921

ՀԻՐԱՎԻ ԱՂԱՅԱՆԸ ՄԵՌԱՎ

Երբ գրական մարդը մեռնում է, սովորաբար ասում են՝ նա չի մեռել, նա ապրում է իր ստեղծագործությունների մեջ:

Այո՛, ճշմարիտ է:

Գրական-գեղարվեստական ստեղծագործությունը կենդանի գործ է, և իբրև կենդանի գործ անմահ է: Նրա հետ և նրա մեջ անմահ է և ինքը — ստեղծագործողը:

Բայց դժբախտաբար մեծ մասամբ էսպես չի լինում գրական աշխարհում: Գրողների մեծագույն մասը, գրեթե միշտ իրանցից անկախ պատճառներով, չեն կարողանում իրանց դրսևորել կենդանի շնչով, գեղեցիկ պատկերներով ու գեղարվեստական ձևերով օժտված գործերի մեջ, որ նրանց հետ էլ մնան ու ապրեն անմահ:

Ղ. Աղայանի կյանքն էլ էսպես անցկացավ: Չկարողացավ: Ժամանակ ու հնար չունեցավ էն գրական գործերը տալու, ինչ կարող էր տալ, որ եկող սերունդներն էլ ասեին.

— Ահա՛, իր մնայուն գործերի մեջ կենդանի Ղ. Աղայանն իր վիթխարի բարոյական հասակով: Ամբողջական ու առողջ, զվարթ ու պարզ:

Գրեթե մինչև իր ծերությունը՝ էնպես անցկացավ նրա կյանքը, որ միշտ մնաց ոտի վրա: Միշտ մնաց մի տեսակ գրականության սիրողի վիճակում և գրեց «ի միջի այլոց», ինչպես մեր գրողներից շատերը:

Էդ պատճառով էլ ինչ որ նրա գրվածքների մեջ կա ու մնում է — դա Ղ. Աղայանի մեծության ու շնորհքի մի չնչին մասն է:

Ղ. Աղայանը մի հոյակապ մարդ էր ու խոշոր մտածող, երազող, գրող: Բայց նրա կյանքը անգիր անցկացավ:

Անցկացավ իր բարեկամների, ընկերների ու մտերիմների շրջանում, ու միայն նրանք գիտեն, թե ինչքա՛ն բան ուներ նա ու ինչքա՛ն բան տարավ իր հետ:

Նրա թողածը շատ է քիչ, տարածն ու կորածը — ահագին:

Էդ է պատճառը, որ ասում եմ — նա մեռավ:

Ով չի տեսել նրան — էլ ճանաչել չի կարող, պատմելով էլ չի կարելի ծանոթացնել:

Այո, պատմելով չի կարելի ծանոթացնել գոնե էն տեսակ մարդկանց հետ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սիրտ ու հոգի:

Էնպես, ինչպես վաղուց երգված ու լռած մի երգ, որ պատմելով չի կարելի վերականգնել: Էնպես, ինչպես վաղուց ցնդած մի բուրմունք, որ նկարագրելով չի կարելի նորից հավաքել ու տալ:




<ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ ԴԱՇՆԱԿՑՈԻԹՅԱՆ ԱՎԱՆՏՅՈԻՐԱՅԻ ԴԵՄ>

Նամակ խմբագրության.

Սրտի խորին կսկիծով հաստատ աղբյուրից տեղեկանում ենք, որ Երևանի «հեղաշրջում»1 կոչված ավանտյուրան կատարողները կույր գործիք են հանդիսացել մի սոսկալի դավադրության, նույնիսկ հայ ժողովրդի և նրա դատի դեմ, և որ հեղաշրջումը կատարվել է արյունալի ոճիրներով: Էսպիսով մի նոր աղետ է գալիս դժբախտ հայ ժողովրդի գլխին հենց էն ժամանակ, երբ նա պետք է ազատվեր ամեն աղետներից:

Խորասիրտ բողոքելով էս թշվառ դեպքի և կատարված խժդժությունների դեմ, իբրև հայ ժողովրդի բանաստեղծը, որ էնքան հավատ է տածել դեպի նոր Ռուսաստանը, խնդրում եմ Խորհրդային Ռուսաստանին հեռացնել էդ վերջին տանջանքի բաժակը արյունաքամ հայ ժողովրդից, նոր վերքեր չհասցնել նրա անհամար թարմ վերքերին, Խորհրդային Ռուսաստանի մեծահոգությամբ և բանվորա-գյուղացիական Կարմիր Բանակին հատուկ եղբայրական զգացմունքով ու ներողամտությունով մոտենալ Երևանին ու աշխատավոր հայ ժողովրդին, որ անշուշտ անմեղ է ու անպարտ գրեթե իր ամբողջությամբ, և բարկությունը չթափել անմեղների վրա, որովհետև մեղավորներին նա չի էլ գտնելու իրենց տեղը:

<ՀՕԿ-Ի ԿՈՉԸ>

Աշխարհի ամեն կողմը ցրված հայոց ժողովուրդ.

ԼՍԻ՛Ր:

Քեզ է կանչում Հայաստանի Օգնության Կոմիտեն:

Քեզ է կանչում Հայաստանի մայրաքաղաքում գումարված ամեն հոսանքի հայ գործիչների ու գրականագետների ժողովը:

Եվ գուցե երբեք դու չես լսել նրանց ձայները էսպես միացած ու միահամուռ:

Եվ էսքան մեծախորհուրդ մի վայրկյանի:

ԼՍԻ՛Ր:

Դարավոր մաքառումներից հետո, համաշխարհային թոհուբոհից, լայնածավալ ալեկոծությունների և աղետների ծովից գերագույն ճիգերով բարձրանում է ազատ ու անկախ Հայաստանը:

Պատմական էս մեծ օրերին տենդային իրարանցումով նրա շուրջն են խռնված հայության կենսունակ տարրերը, և Այրարատի նվիրական հողի վրա մի իշխանություն տեղի է տալիս մյուսին:

Սակայն՝ Հայաստանի Օգնության Կոմիտեն այսօր գալիս է հայտարարելու ի լուր համայն հայության, թե խաղաղությունը արդեն հաստատված է մեր հայրենիքում և հաշտ ու համերաշխ հարաբերության մեջ է նա իր հին հարևան ժողովուրդների հետ:

Եվ արդեն անցնում է նա իր վերքերը դարմանելու և կազդուրելու աշխատանքին:

Կառավարությունը առոտք է հանել իր բոլոր ուժերը ժողովրդին ազատելու տիրող և մանավանդ առաջիկայում սպառնացող սովից և վերաշինելու քանդված երկիրը:

Խաղաղություն գտնելով գործի է անցել և ինքը, մեծ տառապյալը, Հայաստանի իսկական տերը, հայ գյուղացին:

Սովը, սուրն ու ավերածությունը չեն ընկճել նրա հանրահռչակ տոկունությունն ու շինարար ոգին:

Նա բազմաթիվ զոհեր է տվել և տալիս է տակավին, բայց չի լքում պապենական օջախը, և իր գութանի մաճին ապավինած՝ կանգնած է հայրենի դաշտի վրա ու կանգուն էլ պիտի մնա, ինչքան իշխանություններ էլ գան ու գնան:

Եվ երբ հարևան աշխատավոր ժողովուրդները երեկվան արյունահեղության փոխարեն այսօր եղբայրական օգնության ձեռք են մեկնում հայ աշխատավոր ժողովրդին, մի՞թե կարող է պատահել, որ նրա տառապանքների ու շինարար ճիգերի հանդեպ անտարբեր մնաս միայն դու, նրա տարագիր եղբայրը, պանդուխտ հայություն: Դու՝ որ հեռու ես հայրենիքից, բայց ուշք ու միտքդ միշտ դեպի ետ, դեպի հայրենիք:

Այո՛, Հայաստանի Օգնության Կոմիտեն քաջ գիտե, որ դու էլ ես բաժանված զանազան կուսակցությունների, ինչպես քաղաքական ու քաղաքացիական կյանքով ապրող ամեն մի ժողովուրդ:

Ահա՛, Կոմիտեն ինքն էլ կազմված է տարբեր քաղաքական հայացքի մարդկանցից:

Բայց նա լավ գիտե և էն, որ հայ ժողովրդին սովից ազատելու և քանդված Հայաստանը վերաշինելու գործը վեր է ամեն կուսակցական նկատառումներից և քաղաքական տարաձայնություններից:

Էսպես էլ մտածելով՝ ամենքը եկել միացել են այս վսեմ գործի շուրջը, կազմել են ազատ ու անկուսակցական մարմին և գործունեության են հրավիրում ամենքին, ամեն կողմից:

Էսպես է մտածում և ինքը՝ Հայաստանի Խորհրդային Հանրապետական կառավարությունը, որ ո՛չ միայն գործելու լիակատար արտոնություն է տալիս, այլև աջակցում է ամեն մեկի և ամեն մի մարմնին, որ կցանկանա օգնել, անձամբ գա, աչքով տեսնի և տնօրինի իր օգնությունը:

