Saturday, November 2, 2013

1915-ին վախճանված մարդը հանդիպել է Պարույր Սևակի հետ



Օրերս, Google-ում Պարույր Սևակի մասին հոդվածներ փնտրելիս, մի հղում նկատեցի, վերնագիրը՝ «Ես հանդիպել եմ... Աստծո քարտուղարին»: Հղումով մտա անճաշակ, անթաքույց գավառականություն ճառագող ինչ-որ կայք, ճակատին գրված՝ «Վարդան Հակոբյան. գրող, բանասիրական գիտությունների դոկտոր»: Ախր սա Ղարաբաղի գրողների միության նախագահի անձնական կայքն է: Պարզվում է՝ մարդը հուշեր ունի Սևակի մասին:

Կարդացի և մնացի ապշած ոչ միայն պարզունակ շարադրանքից: Մեր մեծերի մասին վաղուց այսպիսի հուշագրության չեմ հանդիպել: Արժանահավատ տող անգամ չգտա, որ հավատամ, թե այս մարդը հանդիպել է Պարույր Սևակին ու հետն էլ բաժակ խփել: Հուշագրությունն ընթերցելուց հետո որոշեցի, որքան հնարավոր է, ծանոթանալ ինձ անհայտ այս «գրող, դոկտորի» կենսագրությանն ու գործունեությանը: Համացանցն ինձ փրկեց. ծանոթացա և...

Բայց ամեն ինչ հերթով: ՈՒրեմն, Բաքվի մանկավարժականի երկրորդ կուրսի ուսանող Վարդան Հակոբյանը (կենսագրականից պարզեցի, որ մինչև «գրող, դոկտոր», ԼՂՀ ԳՄ նախագահ դառնալը Սլավիկ Հակոբյան էր կոչվում), իր պատմելով, «Կոմունիստ» ռուսերեն թերթի գրականության բաժնում, «զրույցներ էր լսում Չարենցի՝ Բաքվում անցկացրած ամիսների մասին» ու «հանկարծ վրա է հասնում անսպասելի ավետիսը՝ Սևակը Բաքվում է»: «Լավ է,- մտածեցի,- մեր չտեսած Չարենցի կարոտն էլ Սևակից կառնենք»,- որոշում է նա:

Եվ 1967-ի աշնան մի օր նա իր երկու տարեկիցների հետ որոշում է անպայման տեսնել Սևակին. «Ադրբեջանի գրողների միության դահլիճում Կովկասի հանրապետություններից հրավիրված գիտնականների ինչ-որ ժողով էր... Ոնց էլ լինի, մտածում էինք, Սևակին այնտեղ կբռնեցնենք»:

Կարճ ասած՝ տղերքը բարձրանում են ԳՄ շենքի երկրորդ հարկ և՝ «դռան կիսաբաց ճեղքով սկսում ներս նայել»: Շարունակությունը լսեք. «Երբևէ չէինք տեսել, բայց բանաստեղծությունների մեջ տրված ինքնաբնութագրական տողերից ու երևի ընդգծված խիստ հայերեն նայվածքից ճանաչեցինք: Մեր նախնական «ծանրության» այդ հայացքներում Սևակն էլ անսպասելիորեն սկսեց հայացքով խոսել մեզ հետ... Նախաձեռնությունն ինքը՝ Սևակը վերցրեց, մեզ նայեց ու ձեռքը դրեց իր կրծքին, որը նշանակում էր՝ ի՞նձ եք ուզում: Մեզ մնում էր գլխով համաձայնության նշան անել՝ այո: Երկու-երեք րոպե չանցած Սևակը դուրս եկավ»:

Ա՛յ քեզ բան: Նախ՝ այդ տարիներին Բաքվում «Կոմունիստ» ռուսերեն թերթ չկար: Հայտնի է, որ Չարենցն էլ մի որոշ ժամանակ աշխատել է հայերեն «Կոմունիստ» թերթում: Քանի որ Վ. Հակոբյանի կենսագրության մեջ գրված է, որ նա 1969 թ. ավարտել է Բաքվի մանկավարժականի մեթոդիկայի բաժինը՝ ստանալով տարրական դասարանի ուսուցչի մասնագիտություն, ուրեմն 1948 թ. ծնված Հակոբյանն այդ ժամանակ 19 տարեկան էր:

Ստացվում է, որ Սևակը Ադրբեջանի գրողների միության դահլիճում Կովկասի հանրապետություններից հրավիրված գիտնականների ժողովում ձանձրանում էր բոլոր այդ գրող-գիտնականներից, այդ թվում՝ Հայաստանից հրավիրված, ու հանկարծ գրողների միության հավանաբար ոչ փոքր դահլիճի դռան ճեղքից է «սկսում հայացքով խոսել» երեք անծանոթ-անհայտ տղաների հետ, այն դեպքում, երբ վերջիններս «չէին համարձակվում գլխով նշան անել, որ իրեն են ուզում»:
Սևակը կասեր՝ դե, եկ, վարդապետ, ու մի՛ ցնորվիր... Ցավոք, Հակոբյանը չի մանրամասնել, թե երեք հոգով ինչպես էին կարողանում ծիկրակել դռան ճեղքից: Կարելի է ենթադրել, որ իրար մեջքի նստած էին այդ պահին, որպեսզի երեքով հնարավոր լիներ դռան ճեղքից նայել Սևակին, որին երբեք չէին տեսել, բայց «ընդգծված խիստ հայերեն նայվածքից ճանաչեցին»...

Ըստ երևույթին, Սևակը չգիտեր, որ շատ ձանձրալի գիտաժողովի է եկել, կյանքում երբեք ուսանողներ չէր տեսել, ու հանկարծ դռան ճեղքից երեք զույգ աչք նշմարելով, իսկույն կռահում է, որ տղերքը հայ ուսանողներ են ու հենց իրեն են ուզում տեսնել:

Սա արդեն մի քանի րոպե հետո տղաներին միացած Սևակի «խոսքերն» են. «Ես իսկույն նկատեցի, որ ինձ եք ուզում: Տղերք, ինչքան լավ եք արել, որ եկել եք... Հեղձուկ է ներսում, խեղդվում էի, ուզում էի պատճառ գտնել, դուրս գալ, և հանկարծ հայտնվեցիք դուք: Երևի Աստված ձեզ ուղարկեց»:

Հետաքրքիր զավեշտ է, չէ՞: Աստված իր քարտուղարին՝ Սևակին, ուղարկում է Բաքու, որպեսզի նա այնտեղ հանդիպի Սլավիկ Հակոբյանին (այն ժամանակ դեռ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյան չէր) և հայտնի՝ «Աստված ձեզ ուղարկեց»: Ստացվում է, որ վերջինս Աստծո քարտուղար Սևակից ավելի կարևոր անձնավորություն է, հակառակ դեպքում 19-ամյա տղեկը, որ երազում էր տեսնել Սևակին, անսպասելի դիպվածից (հորինված) հենց ինքը տաղանդավոր բանաստեղծին պետք է որ ասեր՝ Աստված Ձեզ ուղարկեց: ՈՒ դա ավելի բնական-տրամաբանական-արժանահավատ կլիներ: Չէ՞ որ «հուշապատման» վերնագիրն է՝ «Ես հանդիպել եմ... Աստծո քարտուղարին»:
Որպես «հազար տարվա ծանոթներ», իրար ձեռք տվեցին, դուրս եկան ԳՄ շենքից, ու Սևակը նրանց առաջնորդեց հյուրանոցային իր համարը: Ապա Հակոբյանի Սևակը (ավելի հարմար է այդպես անվանենք հորինված և մեր պատկերացրած ու իրական Պարույր Սևակից տարբերվող այդ մարդուն) հայկական կոնյակի շիշ ու շոկոլադի սալիկներ է բերում տղաներին հյուրասիրելու համար:

Կարդում ենք՝ «Բանալիով դուռը ջարդեց» Սևակը ու ներս մտանք: Անմիջապես բացեց շիշը, լցրեց բաժակները, ապա կարճ ասաց.
«Տղերք, խմում եմ մեր հանդիպման կենացը: Ինչ լավ է, որ Բաքվում դուք կաք, թե չէ շատ, շատ ավելի վատ կզգայի ինձ»:
Անմիջապես բաժակները դատարկում են ու գիտաժողովից ձանձրացած բանաստեղծի համար հերթով սկսում ներկայացնել իրենց ոտանավորները: Զավեշտը ոչ միայն այն է, որ Հակոբյանի Սևակը հարբեցող ռուսի պես է կոնյակ խմում, այլև այն, որ ոչ թե 19-ամյա դեղնակտուցներն են իրենց ձեռագիր ոտանավորները կարդում Սևակի համար, այլ բանաստեղծն անձամբ ինքն է վերջիններիս թոթովանքները բարձրաձայն կարդում նրանց համար: Իսկ Հակոբյան Սլավիկի մի ոտանավորից առանձնացրեց մի երկտող ու դիմացը գրեց՝ նախանձելի է:

Ապա շարունակությունը լսեք. «Դառնալով ինձ, ասաց՝ բայց պիտի բանաստեղծություն դարձնես, դեռ չի դարձել: Սևակը խորհուրդ էր տալիս, որ հատկապես ուղղեմ երկրորդ տողի կառուցվածքը, այսինքն՝ ոչ թե «իմ երեսի հետ», այլ ուղղակի՝ երեսի հետ: Ես համառում էի, որ չէ, «իմ» բառը պիտի մնա...»:
Խե՛ղճ Սևակ: Եթե, իհարկե, հնարովի այս ներկայացմանը Սևակը ներկա էր:

Պարզվում է, Սևակը Երևանից 1000 կմ ճանապարհ էր կտրել, եկել Բաքու՝ գիտնականների գիտաժողովում ձանձրանալու և սկսնակ ու անհայտ ինչ-որ բանաստեղծիկների ստեղծագործությունները կարդալու, հետները բանավիճելու և այդ երեքից մեկի «երկու տողի կողքին գրելու՝ նախանձելի է»: Հավանաբար, Սևակը կյանքում երբեք ուսանողներ ու սկսնակ բանաստեղծներ չէր տեսել ո՛չ Երևանում, ո՛չ Մոսկվայում, հակառակ դեպքում այսքան չէր խեղճանա «Աստծո ուղարկած» այս տղաների առաջ: Միայն ափսոսել կարելի է, որ նա երբևէ ոչ մի տեղ չի ակնարկել նրանց մասին: Բայց սա դեռ ողջ ցավը չէ, պարզվում է՝ Հակոբյանը շատ անփույթ է գտնվել «սիրելի» բանաստեղծի գրությամբ «մասունքի» հետ։ «Այսօր շատ եմ ցավում, որ մեծ բանաստեղծի նշումներով իմ բանաստեղծությունները չեմ պահել: Ինստիտուտն ավարտելուց հետո այդպես էլ դրանք չգտա իմ թղթերի մեջ»:
Անկասկած, հնարած, չեղած բաները պահելը շատ դժվար է: Դրանք գտնելը՝ առավել ևս։

Հետո Սևակը 2-րդ կուրսեցի ուսանողների հետ երկար-բարակ խոսում է պոեզիայի խնդիրների, «քառատրոփության» կապանքներից դուրս եկած, առանց հանգ ու վանկի «ազատ» բանաստեղծության շուրջ, նրանց հետ կիսվում Ռազմիկ Դավոյանի, Ալիսիա Կիրակոսյանի, Վիգեն Խեչումյանի, Նաիրի Զարյանի, անգամ ինչ-որ անծանոթ Սամվել Գրիգորյանի մասին, ապա՝ 19-ամյա անծանոթ տղեկներին պատմում. «Էդ սրիկաները (խոսքը ադրբեջանցիների մասին է) մեր գյուղի սարերում էլի իրենց թրքությունը ցույց տվին: Առևանգել են մի աղջկա ու կուրծքը դանակով կտրել»...
Վերևում մի տեղ Հակոբյանը գրում է. «Հիմա ամբողջությամբ չեմ մտաբերում խոսքերը, բայց հավատի բառեր էր ասում...»: Իսկ ահա 45 տարվա վաղեմությամբ մի ամբողջ զրույց է մեջբերել Սևակի բերանով՝ «բառ առ բառ» և մանրամասն: Երևի 1967 թ. իր մոտ ճապոնական «դիկտաֆոն» ուներ ու ամեն ինչ գրի էր առել։ Կամ այդ հանդիպումից հետո գուցե վազել է տուն, ողջ զրույցը մանրամասնորեն գրի առել, պահել, բայց զարմանալիորեն հետո կորցրել Սևակի «ձեռքով» գրված «նախանձելի է»-ն:

Բայց քանի որ Հակոբյան-հուշագիրը որևէ տեղ չի ակնարկում, որ գրի էր առել ողջ զրույցը, հատուկ օրագիր ուներ դրա համար, մնում է ենթադրել, որ Սևակի շուրթերից հնչած ողջ զրույցը 45 տարի մտքում պահել ու սպասել է «իր ժամին»:
Կարդում ես այս, այսպես կոչված, հուշերը Սևակի մասին ու մտածում. ախր այս ամենը բացահայտ կեղծիք է, սուտ է, հնարանք է, այստեղ Սևակ չկա, այս մարդը հնարավոր է՝ նրան տեսել է (չնայած խիստ կասկածում եմ) Բաքվում մի ինչ-որ հանդիպման ժամանակ՝ դահլիճի մի հեռավոր անկյունից: Կամ նրա լուսանկարներն է միայն տեսել: Սևակի հետ իր «հանդիպման» մասին այս շինծու շարադրությամբ իր «տեսած» Սևակի կերպա՞րն է ցանկացել ցույց տալ, թե՞ մեզ անծանոթ Վարդան Հակոբյան անունով «գրող, դոկտորի» կենսագրության գորշ էջերն է փորձել պայծառացնել՝ Սևակի մասնակցությամբ, բայց սեփական «նախանձելի» լույսով։

Հակոբյանի Սևակն այնպես էր սիրահարվել երեք բանաստեղծիկներին (մյուսները՝ ոչինչ չասող Հովիկ Պետրոսյան և Վլադիմիր Ավագյան անուններով), որ իր «մտերմուհիներից» մեկին ձանձրույթի է մատնում, իսկ ինքը շարունակում ավարտին հասցնել Հովիկի գործերի ընթերցանությունը:
Սևակը վերջում մի տեղ ակնարկում է, որ «գործեր-հոգսեր, ծրագրված հանդիպումներ կան և այլն»: Հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ հանկարծ Սևակը մանկան պես տարվեց 2-րդ կուրսեցի անհայտ ինչ-որ տղաներով, ժամերով կարդաց նրանց թոթովանքները, հետները «բանավիճեց» ու սպանեց այդ օրը: Այն դեպքում, երբ Սևակի գրական ժառանգության ոչ մի տողից չի երևում, որ «Աստծո կողմից ուղարկված» ինչ-որ տղաներ թեկուզ փոշեհատիկի չափ հետք-հետագիծ են թողել իր կյանքում։

«Մշտապես զգում եմ, որ պարտավոր եմ Պարույր Սևակի հետ իմ հանդիպման մասին գրել, բայց, չգիտեմ ինչու, օրն անցնում է, տարին անցնում է, այդպես էլ այն մնում է թղթին չհանձնված: Գուցե դա նրանի՞ց է, որ Սևակի ողբերգական մահից հետո միանգամից շատացել են նրա մասին հուշեր գրողները»,- Հակոբյանը սա հուշագրության սկզբում է ասում:

Այո՛, իսկը ժամանակն է, քանի որ հիմնականում արդեն կենդանի չեն Սևակի մերձավոր ընկերները և բոլոր նրանք, ովքեր տեղյակ են Սևակի կյանքի գրեթե բոլոր մանրամասներին։ Մնում են ազգականները: Հակոբյանն այդ հարցն էլ այս ձևով, քաղցր շողոքորթությամբ է փորձում լուծել. «Եվ բախտն ինձ ժպտաց նաև մեկ այլ հարցում (կարծես էն առաջին խայծն արդեն կուլ տվեցինք- հեղ.). տարիներ հետո հանդիպեցի, մոտիկից ճանաչեցի Սևակի Արմեն Ղազարյան որդուն՝ իսկ և իսկ հոր պատկերը, գրչի ու գիտության նվիրյալ, ծնողների և ժողովրդի արժանավոր զավակ»:
Վարդան Հակոբյանի մասին որքան շատ տեղեկություններ քաղեցի համացանցից, այնքան ավելի մեծացավ կասկածանքս. այս մարդն ընդունակ է ամեն կարգի կեղծարարության՝ իր կենսագրությունն «ազնվականացնելու» համար: Ահավասիկ մի քանի նմուշ.

«Գրանիշ»-ում տեղադրված կենսագրության մեջ գրել է. «Բաքվի N 152 դպրոցում սովորելու ժամանակ, 9-րդ դասարանում, կոմերիտմիությունից հեռացնում են Վ. Հակոբյանին՝ նրան մեղադրելով «շիրազյան ազգամոլության» մեջ, ազերական հավատաքննիչների ճնշման տակ Վ. Հակոբյանը ստիպված տեղափոխվում և ուսումը շարունակում է հայրենի շրջանի Հին Թաղեր գյուղում»։

Այդ դեպքում «շիրազյան ազգամոլության» մեջ մեղադրվող, «ազերական հավատաքննիչների ճնշմանը» ենթարկվող նույն անձն ինչո՞ւ երկու տարի հետո ոչ թե մեկնում է Երևան, այլ ընդունվում է հենց ազերական Բաքվի մանկավարժականը, ապա այն ավարտելուց հետո, առանց սովետական բանակի շարքերում ծառայելու, աշխատանքի անցնում ու շուտով դառնում Ադրկոմկուսի ԼՂ մարզկոմի պաշտոնաթերթի խմբագրի տեղակալ, ավելի ուշ, Կևորկովի օրոք՝ նշանակվում ԳՄ մարզային բաժանմունքի քարտուղար։

Հակոբյանի մի շարք կենսագրականներում գրված է. «Արցախի գրողների միության վարչության նախագահ 1983-ից»:
1983-ից մինչև 1990-ականների սկզբները նա ընդամենը գրողների միության ԼՂ մարզային բաժանմունքի քարտուղար էր. որտեղի՞ց է հնարել «վարչությունն» ու «նախագահը»...

Ամենախայտառակ կեղծարարություն-սրբապղծության մասին հայաստանյան մամուլում արդեն գրվել է: Վիքիպեդիայում «Վարդան Հակոբյան-Հեսու վարդապետի» էջը զավթել ու այնտեղ տեղադրել է իր կենսագրությունը: Բայց գլխի չի ընկել գողության հետքերը «մաքրել»: Ստացվել է, որ Վարդան Հակոբյանը ծնվել է 1948-ին և վախճանվել 1915-ին...

Մարկ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ. Գ.- Ընդհանրապես, պետք է նկատել, որ հայ ժամանակակից գրողներից շատերն են տարված սեփական կենսագրությունը սրբագրելու, հորինելու և զարդարելու մոլուցքով և շատերն են տքնում ապացուցել, որ իրենց իբրև բանաստեղծ «մկրտել» է Պարույր Սևակը:



Մեկնաբանություններ

Gohar Khachatryan 
Kima jan ays togherd kardaluts hishetsi mi nmanatip patmutyun. Aystegh haghordavarnerits mekn el iren ,,hrchakel,, er Lazaryan chemarani dasatu` anteghyak linelov angam, vor chemaran@ pakvel er 1921 tvakanin. Hents ayd masin TV-ov asetsin` el chi asum vor ashkhatel e kam sovorel mankavarzhakanum. ha,ha,ha......

Hayk Gevorkyan. 
Այնտեղ մի հետաքրքիր մոմենտ կա, որին ուշադրություն չի դարձվել: Էդ Վարդան կամ Սլավիկ հակոբյանը գրում է, չէ՞, որ երեքով հանդիդել են Պարույր Սևակին: Էն երկուսը նույնպես բանաստեղծներ են եղել, իբր Սևակը կարդացել է նաև նրանց ստիխները: Ենթադրենք Սլավիկը 45 տարի սպասել ու նոր է գրել իր հուշերը:
Բա էն մյուս երկու բանաստեղծներն ինչո՞ւ են բերանները ջուր առել: Այդ 45 տարում ինչո՞ւ նրանք չեն գրել Սևակի հետ իրենց հանդիպման մասին: Հանաք բան չէր Սևակի հետ հանդիպել, նրա հետ կենաց խմելն ու իրենց ոտանավորները նրա կատարմամբ լսելը...
Սա մի լրացուցիչ փաստ է, որ վկայում է Վարդան Հակոբյանի "հուշերի" 100 տոկոսով բլեֆ լինելը:
Սա էլ նրա մի ուրիշ սրբապիղծ արկածներից է.
http://zham.am/am/news/1673.html

No comments:

Post a Comment