Thursday, October 20, 2011

Ուզում են Անանյանին հեռացնե՞լ պաշտոնից


Ուրբաթ օրը ՀԺԿ գրասենյակում գտնվող Կարեն Դեմիրճյանի թանգարանում մի խումբ գրողներ հավաք են կազմակերպել։ Այս խմբում ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին ընդդիմադիր գրողներն են, որոնք տեւական ժամանակ է՝ փորձում են հասնել նրան, որ Անանյանին հեռացնեն պաշտոնից։ Նրանք անգամ ստորագրահավաք էին նախաձեռնել՝ ՀԳՄ արտահերթ համագումար հրավիրելու պահանջով, որ Անանյանի վերընտրության հարցը լուծեն։ Սակայն գործընթացը ոչ մի կերպ գլուխ չի գալիս, քանի որ նրանք անկազմակերպ են, իսկ Լեւոն Անանյանը՝ իր աթոռին կառչած ու իշխանությունների փեշին կպած։


hraparak.am


Գրառում Ֆեյսբուքից։ Մարդ կա, նստելով պաշտոնական աթոռի, այնպես է սոսնձվում նրան, որ հաճախ հնարավոր չի լինում մարդն ու աթոռն իրարից պոկել։ Նրանք այնպես են կպչում աթոռին, ինչպես ժանգը՝ երկաթին։ Նմաններից ազատվելու միայն մի ելք կա՝ քերել-մաքրել աթոռի մակերևույթից, ինչպես ժանգն են քերում երկաթից...




Friday, September 23, 2011

Բաց նամակ մեր նախագահին


Չգիտեմ, իհարկե, այս տարբերակով Ձեզ դիմելն ի՞նչ իմաստ ունի, այսինքն՝ Ձեզ կհասնի՞… բայց այլ տարբերակ ուղղակի չեմ տեսնում։
«Կան կեղծ հերոսներ, կեղծ իդեալներ, որոնք կարող են գայթակղիչ լինել անփորձ երիտասարդների համար»,- սա մեջբերում է Ձեր իսկ խոսքից։

Հարգելի պարոն նախագահ, դուք Հ1 նայո՞ւմ եք, Դուք տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում մեր հանրայինում։

Նախ՝ այստեղ սարսափելի հայերեն է. բացարձակ անտեր մեր մայրենին (կներեք, բայց միայն անտեր բանի հետ են այդպես վարվում)։ Այստեղ փողոցի «գողական» ժարգոնն է եթերում՝ ազատ, անկաշկանդ, տնավարի, առանց բարդույթների… մի բան, որ փաստորեն խրախուսվում է, քանի որ նաև գովազդի լեզուն է (օրինակ. «արա, ապե, լավ էլ շուստրի ես, դրա համար էս մարզպետախնձոր…»)։ Օրինակներ կարելի է բերել անվերջ։

Այստեղ բազմաթիվ սերիալներ են, որտեղ ամուսնանում են, երեխաներ են ունենում (երբեմն չիմանալով ումից), դավաճանում են, բաժանվում են… մի խոսքով՝ այն, ինչ կատարվում է ամենուր։ Բայց մեր տեղական սերիալն երում անպակաս է կրիմինալը, ընդ որում՝ ամենատաnբեր դրսևորումներով, բaEan թույլատրելի սահմաններից դուրս, որովհետև ոչ միայն առևանգում են, ծեծում են, սպանում են, վրեժ են լուծում, այլև արդեն հասել են այն մակարդակի, որ երեխա են գողանում… Ընդ որում, ոստիկանություն չկա, նախընտրելի է անձնական հաշվեհարդարը։

Դա Ձեզ չի՞ անհանգստացնում։
Իհարկե նույն պատկերն է նաև մյուս հեռուստաընկերություններում. նույն ողբացող կանայք և կրիմինալի հետքերով տղամարդիկ, գումարած զանազան ու զարմանազան հաղորդավարներ, որոնք եnբեմն ուղղակի սարսափելի են (օրինակ, նրանցից մեկը հյուրին հարցնում է. «Դուք ձեր եղունգները կրծո՞ւմ եք», իսկ մյուսը հրաժեշտ է տալիս ասելով՝ «Դե ի՞նչ, ես էլ գնամ օրգազմի իմ բաժինը ստանալու»… և այսպես շարունակ)։

Շարունակել իմաստ չունի, դա անսպառ նյութ է…
Մի պահ պատկերացնենք, որ մեր երկրին ու մշակույթին անծանոթ մեկը հետևում է մեր կապույտ էկրանին՝ մեր ժողովրդի մասին պատկերացում կազմելու համար։ Եվ ի՞նչ կտեսնի. անվերջ լացող կանայք, ծեծված անտաշ դեմքեր, գռեհիկ խոսվածք, դաժան պատմություններ, ծռված բերաններ… ինչ մշակույթ, ինչ բան։ Մենք չգիտենք ինչ է դաշնամուրը կամ ջութակը, երգեհոն չենք տեսել, ինչ է գրականություն, նկարչություն, ճարտարապետություն կամ նման բաներ... իսկ մեր հույսն ու ապագան անընդհատ երևացող նույն դեմքերն են՝ մեր կիսատ-պռատ երգիչները…

Ի՞նչ նպատակ ենք հետապնդում. ապուշացնելու, դաժանացնելու, իրական արժեքները փոշիացնելու. ի՞նչ։ Կասեն՝ մի՛ նայիր։ Ես չեմ նայում, բայց ես ապրում եմ այն հասարակության մեջ, որին հետևողական դաժանացնում են… Իսկ ես ապրում եմ այստեղ, որովհետև սա իմ երկիրն է։

Ձեզ կասեն «ռեյտինգ», կասեն՝ ժողովուրդը դա է ուզում։ Սուտ է, չհավատաք, այդ օտար կեղծ ներմուծումն իրականության հետ կապ չունի։ Այսպես ասողներն ու մտածողները ի՞նչ բարոյական իրավունքով են մեր ժողովրդին պատկերացնում այդքան գավառամիտ, այդքան տգետ ու այդքան անճաշակ։ Այն ժողովրդին, որ մեր հզոր մշակույթի ստեղծողն ու կրողն է։

Կասեն՝ դժգոհ է հինգ տոկոսը։ Այսինքն՝ միայն հի՞նգ տոկոսը գիտի, որ մեր անքանակ «աստղերը» վատ են երգում ու իսկի լուսատտիկ էլ չեն, միայն հի՞նգ տոկոսը գիտի, որ հեռուստատեսությամբ խոսվում է խայտառակ հայերենով, և որ մենք ազգային արժեքներ ունենք, միայն հի՞նգ տոկոսն է ընդվզում ու չի ուզում, որ երեխա գողանալն էլ մտնի կենցաղ։

Լավ, թող լինի հինգ տոկոսը… այդ դեպքում ո՞ւր մնաց 70-ականների Ձեր ու մեր սերունդը… իսկ մեր ջահելների հետ մենք ի՞նչ արեցինք… իսկ ո՞ր տոկոսի մեջ է երկրի քաղականություն թելադրողը…

Հարգելի պարոն նախագահ, արդյո՞ք դատարկ խոսակցություն է, որ ազգային հեռուստատեսությունը (և հեռուստատեսությունն ընդհանրապես) նոր կառուցվող երկրի հենակետերից մեկը պետք է լինի, պետության յուրովի դեմքը, ներքին քաղաքականության լծակներից մեկը, երիտասարդությանը ուղղորդող ինքնատիպ գործոն, նաև մշակությային երևույթ, նաև ազգային մշակույթի տարածողը, երկրի խոսքն ու կարծիքը, երկրի մտավորականն ու պաշտոնյան։

Հարգելի պարոն նախագահ, թախանձագին խնդրում եմ (և համոզված եմ ինձ հետ նաև շատ-շատերը), զինվեք համբերությամբ ու հեռուստացույց նայեք…
Իսկ հետո ինչ-որ ձևով արձագանքեք, որ ես ու ինձ նմանները, որոնք շատ-շատ են, վերջապես իմանան՝ ի՞նչ է դա՝ ինչ-որ հատուկ քաղաքականությո՞ւն, ևս մի փորձությո՞ւն, որին պետք է դիմանալ, թե՞ պարզապես ժամանակավոր թյուրիմացություն։

ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Գրական թերթ»

Thursday, August 4, 2011

Երիտասարդ գրողները ոչ մեկի զուռնի տակ չեն պարի


Խոսակցություններն այն մասին, թե ՀԳՄ-ում ստորագրահավաք է իրականացվում, որի նպատակը համագումար հրավիրելն է ու Լեւոն Անանյանի հրաժարականը պահանջելը, գնալով հավաստի են դառնում, որովհետեւ, խոսակցություններին զուգահեռ, հայտնի են դառնում նաեւ մի շարք գրողների անուններ, որոնք մասնակցել են վերոնշյալ ստորագրահավաքին:

Մասնավորապես դրանց մեջ են բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը, գրող, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանը, գրող, երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանը, արձակագիր Վահան Սաղաթելյանը: Վերջինիս խոսքով՝ համագումարի անհրաժեշտությունը վաղուց կա, որովհետեւ «ըստ էության լինել-չլինելու խնդիր է դրված, ինչպես ժողովուրդն է ասում՝ «անունը կա, ամանում չկա» վիճակն է, բնականաբար, պետք է մի նոր թարմություն մտնի, որ գրողը գրողի կյանքով շնչի, գրվածը հասնի ընթերցողին: Խնդիրը սա է»:

Ինչ վերաբերում է ստորագրահավաքին, ապա Վահան Սաղաթելյանը նշեց, որ միայն իր ստորագրությունից է տեղյակ. «Իմ ստորագրությամբ ես նրանց թերացումն եմ արտահայտել:  Այստեղ ավելի շատ Անանյանի խնդիրը չէ, հարցն այն է, որ ով ուզում է լինի, միայն թե աշխուժացում լինի, արժեքավորին տեղ տրվի, բայց այսօր թացն ու չորը խառնվել են իրար, ու մի տեսակ բարձիթողի վիճակ է»:

Մեզ հետ զրույցում բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանն էլ նշեց, որ ստորագրել է, որովհետեւ «համագումար ենք ուզում, շատ բաներ կա համագումարում խոսելու, բայց դա արդեն մեր համայնքի, ներսի հարցն է»,- կարճ կապեց նա: Համագումարի անհրաժեշտությունը, որպես գրողներով նստել-զրուցելու միակ ու անփոխարինելի տարբերակ, առաջ քաշեց նաեւ թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանը, ով նշեց, որ չնայած այդքան տեղյակ չէ Գրողների միությունից, որովհետեւ «տարին մի անգամ մտնի, թե չմտնի», բայց ամեն դեպքում ինչ որ կատարվում է, ի նպաստ գրողների չի կատարվում.

«Ես էլ եմ ստորագրել, որ համագումար արվի, Խաչիկն ասեց՝ դեմ չե՞ս, ասեցի՝ դեմ չեմ, որ համագումար արվի, հարցեր քննարկվեն: Անընդհատ ինչ-որ խոսակցություններ կան, որ պետք է պարզվի, ինչ-որ մեկը պետք է լինի, որ զբաղվի գրողների հարցերով, պետք է հավաքվել-զրուցել, տեսնել, թե ինչ պետք է արվի: Դրսից գումարներ են գալիս, բայց թե գրողների համար ինչ է արվում՝ չես հասկանում»:

Ստորագրահավաքի հետ կապված՝ զրուցեցինք նաեւ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ, ով, ըստ լուրերի, այս գործընթացի կազմակերպիչներից է, սակայն նա ժամանակից շուտ չի ուզում ոչինչ մանրամասնել, մի բան հաստատ է, որ «ամեն ինչ ընթացքի մեջ է, եւ առաջիկայում շատ գրողներ այս առիթով իրենց խոսքը կասեն»: Ինչ վերաբերում է ստորագրահավաքին, ապա այն «թաքուն» չի արվում ու ոչ մեկից էլ գաղտնի չի պահվում, ու նախաձեռնողն էլ ոչ թե ինքն է, այլ «մենք»:

Ստորագրահավաքի հարցում շրջանառվում է հատկապես ՀԳՄ երիտասարդ անդամների անունը, ինչը, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով, զայրացնող է. «Քանի որ երիտասարդական բաժանմունքի նախագահն եմ, կարող եմ ասել, որ իմ ղեկավարած բաժանմունքի գրողների 99 տոկոսն այդպիսի ստորագրահավաքների չի գնա»:  Իր վստահությունը նա հիմնավորեց նրանով, որ ընդամենը 20-30 գրող կա երիտասարդական սեկցիայում, ովքեր մի ընտանիքի նման են եւ նման որեւէ գործողության դեպքում տեղյակ են լինում իրարից, բացի այդ՝ «հավաքված են այնպիսի գրողներ, ովքեր կայացած մարդիկ են եւ ոչ մեկի զուռնի տակ չեն պարի եւ իրենց ստորագրությունն էլ չեն դնի ոչ մեկի կազմակերպած ստորագրահավաքների տակ:

Ցանկացած տիպի ստորագրահավաքի հետեւում պետք է լինի գրականության հանդեպ ցավը, ոչ թե աթոռացավը: Ափինյանի նպատակը միշտ եղել է աթոռակռիվը:  Խաչիկի դեպքում գործում է կարոտախտը: Խաչիկի մտահոգությունը լավն է՝ ունենալ գրական պրոցես, որտեղ լինի գնահատման անաչառ համակարգ, կառույցները գործեն:

Բայց, իմ կարծիքով, գրական կյանքը կարելի է բարեփոխել նաեւ առանց այդ շենքի, առանց վարչարարական լծակների, եւ դրա լավագույն օրինակը Կարեն Անտաշյանն է, ով առանց այդ լծակների ամսագիր է տպագրում, կայք է անում»:

Երիտասարդ գրողների մասնակցությունը ստորագրահավաքին մեզ հետ զրույցում բացառել էր նաեւ Անանյանը, ով նշել էր, որ իր քարտուղարը բոլորի հետ մեկառմեկ խոսել է, եւ բոլորը միայն երախտիքի խոսքեր են ասել իր հասցեին: Արքմենիկը չհերքեց, որ զանգեր եղել են թե իրեն եւ թե երիտասարդ գրողներից շատերին, բայց.