Արդ, լսիր հայություն, ուր էլ որ լինես, Եվրոպայից մինչև Հնդկաստան, և ամենուրեք:

Լսի՛ր քեզ կանչող հայրենիքի ձայնը և շտապիր օգնության ամեն բանով, ինչով կարող ես, որ ունենաս էն՝ ինչ որ երազել ես դարերով — ազատ ու շեն հայրենիք:

Նախագահ՝ Թումանյան Հովհաննես

<ՀՕԿ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԹԻՎ>

Մեծ պատերազմից առաջ մենք — հայերս մեր եկեղեցու բակով սահմանափակած մի կրոնական համայնք էինք (միլլեթ):

Մեզ հասած հալածանքների ու հարվածների ժամանակ ստիպված էինք խնդրելու մեր եկեղեցու պետին, որ մեզ համար զուր բողոքներ, աղերսներ ունի աշխարհի մեծերին:

Մենք ստիպված էինք մեր խղճուկ դպրոցները զետեղել եկեղեցիների բակերում: Եվ եկեղեցիների բակերում էլ նրանք ազատ չէին հալածանքներից:

Մենք ազատ չէինք նույնիսկ աղետների ժամանակ օգնելու մեր դժբախտ եղբայրներին:

Եվ էսպես անվերջ:

Վերջացավ մեծ պատերազմը:

Թե ինչպես — էդ ուրիշ խնդիր է, բայց մեր հայրենի հողի վրա, թեկուզ և մի մասի վրա, մենք արդեն ունենք Ազատ Հայաստանի Հանրապետություն:

Այժմ արդեն մեզ վրա եկող հարվածների դեմ՝ աղերսարկու եկեղեցականի փոխարեն՝ կարող ենք մեր հանրապետական բանակը հանել:

Կարող ենք կառուցանել՝ ինչ դպրոցներ էլ ցանկանանք և ուր ցանկանանք:

Էդպես էլ ամեն մի քայլափոխի զգալու ենք, որ մենք այժմ ազատ քաղաքացիներ ենք և ոչ թե երեկվան անազատ կրոնական համայնքի ծխականները:

Եվ ահա մեծ պատերազմի ու նրա հետ կապված աղետների հետևանքով հայ աշխատավոր ժողովուրդը, հայ գյուղացին ընկել է ծանր կացության մեջ:

Իր բերանի հացից սկսած՝ նա շատ բան է կորցրել էս մի քանի տարվա ընթացքում:

Շատ բան է կորցրել, բայց ձեռք է բերել մեր դարերով երազած ազատությունը:

Եվ որովհետև ունի ազատություն ու իր շինարար բազուկը — շուտով կունենա ամեն բան:

Սակայն նրա էս ծանր օրերին օգնության գալու և նրա շինարար աշխատանքի մասնակիցը լինելու պարտավոր է ամեն մի հայ — մոտիկից սկսած մինչև հեռավոր գաղութները:

Էս օգնությունը երեկվան բարեգործությունը չէ, երբ դեռ կրոնական համայնք էինք միայն:

Էստեղ ամեն մի հայի պետք է առաջնորդի ոչ թե խղճահարությունը, այլ քաղաքացիական պարտքի խոր գիտակցությունը:

Ամեն մի հայ պետք է զգա, որ ինքն ազատ Հայաստանի քաղաքացին է և գալիս է գործակցելու իր երկրի կառավարությանը:

Ահա էդ գործակցության համար է, որ Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպվեց Հայաստանի Օգնության Կոմիտեն, անկուսակցական հասարակական մի մարմին:

Եվ դարերից ի վեր առաջին անգամն է մեր կյանքում, որ էս տեսակ մի մարմին հաստատվում է իր սեփական պետության դեկրետով և իրավունք ունի ազատ շարժվելու իր երկրում, ինչպես իրավունք ունի նաև ամեն մի հայ, որ գալու է իր ժողովրդին ու իր երկրին օգնության:

Նշանակալից երևույթ է, որ՝ իրարից անկախ ու անտեղյակ՝ նման մարմիններ են առաջ գալիս և մեր գաղութներում: Էս նշանակում է, թե կենդանի է հայությունը:

Կենդանի է և ուժեղ: Երևանից սկսած մինչև հեռավոր գաղութները շարժվում է նա — դեպի հայրենիք:

Ինչքան էլ խոչ ու խութեր, ինչքան էլ դժվարություններ ու թշվառություններ հանդիպեն ճանապարհին — նա հասնելու է իր նպատակին:

