Tuesday, May 24, 2011

Կոտրած տաշտակի առջեւ

Հարցազրույց Հայ գրողների միավորման նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ

- Օրինաչափ պետք է համարել, երբ հետընտրական շրջանում կրքերը շարունակում են բորբոք մնալ։ Վիճարկվում են ընտրությունների արդյունքները եւ, բնական է, որ բողոքում են հատկապես նրանք, ովքեր չեն դարձել պատգամավոր։ Այդպիսիներից մեկն էլ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն է, որը օրերս հեռուստաէկրաններից եւ մամուլի էջերում խստագույնս քննադատում է ընտրատարածքի իր մրցակիցներին, անընդհատ տեղի-անտեղի հիշելով եւ հիշեցնելով, որ նրանք մեծահարուստ են։
Իսկ հաղթողին մեղադրում է անարդար միջոցներ գործադրելով թիվ 40 ընտրատարածքի ԱԺ մանդատին տիրանալու մեջ եւ առհասարակ այս ընտրությունները համարում է «երկու քայլ հետ», անարդար։

- Եթե ինքը ընտրվեր, ընտրությունները կլինեին արդա՞ր։

- Ինձ ամենեւին չեն զարմացնում նրա պարզունակ, սակայն ծայր ոխերիմ չարությունը, ում դեմ էլ ուղղված լինի։ Ես նրան, ներող եղեք, նմանեցնում եմ ծեծված այն երեխային, որ գլուխն առած փախչելով` իրեն ծեծողի հայհոյանքները նույնությամբ կրկնում է` սոսկ հասցեն փոխելով։ Կարդացեք նրա բանաստեղծական ջրիկ-մրիկ թխոցները եւ ձեզ համար պարզ կդառնա, թե ինչ գավառական դատողության տեր է Հայաստանի գրողների միության առաջնորդիկը, որ արդեն երկրորդ անգամ քայլ է գցում, որ դեռ իր տրեխները չհանած ոտքերը դնի Ազգային ժողովի շեմին` դառնա օրենսդիր եւ իր տրեխային մտածողությամբ օրենքներ հեղինակի։

«Ոսկե ձկնիկի» պառավն է գլխներիս դարձել, նախագահի աթոռը քիչ է իր համար, հալա-հալա... Սակայն թող աչքի առաջ ունենա Պուշկինի հեքիաթի տխուր հեռանկարը` կոտրած տաշտակը։

Իսկ իր մրցակից հակառակորդների նկատմամբ ինչպիսի՜ գծուծ, թաքուն չարություն է տածում այս անձնավորությունը, ձեզ համար պարզեմ հետեւյալ օրինակով. մի երկու տարի առաջ թերթերից մեկին տված հարցազրույցի մեջ այս շնորհալի լրագրողը Գրողական միությունների միջազգային կազմակերպության անդամ Հայ գրողների միության հասցեին ի՜նչ «պատկերավորությամբ» է արտահայտվել. «Հայ գրողների միությունը դեռ հինգ տարի առաջ լուծարվել է, պատկերավոր ասած, մեռել է, թաղել ենք, ոսկորներն էլ փտել են»։
Դաժանությամբ ասված այս խոսքերից հետո մնում է գերեզմանափորի բահ ու քլունգ տալ այս մարդու ձեռքը եւ նրան ուղարկել Նուբարաշենի գերեզմանատուն, ի՞նչ իմանաս, գուցեեւ հենց դա է իր տեղն ու դերը այս կյանքում։

- Ներեցեք, բայց դուք էլ պակաս չեք արտահայտվում։

- Միգուցե իրավացի եք, սակայն իմ մշեցի, Մուշը կորցրած պապը ինձ մանկուց մի այսպիսի խրատ ու հորդոր է պատգամել, ասելով` եթե մեկը քեզ հանիրավի ապտակ է հասցնում, ապա դու պատասխան տուր բռունցքով, իսկ եթե մատներդ չհասցնես բռունցք դարձնել, ապա անպայման պետք է ապտակին ապտակով պատասխանես։

- Դա քրիստոնեական հայտնի պատգամին հակառակ չէ՞։

- Ե՛ւ այո, ե՛ւ ոչ։ Ես գտնում եմ, որ մենք` հայերս, ոչ թե սոսկ քրիստոնյա ենք, այլ հայ քրիստոնյա, մեր հավատով, որ արյան մեջ պետք է պահպանենք մեր վեցհազարամյա հեթանոսության «արյան գնդիկները»։

- Դառնանք մեր զրույցի բուն դրդապատճառին։ Ի՞նչ կասեք ընտրությունների մասին առհասարակ եւ արդարացի՞ է նույն Տավուշի մարզում Լեւոն Անանյանի, կարելի է ասել, երկրորդ խայտառակ պարտությունը` 2800 քվեով։

- Չգիտեմ պատահաբա՞ր ստացվեց, թե՞ միտումնավոր, սակայն ձեր հարցի ձեւակերպումը ինձ դուր եկավ. եթե արդարացի հաղթանակ կա, ինչո՞ւ չպիտի լինի արդարացի պարտություն։ Մինչեւ հարցին պատասխանելը, պետք է ասեմ եւ ձեր թերթի ընթերցողներն էլ թող իմանան, որ ես չէի ցանկանա մտնել հասարակական-քաղաքական կյանքի մի այնպիսի փոթորիկ-սամումի մեջ, որի անունը խորհրդարանական ընտրություն է, եւ հատկապես չէի ուզի ձեռքերս երկարել այն պղտոր ալիքին, որի մակերեսին տաշեղի նման տարուբերվում է Լեւոն Անանյանը՝ իրեն երեւակայելով գերան։

- Բայց բարոյակա՞ն է, երբ Լեւոն Անանյանն իր մրցակցի մասին արտահայտվելիս շարունակ շեշտում է նրա հոր անունը։

- Ոչ միայն բարոյական չեմ համարում, այլեւ համարում եմ քստմնելի ու պիղծ վարվելաձեւ, 37 թվականի մնացուկ մտածողության վառ դրսեւորում, երբ որեւէ մեկի անունը տալիս անպայման շեշտում էին, թե նրա հայրը ժողովրդի թշնամի այսինչն է եւ հոր չգործած մեղքը բարդում էին որդու վրա եւ այնուհետեւ հյուսվում էր ճնշումների անընդհատելի շղթան։

Ինչ վերաբերում է Հրանտ Վարդանյանին, ապա ասեմ, որ անձամբ նրան չճանաչելով եւ անմասն լինելով նրա, ես կասեի, հորդառատ բարերարություններից, ընդունում եմ եւ բարձր եմ գնահատում նրան` եւ՛ որպես չեղած տեղից բար ու բարիք ստեղծողի, եւ՛ որպես բարերարի` գրքեր լույս ընծայողի, մշակութային միջոցառումներ կազմակերպողի, եւ՛ որպես այս նույն Լեւոն Անանյանի «ղեկավարած» Հայաստանի ԳՄ հովանավորի։

Այստեղ պետք է հիշել Սերվանտեսի վեպի հերոս Դոն Կիխոտի ասածը. նա ինչ որ մեկի հետ խոսելիս ասում է, թե իր համար առաքինությունը ավելի թանկարժեք է, քան արյունը, քանզի արյունը ժառանգովի է, իսկ առաքինությունը՝ ձեռք բերովի։ Առաքինության մի կորեկի հատիկը անգամ ձեռք չբերած մարդը միայն կարող է մեկի բարերար ձեռքից փող վերցնել, ապա նրա որդուց ընտրություններում պարտվելով՝ նրա հասցեին ինչ ափեղ-ցփեղություններ ասես դուրս տալ։ Դե, այսքանից հետո եկեք մտեք հայ գրողների միավորման անդամ գրողների դրության մեջ, որոնց ընդդիմադիրն ու ատողը ոչ միայն առաքինություն ձեռք չբերած, այլեւ գրողական շնորհքից բոլորովին զուրկ այս անձնավորությունն է։

Փոխարենը նա գրողների անունից, իբր գրողների համար, դրամահավաքներ կազմակերպելու անուրանալի տաղանդով օժտված մեկն է։ Մի դրամահավաք էլ արեց ճիշտ ժամանակին՝ իր թեկնածությունը դնելուց շաբաթներ առաջ։ Դրամահավաքներ, որոնց ընթացքում գոյացած փողերը գրողներին հասնելու համար, ինչպես ասում են, պետք է անցնեն նրա ծակ գրպաններով։

- Այնուամենայնիվ չասացիք՝ Լեւոն Անանյանի պարտությունը արդարացի՞ է եղել, թե՞ անարդար։

- Բացարձակորեն արդարացի, քանի որ ուրիշ էլ ովքեր, քան համերկրացիները գիտեն իրենց զավակի «պերճանքն ու թշվառությունները», ուստի ջուր լցրին Ազգային ժողով մտնելու եւ, իր խոսքերով ասած, «թշվառության հովիտը» դրախտ դարձնելու մեծախոս, ճոռոմ ու փուչ նրա խոստման վրա եւ նախընտրեցին իրենց «դարդին դարման անելու» կարողություն եւ հնարավորություն ունեցողներին։ Պարտված Լեւոն Անանյանին խորհուրդ կտայի մխիթարվել «մարգարեն իր գավառում չի հարգվում» աստվածաշնչյան կարգախոսով։

- Ասացիք, որ Տավուշի ժողովուրդը ճանաչում էր իր համերկրացուն եւ նրան երկրորդ անգամ չնչին ձայներ տվեց ու մերժեց։ Իսկ գրողները մի՞թե չէին ճանաչում նրան, որ ընտրեցին Հայաստանի գրողների միության նախագահ։

- Ամոթալի բան եղավ` վեց տարի առաջ ընտրակեղծիքներով նախագահ դրեցին Լեւոն Անանյանին, որին բանաստեղծ ասես` բանաստեղծ չէ, արձակագիր ասես` մեղք գործած կլինես` թարգմանիչ ասես` շունը պոչը շարժի նրա նման հարյուր թարգմանչի կկպնի... Մի խոսքով կիսատ-պռատ կարողություններ ունեցող մեկը, որը, եթե հեռատեսություն եւ խելք ունենա, անմիջապես պետք է հրաժարական տա եւ վերագտնի` գնա իր իսկական տեղը` «Գարուն» ամսագիր, մտնի իրեն սազական դերի մեջ, ոտքերը երկարի իր վերմակի չափով։ Այդ դեպքում բոլոր գրողները նրան կհարգեն ու կհամակրեն, ինչպես նաեւ ես, որ նրա նկատմամբ հարգանք-համակրանքս արտահայտել եմ գործով` նրան` անարժանին, մեծ դժվարությամբ Հայաստանի գրողների միության անդամ դարձնելով։

Ասեմ, իմացեք եւ թող բոլորը իմանան, որ նա եթե երկու անգամ է մերժվել եւ Ազգային ժողովի անդամ չի դարձել, ապա բազմաթիվ անգամ է գրողների միության անդամ դառնալու դիմում ներկայացրել եւ մերժվել` համարվելով անարժան։ Եւ ահա նվաստս, որ հաճախ անհարկի բարություն է տածում թույլերի նկատմամբ, 1988 թվականին ընտրվելով Հայաստանի ԳՄ քարտուղար եւ լինելով ընդունող հանձնաժողովի նախագահ` Լեւոն Անանյանի աղերսագին խնդրանքը որոշեցի բավարարել եւ նրա անդամության հարցը ներկայացնել ՀԳՄ նախագահության նիստի քննարկմանը։

Տասնյոթ հոգուց բաղկացած նախագահության անդամներից թե քանիսին եմ այդ հարցով խնդրել, քանիսի վրա եմ «ճնշում» գործադրել, մեկ Աստծուն է հայտնի, մեկ էլ նիստի արձանագրությանը, որ հիմա պահոցում է։ Դեմ քվեարկեցին Վահագն Դավթյանը եւ Սիլվա Կապուտիկյանը, որը բառացիորեն ասաց հետեւյալը. «Ժուռնալիստ է, թող բավարարվի ժուռնալիստների միության անդամ լինելով, գրողների միության հետ նա ի՞նչ կապ ունի»։

Սակայն, ինչպես գիտեք, հիմա նա ոչ թե սովորական, այլ նախագահական կապ ունի այդ միության հետ եւ ինձ` իրեն այդ միության մեջ խցկողին եւ իմ ղեկավարած կազմակերպությունը համարում է «մեռած, թաղված եւ ոսկորները փտած»։
Այստեղ է, որ ասում են` մեկնաբանություններն ավելորդ են։

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
Մայիս 24, 2007

No comments:

Post a Comment