«Գնալ-ներկայանալ ՀԳՄ քարտուղարին՝ չգիտեմ… ինձ էլ է զանգ եղել հետեւյալ հարցադրումով, թե կա՞ նման բան, թե՞ ոչ, ես ասել եմ, որ չկա: Հետո ամոթ չի Լեւոն Անանյանին երախտիքի խոսքեր ասել, որովհետեւ այս տարվա ընթացքում երիտասարդների համար ինքը, այնուամենայնիվ,  շատ բան արել է, բայց այնպես էլ չէ, որ երիտասարդ գրողն այն խեղճուկրակ երեւույթն է, որ եթե Անանյանը ոչ գրական բաներ անի, ինքը չընդդիմանա: Երիտասարդ կայացած գրողը չի մասնակցի ոչ մի ստորագրահավաքի՝ ոչ ընդդեմ Անանյանի, ոչ էլ հանուն նրա»,- երիտասարդ գրողների դիրքորոշումն այսպես արտահայտեց նա, հորդորելով չշահարկել իրենց անունը, շահարկելու դեպքում էլ տալ կոնկրետ անուններ:


ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ 
hraparak.am
04.08.2011 

Tuesday, August 2, 2011

«Գրողների գնացք»-ը՝ դեպի Ֆրանսիա


Գրողների միությունը «Գրողների գնացք» պայմանական անվան տակ հերթական ուղեւորությունն է կազմակերպում դեպի Ֆրանսիա, որի ժամանակ ֆրանսիացի եւ հայ գրողների համատեղ միջոցառում է լինելու, ստեղծագործական քննարկումներ եւ այլն: Նախնական տվյալներով՝ մեկնողների ցանկում ընդգրկվել են Վիոլետ Գրիգորյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Հենրիկ Էդոյանը, Կարեն Անտաշյանը, Կարինե Խոդիկյանը, Հովհաննես Գրիգորյանը եւ իհարկե՝ Լեւոն Անանյանը: Այս կազմը դժգոհություն է առաջացրել գրողների շրջանում, որոնք բողոքում են, թե միշտ նույն մարդիկ են գործուղումների մեկնում, մինչդեռ ՀՀ գրողների միությունը 500-ի չափ անդամ ունի, որոնք ՀԳՄ անդամ լինելու ոչ մի արտոնությունից չեն օգտվում:

Hraparak.am
02.08.11

Saturday, July 30, 2011

Ստորագրահավաք Անանյանի դե՞մ


Գրողների միության երիտասարդ անդամները ստորագրահավաք են նախաձեռնել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի դեմ եւ մտադիր են ստորագրությունների համապատասխան թվաքանակի դեպքում նրանից պահանջել  համագումար հրավիրել, որտեղ կքննարկվի նրա հրաժարականի հարցը:
«Նման բան չկա, մի հավատացեք, որովհետեւ գիշերը ինչ-որ մեկը զառանցագին երազներ է տեսնում, հետո էլ նստում-խոսում է դրանց մասին»,- մեզ ասաց Լեւոն Անանյանը՝ դա անվանելով հերթական սուտ խոսակցություններից մեկը:
«Ջահել գրողների համար այնքան գործ է արվել իմ նախագահության օրոք, որ որեւէ մեկը չի կարող նման ստորություն անել. դա բացառվում է: Դրանից հետո իմ քարտուղարը բոլորի հետ մեկառմեկ խոսել է, եւ բոլորը մենակ երախտիքի խոսքեր են ասել»,- նշեց պարոն Անանյանը:
Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են «բերման ենթարկում» երիտասարդ գրողներին ու խոսեցնում, եթե ստորագրահավաքի փաստն իրական չէ:

«Հրապարակ»
30.07.11


ԳՐԱԿԱՆ  PR-ի կողմից։ Անհասկանալի ու զարմանալի ոչինչ չկա։ Լեւոն Անանյանին հնարավոր չէ մեկուսացնել ԳՄ նախագահի աթոռից։ Նրան եւ նրա ղարաբաղցի կոլեգա Վարդան Հակոբյանին ԳՄ շենքից դուրս են բերելու միայն դագաղի վրա։ Նրանք ցմահ նախագահ են...

Tuesday, July 26, 2011

Գրողները հայհոյում են


Մոտենում եմ մաքուր սափրված, կոկիկ հագնված հայ գրողին եւ նրբորեն հարցնում` եթե այսօր խորհրդարանական ընտրություններ լինեին, ո՞ր կուսակցությանը ձայն կտայիք: Ծխախոտի ծուխը դանդաղ բաց է թողնում շրթունքների արանքից, նայում աչքերիս եւ շպրտում` ես քո… ու մի թունդ հայհոյում: Հայհոյանքն ուղղված չէ ինձ, այլ հայ ժողովրդի ծնած-սնած կուսակցություններին` վերից վար: Զարմացած հարցնում եմ` ախր դու նախկին նախարար ես, այդ կուսակցությունների մեջ չկա՞ մեկը` իշխանություն-ընդդիմություն, որին նախապատվություն տաս: Պատասխանում է. «Երկիր ե՞ն թողել, մշակույթ ե՞ն թողել, ստեղծագործող մարդուն ստորացրել ու ոչնչացրել են, բոլոր արժեքները հողին հավասար արեցին, չորս կողմդ պոռնկություն է ու անգրագիտություն, ժողովուրդ է՞ մնացել…»:

Դե արի ու ասա, որ այս մարդը ճիշտ չէ: Հաջորդ գրողին եմ հարցնում, նորից թունդ հայհոյում է, երրորդին` էլի հայհոյում է, չորրորդը, հինգերորդը` դարձյալ… Այ մարդ, ասում եմ, խոսքներդ մե՞կ եք արել: Հա, ասում են, ես քո կուսակցությունները… Բայց կար նաեւ երկրորդ պատասխան, կային գրողներ, ովքեր չէին հայհոյում, պարզապես զուսպ պատասխանում էին` ոչ մեկին: Սրանք էլ այստեղ էին խոսքները մեկ արել: Չեմ հարցրել ընդգծված կուսակցական գրողներին, քանի որ նրանց պատասխանը պարզ է: Իհարկե, Հայաստանի գրողների միության շուրջ 350 անդամին չէ, որ հարցրել եմ, նրանցից մոտ 10 տոկոսն է պատասխանել, բայց այդքանն էլ բավական էր ընդհանուր տրամադրվածությունը հասկանալու համար: Չհարցվածների մեջ կան նաեւ լաքեյներ, պնակալեզներ, բայց նրանք գրական աշխարհում եղանակ չեն փոխում:

Անընդհատ ասում են, թե ո՞ւր են գրողները, ինչո՞ւ չեն խոսում: Ասեմ, որ ճշմարիտ գրողները չեն լռում, պարզապես նրանց ձայնի իրավունք չեն տալիս, քանի որ անցանկալի են ու վտանգավոր տգիտության փուչիկին նստած իշխողների համար: Սա է պատճառը, որ նրանց կանոնիկ կերպով ոչնչացնում են հասարակության աչքում: Գրողներն էլ ստիպված ապրում են իրենց ստեղծագործական աշխարհում` թքած ունենալով ցանկացած կուսակցական խաղի վրա: Այս անգրական ժամանակում եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, ուս ուսի տված, կործանում են այս երկիրը: Վերջին նախադասությունը նույնպես հայ բանաստեղծի խոսք է` առանց հայհոյանքի, բայց նողկանքով արտաբերված:

Ֆելիքս Եղիազարյան
hraparak.am
25.07.11

Friday, June 17, 2011

Սնափառության շքահանդես

Գրողների միության շենքի երկրորդ հարկում էինք, երբ ինչ-որ մեկը ծիծաղելով ասաց՝ ներքեւ մի իջեք, շենքը ոստիկաններով օղակված է: Զարմացած ու հետաքրքրված անհաջող կատակից՝ իջանք, պարզվեց, որ կատակասերն ավելի քան լուրջ է: Ոչ միայն շենքն էր շրջապատված, այլեւ առաջին հարկում քայլարշավում էին փողկապավոր սափրագլուխները, մեզ դեսուդեն էին հրում՝ ճանապարհ բացելով:

Ու հանկարծ միջանցքում դեմառդեմ հանդիպեցի ՀՀ ոստիկանապետին՝ հեռախոսով խոսելիս: Տեր Աստված, ի՞նչ է պատահել, այդ ո՞ւմ է կանչում: Շփոթված դուրս եկա եւ շենքի բակում հանրապետության դատախազին հանդիպեցի, որ մուտքին էր մոտենում:

Շփոթմունքս վերածվեց խուճապի: Իսկ Բաղրամյան փողոցը փակ էր, ազդանշանային լուսարձակներով տագնապ առաջացնող ոստիկանական մեքենաներով լցված: Զարմացա, եթե ԱՄՆ կամ ՌԴ նախագահն է գալիս, նախապես որեւէ հաղորդագրություն չի եղել, իսկ թե անգամ այդպես է, Գրողների միությո՞ւնն ինչ կապ ունի:

Ուզում էի փախչել, բայց նաեւ ցանկությունս մեծ էր՝ պարզելու իրողությունը, եւ շուրջս շենքից փախչող ծանոթ-ընկեր գրողներին հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել: Պատասխանեցին՝ բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Ուրարտական անձրեւներ» գրքի շնորհանդեսն է:

Իսկ այդ մարդիկ ի՞նչ կապ ունեն բանաստեղծի գրքի հետ: Ոստիկանության տո՞նն է, դատախազության օ՞րը, թե՞ գրական միջոցառում: Եվ այդ միջոցառմանը, որ պետք է գրողներն իրենց ներկայությամբ արժեւորեին, խուճապահար փախչում էին Գրողների միության շենքից:

Սա այն Հովեյան Հովիկն է, ով մի ժամանակ մշակույթի նախարար էր, իսկ նշանակվելու նախօրեին անցավ ՕԵԿ շարքերը, ումից էլ հետո ՕԵԿ-ը խիստ հիասթափվեց ու ազատեց՝ սկանդալային պահվածքի համար (կարծեմ ատրճանակով ինչ-որ մեկի գլխին էր հարվածել):

Հետաքրքիր է՝ եթե Թումանյանի կամ Չարենցի գրքի շնորհանդեսը լիներ, հանրապետության ոստիկանապետն ու դատախազը, մյուս բարձրաստիճան հյուրերը կգայի՞ն: Դե, ես էլ հետաքրքիր մարդ եմ, բերել եմ Հովեյանի պես տիեզերական քերթողին ինչ-որ Թումանյանի ու Չարենցի հետ եմ համեմատում, իհարկե, նրանց համար չէին գա՝ չափելով ըստ մեծության:

Իսկ հետաքրքիր է՝ Թումանյանը նման մարդկանցով գրքի շնորհանդես կանե՞ր: Հովեյան ջան, ուզեցար ասել՝ հայ-հայ, տեսեք, թե ինչ վիթխարի գրող եմ, որ այդպիսի մարդիկ են գրքիս շնորհանդեսին մասնակցում: Վիթխարի կլինեիր, եթե քեզ գրողները մեծարեին, ոչ թե դատախազն ու ոստիկանապետը:

Պատկերացնում եմ, թե ինչքան ես չարչարվել դրանց Գրողների միություն բերելու համար, փոխարենը մի քիչ չարչարվեիր բանաստեղծի կերպար ունենալու ուղղությամբ: Եվ գիտե՞ս, թե շենքից փախչող մեր նշանավոր գրականագետներից մեկն ինչ ասաց.

«Այս սնափառության շքահանդեսն ի՞նչ կապ ունի գրողի եւ գրականության հետ»: Հովեյան ջան, տեսա՞ր վերջում ինչ եղավ, ուզում էիր, որ հասարակությունն իմանար, թե ինչ նշանավոր մարդիկ են եկել գրքիդ շնորհանդեսին, ես էլ տեղեկացրի՝ քեզ հասցնելով մուրազիդ: Կարիք չկա շնորհակալություն հայտնելու, բա էլ ո՞ր օրվա համար ենք:

Պատահականության բերումով՝ քո գրչընկերը,
ով ավելի շուտ կհրաժարվի գրելուց,
քան նման շնորհանդես կկազմակերպի

hraparak.am
17.06.2011

Friday, June 3, 2011

Մրցանակն էլ է արժեզրկվում, մրցանակակիրն էլ


Մինչ պաշտոնապես կհայտարարվի, թե ովքեր են այս տարի արժանացել ՀՀ նախագահի պետական մրցանակին, ոչ պաշտոնական մակարդակով շշուկներն ու խոսակցություններն արդեն կան։

Այդպիսով, շաբաթ օրը տեղի ունեցած քվեարկության արդյունքում նախագահի գրական մրցանակին արժանացել է Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը։ Նշենք, որ մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ արժեքավոր գործեր եւ հայտնագործություններ կատարած ու, որպես կանոն, ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակներին՝ 7 բնագավառներում։ 2001-ից տրվող մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Ֆրանսիա)։

Որպես մրցանակ՝ շնորհվում են վկայագիր, մեդալ եւ դրամական պարգեւ՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք չափով։ Հանձնաժողովի նախագահ՝ գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը նշեց, որ, ի տարբերություն անցած տարիներին տրվող 5 հազարի, այս տարի 10 հազար դոլար մրցանակի գումարային չափն ավելի է սրել մրցույթի շուրջ քննարկումները, դա մի կողմից վատ է, մյուս կողմից՝ լավ, որովհետեւ ավելացնում է մրցակցությունը։ Թեկնածուների ընտրությունն ու առաջադրումը կատարվում են «Պողոսյան» հիմնադրամի եւ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից։ Գրական մրցանակին ներկայացված 13 հայտերից հանձնաժողովն ընտրել է 7 հեղինակի, 2-րդ փուլում՝ այդ 7-ից 3-ին. Վարդան Հակոբյանի «Պոեմ իմ մասին կամ՝ 24-ն անց 81 րոպե» գործը, Հրաչյա Թամրազյանի «Բանաստեղծություններ, էսսեներ, գրական դիմանկարներ, հոդվածներ» գիրքը եւ Արեւշատ Ավագյանի «Աստղալույսերի ձայնը» բանաստեղծությունների ժողովածուն, որի արդյունքում փակ քվեարկության ժամանակ 3 կողմ եւ 2 դեմ ձայներով անցել է Վարդան Հակոբյանի գիրքը, 2 կողմ, 3 դեմ ձայների է արժանացել Հրաչյա Թամրազյանի գիրքը, 5 դեմ ձայների՝ Արեւշատ Ավագյանի ժողովածուն։

Ռուբեն Հովսեփյանը մրցանակի շուրջ առաջացած դժգոհություններին այսպես արձագանքեց. «Ես 3-րդ անգամ եմ հանձնաժողովը ղեկավարում եւ դեռ չեմ հիշում, որ մի անգամ գոնե բոլորը համաձայն լինեն ու հետո դժգոհություններ եղած չլինեն։ Նրանք, ովքեր հավակնում էին ստանալ ու չեն ստանում, միշտ էլ աղմուկ են բարձրացնում, անկախ նրանից՝ իդեալական ընտրություն է եղել, թե ոչ։ Ո՞վ չի դժգոհի, եթե ուրիշին մրցանակը տան»։ Իսկ ի՞նչ չափանիշներով են ընտրություն կատարում, նա նշեց, որ այնտեղ քանոնով կարկին դրված չէ, որ կարողանան չափել, եւ որ կոնկրետ նշաձող չկա, յուրաքանչյուրն ընտրում է իր գրական ճաշակին համապատասխան. «5 հոգի են, 5-ն էլ գրականության մարդիկ (հանձնաժողովի կազմում եղել են Լիլիթ Արզումանյանը, Աելիտա Դոլուխանյանը, Գուրգեն Գասպարյանը, Ավիկ Իսահակյանը եւ Ռուբեն Հովսեփյանը), ամեն մեկն իր կարծիքն ունի, ոչ մի ճնշում չի եղել։

Ինձ ոչ ոք ոչ մի բան չի ասել եւ չէին էլ համարձակվի ասել։ Ես գիտեի, որ դժգոհություններ կլինեն, ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Թող հանձնաժողովի ամեն մի անդամ այնքան վստահ ասի այդ բանը, որքան ես»։ Նկատենք, որ ոմանք կարծում են, որ եթե ճնշում չլիներ, մրցանակ կստանար Թամրազյանի գործը։ Սակայն պրն Հովսեփյանն ասում է, որ հանձնաժողովի արդար եւ անաչառ աշխատանքի համար հակափաստարկներ բերելու խնդիր չունի. «Եթե ամեն տեղ խոսում ենք ժողովրդավարությունից, այստեղ էլ է ժողովրդավարություն՝ 5 հոգի նստում են ու քվեարկում»։ Իսկ թե քվեարկությունից առաջ ինչ է կատարվում, ոչ ոք չգիտի։

Ըստ Արեւշատ Ավագյանի՝ ժողովրդավարության մասին խոսք անգամ լինել չի կարող. «Դժբախտաբար, այդ ընտրությունները մեր մոտ երբեք արդար չեն անցնում։ Տարբեր շահեր կան, իսկ որտեղ փող կա, այնտեղ պետք է կասկածել, որովհետեւ կատարվում են ոչ գրական, ոչ մշակութային հարաբերություններ։ Ուղղակի արդեն ծիծաղս է գալիս։ Պետական մրցանակի ներկայացված իմ նախորդ գիրքն էլ, որի շուրջ մամուլը շատ գրեց, բայց վերջում մրցանակը տվեցին հայհոյախոսություններով լցված Դավիթ Հովհաննեսի գրքին, որը որ նախապես որոշված էր. դեռ ընտրությունը չեղած էլ ասում էին՝ նրան են որոշել վերեւից։ Հիմա էլ ի՞նչ ասեմ»։

Արեւշատ Ավագյանը նշեց, որ 2007-ին իր «Խոսք եւ գույն» գիրքը նույնպես չարժանացավ պետական մրցանակի, չնայած հանձնաժողովի բոլոր 5 անդամներն էլ ասել էին, որ տվել են առավելագույն 10 միավորը. «Հիմա մարդկանց ուզում եմ եւ հավատալ, եւ չհավատալ, այն ժամանակ էլ մրցանակը տվեցին Զորի Բալայանին։ Ես հայ գրականություն եմ ստեղծել եւ կարծում եմ, որ այդ գիրքը պիտի արժանանար եւ նախագահի, եւ պետական մրցանակի»։ Նշեց, որ եթե այս անգամ էլ միաձայն 5-ն են դեմ քվեարկել, դա արդեն մտածելու տեղիք է տալիս, ու ստացվում է, որ կարելի է էլ չգրե՞լ. «Սա հումորով եմ ասում։ Բայց չեմ ուզում, որ ժողովուրդն ինձ սխալ հասկանա, որովհետեւ մեր ժողովրդի մոտ մի սուտ բարոյականություն կա, որ եթե դու ես քեզ պաշտպանում, դա վատ բան է, բայց եթե մի անտաղանդի մի կաշառված մեկը գովի, փառաբանի, ոչ մեկը չի ասի՝ այդ ի՞նչ ես անում»։

Պրն Ավագյանի կարծիքով, ինքն ուղղակի այս իշխանությունների կողմից չսիրված անձնավորություն է, որովհետեւ պարզ, անկեղծորեն խոսում-ասում է իր կարծիքը, եւ դրա համար իրեն որոշել են այդկերպ «պատժել»՝ ոչ մի մրցանակի չարժանացնելով իր գրքերը։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ այդ մրցանակները շատ կարեւոր են, բայց յուրաքանչյուր մրցանակ պիտի պատիվ բերի այն մարդկանց, ովքեր այդ մրցանակը տալիս են ու վերցնում։

Այն, որ յուրաքանչյուր գրական մրցանակից առաջ եւ հետո խոսակցություններ են գնում արժանիի ու անարժանի, արդարի, ոչ արդարի շուրջ, խոսում է այն մասին, որ ցանկացած դեպքում օբյեկտիվ գնահատական չի կարող լինել, որովհետեւ ամեն մեկն իր շահից բխող ճշմարտություն ունի։ Գրական կյանքում կարող է լինել հեղինակություն եւ հեղինակություն վայելող կարծիք, ասենք՝ ինչպես իր ժամանակին Հրանտ Մաթեւոսյանն էր, ում գովասանքը հազար մրցանակ արժեր գրողի համար։ Իսկ երբ այսօր կասկածի տակ է դրվում ոչ միայն մրցանակ տվողի, այլ նաեւ այն ընտրողների գրական կշիռն ու կարծիքը, մրցանակն էլ է արժեզրկվում, մրցանակակիրն էլ։

ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
hraparak.am
15.03.2011

Saturday, May 28, 2011

Որն է գրականությունը, որը` ոչ, ով է գրող, ով` չգրող

«Այսօր հասարակության ուշադրությունը սեւեռված է միջակությունների վրա, մինչդեռ կարեւորագույն խնդիր է գրական դաշտը աղբից մաքրելը, թե չէ՝ մեր օրերում գրականության մեջ չափանիշներ չկան, ում մտքով ինչ անցնում է, գրում է, եթե անգամ մեկը այբուբենը ամբողջապես չգիտի, կարող է գրել ու իրեն համարել գրող»,- այս կարծիքին է բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ: Բայց ովքեր եւ ինչպես պիտի զանազանեն ցորենը որոմից: Այ, սա է խնդիրը:

Ոչ հեռու անցյալում, այսինքն՝ անկախության շրջանում, զուգահեռաբար գոյություն ունեին Հայաստանի գրողների միություն եւ Հայ գրողների միություն, ու գրողական այս միավորումները անհաշտ պայքար էին մղում գրական կյանքում իրենց տեղի ու դերի, գրողների միության ունեցվածքը բաժանելու առումով: Այսօր էլ միությունների, միավորումների պահանջարկը չի դադարել արդիական լինել հայ գրողների շրջանում: Իհարկե, քիչ չեն նաեւ այս ամենից օտարված, իրենք իրենց համար ստեղծագործող գրողները: Ինչեւէ:

Ահավասիկ` երեկ մամուլի ակումբներից մեկի հյուրերն էին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ու Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Հետաքրքիր զուգադիպությամբ` մեկ այլ մամուլի ակումբ էլ հյուրընկալել էր ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանին եւ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանին, որը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե` ժամանակակից հայ արձակը վերածնունդ է ապրում, ինչը փաստում է վերջին տարիների գրական հունձքը:

Բնականաբար երկու դեպքում էլ թեման գրողը, գիրքը եւ գրականությունը պիտի լինեին եւ, թերեւս, էին: Բայց տարօրինակ կերպով այս դաշտում, ինչպես միշտ, շատ հակասական էին տեսակետները: Եթե ԳՄ նախագահը խոսել էր տարեկան հրատարակվող 2000-ից ավելի գրքերից եւ մրցանակի արժանացածներից, ոգեւորությամբ նշելով, թե գիրքը գտնում է իր ընթերցողին, ապա Ռազմիկ Դավոյանը շեշտը դրել էր գրական դաշտը աղբից մաքրելու վրա, քանզի այսօր միջակություններին մեծ ասպարեզ է տրվում:

Երեկվա ասուլիսի ժամանակ Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը ներկայացրեց միության հրատարակած նոր` «Գրական կյանք» ամսաթերթը, հայտարարելով. «Մեր նպատակն է շեշտը դնել բարձր գեղարվեստական արժեքի վրա եւ այս թերթի առաքելությունն է գրական զարգացումների համար ավելի դեմոկրատական եւ ժողովրդավարական պայմաններ ստեղծելը»:

Նրա ներկայացմամբ` ամսաթերթն այսօր արդեն ունի 5 հազար տպաքանակ, որը մեր օրերում ամենաբարձր ցուցանիշ ունեցող գրական մամուլն է, ուր ներկայացվելու են ժամանակակից գրականության լավագույն դեմքերը` այդպիսով կողմնորոշելով ընթերցողին:

Բնականաբար Ափինյանը նախանձախնդիր է նաեւ միությունն ընդլայնելու, անդամների լուրջ չափ ու քանակ ապահովելու հարցում, ուստի նա հպարտորեն հայտարարում է. «Արդեն ստացել ենք 200 դիմում, ովքեր ցանկություն են հայտնել անդամակցել Երեւանի գրողների միությանը: Սակայն չենք շտապում մեր անդամների թիվն ընդլայնել, քանի որ շեշտը դնելու ենք որակի վրա, այլ ոչ թե քանակի»:

Երեկ Ա.Ափինյանը ակնհայտ մեծահոգություն ցուցաբերեց, հայտարարելով, թե իրենք պատրաստ են համագործակցել Հայաստանի գրողների միության հետ: Ավելին՝ նա պնդեց, որ երկու միությունների միջեւ ոչ մի տարաձայնություն չկա, պարզապես հակասություն գոյություն ունի գրողների եւ չգրողների միջեւ։

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի ակնկալիքը խորապես հասկանալի է. «Երբ պիտի գրական մի չափանիշ մեջտեղ գա, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա. որն է գրականություն, որը` ոչ»: Այս առումով նա լուրջ դեր է վերապահում գրական մամուլին եւ ողջունում է նոր պարբերականի ծնունդը, միաժամանակ հիշելով հին, բարի, գրապաշտ ժամանակները. «Իմ խմբագիր եղած ժամանակ «Գրական թերթը» շուրջ 150 հազար տպաքանակով էր լույս տեսնում: Ակնկալում եմ, որ թերթի հեղինակները քննադատական սլաքը կուղղեն դեպի ստեղծագործությունները, այլ ոչ թե հեղինակներին: Գրական մի չափանիշ պետք է, ի վերջո, մեջտեղ գա, ու մեր ժողովուրդը հասկանա` որն է գրականություն, որը` ոչ: Ժողովուրդը պետք է ինչ-որ մի ձեւով կարողանա վերադառնալ այն կատեգորիային, որում եղել է մի ժամանակ: Մեր պահանջները շատ խիստ են, իսկ եթե դրանք չկան, գոնե պետք է աղբը մաքրվի գրական դաշտից»:

Բանաստեղծն այն համոզման է, որ «հասարակությունն այսօր պետք է կենտրոնանա ոչ թե հեղինակի, այլ բովանդակության վրա: Մինչդեռ այսօր հանրության ուշադրությունը սեւեռված է միջակությունների վրա»:
Իսկ իր մասին տաղանդավոր բանաստեղծն ասաց. «Անձամբ ես արդեն բավական ժամանակ է` գրական կյանքի հետ գործ չունեմ, ապրում եւ ստեղծագործում եմ ժողովրդի համար»:

ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
9.04.11

Մտավորակա՞ն է Լեւոն Անանյանը…

Հայելին միշտ մո՛տդ պահիր –

Այս իմաստակի արտաբերած տխմարությունը չի՜ տարբերվում քյազիմկարաբեքիրների խեղաթյուրումներից

Սփյուռքահայ մտավորականների ու հատկապես գրողների հետ իմ զրույցների ժամանակ նրանց մեծագույն մասը հայտնում է իր խիստ դժգոհությունը Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գործելակերպից: Իսկ երբ նրանց այպանում եմ, թե ինչո՞ւ հենց իրե՛նք չեն բարձրաձայնում այդ մասին, նրանք լռում են, քանի որ չեն ուզում զրկվել ոչ սեփական միջոցների հաշվին հետագայում ՀՀ այցելելու, Ծաղկաձորներ վայելելու, արդեն գրոշի արժեք չունեցող պատվոգրերի, շքանշանների ու մասամբ նոցին արժանանալու հնարավորությունից եւ այլն: Անանյանն էլ, իր հերթին, լավ է իմանում սփյուռքահայ մտավորականների այս մտածելակերպը եւ կարողանում է «գնել» նրանց լռությունը իր շահատակությունների դիմաց: Շատ քչերն են համարձակվում ցույց տալ սույն պարոնի իսկական դեմքը. նրանցից է, օրինակ, Փարիզում հաստատված հայրենաթող գրող Կարեն Սիմոնյանը, որ Անանյանին բնորոշում է «գրականության գծով պետական պաշտոնյա» ու նման շատ դիպուկ պիտակներով:

Այս երկկողմանի պնակալեզությունը, որն ավելի հայտնի է «Բրեժնեւյան սինդրոմ» անունով, օրեցօր ավելի ինքնավստահություն է հաղորդում Լ. Անանյանին՝ անարգել շարունակելու համար իր գետնառյուծային գործունեությունը: Հերիք չէր, որ սույն պարոնը իր ղեկավարած ստեղծագործական միությունը լռության մատնեց ՀՀ նախագահի՝ ՀՀ-Թուրքիա հաշտեցման անընդունելի ու ազգային արժանապատվությունը ոտնահարող գործընթացի դիմաց, վերջին ամիսներին էլ ամեն ինչ անում է նույն միության ու սփյուռքահայ գրողների ջախջախիչ մեծամասնության խոր վրդովմունքը հարուցած՝ ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ վերաբացելու դավադրության դեմ բողոքի ձայնը հնարավորինս մեղմացնելու համար:

Եվս 2 թարմագույն փաստեր՝ ՀԳՄ հենց անմիջական շրջանակից:
Միության խոսնակն եղող «Գրական թերթ» շաբաթաթերթի ս. թ. թիվ 34 (3042), հոկտեմբերի 15ի համարի առաջին էջում տպագրվել է «Հերթական թարգմանչաց տոնը Օշականում» (գրող-մրոտողը հայոց լեզվի տարրական շարադասություն չգիտի, այլապես պիտի գրեր՝ «Թարգմանչաց հերթական տոնը Օշականում») վերնագրված թղթակցությունը: Դրանից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 9-ին, Օշականում հանգչող հայոց ամենասուրբ սրբի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ կառուցված դպրատանը կայացած միջոցառմանը մասնակցել են նաեւ «Հայաստանի Գրողների միության անդամները՝ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ»: Ըստ իր սովորության, Լ. Անանյանը ելույթ է ունեցել, որի ընթացքում, ի միջի այլոց, ասել է. «Տոնն իսկապես մեծ խորհուրդ ունի, որովհետեւ Աստվածաշնչի թարգմանությամբ սկիզբ է դրվել հայ դպրությանը, հայ մշակույթի մի նոր էջի» (ընդգծումը իմն է, Գ. Յ.):

Եթե այս բառերը կարդացած չլինեինք ՀԳՄ պաշտոնաթերթում, այլ՝ մեկ ուրիշ լրատվամիջոցում, կարող էինք կասկածել դրա ճիշտ արտատպմանը (հայաստանյան պարբերական մամուլը «փայլում է» նման սխալ փոխանցումներով): Իսկ եթե սխալ է արտատպվել, «ԳԹ»-ն պարտավոր էր հերքել կամ ճշտել: Սպասեցինք, որ «ԳԹ»-ն հերքում կամ ճշտում տպագրի: Անցել է մեկ ամիս, լույս է տեսել թերթի 4 համար, բայց… լռություն, ինչը նշանակում է, որ Լեւոն Անանյանն իրո՛ք արտասանել է այդ բառերը այնպես, ինչպես դրանք տպագրվել են «ԳԹ»-ում:

Եթե «դպրություն» բառին կցված չլիներ «ը» հոդը, առարկելու հիմք եւ իրավունք չէինք ունենա, քանի որ դա համապատասխանում է պատմական իրողությանը (այլ հարց, թե Լուսավորիչ հորջորջվածը ընդամենը մեկ դար առաջ ինչպիսի՜ անմարդկային կատաղությամբ փորձել էր հիմնովին վերացնել հայ դպրությունը): Սակայն, «ը» հոդի առկայությամբ դուրս է գալիս, որ ըստ Լեւոն Անանյան կոչեցյալ իմաստակի, հայ ազգը, մինչեւ «Աստվածաշունչ մատյանի» (ի դեպ, պետք է այդպես արտահայտվել, այլ ոչ թե միայն «Աստվածաշունչ», թեեւ ճիշտը «Բիբլիա»-ն է) թարգմանությունը, այսինքն՝ մինչեւ 5-րդ դարի առաջին տասնամյակները, առհասարակ դպրություն չի ունեցել: Իսկ քանի որ դպրությունը հիմքն է մշակույթի, կարելի ենթադրել, թե լեւոնանանյանների համար՝ հայ ժողովուրդը մինչեւ 5-րդ դարի սկիզբը մշակույթ չի ունեցել:

Իսկ եթե այս դատողություններին ավելացնենք այն անքննարկելի ճշմարտությունը (աքսիոմը), թե ազգը, հայրենիքն ու ազգային մշակույթը անբաժանելի եռամիասնություն են, ապա, կարելի է եզրակացնել, թե ըստ Լեւոն Անանյան իմաստակի, մինչեւ 5-րդ դարը հայ ազգ եւ հայոց հայրենիք էլ գոյություն չեն ունեցել: Ասացե՛ք խնդրեմ, ինչո՞վ է այս հիմարությունը տարբերվում հայոց հիմնական թշնամիների՝ թուրքերի բարբաջանքներից, թե հայերն անկախ պետականություն, հայրենիք ու ինքնուրույն մշակույթ ընդհանրապես չեն ունեցել: Հիշեցնենք՝ Քյազիմ Կարաբեքիրը Հայաստանի առաջին հանրապետությունը ծնկի բերելուց հետո, Ալեքսանդրապոլի համաձայնագրի բանակցությանց ժամանակ ՀՀ պատվիրակությանը ներկայացրել էր մի հուշագիր (մեմորանդում), որտեղ նշել էր, թե հայերն ինքնուրույն որեւէ բան՝ մշակույթ, տարազ, երգ, պար եւն. չունեն, իսկ ունեցածների մեծ մասը վերցրել են թուրքերից:

Ասացե՛ք խնդրեմ, ինչո՞վ է տարբերվում Լեւոն Անանյան իմաստակի արտաբերած տխմարությունը քյազիմկարաբեքիրների խեղաթյուրումներից… Ի՜նչ հոյակապ զենք է տալիս Հայաստանի Գրողների միության նախագահը մեր անցյալը, ներկան ու… գալիքը խեղաթյուրող, մեզ նախեւառաջ իբրեւ դպրության ու մշակույթի ազգ հոգեբանորեն ոչնչացնող մեր թշնամիների ձեռքին: Ի՞նչ կարող ենք մենք պատասխանել, եթե մի օր նրանք մեր դեմ հանեն Լեւոն Անանյանի այս ցաբռտուքը: Չէ՞ որ այդ փչոցն արտաբերողը գրող է, առավել եւս՝ ոչ սովորական մեկը, այլ՝ Հայաստանի Գրողների միության նախագահի նման հեղինակավոր (sic!) անձը…

Ահա՛ թե ուր կարող է առաջնորդել Եկեղեցին ազգից գերադասելու հիմարությունը… Ինչպե՞ս չհիշել երջանկահիշատակ Վազգեն Ա-ին, որ ասել էր «Հայ ազգից դուրս քրիստոնեություն ես չեմ ընդունում», եւ որն իր գործունեության ընթացքում Եկեղեցի՛ն էր ծառայեցնում հայության…

Իհարկե, լավ կլիներ, որ Անանյանի այս արտահայտությունը լսած ՀԳՄ անդամներից որեւէ մեկը հենց տեղնուտեղը ծեփեր իր միության նախագահի բերանը կամ հենց «ԳԹ»-ում հանդես գար ուղղում-պարզաբանումով: Բայց ո՜չ, այդ համարձակության համար, նրանք այդ վայրկյանից կզրկվեին այն փշրանքներից, որոնք Լ. Անանյանը գցում է իրենց սոված բերանը: Նույնը կարող էին անել նաեւ Հայ եկեղեցու՝ միջոցառմանը ներկա սպասավորները. չէ՞ որ նրանք կոչված են վկայելու միայն եւ միայն Ճշմարտությունը:

Բայց ո՜չ, ի՜նչ ենք ասում: Եկեղեցուն եւ Աստվածաշունչ մատյանի հայերեն թարգմանությունը փառաբանելու համար կարելի է ոտնատակ տալ Ճշմարտությունն ու հայոց արժանապատվությունը՝ Գրողներից, Եկեղեցու սպասավորներից եւ առհասարակ միջոցառման ներկաներից մեկնումեկը ինչո՞ւ չկարողացավ տեղում բարձրաձայնել, թե տրամաբանակա՞ն է, որ դպրության հատուկ աստված (Տիր) ունեցած եւ այսօր էլ ունեցող հայությունը մինչեւ 5-րդ դարի սկիզբը դպրություն չունենար:

Պետք է ենթադրել, որ Էրեբունին, Մեծամորը, Վան-Տոսպը, Գառնիի հիասքանչ տաճարը, հայոց մեհյանները եւ մինչ Աստվածաշունչ մատյանի թարգմանությունը Հայոց աշխարհում կառուցված քաղաքներն ու բյուրավոր մշակութային կոթողները կառուցել են ոչ-հայերը, մի գուցե այլմոլորակայինները՝ միշտ ըստ Լեւոն Անանյանի ու նրա նմանների «դատողության»…

Լա՛վ, մի կերպ կարելի էր «ըմբռնումով» մոտենալ Օշականում Լեւոն Անանյանի՝ պահի թելադրանքով կատարած հաճոյախոսությանը ու անցնել, եթե սույն պարոնը դույզն ինչ նախանձախնդիր լիներ հայոց լեզվի նկատմամբ: Հանրապետությունում հայոց լեզուն ամեն վայրկյան հոշոտվում է, իսկ գրողների միությունը էշի ականջում քնած է կամ, երբեմն-երբեմն, թույլ նվնվոցներով է արտահայտում իր դժգոհանքը: Վերեւը նշեցի Անանյանի ու նրա ղեկավարած միության, շատ մեղմ ասած՝ թույլ հակադարձությունը ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ վերաբացելու դավաճանության: Մի կողմ թողնենք նաեւ այն անընդունելի փաստը, որ ՀԳՄ շենքի ձախ կողմում ծվարած «Նավզիկե» սրճարան թե բարի ցուցանակում բացակայում է հայերենը:

Բերեմ Լեւոն Անանյանի «նվիրյալ հայկականության» եւ «հայ գրողի առաքելության» վերջին ապացույցներից մեկը:

Այս ամսի սկզբին, երբ մի գրողի հանդիպելու համար մտնում էի Գրողների տուն, մուտքի աջին ցցված մի ցուցանակի վրա կարդացի գովազդ, թե Հայաստանի Գրողների միության շենքի 4-րդ հարկում գործում է ՀՀ քաղաքացիների համար՝ Green Cardի ձեւակերպումներ իրականացնող մի գրասենյակ: Այսքանը կարծեք հերիք չէր, այդ ձեակերպումների մանրամասնությունները գրվել էին ռուսաց լեզվով:

Ահա՛ ձեզ հայոց լեզվից ու Մաշտոցից բարբաջող Լեւոն Անանյանի ու նմանների իսկական դեմքը:

Փակագծերում ասեմ, թե մի քանի տարի առաջ, երբ նույն շենքն էի մտնում սփյուռքահայ վաստակաշատ գրող ու հասարակական գործիչ Թորոս Թորանյանի հետ, նույն տեղում կարդացել էինք Green Cardի գովազդը՝ թղթի վրա: Սփյուռքահայ գրողը, անհունորեն վրդովված, գոռաց «Ծո՛, Գեւո՛րգ, այս ի՞նչ խայտառակություն է», ու իր ձեռքով պատառոտեց այդ զազրելի գրությունը:

Իսկ ի՞նչ անեի ես՝ տեսնելով Green Cardի գրասենյակի՝ այս անգամ արդեն երկաթե ցուցանակի վրա ներկով տպված գովազդը: Բավարարվեցի ցուցանակի վրա կպցնելով միշտ հետս եղող մի թղթիկ, որը հիշեցնում է, թե ըստ ՀՀ Սահմանադրության ու օրենքների, ՀՀ պետական լեզուն հայերենն է, որն սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները:

Բարձրանալով 4-րդ հարկ, ճնշումս անօրինակ բարձրացած, ամոթանք տվեցի ՀԳՄ անդամներին, այդ թվում՝ ՀԳՄ քարտուղարներից Հովհաննես Գրիգորյանին՝ այս սրբապղծության համար, պահանջելով անհապաղ դո՛ւրս շպրտել արդեն արյունաքամված ՀՀ-ից արտագաղթին նպաստող գրասենյակը միության շենքից, որտեղ մուտք են արել հայոց մեծամեծներից շատերը, այսուհետ չպղծել այդ շենքը նմանօրինակ աղտեղություններով, խոստանալով այս խայտառակության մասին տեղեկացնել ողջ հայությանը (արդեն տեղեկացրել եմ Թորոս Թորանյանին, իսկ այս հրապարակումով իմաց եմ տալիս ողջ հայության), որպեսզի ՀԱՅ մարդիկ տեսնեն, թե Հայաստանի Գրողների միության այսօրվա ղեկավարը ինչպիսի «հայ» է…

Արաբերենում կա մի նշան՝ «շադդե» անունով, որ երբ տեղադրվում է որոշակի տառի վրա՝ այդ տառի հնչյունը կրկնվում է (օրինակ՝ Սադդամ, Բաշշար):
Այս հրապարակման վերնագրի հարցադրման ճիշտ պատասխանը կարելի է ստանալ «շադդե»-ի նշանը դնելով «մտավորական» բառի 12 բաղաձայն տառերի վրա…

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ
vahagnakanch
Լուսանցք
11.11.2010

Գրողը նրա համար միայն ձայն է

Արձակագիր Լեւոն Ջավախյանը վերջերս դուրս է եկել Հայաստանի գրողների միությունից: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին ուղղած դիմումի մեջ իր այդ քայլը նա որակել էր «ազատագրում»: Երեկ մենք զրուցեցինք ԳՄ կապանքներից արդեն որոշ ժամանակ ազատ գրողի հետ:

- Պարոն Ջավախյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում Գրողների միությունից «ազատագրվելուց» հետո:
- Թեթեւացած, շունչս` բացված, մեջքս` ուղղված, հայացքս` շիտակ, ճամփես` երկար: Գրողների միությունը ինձ գրող չէր դարձրել, ինձ վրա ամագ չուներ, որ հիմա էլ տրտնջամ: Սխալմունք էր մտնելը: Ավելի ճիշտ կլիներ, որ ո՛չ մտած լինեի, ո՛չ էլ դուրս եկած: Ավելորդություն է իմ կյանքում Գրողների միությունը: Դա գիտակցեցի ու սխալների ուղղում արեցի: Բայց ոչ ոք չի հարցնում` ինչո՞ւ ես մտել: Բոլորը հարցնում են` ինչո՞ւ դուրս եկար:

- Ինչո՞ւ եք մտել:
- Ես Գրողների միությունն էն գլխից չէի ուզում: Լեւոն Անանյանի թախանձագին խնդրանքներին տուրք տալով` մտել եմ: Մտածում էի` ինքը գնահատում է իմ գրականությունը, դրա համար է խնդրում, որ անդամագրվեմ: Բայց նա սխալվել է իր հաշվարկներում. կարծում էր` լոռեցի եմ ու ես էլ եւս մի ձայն կավելացնեմ իր օգտին: Դժբախտաբար, Լեւոն Ջավախյանը կլինի, Արմեն Շեկոյանը, թե Պողոս Պողոսյանը, նա գրողների տաղանդը, շնորհքը չի կարեւորում, այլ ընդամենը գրողներին ընդունում է որպես մի ձայն: Լեւոն Անանյանը ձայներն է հաշվում, իսկ մրցանակները տալիս է` ըստ վախի չափի. ումից շատ է վախենում, ավելի մեծ մրցանակ է տալիս, ումից չի վախենում, ընդհանրապես անտեսում է: Մի տեսակ գազոնային մթնոլորտ կա Գրողների միությունում, համահավասարեցման մթնոլորտ: Նա այնքան Գրողների միության նախագահ չէ, որ իր ելույթներում չի համարձակվում անգամ որեւէ գրողի անուն տալ, որովհետեւ լավ հաշվարկել է, եթե մի գրողի անուն տվեց, մյուսները պիտի ասեն` բա ես: Հավասար-հավասարեցնում է: Էս գլխից արդեն ճտերը հաշվում է, որ ընտրության ժամանակ ձվերն ուտի:

- Գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը հույս էր հայտնել, որ մի որոշ ժամանակ անց գուցե փոշմանեք: Հնարավո՞ր է` նման բան լինի:
- Ափսոս, որ այդ հույսը տածել է Հովհաննես Գրիգորյանը, որին, որպես բանաստեղծի, ես հավանում եմ, որն ամեն տեղ, ամեն կերպ իմ գրականությունը, իմ բերած խոսքը դրվատում է, սիրով է վերաբերվում: Ինքը մի բան էր ասել` «Վիրավորված հոգու ճիչ էր Լեւոնի դուրս գալը»: Վիրավորված հոգու ճիչ է ինչո՞ւ: Որովհետեւ Ադրբեջանում` թշնամու երկրում, տեսնում են, որ Լեւոն Ջավախյան կա: Բա իրենց քթի տակ չնկատեցի՞ն, որ այդպիսի մի գրող կա` մի ալմանախում դնեին իր պատմվածքը, մի պատմվածք թարգմանեին, մի անգամ առաջարկեին գիրքը պետական աջակցությամբ տպագրել: Այդ անդամատոմսը հո չեմ ստացել, որ սրան-նրան ցույց տամ, ասեմ` «չիտայտե, զավիդույտե, յա չլեն սոյոզա պիսատելեյ Արմենիի»: Կոստյումը չէ, որ պիտի ինձ զարդարեր:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ԳՄ մարզային կառույցների ղեկավարների ընտրությունը պետք է համաձայնեցվի մարզպետների հետ:
- Հակոբ Պարոնյանն էր ասում` մեծապատիվ մուրացկաններ: Նորից ուզում ենք ասել, որ մեծապատիվ մուրացկաններ ենք: Էստի-էնդի փող են մուրում, գոյություն են պահում, իբր` գրականություն են զարգացնում: Գրականությունը անհատական պրոցես է: Եթե գրողը գրող է, նա գեղարվեստ կստեղծի` առանց որեւէ օժանդակության, առանց փողի: Ո՞վ է ինձ փող տվել, որ ես գիրք եմ տպել, կամ ո՞վ է ինձ ոգեշնչել, որ պատմվածք եմ գրել: Ոչ մի փողատեր, ոչ մի Գրողների միություն: Կյա՛նքը: Ես նայում եմ կյանքը ու գնում դեպի կյանքը, իմ հետեւից գալիս է ընթերցողը:

- Պարոն Ջավախյան, Գրողների միությունը կարծես նյութական ու ֆինանսական աջակցության դիմաց ճորտագրվել է իշխանություններին: Վերջերս էլ, հենց նույն մարտավարության շրջանակներում պաշտոնանկ արվեց, մասնավորապես, ԳՄ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար Նորիկ Գրիգորյանը: Ըստ Ձեզ, նման մոտեցումն ի՞նչ վտանգներով է հղի:
- Նորիկ Գրիգորյանը ինձ մոտիկ ընկեր է, շիտակ, իսկական թալինցի տղա: Բաց ճակատով գրում է Արագածոտնի աղաղակող թերությունների մասին ու մեկ էլ իմանում է, որ իրեն հանել են, որովհետեւ մարզպետն այնտեղից ասել է` եթե դրան հանես, մարզային կառույցին ես փող կտամ, աշխատասենյակ կտամ: Եթե թողնես նույնը, ոչինչ էլ չեմ տա: Փողով գրականությո՞ւն է լինում: Փողով կարելի է կոշիկ առնել, տուն առնել, հարստություն դիզել, բայց ոչ արվեստ, գեղարվեստ: Փողին սովոր մարդիկ էլ դեպի փողն են գնում, իսկ իսկական գրողը, այդ բաներից հեռու, իր ստեղծագործությունն է գրում:

Նույն հանգամանքներում նաեւ Նոյեմբերյանի կառույցի ղեկավարին է հանել` մի վաստակաշատ գրողի, լրագրողի: Ոնց որ 37 թիվն է: Միայն չեն գնդակահարում: 15 հազար դրամ է, է՞, տված աշխատավարձը: Ասում են` դա էլ, փոխանակ աղայաբար գրի, հաշվապահությունից մարդիկ ստանան, ստորացնելով է տալիս, իր մոտ հերթ պիտի կանգնեն, մտնեն, որ 15 հազար դրամը ստանան: Ես որ Գրողների միությանը հրաժեշտ տվեցի, հազար տեղից զանգեր էի ստանում` շնորհավորանքներ ու հարցազրույցների խնդրանքներ: Է՛, ոնց որ մի մեծ երեւույթ է տեղի ունեցել: Եթե Գրողների միությունից դուրս գալը այդքան մեծ բան է, ապա արժե՞ր այնտեղ մնալ: Եթե հասարակությունը այդպիսի հրճվանքով ընդունում է Գրողների միությունից քո դուրս գալը, արդեն իսկ այն փաստի մասին է հուշում, որ Գրողների միությունը ենթակա է մահվան: Այն, ինչ որ մեռնելու է, պիտի մեռնի:

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»
Մարտ 18, 2011

Wednesday, May 25, 2011

Աղբահանություն ՀԳՄ-ում չի եղել, թե չէ Անանյանն այնտեղ չէր լինի

Հարցազրույց բանաստեղծ, ՀԳՄ անդամ Խաչիկ Մանուկյանի հետ

- Պարոն Մանուկյան, ինչի՞ց է, որ ՀԳՄ-ի շուրջ մշտապես առկա են տհաճ խոսակցություններ, դժգոհություններ՝ լինի դա ֆինանսական բնույթի, ստեղծագործական թե բարոյական։ Որպես «ներսի մարդ»՝ ՀԳՄ անդամ, ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է պատճառը։

- Գրողների միությունն իր գործող կառուցվածքով չի ծառայում ոչ մեկին, որովհետեւ սպառված կարգ է։ Դա ժամանակին ստեղծվեց, որպեսզի կարողանային գրողներին համակարգել ու նաեւ ուղղորդել։ Այսօր ուղղորդման կարիք չկա, ամեն մարդ քիչ թե շատ կարողանում է իր մտքերն ազատ արտահայտել՝ կախված իր հոգու զորությունից ու նաեւ վախի չափման միավորից։ Անընդհատ շեշտվում է, որ 400 գրող կա, բայց համոզված եմ՝ անգամ լավագույն ընթերցողը 40 գրողից ավելի չի կարողանա գտնել։

Այսինքն 40 գրողի շուրջ ստեղծվում է մի կառույց, որը չի ծառայում անգամ այդ 40 հոգու համար, որովհետեւ իրականում ոչինչ չի արվում։ Միությունը դարձել է բիզնես կենտրոն, մտնում ես շենք՝ ամեն ինչ կա, բացի գրական շնչից։ Նախկինում, երբ գոնե գրողներ կային, լսում էիր Ռաֆայել Ավագյանի, Սերո Խանզադյանի ու մյուսների զրույցները, իսկ այսօր չկա այդ հնարավորությունը։

- Բայց առաջ էլ, երբ կային այդ գրողները, հիմա էլ, երբ նրանք չկան, ՀԳՄ-ն որպես կառույց չի փոխվել։

- Բայց այդ շրջանի գրական ղեկավարները շատ նախանձախնդիր էին, նրանք առաջնորդվում էին գրական նպատակներով։ Ես տեսել եմ ՀԳՄ այն նախագահներին, ովքեր իսկապես գնահատում էին գրականությունը։ Հրաչյա Հովհաննիսյանի ժամանակ գրականության ու նաեւ ժողովրդի զարթոնքն այնտեղից էր սկսվում, իրենց ուզած մտքերն էին արտահայտում, քաջ ու այս երկիրը սիրող մարդիկ էին, իսկ սրանց մեջ սիրտ ու հոգի չկա, որ սիրեն կամ չսիրեն։ Այդ ամլության մեջ տառապող, տապակված, հիվանդ ժողովուրդ է հավաքվել, ու ուզում են ճանկռելով ապրել։

Մեր Նազարն էլ սա է, որ մտել է աթոռի տակ ու ասում է՝ խոսքիս տերն եմ ու աթոռի տակից դուրս չեմ գալիս։ Ով է նա գրական կյանքում՝ ոչինչ չարած ողորմելի մեկը, իսկ ընդհանրապես հաջողակ բիզնեսմեն է, ասում են՝ լավ կառույցներ է ստեղծել, բայց որ միությանը վնաս է բերում իր ներկայությամբ, դա անխոս։

- ՀԳՄ նախագահից բողոքներ միշտ են եղել, բայց իրավիճակը դրանից չի փոխվում, չկա՞ Անանյանին փոխարինող մարդ, թե՞ ձեր ուժերը բավարար չեն։

- Այդ 40 գրողը թող դառնա 50-60, բայց երբեք չի դառնա 200, իսկ քանակային այդ բազան իր օգտին է։ Բայց կա այն խումբը, որ նախանձախնդիր է այդ հարցում, այս զավեշտի վերջը պետք է տանք, որ եթե կառուցվածքային փոփոխություն էլ արագորեն չլինի, գոնե կարգին, սրտացավ գրող լինի, որին մտահոգի իր երկիրը, իր գրականությունը։ Իմ սերունդը գոնե վայելել է այն ընթացքը, երբ կար գրական կյանք, երբ շենքն իսկապես ծառայում էր գրականությանը։

Իսկ Անանյանին գրական շահը չի հետաքրքրում, որովհետեւ ցանկացած տաղանդավորի ներկայություն իր գետնաքարշությունը վերհանելու առիթ է։ Իրեն միշտ հետաքրքիր են պուճուր, քծնող մարդիկ, որոնք կարող են փոքր մրցանակով շոյվել։ Արդեն ժամանակն է, որ այս էժանագին վիճակին վերջ տանք, իմ սերնդակիցների մեջ կան մտահոգ մարդիկ, ովքեր մեր նախնական հավաքներում իրենց կարծիքն արդեն արտահայտել են։

- Շա՞տ են այդ նախանձախնդիր մարդիկ, ովքեր Ձեզ նման են մտածում։

- Իհարկե շատ են, բայց նաեւ շատ կարգին գրողներ դուրս եկան, օրինակ Լեւոն Ջավախյանը, որի գիրը կյանքից է գալիս ու իրական արժեք է ներկայացնում, բայց դուրս եկավ ՀԳՄ-ից ու ճիշտ էլ արեց, որովհետեւ այդ կառույցը որեւէ նորմալ գրողի չի հետաքրքրում։ Ժամանակն է, որ ստեղծենք մի օջախ, որտեղ եկող սերունդը մի բան հասկանա, թե չէ սրանք ինչ են պատմելու՝ որտեղից ի՞նչ են փախցրել, ինչքա՞ն գումար են տարել։ Բայց ինձ պետք էլ չի, որ նա գնա գաղութում հայտնվի, որովհետեւ այնտեղ ավելի ճշմարիտ մարդիկ կան, քան ինքն է։ Ինձ հետաքրքիր է, որ մենք ունենանք մեր ճիշտ օղակը։

- Ասացիք «ճիշտ օղակ», կարգին գրող։ Կասե՞ք որպես կարգին գրողներ ում եք տեսնում։ Կա՞ այն մարդը, ով կկարողանա ղեկավարել այդ կառույցը, դրանք ովքե՞ր են՝ Ափինյա՞նը, Դավոյա՞նը։

- Ցանկացած մարդ, ով գրական արժեք է ստեղծել, նույն Ռազմիկ Դավոյանը, Ռուբեն Հովսեփյանը, Զորի Բալայանը, Ալվարդ Պետրոսյանը, գրող, ով այս երկրին մի ծառայություն է մատուցել՝ եւ գրականության մեջ, եւ կյանքում։ Չի կարող լինել թիմային վիճակ՝ սա իմ մտերիմն է, նա՝ ոչ։ Այսօր գրողը չի կարող միայն իր սեղանի առաջ նստել ու ինչ-որ բաներ խզբզել, կյանքի ռիթմերը պահանջում են գրողի իրական ներկայությունը, որն այսօր չկա։ Բայց կան հրաշալի անուններ մեր արձակում՝ Վրեժ Իսրայելյան, Սուսաննա Հարությունյան, Լեւոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան։ Բայց Լեւոն Անանյանի համար Չարենցը նույնն է, ինչ որ մի շարքային հեղինակ, որովհետեւ նա ձայնով է հաշվում, քվե լինի։

Նա լավ հասկանում է, որ անտաղանդներին 10 կոպեկով կարող է խաբել ու ավելի լավ է գնա նրանց հետ իր հարցերը լուծի, քանակություն ապահովի։ Բայց այսօր զառանցաբանություններ ոչ մեկի պետք չեն, մեզ իրական խոսք է պետք, որը, մխիթարելուց բացի՝ վեհացնի այս ժողովրդին։ Ցանկացած տաղանդավոր մարդ արձագանքում է իր ժամանակին, մարդը չի փոխվել, նա բոլոր ժամանակներում էլ նույնն է, Համո Սահյանն անընդհատ գութան էր ասում, բայց 20-րդ դարի բանաստեղծ էր, այսինքն հրթիռը չէր մտել նրա գրականության մեջ։ Իսկ եթե ձեւին ես դիմում, ուրեմն փախուստի ես դիմում, եթե երեկվա մարդն ինձանից շատ է տարբերվում, ուրեմն դու սխալ ես այդ մարդուն ներկայացրել։ Հոգեւոր վիճակը չի կայանում մեր երկրում։

- Այսօր ՀԳՄ-ի վարկաբեկված հեղինակությունն ավելի շատ ՀԳՄ նախագահի հե՞տ եք կապում։

- Քանի որ նա է ՀԳՄ նախագահը, նա էլ ներկայացնում է այդ կառույցի դեմքը, եւ մարդիկ, ծանոթ չլինելով խոհանոցին, մտածում են, որ այն, ինչ նա հանում է ասպարեզ, այն, ինչը զարդարում է մրցանակներով, դա է մեր ունեցած գրականությունը, եւ դրա շուրջ էլ կարծիք են կազմում։ Մեր ժամանակակցի հետ տարածական հաղորդվելու խնդիր կա, դրա համար մարդիկ ասում են՝ այսօր գրող չկա, շենք ես մտնում՝ գրական շունչ չկա, կա մարդ, ով անընդհատ նստած՝ հաշվարկ է անում, այսինքն կա հաշվապահ, հիմա հաշվապահին են դրել նախագահ։

- Վերջերս տեսակետ էիք հայտնել, թե «Հայ գրականության հանդեպ թշնամական վերաբերմունքը հենց մեր՝ գրողներիս մեջ է, եւ խեղճուկրակ այս պարոնն ընդամենը զոհ է»։

- Դա այդպես է, որովհետեւ մարդը (Անանյանին նկատի ունի) վատ շրջապատ է ընկել, խաբել-ասել են՝ գրող ես, ինքն էլ խաբվել է ու այդպես առաջ է գնացել։ Ես իր կողքին չեմ տեսել մեկին, որ ասի՝ այ տղա, զառանցանքներդ մի տպագրի. «Պատուհանի գոգին մեղուն ավանդեց հոգին…». խայտառակություն ինչքան ասես կա, անգամ ողբերգական բաներ նկարագրելուց զավեշտներ է դնում, որ մարդ ամաչում է, չգիտես՝ ինքն իրե՞ն է ծաղրում։ Այսօր կարող ենք մեր գրականագետներից վիրավորվել, որովհետեւ եթե արժանապատիվ գրականագետներ եք, ճշմարտություն եք փնտրում հայ գրականության մեջ, ինչի՞ մի հատ էս մարդուն չեք ասում՝ այ տղա ջան, դու կապ չունես գրականության հետ։

Նրանց դերը մեծ է այստեղ, պիտի կարողանան վեր կանգնել ամեն ինչից, չեմ կարծում, որ ՀԳՄ նախագահը ձեռքի տակ այնպիսի միջոցներ ունի, որ կարող է նրանց արգելել գրել։ Այսօր ՀԳՄ-ն ընտանեկան բիզնեսի վերածված կառույց է դարձել, շենք ես մտնում՝ աջ ու ձախ վարձակալություններ են։ Կամ պիտի մաքրենք, կամ պիտի մաքրվենք կեղտից։

- Այսօր գրական կյանքում արժեզրկվել են նաեւ մրցանակները։ Ինչի՞ հետ եք դա կապում։

- Մեր ժողովրդի աչքի առաջ Գրողների տունն արժեզրկված միավոր է դարձել։ Նախ՝ մինչեւ մրցանակ ստանալն այդ գրական գործը պիտի հասանելի լինի մարդկանց, այսինքն՝ ստեղծագործությունը պիտի արդեն ճանաչելի լինի։ Կամայականություններ միշտ էլ լինելու են, ու երբ այդ խայտառակությանն ականատես են դառնում բոլորը, իհարկե կզզվեն այդ միությունից էլ, դրա նախագահից էլ, բա 11 տարի խոսես ու մի միտք չասե՞ս։

- Օրերս պարոն Անանյանը մեզ տեղեկանք էր ուղարկել, որտեղ մանրամասն նշել էր աղբահանության, կանանց տոնի նվերների, մեքենայի բենզինի ու էլի մի շարք ծառայությունների վրա ծախսված գումարները՝ ի ապացույց ֆինանսական մաքուր գործունեության։

- Ես չեմ հավատում, որ աղբահանություն մեր շենքում եղել է, որովհետեւ այդ դեպքում նա հաստատ այնտեղ չէր լինի։ Ինձ այդքան էլ հետաքրքիր չի, թե այդ գումարներն ինչ ձեւով են լափում, ու մտադիր չեմ նրան ուղարկենք ազգիս գաղութները, որ հիմա էլ այնտեղ չգիտեմ ինչեր ստեղծի։ Եթե գրականությամբ չի զբաղվում, պարզ է, որ պիտի իր հարցերը լուծի, բայց ես իրեն ուզում եմ խորհուրդ տալ, որ վեր կենա գնա, այդ շենքը մաքրենք ու կարողանանք Գրողների միություն սարքել։

ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»
12.05.2011

Կուզեմ, որ Ջավախյանը փոշմանի

Երեկ մեր օրաթերթի «Ազատ խոսքի հրապարակում» տպագրել էինք գրող Լեւոն Ջավախյանի դիմումը ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին, որտեղ նա գրել էր Գրողների միությունից դուրս գալու իր որոշման մասին, իր այդ քայլը որակելով որպես «ազատագրում»։

Գրողը նշել էր, որ այդ տարիների ընթացքում ՀԳՄ-ից չի ստացել ոչ նյութական, ոչ բարոյական օգնություն եւ ոչ էլ ստեղծագործական քաջալերանք. «Անկատար է նա, ով չի փոխվում, չի գիտակցում իր սխալը։ Իմ որոշումը սխալիս գիտակցումն է»։ Նկատի ունի ՀԳՄ մտնելու որոշումը։ Լեւոն Ջավախյանի այս քայլի վերաբերյալ իր գրչակից գրողների կարծիքն իմանալու նպատակով զանգահարեցինք նրանցից մի քանիսին։ Ռազմիկ Դավոյանն իր խոսքում նշեց, որ համաձայն է գրողի հետ, ով իրեն ազատագրված է համարում. «Մարդն իր զգացողություններն անկեղծ արտահայտել է, եւ պետք է գնահատել իր անկեղծությունը»։

Այն հարցին, թե Գրողների միությունն ինչ է տալիս այսօր գրողին, եւ պե՞տք է արդյոք այն, Ռազմիկ Դավոյանն ասաց. «Ես չգիտեմ, գրողներին հարցրեք՝ այն 400 հոգուց, որ այսօր գուցե արդեն դարձել են 1400։ Ես դրանց հետ կապ չունեմ»։ ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանն էլ նշեց, որ գրողի հրաժարականն իր համար տխուր փաստ էր, եւ հույս ու ցանկություն հայտնեց, որ Լեւոն Ջավախյանը մի քանի օրից գուցե փոշմանի. «Ինքը շատ բռնկվող տղա է, էմոցիոնալ, եւ կարծում եմ՝ պահի տակ է արել այդ քայլը, դա նրա էությունից չի գալիս, այլ վիրավորված հոգու ճիչ է»։ Ի պատասխան նամակում գրված Լեւոն Ջավախյանի այն խոսքերի, որ իր ոչ մի ստեղծագործություն այս տարիների ընթացքում չի թարգմանվել, չի ընդգրկվել որեւէ ալմանախում, էլ չասած մրցանակի մասին, Հովհաննես Գրիգորյանը նշեց. «Ինքը տաղանդավոր գրող է ու արժանի է մրցանակի, որը հետո անպայման կստանա։

Ինքն էլ պիտի հասկանա, որ բոլորին հնարավոր չէ միանգամից մրցանակներ տալ, այս անգամ չի ստանա, մյուս անգամ կստանա։ Կարծում եմ՝ հաջորդ գրքի համար մենք այդ քայլը կանենք։ Մնացած հարցերում ՀԳՄ-ն այդքան մեծ հնարավորություններ չունի։ Կուզեմ շուտ փոշմանի, որովհետեւ բեղմնավոր գրող է»։ Պերճ Զեյթունցյանն էլ նշեց, որ չի հասկանում, թե գրողն ինչու է այդ քայլն արել։ Նշեց, որ ստեղծագործական քաջալերանք պետք չէ սպասել ՀԳՄ-ից, այդ քաջալերանքը պիտի ստանալ ընթերցողից. «Ընթերցողները պիտի քաջալերեն, ոչ թե Գրողների միությունը։ Գրողների միության քաջալերանքն իմ ինչի՞ն է պետք, ինձ պետք է, որ ընթերցողն ինձ սիրի, կարդա, սպասի։ ՀԳՄ-ն 400 անդամ ունի՝ ավելի շատ, քան պետք է Հայաստանին։ Ես Գրողների միությամբ չեմ ապրում, դա իմ կյանքում դեր չի խաղում, ամեն դեպքում, ՀԳՄ-ն ինձ ոչ օգնում է, ոչ խանգարում»։

ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»
04.03.2011



Ազատագրում

Ես չեմ գրում, ես ապրում եմ: Իմ կյանքը ստեղծագործություն է,
թեկուզ եւ այս դիմումը, թերեւս այս ակցիան…
Ես դա հասկացա, երբ արտաբերեցի վերնագիրը`

Հայաստանի գրողների միության նախագահ պարոն` Լեւոն Անանյանին.


Լինելով գրողների միության անդամ ես ոչ մի անգամ չեմ օգտվել Ծաղկաձորի հանգստյան տան ծառայությունից, գրքերիցս ոչ մեկը չի տպագրվել Գրողների միության օժանդակությամբ, իմ ոչ մի ստեղծագործություն չի թարգմանվել այլ լեզուներով` ներառյալ ռուսերեն, գրքերս կամ պատմվածքներս չեն արժանացել գրողների միության գեղագիտական ուշադրությանը, խրախուսանքի, քննարկման, շնորհանդեսի, էլ չեմ ասում` մրցանակի, մի պատմվածք անգամ չի ընդգրկվել Գրողների միության նախաձեռնությամբ պարբերաբար կազմվող որեւէ ալմանախում, ինքս ոչ մի անգամ չեմ ընդգրկվել Գրողների միության կողմից պարբերաբար կազմակերպվող մարզային շրջագայություններում, արտասահմանյան ուղղեւորություններում, չեմ ստացել ոչ մի տեսակ նյութական կամ բարոյական օգնություն, ստեղծագործական քաջալերանք…

Միթե՞ կա ավելի լավ ժամանակ, քան իմ կյանքի ժամանակն է, որն անպատեհ կապված է Գրողների միության մռայլ դամբարանի հետ: Ամեն ինչ հարահոս է, փոփոխական: Անկատար է նա` ով չի փոխվում, չի գիտակցում իր սխալը: Իմ որոշումը սխալիս գիտակցումն է: Քանի որ Գրողների միությունը իմ համար չէ, ի վերջո հասկացա, որ ես էլ Գրողների միության համար չեմ: Ես Գրողների միություն եմ մտել մաքուր խղճով, մաքուր էլ հեռանում եմ` մնացածը թողնելով գլխաքանակին: Ես դուրս եմ գալիս Գրողների միությունից: Ես դեպի կյանք եմ գնում…

Ստորեւ ներկայացնում եմ Գրողների միության անդամատոմսը`
անժաժ, ոչ մի անգամ չօգտագործված:
Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ
02.03.2011թ.

Բաց նամակ Հայաստանի բոլոր գրողներին եւ ոչ միայն

Սիրելի գրողներ, տեր կանգնեք ձեր միության նախագահին։ Երեւի այսքանով կարելի էր ավարտել այս կոչ-նամակը, բայց իրականությունը չափից ավելի տխուր է եւ պարտավորեցնում է մի քանի բան ասել ու հնարավորինս օգնել ձեզ, որ տեր կանգնեք։ Այս օրերին դարձյալ աղմուկ է Լեւոն Անանյանի շուրջ։ Ավելի ճիշտ` Լեւոն Անանյանը խիստ զայրացել է, որ 2010 թվականն ամփոփող իր գործողություններից հերոսական Արցախում էլ այնքան տպավորված չեն, ինչպես ինքը կցանկանար։

Իսկ ինքը, հավանաբար, կցանկանար, որ թերթ ու մի քիչ էլ գիրք կարդացող արցախցիները յուրացնեին անանյանական աշխատաոճն ու տարածեին բազմաչարչար Արցախում։ Այդպես չեղավ, ի՞նչ կարող ես անել։ Ազատատենչ արցախցին չկարողացավ ըմբռնել մամուլի բերանը 37 թվի մեթոդներով փակելու մերօրյա նախաձեռնությունը, որն իր ողջ հմայքով արտահայտվեց Հայաստանում` «Կեղանք» եւ «Գեղանք» մրցանակների համադրության փորձով։ Եվ տեղի ունեցավ ամենաանսպասելին` Արցախը միջամտեց ՀՀ ներքին գործերին, այսինքն Հայաստանի գրողների միության նախագահի արկածներին վերջ դնելու մի փորձ կատարեց։

Ո՞նց թե, մտածեց Անանյանն ու 2011թ. հունվարի 25-ին թռավ «Ազգ» օրաթերթի երեսին, որտեղ 14.01.2011-ին հանդես էր եկել Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը եւ իր տեսակետն արտահայտել Անանյանի մրցանակների վերաբերյալ։ Նա իր ««Գեղանքի» եւ «Կեղանքի» միջակայքում» հոդվածում մասնավորապես նկատել էր. «Շատ ցավալի է, որ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի «մտքի թռիչքը «Կեղանք»-ից այն կողմ չի անցել»։

Արցախցի պատգամավորի այս եւ մի շարք այլ մեկնաբանություններ այնքան են զայրացրել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին, որ վերջինս քիչ է մնացել պատերազմ հայտարարի ԼՂՀ Ազգային ժողովին։ Քիչ է մնացել` ուրեմն լա՞վ ենք պրծել։ Մի շտապեք մխիթարվել, քանզի այս աղմուկից շվարած «Ազգ» օրաթերթը (չգիտեմ` դատվելո՞ւց, թե՞ կեղանքավորվելուց խուսափելու նպատակով) տպագրել է Անանյանի պատասխան հոդվածը, որի վրա` չգիտես լաս, թե խնդաս։

Երբ ես, տակավին միամիտ մի պատանի, բազմափորձ Անանյանին խորհուրդ էի տալիս գրին գրով պատասխանել, մտքիս ծայրով չէի կարող անցկացնել, որ ՀԳՄ նախագահը նաեւ այսպիսի գիր գրելու «շնորհք» ունի։ Ես հիմա նոր եմ հասկանում, որ Անանյանին խայտառակ խորհուրդ եմ տվել, եւ որ գրելը նրան հակացուցված է թե Աստծո եւ թե մարդկության բոլոր օրենքներով։

Եվ վերեւում ընդգծածս կոչի մասին, աղաչում եմ, չմոռանաք։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հրապարակ»
27.01.2011

«Գեղանքն» ու «Կեղանքը»

Մեր թերթի էջերում բազմիցս անդրադարձել ենք ստեղծագործական միություններին, այն արվեստասպան միջավայրին, որ տիրում է սովետական փտախտով հիվանդ այդ հաստատություններում, գրել ենք նաեւ այդ միություններում առկա կոռուպցիոն երեւույթների մասին։ Բայց մշակութային օլիգարխների, կաշառակեր դոկտոր-պրոֆեսորների, վաստակավոր կարիերիստների որջեր դարձած միությունների` հասարակությանը հասցրած վնասի մեջ թերեւս պետք է նշվի նաեւ այն, որ այդ միությունները հսկայական քանակությամբ «արվեստագետներ» են արտադրում, որ իրենց արժանի փոխարինողն են լինելու՝ ապահովելով համակարգի հարատեւությունը։

Իշխանական կուսակցությունների նմանությամբ միությունները, գլխաքանակ ապահովելու համար, շարունակաբար ընդունելություններ են կազմակերպում, եւ հեռու չէ այն օրը, երբ նրանք կսկսեն միության անդամ դառնալու համար փող առաջարկել։ Այդ «ինկուբատորների» ժրաջան գործունեության արդյունքում մշակութային դաշտը ծածկվում է ծախսատար միջոցառումներով, իսկ գրականությունն ու արվեստը ընդամենը գործիք են իշխանական «ռեսուրս» դառնալու եւ հարստանալու ճանապարհին։ Այդ կառույցից ուրիշ բան հնարավոր էլ չէր սպասել, եւ այդ հաստատություններին ուղղված քննադատությունը մի տեսակ ինքնանպատակ է եւ նաեւ դրանց նախագահներին է «փիառում»։

Բանը հասել է նրան, որ մի ասուլիսի ժամանակ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն այնքան կարեւորեց իր անձը, որ ասաց, թե լրագրողները պատվեր են կատարում։ Բայց գիտակցելով, որ այդ ռուբենգեւորգյանցների մասին գրելով՝ ակամա ջուր ես լցնում նրանց ջրաղացին, այնուամենայնիվ չես կարողանում անտարբեր նայել ու համակերպվել նրան, թե ինչպես են ապականում մթնոլորտը։ Մի խոսքով՝ մշակութային «չինովնիկությունը» ծլում-ծաղկում է, եւ պատահական չէ, որ այդ միությունների նախագահների այլեւս անպատվաբեր պաշտոնում նստած են գործող ցմահ նախագահները, իսկ այդ պաշտոնի հավակնորդների մեծ մասն էլ իրենց նկարագրով առանձնապես չեն տարբերվում գործողներից։

Ընթերցողին հիշեցնենք, որ ստեղծագործական միությունները սահմանել էին «Գեղանք» եւ «Կեղանք» մրցանակները։ «Գեղանքը» տրվելու էր մշակութային միջոցառումները լավագույնս, այսինքն՝ դրական լույսի ներքո ներկայացրած լրատվամիջոցին ու լրագրողին, «Կեղանքը»՝ «մատնիչ-սադրիչ», այսինքն՝ միությունների գործունեությունը քննադատած լրագրողներին։ Մեր թերթն իհարկե` հավակնում էր «Կեղանք» մրցանակին, բայց, հաշվի առնելով միությունների ներսում անցկացվող մրցանակների ավանդույթը, մենք վստահ էինք, որ մեզ կզրկեն դրանից։

«Գեղանքի» մրցանակակիրը «Հ1»-ի լրագրող Ջուլիետա Կաժոյանն էր, երկրորդ «Գեղանքը» բաժին հասավ «Իրատես դե ֆակտոյին»։ Քինախնդիր Լեւոն Անանյանը «Մեծ կեղանք» մրցանակ հանձնեց Աբգար Ափինյանին, որին «այլախոհության»՝ իր պաշտոնի վրա աչք ունենալու համար ժամանակին հեռացրել էր ՀԳՄ շարքերից։ «Կեղանք» մրցանակի արժանացավ նաեւ տխրահռչակ «Ազատամտության» լրագրող Կիմա Եղիազարյանը։ Լրագրողներն առանձնապես դարդ չարեցին իրենց գործընկերուհուն շնորհված իբր հակամրցանակի կապակցությամբ։

Նրանք մտածում էին, որ տեղն է Կիմային, չհասկանալով, որ միությունների հակամրցանակը մրցանակ է, մրցանակը՝ հակամրցանակ։ Աբգար Ափինյանին շնորհված «Կեղանքի» կապակցությամբ «Հ 2»-ի լրագրողն ասաց, որ դրանից հաշվեհարդարի հոտ է գալիս։ «Այսինքն ո՞վ պետք է գա եւ մեր դատին տեր կանգնի։ Եթե ձեզ վրա հարձակվում են, բռնաբարության փորձ են անում, կողոպտում են, ո՞վ պիտի ձեր փոխարեն դատի տա եւ ձեր իրավունքներին տեր կանգնի»,- լրագրող կնոջն այսպիսի պատասխան տվեց Լեւոն Անանյանը, որից չէր հասկացվում՝ բռնաբարողը Ափինյա՞նն է եղել, Եղիազարյա՞նը, թե՞ երկուսը միասին, բայց որ ցավոտ է եղել՝ դա պարզ էր։

Այս մրցանակաբաշխությունը կրկին անգամ ցույց տվեց, թե ինչ անառողջ մթնոլորտ է տիրում ստեղծագործական միությունների ներսում։ Ինչպես միությունների մյուս մրցանակների դեպքում է հաճախ լինում, «Կեղանք» պատվաբեր մրցանակն էլ հանձնվեց անարժաններին։ Թող անհամեստ չհնչի, բայց մենք ամենասուրն ու անաչառն ենք եղել միությունների գործունեությունը քննադատելիս, եւ այս մրցանակն իրավամբ մեր թերթին էր պատկանում։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Հրապարակ»
24.12.2010

Լեւոն Անանյանի տարփածին կետերը

Համաձայն մեր ունեցած հավաստի տեղեկությունների, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը պատրաստվում է ամենամոտ ապագայում հանդես գալ հայտարարությամբ, որը կարող է հերթական անգամ կանգնեցնել աշխարհը քաոսի եւ հուսահատության եզրին։

Պարզվում է, «Կամասուտրայի» 1883 թվականի կանոնական թարգմանության մեջ, որն էլ, ըստ էության, ծանոթացրեց լուսավորյալ աշխարհին սեռական ակտի նենգության հետ, գրողների միության քաջարի նախագահը հայտնաբերել է անճշտությունների աներեւակայելի քանակություն։

Հենց այդ ժամանակ էլ ծնվեցին անմահ տողերը Լեւոն Անանյանի «Չափածո մելոդրամա մեկ գործողությամբ» ոտանավորից.
Սարսուռը քո շուրթերի։ Մատներիդ հրճվանքը խաղացկուն։

Ամենօրյա հաշվապահություն. քանի՞ տարփածին կետ ունի տղամարդու մերկությունը (կնոջը նույնպես)։
Հետաքրքիր է, որ հեղինակին առաջին հերթին հետաքրքրում է մերկ տղամարդու էրոգեն գոտիների քանակը, իսկ կանանց մասին խոսվում է իմիջիայլոց։ Համաձայնեք, դա որոշակի մտորումների տեղիք է տալիս։

Ինչեւէ, սարսափելի հայտնագործությունը թույլ տվեց Լեւոն Անանյանին հանգել այն եզրակացության, որ իրենց ողջ կյանքում մեր համաքաղաքացիները ճիշտ տեղում չեն որոնել տարփածին կետերը։ Միանգամայն հնարավոր է, որ ԳՄ նախագահը զգացել է անհամապատասխանությունը, երբ ուսումնասիրում էր «Կամասուտրայի» ինտիմ կետերի հայտնաբերման կանոններին նվիրված բաժինը։

Գրքի դասական թարգմանության մեջ ասվում է, որ հարկատուն, որն ուզում է հաճույք պատճառել հարկատուհուն, պետք է շոյի կամ հպվի մի այնպիսի բանի, որը հարկատուհին ինքը ցույց կտա հայացքով։ Գլխի ընկնելով, որ էրոգեն գոտիներ փնտրելը բնավ նույն բանը չէ, ինչ սունկ փնտրելը, Անանյանը համեմատեց տեքստը բնօրինակի հետ եւ. օ՜, սարսափ։ Պարզվեց, որ էրոգեն գոտին համարվում է գտնված, երբ հարկատուհու աչքերը հաճույքից ճակատն են թռչում, այլ ոչ թե պտտվում կողմնացույցի պես։

Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ չարաճճիությունը կանոնակարգող հնդկական ուսումնական ձեռնարկի մյուս գլուխներում եւս թարգմանիչները բազում փաստացի սխալներ են թույլ տվել։ Մասնավորապես անփույթ են մոտեցել քաղաքացիական հասարակության գործունեության արդյունավետության համար շնչառությունների փոխանակության կարեւորության մասին հարցին։

Եվ այստեղ ծնվեցին Անանյանի հետեւյալ հանճարեղ տողերը նույն ոտանավորից.
... քիթդ, որի հետ միշտ պետք է հաշվի նստել, երբ համբույրները դառնում են անկառավարելի։ Ես իմ տաք շունչը պահ եմ տալիս քո թոքերին։ Չմոռանաս վերադարձնել։

Հասկանալի է, որ առայժմ դժվար է կանխատեսել՝ կդիմի՞ Անանյանը «Կամասուտրայի» թարգմանիչների դեմ հայցով Կենտրոն համայնքի ընդհանուր իրավասության դատարան, բայց արդեն իսկ պարզ է, որ խոսքը վերաբերում է բնավ ոչ թարգմանության հասարակ անճշտություններին։ Իրավիճակն անհամեմատ դրամատիկ է, քանզի հարվածն ուղղված է մեր հասարակության ինտիմ հիմքերին։

Անանյանի հայտնագործությունը թույլ է տալիս ենթադրել, որ «Կամասուտրան» սասանում է այդ հիմքերը, քանզի ոչ մի պատկերացում չի տալիս մեր քաղաքացիներին, թե ինչպես բարին մերկ տղամարդու (ինչպես նաեւ կնոջ) տարփածին կետերի որոնման ընթացքում կարող է հաղթել չարին։

Բացի այդ, «Կամասուտրան», որից սխալմամբ կարող են օգտվել անմեղ մարդիկ, ոչ մի կերպ չի կարգավորում խոսքի ազատության, քաղբանտարկյալների խնդիրները, հոգ չի տանում որբերի մասին, չի պայքարում կոռուպցիայի եւ ծխամոլության դեմ, անտարբեր է բնակչության սոցիալական պաշտպանության, արհմիությունների, օտարալեզու դպրոցների եւ մեքենաների պարտադիր ապահովագրման խնդիրների նկատմամբ։

Ինչն էլ դրդեց Անանյանին հորինել հետեւյալ տողերը.
Խլածաղիկը թոշնում է ամոթից։

Մաշկի տակ շառաչող հաճույքը՝ ոտնածայրից մինչեւ ականջի բլթակ (կամ հակառակը)։ Մողես, իջիր մեջքիցս։
Մերկ տղամարդու (ինչպես նաեւ կնոջ) տարփածին կետերի անանյանական տանջալից որոնումները թույլ են տալիս հանգել որոշ հիմնարար ընդհանրացումների։ Տարփածին կետերի գոյությունը թեեւ երաշխավորվում է ՀՀ քաղաքացիներին սահմանադրությամբ, սակայն այդ ամենը չպետք է մատնվի ինքնահոսի, այլ պիտի ամրագրվի համապատասխան ակտերով։

Ըստ էության, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի գաղտնի կարդալ «Կամասուտրան», ծիծաղել ու եզրահանգում անել, թե այնուամենայնիվ որքա՜ն ապաշնորհ է այդ Անանյանը։ Բայց քանի որ գլխավոր հաճույքը մեր համաքաղաքացիները ստանում են ոչ թե կնոջը տիրանալուց, այլ բնակարանի, բաղնիքի, տոնածառի խաղալիքների եւ 2400 դրամով «Լոռի» պանրի տիրանալուց, ապա «Կամասուտրան» պետք է համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։

Խելամիտ կլիներ, կարծում ենք, ամանորյա արձակուրդներից հետո նախաձեռնել այդ հարցի քննարկումը Ազգային ժողովում։ Գրողների միության նախագահի պատրաստած օրինագիծը կարող էր օրինաստեղծ լարվածության մեջ պահել պատգամավորներին, համենայն դեպս՝ «Կամասուտրայի» առաջին եւ երկրորդ ընդունման ընթացքում։

Ի վերջո, մերկ տղամարդու (ինչպես նաեւ կնոջ) տարփածին կետերի որոնումը վաղուց արդեն խաղ չէ մեզ համար, ոչ էլ զբոսայգու նստարանին արձակած հառաչանքներ։ Մեր «Կամասուտրան» հիմար հրահանգ չէ, թե որտեղ ինչը շոյես եւ ինչը սեղմես։ Մեր աչքերը տեսնում են այլ տարփածին կետեր. գետի ոլորանը, ձորակը, պարարտ նախիրները, հասկառատ արտերը, եւ այդ ամենի վերեւում՝ երկնային բարձունքում, հնչում է գերագույն բավականության ճիչը՝ կռունկի կանչը։

Իսկ գուցե դա ամենեւին էլ կռունկի կանչը չէ, այլ Լեւոն Անանյանի հետեւյալ տողերը նույն «Չափածո մելոդրամա մեկ գործողությամբ» ոտանավորից.
Հատուկենտ բռավոներ։ Հեշտասեր սուլոցներ։ Արագ, իջեցրե՛ք վարագույրը։

«Հայոց Աշխարհ»-ի մառազմատիկ երեւույթների ուսումնասիրության բաժին

Շահեն Մկրտչյանի նամակը ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանին

Վարդան, սիրելիս

«ԼՂ Հանրապետություն» թերթում տպագրված իմ հարցազրույցում քո և քո միության շահերն արատավորող ոչինչ չկա, որ առիթ դառնա աղմուկ բարձրացնես։ Խոսքը գնացել էր քեզ համար վաղուց սովորական դարձած թերությունների մասին։

Թղթակցի տված հարցերին ես հայտնել եմ իմ անձնական տեսակետները, որոնք դիտարկվել և ընդհանրացվել էին ԼՂ պետականության կայացման մտահոգություններից ելնելով։

Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսևորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից և պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության քեզ համար շատ նեղվածք գիրկը: Նաև դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում:

Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին։ Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը և քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարել: Պետք չէ։ Դա քեզ պատիվ չի բերի։ Այս է դառը ճշմարտությունը, և նրանից փախչել չես կարող։

ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
9.08.94

ԳՐԱԿԱՆ PR-Ի ԿՈՂՄԻՑ։ Այս նամակը գրվել է 17 տարի առաջ։ Արցախի բռնապետ Կևորկովի հովանավորյալ Վարդան Հակոբյանի «գործունեությունը» տպավորություն չի թողնում, թե նրա մեջ որևէ բան է փոխվել։

Տաղանդը մախաթի պես պարկում չես թաքցնի

Բաց նամակ գրչի վարպետ Լեւոն Անանյանին

Մեծարգո պարոն, «Ազգ»-ի հունվարի 25-ի համարում գերագույն հաճույքով կարդացի եւ մի քանի անգամ վերընթերցեցի ձեր «Հպանցիկ պատասխանը մերօրյա Դրամբյանին»։ Ինչպիսի՜ լեզու, ինչպիսի՜ ոճ։ Անբացատրելի գեղագիտական վայելք ստացա։

Այնուհետեւ ձեր «պատասխանը» խնամքով կտրեցի-առանձնացրի վերոհիշյալ թերթի մնացյալ նյութերից, ոսկեզօծ շրջանակի մեջ դրի ու կախեցի առանձնասենյակիս պատից՝ ամենատեսանելի տեղում, որպեսզի Աստծո ամեն օր աչքի առաջ ունենամ յուր ձեւ ու բովանդակությամբ անգերազանցելի արվեստի այդ գործը։

Այն ցույց տվեցի մի քանի տասնյակ ծանոթ-բարեկամների ու ընկերների, բայց նրանք, ցավոք, հասու չեղան տեսնելու եւ զգալու ձեր ստեղծագործության ոգին, մտքի թռիչքն ու ծիծաղեցին։ Մեկը միայն անկեղծորեն խոստովանեց, որ իր ողորմած հոգի կոշկակար պապը երբեք չէր կարող նման բան գրել...

Իհա՛րկե, չէր կարող։ Այդ էր պակաս։ Ձեր մեջբերած միայն այն մարգարեությունը, թե «Շունը կհաչի, քամին կփչի, քարավանը կանցնի իր ճանապարհը», ամեն ինչ արժե։ Կարդալով այդ տողերը, ես տասնամյակներով հետ գնացի եւ հիշեցի, թե ինչպես մեր բակում ջահել ինչ-որ կին արեւածաղիկ վաճառող մի պառավի ասաց՝ բաբո, հարմար չես նստել, ոտքերդ մի քիչ սեղմի, երեխեքը նայում են ու ծիծաղում, իսկ սա ներքեւից արհամարհանքով նայեց նրան ու նետեց. «Շունը կհաչի, քարավանը կգնա...»։

Սրտանց ցավում եմ, որ մինչ այդ ձեզնից ոչ մի տող չեմ կարդացել։ Անգամ չգիտեմ, թե մինչ այդ ո՞ր ժանրով եք ստեղծագործել։ Բայց նույնիսկ եթե ոչինչ գրած էլ չլինեք, ձեր այս «պատասխանն» իր լեզվամտածողական կոլորիտով ու մտքի ճախրանքով հաստատ կմնա մեր գրականության պատմության ոսկե պահուստում։ Ի դեպ, խորապես խնդրում եմ ներեք, որ դուք-ով եմ խոսում ձեզ հետ։ Կարծում եմ՝ ներողամիտ կլինեք եւ դրանից չեք վիրավորվի...

Հապա ձեր բառապաշա՜րը։ Ցանկացած դասականի «ձեռքում չոփ կդնեք»։ Այն փաստը, որ ինչպես դուք եք խոստովանում, «կուլ չեք գնացել» ձեր «մեղմ ու բարի բնավորությանը» եւ, աչքի առաջ ունենալով «հասարակական բարքերի խաթարվող միջուկը», ձեր «զզվանքը ուղղված հերթական վայրահաչությանը»՝ «ճշմարտության կոպալը անգթորեն իջեցրել եք ոչ գրական ոչնչությունների գլխին», շատ խոսուն է։ Դեմիրճյանի հայտնի պիեսի գահին բազմած հերոսն անգամ կնախանձեր հայոց բառապաշարի գանձարանից խնամքով ընտրած այդ մարգարտաշարին...

Ու լավ էլ անում եք, որ զինված «Կեղանքի» մրցանակով, ձեր պատկերավոր անուշ լեզվով ասած՝ այդ «գրչակների», «բամբառակների», «բազմագլուխ հիդրաների», «վայրահաչողների», «բանսարկուների» եւ «ծախու աճպարարների» բմբուլները քամուն եք տալիս... «Ձախորդ կրիտիկոսներ», ովքեր հասու չլինելով հասկանալ ձեր արվեստը, չիմանալով, որ դուք ժամանակին թարգմանել եք Ռիչի Դոստյանի «Ռուսլանը եւ Կուտյան» եւ միջազգային երեք ակադեմիաների անդամ եք (ցավոք, դա պատահմամբ իմացա ճապոնացի մի ծանոթից), հանդգնում են իրենց նախանձի թույնով խաթարել ձեր «25-ժամյա աշխատանքային օրը»։

Ձեր «պատասխան»-ում միանգամայն իրավացիորեն նկատել եք, որ «Վ. Օվյանը երբեք չի եղել ՀԳՄ անդամ (ով-ով՝ նա չէր էլ կարող լինել...)»։ Իսկապես ես ՀԳՄ անդամ չեմ եղել։ Այդ մասին անգամ չեմ էլ մտածել։ Ընդամենը ԽՍՀՄ գրողների միության անդամ եմ եղել, բայց ոչ այդ միությունն է երբեւէ ինձ պետք եկել, ոչ էլ միությունն է առանձնապես զգացել իմ կարիքը։ Դրան հավելած, այդ միության անդամ դառնալուց մի քանի տարի հետո ԽՍՀՄ-ը վերցրել ու փլուզվել է... Եվ իրոք, ով ով՝ ես երբեք չեմ կարող ՀԳՄ անդամ լինել։ Անգամ կարգին հայհոյել չգիտեմ։ Նույնիսկ երբեւէ չեմ կարող ստորագրությունս դնել որեւէ զրպարտագրի տակ, որ արդեն այլ անվամբ տպվել է չճանաչված մի հանրապետությունում...

Իսկ ես, պարոն, մշտապես սխալմամբ կարծել եմ, թե մեծ կամ նշանավոր գրողները հազվադեպ են երկար ժամանակ մնում գրողների միության կամ գրական որեւէ կազմակերպության ղեկավարի պաշտոնում, եւ այդ պաշտոնում հիմնականում աշխատում են ապաշնորհ մարդիկ, ովքեր այլապես չէին կարող տպագրել իրենց գրական խոտանը: Դժբախտաբար իմ այդ կարծիքը տարիներ առաջ տպագրվել էր նաեւ իմ գրքում...

Հիմա եմ հասկանում իմ մեծ մոլորությունը։ Ձեզնից որքա՜ն բան ունեմ սովորելու։
Նաեւ ճիշտ եք վարվել, որ ձեր «պատասխան»-ում համեստորեն զուգահեռ եք անցկացրել Ձերդ մեծության եւ Թումանյանի միջեւ, որի վրա եւս դրամբյանները ժամանակին քարեր էին նետում։ Լոռեցու անվան հիշատակումը պատիվ է բերում նրան...

Ես, որ «թագավորների մերկությունը» նկատելու վատ սովորություն ունեմ, ձեր դեպքում միանգամայն տրամագծորեն հակառակ խնդրի առաջ եմ հայտնվել։ Միայն ձեր սույն ստեղծագործությունը բավական է, որ ես հստակ տեսնեմ ձեր կոստյումը, փողկապը, անգամ դրանց գույնը, խնամքով մաքրած ու կոկ կոշիկները... Բայց ինչ-որ մի բան կարծես պակասում է։ Չեմ կարողանում տեսնել (Սարոյանի հերոսը կբացականչեր՝ «Էհե՜յ, ո՞վ կա այդտեղ...»)։

Հա, ամենակարեւորը. ձեզ մաղթում եմ ամենայն բարիք եւ ստեղծագործական նորանոր թռիչքներ։ Ձեր գրչով փայլուն ապացուցեցիք, որ իրոք հնարավոր չէ տաղանդը մախաթի պես պարկում թաքցնել... Գլուխ եմ խոնարհում Ձեր մեծության առաջ։

Հարգանքներով՝ ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Արցախյան «Նոր էջ» թերթի խմբագիր,
գրող, հրապարակախոս

«Հայոց Աշխարհ»
02.02.11

Հայրենասիրությունը ստահակների վերջին ապաստանն է

Լեւոն Անանյանի «բանադրանքին» թռուցիկ կամ «հպանցիկ» պատասխանելու ցանկություն չունեմ: Իմ փոխարեն դա արել է «Ազգ»-ը` հետգրությամբ, ինչպես նաեւ` «Հայոց Աշխարհ»-ը` հունվարի 26-ի համարում տպագրելով «Գրական ոչնչությունից ուրիշ ի՞նչ սպասես» անդրադարձը: Կարծում եմ, հասկացողի համար ամեն ինչ պարզ է:

Եւ, այդուհանդերձ, ինչպես ռուսներն են ասում` «............»:
Լեւոն Անանյանը մի ակնարկ ունի` ԽՍՀՄ հերոս իր համագյուղացի Ջահան Կարախանյանի մասին, որտեղ նոստալգիկ երանգներով նկարագրում է Կողբի ամառային ուրթերը: Երեւի`անձնական տպավորությամբ: Ըստ երեւույթին, նա իր հայհոյախոսությունների պաշարը կուտակել է մանկության գառնարածության կամ հորթապահության տարիներին: Եւ դեռ գտնվում է այն «հին, երանելի» ժամանակներում: Մնացածը` համալսարանական կրթությունը, շուրջ կեսդարյա մայրաքաղաքային կյանքը, կոստյում-փողկապը զուտ բուտաֆոր է:

Կողբն, ուրեմն, ուրթերում կռիվ տվող մի կարգին հովիվ կամ նախրապան է կորցրել, իսկ հայ գրականությունն ու մշակույթը ոչինչ չեն շահել: Ընդհակառակը, հայոց գրավոր խոսքի անդաստան է ներխուժել մի «փողկապավոր չոբան» եւ ազատորեն շրխկացնում է «գլուխը մեխած ծանր» հովվամահակը բոլոր նրանց գլխին, ովքեր համարձակվում են ասել, որ գրական առաջնորդությունը «չոբանություն» չէ:
Սարսափելին այն է, որ նա եւ իր արցախցի պաշտոնակիցը գրական ղեկավարի դիրքը շփոթում են պետական պաշտոնի հետ: Իրենց համառորեն տեսնում են հիերարխիայի մի ինչ-որ սանդղակի վրա: Մինչդեռ ավելի շատ պիտի մտածեին իրենց հանրային պահանջվածության խնդրի շուրջ:

Մեր ազգային ինքնագիտակցության մեջ գրողն ավելին է, քան սոսկ ստեղծագործողը: Նա գաղափարախոս է, «մտքերի տիրակալ»: Ահա այս չափանիշով է, որ մենք ուզում ենք տեսնել Լեւոն Անանյանին` որպես ոչ թե պաշտոնյայի, որ օրը «25 ժամ» լինում է ԳՄ-ում կամ ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնում, այլ պիտի իր հեղինակավոր ներկայությամբ հանրությանն ինչ-որ բան ասի:

Ինչ-որ չեմ հիշում նման բան: Անանյանը կամ դատական կամ «ներգմ»-ական վեճերով է հայտնի, իր արցախցի գործընկերը` ինքնամեծարման «հրավառություններով»: Երկուսն էլ իրենց շրջապատում «թշնամիներ» են որոնում: Իսկ ով փնտրի` անպայման կգտնի: Խնդիրն այն է, որ չփնտրեն, այլ իրենց հիմնական գործով զբաղվեն` կազմակերպեն գրական կյանքը, նոր անուններ ի հայտ բերեն, նրանց սատար կանգնեն, հնարավորինս հոգան ԳՄ անդամների թեկուզ պարզ մարդկային կարիքները:

Փոխարենն ի՞նչ ենք տեսնում: Անվերջ «վհուկորս», անվերջ տրտունջներ, «ոչ գրական ոչնչություններն» իրենց շուրջ հավաքելու, «բանակ կազմելու» կիրք: Այդպես, մանավանդ Արցախում, մեռցվում է գրական կյանքը:

Իր «բանադրանքում» Լ. Անանյանը թվարկում է «գրական» անուններ, որոնք, իբր, «բանսարկուիս արժանի պատասխան են տվել»: Ցավոք, նրանք են այսօր ներկայացնում Արցախի «գրական ջոկատը»` 80-ն անց այդ գյուղական ուսուցիչներն ու Արցախի ԳՄ նախագահի «կոնտորա»-ում տեղ գտած «խոստումնալի երիտասարդները», որոնք հայ գրականության համար եղած կամ չեղած`նույն հաշիվն է:

Ինչ վառ հույսեր եւ ծրագրեր կային Արցախյան շարժման արշալույսին: Ո՞ւր մնացին: Դե արի ու մի ասա, որ կեւորկովյան բռնապետության տարիներին այստեղ կարգին գրականություն է ստեղծվել: Գուրգեն Գաբիրելյան ենք ունեցել, Մաքսիմ Հովհաննիսյան, Վազգեն Օվյան, Հրաչյա Բեգլարյան, այդ տարիներին են առաջին քայլերն արել Հրանտ Ալեքսանյանը, Նորեկ Գասպարյանը, Կիմ Գաբրիելյանը, Ռոբերտ Եսայանը, Համլետ Մարտիրոսյանը:

Բոլորը հատել են 50-ի սահմանը: Ո՞վ է նրանց փոխարինելու եկել, ո՞վ է գալիս, ո՞վ է գալու: Այս հարցերը Լեւոն Անանյանին չե՞ն մտահոգում: Վահան Տերյանն ասում էր` անցյալ դարասկզբին, որ ազգերը պարտվում են նախ մշակութային ճակատում: Ասում էր այն ժամանակ, երբ Թումանյան եւ Իսահակյան ունեինք, Շանթ, Զոհրապ, ինքը` Տերյանը կար, գրականության դժվար ասպարեզ ահա-ահա ոտք էր դնում Չարենցը...

Հիմա ումո՞վ եւ ում ի՞նչ «գրական արտադրանքով» ենք մղում «մշակութային մեր պատերազմը»: Ես որոնեցի համացանցում եւ պարզեցի, որ Լ. Անանյանի «գեղարվեստական թռիչքը» ՀԽՍՀ «սոցիալիստական ինդուստրալիզացիայից այն կողմ չի անցել»: Սրանո՞վ ենք փակելու աշխարհին գրականության բնագավառի Նոբելյան մրցանակակիր տված` «բարբարոս» թուրքերի գրական-մշակութային հավակնությունների ճանապարհը: Սրանո՞վ ենք ներկայանալու եթե ոչ այսօրվա, ապա առնվազն վաղվա` գրական «Կապկազ-թամաշային»:

Լ. Անանյանի ու իր արցախցի պաշտոնակցի «գրական քաղաքականությունը» հասցրել է նրան, որ արցախցի գրողը «ոռնոցով» ԼՂՀ միջազգային ճանաչում է աղերսում, որպեսզի... ճանաչված լինի նաեւ իր շփերթ բանաստեղծությունը: Մինչդեռ ԵՍ պիտի իրենից Արցախի անկախության միջազգային ճանաչման գոնե գրական-մշակութային հիմնավորվածություն ակնկալեի: Սա է խնդիրը` որպեսզի քաղաքականության առաջամարտիկը գրողը լինի, ոչ թե ԵՍ տքնեմ, որպեսզի ԻՆՔԸ ճանաչվի: Սրա մասին է խոսքը:

Ես դարձյալ համացանցում որոնեցի եւ «Дружба народов»-ում հայտնաբերեցի Լ.Անանյանի մի հատիկ հոդվածը` գլոբալիզացիայի եւ ազգային ավանդույթների «հակադրամիասնության» մասին` 2005թ. «հեղինակության»: Եվ ցավով ու ափսոսանքով հիշեցի Վահան Տերյանի 100-ամյա մորմոքը` «Մեզ չի հասկանա օտարերկրացին // Մեզ չի հասկանա սառն օտարուհին»: Ուրիշ ի՞նչ է հեղինակել օրվա 25 ժամերին անդուլ «աշխատող» սույն «լրագրող-թարգմանիչը»` ինչպես ասված է իր պաշտոնական կենսագրականում: Նաեւ` սա է խնդիրը: «Ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է»: Հատկապես` առաջնորդներից: Լինի նա քաղաքական թե գրական-մշակութային դեմք:

Մի քանի խոսք «հայրենասիրության» եւ «Արցախի հարցը չարչրկելու» մասին:
1989 թվականից ես քաղաքականության մեջ եմ: Այդ թվին ընտրվել եմ Արցախի ազգային խորհրդի անդամ եւ մասնակցել ԼՂԻՄ եւ ՀԽՍՀ վերամիավորման հարցով հայտնի նստաշրջանին: 1990-95 թթ. եղել եմ Հայաստանի ԳԽ պատգամավոր, լրատվության եւ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի անդամ: 1995-96 թթ. խմբագրել եմ ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթը եւ, ի դեպ, առիթ եմ ունեցել մերժել Արցախի «գրական ընտանիքի» որոշ ներկայացուցիչների` առ ՊԲ հրամանատար ունեցած «սրտալի զեղումները»:

1996 թ. դեկտեմբերի 26-ից առ 1997 թ. մարտ ծառայել եմ ԼՂՀ ՊԲ N Պաշտպանական շրջանում: 1997 թ. ապրիլից առ հաջորդ տարվա սեպտեմբեր եղել եմ «ԼՂ Հանրապետություն» թերթի թղթակից: 1998-2000 թթ. աշխատել եմ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից` Ստեփանակերտում: Նույն տարուց առ այսօր ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր եմ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ:

Եթե չեմ սխալվում, միայն մեկ անգամ է, որ Լ. Անանյանը դիմել է հարազատ տեղաշրջանի ընտրողների օգնությանը եւ հավակնել ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունների, բայց մերժվել է, իսկ նրա արցախցի պաշտոնակիցն առհասարակ անկախ պետականաշինության բոլոր տարիներին իրեն «մղել է դեպի ստվեր»: Կարծում եմ, որ այս դեպքում նա ավելի խելամիտ է վարվել, քան Լ. Անանյանը: Քանի որ «թաքնված ականջների» մասին, հնարավոր է, մեկը գիտի եւ լռում է, բայց երբ դրանք «ցուցվում են որպես կյանքի ուղիղ ճանապարհ», ապա լոռեցիներն իրենց նման են գնահատում «մեծ»-ի հասկացությունը:

Ի վերջո, անցած տարիներին ես բազմիցս հանդես եմ եկել հայաստանյան մամուլում, Երեւանում անցկացրել մամուլի ասուլիսներ: Եվ եթե այդ ամբողջ նյութը «հաշվապահի համառությամբ» հավաքեմ ու հրապարակեմ, ապա, կարծում եմ, դա ավելի ծանր կկշռի, քան Լեւոն Անանյանի ողջ լրագրողական եւ «թարգմանական» ժառանգությունը: Մեր տարբերությունն այն է, որ ես ուզում եմ ասպարեզ բերել գրքույկ, որն ավելի արժեքավոր կլինի, քան ոմանց «բազմահատորյակները», իսկ Լ. Անանյանը, օգտագործելով պաշտոնն ու դրանից բխող հնարավորությունները, Վախթանգ Անանյանի ասած` «ինչ որ գրչի ռեխն է ընկնում», իսկույն «պետպատվերով» լույս աշխարհ է հանում: Եվ դեռ Գիքորի նման էլ կանչում` «Էստի համեցեք»:

Իսկ «հայրենասիրության» մասին նրա մտավարժանքներն այլ բան չեն հուշում, քան հայտնի ճշմարտությունը. «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
Հունվար 28, 2011

Գրական ոչնչությունից ուրիշ ի՞նչ սպասես

Հիմա, երբ արեւը մայրամուտ է թեքվում,
Ես գիտեմ, թե ինչ եմ փնտրել այս կյանքում...


Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը այս տողերը գրել է իր 60-ամյակի առիթով` օգտագործելով «տաղանդի գեթ մի կաթիլը»։ Շուտով կդառնա 65 տարեկան եւ ավելի քան պարզ է, թե ինչ է փնտրել իր ողջ կյանքում։

Իսկ փնտրածն ու գտածը, իրոք, ահռելի մի բան է եղել։ Ողջ կյանքում երազել է դատի տալ ու մրցանակ շնորհել «Հայոց Աշխարհ»-ին ու նրա լրագրողին։ Ողջ գիտակցական կյանքում այս առիթն է փնտրել, եւ անցյալ տարի սրան վերջապես հաջողվեց իրականացնել իր միակ երազանքը։ Մեզ դատի տվեց ու մրցանակ հանձնեց։

Իսկ հիմա որոշել է հարձակվել մեզ պաշտպանողների վրա, որոնք դատապարտեցին անանյանական ծիծաղելի մրցանակաբաշխությունը։
Կեղանքաստեղծ եւ «գեղանքախոս» Անանյանը երեկ վերավաճառողի լաչառությամբ հարձակվեց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի վրա։

Պատգամավորը «Ազգ» օրաթերթի հունվարի 14-ի համարում «հանդգնել» էր իր տեսակետն արտահայտել Անանյանի մոգոնած քոսոտ մրցանակների վերաբերյալ եւ իր «Գեղանքի» եւ «Կեղանքի» միջակայքում» հոդվածում մասնավորապես նկատել էր. «Շատ ցավալի է, որ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի «մտքի թռիչքը «Կեղանք»-ից այն կողմ չի անցել»։ Ինչն, ի դեպ, վկայում է, որ «գրական կյանքի ոչ օբյեկտիվ լուսաբանման մասին» նրա «մտահանգումը» ոչ այլ ինչ է, քան` ՀԳՄ նախագահի աթոռի հանդեպ հիվանդագին սիրո դրսեւորում։

Այլ իրավիճակներում Աբգար Ափինյանը եւ Կիմա Եղիազարյանը կհայտարարվեին «ժողովրդի թշնամի» եւ «ոչ այնքան հեռավոր տեղեր մեկնելու ուղեգիր» կստանային։ Կամ նրանց պարզապես «կթրխկացնեին»։ Ինչպես 1937-ին` «ոչ ժողովրդի բարեկամ» հռչակվածներին»։

Երեկ հանդես գալով նույն թերթի էջերում, Անանյանը Վահրամ Աթանեսյանին անվանեց` «զրպարտիչ», «բամբառակ», «ձախորդ կրիտիկոս», «փորձված բանսարկու»... նրա գրածը` «բարբաջանք», «զառանցանք», «վայրահաչություն», որը «զզվանքով» է կարդացել։

Գրողների կարկառուն առաջնորդը նաեւ հարցնում է, թե Վահրամ Աթանեսյանի «մարմնի ո՞ր հատվածը եւ ինչո՞ւ է մրմռում «Կեղանքի» մրցանակակիրների առիթով»։ Դե, կեղանքաստեղծին մարմնի «կղկղանքային հատվածից» բացի, ուրիշ ի՞նչ կարող է հետաքրքրել։ Եվ սա առաջնորդն է համարվում հայ գրողների, որը, ինչպես նկատեցիք, իրեն դրսեւորել է փողոցային լաչառ վերավաճառողի նման։

Բայց սա ամենը չէ. Անանյանը երեկվա իր «Հպանցիկ պատասխանում» (դե պատկերացրեք, եթե սա բերանը ոչ թե հպանցիկ, այլ համապարփակ բացեր) նաեւ փորձում է գնահատել ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահի գործունեությունը, գրելով, թե Վահրամ Աթանեսյանը. «իր անպտուղ գործունեությամբ չարչրկում է Արցախի հիմնախնդիրը»։ Էս մարդու բերանից որ փորձեիր, անգամ աքցանով չէիր կարողանա Արցախի հիմնախնդրի մասին բառ իսկ դուրս քաշել, եւ իբրեւ ՀԳՄ նախագահ մինչ օրս ազգային հիմնախնդիրների վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել։

Իսկ հիմա, երբ հանկարծ դիպան իր «մարմնի հատվածին», սույն լպրծուն արարածը հիշեց «Արցախի հիմնախնդրի» եւ այն «չարչրկելու» մասին։ Իսկ թե ինչ է նշանակում «չարչրկել», այնքան էլ հասկանալի չէ, ինչպես նույն ինքը` գրական ոչնչությունն ու իր խզբզանքները։ Չլինի՞ Տեր-Պետրոսյանի պես Անանյանն էլ է կողմ, որպեսզի առանց «հիմնախնդիրը չարչրկելու» օր առաջ Արցախը հանձնվի Ադրբեջանին։

Անանյանների նմանների համար Արցախը ուտել-խմելու տեղ է եղել միշտ, որն իր շքախմբով ամեն տարի մեկնել է այնտեղ, մասնակցել զանազան բանկետների ու վերադարձել։ Հարց է առաջանում. թե սա այդ ե՞րբ է հետաքրքրվել ԼՂՀ խորհրդարանի գործունեությամբ, որ համարձակվում է գնահատել Վահրամ Աթանեսյանի օրենսդրական աշխատանքը։ Գնահատում է մի քաղաքական գործչի, որը միայնակ տասնապատիկ ավելի նպաստավոր գործ է անում, քան ստեղծագործական միությունների որոշ բեզդարնի ու չբեր ղեկավարներն իրենց բազմամյա գործունեության ողջ ընթացքում։

Միայն անանյանները կարող են նման հայտարարություններով բալզամ քսել Ադրբեջանի ջանին, ադրբեջանական քարոզչամեքենային ավետել Վ.Աթանեսյանի «անպտուղ գործունեության մասին»։
Ընդ որում, նկատենք, որ Վահրամ Աթանեսյանն իր հոդվածում Անանյանի հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն չի արել, հակառակը, պահպանելով կոռեկտությունը, ասելիքը ներկայացրել է զուսպ ու փաստարկված։

Մինչդեռ մերօրյա Գեւորգ Աբովը 1937-ի ոճով ու ոգով «մերկացնում է հակահեղափոխական» Վ.Աթանեսյանին։

Ամենազավեշտականը, սակայն, այն է, որ Անանյանը փորձում է իրեն դնել «Թումանյանի» տեղը, քանզի Վ.Աթանեսյանին համարում է «մերօրյա Դրամբյան»։

Միշտ այդպես է պատահում, «երբ արեւը մայրամուտ է թեքվում», Անանյանի մտքերն էլ թեքվում են դեպի Դսեղի կողմը, եւ սկսում է երեւակայել, որ ինքը ծնվել է ոչ թե Նոյեմբերյանի գյուղերից մեկում, այլ Թումանյանների ընտանիքում։ Հետո պուճուրիկ մարդը, լարելով ֆանտազիան, երեւակայում է, որ ինքն է հիմնադրել Վերնատունը, եւ այդպես շարունակ։

Մեղք, ողորմելի արարածների ֆանտազիա։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հունվար 26, 2011