Հայաստանի ազատ հողի վրա նա շինելու է իր ազատ ու առատ տունը, Հայկական բարձրավանդակի վրա զարգացնելու է իր ազգային հանճարը և իր խոսքն ասելու է աշխարհքին:

Նա կարող է և իր կարողությունով նա իրավունք ունի:

Եվ Հայաստանի Օգնության Կոմիտեները, որ առաջ են գնալու ամենուրեք, մեծ դեր ունեն կատարելու էս մեծ շինարարության մեջ:




ՍՈՎԻՑ ՎԱՏԹԱՐԸ

Աշխարհքում դժար է երևակայել մի ավելի անարդար երևույթ, քան երբ հողագործ մարդը տարեն տասներկու ամիս քարի ու հողի հետ քաշ է գալիս մի կտոր հացի համար ու վերջն էլ մնում է կարոտ հենց էդ մի կտոր չոր հացին:

Եվ դժար է երևակայել էն աղետը, որ հետևում է սրան...

Սո՛վ...

Միանգամից կտրատվում են բնական և բարոյական բոլոր կապերը կյանքի մեջ: Եվ սկսվում է սովի ահռելի ողբերգությունը: Սովորական են դառնում դեպքերը, երբ ծնողը սրտի ցավից խեղդում է իր հաց աղերսող երեխաներին...

Ավելի զարհուրելին. — ծնողը վրա է ընկնում խլում սովից մեռնող երեխայի ճանկն ընկած մի կտոր ուտելիքը...

Վերջապես՝ սպանում է իր հարազատին, իր որդուն ու միսն ուտում...

Այո՛, ասում եմ, դժար է էս ամենը երևակայել: Բայց բանից դուրս է գալիս՝ սրանից ավելի հրեշավոր երևույթ էլ կարող է լինել աշխարհքում, և էդ էն է, որ մարդ արարածը կարող է ուրախանալ սրա վրա:

Ռուսաստանի մի շարք նահանգներում սով է:

Սոված գյուղացիությունը ծառերի կեղևը կրծելով ու խոտ արածելով տասնյակ միլիոններով հորձանք է տալիս աջ ու ձախ. իր տունն ու տեղը լքած, իր դուռը փակած՝ գնում է հաց որոնելու:

Էն գյուղացիությունը, որ աշխարհքին հաց էր տալիս:

Եվ հանկարծ կարդում ենք, թե աշխարհքում մարդիկ կան, էն էլ աշխարհքի ամենաքաղաքակիրթ մասում, Եվրոպայում, մարդիկ կան, որ ուրախանամ են էս հսկայական աղետի հանդեպ, թե ինչ է՝ սրանից կխեղճանա Խորհրդային իշխանությունը Ռուսաստանում:

Բավական է էս մի լուրը մարդ կարդա, որ սրտի ցավից հիվանդանա ու ընդմիշտ դառնա մարդատյաց:

Եթե հավատա...

Այո՛, եթե հավատա, որովհետև հեշտ չի հավատալը, հեշտ չի հաշտվելը էն մտքի հետ, թե մարդ կարող է էնքան հրեշ լինել:

Ես շատ դեպքեր գիտեմ մեր ժողովրդի կյանքից (ոչ ինտելիգենցիայի և կառավարությունների), երբ նույնիսկ կռիվների ու ընդհարումների ժամանակ (որ միշտ ինտելիգենցիան ու կառավարություններն են սարքում) կիսավայրենի համարված թուրք գյուղացիները երկու կողմի կառավարող շրջաններից գաղտնի, գիշերով հաց են հասցրել սոված հայ գյուղացիներին կամ հայ գյուղացիները՝ թուրքերին:

Սրանից էլ դենը:

Մենք գիտենք, և շատ փաստեր կան, թե ինչպես է անասունը կեր հասցնում սոված անասունին, թե ինչպես է գելը կերակրում ու խնամում անտեր ու սոված մնացած շան լակոտներին...

Էսքան առաքինություն մենք չենք պահանջիլ էդ քաղաքակիրթ մարդկանցից, բայց գոնե հերքեն, թե ճիշտ չի, թե իրենք չեն ուրախանում էս ահռելի ողբերգության հանդեպ, որ մենք էլ, էն սովից մեռնողն էլ մտածենք, թե էդպես հրեշ մարդ չկա և չի կարող լինել աշխարհքում...

Թող մեզ հավատացնեն, որ իրենք ավելի թշվառ չեն, քան էն սովից մեռնող գյուղացիությունը, որովհետև դա ավելի վատթար երևույթ է, քան ամենասոսկալի սովը:

Սովը վերջ ի վերջո մի բան է ասում մեզ, թե էս ինչ տեղը էս տարի չորացել է երկիրը, հողը, երաշտ է, որից կարող ենք ազատվել մոտ առաջիկայում, բայց տասնյակ-տասնյակ միլիոնավոր աշխատավորների, հողագործների էս ծով աղետի հանդեպ էդքան ցինիկ ուրախանալը՝ ավելի զարհուրելի մի բան է ասում, թե մարդկային սիրտն է չորացել ու չարացել, և դրանից ազատվելը էնպես հեշտ բան չի, ինչպես սովից ազատվելը:

Դա սովից վատթար է հազար անգամ:





ԼԵՈԻՆ (ԱՌԱՔԵԼ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ)

[Սևագիր]
Աբաս-թուման — Թիֆլիս
[1902 թ] հոկտեմբերի 27 27 հոկտ. Աբաս-թուման


Սիրելի Առաքել.

Քո այն հարցին, թե ինչ բանաստեղծներ են ինձ վրա ազդեցություն արել և հատկապես իմ որ գործի վրա, ես, որքան հիշում եմ, պատասխանել եմ, որ շատ ուշ եմ ծանոթացել բանաստեղծների հետ և չեմ խոստովանել ոչ մեկի ազդեցությունը:

Հիրավի, ամաչելով, բայց ես առավել ցավելով պետք է ասեմ, որ մինչև այսօր էլ ես ամբողջովին չեմ կարդացած նույնիսկ ռուս նշանավոր բանաստեղծների գործերը: Իմ մոտիկ ծանոթները այս վերագրում են իմ հռչակավոր ծուլությանը, բայց ես վերագրում եմ ավելի ուրիշ հանգամանքների, և որքան էլ սա ծիծաղելի համարվի ինձ ճանաչողների համար — ես ինձ ծույլ չեմ համարում: Սակայն խոսքը այս մասին չի:

Այսպես հիմնովին ծանոթ չլինելով ոչ մեկի հետ, մանավանդ առաջին շրջանում, և գիտակցաբար նմանած ու հետևած չլինելով ոչ մի բանաստեղծի, հանգիստ խղճով էլ քեզ գրեցի, որ ազդված չեմ ոչ մեկից:

Բայց քո նամակից հետո այդպիսի նամակ ստացա և Յուրի Վեսելովսկուց, սկսեցի լուրջ մտածել այդ մասին և գտա, որ սխալ է քեզ տված պատասխանս, ես անգիտակցաբար ենթարկված եմ եղել ազդեցությունների, որոնց մասին մինչև օրս հաշիվ չեմ տվել ինձ: Մեր բանաստեղծների մասին արդեն գրել եմ. աննշան և կարճատև է եղել նրանց ազդեցությունն ինձ վրա:

Ռուս բանաստեղծներից ամենից շատ ինձ վրա ազդել է Լերմոնտովը, ապա Պուշկինը, և, [այժմ] ես կարծում եմ, նրանց ազդեցությունն է եղել երևի, որ գրել եմ ես այն պոեմաները, ուր երգված են մեր լեռնական ժողովրդի կյանքը, սովորություններն ու բնությունը: Դրանցից հետո ծանոթացել ու սիրել եմ Բայրոն, Գյոթե, Շեքսպիր: Սրանք կարծում եմ — անպայման ազդել են իմ գրվածքների վրա, բայց այնպիսի գրվածքների, որ տակավին չեն տպված [մինչև անգամ չեն վերջացած], և որոնց մասին հաշիվ չեմ կարող տալ: Սակայն զգում եմ նրանց անմերժելի ազդեցությունը: Շեքսպիրը միշտ մնում է իմ ամենասիրելի բանաստեղծը: Եվ թեև դրամա չեմ գրել դեռ, բայց դրաման բանաստեղծության մեջ իմ ամենասիրած ձևն է, ու ինձ թվում է, թե դրամատուրգի կոչումն ունիմ ես: Այս պատրանք է գուցե: Շեքսպիրն է ինձ այսպես կախարդել:

Մի երկու խոսք ազդեցությունների մասին: Ես որ ասում եմ ազդված եմ (անշուշտ, կարծեմ և այլն, նրա համար եմ այսպես ասում, որ այդ) ազդեցությունները ես ոչ թե իմ գործերի, տողերի մեջ եմ նկատում, այլ որովհետև զգում եմ իմ հոգու, իմ բարոյական ամբողջության վրա, նրա համար է, որ ասում եմ երևի, անշուշտ, կարծեմ, և այլն: