Հովհ. Թումանյան. Հրապարակախոսություն - 3

ԵՐԿՈՒ ՄԵԾ ԹԻՖԼԻՍԵՑԻՆԵՐ

Թիֆլիսը: Բայց հին Թիֆլիսը:

Էն մի առանձին, յուրատեսակ աշխարհք էր, որի մեջ եկել միացել էին կովկասյան ժողովուրդներն ամենքն իրենց առանձնահատուկ կյանքով ու երանգով և հորինել էին ազգերի մի վերին աստիճանի գրավիչ ու հետաքրքրական խառնուրդ ու կյանք: Եվ որովհետև էդ կյանքին տոն տվողը վրացական անհոգ ու զվարթ ոգին էր, էդ պատճաոով էլ հին Թիֆլիսը իրարու խորթ տարրերի էտնոգրաֆիական մի ժողովածու չէր հանդիսանում, այլ մի ուրախ հարսանքատուն, ուր հրավիրված էին Կովկասի բոլոր ազգերն ու ցեղերը — քեֆ քաշելու:

Եվ հիրավի, 1883 թվին, երբ ես առաջին անգամ Թիֆլիս եկա ուսումնարան մտնելու, ինձ թվաց, թե ընկա մի հսկայական հարսանքատուն: Զուռնա, դհոլ, դայիրա, նաղարա, ծափ-ծիծաղ, պար, երգ ... Էն էլ ոչ թե տներում, այլ դուրսը, դռներին, կտուրներին: Մանավանդ իրիկնապահերին: Կիրակի ու տոն օրերս հո — գլուխ բեր, որ դիմանա: Զուգված, զարդարված շրըխկում ու զրընգում էր ամբողջ քաղաքը:

Տեսնողը զարմանում էր, թե՝ էս մարդիկը ե՞րբ են աշխատում, որ էսպես շարունակ ուրախանում են ու պար գալի: Էսպես էր ապրում հին Թիֆլիսը — գժի նման: Եվ դեռ ես հին Թիֆլիսի վերջին օրերին վրա հասա: Ասում են՝ ութսունական թվականներից. սկսած Թիֆլիսն սկսեց փոխվել — փչանալ, ուրիշ խոսքով, ասում էին՝ վելիկի կնյազից, (մեծ, իշխան Միխաիլ Նիկոլաևիչից) ետը մեր քաղաքը խարաբ էլավ:

Մեր Րաֆֆին մի բանաստեղծության մեջ շատ հաջող արտահայտել Է թիֆլիսեցու Էս վիշտը.

«Վատ ադաթներ ներս բերավ
Միր քաղքումը Եվրոպեն,
Քեփն ու սափեն դիփ կորավ,
Փըչացավ Էսղանց օբեն...»1:

Եվ ճիշտ որ փչացավ: Մի կյանքից եթե զվարթությունը — քեփն ու սափեն հանես, էլ տեղն ի՞նչ մնաց: Մնաց հոգսն ու շափեն: Եվ գնա տարին տասներկու ամիս հոգս ու ջափ տակին անքա — թե ապրում եմ: Եվ ամեն օր հաշիվ արա, թե սա իրեն ջուրը գցեց, նա կախվեց, մյուսը կարբոյկա խմեց, չորրորդը, ինչպես մեր լրագիրներն են ասում, ատրճանակից իրեն զարկեց, և... ետևից էլ զանազան դատողություններ, որոնք սակայն ինչքան էլ խելոք լինեն, կյանքին ոչ մի ժպիտ չեն տալիս:

Դրա հետ միասին նկատեցեք, որ կորչում է ժողովուրդների անհատականությունը, առանձին ոգին, սեփական գույնն ու երանգը, էն ամենը, որ էնքան բնական են, ինչքան նրանց երկրի կլիման ու բնությունը և ինչով որ նրանք կենդանի են, գեղեցիկ են, մեծ են:

Չէ՛ որ ամեն ուժ սնունդ է առնում, զարգանում ու մեծանում իր հարազատ կլիմայի մեջ, ու ինչքան էլ մեծանա, թեկուզ գլուխն էլ երկինք հասնի ու աշխարհքն առնի իր հովանու տակ — միշտ ոտը դրած է մի հողի վրա, ու էդ հողը իր հարազատ հողն է, իր հարազատ աշխարհքն է:

Ասինք հին Թիֆլիսը, որ մի առանձին ինքնուրույն աշխարհք ու զվարթ կյանք էր ներկայացնում իր համով ու հոտով, լեզվով ու ադաթով, աղ ու հացով, նիստ ու կացով — անցել է արդեն: Անցել է, և անդառնալի: Ինչ որ տվել է, էլ չի կրկնելու: Բայց ի՞նչ է տվել, ի՞նչ ժառանգություն է թողել սերունդներին, աշխարհքին, պատմությանը:

Էս հաշիվը կտեսնվի անշուշտ, և կասվի թե՝ հին Թիֆլիսը հայոց գրականությանն էլ երկու մեծ անուն է թողել — Սայաթ-Նովա և Գաբրիել Սունդուկյան: Հարազա՛տ — Թիֆլիսի լեզվով, Թիֆլիսի շնչով, Թիֆլիսի հոգով:

Եվ մեծ:

Ու անվերջ մեծ Պեպոն կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական՝ Զիմզիմովի դեմը կանգնած իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա. — քու սրտումն ի՞նչ է գրած... ու կվարի իր ազնիվ կռիվը, ոչ թե մուրհակի համար — այլ ճշմարտության համստ, արդարության համար:

Ու անվերջ կհնչի Թիֆլիսի բարբառով դժբախտ սիրո մեծ երգչի՝ Սայաթ-Նովայի ձենը իր «զալում» յարին, որ ինքն էլ է կրակ, հագածն էլ.
«Կըրակե ծովեմեն՝ դուրս էկած՝ ռաշ, ջեյիրան իս ինձ ամա...»2

Էն բանաստեղծական խոստումը.
«Թեգուզ անմահութին ուզիս՝ սիրով կու ճարիմ քիզ ամա...»3

Նրա փիլիսոփայական, խորիմաստ հորդորը.

«Անգաճ արա՛, մատաղ իմ քիզ, մէ քիչ կամաց գընա՛, գոզալ.
Անխարհըս ո՞ւմն է մընացի՝ վուր ինձ ու քիզ մընա, գոզալ...»

Նրա առողջ հոյակապ տխրությունը.
«Սիրտըս փուրումըս սըքվուր է,

Ալ աչկիրըս լաց է անում.

Ծովըն նընգած ամբի նըման
Դոշս ու եախես թաց է անում»5

Վերջապես.

«Գո՛ւզիմ թռչի բըլբուլի պես, —
Բաղերումէն բեզարիլ իմ...»

Եվ ահա էսօր էս երկու մեծ թիֆլիսցիների անունները գալիս են հրապարակ:

Գ. Սունդուկյանի մահվան տարելիցն է7, ու Հայոց Գրական Ընկերությունը հարգանքի գրական երեկույթ է կազմակերպում Արտիստիկական թատրոնում, իսկ Սայաթ-Նովայի մահարձանի խնդիրն է մեջտեղը, և նույն Ընկերությունը պատրաստել է տալի նրա մահարձանը ու գրական-երաժշտական երեկույթներ է նվիրում աննման երգչի ու նրա երգերը ամենակուլ ժամանակի բերանից խլողի՝ Գ<եորգ>Ախվերդյանի հիշատակին: Հայ ժողովուրդը և հատկապես Թիֆլիսի ժողովուրդը էս անունները տալիս պետք է թնդա ու միշտ հարազատի սիրով հավաքվի ամեն տեղ, ուր խոսում են նրանց մասին, ու ամեն մինը անկեղծ ուզենա մասն ունենալ նրանց տված հարգանքի ու նրանց վրա դրած արձանի մեջ:

Նրանք կան և մնալու են Թիֆլիսի, և հին Թիֆլիսի մեծ ու հարազատ զավակները:





ԽՈՍՔ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՐԵԿՈԻՅԹԻՆ

Հարգելի տիկիններ և պարոններ.

Մեր սկսնակ գրողների ավագներից մինը, մեր տաղանդավոր սկսնակ պ. Սեյրին, բաց անելով էսօրվան իրենց գրական-երաժշտական երեկույթը, ջերմ հարգանքով և անկեղծ սիրով խոսեց Հայոց Գրական Ընկերության և հայ գրողների մասին ու նրանց հետ կապեց իրենց ջահել հույսերը:

Էս դալար բազմությունը ու սրանց թրթռուն զգացմունքը, սրանց ոգևորված վերաբերմունքը, ինչպես ամեն մի հայ գրողի՝ էնպես էլ ինձ համար էնքան բացառիկ կերպով թանկ են, որ ես ուզում եմ դեպի նրանց դառնալ:

Մեր երիտասարդ և պատանի ընկերներ:

Եթե գրականությունը ազգի հոգին է և գրողները էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչներն, ապա դուք մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու ամենամատաղ և դրա համար էլ ամենասիրելի զավակներն եք:

Դուք պատանեկան սրտալի սիրով մեզ մեծարելով անվանում եք հայոց ներկա գրականությունը:

Եթե մենք էդ գրականության ներկան ենք, ապա կանգնած ենք մեջտեղը և նայում ենք մի կողմից դեպի նրա անցյալը, մյուս կողմից դեպի նրա ապագան:

Անցյալը, որ շատ ջանքեր ու խրատներ ունի մեզ համար թողած, համոզում է, ցույց է տալիս, որ գրականության ամենաանաչառ ու անողոք քննադատն ու գնահատողը [ժամանակն է]: Ժամանակի ընթացքում շատ շատերը կորցնում են իրենց հմայքն ու հռչակը, ոմանք էլ ընդհակառակը, և ամեն մինը վերջ ի վերջո գրական մեծությունների համաստեղության մեջ գտնում է իր տեղը՝ որը համեստ, որն ավելի պայծառ փայլով:

Եվ ահա նրանք անցյալի հեռվից, ժամանակների խորքից իրենց պայծառ ու մաքուր լույսով մեզ հրապուրում ու ոգևորում են լավագույն գործերի համար և ներշնչում են հիացում ու հարգանք:

Մյուս կողմից նայելով ետ, թե ով է գալիս մեր ետևից, տեսնում ենք մեր գրականության ապագան, տեսնում ենք ձեզ, ձեր ոգևորված, զվարթ, ջահել խումբը, որ թարմ ոգևորությամբ ու հարազատ աղմուկով գալիս է մեր ետևից ու մեր սրտերը լցվում են անխորտակելի հույսերով ու անհուն հրճվանքով:

Եվ նրանք, որոնք իրենց կարճատեսությամբ կամ իրենց հոռետեսությամբ մռայլի միջից չէին նկատել էդ թարմ ու մատաղ շարժումը և ասում էին, թե մեռնում է հայոց գրականությունը, թող գան տեսնելու ձեր ոգևորությունը, թող գան լսելու ձեր կյանքով ու շնորհքով լիքը աղմուկը ու համոզվեն, որ հայոց զորականությանը ոչ թե չի մեռնում, այլ առաջ է խաղում ավելի մեծ ուժով ու աշխուժով:

Մեր սիրելի, մեր ջահել ընկերներ: Ձեզ հետ էսօր էն մասին էին խոսում, թե գրականությունը կյանքի հայելին է: Ես շատ էլ համաձայն չեմ, թե գրականությունը կյանքի հայելին է միայն: Եվ արդեն ինքը, դասախոս պ. Իփեկյանը, իր գողտրիկ ճառի մեջ ասավ, թե նա միաժամանակ և ազդակ է կյանքի մեջ:

Այո՛, գրականությունը հայելի չէ լոկ. և եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական մի հայելի է նա: Նա ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերն ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին, և ձգտում է կյանքում ստեղծել էն վեհ ու վսեմ, էն մաքուր ու անաղարտ պատկերը, որ տվել է նրան աստված, կազմված ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից:

Եթե գրականությունը կյանքի հայելին է ասենք, ապա գրականության ամեն տեսակի ստեղծագործությունների աղբյուրը ամենից առաջ մարդու սիրտն է:

Եվ երբ էսպես է, աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով: Եվ արդեն իրեն ստեղծագործական շնորհքի, բանաստեղծության բնությունն էդպես է իր ծնունդից: Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծությունն է ներկայացնում և արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած: Որովհետև արևն է ինքը և իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից:

Արևի նման նայեցեք աշխարհքին:

Խոսքս վերջացնելով, սրտագին կցանկանայի, էդ ոգևորությունը, որ ունեք էսօր ձեր պատանի հասակում, միշտ ձեզ հետ լիներ ձեր կյանքում, որ դուք չնկատեիք էն նեղություններն ու դժվարությունները, որ պահված են ձեզ համար և սիրով ու հրճվանքով անցնեիք էն անդարձ ու դժվար ճանապարհը, որ ընտրում ու բռնում եք ձեր կյանքի արշալույսից: Եվ որովհետև ձեզ անվանեցի մեր գրականության, մեր ազգի հոգու զավակները, ապա էն կցանկանայի ձեզ համար, ինչ որ կցանկանա ամեն մի սիրող ծնող իր զավակների համար. կցանկանայի, որ դուք ավելի բախտավոր լինեք և ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել:





«ՀՈՎԻՏԻ» Ս. Հ-Ի ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆԻ ԱՌԻԹՈՎ

Մի ժամանակ մի Դրամբյան դուրս եկավ: Էս Դրամբյանը մտածել էր, որ գրականությանն անտեր է մնացել, մեջտեղը «լուրջ կրիտիկա» չկա ու էդ ջափեն իրեն վրա առնելով՝ գլուխը տաքացրել էր ու Երևանի գյուղերի մեկից վեր էր կացել շիտակ եկել Թիֆլիս հայոց «գրական մեծություններին սանձահարելու»: Հենց էսպես: Եվ առաջին հարվածը հասավ իմ գլխին1:

— Ա՛յ Դրամբյան, ախր ի՞նչ ենք արել:

Թե` դուք վերցրել եք այսինչ հեքիաթը Հայկունուց և փող եք դիզում ու փառք վաստակում:

Եվ «Մշակի» «լուրջ կրիտիկոսին» առաջնորդում էին երկու լուրջ հանգամանք — մինը տգիտությունը, մյուսը հոգու չարությունը:

Այո՛ և հոգու չարությունը, նրա համար էլ ես լուրջ նշանակության տվի ու մի քիչ էլ կոշտ բռնեցի:

Եթե միայն տգիտությունը լիներ, էն առատ տեղեկություններից ու բացատրություններից հետո, որ ես փռեցի մեջտեղը, նա անպայման պետք է խոստովաներ, որ սխալվել է, կամ գոնե լռեր:

Բայց որովհետև հոգու չարությունն էր, որ տաքացրել էր նրա շատ խեղճ գլուխը և չարության թույնն էր եռում նրա նեղ սրտում, նա տեղի չտվեց ոչ մի փաստի ու ապացույցի առջև, շարունակեց կատաղորեն ձեռին ոտին անել էնքան, մինչև ես բաց թողեցի, որ գնա սկի ջրի տակը:

Ես նրան, իր էդ հատկության համար, անմահ էի անվանել: Եվ ահա, ճշմարիտ որ՝ դարձյալ նա, թեև ուրիշ թերթում, ուրիշ կերպարանքով «Հովիտում», Ս. Հ. տառերի տակ կուչ եկած2: Բայց ի՞նչ նշանակություն ունի թերթի անունը «Մշակ» է թե «Հովիտ», կամ իրեն անունը Դրամբյան է թե Ս. Հ., էականը նույնն է. նույն բթության հետ նույն չար հոգին, նույն դառը շունչը:

Սակայն սա ի՞նչ է գտել, էս «Հովիտի» չգիտեմ սարկավագ, տիրացու թե պարոն Ս. Հ-ն:

Նույն բանը:

Սա էլ գտել է, որ «Գառնիկ ախպեր» հեքիաթը ես թարգմանել եմ ռուսական «Сестрица Аленушка и братец Иванушка» հեքիաթից: Գտել է, որ ռուսական Ուլիկը դարձրել եմ Գառնիկ, հորթը — կով, — Аленушка-ն — Մանուշ, Иванушка-ն — Մանուկ, և այլն և այլն:

Եթե միայն էսքանը լիներ, այսինքն գործից բացարձակ անգետ ու անտեղյակ լինելը, ես էս «և այլն և այլն» Ս. Հ-ին կասեի. — տեր հայր, տիրացու կամ պարոն Ս. Հ., էդպես չի, դուք սխալվում եք, էդ հեքիաթը, որ ռուսներն ունեն, հայերն էլ ունեն, և հայերինը թերևս ավելի հին է, քան ռուսներինը: Գերմանացիք էլ ունեն, նրանցն էլ մինչև անգամ հին հայոց հրատարակչական ընկերությունը թարգմանել է, քրոջ ու եղբոր անուններն էլ փոխել, դրել Կարեն ու Մանեն: Թուրքերն էլ ունեն — ասում են Ասկյար ու Բիբլի, վրացիք էլ ունեն, էդպես և բոլոր ազգերը:

Ես ռուսականը չեմ թարգմանել, տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., այլ հայկականն եմ առել ու մշակել: Եվ հայկականն էլ մի հատ չի, տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., Արարատյան տարբերակը կա, Վասպուրականինը կա, Տարոնինը կա, Շահրիարինը կա, Թիֆլիսինը կա — տպված: Դուք միայն ռուսականն եք տեսել, ինչպես երևում է Դրամբյանի նման դարձյալ «դիպվածով» և էն էլ ռուսական միայն մի տարբերակը գիտեք, որ ուլ է դառնում, կան և ուրիշ տարբերակներ, ուր հենց գառն է դառնում: Եվ տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., ես ոչ ռուսական Аленушка-ն եմ փոխել Մանուշի, ոչ Иванушка-ն եմ փոխել Մանուկի, ոչ Ուլիկը Գառնիկի, էդ ամենը զուտ հայկական են, հայ ժողովրդական հեքիաթից, Վասպուրականի վարիանտից, որ գրի է առել հանգ<ուցյալ> Սրվանձտյանը և տպված է նրա «Մանանայում»3, հեքիաթի անունն էլ հենց Գառնիկ ախպեր, ինչպես կոչվում է նաև հայկական ուրիշ շրջաններում, օրինակ Արարատյան երկրում:

Էսպես կխոսեի ու կպատասխանեի: Բայց որովհետև նրա ոճից ու շնչից, տգիտության հետ կաթում է և հոգու վատությունը, չարությունը, ստիպված եմ էսպես ասելու:

— Տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., գնացեք կարդացեք «Մշակի» 1910 թվականի 169 և 170 համարներում Դրամբյանին տված պատասխանս4, դա կլինի պատասխան և ձեզ, այլև իմացած եղեք ու միշտ միտներդ պահեցեք, որ եթե աստված ձեզ բերան է տվել՝ սրա համար հո չի տվել, որ էդպես անմիտ ու անքաղաքավարի կերպով լեն-լեն բաց անեք, ձեր խելքիցը դուրս բաներից խոսեք ու գրողներին քննադատեք, այլ նրա համար, որ հաց ուտեք:




ԽՈՍՔ ՐԱՖՖՈԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎՐԱ

Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին, ինչպես կենդանի մարդկանց: Հետևելով էս գեղեցիկ սովորությանը, էսօր Հայոց Գրողների Ընկերության անունից ես դիմում եմ Րաֆֆու հոգուն:

Անմահ հոգի՜, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը, էսօր եկել ենք քո գերեզմանի վրա դնելու թարմ ծաղիկների հետ և մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, և մեր զգացմունքները, որ համակված են քո շնչով ու հիշատակով: Եկել ենք քո գերեզմանի վրա օրհնելու և փառաբանելու քո տված անհանգստությունը, էն ճանապարհը, որ ցույց տվիր և էն նահատակների շարքերը, որ գնացին քո ցույց տված ճանապարհով:

Անհանգիստ հոգի՜, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհի երկնքում, որ քո մահից 25 տարի հետո՝ դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, և թերևս հեռու չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել. — Արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ վերացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, և «ամեն կողմից պանդուխտ հայազգիք դիմում են իրենց սիրուն հայրենիք...»: Արդեն կատարված է հայ ժողովրդի ազատագրության մեծ գործը, հանված է նա հին դժոխքից, ապահով է անվերջ կոտորածներից ու հանգիստ անլուր հալածանքներից, դու էլ հանգստացիր քո հավիտենական կայանում, ո՛վ անհանգիստ հոգի:





ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԿՈՉԸ

Հայկական գրի ու գրականության մեծ տոնը հայությունը հավերժացնում է երկու ֆոնդով — դպրոցական և գրական:

Դպրոցական ֆոնդի հիմքը իր անձնական մի քանի հազար ռուբլով դրել է հանգ<ուցյալ> Իզմիրլյան կաթողիկոսը, իսկ գրական ֆոնդի խնդիրը մի քսան տարի առաջ առաջադրեց Թիֆլիսի ինտելիգենցիան ու մի քանի անգամ փորձ արավ իրագործելու, բայց անկարելի եղավ մինչև անցյալ տարի:

Անցյալ տարի երկուսն էլ, մինը Էջմիածնի, մյուսը Թիֆլիսի հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնությամբ հաստատվեցին ու կյանք առան:

Մեր ազգային-կուլտուրական հառաջադիմության համար երկուսի կարևորությունն ու մեծությունն էլ էսօր դժար թե կարողանանք չափել ու որոշել:

Երևակայեցեք թե հայ ազգը ճշմարիտ որ բռնկի էդ լուսավոր գործերի սիրով և Կովկասից մինչև Եգիպտոս ու Ամերիկա, Եվրոպայից մինչև Պարսկաստան ու Հնդկաստան ամեն մի գիտակից հայ վեր կենա էդ օրը իր զգացմունքն ու լուման մեջ բեր [ի`] դնելու իր ազգի վերածնության մեծ գործի վրա:

Անխորտակելի ու անսասան կապահովվի մեր ազգային ինքնուրույնությունը աշխարհքում ու ազգերի շարքում:

Ունենալ հարուստ, ապահով դպրոցներ և ուժեղ գրականություն — կնշանակի ամուր ու պատվավոր կանգնել լուսավոր ազգերի շարքում: Եվ գոնե ես խորապես հավատում եմ հայի էդ կուլտուրական ուժին. մենք կարող ենք էդպես լինել և պետք է լինենք: Դրա հետ միասին էս տոնն էլ էնքան մեծ առիթ է ու ներկա հանգամանքներն էլ էնքան նպաստավոր, որ հաջողությանը կասկածելու ոչ մի պատճառ չկա:

Չէ՞ որ մենք գանգատվել ենք, թե մեզ հնարավորության չեն տալիս. ահա և պատշաճ օրը և ամեն իրավունք ու ազատության:

Վեհափառ կաթողիկոսի հսկողության ու հովանավորության տակ են հայոց դպրոցները, դպրոցական ֆոնդի իրավունքն էլ տված է նրան և գտնվում է նրա հսկողության տակ, իսկ գրականությանը, որ ոչ ոքի հովանավորության տակ չի և չի էլ կարող լինել, ունի իր ազատ ու անկախ Ընկերությունը օրինավոր կանոնադրությունով և իր առանձին ֆոնդը: Գումար հատկացնողները առաջուց պետք է որոշեն ու նշանակեն, թե ինչքան են հատկացնում որին — դպրոցին և գրականությանը — երկուսը միասին մեր ազգային վերածնությանը:

Իսրայելի մարգարեն երբեմն մարգարեանում է իր ժողովրդի ցրված ու ցամաքած ոսկորների վրա, կենդանության շունչ էր կանչում նրանց վրա, և չոր ոսկորները մարմին ու շունչ էին առնում, ու նորից երկրում կանգնում էր նորոգված Իսրայելի ժողովուրդը:

Մեր ժողովրդից էլ երկար դարերի տառապանքից ու տանջանքից հետո թեև գրեթե ոսկորն է մնացել ցրված աշխարհքի երեսովը մին, բայց մեր ոսկորն էլ էն ոսկրիցն է, որ ընդունակ է կյանք ու շունչ առնելու ու վերկենալու մարգարեական ձայնի վրա: Եվ ահա մեզ էլ էսօր կանչում է մեզ գիր ու գրականություն տվողների Սահակ — Մեսրոպի ու նրանց հոգեշունչ հետնորդների, մեր բազմաթիվ հոյակապ ուսուցիչների ու գրողների միահամուռ մարգարեական ձայնը: Եզեկիելի ձայնի նման, — «Ել տաց զոգի իմ ի ձեզ, և լինիջիք կենդանի, և եդից զձեզ երկրի ձերում»1...

Եվ ամեն մի հայ պիտի լսի էս մարգարեական ձայնը հայոց գրի ու գրականության մեծ տոնի օրը ու պիտի թնդա էս ձայնից:




ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԵՐԳԵՐԻ ԲՆԱՎՈՐՈԻԹՅՈԻՆԸ

Ժողովրդի բուռն ցանկության ընդառաջ գնալով Հայ Գրողների Ընկերությունն էսօր Թիֆլիսում կրկնում է Սայաթ-Նովայի երեկույթը1:

Մեզանում էնպես մարդիկ կան, որ կարծում են, թե Սայաթ-Նովայի երեկույթի արտակարգ հաջողության պատճառը նորությունն էր, իբրև թե մի մոդա էր նա, որ բերեց Գրական Ընկերությանը, և անցնելու է երբևիցե:

Ի՛նչքան են սխալվում էն տեսակ մարդիկ, ի՛նչ մակերեսային հայացք են հայտնում, ի՛նչ անծանոթություն Սայաթ-Նովայի հետ, ի՛նչ թեթև կարծիք նրա մեծ տաղանդի ու ստեղծագործության վրա:

Ո՛չ, նա մի նորօրինակ ձև չի, մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի. նրան մին լսողը երկրորդ անգամ լսելիս ավելի պիտի սիրի, և մին հասկանալուց ու սիրելուց հետո երբեք չպիտի մոռանա: Գեղեցիկ ձևի մեջ մի մշտավառ հուր հոգի է նա, մի ազնիվ ու լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհքի հարազատ շնչի նման միշտ խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա, և հայի, և վրացու, և թուրքի վրա, որովհետև հավասար ուժով երգել է և հայերեն, և վրացերեն, և թուրքերեն:

Թիֆլիսը Կովկասի լեռների անցքի առջև տարածված մեծ հանգույցն է եղել հին ժամանակներից, նրա մեջ եկել, խառնվել, միացել էին Արևելքի զանազան ժողովուրդները իրենց բարբառներով, կրոններով, փիլիսոփայություններով ու ազգային ստեղծագործություններով ու ստեղծել էին մի ինքնատիպ քաղաք, որի վրա հիանում էր ամբողջ Փոքր Ասիան ու Մերձավոր Արևելքը: Եվ հեռավոր ժողովուրդները ամեն անգամ երբ պատերազմով վեր էին կենում դեպի Կովկաս՝ Թիֆլիսն էին երազում ու Թիֆլիսի «գյոզալները» — սիրունները:

Ահա, ինչպես մի ուրիշ անգամ էլ նկատել եմ2, էդ Թիֆլիսի նման մի ինքնատիպ մեծություն էր Սայաթ-Նովան, իբրև Արևելքի բանաստեղծ: Եվ եթե Արևելքի ժողովուրդները հեռվից հեոու վառվում էին Թիֆլիսի սիրունների կարոտով՝ ինչ ասել կուզի, որ էս հոյակապ աշուղը, աշուղ, որ Արևելքում շատ իմաստուն կերպով և բանաստեղծ կնշանակի և սիրահար միաժամանակ – էդ միևնույն սիրունների սիրով պետք էբռնկեր անմարելի ու իր կրակով վառեր թե իր ժամանակակիցներին և թե գալոց սերունդներին, ինքն էլ այրվեր, հատներ իր կրակի սաստկությունից, որովհետև, ինչպես ասում է իր անտիպ թուրքերեն երգերից մեկի մեջ — «Աշուղլուղ քուրա դուր, յախար, յանդըրար»3 — աշուղությունը հնոց է, կէրի, կավերի:

Եվ ի՛նչ գեղեցիկ է, ճշմարիտ, որ էսպես է մեր վիթխարի Սայաթ-Նովան. մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկած սիրո հրդեհով, նրա լուսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը, հաստատուն սիրով և՛ դեպի էն «զալումը», որ իրեն կրակ տվեց ու միշտ մնաց անտարբեր, և դեպի նրանց, որոնք չորս կողմից տաքացան ու հրճվեցին էն կրակով, որի մեջ էրվում էր ինքը, և դեպի նրանց, որոնք հազար ու մի տեսակ իրեն վշտացրին կյանքում: Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց:

Ռուս հայտնի բանաստեղծ Я<ков> Полонский-ն, որ երևի Մոսկվայում մեր Գ<եորգ> Ախվերդյանի ուսանողական ընկերներից է եղած, անցյալ դարու հիսնական թվականներին Կովկաս եղած ժամանակ Ախվերդյանի մոտ տեսել է Սայաթ-Նովայի երգերի տետրակը, նրա միջոցով ծանոթացել Սայաթ-Նովայի հետ և երգերից մի քանիսը թարգմանել, հիացմունքով է խոսում մեր Սայաթ-Նովայի երգերի բնավորության վրա*:

Ասում է՝ Սայաթ-Նովայի երգերի բնավորության մասին ընդհանրապես խոսելով, դժվար թե սխալվեմ, եթե ասեմ, որ նրանք իսկի նման չեն ոչ հարևան ցեղերի երգերին, ոչ էլ էն երգերին, որ եկել են Արևելքից, թեև հիշեցնում են նրանց: Էսպես, օրինակ, կովկասյան բոլոր լեռնական ժողովուրդների երգերի ոգին ռազմական է: Ձին ու թուրը, սերն ու վրեժը, արյունն ու սպանվածի դիակի վրի ողբն են նրանց երգերի հատկանիշները:

Սայաթ-Նովան հեռու է կռվից, Քուրդիստանի լեռներում ապրող Վանա հայերի ռազմական ոգին չէր կարող նրան ոգևորել, նրան, որ ծնվել էր Թիֆլիս, ուր, օտարության մեջ, հայերն առել էին ուրիշ բնավորություն, ուրիշ ուղղություն:

Թաթարական երգերում պատմվածքը վերջին տեղը չի բռնում: Նրանցից շատերը լեգենդի բնավորություն ունեն, շատերն էլ կարծես թե ինչ-որ անհայտ ժամանակներից եկած ու անհայտ երգիչների երգած՝ երկար պոեմների հատվածներ են, ինչպես օրինակ Քեոռ-Օղլու և իր ձիու երգը:

Սայաթ-Նովան, ընդհակառակը, զուտ քնարական բանաստեղծ է, և, թերևս, մեր ժամանակի հասկացողությամբ, չափազանց անհատական:

Վրացական երգերում մեծ տեղ է բռնում սերը, քեֆը և երբեմն անհույս տխրությունը, բայց նրանք կարծես հենց նրա համար են, որ ինքը երգողն էլ, իր լսողներն էլ մի առ ժամանակ, գինու օգնությամբ, մոռանան ամեն ցավ ու դարդ ու նրանց հնչյունների մեջ գտնեն մխիթարություն:

Սայաթ-Նովան ընդհակառակը — մխիթարություն չի ուզում, նրան ավելի դուր է գալիս, երբ ծիծաղի տակ արցունք է նկատում, քան երբ լսում է ծիծաղը, որ արցունքը ճնշում է:

Նրա երգերը հաճախ հանդիսավոր — խրատական են: Էնպես — նա իր սրտին ասում է.

«Արի ինձ անգաճ կա՛լ, ա՛յ դիվանա սիրտ,
Հայա սիրե՛, ադաբ սիրե՛, ար սիրե՛.
Աշխարքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի,
Աստվաձ սիրե՛, հոքի սիրե՛, յար սիրե՛»:

Սայաթ-Նովայի երգում քիչ կան էն վառ փայլուն գույները, որոնցից Արևելքում բնությունը հաճախ առնում է մի տարօրինակ ու խաբուսիկ արտաքին փայլ: Չկան և էն ֆանտաստիկ պատկերները, որոնց ասես թե հաշիշն է ծնում: Առհասարակ նրա երգերում քիչ երևակայություն կա — շատ զգացմունք: Եվ էդ զգացմունքները նրա երգերում մեծ մասամբ արտահայտում են էնքան մեղմ ու անվրդով խաղաղություն, որ նրա սերը նման է ընկերության, ընկերությունը սիրո: Որ հայրենի քերականության մեջ էլ արականի ու իգականի տարբերությունը չկա — Սայաթ-Նովայի մի քանի երգերում դժար է հասկանալ, իր ոգևորված խոսքով ում է դիմում նա՝ քնքույշ սիրով սիրած ընկերի՞ն, թե՞ տարփալի սիրով սիրած կնոջը:

Նրա հոգու տարրը, ոգևորության ժամերին, չի կարողանում հաշտվել զգայնականության հետ, ինչպես կրակը չի կարող հաշտվել ջրի հետ: Նա էնքան է բարոյական, որ աշուղի կոչմանն էլ նայում է բարոյական տեսակետից: Իր երգերից մեկի մէջ ասում է.

«Աշուղի լիզուն բըլբուլ է, օրհնանք ունե, անեծք չունի»,
թեև երբեմն նրան համակում է սոսկալի թախիծը:

Իհարկե, իր հարևանցի ծանոթությունով ու ամեն տեսակի խորթությունով, ռուս բանաստեղծի համար դժար էր ըստ ամենայնի ճիշտ ըմբռնել ու հասկանալ առհասարակ մեր և մասնավորապես Սայաթ-Նովայի ստեղծագործությունն ու հոգին, բայց նա էլ է նկատել, և նրա կարծիքն ու տպավորությունը մեջ բերի շեշտելու Սայաթ-Նովայի երգերի բնավորությունը, որոնց պարզության մեջ ափաշկարա երևում է նրա բարի, քնքույշ սիրտը ու նրա ազնիվ, խորը հոգին, և էդ ամենը միանգամայն առողջ ու ամբողջական: Մի առողջ, ոգևորված բանաստեղծ, որ աշխարհք է մտել սազով ու սիրով, ինչպես ինքն է ասում իր անտիպ թուրքերեն երգերից մեկի մեջ՝ «Զունուն օլմիշ, սազ ալընդա չալան դըր Սայաթ-Նովա»6. այսինքն — սիրահարված, սազը ձեռին նվագում է Սայաթ-Նովան:

Ու աշխարհքին նայելով՝ Արևելքի մեծ բանաստեղծներին հատուկ փիլիսոփայությամբ նկատում է, որ կյանքը մի երազ է, մարդն էլ խոտի նման դալարում է ու չորանում, և ապրելով ու տանջվելով վերջը բացականչում է.

Աշխարհըս մե փանջարա է, —
Թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի, —
Դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր, քանց վար էսօր, —
Վաղերումեն բեզարիլ իմ...

Սակայն տանջվելով ու վշտանալով հանդերձ և տանջանքից ու վշտերից բեզարելով հանդերձ՝ միշտ էլ մնում է նույն բարին, քնքույշն ու ազնիվը և ինչ բանաստեղծական գեղեցկությամբ կյանք ու աշխարհք էր մտել, նույն գեղեցկությամբ էլ թռչում է կյանքից ու աշխարհքից:

«Գուզիմ թըռչի բըլբուլի պես, —
բաղերումեն բեզարիլ իմ...»:

Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան, անմաշ ու անմահ: Ով նրան մին լսեց, մյուս անգամ ավելի սիրով կլսի, ով նրան մին սիրեց, էլ չի դադարի սիրելուց:





<ԾԵՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ>

Հայոց նորագույն գրականության պատմությունն ասում է՝ Ծերենցը եղավ մեր նոր պատմական վիպագրության հիմնադիրը: Եվ երբ ետ եք դառնում դեպի 60-ական թվականները՝ ճանաչելու՝ թե ո՞վ էր էդ հիմնադիր վարպետը — ձեր սիրտը լցվում է անկեղծ հրճվանքով: Չգիտեք նրա ազատասեր ոգու վրա հիանաք, նրա վառ հայրենասիրության ու ժողովրդասիրության վրա զարմանաք, նրա հոգու ազնվության մաքրության վրա ուրախանաք, թե նրա սրտի քնքշության ու ճաշակի նրբության վրա:

Եվ ի՛նչ իմաստուն ու գեղեցիկ է դնում նա իր գործի հիմքը՝ իրեն հերոս առնելով Թորոս Լևոնին, բյուզանդական բանտում փակված հայ իշխանազնը, որ բանտից դուրս փախչելով, հասնում է իր հայրենիքը ազատասիրության շունչ է փչում, սիրտ տալիս, ոտքի է հանում իր ժողովրդին ու կանգնեցնում է ամուր՝ իր ազատ կյանքով ապրելու:

Էսպեսով նա հանդիսանում է մի խորհրդանշան — հայ ժողովրդի ազատասիրության ոգին, մի ոգի, որ թագավորում է հայոց թե պատմական, թե ժամանակակից կյանքի վրա հիմնած գրականության մեջ և զորանում ու ամրանում է ժողովրդական ուժով՝ հերոսական խորհուրդներից հերոսներ ծնելով:

Հայոց Գրողների Ընկերությունը էսօր եկել է ծաղիկներով ու զարդարել Ծերենցի գերեզմանը նրա մահվան 25-ամյակի առիթով:

Սակայն էս ծաղիկները չնչին զարդեր են նրա մեծ շիրմի համար: Սրանց բոլոր արժանիքն էն է, որ մեր զգացմունքների արտահայտությունն են էսօր: Սրանցով չպիտի զարդարվի նրա շիրիմը, մի շիրիմ, որ զարդարված է տաղանդի, ժոդովրդասիության ու մաքրության անթառամ զարդերով, թե լավ գրողի, թե ազնիվ մարդու վսեմ առաքինություններով: Եվ մենք չենք եկել մեր հանդեսով ու ճառերով նրան բարձրացնելու, այլ եկել ենք՝ նրան հիշելով՝ նրանով բարձրանալու:

Եվ թո՛ղ օրհնված լինի նրանց հիշատակը, որոնք իրենց կենդանության օրով ժոդովուրդներին կյանք և շունչ տալուց հետո էլ՝ չեն դադարում իրենց գործերով ու գերեզմաններով էլ ազնվացնելու և բարձրացնելու մարդկանց ու ժոդովուրդներին:

Թող օրհնված լինի Ծերենցի հիշատակը:





ՀԱՅՈՑ ԴՐԱՄԲՅԱՆԻԶՄՆ ՈԻ ԵՍ

Ետ եկան դարձյալ իմ «լուրջ կրիտիկոսները» — Դրամբյանն ու Ս. Հ.-ն: Եվ ստիպված ենք դարձյալ այբ-բեն ասելու:

Ի՞նչ պետք է անեք. մարդիկ կրիտիկոս են դառել ու իրենք էլ են ցավի մեջ մնացել, մենք էլ. վերջապես՝ ի՞նչ պետք է անեք, հայոց մամուլն է խոսում:

Բայց ցավը մենակ էն չի, որ հայոց մամուլի էս կամ էն օրգանը կարող է էսքան տգետ լինել կամ էսպես տգետ կրիտիկոսներ ունենալ: Գրական տգիտությունը կամ տգետ քննադատությունը ամեն մի նոր առաջ եկել գրականության մեջ սովորական երեվույթ է, սակայն մեր մեջ տգիտության վրա ավելանում է վատ հոգին, հոգու չարությունը:

Եվ եթե մի «Մշակ» կամ մի «Հովիտ» սրանց տեղ են տալիս, ձայնակցում են ու հրճվում՝ պատճառը մենակ գրական տգիտությունը հո չի, այլև հոգու չարությունը, ապականված սիրտը:

Եվ սա Դրամբյան չի արդեն, այլ դրանբյանիզմ: Ես էլ էդ պատճառով է, որ կարևորություն եմ տալիս ու լուրջ խոսում էս տխուր երևույթի վրա:

Առայժմ մի կողմ թողնենք ամեն երկրորդական բան, գտնենք գլխավոր հարցն ու կանգնենք նրա վրա:

Պարոն Ռ. Դրամբյանն ու չգիտեմ ինչ` Ս. Հ.-ն, կամ մի խոսքով ասենք դրամբյանիզմը — գտել են, որ հայոց «գրական մեծությունները» բանագողությունով են պարապում, ժողովրդական ստեղծագործություններն առնում են ու չնչին փոփոխություններով կամ բառացի հրատարակում իբրև իրենց ինքնուրույն գրվածք:

Էդ երևույթը անվանում են զզվելի թալան, կեղտոտ ուղի, ավերիչ ժանտախտ, գրական շանտաժ և այլն, և այլն, և այլն, և «Մշակի» ու «Հովիտի» էջերում հայոց բարեպաշտ ազգին հորդոր են կարդում առնել էս ազգային դժբախտության առաջը: Էս սրբազան ջհաթը մասնավորապես ուղղած էր ինձ վրա, իբրև նրա համար, որ ժող<ովրդական> նյութեր եմ առել Ս. Հայկունու ժողովածվից, ինչպես 1910 թվականի «Մշակի» մի քանի համարում1 ցույց էր տալիս Ռ<ուբեն> Դրամբյանը, ու գրեթե բառացի հրատարակել եմ իմ անունով, առանց հիշելու, թե ժողովրդական է, ապա թե նրանից հետո Ս. Հ.-ն մեջտեղ եկավ «Հովիտի» էս տարվան № 16-ում2 և հայտարարեց, թե ես «Գառնիկ ախպեր» հեքիաթը թարգմանել եմ ռուսերենից ու տպել եմ իբրև ինքնուրույն գրվածք: «Մշակն» էլ երկու անգամ իրար ետևից էս մասին ավետեց իր «հառաջադիմական» ընթերցողներին8:

Իր ժամանակին ես պատասխան եմ տվել Դրամբյանին4, այժմ էլ «Հովիտի» Ս. Հ-ին պատասխանեցի «Հորիզոնի» № 95-ում, ցույց տվի, որ դա զուտ հայկական հեքիաթ է և առել եմ ահա էս ինչ ու էն ինչ վարիանտներից5: Իհարկե, «Մշակն» էս մասին լռեց, մինչև նոր հարմար դեպքը, իսկ Դրամբյանն ու Ս. Հ.-ն նորից ասպարեզ եկան մինը «Հորիզոն» № 45-ում, մյուսը «Հովիտի» № 22-ում և նորից պնդում են իրենցը, այժմ էլ ուրիշ ձևով, թեկուզ Հայկունուց չես օգտվել, թեկուզ ռուսերենից չես թարգմանել, բայց հո հայերենից ես առել, թեկուզ բառացի չի, բայց հո էլի էն նյութն է, նույն տիպերն են, նույն արտահայտություններն են, և թե ինչու վրեն չես գրում ժողովրդական:

Իբրև թե եթե գրեի ժողովրդական, ամեն բան կվերջանար նրանց համար, դրամբյանիզմի համար, հայոց էս մամուլի համար: Բայց, իհարկե, սուտ են ասում: Եթե դրանով վերջանար, ես կասեի — ո՛վ «Մշակ», ո՛վ «Հովիտ», ո՛վ Տեր-Եզնիկ, ո՛վ Քալանթար, ո՛վ Հ<ամբարձում> Առաքելյան, ո՛վ Դրամբյան, ո՛վ Ս. Հ., բաց արեք տեսեք 1905 թ. «Հասկերը» № 1, հենց առաջին երեսին մեծ-մեծ տառերով տպած է՝ «Գառնիկ ախպեր» հայ ժողովրդական հեքիաթ:

Էդպես էլ մյուսները:

Բայց սխալ է, եթե կարծում եք, էս որ ասի, մի «Հովիտ» կամ մի «Մշակ», մի Ս. Հ. — կամ մի Դրամբյան կամաչեն ու կլռեն: Ո՛չ, հազար-հազար անգամ՝ ոչ:

Դրանից ավելի խիստ ապացույցներ ու փաստեր եմ հանել նրանց դեմ, տպված են, հայտնի են, այսուամենայնիվ նրանք շարունակում են անվանարկել, թունավորել միշտ նոր ու նոր տխմարություններ ու հայհոյանքներ կուտակելով մեջտեղը:

Իհարկե, էդ բոլորն ինձ ի՛նչ պետք է անեն. ոչինչ, և ժողովրդական առածի ասած՝ քոռամուկն ինչքան հող փորի՝ իր գլխին կածի, բայց երևույթը, երևույթը շատ է գարշելի, հոգին շատ է ցած ու վատ:

Բայց առայժմ մի շատ հետաքրքրական պատմություն պետք է անեմ:

Եվ ահա պատմությունը:

Անցյալ դարի սկզբներին ռուսաց գրականության մեջ հայտնվում է մի ջահել մարդ, անունը Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին: Էս Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը բանաստեղծ է լինում: Եվ որովհետև բանաստեղծ է լինում, դրա համար էլ բանաստեղծություններ է գրում, էն էլ զանազան տեսակի: Եվ որովհետև զանազան տեսակի բանաստեղծություններ է գրում, բազմազան էլ նյութեր է առնում իր երգերին, էլ սեր. էլ ընկեր, էլ հայրենիք, էլ բնություն, էլ ժողովուրդ, էլ պատմություն, դրանց հետ նաև ժողովրդական նյութեր — լեգենդներ ու հեքիաթներ:

Լսո՞ւմ եք: Եվ ժողովրդական նյութեր է առնում մշակում, ինչպես խելքը կտրում է, և ինչքան ուժը պատում է, տպում է, վրեն էլ գրում է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին:

Գրական ճաշակի ու հասկացողության տեր մարդիկ հրճվանքով ողջունում են երիտասարդ բանաստեղծին, սիրում են առանձնապես նրա ժողովրդական նյութերի մշակումը, որոնց հետ ռուսաց գրականության մեջ էր մտնում ռուսաց ժողովրդական ոճն ու շունչը, իսկ հայտնի Ժուկովսկին հենց առաջին հեքիաթի — Руслан и Людмила-ի համար ղրկում է Պուշկինին իր պատկերը վրեն մակագրած՝ «հաղթված ոաուցիչը — հաղթող աշակերտին»:

Հիմի կասեք. Հապա եթե էնտեղ էլ համ բանաստեղծ կար, համ ժողովրդական նյութեր կային, համ էդ նյութերի մշակումը կար, հապա ի՞նչպես է, որ Դրամբյան չկար, Ս. Հ. չկար, «Մշակ» չկար, «Հովիտ» չկար... Ինչպես չկար, հենց էդ եմ ասում:

Գրական տոնի և ուրախության հենց էն տաք ժամանակը իր իշի վրա նստած հայտնվում է տխրահռչակ Каченовский-ն6, որ հենց սրանով էլ մնում է անմահ ռուսաց գրականության պատմության մեջ, և Житель Бутырской слободы կեղծ անունով տպում էր իր լուրջ «կրիտիկան» «Вестник Европы»7 1820 թվի № 11-ում. — Արթուն կացե՛ք, քաղաքացինե՛ր, հայրենիքը վտանգի մեջ է... մի ինչ-որ Պուշկին է դուրս եկել...

Ռուսաց գրականության պատմությունն ասում է. «Житель Бутырской слободы» увидел в мысли Пушкина воспользоваться русским сказочным элементом просто неприличие, бедствие и явление отвратительное8...

Էնքան նման «Մշակի» Դրամբյանին ու «Հովիտի» Ս. Հ-ին, որ քիչ է մնում կարծեմ, թե ես էլ Պուշկին եմ:

Իհարկե, ներողություն եմ խնդրում իմ սիրելի հայրենակիցներից, որ էս տեսակ մի համեմատություն անցկացրի մտքովս: Ես լավ գիտեմ, որ նրանք թույլ չեն տալ բնավ, որ Թիֆլիսի էս ինչ փողոցում, էս ինչ համարի տանը մի ուրիշ Պուշկին լինի, էն էլ հայ: Բայց վեճի նմանությունը շատ է մեծ, նրա համար հիշատակեցի:

Եվ հետաքրքրական է ավելին լսել, ավելի զարմանալի նմանությունը տեսնելու:

Ռուս Դրամբյանն էյ մեղադրում է Պուշկինին, թե նա իր հեքիաթը վերցրել է ռուսաց Հայկունու — Кирша Данилов-ի ժողովրդական նյութերի հավաքածուից9: Ասում է. «Чего ждать, когда наши поэты начинают пародировать Киршу Данилова? Возможно ли просвещенному или хоть немного сведущему человеку терпеть, когда ему предлагают новую поэму, писанную в подражание Еруслану Лазаревичу»10.

Եվ ճշիտ «Մշակի» Դրամբյանի ու «Հովիտի» Ս. Հ.-ի նման էլ նմանություններ է գտնում: Ասում է. «Для большой точности, или чтобы лучше выразить всю прелость старинного нашего песнопения, поэт и в выражениях уподобился Ерус-ланову рассказчику...».11

Եվ նախադասություններ ու բառեր Է բերում, ցույց տալու, թե պատմությունն ու տիպերը հո նման Էին, արտահայտությունն ու լեզուն Էլ ինչքա՛ն նման են:

«Теперь прошу, писал он, обратить ваше внимание на новый ужасный предмет, который, как у Камоэнса Мыс бурь, выходит из недр морских и показывается посреди океана Российской словесности. Пожалуйста, напечатайте же мое письмо; быть может, люди, которые грозят нашему терпению новым бедствием, опомнятся, рассмеются — и остановят намерение сделаться изобретателями нового рода русских сочинений. — Дело вот в чем: Вам известно, что мы от предков получили небольшое бедное наследство литературы, т. е. сказки и песни народные. Что об них сказать? Если мы бережем старинные монеты, даже самые безобразные, то не должны ли тщательно хранить и остатки словесности наших предков?..».12

Իսկ մի ուրիշը գրում Էր, թե`

«Мать дочери велит на эту сказку плюнуть»13.

Իհարկե, հետո բացվեց ու էսօր ապացուցված Է, որ Պուշկինը չի էլ օգտվել Кирша Данилов-ի հավաքածուից, և ռուսաց գրականության պատմությունը ցավ հայտնելով դրա համար, որ չի օգտվել, ասում է.

«Но нужно помнить, что самое содержание русского фольклора раскрывалось медленно и современные научные воззрения на фольклор и на вопрос об отношении его к книжной словесности в сущности сходятся с тем практическим решением его, какое дал Пушкин в «Руслане и Людмиле». Универсальность сюжетов фольклора и зависимость его от твор чества книжного или индивидуального — результат только новейших изучений. В их свете свободное отношение Пушкина к чудесно-фантастическим сюжетам и приурочение их к национальному преданию — есть акт гениального предвидения...» (Библиотека великих писателей, под ред. Венгерова, Пушкин, т. I. соч. Пушкина с обьясн. их и сводом отзывов критики, Л. Поливанова, Руслан и Людмила)14.

Но нужно помнить էն էլ, որ էս ամենը հետո հայտնվեց ու ասվեց: Դրա համար հարկավոր էր մի Բելինսկի գար ու ամեն մեկին ցույց տար իր տեղը: Իսկ մինչև նրա գալը, էդ ռուս Դրամբյաններն ու Ս. Հ.-երը և նրանց խրախուսող ռուսական «Մշակներն» ու «Հովիտները», որ շարունակ կուրծք էին ծեծում, թե իրենք գրականության ու ազգի սիրուց են էրվում, շատ մտքեր ու շատ արյուն պղտորեցին:

Սառնասիրտ Крылов-ը էդ «լուրջ կրիտիկայի» ծանր տպավորության տակ իր սրտի ցավը թողեց ռուսաց գրականության մեջ մի քառյակով.

«Напрасно говорят, что критика легка;
Я критику читал Руслана и Людмилы:
Хоть у меня довольно силы,
Но для меня она ужасно как тяжка>15.

Պուշկինի բարեկամ իշխան Վյազեմսկին առաջարկում էր ուժով լռեցնել էդ իդիոտներին, իսկ Պուշկինն ինքը, տեսնելով, որ քննադատը չի կանգնած իր առջև, այլ բթությունը, որ դուրս է եկել իր կոպիտ ձեռքը բարձրացրել միայն հարվածելու հանում հայրենիքի ու գրականության, նրա հաստ ու տափակ ճակատը խարանեց մի շարք էպիգրամմաներով, որոնք հայտնի են «На Каченовского» ընդհանուր վերնագրով: Ահա նրանցից մինը:

Нахальство, Аристарх, таланту не замена,
Я буду всё поэт, тебе наперекор,
А ты останешься всё тот же крохобор,
Плюгавый выползок из гузка Дефонтена*16.

Եվ էստեղ ես ուզում եմ պարծենալ ու հիշեցնել, որ ես Պուշկինի նման անքաղաքավարի չեմ վերաբերվել դեպի իմ Արիստարիները, ու էս տեսակ բաներ չեմ ասել սրանց, թեև սրանք շատ ավելի աներես ու չար են, քան ռուս պրոֆ. Каченовский-ն, և էնպես, ինչպես Պուշկինն է զզված բացականչել, թե — «ո՞ր սատանեն արավ, որ ես բանաստեղծ ծնվեի Ռուսաստանում», ես երբեք էդ տեսակ բացականչություն չեմ արել, թե՝ ո՞ր սատանեն արավ, որ ես բանաստեղծ ծնվեի հայերի մեջ, թեև ես հազար անգամ ավելի իրավունք ունեի:

Չէ՞ որ միայն մի թշվառ Каченовский և իր նման մի երկուսը չէին, որ զզվեցրել էին մի Պուշկինի: Չէ՞ որ միայն էդ մի անախորժ վիճաբանությունը չէր նրա զայրույթի ու զզվանքի պատճառը:

Եվ մի՞թե մեծ ու փոքր Դրամբյանն ու Ս. Հ.-ն նորություն են մեր կյանքում, մի՞թե թշնամությունն ու չարությունը մեր ամենօրյա հացը չեն, մի՞թե հայհոյանքն ու սուտը երբևէ պակասել են մեր գլխից, և մի՞թե մենք կտեսնենք դրանց վերջը...

— Բնա՛վ:

Եթե ռուս Каченовский-ներն առաջ են եկել իբրև իմաստակներ և համառելով մնացել ու թաղվել են իրենց մոլորության մեջ, հայ մեծ ու փոքր Դրամբյանները սկզբից մինչև էսօր հայտնվել են իբրև մաղձոտ հոգիներ և հուսահատորեն ճգնել են միայն հարվածել, թունավորել, վնասել, սպանել: Ուրիշ խնդիր է, թե ուժ չեն ունեցել ու չեն կարողացել, բայց էդ է եղել ձգտումը, հոգին: Եվ նրանցից բան չեք կարող հասկանալ, ոչ էլ կարող եք բան հասկացնել:

Կասեն՝ վերցրել եք բառացի էսնչից: Ցույց կտաք, որ չեք վերցրել: Էդ նշանակություն չունի: Կասեն՝ թարգմանել եք: Ցույց կտաք, որ թարգմանություն չի: Դարձյալ չեն լռիլ: Կասեն ինչո՞ւ չեք վրեն գրում ժողովրդական: Թվականով, տեղով, էջով ցույց կտաք, որ գրել եք վրեն ժողովրդական: Միևնույն է, նրանք իրենցը կշարունակեն:

Ես ցույց տվի, որ իմ մշակած ժողովրդական նյութերի վրա սովորաբար գրել եմ «Ժողովրդական»: Բայց շատ իզուր: Ես ոչ թե կարող էի չգրել «Ժողովրդական», այլ ուղղակի չպետք է գրեի: Մինչդեռ մեր դրամբյանիզմը հանգ<ուցյալ> Հայկունու օրինակի վրա ցույց տալով, պահանջում է, որ ես իմ մշակած նյութերի վրա ոչ միայն գրեմ ժողովրդական, այլև՝ թե որտեղ, երբ և ումից եմ լսել:

Եվ մեր մեծ թե փոքր, հառաջադիմական թե կղերական բթամիտ Դրամբյանները մինչև էսօր դեռ չեն հասկացել, թե էն ժողովրդական հում նյութերի համար է, որ բանահավաքները գրում են — որտեղ են լսել, երբ են լսել, ով է պատմողը, քանի տարեկան է և այլն, և այլն, որովհետև էն արձանագրություն է, պրոտոկոլ է, և պարտավոր են նույնիսկ նրա սխալներն էլ էնպես գրի առնելու, ինչպես որ կան: Իսկ մշակածի, գրական լեզվով պատմածի, փոփոխածի, զանազան վարիանտներից կազմածի, չափական ձևի վերածածի վրա չպետք է էլ գրվի, նա արդեն ժողովրդականը չի, թեև բնագիրը ժողովրդիցն է առած: Ճիշտ էնպես, ինչպես հայոց էս կամ էն Դրամբյանը կարող է մի գյուղից լինի դուրս եկած, բայց իրոք էլ գեղջուկ Դրամբյան չի և թույլ չի տալ իրեն գեղջուկ անվանել, այլ մշակված Դրամբյան, «լուրջ կրիտիկոս» Դրամբյան, ազատամիտ թերթի աշխատակից Դրամբյան...

Եվ ահա մենք պարտավորված ենք էդ «լուրջ կրիտիկոս» Դրամբյանին ու հայոց ազատամիտ թերթին ցույց տալու, թե բանահավաքն ուրիշ է, բանաստեղծն ուրիշ, մեկի գրածի պատասխանատուն ժողովուրդն է, մյուսինը — ինքը:

Մի բանահավաք Афанасьев17 պարտական է հիշելու, թե որտեղ է լսել, օրինակի համար, «Золотая рыбка» հեքիաթը ու ետևիցն էլ բերում է նրա զանազան տեղերի տարբերակները, թե ինչպես մի տարբերակում ձկան դերը աղվեսն է կատարում, երրորդում, թռչնակը, չորրորդում՝ ծառը:

Մեկում ծերունու լավության փոխարեն են վճարում, մյուսում ուղղակի լավություն են անում խղճահարությունից: Մեկում հարստություն են ուզում, մյուսում՝ իշխանություն, երրորդում ուզում են սուրբ դառնան: Մեկի վերջում մնում են դատարկ, մյուսում — հարուստ ու երջանիկ, երրորդում — դառնում են շներ...

Եվ ամեն վարիանտի տակ մարդը գրում է — Записано з Чердиском уезде, Пермской губ. կամ Записано в Енисейской губ. Իսկ մի բանաստեղծ Պուշկին նույն ժողովրդից վերցնում է նույն հեքիաթը և գրում է. «Сказка о рыбаке и рыбке». Գրում է ու ստորագրում Ալեքսանդր Պուշկին: Եվ որովհետև երբ ասում են հեքիաթ, առակ, լեգենդ, ամեն մի գրականությունից տարրական հասկացողության ունեցող մարդ, մինչև իսկ ռամիկը, գիտեն, որ էդ կնշանակի ընդհանուր, ժողովրդական ստեղծագործություն, որ ամեն մարդ էլ կարող է նյութ առնել ու գրել, պատմելով, փոփոխելով, ավելացնելով ու պակասեցնելով, հեռանալով կամ մոտիկ մնալով: Եվ ահա Պուշկինն էլ էսպես է պատմում, շատ <մոտ> ու հավատարիմ մնալով բնագրին, և նրա գրածը արդեն ժողովրդականը չի և չի կարող ու չի էլ գրում վրեն ժողովրդական: Եվ ռուսաց գրականության պատմությունը Պուշկինի գրածի ու ժողովրդականի էսքան մոտիկությունը շեշտելով հանդերձ ոչ թե հայհոյում է նրան, այլ ընդհակառակը, բարձր գնահատելով պոետի նուրբ հոտառությունն ու զգուշավորությունն, ասում է.

«Текст народной сказки, взятый на этот раз Пушкиным, заключал много достоинств и по стройности состава, и по ярской характеристике обеих главных действующих лиц (старика и старухи). Пушкин, почувствовав эти достоинства своего источника, придержался близко к нему» (Соч. Пушкина с обясн. их и свод, отзыв, критики Поливанова)18.

Մեր «լուրջ կրիտիկոսները» պ. Տեր-Ղևոնդյանի դասագրքում19 թարգմանած ռուսական հեքիաթը հայկականի տեղ են դնում, իսկ հայկականը անվանում են ռուսերենից թարգմանության և կամ «Դասընկերում»20 տպած գերմանականի խառնուրդ «Զանգլո-Պանգլոն» անխառն հայ ժողովրդական հեքիաթի օրինակ են առաջարկում: Եվ բացարձակ բոբիկ ու անտեղյակ էն առարկայից, որի վրա խոսում են, դեռ հանդգնում են սովորեցնել, թե ինչպես պետք էր ժողովրդական նյութեր մշակել ու գրել:

Իսկ ես, մարդու թարսություն է էլի՛, փոխանակ նրանց խորհրդին հետևելու և գործը խաղաղ վերջացնելու, ուզում եմ ցույց տամ, որ ավելի մեծ հանցավոր ու բանագող եմ, քան թե նրանք գիտեն ու կարծում են: Ես իմ լեգենդներն էլ եմ ժողովրդից առել, բոլոր հեքիաթներն ու զրույցներն էլ եմ ժողովրդից ու ժողովրդականիցն առել, ու միշտ աշխատել եմ և աշխատում եմ ինչքան կարելի է մոտիկ ու հարազատ մնալ, Սասունցի Դավիթը կազմելիս էլ եմ էդպես արել, նույնիսկ Անուշն էլ, Թմկաբերդն էլ, մյուսներն էլ, որտեղ քեֆս տվել է, օգտվել եմ ժողովրդական նյութերից և շատ անգամ հենց ինչպես իրենք են ասում՝ «բառացի»:

Սրան, իհարկե, ամենայն սիրով կհավատան մեր «լուրջ կրիտիկոսներն» ու նրանց թերթերը, միայն մի ծանր խնդիր կա, որ չի կարող վճռել նրանց պստլիկ ուղեղը, թե ինչպես է, որ ես Հայկունու կամ ուրիշի ժողովրդական նյութերից «բառացի» առնում եմ ու իմ առած «բառացին» «հեշտ փառք է վաստակում ու գումարներ է դիզում...», իսկ բնագիրը, իսկականը չի կարողանում, և կամ իրենք ու Հայկունիները չեն կարողանում անել նույնը:

Ա՛յ զարմանալի «բառացի»...

Ա՛յ հանելուկ...

Եվ ես խորապես համոզված եմ, որ էս «լուրջ կրիտիկոսներից» սկսած մինչև իրենց խմբագիրները, սրանց խղճուկ բանականությունը էստեղ շշմում է ու մոլորվում, ու ընդմիշտ էլ կմնա նույն ցավալի դրության մեջ:

Եվ անշուշտ սրանց կարելի էր շատ բան ներել: Էս տեսակ մարդիկ արևելյան ու արևմտյան բոլոր մեծ առակախոսներին մի Եզոպոսի, մի Փեդրոսի, մի Լաֆոնտենի, մի Կռիլովի, մի Ոլիմպիանոսի, մի Գյոթեի և նմաններին միշտ կարող էին անվանել գրական շանտաժիստներ, բանագողներ, ավերիչ ժանտախտներ և ինչ որ բերանները գար, և ճշմարիտ որ նրանց գրքերն ու գրվածքներն էլ բոյկոտի ենթարկել և հայհոյելով գրել սովորեցնել:

Չէ որ ամենքն էլ ունին նույն առակները, նույն ագռավներն իրենց պանիրներով, նույն խորամանկ աղվեսներն ու գայլերը, նույն թակարդները, նույն օձերն ու նույն գյուղացիները, և այլն, և այլն: Եվ նրանք ի՞նչ պիտի անեին: Կամ պետք է աղաղակեին — Տե՛ր, թող սրանց մեղքերը, որովհետև չգիտեն ինչ են անում ու ինչ են ասում, և կամ թե չէ պետք է իրենց առակներին նոր առակ ավելացնեին, թե ինչպես էշը սոխակին երգել է սովորեցնում և կամ թե ինչպես խոզը պալատն է ընկնում և միայն աղբ է տեսնում էնտեղ:

Անկասկած կարելի էր էս տեսակ մի բացականչությունով կամ մի առակով փակել սրանց հետ խնդիրը, եթե միայն տգիտությունը լիներ մեզ զբաղեցնող առարկան. բայց ես ավելի հոգու չարությունն ու սրտի վատությունն եմ նկատում էստեղ և նրա դեմ է, որ ստիպված եմ գրիչ առնելու էս անհարմար օրերում:

Եվ իսկի նոր չի ու նորություն չի մեզանում գրական անճաշակությունն ու տգիտությունը միացած փոքրիկ հոգու չարությանը, որ ես պատահմունքով «դրամբյանիզմ» անվանեցի, և որից ոմանք, սխալվելով, ենթադրում են, թե էս ամենը ուղղած է մի որևէ խեղճ ու կրակ Դրամբյանի դեմ: Ո՛չ, ով կդառնա ու <կ>թերթի մեր մամուլի հին տարիները, կտեսնի, որ առաջ էդ վատ երևույթը, որ ես «դրամբյանիզմ» անվանեցի պատահմունքով, շատ ավելի խոշոր ու ավելի բազմաթիվ ներկայացուցիչներ է ունեցել, և միայն այժմ նրանք սակավացել ու մանրացել են, դարձել Դրամբյաններ ու Ս. Հ.-եր:

Սրանից մի քանի տարի առաջ ո՜ր հայ գրողի երեսնամյակը, քառասնամյակը, կամ հիսնամյակը տոնում էին — երդվում էր, թե էսքան տարվա ընթացքում իմ գրվածքների վրա մի լուրջ հոդված չեմ կարդացել ու բացի հայհոյանքը ուրիշ բան չեմ լսել:

Պետք է վերջանա էս գարշելի երևույթը, իսկ եթե նրան վերջ չի լինիլ — վերջ չի լինիլ և գրական մարդու ցասումին ու հարվածներին: Շատ հին ու սուրբ կռիվ է սա:

Սակայն, «Մուրճի» օրերից սկսած մեր մեջ երևում են գրական հասկացողության ու ճաշակի տեր մարդիկ, որոնք քննադատության մեջ դնելով գրական-գեղարվեստական խիստ պահանջներ, միաժամանակ իրենց հետ բերում են լուրջ վերաբերմունք ու հարգանք դեպի գրողն ու գրականությունը:

Տարեցտարի ավելանում է սրանց թիվը, տարեցտարի ուժեղանում են սրանք, սրանց հետ եկել է և մի նոր, թարմ ու ճաշակավոր բազմություն, և սրանց միջից պիտի պայթի ու որոտա էն դատող ու զատող բարկությունը, որ ամեն մի ժողովրդի գրականության մեջ, որոշ շրջանում, գալիս է պայթում բոլոր մեծ ու փոքր, հին ու նոր Դրամբյանների գլխին ու մաքրում, պարզում ժամանակաշրջանի հաշիվները:

Ինձ թվում է, որ հեռու չի էդ օրը մեր մեջ:





ՓՈՐՁԻՉԸ

«Новое время»1-ն գոհ Է, որ հայերը նորից վերադառնում են դեպի Ռուսաստան, որից երես էին դարձրել վերջին 35 տարին հատկապես նրա պարագլուխները, և, ողջունելով հայ ժողովրդի էս վերադարձը դեպի հին ավանդությունները, ասում է. «հայկական նոր տրամադրության անկեղծությունը դեռ պետք է փորձենք»:

Առած կա, թե վատ մարդը զատկին էլ վատ կլինի: Հիմի սրանն է: ժողովուրդների բարեկամության տոնական օրն էլ հայտնվում է դարձյալ վատ դերում — փորձչի կերպարանքով:

Եվ նրա հետ մարդ ուզում է էսպես խոսել:

Ո՞ւմ եք փորձում, ո՛վ փորձիչ:

Հայ ժողովրդի՞ն: Բայց դուք ինքներդ եք հաստատում, թե նրա մեջ ամուր է եղել բնական ձգտումը դեպի Ռուսաստանն ու միշտ էլ մնացել է անփոփոխ:

Հին ավանդություններն ու պատմությո՞ւնն եք փորձում:

Բայց նրանք մնացել են անսասան հայ ժողովրդի հետ միասին: Էդ էլ եք դուք վկայում...

Սակայն ես ուզում եմ մի ուրիշ խոսք ասել հին փորձչին: Ուզում եմ ասել, դուք ո՞վ եք, որ ուզում եք մեզ փորձի ենթարկել: Մի՞թե դուք եք հանդիսանում էն Ռուսաստանը, որին վերադարձել են հայերը, մի՞թե դուք նրա հարազատ ներկայացուցի՞չն եք: Մի՞թե դուք նրա ոգու թարգմա՞նն եք:

Ո՛չ: Երբե՛ք: Մենք եկել ենք ու գալիս ենք դեպի Մեծ Ռուսաստանը, դեպի մեծ Ռուս ազգը, և եթե սիրել ու հարել ենք — նրան, ոչ թե ձեր ու ձեզ նմաններին, որոնք միշտ եղել են փոքր ու անսիրելի: Եթե մենք միացած ենք անբաժան, ռուսական պետությանն ենք միացած, նրանից ենք տեսել բարիքներ, նրա հետ ենք կապել մեր հույսերը, նրան էլ ծառայել ենք հարազատի նման ամեն ասպարիզում: Եվ վկայությունները շատ են:

Իսկ ձեզանից մենք ի՞նչ ենք տեսել, ձեզ հետ ե՞րբ ենք եղել միացած ու բաժանված, որ էս օր էլ ետ գանք դեպի ձեզ ու դուք էլ դեռ մեզ փորձեք:

Եթե վերադառնում ենք հին լավ ավանդություններին, դուք լավ ավանդություններ չունեք, և դարձյալ խոսքը ձեր ու ձեզ նմանների մասին չի:

Եթե մենք կապված ենք եղել ու էսօր էլ նորից՝ ավելի գիտակցաբար, ամրապնդում ենք կապը, էդ ռուս լավ մարդու հետ է, որի սրտի բարությունն ու մեծությունը վայել են իր հայրենիքի մեծությանն ու ազգային ուժին, ոչ թե ձեզ հետ, որ միշտ եղել եք փոքրոգի ու նեղսիրտ և խոսել եք միայն խորթությունից ու թշնամությունից:

Եվ էսօր էլ, երբ խոսք կա հին ավանդությունների, սիրո ու լավ կապի մասին — վարձիչը խոսք չունի: Նա միայն կարող է մտքեր պղտորել ու վատ զգացմունքներ առաջ բերել:

— Ետ գնա, քո օրը չի էս օրը: Թող առաջ գա նա, ով կարող է Մեծ Ռուսաստանը հանդես բերել հոգու մեծությամբ ու սրտի բարությամբ, նա, որ իր ուժով երկրներ նվաճելու հետ իր առաքինություններով էլ ժողովուրդների սրտերն է նվաճում:




ՊԵՏՔ է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

«Հորիզոնի» նախավերջին առաջնորդողը1 խոսելով մեր ուսուցիչների մտավոր ու բարոյական վիճակի վրա՝ երկու կողմից էլ գտնում է շատ անմխիթարական: Եվ հիշատակելով, որ նրանց մտավոր պատրաստությունը բարձրացնելու համար անցյալ տարվա ծրագրական խորհրդակցությունների ժամանակ որոշում է եղել թեմական դպրոցներին կից մանկավարժական լրացուցիչ դասարաններ բաց անել — կանգնում է երկրորդ ցավի առաջ, թե ի՞նչ պետք է անել հայ ուսուցչին բարոյական ախտավոր վիճակից հանելու:

Նույն կենսական հարցին է նվիրված և պ. Ց. Խ.2 «Մեդալի մյուս կողմը» հոդվածը «Բաքվի ձայնի» նախավերջին №-ի մեջ3:

Պ. Ց. Խ. էլ նկատելով, որ մեր հոգաբարձուներն անբավարար են առհասարակ, շեշտը դնում է հիմնական կետի — հայ ուսուցչի վրա, որ դպրոցին հոգի ներշնչողն է, և, նույնպես գործը քննելով բարոյական ու մտավոր կրկին տեսակետներից, հաստատում է, որ հայ դպրոցը իր բարձրության վրա չի:

Սակայն, ինչպես ճիշտ նկատում է պ. Ց. Խ., մեր դպրոցական գործի աննախանձելի դրությունը դեռ 60-ական թվականներից սկսած հասարակության և մամուլի մտահոգության ամենակարևոր առարկաներից մեկն է եղել:

Պատճառն ի՞նչ է, որ մինչև էսօր հայ դպրոցը, կամ հայ ուսուցիչը ոչ թե իր բարձրության վրա չի, այլ հրապարակ է հանում բարոյական թե մտավոր անկման էն տեսակ երևույթներ, որ առաջ են բերում հոդվածագիրները, և որոնցից ավելի սոսկալիները կարող է պատմել հենց տողերիս գրողը:

Պատճառը պետք է փնտրել մի կողմից քաղաքական պայմանների մեջ, մյուս կողմից մեր ժողովրդի պատմական յուրահատուկ վիճակի մեջ, ասում է պ. Ց. Խ.:

«Հորիզոնը» ավելի ընդհանուր բառ է գործածում: Ասում է՝ այն ճահճացյալ դրությունն է պատճառը, որի մեջ գտնվում է հայ ուսուցչությունը:

Այո՛, պատճառները կարող են մի քանիսը լինել, և մինը էս պատճառի վրա կծանրանա, մյուսն էն, բայց ինչքան ծանոթ եմ հայ ուսուցչին ու նրա կյանքին, ես կարծում եմ ամենագլխավոր պատճառն էն է, որ հայ ուսուցիչը խեղդված է նյութական նեղ վիճակի մեջ, չի կարողանում ապրել, չի կարողանում հաստատ ու սրտալի կանգնել իր տեղը, իր կոչումի բարձրության վրա և հետզհետե չի կարողանում զարգանալ ու զորանալ թե մտավորապես և թե բարոյապես: Էս կամ էն անկյունը ընկնելով, ընկնելով նեղ ու դժնդակ պայմանների մեջ, սպառում էր իր համեստ ուժերը և հետզհետե իջնելով ներկայացնում մի խանգարված ու ետ մնացած մարդ, և կամ, եթե կյանքի մեջ մի դուռն ու ճանապարն է գտնում, թողնում է փախչում հայոց դպրոցից, իր տեղը տալով ավելի ու ավելի տկարներին և հաճախ նույնիսկ էն տեսակ մարդկանց, որոնցից ժանդարմները ստորագրություն են առնում, թե էլ դանոս չգրեք: Եվ փաստ է սա:

Այո՛, փախչում է հայ ուսուցիչը հայոց դպրոցից, և ոչ միայն ինքն է փախչում, այլ փախցնում է և իր զավակներին՝ տալով օտար դպրոցներ, որ նրանք զերծ լինեն ազգային մշակույթի անդաստանում աշխատողների չարքաշ կյանքից, ինչպես հիշված է «Հորիզոնի» հիշյալ հոդվածում:

Եվ եթե մենք ուզում ենք ետ բերել նրան, լավացնել, զորացնել, բարձրացնել ու ամուր կանգնացնել իր տեղը, իր պաշտոնի մեջ, պետք է նրա համար ստեղծենք մարդավայել պայմաններ:

Դրա համար ամենից առաջ պետք է բարձրացնել նրա դասագինը, նրա ռոճիկը: Եվ նրա ռոճիկը բարձրացնելու ավելի հարմար օր չի կարող լինել, քան էսօրվա օրն է, հայոց գրի ու գրքի մեծ հոբելյանի օրը: Էսօր դրված է հայոց դպրոցական ֆոնդի խնդիրը, հայոց դպրոցի ապահովության խնդիրը: Եվ եթե դպրոցը ուսուցիչն է, ապա ուրեմն իսկապես դրված է հայ ուսուցչի ապահովության խնդիրը: Թող էդ խնդիրը, հարկավ խորհրդակցություններից ու քննություններից հետո, էսօր առնի իրեն իրական որոշումը — մեծ տոնի օրը բարձրացնել հայ ուսուցչի դասագինը ամեն տեղ, թե ծխական դպրոցներում, թե միջնակարգ:

Եվ ցանկալի է, որ էս խնդիրը քննության առնվի մամուլի էջերում:





ՄԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԵՎ ԴՊՐՈՑՆ ՈԻ ԳՐԱԿԱՆՈԻԹՅՈԻՆԸ

Հոբելյանի թե անունը, թե սովորությունը եբրայական ծագումն ունի: Հիսուն տարին մի անգամ Իսրայելի ժողովուրդը տոնում էր եգիպտական գերությունից ազատվելու օրը, իր ազգային ինքնուրույն կյանքի վերածնության տոնը, և ցնծագին փողահարելով հռչակում էր ի լուր աշխարհի:

Էդ տարին բացվում էին նրա բանտերի դռները, զրկվածներն ու տնանկներն ստանում էին իրենց ինչքերն ու ստացվածքները, ստրուկներն իրենց ազատությունը, և էդ տարվա ամբողջ բերքն էլ հատկացրած էր աստծուն, որ հանել էր նրան եգիպտական գերությունից և պատվիրել էր. «Եւ արասջիք զամենայն իրաւանս իմ և զամենայն դատաստանս իմ, և պահեսջիք և արասջիք զնոսա, և բնակեսջիք երկրին ձերում վստահութեամբ»:

Ահա մենք էլ որոշել ենք հոբելյանական տարի: Տոնում ենք մեր գրերի գյուտի ու տպագրության հոբելյանը: Ամեն կողմից համազգային մի մեծ տոն:

Այո՛, մեծ ու հրաշալի էր տեսարանը, երբ Իսրայելի Մովսեսն իջնում էր Սինայից ու բերում էր հետը աստուծո պատգամները. բայց նրանից ոչնչով պակաս վեհ ու վսեմ չէր, երբ հայոց Մեսրոպը ժամանակի լուսավորության հայրենիքից Հայաստան էր մտնում հայոց այբուբենը բերելով իր հետ: Եվ իզուր չի ավանդությունը ասում, թե՝ աստվածային ձեռքը գրեց էդ այբուբենը, ու էդպեսով դրեց մեր գրի ու գրականության սկիզբը: Նրանից հետո մենք ունեցանք սեփական ազգային դպրոց ու գրականություն, որ ճանապարհ է ցույց տվել մեր ազգին դեպի լավագույն ապագան, էն լուսեղեն սյունի նման, որ երբեմն Իսրայելի ժողովրդին ճանապարհ էր ցույց տալի օձերով լիքը անապատներում դեպի Ավետյաց երկիրը:

Նույն ճանապարհն է ամեն մի ժողովրդի առաջ, նույն օրենքն ու նույն ուժերը:

Թող մեր 1500-ամյակի մեծ հոբելյանն էլ լինի մեր ազգային վերածնության սկզբի տոնը, թող սա լինի մի համազգային փողհարություն ի լուր աշխարհի, թե ապրում է հայ ժողովուրդը, և մենք էլ էս տարվան՝ ոչ թե ամբողջ բերքն ու աշխատանքը, գոնե նրա փոքրիկ մասը միամիտ սրտով նվիրենք Սահակին ու Մեսրոպին մեզ մոտ ուղարկող աստծուն, այսինքն նրան հաճելի գործերին — հայոց դպրոցին ու հայոց գրականությանը:

Փույթ չի, թե փոքր կլինի մեզանից շատ շատերի տվածը: Մեր ժողովուրդը մի շատ իմաստուն առած ունի, որ ասում է. «շատը ուժից, քիչը սրտից»: Քիչը տալով ամեն մարդ իր սիրտը բերած կլինի մեջտեղ, և միայն սրտով է, որ գեղեցիկ ու մեծ գործեր են կատարվում:





<ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ>

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ: Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է: Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն: Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը: Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք:

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ: Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան: Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում:




ԱՆԳԻՏԱԿԻՑ ԹՇՆԱՄԻՆԵՐ

Վրացական «Закавказская речь» թերթը նեղացել է1, թե ինչու Հայ Գրողների ընկերությանը դիմել է ուր հարկն է, որ Թիֆլիսի մեծ երգչի արձանի բացման առիթով Ալրի կամ Թուրքի մեյդան կոչված հրապարակը, որի կողքին թաղված է Սայաթ-Նովան, կոչվի Սայաթ-Նովայի հրապարակ: Սրա մեջ նկատում է հայերի կողմից Թիֆլիսը զավթելու դիտավորություն և վատ կրքեր է հուզում:

Նույն տեսակ աղմուկ է բարձրացրել ռուսական «Голос Кавказа» թերթը Խ. Աբովյանի արձանի համար, որ կանգնելու է Երևանում, և հորդորում է իշխանությանը՝ ետ առնել իր տված իրավունքը:

Սրանով, իհարկե, իբրև թե ամեն մեկն իր հայրենիքի ու ազգի շահն է պաշտպանում հայերի դեմ: Մի կողմ թողնելով ավեյի լայն հայացքը, ես ուզում եմ նկատել, թե էս մարդիկ լավ էլ չեն հասկանում, թե ինչի դեմ են խոսում, և հենց թեկուզ իրենց նեղ տեսակետից էլ եթե առնենք խնդիրը — դեմ չպետք է լինեին ո՛չ մեկը և ո՛չ մյուսը:

Ահա թե ինչո՛ւ:

Խ. Աբովյանը մի մոլեռանդ ռուսասեր էր, նրա «Վերք Հայաստանին» հայ ժողովրդի տանջանքի ու տենչանքի արտահայտությունը լինելով հանդերձ՝ միաժամանակ մի ոգևորված ջատագովություն է ռուս ազգին ու նրա պետական ուժին, և առաջ քաշել Խ. Աբովյանին, կնշանակի հայերի մեջ արծարծել նաև սեր ու համակրանք դեպի ռուս ազգն ու ռուս պետությունը:

Եվ հանկարծ... Էս մարդու հիշատակին դեմ է մի ռուս թերթ:

Ի՛նչ խոսք, որ սա չի հասկանում, թե որտեղ և ում դեմ է խոսում, և եթե չար է, նեղսիրտ ու փոքրոգի, ապա նաև անգիտակից է, և անգիտակից թշնամի ամենից առաջ իր ազգին ու հայրենիքին, որովհետև ուզում էետ մղել իր ազգի ու հայրենիքի մեծ բարեկամներին և նրանց տեղը ստեղծել՝ թշնամիներ:

Նույնը պետք է ասեմ և վրացական «Закавк. речь»-ին:

Ո՞վ Է Սայաթ-Նովան: Մի երգիչ, որ համազոր ուժով ու սիրով երգել է թե հայերեն, թե վրացերեն և թե թուրքերեն: Մի համակովկասյան երգիչ, որ, ամենից քիչ երգել է հայերեն: Մի երգիչ, որին վրաց գրականության պատմությունը անվանում է՝ Վրաստանի երգիչ: Բաց արեք վրացի պրոֆ. Ա. Խախանովի վրաց գրականության պատմության երրորդ գիրքը2, էջ 218, կտեսնեք Սայաթ-Նովա վերնագրով մի առանձին գլուխ, որ սկսում էհետևյալ տողերով.

«Աղա Մահմադ խանի Թիֆլիսն առնելու ժամանակ սպանվեց Վրաստանի նշանավոր երգիչ Սայաթ-Նովան: Նա Հերակլ 2-րդ թագավորի պալատական աշուղն էր (Трубадур): Հարյուր տարի սրանից առաջ Սայաթ-Նովայի անունը հին Թիֆլիսում հռչակված էր ամենուրեք, թագավորական պալատից սկսած մինչև արհեստավորի խրճիթը»3:

Եվ վերջանում է հետևյալ խոսքերով.

«Սայաթ-Նովան միայն վրացերեն չի գրել, այլ նաև հայերեն ու թուրքերեն, որ դեռ մնում են անտիպ»4:

Նրա մեջ ասված է միայն, որ նա ծնունդով հայ էր և գրել է նաև հայերեն:

Եվ էս տեսակ մի երգիչ, որին հենց իրենց-վրացիների ասելով ամենից շատ իրենք են երախտապարտ, մի երգիչ, որ հավասար թանկ է Կովկասյան բոլոր ազգությունների համար, մի երգիչ, որ միայն սեր է արծարծել դեպի վրացին, վրացական լեզուն ու Վրաստանը, մի երգիչ, որ Թիֆլիս քաղաքի ամենամեծ պարծանքներից մինն է, հանկարծ իր հիշատակով, իր անվանը տված հարգանքով շարժում է վրացիներից ոմանց մաղձն ու զայրույթը:

Եվ էդ ոմանք, թեկուզ և ազգով վրացի, հայերին նեղսիրտ, չարակամ լինելուց առաջ Վրաստանի թշնամիներն են, որովհետև վեր են կենում ու խոսում նրա հոյակապ ու սիրելի երգիչներից մեկի — Սայաթ-Նովայի անվան ու հիշատակի դեմ:

Այո, սրանք անգիտակից թշնամիներ են ամենից առաջ հենց իրենց հայրենիքին ու ազգին, ռուս թերթը` ռուսին ու Ռուսաստանին, վրացական թերթը՝ վրացուն ու Վրաստանին: Եվ սրանց համար է ասված, թե՝ պետք է ներել, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում:




ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ «ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ»

Եվրոպական նշանավոր գիտնականներից մինը մի մասնավոր նամակում գրում է. «Մենք ճանապարհ ենք բաց անում Թորամանյանի թնդանոթների համար»:

Հարգելի գիտնականը թնդանոթներ անվանում է պ. Թորամանյանի ուսումնասիրած ու հավաքած հայկական ճարտարապետության էն նմուշներն, որոնք մոտիկ ապագայում իրենց լուսաբանություններով լույս պետք է տեսնեն Եվրոպայամ: Ասում են, «դրանք նորություններ են Եվրոպայի համար» և առայժմ դրանց մասին ծանոթություններ են տալիս եվրոպացիներին, այսինքն՝ ճանապարհ են բաց անում Թորամանյանի թնդանոթների համար:

Այո՛, դրանք թնդանոթներ են, հայկական թնդանոթներ, և թնդանոթներից ամենաազնիվն ու ամենաուժեղը, որ երբևիցե հնարել է մարդը. իրենց հետ տանում են հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու կարողականը, գնում են հայերի համար նվաճելու լուսավոր ազգերի սերն ու համակրությունը, հարգանքն ու հիացումը:

Հիրավի, գործիչները նման են զորավարների և նրանց գործերը թնդանոթներ են, որոնք տիրում են հեռավոր տարածություններ ու ժամանակներ:

Բայց ինչպես ամեն մի զորավար հաղթությունը տանելու համար իր թիկունքին պետք է ունենա մի ոգևորված ու հավատարիմ բազմություն, էնպես էլ ամեն մի գործիչ պետք է զգա ու գիտենա, որ դատարկ չի իր թիկունքը:

Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն և հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «հայոց ճարտարապետությունը» վերնագրով:

Էդ նորություն է Եվրոպայի համար, ասում են եվրոպացիք, բայց էդ նորություն է և մեզ համար, հայերիս համար, պետք է խոստովանենք մենք:

Ահա էդ շատ նշանավոր նորությունն է, որ շաբաթ երեկոյան Հայ Գրողների Ընկերության նախաձեռնությամբ կազմած հրապարակական երեկույթում Թիֆլիսի հասարակության առաջ պետք է պարզի ու լուսաբանի պ. Թորամանյանը, բազմաթիվ վկայություններով ու նկարներով:

Թող գան հայերը, տեսնեն ու համոզվին, որ իրենք միշտ էն ժողովուրդը չեն եղել, ինչ որ հանդիսանում են էսօր, տեսնեն, թե ի՛նչ են ստեղծել ու ի՛նչ են եղել անցյալում, որ հոգեպես բարձրանան ու լցվին հավատով դեպի իրենց ազգային ապագան:




ԼՍԵՆՔ ՈԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

Արդյոք մի որևէ ձևով վճռվե՞ց հայկական հարցը: Արդյոք վերացա՞վ տաճկահայոց ամբողջ կյանքի ու մեր հոգու վրից էդ կարմիր մղձավանջը, և կարո՞ղ ենք այսուհետև հանգիստ սրտով նվիրվել կուլտուրական աշխատանքի ու ավելի լայն խնդիրների:

Ո՞վ գիտի:

Չնայելով հայոց կաթողիկոսի ու նրա ներկայացուցիչ Նուբար փաշայի շնորհավորական հեռագիրներին՝ հայ ժողովուրդն ամեն տեղ էս հարցի դեմը խորին լռություն է պահպանում, ծանր ու իմաստուն մի լռություն, իսկ երիտասարդ թուրքերը Ռուսաստանի սահմանի վրա զորահանդեսներ են սարքում:

Այո՛, գուցե վերջը չի հայկական հարցի, բայց վերջի սկիզբն է: Դրա համար էլ խորհրդավոր է և էն համատարած խլրտումը, որ նկատվում է մեր կուլտուրական կյանքում — դպրոցի, գրականության, գիտության — ուսումնասիրության ու բանասիրության ասպարեզներում: Սա էլ սկիզբն է մի նոր վերածնության, որի համար մենք բավականաչափ ուժեր ու տրամադրություն ունենք արդեն:

Հինը ենթարկվում է վերագնահատության, առաջադրվում են նոր, ավելի լուրջ պահանջներ, և ամենամեծ պահանջը — պարզ հասկանալ...

Պարզ հասկանալ մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր գրականությունը, մեր պատմությունը ու մեր պատմական հիշատակարանները: Մինչև այժմ նրանք խոսել են մեր սրտի հետ, և մենք սիրել ենք զգացմունքով, անխտիր, հախուռն, առանց հասկանալու, թե ինչ ենք սիրում և ինչու. այժմ գալիս է ժամանակը՝ նրանց էությանը ներհմուտ լինելու, նրանց լեզուն ու միտքը հասկանալու, և էդ նպատակի համար են և Գրական Ընկերություն, և Ազգագրական Ընկերություն, և Պատմական Ընկերություն, և Երաժշտական Ընկերություն, և ուրիշ նման ընկերություններն ու մասնավոր ձեռնհաս անհատների ջանքերը:

Էս ճանապարհին ինչպես կլինեն շատ հայտնություններ ու հիացումներ, էնպես էլ անխուսափելի են շատ հիասթափություններ, բայց էս է հաստատ ու ճշմարիտ ճանապարհը:

Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են և՛ ժողովրդի անունից, և՛ գրականության, և՛ պատմության, և՛ գիտության — միմիայն մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, և հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճգնությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու պատրաստակամությամբ:

Ահա՛ նրանցից մեկը — ճարտարապետ Թորոս Թորամանյանը, տասնումեկ տարի լուռ ու մունջ, հազար ու մի զրկանքով հայոց ավերակներում աշխատելուց հետո՝ վերջապես հրապարակ է գալիս խոսելու հայոց ճարտարապետության, նրա ծագման, զարգացման ու հարաբերությունների մասին: Եվ երկու նշանավոր գիտնականներ էս տեսակ վկայություն են տալիս նրա համար: Պրոֆ. Մառը իր մի աշխատության մեջ վկայում է, թե պ. Թորամանյանը հայոց ճարտարապետության հիշատակարանների լեզվի առաջին ուսուցիչն է: Իսկ պրոֆ. Ստրիժիգովսկին1 ասում է. ճարտարապետ Թորամանյանը մի մեծ նորություն է բաց անում ամբողջ Եվրոպայի առջև:

Պետք է լսենք ու պաշտպանենք հայոց ճարտարապետական հիշատակարանների լեզվի առաջին ուսուցչին, թև ու թիկունք պետք է լինենք մեր ազգային ստեղծագործական հանճարը հայտնագործող ու վեր հանող վաստակավորին:




ՄԻ ՊԱՅԾԱՌ ՇԻՐԻՄ

Մայիսի 15-ին, Համբարձման օրը, վարդի ու ծաղկի տոնին Թիֆլիսի հասարակությունը, առանց ազգի ու ցեղի խտրության, Հայ Գրողների Ընկերության առաջնորդությամբ վարդերով ու երգերով գնում է բաց անելու Սայաթ-Նովայի մահարձանը1: Գերեզմաններ կան, որ պայծառ են, ժպտում են մարդկանց սրտերին մի խոր հավիտենական ժպիտով ու ասես թե կյանքը հաշտեցնում են մահի հետ:

Էս տեսակ մի պայծառ գերեզման է Սայաթ-Նովայի գերեզմանը. ամբողջովին հաշտություն ու սեր է բուրում, ու միշտ էլ ժպտալու է ամենքին, ու միշտ էլ կրկնելու է ամենքին.

«Աշխարհքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի՝
Աստվա՛ծ սիրե՛, հոքի սիրե՛, յա՛ր սիրե՛...
Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ՝
Աղկատ սիրե՛, ղոնաղ սիրե՛, տար սիրե...»:

Միշտ կենդանի մի գերեզման, և կենդանությունը պայծառ, քնքույշ ու ազնիվ:





ԱՊԱՇԱՎԱՆՔ

Ներեցեք մեզ, ո՛վ քրդեր, ո՛վ թուրքեր, որ 1878 թվականին մենք գնացինք Բեռլին1 ու գանգատվեցինք ձեր կատարած կողոպուտների, բռնաբարումների, սպանությունների, հրդեհների ու ավերումների դեմ՝ ձեզ անվանելով բարբարոսներ ու գազաններ, իսկ նրանց մարդասեր դատավորներ:

Ճիշտ է, էն ժամանակ էլ նրանք արտահայտվեցին, թե էդ ամենը չարժեն իրենց մի զինվորի փտած ոսկորներին2, և մենք շատ զարմացանք ու շփոթվեցինք, թե մի՞թե կարելի է՝ մարդ էսքան դաժան լինի, բայց դեռ չէինք լսել էն, ինչ որ լսում ենք էսօր, դեռ չէինք տեսել էն, ինչ որ տեսնում ենք էսօր, և մնում էինք միայն ցավալի տարակուսանքի մեջ: Սակայն էսօր, երբ էսքան բան է պարզված աշխարհքի առջև, «մարդասեր» գերմանացու ձեռքով գնդակահար եղած գյուղացիների վերջին գալարումների հետ, դժբախտ Միլիցայի ու իր նմանների վերջին հառաչանքների հետ, աչքերը հանոտած, լեզուները կտրատած մարդկանց կսկիծների և անեծքների հետ, Լուվենի3 գրադարանի հրդեհի կարմիր լուսի տակ, Ռայմսի տաճարի ավերման դղրդյունի մեջ՝ ստիպված ենք սրտի բեկումով խոստովանելու մեր միամտությունը և ձեզանից ներողություն խնդրելու էն խտրության համար, որ դրել ենք ձեր ու քաղաքակիրթ մարդու մեջ:

Մեր սրտերում Ռայմսի տաճարից շատ ավելի մեծ մի տաճար կար, որի մեջ նա՝ քաղաքակիրթ մարդը ապրում էր ձեզանից առանձին, նրանք խորտակեցին էն հոյակապ տաճարը և մնացին դուրսը, իրենց ձեռքով արած ավերակների մեջ, ձեզ հետ միասին, ձեզ հետ հավասար:

Էլ չեն խաբիլ մեզ նրանց մեքենաներն ու ճարտար արվեստները: Ճիշտ է ասել ժողովուրդը, թե դրանք բոլորը «սատանի հնարքներ» են, չոր ուղեղի ծնունդներ, և նրա լուսավորության մեջ ոչ աստվածային շունչն է տիրում, ոչ մարդկային խղճմտանքն է թագավորում:

Թերևս ազնիվ կլիներ ներողություն խնդրել և գազաններից, որ մարդկային էս բոլոր վայրագություններն անվանել ենք «գազանություն», և գուցե շատ իմաստուն ու տեղին կլիներ էս ամենի դեմ գնալ գանգատվելու նույնիսկ էն շներին, որ անընդունակ են էս տեսակ արարքների և ահա նույն պատերազմի դաշտում էնքան գութ են ցույց տալիս ու կարեկցություն, ինչպես հավաստիացնում են եկած տեղեկությունները:

Ավա՛ղ, կարծես, թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ:





ԿՈՎԿԱՍԻ ՄԵԾ ՈՐԴԵԳԻՐԸ

Մեծ է Կովկասը, արևելքի ու արևմուտքի, հարավի ու հյուսիսի մեջտեղը կանգնած հին հսկան: Աստվածների բնակավայրեր են եղած նրա երկնահաս բարձունքները: Նրանց ստորոտների վրա հանգչում են հին դարերի ու հին ժողովուրդների գերեզմաններն ու ավերակները, տներն ու տաճարները, իսկ գագաթները շողշողում են ամպերից վերև, արևին ու աստղերին ճակատ առ ճակատ:

Մեծ բան է՝ լինել Կովկասի որդեգիրը:

Հազար հազարավոր մեծ մարդիկ են եկել անցել Կովկասից, բայց նրանք բոլորը Կովկասի համար եղել են անցվորներ, ախոյաններ, բարեկամներ կամ հյուրեր, իսկ որդեգիր՝ նա շատ քիչ է ունեցել:

Էդ երջանիկ քչերիցն եղան երկու մեծ ռուս բանաստեղծները — Պուշկին և Լերմոնտով: Արդյոք հարավի ու լեռնաստանի ժառանգական արյո՞ւնն էր, որ խոսեց նրանց մեջ, թե՞ ջինջ ու հստակ մեծություններին ձգտող բանաստեղծի ոգին, ո՞վ գիտի, թերևս և՛ մինը և՛ մյուսը, բայց նրանք Կովկասը սիրեցին, Կովկասը նրանց, ու մեծ Կովկասին մեծ որդեգիրներ եղան հավիտյանս հավիտենից:

Եվ ահա էսօր լրանում է ռուս ժողովրդի մեծ զավակներից մեկի և Կովկասի մեծ որդեգիրներից մեկի — Լերմոնտովի ծննդյան հարյուրամյակը1, բայց պատերազմի պատճառով հետաձգվում է էդ պայծառ, էդ ցանկալի տոնը, որ Ռուսաստանի մի ծերից մինչև մյուսը պետք է խնդացներ ու թնդացներ շատ միլիոնավոր սրտեր ազնիվ ու խոր զգացմունքներով առանց ազգի ու ցեղի խտրության:

Հետաձգվում է:

Ամենքս էլ հետաձգում ենք: Բայց բոլորովին լռել չի կարելի: Եվ ինձ էսօր համակում է մի խոր տխրություն:

Ես մտածում եմ. ինչպես էսօր ժամանակը չի, որ Լերմոնտովի ծննդյան հարյուրամյակի տոնը գար, էնպես էլ հարյուր տարի առաջ ժամանակը չէր, որ Լերմոնտովը ծնվեր. բայց ծնվեց. ծնվեց հրեղեն ու վերասլաց մի հոգով, որ դեռ մանկուց չնաշխարհիկն էր որոնում հարյուր տարի առաջ եղած Ռուսաստանի միջավայրում, չինովնիկական մունդիրի մեջ ամուր սեղմված ու չորացած մի կյանքում, ու կատարվեց մեծ դրաման:

Այո՛, դրամաների մեջ ավելի զարհուրելին չկա, քան մեծ հոգիների դրաման:

Լերմոնտովն էլ ունեցավ իր մեծ ընկերի — Պուշկինի ճակատագիրը: Մինը եղավ որպես ջինջ երկնակամարի վրա թափառող մենակ մի ամպ:

Последняя туфа рассеянной бури!
Одна ты несешься по ясной лазури,
Одна ты наводишь унылую тень,
Одна ты печалишь ликующий день.

Մյուսը՝ որպես ծովի ընդարձակության վրա, կապույտ մշուշի մեջ հածող մենակ մի նավ:

Белеет парус одинокий
В тумане моря голубом...

Եվ երկուսն էլ Ռուսաստանի լայնածավալ տափաստանների վրա չհասկացված ու հալածված մենակ հոգիներ...

Բայց ինչո՞ւ էին նրանք հալածված իրենց հայրենիքում: Մի՞թե իրենց հայրենիքը չէին սիրում: Մի՞թե Լերմոնտովը իր հայրենիքը չէր սիրում:

Սիրում էր, այո՛, բայց «տարօրինակ» սիրով, ոչ էն սիրով, ինչ սիրով որ սիրում Էին մնացած շատերը: Եվ ինքն էր խոստովանում հրապարակով, թե՝ ոչ արյունով գնած փառքը, ոչ գոռոզ ինքնավստահությունով լիքը հանգիստը, ոչ խավար անցյալի նվիրական ավանդները — ուրախության ոչ մի զգացմունք չեն շարժում իր մեջ: Իսկ էն «տարօրինակ» սերը, որով սիրում էր, և որը չէր մկրտում ոչ մի անունով, սակայն շռայլորեն փռում էր իր երկերում ու երգերում, ոչ հասկացող կար, ոչ գնահատող: Կյանքի ասպարեզը բռնած էին կամ ոչնչությունները և կամ նրանք, որոնց մասին ասում է՝ «իրենց սրիկայի սիրտը ծածկած էին մունդիրով»: Հասկացող, գնահատող հասարակություն չկար, և «տարօրինակին» հազարավոր աչքերով հետապնդում, հազարավոր ձեռքերով մերժում, քշում էին իրենց շրջանից: Մի շրջան, որից Պուշկինն ուզում էր մինչև Չինաստան մին փախչի, որից զզված Գրիբոյեդովը Պարսկաստան ընկավ...

Էս ամենի վրա ավելացավ և էն ամենամեծ վիշտը, որ Լերմոնտովը ունեցավ իր կյանքում: Նա պաշտում էր Պուշկինին, և տեսավ Պուշկինին... բամբասված ու գնդակահար: Որոտաց մի հրաթափ, մի անուն զայրույթով, որի անունն է «На смерть Пушкина»4, ամբողջ Ռուսաստանի երեսին նախատինքի ու դատապարտության էն տեսակ խոսքեր շպրտեց, որ մինչև էդ օրը Ռուսաստանը դեռ չէր լսել, ու սրանով ամեն բան լրացավ:

Պետք է հեռանար:

Հեռացավ՝ մնաս բարով ասելով «տերերի ու ստրուկների Ռուսաստանին, կապույտ մունդիրներին ու նրանց նվիրված ժողովրդին: Գուցե, ասավ, էնտեղ, Կովկասի սարերի ետևը կարողանամ ծածկվել քո (ժողովրդի) ղեկավարների ամենատես աչքերից ու ամենալուր ականջներից»5:

Էսպես ժամանակը, երբ իրեն շրջապատող ամեն բան ընկած է մարդու աչքից ու սրտից, հիսաթափված մարդը կյանքի մեջ մի նեցուկ, մի ապավեն է որոնում ու նրան է փարում, նրան է փաթաթվում իր բոլոր հույսերով ու սիրով: Կովկասը էդ ապավենն ու մխիթարանքը եղավ Պուշկինի ու Լերմոնտովի համար: Եվ երբ նրանք իրենց ժամանակի ռուսական կյանքի ու իրենց հիասթափության անապատից քշված, հալածված դիմում էին դեպի հարավ՝ նրանց խոցված ու գազազած սրտերին հեռվից ամպերի միջից առողջ ու պայծառ ժպտացին Կովկասի ձյունափառ գագաթները՝ հոյակապ ցնորքների նման, նրանք էլ իրենց հոգու ամբողջ ուժով ու աշխուժով փաթաթվեցին Կովկասին, որդեգրվեցին Կովկասին ու ախպերացան մեզ — կովկասցիներիս:

Եվ երբ կգա Լերմոնտովի հարյուրամյակի կատարման օրը, մենք, կովկասցիներս, կտոնենք՝ ոչ միայն որպես մի մեծ ռուս բանաստեղծի տոն, որին, ինչպես և առհասարակ ռուս գրականությանը, շատ բան ենք պարտական, այլև որպես մի բանաստեղծի, որ հոգով հարազատ է մեզ, որ մեր ընդհանուր մոր — Կովկասի աննման որդեգիրն է, որ դեռ մանուկ օրից երկինքն ու Կովկասի կապույտ սարերը միասին է երազել:





«ՍՐԱՆՈՎ ԿՀԱՂԹԵՍ»

Սրանից ուղիղ մի դար առաջ էր, որ Ռուսաստանն ու Անգլիան հազիվ կարողացան հաղթահարել ու զսպել մի Նապոլեոնի, որ ֆրանսիական ազգը ռազմական փառքի ու աշխարհակալության տենչով հարբեցրել, վեր էր կացրել ու ետևից քարշ էր տալիս եգիպտական ավազներից սկսած մինչև ռուսական ձյունապատ դաշտերը՝ զանազան ժողովուրդների հողերի վրա ավերելու, տիրելու, կարգադրելու, ինչպես իր քեֆը կուզեր:

Ուղիղ մի դարից հետո, էսօր էլ դարձյալ Ռուսաստանին ու Անգլիային է վիճակված, այժմ էլ ուրիշ դաշնակիցներով, մի գերմանական Վիլհելմի և ինքնամոլությունից հարբած ու Կրուպպի գործարանների ծխից կուրացած Գերմանիայի խելագար թափը խորտակելու, որ «Դեյչլանդ, Դեյչլանդ, յուբեր ալլես»1 (Գերմանիա, Գերմանիա, ամեն բանից վեր) մռմռալով ու մռնչալով վեր է կացել աջ ու ձախ ոտի տակ տալու: Եվ անմեղ, խաղաղ ու բարեկեցիկ Բելգիայի բնակիչներն արդեն դարձել են Մուշի հայ գաղթականներ, իսկ Լոնդոնում լույսերը հանգցնում են գիշերները, որ երկնքից ռումբեր չթափեն իրենց գլխին:

Եվ այժմ ամեն մարդ զբաղված է մի հարցով, թե ո՞ր կողմն է հաղթելու և ի՞նչով է հաղթելու: Արդյոք զորքերի քանակությա՞մբ, լավ զենքերով ու մեծ թնդանոթներո՞վ, թե նյութական մեծ կարողությունով:

Իհարկե, սրանք ամենքն էլ մեծ բան են. սակայն մենք լսել, նույնիսկ տեսել ենք, որ մեծ զորքերն էլ իրենց կատարելագործված զենքերով խուսափել են պատերազմի դաշտերից, իրենց հարստությունն էլ թողել են թշնամուն: Միմիայն մի ուժ կա, որ չենք լսել, թե հեշտությամբ խորտակված լինի երբևիցե, մի ուժ կա, որ փոքրին էլ դարձնում է մեծ, տկարին դարձնում է հզոր և հաղթություններ է ապահովում ու սխրալի գործեր: Դա ժողովուրդների ոգևորությունն է:

Ժողովուրդների ոգևորությունը վճռական դեր է կատարում և ներկա մեծ պատերազմում:

Էսօրվան կուլտուրական ժողովուրդները, ինչքան էլ հարկադրված լինեն պատերազմի գնալու, այնուամենայնիվ պատերազմը չեն սիրում: Էդ լավ գիտեն կառավարությունները, որոնցից ամեն մինը, վերջին ժամանակներս պատերազմներում, աշխատում է աշխարհի առաջ արդարանալ, թե ինքը չի պատերազմի պատճառն ու սկսողը: Սակայն հեշտ բան չի աշխարհքին խաբելը, — մանավանդ քառասուն տարվան ամեն տեսակի պատրաստություններն ու ազգերի դեմ սարքած դավադրությունները հրապարակ ելնելուց հետո, և ահա ժողովուրդները կատաղորեն ծառացած են Գերմանիայի դեմ, որպես պատերազմի սկզբնապատճառի ու ազգերի խաղաղության դավադիրի դեմ: Առանց դիրքի ու դասակարգի խտրության, առանց համոզմունքի ու դավանանքի խտրության, գրեթե ամենքը Գերմանիայի հակառակորդների հետ են և ոգևորվում են նրանց հաղթանակով: Պատերազմի բնավորությունն էնպես է, որ ամեն մեկին թվում է, թե ի դեմս Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի Տոլստոյը, Գլադստոնն ու Ժորեսն են դուրս եկել կռվի (թեկուզ Բելգիան էլ թողնենք իր Մետերլինկով), մյուս կողմից Բիսմարկն ու Մետերլինկը, իսկ նրանց ետևից էլ Աբդուլ Համիդի դաժան դեմքն է երևում ստվերում:

Սրա համար էլ մի կողմից ժողովուրդների բուռն սերն ու ոգևորությունն է գալիս օվկիանոսի հորձանքի նման, մյուս կողմից թշնամու ատելությունն ու գազանական կատաղությունը, որ արտահայտվում է անլուր ոճիրներով ու բարբարոսական ավերածություններով:

Սրանից հետո որքան էլ ահռելի լինի Գերմանիան իր քառասուն տարվա պատրաստություններով՝ իր զինակիցներով հանդերձ խորտակվելու է Եռյակ համաձայնության առջև, որովհետև սրանք վեր են կացել ժողովուրդների թե նյութական, թե բարոյական գերագույն շահերի անունով և որովհետև սրանց հետ է աշխարհի ամենամեծ ուժը — ժողովուրդների սերն ու ոգևորությունը:

Սրանով կհաղթեն:

Պատմությունն ասում է՝ քրիստոնեության արշալույսին, հեթանոս Կոստանդին մեծ կայսրը մի պատերազմի ժամանակ տեսավ՝ երկնքում փայլատակեց քրիստոնեության խաչը՝ վրեն գրած` «Սրանով կհաղթես»: Հավատաց, ընդունեց, նրանով ոգևորված առաջ վարեց իր գունդերն ու հաղթանակը տարավ: Եվ նրանից հետո երկար դարեր էդ նշանով էին ոգևորվում ու կռվում ազգերը — քրիստոնյաները Քրիստոսի խաչի ետևից, ինչպես նրանցից հետո մահմեդականներն էլ Մահմեդի աջի ետևից:

Միջին դարերի հետ անցկացավ և կրոնամոլության շրջանը: Եկավ նոր ժամանակ, աբսոլյուտիզմի, միահեծան իշխանության արշալույսը. սրա թարգմանն էլ հանդիսացավ մի ուրիշ թագավոր` Լյուդովիկոս մեծը2. «Պետությունը — ես եմ»: Ազգերին տրվեց նոր նշանաբան, թե ամեն բան աստծուց սահմանած թագավորն է, և նրանից հետո էլ երկար ժամանակ էդ անունով էին ոգևորվում ու կռվում ազգերը:

Այժմ մենք մտնում ենք մի նոր դարաշրջան, նոր արշալույս ենք ողջունում, հետզհետե իրար հետևից լսվում ու ավելի բարձր են հնչում ժողովուրդների ձայները...

Այժմ առանց սրան. անկարելի է ի մի բերել ժողովուրդներն ու ոգևորել, մի առողջ ամբողջություն, մի անխորտակելի ուժ կազմակերպել և թե արտաքին հաղթանակն ապահովել, թե ներքին խաղաղությունը: Ներկա մեծ պատերազմում էս նոր խաչն են իրենց նշանաբան առել Ռուսաստանը, Անգլիան ու Ֆրանսիան: Սրանով էլ ուժեղ կլինեն ու կհաղթեն անկասկած: Եվ սա է էն ճանապարհը, որ տանում է դեպի հետևյալ սրբազան արշալույսը, դեպի ազգերի ու ժողովուրդների խաղաղ եղբայրությունը:




1915

ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՎԻՏՆԵՐԸ

Թեև դեռ շարունակվում է պատերազմը, բայց Ալաշկերտի հայ ժողովուրդը, որ հեռացել էր ռուսաց զորքի նահանջի ժամանակ, նորից ռուսաց զորքի հետ վերադառնում է իր տեղը — Եփրատի հովիտը:

Էսպես է եղել ռուս-տաճկական և ռուս-պարսկական բոլոր պատերազմների ժամանակ: Հայ ժողովուրդը միշտ ետ ու առաջ է խաղացել ռուս զորքի հետ միասին, ինչպես և պարսիկ, քուրդ ու թուրք ժողովուրդը պարսիկ ու թուրք զորքի հետ միասին: Քանի ռուս զորքը հաջողություն է ունեցել ու առաջ է անցել, էնքան էլ ետ է գնացել պարսիկ, քուրդ ու թուրք տարրը Հայաստանի հողի վրա և տեղի է տվել հայ ժողովրդին: Սա մի հանգամանք է, որ պետք է լավ իմանանք միանգամ ընդմիշտ:

Էսպեսով է կարողացել և էսօր էլ էսպեսով է կարողանում մեր ջախջախված, ցաք ու ցրիվ եղած ժողովուրդը հանգիստ նստելու տեղ գտնի իր հայրենիքում: Էսպեսով էր, որ Արարատյան դաշտում, Արաքսի հովտում, որ ռուսներից առաջ գրեթե ամբողջովին պարսկաբնակ էր, առաջ եկավ, ստեղծվեց և էսօր նստած է մի հոծ հայ զանգված:

Նույնը պետք է լինի և Եփրատի կամ Ալաշկերտի հովիտում: Էդ երկու հովիտները, Արաքսի ու Եփրատի հովիտները, մեր սրբազան հովիտներն են:

Մեկը մեր Մայր Գետն է, մյուսը մեր Սրբազան Գետը: Մեկի հովիտում մեր անցյալ քաղաքական կյանքն է զարգացել ու անցել, մյուսի հովիտում մեր հին ու նոր կրոններն են ծաղկել, մեր ազգային սրբությունները, մեր ազգային դպրություն — գրականությունը:

Էջմիածնից թերևս ավելի հեշտ լինի դուրս անել հայ Ժողովրդին, քան թե Արաքսի ու Եփրատի հովիտներից:

Ահա էսօր էլ մեր աչքի առջև՝ տեսնում ենք, թե ինչպես մերթ ռուս զորքի հետ հայն է առաջ շարժվում ու լցվում Արևելյան Եփրատի կամ Արածանու հովիտը, Ալաշկերտի շրջանը, մերթ թուրքն ու քուրդն են լցվում թուրք զորքի հետ միասին: Եվ հենց էս րոպեին, երբ գրում եմ էս տողերը, թուրք բանակն ու քրդական ալայները, որ մի քանի օր առաջ գազանաբար հոշոտեցին Զեթկանի, Մոլլա Սուլեյմանի, Խաստուրի և այլ գյուղերի իրենց ձեռքն անցած հայ ժողովրդին, ռուս զորքի առջև նորից ետ քաշված` երախներն արյունոտ, Ղլիջ-Գյադուկի բարձրությունները բռնած, նորից հառել են իրենց արյունակալած աչքերը ներքև, Եփրատի հովիտի վրա: Էն հովիտի վրա, ուր հեթանոս հայը Վարդավառ ու Ծաղկազարդ պաշտել է իր Անահիտն ու Աստղիկը, իր Արամազդն ու Վահագնը. էն հովիտի վրա, ուր հայ ժողովուրդը իր Մեծ Տրդատի հետ միասին մկրտվել է Արածանու սուրբ ջրերում, քրիստոնեություն է ընդունել, ու իր մկրտության տեղը տաճար է կանգնել, ճակատին դրոշմել. — Ով կընկնի էս վեմի վրա՝ կջախջախվի, իսկ ում վրա սա կընկնի՝ կհոսի ջրի պես: Էն հովիտի վրա, ուր հայ ժողովուրդը դարերով ճակատ-ճակատի է զարկել հին Պարսկաստանի ու Արևելքի բոլոր աշխարհակալների հետ: Էն հովիտի վրա, ուր փռված է Ձիրավի դաշտը, որի վրա էնքան ու էնքան հաղթանակներով խոյացել են Արշակունիները, Բագրատունիները, Մամիկոնյաններն ու Արծրունիները: Էն հովիտի վրա, որին շրջապատել են Ծաղկանց լեռները, Բարթողի շղթան, Նպատն ու Սուկավետը, որի վրա, իր ալևոր գլուխը մինչև երկինք բարձրացած՝ հսկում է Ազատ Մասիսը:

Էն հովիտը շարունակ լցվել է հայի արյունով ու արտասուքով, ավերակով ու դիակով: 1878 թվին էլ եղած հոծ հայությունը դուրս եկավ, գաղթեց ռուս զորքի հետ և միայն մի մասը նորից ետ դարձավ: Էդ մի մասն էլ էսօր է հոշոտվում, դիակները դեռ չեն թաղված, կենդանի մնացածների գլխին էլ դեռ ոռնում են Ղլիջ-Գյադուկից քուրդն ու իր գնդակը, բայց դարձյալ դեպի էն հովիտը... Անդիմադրելի դեպի էն հովիտն են ձգտում մեր սրտերը, մեր մտքերը, մեր հոգիները: Էնտեղ են մեզ համար էն ամենը, ինչ որ մի ժողովրդի դարձնում են մեծ ու գեղեցիկ, էն ամենը, ինչ որ մի ժողովրդի կյանք ու ոգի են տալիս: Դեպի մայր Արաքսի ու Եփրատի հովիտները:




ԴԵՊԻ ՄԵԾ ԿՅԱՆՔԸ

(Հայ օպտիմիստի խորհրդածություններից — մեծ պատերազմի ու հայկական խնդրի առիթով)

«Բնությունը կենդանի է ստեղծել, — մարդը հառաջադիմության արդյունք է»:

Էսպես են որոշել մարդկային իմաստությունն ու գիտությունը:

Հիրավի, երբ խորաթափանց հայացքով նայում եք դեպի ետ՝ անցած հեռավոր ժամանակների աղջամուղջում ձեր աչքին մռայլ պատկերանում է մարդակեր մարդը, ապա երբ նորից դառնում եք դեպի ձեր չորս կողմը՝ տեսնում եք, որ մարդը էսօր ոչ թե մարդակեր չի, այլև մարդասպանությունն էլ նրա կյանքում արդեն համարվում է մի դժբախտ դեպք, որի վերացման համար նա մեծ մտահոգություն ունի՝ բարոյական պատվերներով, պետական օրենքներով, գեղարվեստական և ուրիշ հազար ու մի արտահայտություններով:

Դեռ սրանից էլ ավելին: Տեսնում եք՝ նրա մեջ արմատանում, զարգանում ու ծավալ է առնում ալտրուիզմի — այլասիրության լայն զգացմունքը, որ առաջնորդում է դեպի հանրամարդկային եղբայրությունը:

Եվ դեռ սրանից էլ դենը: Նրա մեջ հետզհետե որոշվում, շեշտվում ու հաստատվում է կենդանասիրության խոր ու վսեմ զգացմունքը, որ տանում է դեպի տիեզերական մեծ կյանքը:

Եվ, անշուշտ, ուրախությունով պետք է նկատեինք էս հառաջադիմությունը, եթե մեր հեռավոր գեղեցիկ երազները չլինեին ու մեր ազնիվ անհամբերությունը:

Այո՛, մենք շատ ենք հեռու էն լավ մարդուց ու լավ կյանքից, որ երազում են լավագույն երազողները, բայց ակներև հառաջադիմությունը դեպի նրանց է տանում:

Էսպիսով առաջադիմությունը, ամենակողմանի կերպով առած, մի աստվածային աշխատանք է, որ կատարում են ընտիր անհատներն ու ազգերը, լավ մարդն ու լավ կյանքը ստեղծելու համար: Եվ անհատը կամ ազգը ինչքան ազնիվ է՝ էնքան էլ շատ է նախանձախնդիր հառաջադիմության ճանապարհը շուտով բռնելու և էնքան էլ ուժեղ թափով ու սրտով է շարժվում էդ աստվածային գործը կատարելու:

Սակայն ամեն հառաջադիմություն պայմանավորվում է ինքնուրույն քայլեր անելու, ունեցած լավագույն ձիրքերը մշակելու և լավագույն զգացմունքները զարգացնելու ազատության պայմանով: Մի ժողովուրդ, որ կլանված լինի իր գլխապահության հասարակ խնդրով, ինչպես մեր ժողովուրդն է եղել կլանված ասիական բռնակալությունների տակ «կյանքի, գույքի ու պատվի» մշտական բռնաբարումի խնդրով, էլ նա ի՞նչպես կարող է մասնակից լինել մարդկության ընդհանուր հառաջադիմության գործին: Մեր կյանքը դժոխք են դարձրել նրանք, մեզ համար մարդուն անվայել ստոր վիճակ են ստեղծել ու ստոր խնդիրներ, մեր ուշքն ու միտքն էլ հետը ցած տարել: Դառնացրել են մեր հոգին, նրա մեջ զարգացրել են վրեժի ու թշնամության զգացմունքները, ստիպել են երգել «Արյան երգեր», և մեր լավագույն մարդիկն էլ չեն կարողացել դուրս գան մեր իրականության անձուկ ու արյունոտ շրջանակից, հեռու նայեն ու մասնակից լինեն համաշխարհային մեծ խնդիրների մշակումին՝ գրական լինի, գիտական, թե հասարակական:

Այժմ համաշխարհային մեծ ցնցումով՝ շատ ու շատ բան է հեղաշրջվում ազգերի հոգում ու կյանքում. չտեսնված մեծ պատերազմը խոստանում է չտեսնված մեծ էլ բարեփոխություններ: Մեծ պետությունները իրենց սրերը մերկացրել են նաև հանուն ճնշված ազգերի ազատության: Սրանով նրանք գալիս են վերացնելու էն անվերջ ու արդար խռովությունը, որ հարուցանում են հալածված ազգերը իրենց վիճակի հանգամանքով և էսպեսով էլ խռովարարների փոխարեն նրանք, մեծ պետությունները ստեղծում են իրենց համար բարեկամներ ու գործակիցներ խաղաղ առաջադիմության ասպարեզում:

Մենք՝ հայերս էլ էդ փոքր ազգերից մինն ենք: Տաճկական բռնակալության անկումով ու հայկական հարցի բարեհաջող լուծումով մեր առջև էլ նոր հորիզոններ են բացվում: Հնարավորություն ենք ստանում ապրելու շատ ավելի գեղեցիկ ու խոր զգացմունքներով, զբաղվելու մեծ խնդիրներով, մտնելու հառաջադեմ ազգերի եղբայրության մեջ ու նրանց հետ միասին երազելու կյանքի վսեմ երազները, նրանց հետ միասին մասնակից լինելու համամարդկային մեծ խնդիրների մշակույթի ազնիվ գործին ու նրանց հետ միասին գնալու դեպի մեծ կյանքը:

Եվ մեր բախտավորությունն այն է, որ մենք միանգամայն ընդունակ ենք սրան, ու էստեղ է, որ կարող ենք ասել՝ փոքր ժողովուրդ չենք մենք:

Եվ սրանով է թանկ մեր հարցը, սրանով է իմաստալի մեր կռիվը, սրա մեջ է մեր իրավունքի ամբողջ վսեմությունը:




ՀԱՆԳԻՍՏ ՈԻ ԼԻՔԸ ՀԱՎԱՏՈՎ

Քյուրդ-տաճկական սրածությունն ու ավերածությունն ամայացնում է տաճկական Հայաստանը: Մինչև ուր հասնում է իրենց միշտ արյունոտ ու հավիտյան նզովված ձեռքը՝ համատարած կոտորածով ճգնում են բնաջինջ անեն մեր հին ու ազնիվ ցեղը, մեր շատ տառապած ու ծվատված ցեղը, և կոտորածից ազատվածները քյուրդ-տաճկական սահմաններից հարյուր հազարներով հոսանք են առել դեպի մեզ, դեպի ռուսական Հայաստան:

Մեծ է փորձությունը ու աղետն ահռելի:

Բայց մենք երեկ մեկել օրվա ժողովուրդը չենք, առաջին անգամը չենք տեսնում էդ տեսակ աղետ և՝ ինչ որ տեսնում ենք՝ անօրինակ չի մեզ համար:

Սրանից շատ ավելի մեծ աղետներ ենք տեսել, շատ ավելի մեծ տարածությունների վրա, շատ ավելի երկար ժամանակներով, շատ ավելի ծանր կորուստներով, փախչողն ու գաղթողն էլ չի իմացել թե ո՞ւր ապաստանի, ու ոչ մի տեղից էլ ոչ մի օգնություն կամ օգնության հույս չենք ունեցել: Բայց այսուամենայնիվ անց ենք կացրել էս ամենը:

Էսօր շատ ավելի բարեհաջող են պայմանները: Էսօր մենք մարտնչում ենք մեր թշնամիների դեմ, մեր գաղթականն ապավեն ունի ռուսական Հայաստանում, իր եղբայրների մոտ, և սովածը այլևս իր տրեխը չի ուտում կամ իր հարազատին, էսօր մեզ հետ է ռուսական մեծ բանակն ու բովանդակ Ռուսաստանը, նրա միջոցով էլ աշխարհքի մեծագույն պետություններն ու լուսավոր ազգերը, և՝ համաշխարհային թոհուբոհի մեջ՝ մեր վիճակի մասին խոսք են հանում Ռուսաստանից մինչև Ամերիկա, վերջապես էն հաստատ հավատն էլ ունենք, որ ինչքան էլ կատաղի լինի թշնամու վայրագությունը — վերջինն է լինելու:

Էս ամենը լավ պետք է իմանա ամեն մի հայ ու միշտ հիշե, ոչ ոք հուսահատի ու վհատի խոսքեր չպետք է անի, որ հատուկ է ձախորդ վայրկենին, փորձությունը, ինչքան էլ մեծ լինի, պետք է տանենք արիությամբ ու վեր կենանք միասին, միահամուռ ուժերով դիմագրավելու մեր վատթար թշնամիներին և դարման տանենք ընդհանուր ազգային աղետին հանգիստ ու լիքը՝ մոտիկ լավագույն ապագայի անսասան հավատով:




<ԽՈՍՔ Վ. ԲՐՅՈԻՍՈՎԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ>

Էս օրերին, երբ՝ մեր ազգային աղետի ծանրության տակ ճնշված զգում ենք մեզ ֆիզիկապես անզոր ու տկար, էս օրերին հեռու հյուսիսից մեզ մոտ է գալիս ռուս հռչակավոր բանաստեղծը՝ Վ<ալերի> Բրյուսովը և խոսում է մեր բարոյական-հոգեկան ուժի ու մեծության մասին — «Հայոց բանաստեղծության մասին»:

Նա հայոց բանաստեղծությունը անվանում է հայ ազգի ազնվականության վկայական:

Այո՛, հիրավի, հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ու ամենաքնքույշ զգացմունքների հետ և կարողացել է հասնել մինչև Նարեկացին, որ ապաշխարողի կերպարանքով, իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց է արել աստծո իրեն հետ երես առ երես:

Եվ նույնիսկ էսօր էլ՝ թեպետև իր հայրենիքի մի ծայրից մինչև մյուսը հոշոտված ու արյունաթաթախ՝ միայն խորապես խոցված ու ծանր վշտացած է հայը և ոչ թե խորտակված ու հուսահատ, և չի դադարել ստեղծագործության ոչ մի ասպարեզում:

Սրանից էլ ավելի մեծ ի՞նչ ազնվականության վկայական կարող է ներկայացնել աշխարհքին մի ժողովուրդ:

Եվ ահա էս տեսակ մի ստեղծագործող ու ազնվական ազգի արժանապատվության զգացմունքով ու ազնիվ հպարտությամբ կարող ենք ասել.

— Այո՛, մեր թանկագին հյուր և ազնիվ բարեկամ, մենք միշտ ունեցել ենք էդ բարձր վկայականը: Բայց էդ վկայականը էն վկայականներից չի, որոնց վրա դրված է մարդկային իշխանության կնիքը, էդ էն վկայականներից է, որոնց վրա բնությունն ու աստված են դրել իրենց կնիքը, և, դրա համար էլ, ինչքան դժվար է դրա ունենալը, էնքան էլ դժվար է կարդալը: Սա էն գիրն է, որի մասին մեր Սայաթ-Նովեն ասում է.

— Ամեն մարթ չի կանա կարթա իմ գիրն՝ ուրիշ գըրեն է...

Դուք եղաք Էն հազվագյուտ մարդկանցից մինը, որ կարողացաք կարդալ էս կախարդական գիրը ամբողջ աշխարհքի առջև: Մեզ էս կողմից քիչ են ճանաչում լուսավոր աշխարհքում և մանավանդ Ռուսաստանում: Ռուսաց նշանավոր գրողներից առաջինն եք դուք, որ ձեր հռչակավոր ընկերների հետ միասին մեր և մեր եղբայրակից ժողովուրդների ստեղծագործական կարողությունը ու գեղարվեստական գործերը հիացումով հանում եք լայն հրապարակ և փոխադարձ հարգանքի ու սիրո կապերով ժողովուրդները շաղկապում իրար հետ:

Էս բարձր ու գեղեցիկ գործի համար Հայոց Գրողների Ընկերության անունից հայտնում եմ Ձեզ մեր լիասիրտ շնորհակալությունը: Ողջունում եմ Ձեզ, որպես ռուսական գրականության խոշոր ներկայացուցչի, և սիրով ու պատկառանքով խոնարհում եմ ռուսական մեծ ազգի հոյակապ գրականության առջև — Պուշկինի, Լերմոնտովի, Գոգոլի, Դոստոևսկու, Տուրգենևի, Չեխովի, Տոլստոյի և իրենց արժանավոր ժառանգների գրականության առջև, որի վրա կրթվել են մեր գրողներից ու մտավորականներից շատ շատերը: Մենք ինքներս մեր կողմից վաղուց ենք կապված ձեր գրականության հետ, այժմ էլ ավելի ուրախ ենք փոխադարձ կապի համար, որ հաստատում եք դուք, և աստված տա՝ դուք միակը չլինեք, որ ռուս բարձր մտավորականության կողմից գալիս եք մեզ մոտ սիրո ու հարգանքի խոսքերով: