Ալ. Շիրվանզադե - Հուշեր


ՐԱՖՖԻԻ ԿՅԱՆՔԻՑ
ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԸ



ՐԱՖՖԻԻ ԿՅԱՆՔԻՑ

Չեմ հիշում ինչ օր էր, բայց գիտեմ, որ 1883 թվականի օգոստոս ամսի կեսին էր, երբ ես առաջին անգամ տեսա Րաֆֆիին: Ես նոր էի Թիֆլիս եկել, և առաջին ջերմ փափագս էր տեսնել այն մարդուն, որ, իմ կարծիքով, հայ ազգի վշտերի ու դառնությունների ամենաեռանդուն թարգմանը և նրա նվիրական գաղափարների ամենատաղանդավոր արտահայտիչն էր: Նրա ոգևորիչ գրիչը ինձ վրա խոր տպավորություն էր գործել: Նրա անունը ինձ համար անզուգական էր: Այդ անունով ես շատ անգամ էի կռվել և թշնամացել վիպասանի գաղափարի հակառակորդների հետ:

Երեկո էր, երբ ես մի բարեկամի հետ մտա Րաֆֆիի մոտ: Այդ ժամանակ վիպասանը բնակվում էր Սոլոլակի թաղում, մի փոքրիկ հայ բուրժուայի տանը:

Անցնելով բավական ընդարձակ մի բակ, մենք փայտյա սանդուղքով բարձրացանք բակի խորքում գտնվող տան վերին հարկը: Առաջին բանը, որ այստեղ աչքի ընկավ, տրոպիկական ծառերը, ծաղիկները և բույսերն էին, որ մի փոքրիկ անտառ էին կազմում պատշգամբի մի ծայրից մյուսը: Ոտ դնելով այստեղ, մենք զգացինք վերին աստիճանի ախորժելի մի բուրմունք, որ տարածել էր օդի մեջ բազմատեսակ ծաղիկների անուշ խառնուրդը: Բուսականությամբ հարուստ արևելքում ծնված բանաստեղծն իր անշուք բնակարանը շրջապատել էր բնության գեղեցիկ և գույնզգույն ժապավենով, որ մի առանձին հրապույր էր տալիս նրան արտաքուստ:

Բնակարանը բաղկացած էր երկու ոչ այնքան մեծ սենյակներից, որոնք միմյանցից բաժանված էին փոքրիկ նախասենյակով: Մի քանի սևագույն աթոռներ, մի հատ ասիական թախտ՝ պարսկական գորգով ծածկված և բարձերով զարդարված, պատի առջև դրած մի պահարան գրքերով լի — այս էր Րաֆֆիի կաբինետի ամբողջ կահ-կարասին: Այնուհետև լուսամուտների հատակների վրա, անկյուններում, դուրսը և ներսը, ամեն տեղ ծաղկամաններ:

Սենյակում տիրում էր կիսախավար: Գրասեղանի վրա վառվող կանաչագույն լուսամփոփով ծածկված մի զույգ մոմերի լույսը տարածվել էր հաստակազմ գրքերի վրա, որոնց մեջ աչքի էին ընկնում հայկազյան բառարանի ահագին հատորները: Այդ սեղանի քով նստած էր մի մարդ, բավական մեծ գլխով, լայն, բարձր, կնճռոտ և քունքերի մոտ դուրս ցցված ճակատով, թանձր ու սև ունքերով, խիտ բեղերով ու կարճլիկ մորուքով, ուր հազիվ նշմարվում էին մի քանի սպիտակ թելեր: Նրա դեմքի գույնը թուխ էր, արտահայտությունը առաջին անգամ տեսնողի համար անհյուրընկալ, շրթունքները սեղմված, աչքերը հիվանդոտ:

Դա էր այն մարդը, որի «Կայծեր»-ը մի քանի ամիս էր արդեն բոցավառել էր հայ երիտասարդության սրտերը, ամեն տեղ հուզմունք բարձրացնելով և ազնիվ զգացմունքներ շարժելով: Տեսնելով Րաֆֆիին նստած, ինձ թվաց, որ նա բարձրահասակ է և հաղթանդամ: Բայց երբ նա ոտքի կանգնեց մեզ ընդունելու, երևաց միջին հասակից էլ քիչ ցածր, կարելի է ասել, մի փոքրահասակ մարդ:

Ինձ տիրեց մի տարօրինակ զգացում, գուցե նման բարեպաշտ մարդու երկյուղածությանը, երբ առաջին անգամ ոտ դրի այդ մարդու սենյակը: Ես պանսիոնի աշակերտուհի չէի, որ բանաստեղծություններով հափշտակված, նրանց հեղինակներին երևակայեի երկնային հրեշտակներ, օժտված թե՛ բարոյական և թե՛ արտաքին ամենագեղեցիկ հատկություններով: Բայց և այնպես ես ոչ միայն Րաֆֆիի գաղափարների երկրպագուն էի, այլև սիրում և հարգում էի նրա անձնավորությունն իսկ հեռվից հեռու, անտես, անծանոթ: Մինչդեռ չպիտի թաքցնել, այդ անձնավորության մասին գավառներում շատ էլ նպաստավոր կարծիք չէր տիրում: Սակայն թվում էր ինձ. մի մարդ, որ այնքան ընդունակ է բարձր գաղափարների թարգման լինելու, մի մարդ, որ այնպիսի մաքուր զգացումներ է ներշնչում ժողովրդին — չի կարող լավ հոգի չունենալ: Գիտեի նույնպես, որ սովորաբար միևնույն չափն են գործածում թե՜ հասարակ մահկանացուների և թե՛ բացառիկ անհատների բարոյական արժեքը որոշելիս: Զգում էի, որ եթե Րաֆֆիի անձնականի մասին լավ կարծիք չի տիրում — մեղավորը ամբոխի շտապ եզրակացությունն է, մի կարճատես, կիսակիրթ ամբոխի, որ չէր կարող թափանցել իր բարոյական և մտավոր առաջնորդների ներքին աշխարհը, հոգեբանորեն բացատրել նրանց կարծեցյալ թերությունները:

Րաֆֆին գրում էր, ուստի մեր այցելությունը շատ էլ հարմար ժամանակ չէր և պետք է անախորժ լիներ նրա համար: Բայց մի դուրեկան ժպիտ լուսավորեց այդ ըստ երևույթին մռայլ մարդու թախծալի դեմքը, երբ նա մեզ տեսավ: Իր ցավագար աչքերը շփելով, նա սեղմեց մեր ձեռքը, հրավիրեց նստել և իսկույն ծառային հրամայեց մեզ համար թեյ բերել:

Մեր խոսակցությունը սկզբում դանդաղ, հետո դարձավ ամփոփ ու կենդանի և տևեց մինչև ուշ երեկո: Այդ ժամանակ էր, որ «Մեղու» լրագիրը իր աշխատակից Հայկունիի բերանով (Հովակիմ Գեղամյանց) արշավանք էր սկսել Րաֆֆիի դեմ: Վիպասանի երկրպագուները վրդովված էին այդ արշավանքով: Ես ինքս շատ անգամ անզուսպ կռիվներ էի ունեցել Բաքվում մեղվականների հետ, որոնց ատելությունը Րաֆֆիի դեմ այդ ժամանակ հասել էր գագաթնակետին: Ինքը վիպասանը սաստիկ վշտացած էր Հայկունիի հարձակումներից: Բնական էր, որ նրա խոսակցությունը պտտեր այն գրականական բանակռվի շուրջը, որ տիրում էր այդ մասին «Մշակ» և «Մեղու» լրագրների մեջ:

Նա պարզում էր իր հակառակորդների արշավանքի բուն շարժառիթը, որ մինչև այդ ժամանակ ինձ համար շատ էլ պարզ չէր: Եվ որքան նա շատ էր հարձակվում մեղվականների վրա, այնքան այդ մարդիկ ինձ համար անախորժ էին դառնում, թեև մյուս կողմից շատ էլ ախորժալի չէին վիպասանի միակողմանի դատողությունները և անձնական, կրքոտ հարվածները:

—Եթե այս մարդիկ, — ասում էր նա, — միայն կարճատես, հետադեմ և անմիտ լինեին, ես այդքան չէի վրդովվիլ: Բայց նրանք խորամանկ էլ են — ահա ինչ է ատելի. նրանք ոչ մի տող առանց վատ նպատակի չեն գրում: Նրանք ղեկավարվում են եզվիտական ձգտումներով, թեև զուրկ են եզվիտների խելքից: Նրանք միջոցներ չեն խնայում, նրանց համար ամեն մի վատ միջոց ներելի է, միայն թե վնասեն ինձ: Ուշադրությա՞մբ կարդացել եք այդ Հայկունիի հոդվածները:

—Այո՛, մասամբ:

—Եթե դուք այստեղի գործերին տեղյակ լինեիք, այդ հոդվածների մեջ կգտնեիք շատ ստոր ակնարկներ, այո՛, նույնիսկ մատնություն:

Դուրս թափելով իր սրտի առաջին թույնը, Րաֆֆին հանգստացավ և այնուհետև երևան եկավ մի հեգնասեր, նույնիսկ սրամիտ մարդ: Խոսակցության նյութը նույնն էր, բայց որպիսի սառնությամբ էր նա ծաղրում իր հակառակորդներին: Մի կարճ համեմատություն, մի թեթև նկարագիր պատկերացնում էր այդ մարդկանց ամբողջ բարոյական աշխարհը: Եվ իր սառն հեգնությամբ Րաֆֆին ավելի էր ազդում ինձ վրա, քան կատաղի հարձակումներով:

— Ով ուզում է հայ գրականությանը ծառայել, — փոխեց նա դարձյալ իր խոսելու տոնը լրջության, — պետք է առաջ սովորի դիմանալ սև նախանձի և ատելության հալածանքներին: Ամեն մի հայ իրան առնվազն մի Նապոլեոն է համարում, և դուք չեք կարող ապացուցել, որ նա պետք է հասարակ զինվոր լինի: Պատմական անմիաբանությունը մեր լրագիրկերի համար թութակի երգ է դարձել, բայց ոչ ոք մեզանում այնքան նախանձոտ և չարհոգի չէ, որքան լրագրական գաճաճները: Ամենացավալին այն է, որ գիտությունն ու կրթությունն էլ չեն օգնում հային: Քանի-քանի համալսարանականներ կան, որոնց դավանած սկզբունքները պատիվ չէին բերիլ մեր հին խալիֆաներին անգամ: Պետք է հենց այնպիսիների դեմ կռիվ մղել, հենց նրանց մտրակել, եթե ոչ տգիտությունը իրան արդարացնելու պատճառներ շատ ունե: Եվ մենք կկռվենք, գոնե ես վճռել եմ անդադար կռվել, թող ինչքան ուզում են հայհոյեն: Մի մարդ, որ հավատում է իր քարոզած գաղափարների անպայման սրբությանը, նրա համար դժվար չէ հալածվելը: Մեր կողմն է նոր սերնդի անկեղծ համակրությունը և ոգևորությունը, նրանց կողմն է հինը, քարացածը և նեխվածը: Թող որքան ուզում են կատաղեն, փրփրեն, ոչինչ չեն կարող անել ժամանակի պահանջների դեմ…

Զարմանալի հավատ և եռանդ էին զգացվում վիպասանի այդ խոսքերի մեջ: Այդ րոպեին նա իմ աչքերում երևում էր կյանքի դառը փորձերի քուրայում ձուլված և կարծրացած մի մարտիկ, որին անկարելի էր շեղել մի անգամ արդեն բռնած դիրքից: Ոչ մի բան այնքան չէր կարող խրախուսել մի երիտասարդի, որ իր սրտում զգում էր գրականական ասպարեզը մտնելու անհաղթելի փափագ, ոչինչ, քան մի այդպիսի մարդու խորին հավատով արտասանված այդ խոսքերը:

Ես դուրս եկա Րաֆֆիի բնակարանից ամենալավ տպավորության տակ: Թվում էր ինձ, որ այդ մարդու եռանդը, տոկունությունը, հավատը և ինքնավստահությունը կարող են ամենաթերահավատ մարդուն անգամ ոգևորություն ներշնչել:

II

Այդ օրից մեր մեջ սկսեց ծանոթություն, որ քիչ ժամանակ անցած փոխվեց բարեկամության: Ես այցելում էի Րաֆֆիին շաբաթը մի երկու անգամ, մեծ մասամբ կիրակի օրերը, երբ նա չէր զբաղվում, իսկ հաճախ հանդիպում էինք փողոցում:

Րաֆֆիի սովորական հյուրերը մի քանի երիտասարդներ էին, իսկ այցելում էին նրան շատերը: Գրեթե ամեն օր նրա մոտ լինում էին յոթ-ութ մարդ, մեծ մասամբ գավառացիներ, ուսանողներ, նույնիսկ հասարակ մշակներ: Նա ձանձրանում էր այն այցելուներից, որոնք գալիս էին լոկ հետաքրքրությունից դրդված և խլում էին նրա ժամերը: Գավառացիներից շատերը երբեմն չէին բավականանում ժամանակ խլելով, այլև կատարյալ ասիական համարձակությամբ պահանջում էին, որ նա իր գրքերից մի-մի օրինակ նվիրե, կանխապես, իհարկե, նրանց ճակատին գրելով «նվեր այսինչին, հեղինակից»: Այդ մարդիկ, որոնց մեջ կային և ունևորներ, ասում էին, որ գրքերը վերցնում էին իբրև հիշատակ «Հայոց ազգի ամենաառաջին վիպասանից», պարծենալու համար, և կարծում էին, որ դրանով մեծ հաճույք են պատճառում հեղինակին:

Այցելուների թվում երբեմն ես պատահում էի մի զառամյալ ծերունու, որ տնքտնքալով ամեն կիրակի առավոտյան սանդուղքով բարձրանում էր վեր:

— Հակովբ, բարով, — ասում էր նա ընտանեբար ներս մտնելով և ընկղմվելով աթոռի, երբեմն էլ տանտիրոջ բազկաթոռի վրա:

Դա. Հակովբ վարժապետ Բելախյանցն էր, Րաֆֆիի նախկին ուսուցիչը: Նա գալիս էր «յուր Հակովբի առողջությունը հարցնելու»: Աշակերտ Հակովբը վարժապետ Հակովբին որդիական երախտագիտությամբ էր ընդունում, ամեն անգամ նրա ձեռքի ափի մեջ սեղմելով մի-մի թղթադրամ…

Րաֆֆիի երկրպագուների մի խումբ աշխատում էր կատարել վիպասանի քսանուհինգամյա հոբելյանը: Այս հանգամանքը մի նոր անհանգստություն էր պատճառել վիպասանի թշնամիներին, որոնք ամեն ջանք գործ էին դնում հոբելյանը խանգարելու: Նրանց ցանկությունը կատարվեց, թեև նրանցից անկախ պատճառներով...

Հոբելյանը խափանվեց, բայց այն երկու-երեք հազար ռուբլիները, որ հայ հասարակությունը սիրով և ցանկությամբ նվիրեց Րաֆֆիին, մնացին մշտական փուշ վիպասանի թշնամիների աչքում:

Սև նախանձը բորբոքվել էր մարդկանց սրտերում, և նրանք չգիտեին ինչ անեին Րաֆֆիին վնասելու ոչ միայն բարոյապես, այլև նյութապես: Այսպես է կազմված հայի բնավորությունը, և չգիտեմ ինչ գերբնական ուժ կարող է մաքրել նրա հոգին նախանձի կապանքներից: Րաֆֆին հրապարակորեն հռչակվում էր մերթ «խաչագող», մերթ «գրականական փերեզակ», որ կարծես հայ հասարակության քսակի համար ստեղծվել էր իբրև մի երկնային պատիժ:

Այդ արշավանքը վիպասանի դեմ առ միշտ պետք կմնա մի անջնջելի արատ հայ մամուլի պատմության վրա: Մամուլի, որի զարգացմանը այնքան նպաստել էր Րաֆֆին, իր տաղանդի ուժով ճանապարհ հարթելով նրա համար ժողովրդի խավերում:

—Լսե՞լ եք, — դարձա ես մի օր ծիծաղելով Րաֆֆիին, — ձեր թշնամիները պնդում են, թե դուք բանկում ոչ ավելի, ոչ պակաս քսան հազար ռուբլի դրամագլուխ ունեք, բոլորը վաստակել եք գրականությամբ և ստացել եք հոբելյանի առիթով:

—Մի՞թե,–գոչեց նա ժպտալով,-ես շատ ուրախ եմ, բայց իմ թշնամիները չե՞ն ասում, թե չեկը ում մոտ է:

—Վրդովեցուցիչն այն է, որ մերոնցից ոմանք էլ հավատում են այդ առասպելական ստին: Այսօր ես այդ մասին վեճ ունեի մեր ծանոթներից մեկի հետ:

—Իզուր, — շարունակեց Րաֆֆին ավելի զվարթ եղանակով, — չպիտի հերքել: Ես ինքս այդ մասին լռում եմ: Թող իմ թշնամիները հավատան, որ ես հարուստ եմ, դա նրանց ավելի կտանջի, քան եթե համոզված լինեին, որ ես աղքատ եմ այնպես, ինչպես այժմ: Այդ տեսակ մարդկանց ամենամեծ ցավ պատճառողը իրանց հակառակորդների նյութական ապահովությունն է: Բայց խոմ իմ մոտիկ բարեկամները գիտեն իմ իսկական դրությունը, այդ ինձ համար բավական է:

Իսկ նրա իսկական դրության մասին մոտիկ բարեկամներին հետևյալն էր հայտնի: Նա ամուսնացած էր, ուներ երկու զավակ, որոնք իրանց մոր հետ բնակվում էին Պարսկաստանում: Ուներ երկու թե երեք չքավոր եղբայրներ, ծերունի մայր, որ իր որդիներից առանձին էր ապրում, ինը քույր, բոլորն էլ չքավոր և բոլորն էլ օգնության կարոտ: Ի՞նչ էր նրա եկամուտը, որ կարողանար ոչ թե ազատ դրամագլուխ կազմել, այլ գոնե մի կերպ կառավարել այդ ահագին ընտանիքը:

«Մշակ»-ի խմբագրությունից, ինչպես հետո մի օր ինձ ասաց Գրիգոր Արծրունին, նա ստանում էր տարեկան ութ հարյուր ռուբլի և ճաշում էր խմբագրի մոտ: Առանձին հատորներով լույս տեսած գրքերը այդ ժամանակ նրան տալիս էին տարեկան միջին թվով հազար երկու հարյուր ռուբլի: Այդ էր նրա ամբողջ հարստությունը: Բայց այն էլ հենց նույն օրերը կիսով չափ պակասել էի, երբ նա թյուրիմացություններ էր ունեցել Արծրունիի հետ, հեռացել էր նրանից և զրկվել ռոճիկից:

Այդ բոլորի մեջ, որ Րաֆֆին մերթ ընդ մերթ պատմում էր իր բարեկամներին, նյութական կարոտությունը այնպիսի խոշոր տեղ է բռնում, որ կամա-ակամա ամեն քայլում պետք է այդ խնդրին դիմել: Ես չեմ պատմիլ նրա անցյալը, վախենալով, մի գուցե հիշողությունս ինձ մոլորեցնե: Առաջ կբերեմ միայն այն փաստերը, որոնք խոր են դրոշմվել իմ մտքի մեջ: Եթե չեմ սխալվում, դեպքը պատահում Է յոթանասնական թվականների սկզբներին, այսինքն այն ժամանակ, երբ Արծրունին վիպասանին դեռ չէր հրավիրել «Մշակ»-ի մշտական աշխատակիցը լինելու:

— Ես կենում էի Թիֆլիսի հետ ընկած թաղերից մեկում, — պատմում էր Րաֆֆին մի օր ճաշից հետո, երբ մենք գնում էինք ոտով Մուշտայիդ զբոսնելու, — մի աղքատ հայ ընտանիքի մոտ: Այդ ժամանակ ես պարապվում էի մի այնպիսի եռանդով, որ միայն նոր սկսող հեղինակը կարող է ունենալ: Գիշեր-ցերեկ ես նստած էի սեղանիս քով: Բացի գրչից, ես մոռացել էի ամեն ինչ, ինչպես կարող է մոռանալ մի սիրահարված պատանի իր նազելիի գրկում ամբողջ աշխարհը: Այն ինչ` ապրում էի օր-օրի վրա, մի օր քաղցած, մի օր կիսակուշտ: Տաք կերակուրը ինձ համար հազվագյուտ բան էր: Իմ սնունդն էր մեծ մասամբ մի կտոր հաց, մի քիչ պանիր, իմ սիրածը — ծխախոտ և թեյ: Առանց ծխելու ես պարապվել չէի կարողանում, ինչպես այժմ էլ: Ծխում էի չորս հատը մի կոպեկանոց պապիրոս, երբեմն էլ սոլդաթի մախորկա և ծխում էի խնամքով ու ախորժակով: Չեմ հիշում, որ այդ ժամանակ մի հատ պապիրոս դեն ձգած լինեմ առանց ավարտելու նրան մինչև մունդշտուկ: Իսկ եթե լինում էին կիսատ պապիրոսներ, հավաքում էի սեղանիս գզրոցի մեջ և հետո ծխում: Գալով թեյին՝ դա արդեն մի այնպիսի շքեղություն էր ինձ համար, որին շաբաթներով չէի արժանանում: Երիտասարդության դառն, բայց երջանի՜կ օրեր: Այդ բոլոր նեղությունները ես կրում էի անտրտունջ, ոչ ոքին չգանգատվելով և ոչ ոքի չհայտնելով իմ դրությունը…

— Մի անգամ ես պարապվեցի մինչև ուշ գիշեր: Հանկարծ գլուխս պտտեց, աչքերս մթնեցին: Հիշեցի, որ ամբողջ օրը անոթի եմ եղել: Պտրեցի իմ սենյակի բոլոր անկյունները, իհարկե, ոչինչ չգտա, որովհետև երբեք ինձ մոտ ավելորդ հացի կտոր չէր լինում: Հակառակի պես ծխախոտս էլ վերջացել էր: Պառկեցի անկողին, որ քնով մոռանամ իմ քաղցը: Այստեղ իմացա, որ քունը թշնամի է դատարկ ստամոքսին: Ի՞նչ անեի, գրպանումս մի հատ Նիկոլաևսկի մեծ երեքկոպեկանոց ունեի, գնացի փողոց մի բան գնելու: Երկմտության մեջ էի, ի՞նչ գնեմ՝ ծխախո՞տ, առանց որի գլուխս պտտվում էր, թե՞ հաց, առանց որի քիչ էր մնում ուշաթափվեի: Գիշերը շատ ուշ էր, խանութները վաղուց կողպված էին: Մոտեցա մի հացթուխի խանութին, զարկեցի դռներին: Հացթուխը շուռ եկավ անկողնում, երազում մրթմրթաց, կրկին զարկեցի, նա զարթնեց և սկսեց Վանի բարբառով ինձ հայհոյել: Բայց իմ խնդիրը մեղմացրեց նրան, դռների արանքից վերցնելով երեք կոպեկանոցս, մի ֆունտ հաց տվեց ինձ...

Այսպիսի օրեր էր քաշել Րաֆֆին: Հիշում եմ՝ այդ դեպքը նա պատմում էր ծիծաղելով, առանց որևէ անախորժություն արտահայտելու դեպի այդ օրերը:

Բայց ահա և մի ուրիշ դեպք, որ վիպասանը պատմում էր ինձ մի օր, հազիվհազ կարողանալով զսպել իր հուզմունքը: Թշվառությունները հաճախ թշվառությունների հետևից են գալիս և երբեմն նրանք այնպես են բարդվում, որ մարդ ընկնում է անել դրության մեջ: Կամքի տեր մարդիկ մաքառում են ճակատագրի ամենազորեղ հարվածների դեմ, բայց պատերազմը անհետևանք չի մնում նրանց բնավորության վրա:

Նյութական ամենավերջին կարոտության մեջ, Րաֆֆին նամակ նամակի հետևից է ստանում Պարսկաստանից, մերթ իր մորից, մերթ քույրերից և մերթ եղբայրներից: Ամեն կողմից դիմում են նրա օգնության այն ժամանակ, երբ ինքը օրերով անոթի էր մնում:

— Տեսնել ամենամոտիկ արյունակիցներիդ կարոտությունը, զգալ, որ պարտավոր ես նրանց օգնել և չկարողանաս օգնել-դա էր կատարյալ թշվառությունը: Բայց այդ բոլորը չէ: Ճակատագիրը այնպես է կարգադրում, որ իմ եղբայրներից մեկը Պարսկաստանից գա Թիֆլիս ինձ վրա հույս դրած, այստեղ հիվանդանա քաղաքի մի անկյունում և կարճ ժամանակից հետո մեռնի: Եվ մեռնի մի այնպիսի օր, երբ ես ոչինչ չունեի՝ նրան թաղելու համար: Այսօրվա պես միտս է, որ ես երեք անգամ վճռեցի դիմել Գրիգոր Արծրունիի օգնությանը, երեք անգամ մոտեցա նրա դռներին և երեք անգամ էլ ետ դարձա: Խորին ինքնասիրությունը ինձ թույլ չէր տալիս իմ ցավը հայտնել նույնիսկ մի մարդու, որ առանց բացատրության կարող էր զգալ իմ դրությունը:

Վերջապես չգիտեմ ինչպես, Րաֆֆին ճարում է երեք ռուբլի և գնում է մի դագաղ: Երեկոյան մութին նա իր եղբոր դիակը դնում է կառք և մի քահանայի ու երկու մշակի հետ տանում թաղելու:

III

Րաֆֆիի թշնամիներին մեծ ուրախություն պատճառեցին Արծրունիի հետ 1884 թ. ունեցած թյուրիմացությունները: Այդ ժամանակ քանի դեռ Արծրունին Թիֆլիսումն էր, և «Մշակ»-ը կաղալով մի կերպ, շատ անգամ առանց խմբագրական հոդվածների, լույս էր տեսնում, Րաֆֆին մտածում էր անկախ մի գրականական ամսագիր հիմնել: Երբ Արծրունին գնաց արտասահման, Րաֆֆին թողեց այդ միտքը և, ընկերանալով Ներսես Աբելյանի և Գաբրիել Միրզոյանի հետ, վճռեց «Մշակ»-ը շարունակել: Գործը արդեն վերջացած էր, լրագիրը պայմանով հանձնված էր նրանց, և այդ ամենին հայտնի էր:

Թշնամիներր այստեղ ևս գլուխ բարձրացրին և սկսեցին հարվածել ո՛չ միայն Րաֆֆիին, այլև նրա ընկերակիցներին: Պարզ էր, որ Րաֆֆիի անունը նրանց աչքում դարձել էր մի սոսկալի ուրվական, որ գիշեր-ցերեկ հանգստություն չէր տալիս նրանց, միշտ վախի ու սարսափի մեջ պահելով պահպանողականների ամբողջ բանակը:

Հանգամանքները այս անգամ էլ կողմնակի ծառայություն արեցին թշնամիներին: Կառավարության կողմից «Մշակ»-ի համար առաջարկված նոր խմբագիրը չհաստատվեց: Այդ լրագրի գոյությունը ենթարկվեց ճակատագրի հաճույքին, մինչև որ Արծրունին վերադարձավ արտասահմանից և նորից յուր ձեռքն առավ նրա ղեկը:

Այդ ժամանակ Րաֆֆիի մեջ կրկին միտք հղացավ մի ամսագիր հրատարակելու: Սակայն շուտով նա այդ միտքը բոլորովին թողեց, սկսեց «Կայծեր»-ի երկրորդ հատորի մասին մտածել: Միևնույն ժամանակ նրա գլխում հղացավ «Սամվել»-ի գաղափարը, որը ներշնչում էր նրան հայոց դպրոցների փակման խնդիրը: Նա ասում էր, թե պատմական անցյալի և ժամանակակից դեպքերի մեջ կա մի զարմանալի նմանություն:

— «Սամվել»-ի կարդացողը կմտածի և անշուշտ կգտնի այդ նմանությունը, այն ժամանակ իմ գաղափարը հասկանալի կլինի նրան: Ես պատմական վեպը պատմական փաստերի համար չեմ գրում, այլ ինձ գրավող ժամանակակից
շարժման համար:

Անցան ամիսներ, և վիպասանը դեռ չէր սկսել գրել «Սամվել»-ը: Առայժմ նա ուսումնասիրում էր իր ապագա վեպի գլխավո հերոսին, կարդալով պատմական գրքեր: Նրա ուշ ու միտքը զբաղված էին այդ հերոսով: Նա շարունակ նրա մասին էր խոսում, հրճվում էր, ոգևորվում և պնդում, թե «Սամվել»-ը պետք է լինի նրա chef d'oeuvre-ը: Մանավանդ լեզվի կողմից այդ վեպը, իր ասելով, պետք է լիներ ամենակատարելագործվածը:

— Ես ցույց կտամ իմ լեզուն ձախ ու ծուռ քննադատող պարոններին, որ Րաֆֆին էլ գիտե գրաբար, գուցե ամենից լավ: Այդ մարդիկ չեն ուզում հասկանալ, որ ես իրանցից ավելի եմ հոգում լեզվի մաքրության մասին: Ինձ հայկաբան
չեն համարում և կարծում են, որ հայկաբան լինելու համար անպատճառ պետք է փքուն ոճով գրել: Չեն հասկանում, որ ժամանակակից մատենագիրը, մանավանդ վիպասանը չէ կարող Մովսես Խորենացիի բարբառը գործածել, թեև աշխարհաբարի վերածած:

Մեր գրականության մեջ իրանց հատուկտոր գրվածքներով սխոլաստիկները Րաֆֆիի հեգնության և ծաղրի մշտական առարկան էին: Նա վրդովվում էր, երբ մեկն ասում էր, թե այդ մարդիկ հայոց լեզվի պաշտպաններն են: Նա հարձակվում էր նույնպես և այն մարդկանց վրա, որոնք, հանուն հայկաբանության, հալածում են ամեն մի նորամուծություն հայոց կենդանի աշխարհաբարի մեջ:

— Այդ ողորմելիների համոզմունքով, կարծես հայոց լեզուն կարող է ժամանակակից ուղղությամբ զարգանալ բոլորովին բացառիկ կերպով: Կարծես նա չպիտի ենթարկվի առաջադիմության այն անխուսափելի օրենքներին, որոնց ենթարկվել են բոլոր ազգերի լեզուները: Սամովարը անպայման պետք է դարձնել ինքնաեռ, սիգարը — գլանակ, տելեֆոնը–հեռախոս, ֆոնոգրաֆը — ձայնախոս: Զզվում եմ այդ տեսակ պեդանտներից:

Նա ատելով ատում էր այն գրագետներին, որոնք կարծում են, թե որքան շատ գրաբար բառեր գործ ածեն, այնքան լավ է:

— Գրաբար բառեր գործ ածելը հեշտ է, բայց մարդ պետք է ճաշակ ունենա նրանց ընտրելու համար, պետք է երաժշտական լսողություն ունենա, որ ըմբռնի, ո՜ր բառը որտե՜ղ կարող է քաղցր հնչել և որտե՜ղ անախորժ: Այս կողմից ինձ համար ատելի են մանավանդ մի քանի թարգմանիչներ: Անցյալ օրը ձեռքս վերցրի թերթելու մանկավարժ Փիլիպոս Վարդանյանցի մի նոր թարգմանած գիրքը: Այդ մարդը աշխատասեր է, է՛հ, նա էլ ուզում է օգնած լինի հայոց գրականությանը: Իհարկե, շատ շնորհակալ ենք: Բայց գիտեք, նա ինձ ինչ է հիշեցնում, — գյուղից քաղաք տեղափոխված և շուտով հարստացած մի վաճառականի: Նրա կոշիկները եվրոպական են, արխալուղը ասիական, իսկ գտակը ոչ այս, ոչ այն: Նրա սևացած և կոշտ մատները զարդարված են ադամանդյա մատանիներով: Ինչպես երևում է, մանկությունից հայերեն լեզուն նրա համար խորթ է եղել: Հետո սկսել է հայերեն սովորել և հանկարծ ընկել է գրաբարի աշխարհը և այժմ ինչ որ գրաբար բառեր գիտե, խցկում է ամեն տեղ: Երբ կարդում եմ նրա թարգմանությունները, ինձ թվում է, որ ատամներովս ավազ եմ ծամում: Երևակայեցեք այն բանաստեղծի գրությունը, որի երկերը ավազոտ լեզվով են թարգմանվում: Ինձ մեղադրում են, որ ես գրելիս ռսերեն եմ մտածում: Կարճատեսներ, մտածեցեք ինչ լեզվով կամենաք, միայն ձեր մտածածը նախ մի բանի նման լինի, հետո հասկանալի: Եթե իմ լեզվի մեջ երևում են ռսերենի նման դարձվածներ, այդ չի նշանակում, որ ես նրանց ուղղակի ռսերեսից եմ թարգմանել, այլ որովհետև հայոց լեզուն ուրիշ ձև չունե այս կամ այն միտքը արտահայտելու և միակ հայկականը իմ գործածածն է: Զարմանալին այն է, որ ռուսաբանության մեջ ինձ մեղադրում են նույնիսկ այն մարդիկ, որ իրանք իմ քառորդի չափ հայերեն չգիտեն: Իրանք չեն ամաչում գերմանաբանությունը խառնելով ռուսաբանության հետ, ստեղծել մի հավաքական անճոռնի բարբառ, իսկ ինձ մեղադրում են հակահայկաբանության մեջ, ինձ, որ ծնվել եմ բուն ժողովրդի մեջ, սնվել եմ այնտեղ և մանուկ հասակիցս սկսած անգիր սովորել հինգերորդ դարի գրականությունը:

Առհասարակ Րաֆֆին այս միջոցներին լեզվի խնդրով շատ էր զբաղված և շարունակ այս մասին էր խոսում:

— Ահա հայ վիպասանի դրությունը, — ասում էր նա մի տեսակ դառնությամբ, — մի կողմից նա պետք է գաղափարի և ձևի մասին մտածի, մյուս կողմից մի աղքատ լեզու մշակելու համար գլուխ տրաքացնի: Լուսավորված ազգերի մեջ ամեն մի առարկա իր որոշ անունն ունի, իսկ մենք դեռ նոր ենք զբաղվում առարկաների անուններ ստեղծելով: Ասում են՝ գրաբար գրքերում շատ առարկաների անուններ կան: Մեր ժամանակակից կյանքը այնքան տարբերվում է պատմական կյանքից, որ գրեթե ոչինչ նմանություն չէ մնացել ոչ մեր կերակրների, ոչ մեր հագուստների և ոչ տան կահ-կարասիների մեջ: Ինչպե՞ս գրաբար անունները հարմարացնես այժմյան առարկաներին: Մի դժոխային աշխատություն է մեզանում վեպ գրելը: Դեռ հրապարակախոսը կարող է մի երկու հարյուր բառով յուր գլուխը պահել, իսկ վիպասանը ինչ հող ածե գլխին, որ ստիպված է հազար ու մի բան նկարագրել: Երբ ես թարգմանում էի Զախեր-Մազոխի «Կայենի կրակը», այնպիսի խոչընդոտների էի հանդիպում այս կամ այն առարկայի անունը հայերեն թարգմանելիս, որ կատաղում էի...

Րաֆֆին ոչ մի հայ բանաստեղծի և վիպասանի լեզուն ու ոճը չէր հավանում: Այդ կողմից նրա քննադատությունը շատ անգամ ծայրահեղության էր հասնում: Նա դեմ էր Սունդուկյանցի և Պռոշյանցի գավառաբարբառներին, իսկ Պատկանյանի ոտանավորների մեջ չէր ներում գրաբարի և աշխարհաբարի խառնուրդը: Նույնիսկ «Մայր Արաքսի» լեզուն նրան պակասավոր էր թվում: Շահ-Ազիզի լեզուն նա համարում էր աշխարհաբարի մանկական թոթովանք: Աղայանցի լեզվի պարզությունը և ճշտությունը ընդունում էր, բայց համարում էր հասակավորների համար թույլ և աղքատ: Այսքան խիստ էր նա դեպի ուրիշները:

IV

Րաֆֆիի մեջ այս կամ այն վեպի գաղափարը ծնվում էր կյանքի մեջ տեղի ունեցող քիչ թե շատ խոշոր երևույթների ազդեցությամբ: Արևելյան պատերազմը և հայկական խնդիրը առաջ բերեցին «Խենթը» և «Դավիթ-Բեկ»–ը տաճկահայերն հալածանքը — «Ջալալեդդին»-ը և «Կայծեր»–ը, հայոց եկեղեցական դպրոցների վիճակը — «Սամվել»-ը: Նույնիսկ մամուլի մեջ վաճառական դասի մեջ ծագած վեճը ստիպեց նրան գրել «Մինն այսպես, մյուսը այնպես»: Այս վերջին վեպը թերի մնաց, չգիտեմ ինչպես էր, որ ավարտված դուրս եկավ հեղինակի մահից հետո:

Ես չեմ ասում, որ Րաֆֆին անպայման առանձնակի երևույթի էր սպասում, որ մի վեպ գրի: Ո՛չ, այլ նա այն ժամանակ էր ավելի ջերմ փափագ զգում իր գաղափարներով ասպարեզ գալու, երբ հասարակության միտքը քնած չէր: Եթե հայկական խնդիրը վերջերում չմոռացվեր և հասարակությունը նախկին եռանդով ու ոգևորությամբ վերաբերվեր դեպի նա-«Կայծեր»-ի երկրորդ հատորը այդքան չէր ուշանալ: Առհասարակ հասարակության տրամադրությունը մեծ ներգործություն ուներ Րաֆֆիի վրա: Նա այն վիպասաններից չէր, որոնք իրենց ներշնչումը ստանում են անմիջապես բնությունից և կյանքից, որոնք իրանք են խնդիրներ ցուցանում և աշխատում կամ լուծել, կամ արծարծել: Այդ տեսակ գրողները երբեմն իրանց ժամանակակից հասարակության մեջ առանձին ժողովրդականություն չեն ստանում: -Ամբոխը մեծ մասամբ ընդունում է այն, ինչ որ ներկայում հետաքրքրում է նրան, ինչով զբաղված է նրա միտքը: Րաֆֆին ինքը խնդիրներ չէր հորինում, այլ միշտ ձգտում էր հրապարակի վրա նոր զարթնած և մտքեր հուզող խնդիրներին լուծում տալ: Նա ժողովրդի բարոյական և մտավոր հետաքրքրության ջերմաչափն էր և պատասխանում էր այն հարցերին, որ ծագում էին և տարածվում նրա մեջ: Ահա նրա ահագին ժողովրդականության գաղտնիքը:

Երբ ասպարեզ մտած մի միտք ոգևորում էր նրան, վեպի գաղափարը արդեն պատրաստ էր, և նա գրիչը ձեռն էր վերցնում: Եվ բավական էր, որ գաղափարը կար, մնացյալը նրա համար երկրորդական էր: Նա վաղօրոք պատրաստում էր խնդրի լուծումը, հնարում էր ամբոխին մատչելի տենդենցիան և երբ սկսում էր գրել, նրա գլխում առաջին տեղը ամուր բռնած էր լինում այդ տենդենցիան, որ պետք է այսպես թե այնպես անցներ վեպի մեջ: Հետևաբար, գեղարվեստական կատարելագործման, մանավանդ հոգեբանական ճշմարտության մասին շատ էլ չէր մտածում կամ բնավ չէր մտածում: Ահա ինչո՛ւ նա միշտ շտապում էր իր մտքերը շուտ արտահայտելու, այս պատճառով գործ էր ածում գրելու մի այնպիսի մեթոդ, որ հազիվ թե գեղարվեստին բարձր նշանակություն տվող մի բանաստեղծ-վիպասանի պատիվ բերեր: Ի՞նչ էր անում նա: — Գրում էր վեպի առաջին գլուխները, արտագրում էր մի անգամ և իսկույն տալիս էր տպագրության, մտածելով, որ շարունակությունը ինքնըստինքյան չի հակասիլ սկզբին: Գոնե այս ձևով էր գրում այն վեպերը, որոնք նախ տպվում էին լրագրներում և հետո առանձին գրքերով լույս տեսնում: Այդպես էր գրել նա, ի միջի այլոց, և «Դավիթ-Բեկ»-ը: Նա ինքը խոստովանում էր, որ այդ վեպի շատ գլուխները թխել է գրաշարի ներկայությամբ, որ դռների առջև կանգնած «նյութի» է սպասելիս եղել «Մշակ»-ի համար:

Ուղիղն ասած, վիպասանի այս սովորությունը ինձ վշտացնում էր, ուստի մի օր ես դարձա նրան և զգուշությամբ ասացի.

— Ինձ թվում է, որ անհամեմատ, ավելի հարմար է վեպը առաջ բոլորովին ավարտել, մշակել և հետո հանձնել տպագրության, քան թե կտոր-կտոր գրել: Միայն այսպիսով կարելի է, իմ կարծիքով, գեղարվեստական ամբողջություն պահել
վեպի մեջ:

— Ձեր ասածն ինձ էլ հայտնի է, բայց երբ լրագրի համար ես գրում և ստամոքսդ կերակուր է պահանջում — անիրագործելի է: Ասում են, որ Տուրգենևը իր վեպերը մշակում էր և արտագրում առնվազը ութ անգամ և հետո տպագրում:
Հավատում եմ, բայց Տուրգենևը հարուստ էր և ժամանակ ուներ գեղարվեստի մասին երկար մտածելու: Տվեք ինձ այն եռանդը և ժամանակը, որ ինձանից խլում են արտաքին հանգամանքները, ես այդ եռանդն էլ, այդ ժամանակն էլ կնվիրեմ իմ վեպերի գեղարվեստական մշակմանը: Ո՛չ, վիպասանը պետք է նյութապես ապահովված լինի:

Այս պատճառաբանությունը սկզբում ինձ զինաթափ էր անում, բայց նա կորցրեց իր նշանակությունը, երբ Րաֆֆին սկսեց գրել «Սամվել»-ը: Նա այդ ժամանակ նյութապես բավական ապահովված էր. գրքերը վաճառվում էին և հոբելյանի առթիվ հավաքած փողերից էլ մի մասը դեռ մնում էր: Այսպես թե այնպես, նա կարիք չուներ օրական բանվորի դեր կատարելու: Բայց երևի նախկին սովորությունը խոր արմատ էր ձգել նրա մեջ: Նա շարունակում էր գրել կտոր-կտոր: Այդ սովորության հետևանքը ես մանավանդ տեսա «Ղարիբ Մշեցի» վերնագրով վեպիկի մեջ: Դեռ այդ վեպիկը չսկսած Րաֆֆին ասում էր, որ նա կլինի շատ փոքր, մինչև անգամ մի պատկերի չափ և կբռնի «Արձագանք» շաբաթաթերթի երկու, շատ-շատ երեք բանասիրականը: Բայց երբ սկսեց գրել, դուրս եկավ չորս, հինգ, վեց բանասիրական, իսկ վեպիկը դեռ շարունակվում էր:
—Այդ ի՞նչ եք անում, — հարցնում էի ես:

—Եղբայր, չի վերջանում, ի՞նչ անեմ: Պետք է կլորացնե՞լ, թե՞ ոչ: Շուտով, շուտով կվերջանա...

Վեպիկը վերջացավ իններորդ բանասիրականում, և դուրս եկավ սպասվածից երեք անգամ մեծ: Նույնը համարյա պատահեց և «Սամվել»-ի վերաբերմամբ: Րաֆֆիի ասելով այս վեպը՝ չպիտի «Կայծեր»-ի մի հատորից մեծ լիներ, բայց երբ նրա գրիչը տաքացավ, արտագրեց այժմյան ահագին հատորը, որը դեռ ամբողջ վեպի կեսն էլ չէ, մի կողմ թողնելով «ծանոթությունները», որ նույնպես մի մեծ հատոր կարող են կազմել: Առհասարակ Րաֆֆին վեպի ստվարությանը մեծ նշանակություն էր տալիս: Այժմ էլ հիշում եմ, թե ինչպիսի հրճվանքով նա պահում էր իր ձեռքում և աջ ու ձախ շուռ տալիս տպարանից նոր ստացած իր մի հաստ վեպը:

— Ամբողջ հայ գրականությունը այնքան վեպեր չի պարունակում յուր մեջ, որքան ես եմ տվել, — ասում էր նա ոչ առանց պարծանքի:

Նա գիտեր, որ գրվածքի որակությունն է գնահատվում և ոչ մեծությունը, լսել էր, որ Սերվանտեսը միայն մի «Դոն-Կիշոտով» է իրան անմահացրել, իսկ Գրիբոյեդովը մի հատիկ «Խելքից պատուհաս» կոմեդիայով: Այդ նա գիտեր, բայց և այնպես գրելու ժամանակ նրա գլխից չէր հեռանում էջերի քանակության խնդիրը:

Րաֆֆիի գրականական զարգացումը առհասարակ թույլ էր: Մանավանդ թույլ էր նրա էսթետիկական ճաշակի կրթությունը: Իր գաղափարների մեջ խորասուզված, նա չէր հետաքրքրվում այն բոլորով, ինչ-որ կարող էր կրթել և նրբացանել նրա գեղարվեստական ընդունակությունները:

Նա կարդացել էր Հյուգո, որին շատ էր սիրում, Էժեն Սյու, կարծեմ, մի քիչ էլ Վալտեր Սկոտից, որոնք արդեն հնացել էին եվրոպական գրականության համար, բայց չգիտեր ով է Բալզակը, Ֆլոբերը, Գոնկուրները, որոնցով հետաքրքրվում էին նոր շկոլայի մարդիկ: Կարծեմ, նա չէր կարդացել նույնիսկ Դիկենսին, իսկ կլասիկ հեղինակների հետ ծանոթ էր շատ մակերևութաբար: Եվրոպական քննադատներից նա ճանաչում էր միայն Իպոլիտ Թենին, այն էլ վերջին ժամանակ և կարդացել էր միայն նրա դասախոսությունները գեղարվեստի մասին: Գիտնականների և փիլիսոփաների հետ նույնպես ծանոթ չէր:

Նա չէր հերքում ընթերցանության օգուտը: Նա այն հայ հեղինակներից չէր, որոնք, չգիտեմ ինչ հոգեբանական պատճառներով, վախենում են ուսումնասիրել եվրոպական գրականությունը, որ միգուցե նրա ազդեցությանը ենթարկվենք: Ընդհակառակը, նա չարաչար ծաղրում էր այդ մարդկանց, որ հայոց հին գրականությունից դուրս գրեթե ոչինչ չգիտեին և չէին ուզում ճանաչել:

— Այդ տեսակ մարդիկ, — ասում էր նա, ակնարկելով մի երկու հեղինակների, — ոչ միայն գրականության, այլև կյանքի մեջ անտանելի են: Նրանց ասածներից, ինչպես և գրածներից, միշտ Հայսմավուրքի և Շարականի հոտ է փչում, ահա ինչու ես ատում եմ նրանց:

Մյուս կողմից նա ծաղրում էր և՜ այն մարդկանց, որ գիշեր-ցերեկ անխտիր կարդում են ամեն ինչ և իրանց ուղեղի մեջ գոյացնում մի տեսակ սումբուր:

— Դրանք գլուխներ չեն, այլ երշիկներ, — ասում էր նա կծու հեգնությամբ:

Նա իրավունք ուներ այնպիսիներին ծաղրելու, որովհետև ինքը թեև շատ քիչ էր կարդացել, բայց ինչ որ կարդացել էր, լավ էր մարսել:

Ինձ սաստիկ զարմացնում էր, որ Րաֆֆին թատրոն չէր այցելում: Մի օր ես հարցրի նրանից դրա պատճառը: Դա 1886 թվականն էր, երբ Ադամյանի ներկայացումներն էին տրվում, և հասարակությունր «կեցցեներով» ու ծափահարություններով դղրդացնում էր արքունական թատրոնը: Միևնույն ժամանակ ռուսաց օպերային ամենաընտիր խումբը Թիֆլիսումն էր, և ամեն երեկո նույն թատրոնն էր գրավում ահագին բազմություն:

— Գնամ ո՞ւմ տեսնեմ, — հարցրեց Րաֆֆին յուր կողմից:

— Ադամյանին:

—Ես նրա խաղը տեսել եմ և չեմ հավանել:

—Բայց տեսել եք վեց–յոթ տարի սրանից առաջ, այժմ նա հրաշքներ է գործում, ամբողջ Ռուսաստանը հիացած է նրա խաղով:

— Մնակյանին տեսե՞լ եք. նա Ադամյանից լավ դերասան է: Ես նրան էի միայն հավանում, է՛հ, եթե շատ եք ուզում, մի օր կգնանք ձեր սիրած Ադամյանին էլ տեսնելու:

Այդ օրը երբեք չհասավ, որովհետև Րաֆֆին ամեն երեկո զբաղված էր յուր վեպերով:

Նա չէր հետաքրքրվում ոչ երաժշտությունով և ոչ երգեցողությունով: Չեմ հիշում, որ Թիֆլիս այցելող եվրոպական նշանավոր արտիստներից մեկը նրան հետաքրքրած լինի, նույնպես, որ նա գեթ մի անգամ, մեր ծանոթության ընթացքում, օպերա տեսած չինի:

—Մեր ականջները ընտելացած չեն եվրոպական մուզիկին, մենք չենք կարող բավականություն ստանալ օպերաներից, — ասում էր նա:

—Բայց դուք բանաստեղծ եք, մուզիկ հասկանալու համար կարիք չունեք մի առանձին սովորության կամ կրթության: Ձեր բանաստեղծական հոգին ավելի հեշտ կարող է զգալ հնչյունների գեղեցիկ մեղեդին, քան մուզիկ հասկացողներից ոմանք, որոնք զուրկ են բանաստեղծական ճաշակից: Գնանք Վերդիի օպերաները լսելու, նրա երաժշտությունը մեր սրտին ավելի մոտիկ է:

Իմ թախանձանքները հետևանք չունեցան. ինձ չհաջողվեց գոնե մի անգամ Րաֆֆիին օպերա տանելու: Առհասարակ նա չէր սիրում աշխարհային աղմկալից զվարճություններ, խույս էր տալիս նույնիսկ հասարակական կյանքից, ոչ մի հանդես, ոչ մի ընկերության չէր այցելում: Նա ճանաչում էր միայն իր մոտիկ բարեկամների շրջանը և Թիֆլիսի ընտանիքների հետ հարաբերություն չուներ: Միայն շաբաթական, կարծեմ, մի անգամ ճաշում էր Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի ընտանեկան շրջանում:

V

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Րաֆֆին օրվա ընթացքում առնվազը պարապվում էր տասնչորս ժամ, իսկ երբեմն և ավելի: Նա ընդունակ էր վեց-յոթ-ութ ժամ շարունակ նստել սեղանի մոտ:

— Այս գիշեր լուսաբացին եմ քնել, — ասում էր նա հաճախ զվարթ եղանակով,–ինը ժամին նստել եմ սեղանի մոտ և հինգ ժամին վեր կացել:

— Դուք կարող եք այսպիսով քայքայել ձեր առողջությունը:

— Է՛հ, ինչ արած, գործ շատ ունեմ, հարկավոր է շտապել: Վճռել եմ, բոլոր կիսատ վեպերս ավարտել և հետո մի թեթև ճանապարհորդություն անել:

—Դեպի ո՞ւր:

—Կամ Պարսկաստան, կամ Տաճկաստան, դեռ չեմ վճռել: Ուզում եմ մի անգամ Պոլիսը տեսնել, բայց այնպես, որ ոչ ոք չիմանա իմ այնտեղ լինելը: Փառք աստծո «Կայծեր»-ից ազատվեցի, այժմ պետք է վերջացնել «Դավիթ–Բեկ»-ը, «Հարեմ»-ը «Սամվել»-ը, հետո «Սալբի»-ն ուղղել և, վերջապես, տպագրության տալ: Գիտեք, ես շտապում եմ իմ թերի գործերը ավարտել, ով գիտե կարող է մի բան պատահել, ի՞նչ կլինեն իմ վեպերը, եթե ես վաղը մեռնեմ...

Այսպիսի հուսահատական մտքեր շատ հազիվ էին ծագում Րաֆֆու գլխում, բայց և այնպես երբեմն ծագում էին: Նրա համար ծանր էր իր տարիքը հաշվել և չէր սիրում ծերության մասին մտածել: Նա աշխատում էր կանոնավոր կյանք վարել իր առողջությունը պահելու համար, գործելու և միայն գործելու նպատակով:

Նա ճաշում էր հյուրանոցներում և միշտ գանգատվում էր, որ վատ է կերակրվում: Հիշում եմ, մի երկար մորուքով և միջին հասակով կարմրադեմ հույն, որ Թիֆլիսի քաղաքային փոստատան դեմ ճաշարան էր պահում: Այդ ճաշարանը հետո տեղափոխվեց «Մշակ»-ի այժմյան խմբագրատան դեմ գտնվող անկյունի տունը: Այժմ նա այլևս չկա:

Այստեղ են հավաքվում մեծ մասամբ անտուն-անտեր գործիչները և կործանիչները: Շատ անգամ ենք Րաֆֆիի հետ միասին այցելել այդ ճաշարանը: Այստեղ երբեմն տեսնում էինք Պետրոս Սիմոնյանին, որ նստում էր սեղանի մոտ և խաղում հույնի շան հետ: Պատկեր: Րաֆֆին, ձեռնափայտը քահանայի գավազանի պես բռնած, ներս է մտնում: Սիմոնյանը հույնի շան գլուխը շոյշոյում է և փաղաքշական խոսքեր ասում: Տեսնելով Րաֆֆիին, նա քթի ծայրին դրած ակնոցների միջով զարմացած մտիկ է անում, նրան, կարծես առաջին անգամն է տեսնում: Րաֆֆին երեսը շուռ է տալիս, արտասանելով՝ «աղվեսն էլ այստեղ է»: Մեկը նստած է ճաշարանի մի անկյունում, մյուսը նստում է հակառակ անկյունում: Երկուսն էլ անտարբեր են ձևանում, բայց երբեմն ակնոցների միջով գաղտուկ նայում են միմյանց և հետո սրախոսում իրարու մասին իրանց սեղանակիցների հետ:

Րաֆֆին շատ չափավոր ուտող էր: Իբրև արևելցի, խմորեղեն և բուսեղեն կերակուրներ գերադասում էր մսեղենից, թեև նրա մարսողությունը խանգարված էր: Նա ուներ ստամոքսի կատար, որ շատ անգամ ազդում էր նրա հոգեկան տրամադրության վրա: Խմում էր նույնպես շատ չափավոր: Ճաշից առաջ ընդունում է մի փոքրիկ բաժակ օղի, ճաշի միջոցին — մի կամ երկու բաժակ գինի: Երբեմն գարեջուր էր խմում, բայց շատ հազիվ և շատ քիչ քանակությամբ: Ժամանակ առ ժամանակ ախորժակով հիշում էր զանազան արևելյան կերակուրներ: Մտաբերում եմ այն րոպեները, երբ նա և Ստեփանոս Զելինսկին ճաշից առաջ, քաղցած ստամոքսի թելադրությամբ, հրճվանքով նկարագրում էին հայկական և պարսկական կերակուրներ պատրաստելու եղանակը, համը, հոտը, երբեմն լրջորեն վիճաբանելով միմյանց հետ: Երկուսն էլ կատար ունեին, երկուսն էլ խոսել գիտեին, իսկ ուտելում շատ էլ քաջ չէին:

Ճաշից հետո Րաֆֆին սովորություն ուներ երկու-երեք ժամ ոտով զբոսնելու: Այժմ էլ կենդանի կանգնած է նա աչքիս առջև, ձմեռային բավական երկար սևագույն վերարկուն մինչև կոկորդը կոճկած, մորթե գդակը գլխին, թանձր, կապույտ ակնոցներով: Անցնում էր նա Գոլովինսկի պրոսպեկտով գլուխը բարձր պահած, ծանր, հավասար քայլերով, ստեպ-ստեպ նայելով գետնին: Արտաքուստ անցորդների վրա մի հասարակ վաճառականի տպավորություն էր անում: Բայց այդ միայն դրսումը, իսկ տանը, երբ նրա գդակը գլխին չէր, երբ նրա լայն ու խելոք ճակատը բաց էր, միանգամայն կերպարանափոխվում էր:

Մի տարօրինակ զույգ էին ներկայացնում Րաֆֆին և Աղայանցը միասին զբոսնելիս: Մեկը փոքրահասակ, գդակը աչքերին քաշած, հանգիստ քայլվածքով, մյուսը — բարձրահասակ, հաղթանդամ, քայլերը խոշոր, հսկայական: Անցորդները ակամա ուշադրություն էին դարձնում այդ զույգի վրա, որ միշտ որևէ բանի մասին վիճում էր, դատում և հակաճառում միմյանց: Րաֆֆին խոսում էր հանդարտ, անփոփոխ ռնգային ձայնով, այն ինչ՝ Աղայանցի ազդու ձայնը քանի գնում բարձրանում էր և խրոխտանում: Նա վրդովվում էր, բորբոքվում և երբեմն իր խոսքը ավելի համոզիչ դարձնելու համար կամ խփում էր խոսակցի կրծքին, կամ ամուր բռնում նրա կուռը և ուժգին թափահարում:

Միմյանց մի լավ գզգզելուց հետո երկու վիպասանները նորից, իհարկե, հաշտվում էին և սկսում էին զվարճախոսել: Միայն վերջում այդ սիրալիր ընկերական հակաճառությունները սուր բնավորություն ստացան: «Կայծեր»-ի առիթով նրանց մեջ ծագեց մի անախորժ բանակռիվ, մեկը մյուսին վիրավորեց խոսքերով, և այսպիսով ընդհատվեց նրանց անձնական հարաբերությունը:

Զարմանալի զվարճախոս էր Րաֆֆին, բայց այդ հայտնի էր միայն մի նեղ շրջանի: Նա ուներ արևելյան անեկդոտների մի անսպառելի պաշար, և գրեթե ամեն օր մի նոր բան էր պատմում: Այդ մարդը, որ անցել էր կյանքի կրակի և ջրի միջով, որ ճաշակել էր ամեն տեսակ դառնություններ, մոտ հիսուն տարեկան հասակում յուր հոգու խորքում դեռ պահում էր երիտասարդական աշխույժ և թարմություն: Նա ուներ մի այնպիսի դուրեկան, անկեղծ ու մեղմ ծիծաղ, որին կարող էր նախանձել ամեն մի քսան տարեկան պատանի:

Սակայն զվարթ ու կատակասեր էր նա միայն բարեկամների նեղ շրջանում: Իսկ դրսում, հասարակության մեջ, լուռ էր, լուրջ և երբեմն շատ սառն: Ավելի սառն էր հեռավոր ծանոթների հետ գործնական հարաբերությունների ժամանակ, այնքան սառն, որ երբեմն կարող էր ամենաանտարբեր մարդուն համբերությունից հանել: Մի անգամ Թիֆլիսում հայտնի հայ թղթավաճառ Հովհաննես Տեր-Սարգսյանը դիմում է նրան փողոցում և ասում.

—Պարոն Րաֆֆի, ձեզ վրա թղթի փող ունեմ:

—Գիտեմ, — պատասխանում է Րաֆֆին, հոգով վրդովված, բայց արտաքուստ այնպես անտարբեր, որ Տեր-Սարգսյանը չի զգում, թե իր վարմունքը վիրավորել է այդ ինքնասեր մարդուն:

—Ե՞րբ պիտի տաք այդ պարտքը, — հարցնում է Տեր-Սարգսյանը:

—Երբ փող կունենամ:

— Բայց ե՞րբ կունենաք փող, — շարունակում է Տեր–Սարգսյանը, հետզհետե վրդովվելով:

— Չգիտեմ:

— Ինչպե՞ս թե չգիտեք...

— Այո՛, ինձ հայտնի չէ, թե Րաֆֆին երբ փող կունենա, բայց անշուշտ մի օր կունենա:

—Ինչպե՞ս թե չգիտեք...

—Դուք դարձյալ ձեր փողերը կստանաք մինչև վերջին կոպեկը:

—Բայց ե՞րբ, ե՞րբ, — գոչում է Տեր-Սարգսյանը, բոլորովին համբերությունը կորցնելով:

—Մի՛ չարանաք:

—Այդ անտանելի է...

—Դուք ձեր փողերը կստանաք մինչև վերջին կոպեկը:

—Դուք ինձ կատաղեցնում եք...

—Ես ձեր պարտքը կտամ:

—Համբերությունս կտրվեց...

—Մինչև վերջին կոպեկը...

—Տո մարդ աստծո, ես տրաքվեցի, դուք էլ բարկացեք, հայհոյեցեք, որ սիրտս մի քիչ հովանա էլի, — գոչում է Տեր-Սարգսյանը միանգամայն կատաղելով:

Րաֆֆին ժպտում է, Տեր–Սարգսյանը մնում է չարացած:

Նույնքան նա արտաքուստ սառն էր և՛ զվարճության ժամանակ, եթե շրջանը ամենամոտիկ բարեկամներից չէր բաղկացած: Մի օր տասը-տասնհինգ հոգի, մի խումբ կազմած, Օրթաճալում զվարճանում էինք: Մինչդեռ ամենը երգում էին, խմում էին և աղմկում, մինչդեռ հսկայամարմին Աղայանցը, տասնուհինգ տարեկան պատանիի պես, թռչկոտում էր, Րաֆֆին ծանրուբարակ նստած, հանդարտ խոսում էր և նորահարսի պես ծիծաղում: Ամբողջ ժամանակ նա նստած էր միևնույն տեղը, վերարկուն հագին, գդակը գլխին, այնպես որ կարծես երկու րոպեի հյուր էր: Մինչև անգամ իր ձեռափայտից նա չբաժանվեց և ոչ մի րոպե: Մյուս օրը նա փողոցում ինձ պատահելով, ասաց.

— Համա երեկ քեֆ արեցինք է: Հարկավոր է երբեմն այդպիսի գժություններ անել, թե չէ բոլորովին կժանգոտվենք:

Սակայն ժամանակը այնքան թանկ էր Րաֆֆիի համար, որ նա չէր ուզում և ոչ մի օր զոհել անձնական զվարճություններին: Իսկական հոգեկան զվարճությունը նա գտնում էր զբաղմունքի մեջ, իսկ անցյալի դառնությունների և թշվառությունների մխիթարանքը — այն համակրության մեջ, որով շրջապատել էր նրան հայ հասարակությունը, փույթ չէ, որ այդ համակրությունը մեծ մասամբ պղատոնական էր:

Նա գնահատում էր մարդկանց հարգանքը և պարծենում էր նրանով: Ամեն մի համակրական ցույց, մի նամակ կամ խոսք նրան խրախուսում էր, թեև միշտ ուրիշների մոտ աշխատում էր զսպել իր ուրախությունը: Բայց այնքան մոլորված չէր, որ չկարողանար անկեղծ հարգանքը ջոկել կեղծից: Ընդհակառակը մարդկանց հոգին գիտեր ճանաչել և շատ անգամ նրանց խոսքերի մեջ զգում էր սուտն ու ճշմարիտր: Քանի-քանի անգամ կեղծավոր մարդիկ իմ ներկայությամբ գովել են նրա երկերը երեսին, այնպիսի մարդիկ, որ նրա հետևից հազար ու մի բան էին խոսում: Րաֆֆին ճանաչում էր այդպիսիներին և նրանց գովասանքը լսելիս անախորժության ժպիտ էր երևում նրա դեմքի վրա: Իսկ երբ շողոքորթները հեռանում էին, նա ասում էր.

— Խոմ իրանք էլ գիտեն, որ ես շատ լավ եմ ճանաչում իրանց, ինչո՞ւ են դիմակ հագնում:

VI

Րաֆֆիի հոբելյանի տարին էր, երբ մի օր Թիֆլիսում լուր տարածվեց, թե գիշերը ինչ-որ անհայտ չարագործներ հարձակվել են վիպասանի բնակարանի վրա, իբրև թե նրան սպանելու նպատակով: Այդ ժամանակ Րաֆֆին դեռ բնակվում էր այն բնակարանում, որ ես համառոտ նկարագրեցի հոդվածիս սկզբում: Քաղաքի կենտրոնում, մի հայտնի փողոցի վրա, տեղի ունեցած եղելությունը հանդուգն էր, մանավանդ, որ հարձակման ենթարկվածը մի հասարակ մարդ չէր: Ուստի անգործ մարդիկ սկսեցին հազար ու մի անտեղի ենթադրություն անել, որոնց թվում էր և այն, թե իբրև մեղվականների դրդմամբ է եղել հարձակումը:

Տեսնենք ինչպես էր պատմում ինքը Րաֆֆին այդ եղելությունը:

— Մինչև ուշ գիշեր պարապվելուց հետո ես մոմերը հանգցրի և անցա ննջարանս: Շատ էի քնել թե քիչ — չգիտեմ, հանկարծ մի խուլ աղմուկ ինձ զարթեցրեց: Ես իսկույն ոտքի թռա և բնազդումով ձեռս տարա դեպի բարձս, որի տակ միշտ պահում էի մի ատրճանակ: Աղմուկը լսվում էր իմ կաբինետից: Ատրճանակը վերցնելով, անցա նախասենյակ: Այստեղ ականջիս հասան մարդկային շշնջյուններ. ինձ թվաց, որ մի քանի մարդիկ դիմում են դեպի իմ ննջարանը և արդեն ուզում են բանալ կաբինետիս դռները: Ես կանգնեցի դռներիս հետևում և բոլոր ուժովս դեմ կացա, որ նրանք չկարողանան բանալ, իսկ նրանք հրում էին, որ բանան: Մեր լուռ կռիվը տևեց մի քանի վայրկյան, մինչև որ նրանք կարողացան դռները մի քիչ բանալ: Ես ատրճանակիս խողովակը ուղղեցի դռների միջով դեպի կաբինետը, չարագործները հետ կանգնեցին: Ես, սիրտ առնելով, դռները բաց արեցի և ատրճանակս արձակեցի: Որքան ես կարողացա նկատել, նրանք երեք հոգի էին, որոնցից երկուսը սենյակումն էին, երրորդը՝ լուսամուտի հատակի վրա: Նրանք շտապեցին լուսամուտով ցատկել դեպի դուրս և անհայտանալ: Ես սկսեցի գոռալ, հարևաններիս օգնության կանչել չարագործներին բռնելու, բայց ոչ ոք չեկավ. ատրճանակի գնդակը անցավ իզուր, ահա այստեղով...

Այս ասելով, նա ցույց տվեց գնդակի հետքը, որ երևում էր լուսամուտի մի փեղկի վրա:

—Ի՞նչ եք կարծում, ի՞նչ տեսակ մարդիկ կարող են լինել հարձակվողները, — հարցրի ես:

—Ով գիտե, բայց կարծում եմ, որ կողոպտելու նպատակով չէին եկել: Ինչպես տեսնում եք, ոչ մի բանի ձեռք չեն տվել: Մինչև անգամ այս մի քանի ռուբլին էլ, որ, ինչպես այժմ, դրված էին գրասեղանիս վրա, անուշադիր են մնացել: Իսկ նրանք տեսած կլինեն, որովհետև մեկի ձեռքում վառած մոմ կար:

Երկու օր անցած, երբ լրագիրները այդ եղելության լուրը հասցրին գավառները, ամեն մի կողմից սկսեցին Րաֆֆիի անունով գալ շնորհավորական հեռագրեր և նամակներ: Թշնամիները այդ եղելությանը չէին ուզում հավատալ և աշխատում էին տարածված լուրի մեջ մի հետին միտք գտնել: «Մեղու»-ն, այդ լուրը լսելով, մյուս օրը հրատարակեց, թե միևնույն գիշեր Հայկունիի բնակարանի վրա էլ հարձակում է գործվել, բայց «չարագործները» ոչինչ չեն կարողացել անել և միայն նրա գալոշները գողացել են ու գնացել: Ահա հենց «Մեղվ»–ի հաղորդած այս լուրը, կարելի է ասել, ուներ մի հետին նպատակ: Մի աննշան Հայկունիի անունը կապելով հայտնի վիպասանի հեղինակավոր անվան հետ, կամենում էին հասարակության վրա մի որոշ տպավորություն գործել. Անցավ բավական ժամանակ, և մի օր Րաֆֆին ինձ ասաց.

— Գիտեք, վերջապես, ես իմացա ովքեր են եղել ինձ վրա հարձակվողները:

— Ովքե՞ր էին:

— Սովորական գիշերային սրիկաներ: Տեսեք բանը ինչպես է պատահում:

Նա պատմեց, որ եղելությունից մի քանի օր առաջ յուր ծառային տալիս է մի քսանուհինգանոց թղթադրամ, որ փողոցում մանրացնի: Ծառան թղթադրամը տանում է հարևան օղետներից մեկը, ուր նստած կոնծելիս են լինում մի քանի սրիկաներ: Նրանցից մեկը հարցնում է ծառային, թե արդյ՞ոք նրա աղան շատ ունի այսպիսի թղթադրամներ: Հիմար պատանին պատասխանում է, թե «աղան» մի ահագին սնդուկ լիքն ունի պահած իր ննջարանում: Սրիկաները հարցուփորձ են անում և տեղեկանում, որ Րաֆֆին բնակվում է առանձին բնակարանում և գիշերները մենակ է լինում:

— Ահա այդ մարդիկ են եղել ինձ վրա հարձակվողները, ես նրանց հետ ծանոթացա մինչև անգամ:

—Ի՞նչպես:

—Երբ ծառաս մի օր ինձ պատմեց այդ բանը, իմ մեջ իսկույն կասկած ծագեց: Ես հրամայեցի նրան, որ ցույց տա ինձ այն օղեվաճառին: Գնացի նրա մոտ: Սկզբում օղեվաճառը չկամեցավ ոչինչ ասել, բայց ես խնդրեցի, որ «լոթիանա» ցույց տա սրիկաներին: Խոստացա ոչ միայն ոստիկանությանը չմատնել, այլ մինչև անգամ փող էլ նվիրել նրանց: Մի երեկո օղեվաճառը ինձ մոտ բերեց երկու կարմրադեմ առողջ կինտոներ և ասաց, «սրանք են լոթիքը»: Կինտոները ժպտացին, ասելով, «աղա, էս մեկը բախշի»: Ես հիացա նրանց կազմվածքով և, մի տասը ռուբլիանոց նվիրելով, բաց թողեցի, հավատացնելով, որ ես ոչ միայն փողերով լի սնդուկ չունեմ, այլ երբեմն ինքս էլ ուրիշների սնդուկների վրա արշավանք գործելու չափ կարիք եմ զգում...

Գիշերային հարձակումից հետո շատ հայ կտրիճներ առաջարկում էին Րաֆֆիին գիշերները հերթով պահապան կանգնելու նրա դռների մոտ: Նա բավականացավ միայն մի մշեցու առաջարկությամբ, որ այնուհետև ամեն անգամ քնում էր նրա նախասենյակում:

Րաֆֆին վախկոտ մարդ չէր, ընդհակառակը, նրա կյանքի անցյալը լիքն էր վտանգավոր արկածներով: Նա մեն-մենակ շատ անգամ էր ճանապարհորդել Պարսկաստանի խորքերում և պատահել էր, որ գիշերները ընկել էր ավազակների բները և ազատվել: Այսպես, նա պատմում էր, որ մի անգամ, առևտրական գործերով ճանապարհորդելիս, գիշերը իջևանում է մի ավազակապետի տանը, առանց իմանալու, թե ուր է իջևանում: Տանտերը ընդունում է նրան սիրով, բայց ագահ աչքերով չափում է նրան ոտից մինչև գլուխ:

—Դուք վաճառակա՞ն եք, — հարցնում է նա:

—Այո, — պատասխանում է Րաֆֆին:

—Չե՞ք վախենում մենակ ճանապարհորդել:

—Ի՞նչ կարող են ինձ անել:

— Կարող են ձեր գլուխը սոխի պես թռցնել և ձեզ կողոպտել: Երևի դուք փող ունե՞ք:

— Ունեմ, բայց ինձանից փող խլելը հեշտ բան չէ:

Տանտերը կատաղած և կարմրած աչքերով նայում է Րաֆֆիին և հեգնաբար պատասխանում.

— Մի՞թե... Ցանկալի է իմանալ, ի՞նչ կանեիք, եթե իսկույն, հենց այս րոպեին մի երկու կտրիճ ավազակներ կանգնեին ձեր գլխին:

Այս ասելով տանտերը նշան է անում, և դռների առջև երևում են մի զույգ ավազակադեմ մարդիկ:

— Ի՞նչ կանեի, — պատասխանում է Րաֆֆին, — նախ և առաջ ես նրանց ցույց կտայի ահա այս փոքրիկ զենքի ուժը:

Այս ասելով, նա գրպանից հանում է վեցտրաքիչ ատրճանակը և մի անգամ արձակում է. գնդակը անցնում է առաստաղի մեջ: Ավազակապետ տանտերը, մի փոքր լռելուց հետո, ասում է.

— Դուք իսկական ճանապարհորդ եք, ես հավանում եմ այն մարդկանց, որ իրանց պաշտպանել գիտեն:

Հետո դառնալով դռների մոտ կանգնած մարդկանց, հրամայում է.

— Շարբաթ բերեք մեր ղոնաղի համար:

Նույնիսկ այն դեպքը, որ Րաֆֆին տասնվեց տարեկան հասակում, գիմնազիստ ժամանակը, մեն-մենակ ուղտի վրա ճանապարհորդել է Փոքր Ասիայի մի մասում, ցույց է տալիս, որ նա անձնական վտանգները արհամարհում էր: Նա շատ էր սիրում խոսել հայերի անհատական քաջության մասին: Նա ասում էր, որ եթե այդ անհատական քաջությունը ընկերական լիներ, հայերը կարող էին աշխարհի երեսին մի զորեղ ազգ լինել:

— Ամեն մի հայ, առանձին վերցրած — առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ — հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը, խմբովին գործելիս, ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի իր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես թշնամուն թողած, միմյանց միսը ուտել: Այո,
անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, և նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ:

Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա՞ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ, մենք կորած ենք, կամ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր:

Զգո՞ւմ էր արդյոք Րաֆֆին, որ ոչ մի մտավոր առաջնորդ հայի ընկերական հոգու զարգացմանը այնքան չէ նպաստել, որքան ինքն իր զորեղ գրչի միջոցով:

VII

Ես արդեն ասացի, որ Րաֆֆին շատ քիչ էր ծանոթ եվրոպական գրականությանը: Սակայն այն հեղինակները, որոնց երկերը նա կարդացել էր կամ ուսումնասիրել, խորին ազդեցություն էին արել նրա վրա: Եվ ոչ միայն այս, այլև դրոշմել էին նրա ապագա վեպերի վրա իրենց կնիքը:

Դեռ երիտասարդ հասակում նա այնքան էր ոգևորվել Էժեն Սյուի «Թափառական հրեա»-ով, որ կամեցել էր նույն ուղղությամբ վեպեր գրել: Նա ինքը խոստովանում էր, որ «Խաչագողի հիշատակարանը» սկսված է հենց այդ վեպի ազդեցությամբ, բայց հետո ենթարկված է փոփոխությունների: Սակայն կարծում եմ, որ հոտառություն ունեցող ընթերցողի համար այժմ էլ շատ զգալի է այդ վեպի մեջ «Թափառական հրեա»-ի ազդեցությունը: Այստեղ, ընթերցողին չշփոթեցնելու համար, հարկավոր եմ համարում նկատել, որ թեև «Խաչագողի հիշատակարանը» լույս է տեսել Րաֆֆիի մի շարք ուրիշ վեպերից հետո, որոնց մեջ չէ երևում Սյուի ազդեցությունը, բայց նա գրված է «Խենթ»-ից, «Կայծեր»–ից, «Դավիթ-Բեկ»-ից, «Ջալալեդդին»-ից և մյուս հետագա վեպերից առաջ: Եթե չեմ սխալվում, նա սկսված է անմիջապես «Խլվլիկ»-ից և «Սալբի»–ից հետո, որոնք վերաբերվում են Րաֆֆիի գրչի պատանեկան ժամանակներին:

Հայտնի բան է, Րաֆֆին, մտավորապես հասունանալով, չէր կարող երկար մնալ Է. Սյուի ազդեցության ներքո: Բայց Վիկտոր Հյուգոյի հրապույրը նրա աչքում վառ մնաց մինչև մահ: Նա ծանոթ չէր գրականության պատմությանը: Նա չգիտեր, որ աշխարհի երեսին ոչ մի գրականություն այնքան պատմական շկոլաներ չէ անսել, որքան ֆրանսիականը, հետևաբար, և ոչ մեկի զարգացումը այնքան հաջորդաբար և կանոնավոր չէ կատարվել, որքան ֆրանսիականինը: Նա հեղինակներին ճանաչում էր առանձին-առանձին, շկոլայից անկախ և՜ այդպես էր դատում նրանց մասին: Հասկանալի է, ուրեմն, որ, նորագույն գրականության ուղղությունների հետ ծանոթ չլինելով, նա ոգևորվում էր ֆրանսիական ռոմանտիզմի վերջին և ամենափայլուն դրոշակակրի գործերով այն ժամանակ, երբ այդ գործերը նույնիսկ հեղինակի հայրենիքում դադարել էին միահամուռ ոգևորություն զարթեցնելուց:

Ժամանակները փոխվել էին, գրականության պահանջները նույնպես. ամբողջ ընթերցող աշխարհը սրտի բաբախումով դիտում էր այն գրականական շարժումը, որ սկսվել էր ռոմանտիզմի վերջնական անկումից հետո, իսկ այստեղ, մի կիսակիրթ հասարակության մեջ, կար մի վիպասան, որ դեռ հափշտակվում էր մի մարող աստղի վերջին փայլով: Նա համոզված էր, որ աստղը դեռ շատ երկար ժամանակ պետք է յուր լույսով նսեմացնի ամենին, որ ռոմանտիզմը վիպագրության իշխող ուղղությունն է: Բնական է, ուրեմն, որ մի այսպիսի անպայմանն հավատ պետք է ստիպեր Րաֆֆիին ենթարկվելու Հյուգոյի ազդեցությանը: Ապագա քննադատին մեծ դիտողություն հարկավոր չէ, որպեսզի նա Րաֆֆիի գրականական ձևերի մեջ գտնի մի անհերքելի նմանողություն Հյուգոյին: Նույն ձգտումն ամեն մի փոքր թե խոշոր երևույթ ընդհանրացնելու և բնական կամ հասարակական օրենքների տակ դնելու, նույն փափագը միշտ պարադոքսներով դատելու, նույն սերը դեպի հանկարծակի էֆեկտներ և, վերջապես, նույն ցանկությունը հակիրճ և հատուկտոր դարձվածքներով գրելու, ինչ որ Հյուգոյի մեջ: Տարբերությունը մեկի և մյուսի տաղանդի զորության ու չափի և նրանց քիչ թե շատ ինքնուրույնության մեջն է: Ինչ ասել կուզի, որ ամեն կետից գերազանցությունը անպայման ուսուցչի կողմն է:

Հյուգոյից յուրացրած թերությունը պետք է համարել և՜ այն կրկնությունները, որոնցով լիքն են Րաֆֆիի վեպերը, և որոնք թեև տեղ-տեղ կրում են բանաստեղծական դրոշմ, բայց ընդհանրապես ձանձրալի և տաղտկալի են: Այդ կրկնությունները դարձյալ առաջանում են վիպասանի դեպի կեղծ էֆեկտները ունեցած անհաղթելի սիրուց: Չլիներ այդ սերը, կարծում եմ լոկ գաղափարով հափշտակվելը Րաֆֆիին չէր ստիպիլ մոռանալ, որ բանաստեղծության ուժը հոգեբանական ճշմարտության մեջ է պարունակվում, որ ֆորման միայն վեպի արտաքին գեղեցկությունն է, իսկ ներքինը, հարատևը ամփոփված է տիպերի, անձերի, տեսարաններն ու պատկերների խորին ռեալականության մեջ, մի ռեալականության, որ դժբախտաբար բացակայում է հայ վիպասանի երկերի մեծամասնության մեջ: Բայց ամբոխին գրավելու համար հարկավոր էին կեղծ էֆեկտներ. նրա աչքերը այնքան սրատես, նրա հոգին այնքան կրթված, նրա սիրտը այնքան քնքշացած չէ, որպեսզի կարողանա իսկական գեղարվեստական նրբությունները գերադասել կոշտ, կոպիտ և շինովի գեղեցկությունից: Իսկ Րաֆֆին գրում էր ամբոխի համար, նրան հարկավոր էր թմրած մտքեր զարթնեցնել և որոշ զգացումներ գրգռել, ինչ փույթ, որ հոգեբանությունը և գեղարվեստը տանջվում էին այն ձգտումից...

Այսպես, ուրեմն, Րաֆֆին ռոմանտիզմի երկրպագու էր: Հյուգոյով հափշտակված, հետևաբար չէր կարող ոգևորվել նոր գրականական ուղղությամբ: Չգիտեմ նա կարդացել էր Զոլայի վեպերը, թե ոչ, բայց հարգանքով չէր վերաբերվում դեպի նատուրալիզմը: Հավանական է, որ ծանոթ չէր «L’assommor»–ի հեղինակի հետ, որովհետև շատ միակողմանի կարծիք ուներ նրա մասին: Նա Զոլային համարում էր պոռնոգրաֆ և, որքան հիշում եմ, այդ կարծիքը կազմել էր հակազոլայական գրվածների հիման վրա: Այն ինչ՝ ինքը Րաֆֆին երբեմն հակումն էր ցույց տալիս դեպի իսկական պոռնոգրաֆիա, երբ կամենում էր իրական կյանքից վերցնել իր վեպերի նյութը: Հիշում եմ այն արատավոր ասիական ինտրիգը, որ նա մտցրել էր յուր վերջին «Մինը այսպես, մյուսը այնպես» վեպի մեջ: Եվ միայն բարեկամների թախանձանքը ստիպեց նրան դուրս ձգել վեպի միջից այդ ինտրիգը...

Րաֆֆին ծանոթ էր ռուսաց մի քանի խոշոր վիպասանների երկերի հետ: Ամենից ավելի նա սիրում էր Տուրգենևին, որին միայն նա կարդացել էր ամբողջովին և որով նույնպես ոգևորվում էր: Առանձնապես դուր էր գալիս նրան ռուս վիպասանի ոճը:

— Այդքան պարզ, հասարակ լեզու և այդքան բանաստեղծական, — ասում էր նա, — կարող են ունենալ միայն արտաքո կարգի տաղանդները:

Գալով հայ հեղինակներին, Րաֆֆին, ինչպես վերը ակնարկեցի շատ խստորեն են վերաբերվում նրանց: Նրա խստությունը շատ պարզ արտահայտված է մի հոդվածի մեջ, որ նրա մահվանից հետո տպվեց «Մշակ» լրագրում: Հոդվածը գրված է այն ժամանակ, երբ Րաֆֆին «Կայծեր»-ի առթիվ բանակռիվ ուներ Աղայանցի հետ, երբ երկու հեղինակները միմյանց տալիս էին այնպիսի սուր ածականներ ինչպես «բրուտի շուն», «Արամազդի էշ» և այլն և այլն: Պարզ է, որ այդ հոդվածը պետք է միակողմանի ուղղությամբ գրվեր, որպես րոպեական վրդովմունքի արգասիք: Բայց և այնպես նրա մեջ բերված կետերի էական մասը Րաֆֆիի համոզմունքն է կազմում: Այստեղ Խաչատուր Աբովյանցը հռչակված է իբրև մեր ժողովրդական վիպասանների ամենատաղանդավոր ուսուցիչ, իսկ Ղազարոս Աղայանցը և Պերճ Պռոշյանցը իբր նրա աշակերտներ, բայց աշակերտներ «զուրկ իրանց ուսուցչի տաղանդից»:

Հիշում եմ մի երկար վիճաբանություն Րաֆֆիի հետ այդ հոդվածի առթիվ: Մասնավորապես ես պաշտպանում էի Աղայանցին: Ես գովում էի նրա «Երկու քույրերը» և «Անահիտը», Րաֆֆին հարձակվում էր.

— Այդ տեսակ տետրեր կարող է գրել ներսիսյան դպրոցի ամեն մի աշակերտ, — իսկ այդ ահագին մարդուց ավելի բան պետք է պահանջել, — ինչ ուզում եք ասեք, Աղայանցը վիպասան չէ, այլ մանկական գրող...

Եվ այդպես, նա անպայման հերքում էր Աղայանցի տաղանդը, բայց հերքում էր վրդովված, մի հանգամանք, որ ինձ առիթ էր տալիս կարծելու, որ իր հոգու խորքում նա զգում է Աղայանցի արժանավորությունները: Այն ինչ Պռոշյանցի մասին նա մեծ մասամբ հեգնաբար էր խոսում:

— Այդ մարդը, — ասում էր նա, — Աշտարակ գյուղի դավթարչին է: Նրա դավթարի մեջ ինչ ասես կա, բացի բանաստեղծությունից:

Սունդուկյանցին Րաֆֆին խիստ էր վերաբերվում միայն նրա լեզվի պատճառով, որովհետև ինչպես վերը ասացի, նա ատում էր գավառաբարբառները: Գալով բովանդակության, նա հարգում էր հայ դրամատուրգի կոմեդիաները: Քանի-քանի անգամ փողոցում զբոսնելիս Րաֆֆին ինձ մատնացույց է արել այս կամ այն անցորդին, ասելով. «Տեսեք Սունդուկյանցի Զիմզիմովը» կամ «Սունդուկյանցի Գիքոն, Կակուլին, Պեպոն»: Հիշել հեղինակի տիպերը — մի գեղեցիկ ապացույց է, որ զգում ես նրա տաղանդի ուժը: Րաֆֆին չէր հավանում միայն Սունդուկյանցի նոր տիպերը, համարելով նրանց թերի և անհաջող:
Չեմ հիշում, ինչ կարծիք ուներ նա Ծերենցի մասին, բայց գիտեմ, որ նրանք միմյանց ատում էին: Մեկը Րաֆֆին էր իր «Կայծեր»-ով և «Խենթ»-ով, մյուսը՝ Ծերենցը, որ հայրենիքի փրկությունը հայ լուսավորչականության մոլեռանդ պաշտպանության և վաճառականության զարգացման և տարածվելու մեջ էր որոնում: Պատմում են, որ երբ «Խենթ»-ը տպվում, վերջանում է «Մշակ» լրագրում, մի օր Ծերենցը մտնում է խմբագրատուն և վրդովված հարցնում է, թե ո՞վ է Րաֆֆին: Ցույց են տալիս Րաֆֆիին, որ այդ ժամանակ նստած է լինում խմբագրատանը:

— Դու ես գրել այդ խելառ «Խենթ»-ը, — հարցնում է Ծերենցը բարկացած:

— Այո՛:

— Խենթը դուն ես, որ անանկ բաներ գրել ես, ամո՛թ, — ասում է Ծերենցը և հեռանում:

Տաքարյուն ծերունին կատաղած է լինում Վարդանի երազով, որով ավարտվում է «Խենթ»–ը:

Բոլոր ոտանավոր գրողների մեջ Րաֆֆին ընդունում էր միայն Դուրյանի, Պեշիկթաշլյանի և Գամառ-Քաթիպայի բանաստեղծ լինելը: Առաջինին նա գերադասում էր ամենից: Մյուս բոլոր բանաստեղծների վերաբերմամբ նա կամ չէր խոսում կամ խոսում էր կիսաբերան: Նա խոնարհվում Էր Գամառ-Քաթիպայի ժողովրդականության առջև, հարգում էր նրան իբրև ամենաազդու, տենդենցիոզ բանաստեղծի, բայց ատում էր նրան իբրև անձնավորության: Մի անգամ Գամառ–Քաթիպան Թիֆլիսումն էր, և հասարակությունը բանաստեղծին հարգելու համար հանդիսավոր ընթրիք էր տալիս: Որքան խնդրեցի, թախանձեցի, Րաֆֆին չկամեցավ ներկա լինել այդ ընթրիքին:

Րաֆֆին մեծ գովասանքով էր խոսում Թաղիադյանցի մասին, որի «Սոս և Սոնդիպի»-ն համարում էր առաջնակարգ բանաստեղծություն հայկական գրականության մեջ: Նա վրդովվում էր, որ հայ հասարակությունը լավ չէ ճանաչում այդ բանաստեղծին:

Յուր ոտանավորների մասին Րաֆֆին շատ քիչ էր խոսում: Ըստ երևույթին նա ինքը նրանց մի առանձին նշանակություն չէր տալիս:

VIII

Ամբոխի մակերևութական հայացքը Րաֆֆիի մասին կազմել էր սխալ կարծիք: Մարդիկ նրան համարում էին և՜ ինքնահավան, և՜ ժլատ, և՜ փողասեր և՜ մարդատյաց:

Նա, ով լավ էր ճանաչում Րաֆֆիին, ուրիշ կարծիք ուներ նրա մասին: Ես չեմ տեսել մի հայ հեղինակ, որ իսկապես այնքան համեստ լիներ, որքան Րաֆֆին, միևնույն ժամանակ չեմ կարող ցույց տալ մի հայ գրականական գործիչ, որ այնքան շատ իրավունք ունենար իր գործերով պարծենալու, որքան Րաֆֆին:

Եթե նա իր բարեկամների նեղ շրջանում երբեմն խիստ քննադատում էր յուր արհեստակիցներին, դա դեռ չէ նշանակում, որ նա նրանց չէր հարգում: Այդ ցույց է տալիս, որ նա հայ գրականությունից ավելի էր պահանջում: Եթե լրագրության մեջ երբեմն ստիպված էր լինում իրան պաշպտանել — դա դեռ չի նշանակում, որ ուզում էր իրան գովել: Շատ անգամ հակառակորդները այնպիսի ծայրահեղության էին հասնում, որ սկսում էին նրան զրպարտել չեղած բաներում: Ահա հենց բացարձակ զրպարտություններն էին, որ ստիպեցին Րաֆֆիին «Մշակ»-ի մեջ ասպարեզ գալ Փավստոս ստորագրությամբ Հայկունիի դեմ: Նա ինքն էր կամենում պաշտպանել իր նվիրական գաղափարները, իր հավատամքը անզգամ հարձակումների դեմ, նա ինքն էր կամենում մաքրել իր անունը անարդար արատներից, որովհետև ուրիշ ո՞վ կարող էր այնպիսի տաղանդով ու հմտությամբ պաշտպանել նրան: Մարդուն ցեխոտում էին, համարում էին «խաչագող», «փերեզակ», գրականական անբարոյականություն տարածող, ազգի և եկեղեցու դավաճան, չգիտեմ էլ ինչ, և նա պետք է լռեր, պետք է համբերությամբ տաներ այդ բոլոր հայհոյանքները: Ոչ, նա սառնարյուն փիլիսոփա կամ անտարբեր գիտնական չէր, որոնց իսկի չեն էլ հայհոյում այդպիսի անպատկառությամբ: Նա զգայուն սրտի և վառ երևակայության տեր մի մարդ էր, որ չէր կարող ականջները փակել, աչքերը ծածկել բացարձակ զրպարտությունների դեմ:

Նա պետք է պատռեր իր թշնամիների դիմակը և պատռում էր անխնա:

Ահա ինչով պետք է բացատրել Փավստոս-Րաֆֆիի մի շարք կրքոտ հոդվածների երևան գալը: Կրկնում եմ, ոչ մի բարեկամ չէր կարող այնպիսի տաղանդով պաշտպանել Րաֆֆիին, որքան նա ինքն էր պաշտպանում իրան, որովհետև ոչ ոք այնքան լավ չէր ուսումնասիրել նրա թշնամիներին, որքան ինքը:

«Րաֆֆին գոռոզ է», — դատում էին կարճատես մարդիկ, նայելով նրան արտաքուստ: Եվ այդ անսահման թախիծով սքողված դեմքը, այդ մշտական տխուր ժպիտով սեղմված շրթունքները, այդ խորշոմած մռայլ ճակատը, այդ կնճռված ունքերը — ամբոխի աչքում գոռոզության նշաններ էին: Բայց մոտեցեք այդ մարդուն, խոսեցեք նրա հետ, դիտեցեք նրա դեմքի վրա մերթ ընդ մերթ սահող համեստ ժպիտը, լսեցեք նրա անկեղծ ծիծաղը, այցելեք նրա անշուք բնակարանը, տեսեք ինչպիսի սիրով է նա ընդունում ցնցոտիներով կծկված խեղճ, ողորմելի մշեցիներին, ինչ ախորժանքով է նա նրանց հետ ժամերով խոսում, նրանց մխիթարում, սիրտ տալիս ապագայի համար, ինչպես է սեղմում նրանց կոշտ ու ոսկորոտ ձեռները, ինչպես է հյուրասիրում նրանց, և դուք կհամոզվեք, որ այդ սառն ու գոռոզ կերպարանքի տակ թաքցված է իսկական ժողովրդական մարդու ջերմ և մարդասեր հոգին:

Րաֆֆին գոռոզ էր: Այո՛, ճշմարիտ է: Բայց ո՞ւմ հետ, նրանց հետ, որոնք չգիտեին հարգանքով վերաբերվել դեպի իրանց հայրենիքի ցավերը, նրանց հետ, որոնք հերքում էին և՛ ազգ, և՛ լեզու, և՛ նույնիսկ իրանց ծագումը: Դա իսկապես գոռոզություն չէր, այլ յուր հայրենիքի պատվի նախանձախնդիր հայի արհամարհանք: Հոգով ինքը հպարտ լինելով, նա ատում էր ուրիշների մեջ ստրկությունը մեծամեծների առջև և ամբարտավանությունը փոքրավորների մոտ: Եվ որքան մանավանդ ծաղրում էր գրականական ամբարտավաններին:

«Րաֆֆին ժլատ է», — կրկնում էր նույն ամբոխը: Նա խույս էր տալիս հասարակական զվարճատեղերից, վարում էր չափավոր և սուղ կյանք, գրեթե ինչպես մի կամավոր ճգնավոր, չէր շռայլում աջ ու ձախ յուր դառը քրտինքով վաստակած չնչին կոպեկները — և դա համարվում էր ժլատության և փողասիրության նշան: Բայց ո՞վ պետք է պահեր նրա ընտանիքը, ո՞վ պիտի հոգար նրա զավակների կրթությունը, ո՞վ պետք է ապահովեր նրան ծերության հասակում:

Սակայն, չնայելով այդ հոգսերին, նա ինքը դարձյալ օգնում էր ուրիշներին:

Քանի՛ –քանի՛ անգործ ուսուցիչներ են դիմել նրան և օգնություն ստացել, քանի՛ –քանի՛ ամոթխած մուրացկաններ, որ չէին ուզում բացարձակ ողորմություն հավաքել, շատ անգամ նրան են դիմել և նպաստ ստացել, քանի-քանի հիվանդ տաճկահայերի է օգնել և քանիսի ճանապարհածախսն է հոգացել: Եվ այդ բոլորը անում էր գաղտնի, առանց իր արածի մասին փողեր փչելու և թմբուկներ զարկելու, որովհետև չէ՞ որ նա ինքը մարդկանց փարիսեցիական բարեգործության թշնամի էր և քիչ չէր կռվել դրա դեմ գրչով: Այն ինչ ամբոխը, որ միայն աչքերով է դատում, չէր ճանաչում նրա հոգին, նրա անհատական կյանքը և համարում էր նրան ժլատ, փողասեր: Ո՞ւր մնացին նրա հազարները, որոնց մասին գոռում էին թշնամիները, ինչո՞ւ մահից հետո երևան չեկան, և այսօր նրա ընտանիքի միակ ժառանգությունը նրա գրքերն են և անունը:

Եթե Րաֆֆին մինչև անգամ ժլատ և փողասեր էլ լիներ, արդարանալու կարիք չուներ: Այն դառնությունները, այն կարոտությունները, որ նա կրել էր իր անցյալ կյանքի ընթացքում, ինքնըստինքյան կարող էին արդարացուցիչ պատճառներ համարվել: Մինչդեռ սեփական թշվառությունները նրա սիրտը չէին քարացրել, այլ սովորեցրել էին ուրիշների կարիքին կարեկից լինելու և ոչ միայն իբրև հասարակական գործիչ, այլև իբրև մարդ, իբրև անհատ:

—Ճանաչո՞ւմ եք այդ մարդուն, — դարձավ մի օր նա ինձ, ցույց տալով փողոցում մի անցորդ:

—Ո՛չ, — ասացի ես:

—Ի՞նչ եք կարծում, ի՞նչ գործով է նա զբաղված:

—Արտաքինից դատելով, — պատասխանեցի ես, — կարելի է նրան ընդունել կամ մի միջին կարողության կալվածատիրոջ, կամ վաճառականի տեղ:

Րաֆֆին դառնությամբ ժպտաց և ասաց.

— Այսպես շատ անգամ մարդկանց արտաքինը խաբուսիկ է: Այդ մարդը մուրացկան է, բայց գաղտնի մուրացկան: Թիֆլիսը լիքն է այդպիսիներով: Երեկ երեկոյան նա ինձ մոտ էր, ճանաչում է ինձ, կարդացել է իմ վեպերը: Նա մի ժամանակ հարուստ է եղել, հանդիպել է ձախորդության, կորցրել է ամեն ինչ և այսօր մուրացկան է, բայց ինքնասիրությունը չէ թույլ տալիս իր իսկական վիճակը ուրիշներին հայտնելու, նա երեկ եկել էր ինձ մոտ և արտասունքը աչքերին պատմում
էր իր օրերը: Նա ասում էր, թե միայն ուրիշների ցավը նկարագրողը կհասկանա նրա վիճակը, ուստի ինձ էր դիմել: Ցավում եմ, որ չունեի ավելի տալու, բայց տվեցի, ինչ որ կարող էի. թշվա՛ռ մարդ:

Եվ մի՞թե կարող էր ժլատ և մարդատյաց լինել նա, որ այդպիսի վշտակցությամբ էր վերաբերվում դեպի իսկական կարոտյալները և թշվառները:

IX

Ես չեմ ուզում Րաֆֆիի անձնական հատկությունների փաստաբանը հանդիսանալ և ոչ էլ նա կարոտ է իմ պաշտպանության: Բայց զազրելի է, երբ մի այդպիսի մարդու մասին թյուր և անարժան գաղափար է կազմվում:

Րաֆֆին ուներ թերություններ, բայց ոչ այն, ինչ որ վերագրում էին նրան մարդիկ: Նրա լեզուն երբեմն անզուսպ էր իր հակառակորդների վերաբերմամբ: Րոպեական վրդովմունքը նրան հասցնում էր ծայրահեղության: Նա չէր խնայում ոչ մի սուր ածական իր հակառակորդների համար, աշխատում էր միշտ միայն նրանց թերությունները տեսնել, գուցե երբեմն և հնարում էր չեղած թերությունները:

Հիշում եմ նրա մի կատաղի հոդվածը «Մշակ»-ի մեջ Պետրոս Սիմոնյանցի և ընկերության դեմ: Դա «Մեղվ»-ի քսանուհինգամյա հոբելյանի ժամանակն էր: Գաղափարներով արդարացի հոդվածը վարակված էր մի քանի այնպիսի ակնարկներով, որոնց կարելի էր միայն Րաֆֆիի թշնամիներից սպասել և ոչ Րաֆֆիից: Այդ ակնարկները նույնիսկ վիպասանի բարեկամների և երկրպագուների վրա անախորժ տպավորություն գործեցին:

Նա քինախնդիր էր և ոխակալ — ահա նրա հոգու տկար կողմը: Շատ անգամ էր նա վճռել արհամարհել իր թշնամիներին, բայց չէր կարողանում, որովհետև կիրքը նրա մեջ զորեղ էր: Նա միշտ բարկանում էր իր թշնամիների հարձակումների դեմ: Այն ինչ արհամարհանքը, ինչպես շատ գեղեցիկ նկատել է Ռենանը, բարկության հետ կապ չունի: «Բարկությունը մարդուն թելադրում է ճռճռան ֆրազներ, կոպտություն, հաճախ և վիրավորանք, իսկ արհամարհանքը գրեթե միշտ արտահայտվում է վայելուչ և արժանավոր ոճով: Նա ով որ բարկանում է, կամենում է, որ ուրիշներն էլ իր հետ բարկանան, իսկ նա, որ արհամարհում է, այնպիսի մի նուրբ հաճույք է զգում, որ կարիք չունե ուրիշների մասնակցությանը: Արհամարհանքը ինքն իրանով է բավականանում»:

Րաֆֆին կարողանում էր արհամարհել միայն իր թույլ և աննշան հակառակորդներին, որոնց թիվը լեգեոն էր, իսկ նրանց, որոնց մեջ ուժ էր զգում, ատում էր ամբողջ էությամբ: Դրանից էր առաջանում այն սարսափելի թույնը, որով տոգորված են նրա բոլոր պոլեմիկական հոդվածները:

Նա չէր ուզում համոզվել, որ եթե յուր հակառակորդների արժանավորությունները խոստովանի, դրանով ինքն իրան ավելի կբարձրացնի, որովհետև ինչ հրապույր ունի անարժանների հետ կռվելը:

—Արժե՞ կռվել այդ մարդկանց հետ, որոնց ինքներդ ամեն կրիտիկայից ստոր եք համարում, — ասում էր նա երբեմն:

—Արժե, որովհետև նրանք վնասակար են:

—Կնշանակե ոչնչություն չեն, այլ ուժ, խոստովանեցեք, ուրեմն, որ դուք ուժի դեմ եք կռվում:

—Այո, թունավոր միջատներն էլ ուժ են, բայց նրանց հետ չեն կռվում, այլ ջախջախում են նրանց, ոտնատակ են անում:

Եվ իրավ, որ նա չէր կռվում, ինչպես դիսցիպլինայով անցած սառնարյուն զինվոր, այլ ջախջախում էր և ոտնատակ անում, ինչպես մի ասպատակ:

Գուցե դրանով պետք է բացատրել այն անսահման ատելությունը, որ զգում էին դեպի Րաֆֆի-Մելիքզադեն ամենը, որոնք երբևէ ենթարկվել են նրա հարվածներին:

X

Բանաստեղծների կյանքում կանայք սովորաբար մեծ դեր են խաղում, շատ անգամ արմատապես փոխում են նրանց հոգեկան աշխարհը:

Ազդե՞լ են արդյոք կանայք Րաֆֆիի վրա երիտասարդ հասակում, հետևապես և ներգործություն արե՞լ են նրա բանաստեղծական ուղղության վրա — ինձ հայտնի չէ: Գիտեմ միտքն, որ կանանց մասին նրա գաղափարը մերթ թեորետիկական էր, մերթ միակողմանի, գործնական: Նա նրանց հոգեբանորեն չէր ուսումնասիրել–դրանով պետք է բացատրել այն գեղարվեստական աններելի սխալները նրա վեպերի մեջ, երբ նա կնոջ և տղամարդի սեր է նկարագրում:

Նա ծնվել և մեծացել է այնպիսի ժամանակ և այնպիսի շրջանում, որ կանայք դեռ փակ կյանք էին վարում: Հետևբար, դժվար է ենթարդրել, որ պատանեկան և երիտասարդական հասակում շատ կանանց հետ ծանոթ լիներ, ուրեմն և՛ թարմ հոգով ուսումնասիրեր նրանց: Իսկ հետո, հասուն տարիքում, որքան ինձ հայտնի է, նա բոլորովին հեռու էր կանանց հասարակությունից: Գրեթե Թիֆլիսում նա չուներ կին ծանոթներ, բացի մի քանի վարժուհիներից, որոնք մի առանձին հոգեբանական հետաքրքրություն չէին ներկայացնում:

Բայց և այնպես Րաֆֆին շատ էր սիրում խոսել կանանց մասին: Նա պատմում էր իր կյանքի անցյալից քանի մի արկածներ, բայց չեմ հիշում մեկը, որ ունենար ռոմանային հիմք: Նրա ձգտումները ավելի զգայասիրական էին, քան հոգեսիրական: Այս դեպքում նա ինձ թվում էր խորին արևելցի, որի հեշտասիրությունը նշմարվում է նրա շատ սիրային նկարագրությունների մեջ անգամ, մանավանդ «Հարեմ»-ում: Հիշում եմ նրա «Պարսկաստանի նամակների» մեջ մի տեսարան, ուր նա նկարագրում է յուր հանդիպումը մի անմեղ օրիորդի հետ և նրանց մեջ տեղի ունեցած րոպեական ինտրիգը: Բայց ես համոզված եմ, որ այդ տեսարանս նրա հարուստ ֆանտազիայի ծնունդներից մեկն է, և ուրիշ ոչինչ: Նա խոսքով էր միայն այսպես, իրականության մեջ չեմ հիշում նրա կյանքից մի դեպք, որ կարողանար ապացուցել նրա հայացքը, բացի հարկավ երիտասարդական քանի մի սխալներից: Սակայն այդ տեսակ սխալներ, որ ներելի են զգայուն բանաստեղծին, Րաֆֆիի կյանքում եղել են այնքան սակավ, որքան գուցե մի ժուժկալ մարդու կյանքում:

Թշնամիների լուտանքը Րաֆֆիի անձնավորության մասին այս դեպքում էլ չափ չուներ: Այդ ժուժկալ մարդուն նրանք վերագրում էին այնպիսի ախտեր, որոնց մասին ակնարկելն անգամ ամոթալի է: Երբ մանր մարդկանց թշնամական կիրքը հուզվում է, զրպարտությունները տեղում են այնպիսի առատությամբ, որ մարդ չգիտե որը հերքե և որի դեմ վիրավորվե: Հաճախ բարոյապես ապականված մարդիկ ուրիշների մեջ են որոնում այն ախտերը, որոնցով վարակված են իրանք: Ոչ ոք այնքան հաճախ չէ կրկնում գող բառը և այնպիսի դյուրությամբ այդ անունը չէ կպցնում յուրաքանչյուրին, որքան իսկական գողը: Ով չգիտե յուր դրական արժանավորություններով իրան բարձրացնել, ուրիշների բացասական հակությունները քննադատելով է զբաղվում: Հասարակ մահկանացուների մասնավոր կյանքը սքողված է նրանց անհայտության քողով: Իսկ բացառիկ անհատների անձնավորությունը ենթարկված է հասարակական քննադատությանը, ուստի բնական է, որ նրանց մասնավոր թերությունների վրա ամբոխը խոշորացույցով նայե: Հիշում եմ շատ անվայել լուրեր Րաֆֆիի մասին, որոնք բխում էին Րաֆֆիի թշնամի բանակից և որոնք ոչ մի հիմք չունեին: Արհամարհենք այդ լուրերը և զզվանքով երես դարձնենք, որովհետև բոլորն էլ ուրիշ ոչինչ էին, եթե ոչ կրքի և ծայրահեղ ատելության ծնունդ — զրպարտություններ:





ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԸ

(Իմ հիշողություններից)

Տասն ու երեք տարի սրանից առաջ, այն է 1919 թվականին, որոշեցի կատարել երկարատև ճամփորդություն մի շարք անձնական անախորժություններ ցրելու և հոգեպես հանգստանալու նպատակով: Ծրագրել էի անցնել Կ. Պոլիս, այնտեղից Իզմիր և Մարմարայի ու Միջերկրականի Կիլիկիան և Սիրիայի ափերով գնալ երկու-երեք ամսով Եգիպտոս: Այնտեղից մտադիր էի Ջիբրալտարի նեղուցով անցնել Ատլանտյան օվկիանոս:

Ճամփորդությանս վերջնակետն էր Ամերիկան, կամ, ճիշտն ասած, Կալիֆորնիան:

Ինչպես տեսնում եք, ծրագիրս բավական մեծ էր. նրա իրագործումը պահանջում էր առնվազն մեկուկես տարի, ուստի վճռել էի Կ. Պոլսում մնալ ոչ ավելի, քան երկու շաբաթ: Սակայն հայտնի է, որ մարդը նախադրում է, հանգամանքները կարգադրում են: Իմ հանգամանքները, բացի բարոյականից, և նյութականից էին, հետևաբար ստիպված էի Թուրքիայի մայրաքաղաքում նստել մոտ երեք ամիս:

Ես իջևանել էի Թոքաթլյանի հյուրանոցում, որ իր մաքրությամբ և եվրոպական հարմարություններով (Կ. Պոլսում) ամենայն իրավամբ առաջինն էր համարվում:

Ժամանմանս հետևյալ օրն էր: Նստած էի իմ համարում և կազմում էի այն տեղերի և անձանց անունները, որոնց մտադիր էի այցելել: Երվանդ Օտյանի անունն առաջին շարքումն էր:

Ես կարդացել էի Երվանդ Օտյանի գործերը այն հաճույքով, որով չեմ հիշում, թե կարդացած լինեմ մի ուրիշ արևմտահայ արձակագրի գործերը: Բնական է, որ առաջին այցերիցս մեկը նրան պիտի տայի: Իմ կարծիքով որպես երգիծաբան Երվանդ Օտյանը ավելի ինքնատիպ էր, քան Հակոբ Պարոնյանը, թեև ոչ սրա չափ սրամիտ և հնարագետ, հարկավ նա էլ է ենթարկվել Մոլիեռի ազդեցությանը, բայց ոչ անհաշիվ ու անվերապահ: Ինչ վերաբերում է պոլսական ժամանակակից մյուս արձակագիրների համեմատությանը, Երվանդ Օտյանն ունի մի մեծ արժանավորություն -ոճի զարմանալի պարզություն: Մի բան, որից համառորեն խուսափում են շատերը պոլսահայ արձակագիրներից, պարզություն ասված բանը շփոթելով գռեհկության հետ և չզգալով կամ չկամենալով զգալ, օր գեղարվեստական երկի գլխավոր արժանիքը հենց այդ պարզության մեջ է:

— Մտեք, — գոչեցի ես, լսելով սենյակիս դռների բախումը:

Ներս մտավ միջահասակ, երեսն ամբողջապես ածիլված մի մարդ, մոտավորապես հիսուն, հիսունուհինգ տարեկան: Նա ավելի նիհար էր, քան գեր, ավելի վատառողջ, քան կայտառ: Հագնված էր նա վերին աստիճանի անփույթ, ուզում եմ ասել նրա դերձակը շատ անհոգ էր եղել իր արհեստի վերաբերմամբ և շատ անշնորհք: Առանձնապես տձև էր նրա պահանջվածից ավելի նեղ ու կարճ պանթալոնը իր կուչկուչված ծալքերով ծնկների վրա:

Ես իսկույն ճանաչեցի Երվանդ Օտյանին: Տեսել էի նրա լուսանկարը մեկից ավելի անգամ և ուրիշներից էլ լսել էի նրա արտաքինի նկարագիրը: Բացի այդ, չէ որ եզակի մարդիկ իրանց ներսում ունեն մի խորհրդավոր գոհար, որ վայրկենաբար դուրս է ելնում մի փայլում, երբ նայում ես նրանց աչքերին:

Օտյանի աչքերը կապտագույն էին, ոչ այնքան խոշոր, որքան սուր, հոնքերը սև, քիթը մի քիչ արծվային, այսինքն կեռ:

— Երվանդ Օտյանը, — ասացի ես, ուրախանալով և ընկերաբար գրկելով նրան, նստեցրի քովս, գահավորակի վրա:

Սովորական «բարի գալստից» հետո նա մի զննող հայացք ձգեց աջ ու ձախ և մի տեսակ հոգնած բարիտոնային ձայնով հարցրեց.

—Գո՞հ եք հյուրանոցեն:

—Ավելին պահանջելու կարիք չեմ զգում:

—Ծովը հանգի՞տ էր, չնեղվեցաք ճամփին:

—Ամենևին:

—Բոսֆոր հավանեցա՞ք:

—Զմայլելի էր:

—Կվախենամ, որ նույնը չպիտի ըսեք Պոլսո համար:

—Ինչո՞ւ:

—Պոլիս գեղեցիկ է ծովեն ու միայն ծովեն: 519

—Բայց...

— Ոչ, ոչ, մի ըսեք: Դրսեն եկող ճամփորդներ չպիտի նավեն իջնան, պիտի հեռվեն նայեն ու երթան...

Եվ իսկույն ևեթ, մեղմիկ ժպտալով, ավելացրեց.

— Սակայն չեմ կամենար ըսել թե դուք ալ նույնը պիտի ընեք: Մենք չպիտի թույլ տանք, որ դուք մեզնե շուտ բաժնվիք: Արմիստիսեն հետո առաջին ռուսահայ գրողն եք, որ մեզի կայցելեք:

— Շնորհակալ եմ:

—Կծխե՞ք, — հարցրեց նա, գրպանից դուրս բերելով իր ծխախոտատուփը:

—Ահ, ներեցեք, — գոչեցի ես, — ձեզ տեսնելու ուրախությունից մոռացա ձեզ առաջարկել:

—Հաճեցեք իմը փորձել, — հրաժարվեց նա իմ ծխախոտից: — Լավագույն ծխախոտի հայրենիքը Թուրքիան է:

—Ասացեք, ի՞նչ վիճակումն է այժմ Թուրքիան, ուզում եմ ասել՝ Պոլիսը, — հետաքրքրվեցի ես:

—Պոլիսը հիմա կնմանի մեծահարուստ այրուհու մը: Անոր ամուսնուն դիակը տակավին գերեզման չէ մտեր, փեսացուներ եկեր, շրջապատեր են զինքը, կուզեն ամուսնանալ:

—Ձեր խոսքը անշուշտ դաշնակից պետություններին է վերաբերվում:

—Հարկավ:

—Իսկ թո՞ւրքը:

—Անիկա առժամանակ թաքնվեր է, չի երևնար: Բերային վրա դուք կրնաք տեսնել ամեն ազգի մարդիկ, իսկ թուրքերը հատ մը հոս, հատ մը հոն:

—Բայց որտե՞ղ են թաքնվել:

—Կամուրջեն անդին, Ստամբուին մեջ:

Էյուբեն դուրս չեն ելներ, Բերա չեն բարձրանար, Ղալաթա նույնպես: Կգարշին գյավուրին տեսքեն, անոր լեզվեն, անոր սովորությունն երեն, հաղթողին լրբություններեն: Այա Սոֆիա տակավին մզկիթ է, բայց անոր տերն ու տիրականը դը ֆակտո անգլիացին է: Օսմանցին կվախենա, որ շուտով Բյուզանդիոնի գեղեցկուհին նորեն պիտի դառնա քրիստոնեական տաճար:

—Դուք չե՞ք հավատում, որ պիտի դառնա:

—Աս աստվածախնամ երկրին մեջ ալ հավատալու բան մը չմնաց: Ամեն ինչ կրնա պատահիլ: Ան ալ կրնա ըլլա ի որ օր մը հույնը ըսե՝ «Պոլիսն իմն է, դուք հեռացեք»: Դուք կխնդաք կոր, ես չեմ խնդար, լուրջ կըսեմ: Էհ, ան ատեն հայն ինչու պիտի լռե: Չէ որ սուլթան Համիդին տապալողն անիկա եղավ, ինչպես կըսեն զեվզեկները:

— Ինչպե՞ս է այժմ հայերի վիճակը Պոլսում:

Օտյանը հառաչեց և, երեսը մի կողմ դարձնելով, արտասանեց.

—Առժամանակ կոտորածներեն ապահովված ենք:

—Ինչո՞ւ առժամանակ և ոչ առմիշտ:

Օտյանը չպատասխանեց:

—Մի՞թե կարծում եք, որ դաշնակից զորքերը պիտի պարպեն Պոլիսը, — պնդեցի ես:

—Մանկամտություն կըլլար անոնց վրա հուսալը: Անոնք հոս եկեր են ճաշելու: Կուտեն, կխմեն, տանուտերերը կկողոպտեն ու կշտանալն վերջը կըսեն, «Հադե, բավ է, երթանք»: Ու կերթան:

— Այն ատե՞ն:

— Այն ատեն հիմար ոչխարները նորեն կմնան խելոք գայլերու մագիլներուն մեջ:

Օտյանը նորեն հառաչեց ու գլուխը թեքեց իր նիհար կրծքին: Չնայելով նրա կիսակատակ խոսակցությանը, այդ պահին նա ինձ թվաց մարմնացած վիշտ: Ապագայում մի քիչ ավելի ծանոթանալով, նկատեցի, որ այժմ կատակը նրա համար դարձել է ավելի քան արվեստ, մի տեսակ հակաթույն իր սրտի մորմոքը մի քիչ մեղմացնելու համար: Արդարև, ծաղրելին ծաղրելով ու ծիծաղեցնելով, նա ինքը չգիտեր ծիծաղել, գոնե ես ոչ մի անգամ չտեսա նրան լսելի ձայնով ծիծաղելիս:

Ինձ հայտնի էր, որ Երվանդ Օտյանն էլ մյուս հայ մտավորականների հետ ձերբակալվել էր ու աքսորվել անապատի խորքերը: Ձերբակալման մասին տարիներ անցած ինձ պատմեց նկարիչ Փանոս Թեռլեմեզյանը, որ իմ ժամանակ Կ. Պոլսումն էր: Այդ դեպքումն էլ արտահայտվել էր Օտյանի ինքնուրույն բարոյականի նկարագիրը: Երբ սկսվում է հալածանքը հայերի դեմ, Օտյանը թաքնվում է մի շատ ապահով տեղ: Նա մնում է այնտեղ մի ամբողջ ամիս և զարմանում է, որ ինքը չի ձերբակալվել: «Ինչո՞ւ, մտածում է նա, մի՞թե ես դավաճան եմ իմ ազգի և բարեկամների դեմ»: Մի օր նա դուրս է գալիս թաքստից և զբոսնում է Բերայում: Նույն օրն ևեթ նա ձերբակալվում է:

Իհարկե ինձ համար հետաքրքրական էր գիտենալ նաև, թե ինչպես է նա մահից ազատվել: Բայց որովհետև նա ինքը չէր խոսում այդ մասին և հետո էլ չխոսեց մինչև վերջը, ես բարվոք համարեցի չքրքրել նրա տակավին չսպիացած վերքերը:

Ապագայում նրա ազատման հանգամանքներն ինձ պատմեցին ուրիշները: Դժբախտաբար, ես կորցրել եմ իմ հուշատետրը, ուստի չեմ կարող ճշտությամբ արձանագրել իմ լսածները, բացի մեկից, որ մնացել է վառ իմ հոգնած հիշողության մեջ: Դեպքի պատմությունը լսել եմ Իզմիրում՝ մի երիտասարդից: Նրա անունն ես չեմ հիշում, բայց համոզված եմ, որ նա մի օր կվավերացնի իմ ասելիքը, եթե, իհարկե, ներկա տողերը կարդալու առիթ ունենա:

Ահա մոտավորապես ի՞նչ էր պատմում այդ երիտասարդը:

«Ես անապատումն էի, ծառայում էի գերմանացի սպաներին շոֆերի պաշտոնով: Որովհետև բավական ազատ խոսում էի գերմաներեն, ինձ համար շատ էլ դժվար չէր թուրքերից թաքցնել հայ լինելս, թեև արտաքինս գերմանական ոչինչ ունի և գերման սպաներն էլ շատ լավ գիտեին, թե ով եմ ես:

Մի առավոտ նստած էի մի թրքական սրճարանի տեռասի վրա և սուրճ էի խմում, սպասելով իմ իշխանավորներին: Նրանք սրճարանի ներսումն էին մի քանի թուրք սպաների հետ: Խոնավ եղանակ էր, ոչ այնքան ցուրտ, բայց թեթևակի անձրևում էր: Տեռասի վրա բացի ինձնից ոչ ոք չկար: Հանկարծ ուշադրությունս գրավեց վերին աստիճանի աղքատիկ հագնված մի մարդ: Չնայելով, որ անապատը լեցուն էր թափառաշրջիկ մուրացկաններով և զանազան տիպերի մարոդյորներով, այդ մեկն ինձ թվաց մի քիչ տարատեսք: Նա դանդաղ, անվստահ քայլերով, գրեթե ուժասպառ մոտենում էր սրճարանին, միշտ գլուխը վար թեքած և հենվելով ձեռնափայտին:

Տեռասին չհասած՝ նա նստեց ոչ հեռու ընկած մի մեծ քարի վրա: Մարդը, ըստ երևույթին, շատ էր հոգնած կամ ծայր աստիճան անոթի էր և կամ թե մեկն ու թե մյուսը: Նա ծանր հառաչեց, գլուխն ավելի թեքեց կրծքին և քանի մի րոպե մնաց այդ դրության մեջ անշարժ: Կարելի էր կարծել, որ նա մեռավ: Ես հեռվից դիտում էի նրա ողորմելի արտաքինը, ակամա մտածելով, որ այդ խեղճության տակ թաքնված է մի ուրիշ բան: Նրա ուսերի ոսկորները ցնցոտիների տակից դուրս էին ցցվել, ինչպես տաշեղները տոպրակի տակից: Ես հիշեցի Վիկտոր Հյուգոյի Ժան Վալժանի այն րոպեները, երբ բազմաչարչար հերոսն իր ծայրագույն տառապանքների, անոթության և հալածանքի մեջ էր:

Մարդը մի վայրկյան գլուխը բարձրացրեց, նայեց իմ կողմ երկչոտ հայացքով: Գուցե նա եկել էր սրճարան մտնելու, մի բան ուտելու կամ խմելու համար և չէր համարձակվում: Տեսա նրա դեմքի գծերը, բնորոշ քիթը, կապտագույն աչքերը սև հոնքերի տակից: Տեսա և ճանաչեցի, հակառակ նրա երկայն ու ալեխառը մորուքին: Երվանդ Օտյանն էր, իմ նախկին ուսուցիչը, մեր ամենից սիրված ու հարգված երգիծաբանը: Նա, որ շատ անգամ էր կշտամբել ինձ ծուլությանս համար: Այո, վստահ էի, որ նա է, ուրիշ ոչ ոք և ո՞վ կարող էր ունենալ այդ գեղեցիկ, մելամաղձոտ և մարդուս հոգին թափանցող աչքերը: Բայց և այնպես կամեցա ստուգել, արդյոք չե՞մ սխալվում: Երևակայել անգամ չէր կարելի, թե Երվանդ Օտյանը կարող է այդ վայրերն ընկնել:

Մի վայրկյան խորհեցի առանց վարանելու, դիմել նրան ու հարցնել, բայց զգացի, որ այդ վտանգավոր է. կարող էի սխալված լինել և իմ գաղտնիքը վտանգի ենթարկել. չէ՞ որ կյանքում հնարավոր են այդպիսի նմանություններ երկու տարբեր մարդերի մեջ: Ոտքի ելա և ծանր քայլերով անցա նրա մոտով իբրև թե միանգամայն անուշադիր դեպի մարդը և նայելով մի ուրիշ կողմ, ցածր ձայնով արտասանեցի «Երվանդ Օտյան»: Նա ուշադրություն չդարձրեց, միշտ գլուխը կրծքին թեքած: Ես ավելի բարձր ձայնով կրկնեցի «Երվանդ Օտյան»:

Նա լսեց, նա ցնցվեց, նայեց վարից վեր վախեցած և նորեն գլուխը թեքեց կրծքին, ձեռով մի բացասական շարժում անելով: Այն ժամանակ ես վճռեցի վերջին միջոցին դիմել — արտասանել իմ անունն ու ազգանունը: Ես նրա աշակերտների մեջ ամենաաղմկարարն էի, ես միշտ նրա ուշադրության ու կշտամբանքների առարկան էի: Նա չէր կարող չմտաբերել իմ անունը, պետք է ճանաչեր ինձ: Եվ ճանաչեց: Անմիջապես նրա նիհար, մթագնած երեսը լուսավորվեց անսպասելի ուրախության ժպիտով, նման գիշերվա խավարին, որ հանկարծ լուսավորվում է կայծակով: Ահ, երբեք, երբեք չեմ մոռանալ այդ սքանչելի վայրկյանը: Ես արդեն հուզվել էի:

Այո, ասացի, ես եմ, քո նախկին աշակերտը, իմ ուսուցիչ: Հիշո՞ւմ եք, թե ինչպես մի անգամ երդվեցիք ծեծել ինձ և չծեծեցիք:

Հենվելով իր ձեռնափայտին, նա ոտքի ելավ ու լուռ մի քայլ մոտեցավ ինձ: Այդ րոպեին ես պատրաստ էի հարձակվել նրա վրա, փաթաթվել նրա ոսկրացած պարանոցին ինչպես մի որբ, որ երկար կարոտությունից հետո հանկարծ գտել էր իր կորած հորը: Ըստ երևույթին նույն պահանջն զգաց և նա: Բայց այդ անկարելի էր, երկյուղը օտար աչքերից միաժամանակ կաշկանդեց երկուսիս էլ: Մի քանի վայրկյան մնացինք անշարժ դեմուդեմ կանգնած:

— Ո՞րտեղից եք զալիս, — վերջապես համարձակվեցի արտասանել ես:

Օտյանը ձեռքը տարածեց դեպի անապատի խորքը:

—Որտե՞ղ էիք գնում:

—Չգիտեմ, — պատասխանեց նա թույլ ձայնով:

Ես ձեռիս շարժումով ցույց տվեցի իմ օթոմոբիլը, որ կանգնած էր մի քանի քայլ հեռու: Թևից բռնելով, բարձրացրի նրան և նստեցրի քովս: Ես նրան տարա մեր գարաժը, հանձնեցի իմ գերման ընկերներից երկուսին, որոնց հավատարմությանն ու ազնվությանը վստահ էի:

Չորս օր կերակրեցի նրան, ամեն կերպ աշխատելով քիչ թե շատ վերականգնել նրա սպառված ուժերը: Հագուստը չփոխեցի, բարվոք համարելով թողնել նրան մուրացկանի ցնցոտիների մեջ:

Հինգերորդ օրը իմ հավատարիմ ընկերների խորհրդով ու ցուցմունքով ես տարա նրան հեռու, մի ավելի ապահով տեղ, ուր նրա կյանքին վտանգ չէր սպառնում: Շուտով վրա հասավ արմիստիսը…»:

Եթե այս պատմությունը լսած լինեի Կ. Պոլսում, անշուշտ նրա իսկությունը կստուգեի Օտյանից: Բայց ես չեմ կարծում, որ պատմողը հնարած լինի այդ ողբերգությունը: Համենայն դեպս, էականն այն է, որ երգի ու ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը կրել է կյանքի ամենադժնդակ օրեր: Այդ եղեռնալի օրերի անջնջելի դրոշմն էր, որ կրում էր իր վաղաթառամ դեմքի, ծռված ողնաշարի, իր խորն ընկած կրծքի և իր հոգնած ձայնի վրա…

Ես նրան հանդիպում էի գրեթե ամեն օր, մեծ մասամբ երեկոները: Նա գալիս էր նախ Թոքաթլյանի ճաշարանը մի բաժակ թրքական սուրճ խմելու, բարձրանում էր իմ սենյակը և այնտեղից գնում էինք Թոքաթլիի ճաշարանը կամ ճաշում էինք հյուրանոցի սեղանատանը:

Ես միայն առաջին անգամ Օտյանին արթուն տեսա, մնացած օրերը միշտ գինովցած էր: Ես դիտմամբ գործածեցի «գինովցած» բառը: Դա մեկն է թրքահայ ոճի նրբություններից: Հարբել բառը ես համարում եմ գռեհիկ՝ գոնե Երվանդ Օտյանի նկատմամբ: Գինովության և հարբեցման մեջ կա մի անջրպետ, այս մեկը չպիտի մոռանալ: Երվանդ Օտյանը խմում էր և շատ էր խմում, այն էլ գլխավորապես օղի — դուզիկո կամ մասթիկա — բայց երբեք, երբեք չէր հարբում այն իմաստով, որով մենք գործ ենք ածում այդ վուլգար բառը: Երբեք ես նրան չտեսա քայլելու ժամանակ աջ ու ձախ երերվելիս, երբեք բանականությունը մթագնած, երբեք լեզուն կարկամած, երբեք իր եվրոպական ձևերի, կիրթ շարժումների դեմ մեղանչելիս:

Ասում են ալքոհոլը մարդկային գեշ բնազդների արթնեցուցիչ խթանն է, այդ ճիշտ է, բայց ինչու չավելացնել, որ նա, միևնույն ժամանակ, և բարի ու գեղեցիկ բնազդների խթանն է: Էականը կախված է անհատի բնածին առանձնահատկություններից ու կրթությունից: Օտյանի ներսում լավը գերակշռում էր վատից, գեղեցիկը տգեղից, բարին չարից: Կրթությամբ կատարյալ եվրոպացի, նա գիտեր իր մեջ սանձահարել այն, ինչ որ կարող էր գրգռել դիմացինի նողկանքը կամ ատելությունը: Նրա հոգեկան հարստություններն էին բարությունը, մարդասիրությունը և սերը դեպի գեղեցիկը: Նա արտիստ էր ոչ միայն էպիկուրյան իմաստով, այլև հոգեկան բարձր ու աննյութական պահանջներով: Նա օղու բաժակների մեջ խեղդում էր միայն բացասականը, ավելի զորեղ արտահայտելու համար դրականը: Նա այդ անում էր ոչ գիտակցաբար, ոչ ի ցույց մարդկանց, այլ այնպես, բնազդաբար: Նա ինքն էլ չգիտեր ինչու է խմում, գիտեր միայն, որ խմելը ավելի է գեղեցկացնում կյանքը կամ գոնե ավելի է թեթևացնում նրա լուծը: Դա նրա հավատո հանգանակն էր...

Մի բան ինձ շատ էր հետաքրքրում — ե՞րբ է նա աշխատում: Այս հարցը ես ինձ թույլ տվեցի նրան տալու միայն այն ժամանակ, երբ արդեն բավականաչափ բարեկամացել էինք և կարող էինք իրարու երեսին ասել շատ դառնություններ:

Նա, իհարկե, հասկացավ իմ հարցի հետին իմաստը: Նա մի տեսակ ներողամտաբար ժպտաց և պատասխանեց.

—Օղին ինձ տալիս է գաղափարներ, բայց աշխատությանս թափը չի ավելացնում:

—Օրվա ո՞ր ժամերին եք գրում:

—Նայելով, թե ինչ եմ գրում: Լրագրների համար գրում եմ մեծ մասամբ խմբագրատների մեջ, տանը գրում եմ ինձ համար, երբ գլոււխս թարմ է քնից կամ հանգստությունից հետո:

—Ո՞ր աշխատանքն է ձեզ համար ավելի դուրեկան` տա՞ն, թե՞ խմբագրատան:

—Լրագրական աշխատանքը ես համարում եմ ներկարարություն, տան աշխատանքը — նկարչություն: Հարկավ, նկարելն ավելի հաճելի է, քան ներկելը, բայց և թյուր անգամ դժվար:

Կ. Պոլսում եղածս ժամանակ Օտյանը գրում էր երեք թե չորս օրաթերթերում: Բացի գրելուց, նա զբաղվում էր և թարգմանություններով, իհարկե, լրագիրների և ոչ իր հաճույքի համար: Նա ուներ արդեն մի շարք խոշոր թարգմանություններ ֆրանսիական գրականությունից, նաև ռուսականից, Դոստոևսկուց և Տոլստոյից գլխավորապես: Ռուսականը նա թարգմանել էր ֆրանսերենից, բնական է նույն անփութությամբ և աղաղակիչ աղավաղումներով, որոնք հատուկ են առհասարակ բոլոր ֆրանսիական թարգմանություններին:

Օտյանն իր «օրգանն» էլ ուներ: Մի իբրև թե պատկերազարդ երգիծական՝ «Իգնատ աղա» անունով: Մի նիհար վատառողջ շաբաթաթերթ, որ սակայն ազգային խեղկատակների, կեղծ մարգարեների, ինքնակոչ դիպլոմատների, անխիղճ վաշխառուների և մանավանդ գրական շառլատանների ահն ու սարսափն էր: Ինձ թվում էր, թե մի քանի խմբագիրներ գնել էին նրա աշխատակցությունը և «ամիկոշոնություն» կապել նրա հետ, որպեսզի ապահովեն իրենց նրա թունավոր սլաքներից: Բայց նա ոչ ոքի չէր խնայում և ոչ ոք էլ չէր հանդգնում նրա դեմ ելնել իր կոտրած վահանով: Նրա գաղտնի ու հայտնի հակառակորդները շատ-շատ կարողանում էին իրարու մեջ մրթմրթալ.

— Երվանդ Օտյանը արբշիռ մըն էր:

Այսքանը և ոչ ավելի: Ուրիշ ի՞նչ կարող էին ասել այդ բարոյապես անապական և մտավորապես բյուր անգամ իրենցից բարձր մարդու մասին:

Իմ ներկայությամբ Երվանդ Օտյանը միայն մի անգամ դավաճանեց իր բնածին նրբազգացությանը և իր ընտանեկան քնքուշ կրթությանը և այդ մի անգամն էլ հակառակի պես ինձ ձգեց անախորժ դրության մեջ:

Ահա եղելությունը. —

Պոլսահայ կանանց լիգան ինձ առաջարկել էր ի նպաստ ընկերության մի բանախոսություն անել: Իմ սովորության համեմատ ես բանախոսությունից հրաժարվել էի, կրկնելով իմ մշտական խոսքը — «բնությունը ձեռիս մեջ գրիչ դնելով, լեզուս խլել է»: Բայց լիգայի նախագահուհու համառ թախանձանքից հարկադրված խոստացել էի հրպարակորեն կարդալ իմ նոր պիեսներից մեկը, եթե չեմ սխալվում, «Արմենուհի»-ն:

Մի օր ինձ մոտ եկավ այդ տիկինը և հայտնեց, թե ընթերցանության օրը որոշված է, սրահը վարձված է, տոմսակներն արդեն ցրվում են, և խնդրեց, որ խոստումս չմոռանամ: Ես չգիտեի, որ այդ կինը բանաստեղծուհի է (պոլսահայ կանանց երեքից մեկը բանաստեղծուհի է) և ունի մի շարք ոտանավորներ, ուր երգվում են վարդը, սոխակը, առավոտյան արշալույսն իր վառ գույներով, երեկոյան թախիծը և այլ նման նոր բաներ:

Տիկինը զանազան ծուռումուռ ուղիներով բանն այնտեղ հասցրեց, որ վերջապես վայրկյան որսաց խոսելու բնության և կյանքի գեղեցկության մասին: Վերջը նա իր քսակից դուրս բերեց տասնհինգ տարեկան մի աղջկա լուսանկար: Տիկինը ինքը հիսունուվեց տարեկան էր: Նա լուսանկարը պահելով աչքերիս առջև, հարցրեց.

— Նայեցեք, կճանչնա՞ք, թե ոչ:

Նայեցի լուսանկարին, նայեցի տիկնոջն ու ասացի:

—Այդ դուք ինքներդ եք, տիկին:

—Այո, — գոչեց բանաստեղծուհին ուրախանալով,–ես եմ: Պատերազմեն առաջ եմ նկարվել:

Նույն օրը երեկոյան այս անմեղ դիպվածը միամտորեն պատմեցի Երվանդ Օտյանին, անզգուշաբար հիշելով պատկառելի տիկնոջ անունը:

Երվանդը ոչինչ չասաց, բայց նենգամտաբար ժպտաց:

Երկու օր հետո լույս տեսավ «Իգնատ աղա»-ի հերթական համարը, և ահա ինչ եմ կարդում նրա մեջ.

«Հիսունվեց տարեկան հայուհի մը, որ գրականության հետ առնչություն կը սեպե ունենալ, երեկ ներկայացավ մեր հյուր Շ-ին, և, ցույց տալով իր օրիորդ ժամանակին լուսանկարը` ըսավ. պատերազմեն առաջ նկարված եմ: Շ.-ն նայեց լուսանկարին ու տիկնոջ երեսին ու ըսավ «անշուշտ Ղրիմեն պատերազմեն առաջ»: Կրնա՞ք երևակայել տիկնոջ կացությունը»:

Այո, Երվանդ Օտյան, կրնա՞ք այժմ երևակայել իմ կացությունը: Նույն օրը երեկոյան ես լրջորեն վշտացած դառը խոսքերով հանդիմանեցի բարեկամիս իր անզգուշության համար:

— Աղեկ, մոռացեք, դուք չեք ճանչնար ատ տիկնոջը, — ասաց նա զարմանալի հանգստությամբ, որպես թե իր արածը մի անմեղ կատակ էր:

Ես վճռեցի այլևս չերևալ տիկնոջ աչքին: Ես ամաչում էի Երվանդի իմ բերանը դրած խոսքերից. «Անշուշտ Ղրիմի պատերազմեն առաջ»: Լիգայի վարչության անդամուհիներից մեկի միջոցով հայտնեցի, թե ընթերցանությունից հրաժարվում եմ:

—Պատճա՞ռը, — հարցրեց անդամուհին:

—Չեմ կարող ասել:

—Հասկացա, — ծիծաղեց տիկինը, — կամչնաք մեր նախագահեն, չեք ցանկանար հանդիպել: Չպիտի ըսեիք, բայց քանի որ ըսեր եք, ի՞նչ մեծ ոճիր է: Կատակ է, կմոռցվի:

—Բայց ես չեմ ասել, տիկին, Օտյանն է ավելացրել:

―Կը հավատամ: Օտյան անոր հակառակորդն է, առջի անգամը չէ, որ կխածնե: Չպիտի մտահոգվեք: Ես ամենքին կըսեմ, որ լուսանկար ցուցնողն ես եմ եղեր: Չպիտի հրաժարվեք ընթերցանությունեն: Լիգան սրահի վարձը վճարած է, տոմսակներն ամբողջովին սպառված են, լրագիրներ հայտարարել են: Չըլլար...

Դրությունս անտանելի էր, ի՞նչ անեի:

Խնդիրը լուծեց ինքը բանաստեղծուհին, Օտյանի զոհը: Հետևյալ օրը կեսօրին, երբ դրսից հյուրանոց եկա, դռնանմանը հայտնեց, թե սալոնում ինձ մի տիկին է սպասում:

Բանաստեղծուհին էր՝ ձեռքում մի գեղեցիկ փունջ:

— Օրիորդ Մարգարտին համար եմ բերեր, — ասաց նա, իմ շփոթված բարևն ընդունելով սովորական ժպիտով:

Ընթերցանությունս կայացավ:

Առհասարակ Երվանդ Օտյանը ծայրահեղ էր թե՛ ատելության և թե՛ սիրո մեջ: Գուրգուրելու և խայթելու միջին ճանապարհը նրա համար գոյություն չուներ: Ահա ինչ ասաց նա մի անգամ...

«Օր մը ես գացի Պթի-շան տեսնելու մեր մեծահամբավ դերասանուհի X-ի խաղը: Տեսա, շատ հավնեցա, շատ ծափահարեցի, անգամ ձեռքն ալ համբուրեցի: Տուն գալով, լրագրի մը համար գրեցի քննադատություն մը, խաղը գովաբանեցի, ըսելով դերասանուհի X… հայ թատրոնի աստղն է»: Կարծեցի, որ տիկինը գրածես շատ գոհ պիտի ըլլա ու ինձմե ալ շնորհակալ: Սակայն հետևյալ օրն անորմե նամակ մը առի, ուր նա իր վրդովմունքը կհայտներ իմ որակման դեմ: Կդժգոհեր, որ ես իրեն «աստղ» եմ անվաներ, չէ թե «արեգակ»: Ատիկա ինձ զայրացուց, ու ես իրեն պատասխանեցի. «Տիկին, ներողամիտ եղեք, սխալվել եմ, կզղջամ, դուք աստղ չեք, այլ համաստեղ, «արջ» համաստեղը»:

***

Ես չեմ տեսել մի հայ գրող, որի հետ այնքան հաճելի և ուսանելի լիներ գրականության մասին խոսելն ու վիճաբանելը, որքան Երվանդ Օտյանի հետ: Գեղարվեստական գրականության վերաբերմամբ նրա պաշարն անսպառ էր:

Առանձնապես ուսումնասիրել էր ֆրանսիական վիպասանությունն ու պոեզիան: Ռեալիզմի մասին գուցե ոչ մի արևմտահայ գրող կամ քնարերգակ չուներ նրա չափ ճշգրիտ գաղափար: Հայ գրականության մասին շատ չէր խոսում կամ խոսում էր առանց ոգևորության: Երբ ես հիշում էի ժամանակակից կենդանի արևմտահայ գրողներից կամ քնարերգակներից մեկի կամ մյուսի անունը, նա ձեռով մի արհամարհական շարժում էր անում ու երեսը մի կողմ դարձնում:

Մի երկու անգամ միայն արտահայտվեց խոսքերով: Միտս են նրա սուր դարձվածքներից մի քանիսը: Ահա նրանք.

— Երկրեն անջատվելով կջանան երկինք սավառնել, բայց ամենքին ալ թևերը կզարնվին ծառի ճյուղերուն ու կջարդվին: Կարեկցության արժանի խեղճեր են, չեն կրնար պահել իրենց սահմանափակ մտքի հավասարակշռությունը: Տասնյակ Ալֆրեդդը Մյուսեներ ու Բոդլերներ ունենք, որոնք կրնային երջանիկ կաֆեճիներ կամ կակաոճիներ ըլլալ, փոխանակ մուսաներն անարգելու: Մեկեն ավելի խենթեր կճանչնամ, որոնք նախ հանգեր կհորինեն, ապա տողեր կգրեն: Կըսեն, թե մարդու խելքը միայն ծերության կգտնե իր բույնը: Ատոնց խելքը ծերության տարիքին ալ կսավառնե օդին մեջ:

Նույն լեզվով նա չէր խոսում մահացյալների մասին: Պեշիկթաշլյան, Դուրյան, Վարուժան, Մեծարենց մի-մի սիրելի անուններ էին նրա համար...

***

Կանանց մասին Երվանդ Օտյանը խոսում էր մերթ հեգնանքով, մերթ մի տեսակ թաքնված մելամաղձությամբ և երբեք ոգևորված: Երբեմն սինիկ էր Գամառ-Քաթիպայի չափ, բայց միշտ սրամիտ: Մեծ մարդկանց և մեծ գրողների կյանքից պատմում էր մեկը մյուսից ավելի անսքող անեկդոտներ: Նրա հումորը անսպառ էր, ձայնը միշտ անփոփոխ, ծիծաղը միշտ անձայն:

Ես մինչ վերջ չգիտցա, արդյոք, երբևիցե նա լրջորեն սիրե՞լ է մի կին և այժմ ունե՞ր որևէ հարատև կապ մեկի հետ: Նա կանանց հետևից չէր վազում վավաշոտ կապկի պես, ինչպես շատ-շատերն են իր հայրենակիցներից: Իսկ իրեն փնտրողներ, երևի, կային:

Երվանդ Օտյանը մի առանձին ատելություն ուներ դեպի այն կանայք, որոնք հորջորջվում էին որպես «ազգային կամ հասարակական գործիչներ»: Այնուամենայնիվ, այդ կանայք հանգստություն չէին տալիս նրան: Մի օր ես Իշխանաց կղզիներից մեկումն էի մենակ և հիանում էի Մարմարյան ծովի տեսարանով, հանկարծ հեռվից լսեցի իմ անունը: Երվանդ Օտյանն էր: Նա վազում էր դեպի ինձ, ձեռները գլխից վեր բարձրացրած, նման փախչող սագի թևերին: Երկու երիտասարդ կիներ, բարձրաձայն քրքջալով վազում էին նրա հետեվից, ջանալով նրան բռնել:
—Չեմ կրնար, չեմ կրնար, — աղաղակում էր Օտյանը ինչպես երկու տարեկան մանուկ, որին մայրն ուզում էր լողարան մտցնել:

—Ի՞նչ է պատահել, — հարցրի ես, ծիծաղելով, վասնզի իրավ որ տեսարանը ծիծաղելի էր:

Պարզվեց, որ այդ կանայք «գործիչներ են», ուզում են խեղճ Օտյանին զոռով տանել մի ինչ-որ հարստի մոտ «ազգային պետքերի» համար դրամ մուրալու:

Ես նրան ազատեցի իր հալածողների ձեռքից, հավատացնելով նրանց, թե մենք ժամադրված ենք իսկույն ևեթ Կ. Պոլիս վերադառնալու:

Մի ուրիշ անգամ Օտյանը, պարպելով դուզիկոյի չգիտեմ քանիերորդ բաժակը, հարցրեց.

—Տիկին X եկա՞ծ է ձեզի...

—Ո՞վ է այդ տիկին X…, չեմ ճանաչում:

— Շտե կճանչնաք, տիպար մըն է: Կարիք չկա զինքը փնտրելու, օր մը ինքը կուգա ձեզի ծանոթանալու: Բայց զգույշ, չըլլա թե որսվիք, պիտի զղջաք:

—Չեմ հասկանում ի՞նչ եք ուզում ասել:

—Մտիկ ըրեք, ըսեմ, յուրաքանչյուր կին ուռկան մը ունի այր մարդիկ որսալու համար. մեկուն գործիքը գեղեցկությունն է, մեկ ուրիշինը` խոսքը կամ երաժշտությունը, կեղծ համեստությունը և դահա-դահա ուրիշ բաներ: Տիկին X…-ն գեղեցիկներեն չէ, քիչ մըն ալ fannee (թառամած), բայց ան ալ իր ուռկանն ունի — իր բանաստեղծությունները, որոնցով իր որսը կընե կամ կկարծե թե կընե: Զգաստ, դուք ալ կրնաք որսվիլ: Մի խնդաք, ցույց տալով ձեր ճերմակ գլուխը: Մազերուն գույնը ու տարիքը տիկին X...–ին համար արժեք չունին: Անիկա ուրիշ կին է, անիկա անուն կփնտրե, համբավավոր անուն, մանավանդ եթե անունն հեռվեն եկեր է: Կուգա ձեզի կկարդա իրեն ոտանավորները, ինքը կհուզվի, կուլա անգամ, մեյ մալ տեսար աչքերը մետաքսե թաշկինակով մաքրեց, կրքոտ աչքերով նայեց ձեր աչքերուն ու ըսավ. «Տեա՜ր, մենք երկուքս ալ միևնույն կաշվեն շինված անոթներ ենք: Մենք մուսաներում զոհերն ենք, պիտի զիրար լավ հասկանանք, պիտի իրար հոգին ըմբռնենք և...

—Բավական է, Օտյան, բավական է, — ընդհատեցի ես նրա անսովոր պերճախոսությունը: — Ես սկսել եմ պոլսահայ կնոջ մասին լավ գաղափար կազմել, զուր մի ջանաք ինձ հիասթափեցնել...

—Կազմեցեք, ջանըմ, կազմեցեք, ես բան մը չըսի...

Երվանդ Օտյանն առանձնապես անգութ էր հայ կուսակցությունների վերաբերմամբ:

Սկզբում նա զգույշ էր խոսում, վերապահությամբ, կարծես, առայժմ ինձ ուսումնասիրելով, որ գիտնա, թե ես ինչ եմ մտածում: Շուտով համոզվելով, որ ես էլ իր նման անկուսակցական մեկն եմ, փոքր առ փոքր ազատություն տվեց իր լեզվին: Խոսում էր նա միշտ հանդարտ, անվրդով: Նա չէր քննադատում, չէր վերլուծում այս կամ այն կուսակցության գործունեությունը և այնպես արտահայտվում: Պարզ էր, որ այդ վերլուծումը նա վաղուց էր կատարել ինքն իր մտքում, իր հոգու մեջ, որ այլևս կարիք չէր զգում նորեն անհանգստացնելու իր գլուխը: Խոսում էր նա հատ-հատ դարձվածներով, արտասանելով այսօր մեկը, վաղը մյուսը, սակայն կապակցաբար և առանց մեկը մյուսին հակասելու:

—Ի՞նչ կարծիքի եք հնչակյան կուսակցության մասին, — հարցրի ես:

—Ձգեք, ջանըմ, ձգեք, — գոչեց Օտյանը, ձեռով մի արհամարհական շարժում անելով: — Ի՞նչ է հնչակյան: Դաշնակցության հարազատ եղբայրը, նույն արմատեն ելած, նույն որովայնեն ծնած: Անոնց կռիվը դաշնակցության հետ հացի խնդիր է. կջանան իրենք ալ գդալ մը ունենալ կաթնապուրին մեջ: Կխաբեն, ըսելով, թե պայքարը գաղափարական է: Անոնք իրարու մեջ ալ կկռվին ու կբզկտվին, ալ հին հնչակյան, ալ վերակազմյալ, ալ սոցիալ-դեմոկրատ, բոլորն ալ սուտ, բոլորն ալ հացի խնդիր, քիչ մըն ալ ազգին մոռացությունեն ազատվելու փափագ: Սապահ Գուլյան կճանչնա՞ք, — հարցրեց նա հանկարծ:

—Ոչ:

—Կըսեք, որ Ամերիկա երթալու եք, կհանդիպիք, ուսումնասիրեցեք զինքը տիպար մըն է: Իսկ Թախտաճյան տեսա՞ք: Հոս է, ձեր հյուրանոցին մեջ: Ան ալ ուրիշ տիպար է: Դեսպան է դաշնակցական Հայաստանի կողմեն: Խեղճ ու անլեզու մեկն է, սակայն դրամ պահանջելու մեջ ոչ ոք կրնա մրցել անոր հետ:

—Ումի՞ց է դրամ պահանջում:

—Ունեցողներեն ու չունեցողներեն, բացի ինձմե: «Տրվեք, կըսե, Հայաստան փարայի պետք ունի: Պետություն մըն է, անկախ պետություն, զորք կկերակրե, դպրոցներ կբանա, համալսարան մըն ալ, թատրոն, թանգարան, ալ ինչ — չգիտեմ...»:

—Բայց պոլսահայերն ունի՞ն դրամ:

—Քչեն-շատեն, սնդուկին հատակը: Իբրանոսյան մը ունինք, անիկա կրնա գումար մը տալ, անոր օձիքն այժմ դաշնակցականներուն ձեռքերուն մեջ է:

—Ո՞վ է այդ Իբրանոսյանը:

Մեծահարուստ վաճառական մը, բամբակի առևտուր կընե: Պատերազմի ատեն ինքը զինքը աղա Իբրանոս հռչակեց, թրքություն ընդունելով: Ի՞նչ ըներ, կամեցավ իր գույքն ու կյանքը կորստեն ազատել: Արմիստիսեն վերջը նորեն հայացավ: Ատանկ հայեր ալ ունինք: Հիմար չեն, կրնան պղտոր ջուրին մեջ ձուկ որսալ:

— Երվանդ, դուք խոսեցիք դաշնակցականների ու հնչակյանների մասին, իսկ ռամկավարները, չէ որ մի այդպիսի կուսակցություն էլ կա:

—Ատիկա կուսակցություն չէ, այլ փրկություն հոգույն իմո, սնդուկի:

—Չեմ հասկանում:

—Պարզ է լույսին պես: Աղաներ են, միացել են՝ իրենց գրպանները դաշնակցական ու հնչակյան արշավներեն պաշտպանելու ու անոնց քնթին ծիծաղելու համար: Անոնք խելոք են, չեն ուզեր ազգին անունով փարա տալ, ուստի միացեր են ու զիրենք քաղաքական կուսացկսւթյուն հայտարարել, ըսելով՝ «Տեսեք, մենք ալ գաղափարականներ ենք, թողեք մեզի հանգիստ»: Անոնք ալ ունին պարբերականներ հոս ու հոն, որոնք կպաշտպանեն անոնց գրպանները: Տեսակ մը գամբռեր են տերերուն դռներու առջև: Ամսական կստանան, կապրեն, աջ ու ձախ ոռնալով ու խածնելով:

Եգիպտոս կհանդիպեք, Ամերիկա ալ: Իգնատ աղան կըսե, անոնց որովայնին մի զարներ, լեցուն է, կճայթե ու գեշ հոտ կտարածե...

***

Երվանդ Օտյանը ջերմ թատերասեր էր: Նա միշտ գալիս էր իմ պիեսների ներկայացումներին և երբեմն մնում էր մինչև վերջը: Հետո մենք գնում էինք Թոքաթլի կամ մի ուրիշ ճաշարան ընթրելու:

Իմ օթյակից ես շարունակ նայում էի Օտյանին: Նրա թախծալի դեմքը հեռվից էլ ինձ մի անիմանալի հաճույք էր պատճառում: Կան այդպիսի եզական դեմքեր: Պիեսի յուրաքանչյուր արարվածից հետո նա արագ ոտքի էր ելնում և ուժգին ծափահարում էր, գլխի շարժումներով աջ ու ձախ հանդիսականներին հրավիրելով նույնն անել: Նա դերասաններին վերաբերվում էր հայրական խնամքով, միշտ խրախուսելով և երբեմն միայն խայթելով՝ առանց չարության:

Երվանդ Օտյանն ինքն էլ արտիստ էր բառիս ոչ սահմանափակ իմաստով:

Արտիստ էր որպես գրող, որպես մտածող ու գործող, արտիստ իր ճաշակով, իր նրբազգացությամբ, իր կրթությամբ: Բոհեմյան էր, բայց առանց վյուլգերության, բարեկամ` առանց ակնկալության, ընկեր՝ առանց շահախնդրության:

Երվանդ Օտյանը մարդ էր:



ՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Անցել է մոտ քսան տարի այն օրից: Ճիշտ թվականը չեմ հիշում:

Ղազարոս Աղայանցի քառասնամյա գրական գործունեության հոբելյանն էր: Իսկապես դա հոբելյան չէր, այլ մի պարզ ընկերական հացկերույթ: Բռնակալ իշխան Գոլիցինի բռունցքն այդ ժամանակ իր գերագույն ուժի մեջ էր, և ամեն մի հայ հասարակական տոնախմբություն արգելված էր: Սակայն ոստիկանապետը «բարի» էր եղել թույլ տալու մի հացկերույթով պատվելու ծերունի Աղայանցին:

—Պայմանով, որ հացկերույթի ժամանակ ոչ մի քաղաքական բովանդակությամբ խոսք չարտասանվի — ասաց նա ինձ, որ գնացել էի այդ թույլտվությունը ստանալու:

—Երաշխավորում եմ, որ չի արտասանվի, բոլոր ճառերը կունենան գրական բովանդակություն:

Սակայն ես գիտեի, որ «բարի» ոստիկանապետը չի բավականանալու իմ երաշխավորությամբ և հացկերույթին ներկա է լինելու նրա գաղտնի աժանը: Այս իսկ պատճառով ես նախքան հացկերույթը խոսողներին զգուշացրի ու գրավոր ճառերը մեկ-մեկ կարդացի: Բարեբախտաբար ուղերձների և ճառախոսների թիվը մեծ չէր: Հարյուրավոր բազմության ուշադրությունն ավելի հացի սեղանով էր գրավված, քան ճառերով:

Ինձ մոտեցավ բարձրագույն տեխնոլոգիական դպրոցի համազգեստով բավականին բարձրահասակ, շատ համակրելի և նույնիսկ գեղեցիկ և խոհուն դեմքով մի մոտ 20 տարեկան երիտասարդ, մի քիչ գունատ և հուզված:

—Թույլ տվեք ինձ ևս շնորհավորելու, — ասաց նա մաքուր ու գրական բարբառով:

—Պիտի խոսե՞ք:

—Ոչ, պիտի կարդամ, ահա այս թուղթը:

—Թույլ տվեք ինձ աչքի անցկացնելու:

—Առեք:

Ես կարդացի թուղթը: Դա շնորհավորում չէր, այլ մի սոսկալի հարձակողական և անվերապահ քննադատություն ոչ Աղայանցի գործերի, այլ Ռուսիայում այդ ժամանակ տիրող քաղաքական կացության: Երիտասարդը պնդում էր, որ ամեն մի գրական գործունեություն դատապարտված է ամլության ներկա պայմաններում: Ոչ մի գրականություն չի կարող զարգանալ և առաջադիմել և ոչ մի գրող չի կարող ազատ արտադրել, քանի որ ցարական ռեժիմը կա:

Հետևաբար յուրաքանչյուր քաղաքացու ժամանակակից միակ բարոյական պարտականությունն է «նախքան հոբելյաններ տոնելը», ջանալ այդ ռեժիմը տապալելու:

— Սիրելիս, — ասացի երիտասարդին, վերադարձնելով նրան իր թուղթը,-դժբախտաբար ես չեմ կարող թույլ տալ, որ դուք կարդաք այդ թուղթը:

—Ինչո՞ւ, — հարցրեց նա պարզամտությամբ:

—Նայեք այն կողմը: Տեսնում եք այն շեկ մորուքավոր պարոնին, նա ոստիկանության գաղտնի գործակալն է:

—Է՜հ, ի՞նչ անենք: Նա ռուս է, իսկ իմ գրածը հայերեն է:

—Այո՛, ռուս է, բայց հայերեն գիտե: Ինձ խուզարկելու ժամանակ նա էր կարդում իմ ստացած հայերեն նամակներն ու թարգմանում: Եթե ես թույլ տամ կարդալու բովանդակությունը Ձեր թղթի, տելեֆոնով իսկույն կհաղորդի ուր հարկն է, և հանդեսը կխափանվի:

—Թող խափանվի, մի՞թե շատ կցավենք:

— Կցավեմ ծերունու համար, ինչո՞ւ այս համեստ տոնախմբությունը չքացնել և հոբելյարին դառնացնել:

Երիտասարդը թուղթը դրեց իր գրպանը, հեռացավ տխուր ու գունատ և նստեց հացի սեղանի հեռավոր անկյունում: Ես զգացի, որ չափազանց վշտացրի նրան, բայց ի՞նչ կարող էի անել: Գիտեի, որ նրա գրվածքի մեջ կա մի սուր և դառը ճշմարտություն, արտահայտված ոչ նրբորեն, բայց վերին աստիճանի անկեղծ: Որքան հիշում եմ, վշտացյալ ուսանողը նույնիսկ հացին չմասնակցեց:

Այդ օրից անցան տասնյակ տարիներ: Սակայն ուսանողի դեմքը չեմ մոռանում: Նրա խելացի, գունատ և մռայլ դեմքը տպավորվել էր իմ մեջ: Ես շարունակ զգում էի խղճի մի տեսակ խայթ ամեն անգամ, երբ հիշում էի այդ հոգեշունչ կերպարանքը:

Ինչո՞ւ հավատացյալին արգելեցի իր հավատը քարոզելու, թող հանդեսը խափանվեր, թող իսկ ձերբակալվեր, միայն թե ճշմարտությունն արտասանվեր այդ բերանից:

Ռուսական հեղափոխության երկրորդ տարին էր: Գնացել էի Բաքու հեռավոր ճանապարհորդությունս սկսելուց առաջ մնաք բարով ասելու իմ քույրերին: Ադրբեջանի կարմրարև, «անկախության» օրերն էին: Դրությունը վերին աստիճանի խախուտ էր, օր-օրի վրա սպասվում էր հանրապետության տապալումը: Մեծամասնականները սպառնում էին Կովկասին: Արդեն Բաքվի մեջ սկսվել էր նրանց շարժումը:

Մի անուն էր հնչում հրապարակի վրա ամենից բարձր, ամենից զորեղ: Ոմանք անիծում էին այդ անունը, ոմանք օրհնում, բայց հակառակորդներն անգամ չէին հանդգնում մի ամենաչնչին ստվեր ձգելու այդ անվան վրա:

— Ֆանատիկոս է, կատարյալ հավատացյալ, մոլորված է, բայց բարոյապես մաքուր, անարատ և հարմար, — ասում էին ամենքը միաբերան:

Գործերս վերջացնելով, ուղևորվեցի Թիֆլիս: Մտնելով երկաթուղու կայարանը, հանկարծ ակամա կանգ առա մի բարձրահասակ, տղամարդի առջև: Նա գալիս էր դեմուդեմ, գլուխը բարձր պահած, խրոխտ, համարձակ քայլերով: Մոտովս անցնելով, նա ինձ վրա ձգեց մի խորը հանդիմանական հայացք: Դա այն ուսանողն էր, որին ես թույլ չէի տվել թուղթը կարդալու Աղայանցի հոբելյանին:

Նա է, ես ճանաչում եմ...

Դա Ստեփան Շահումյանն էր:

Այդ օրից հետո ես այլևս չհանդիպեցի այդ մարդուն: