Tuesday, March 26, 2013

Ո՞վ ես, «պոետ»...



Տարրական կրթությամբ մի երիտասարդ իսկույն արժանացավ մարզկոմի առաջին քարտուղարի «ուշադրությանը»: Կևորկովին հետո «ճանաչեցին» դավաճան: Իսկ նա՝ այդ երիտասարդը, նրա սիրելին էր: Ոտանավորներ գրելու համա՞ր է, որ առաջին դեմքը ընդունում էր «պոետին»: Առանց մեկնաբանությունների՝ գոնե նրանց համար, ովքեր լավ ծանոթ են «պոետի» խորհրդային խորհրդավոր առաջընթացին․ ինտրիգներ, բամբասանքներ, «ստուկաչություն», պրովոկացիաներ մինչև այն աստիճանի, որ Կևորկովը խառնվեց գործին և նա, «պոետ» չեղած՝ դարձավ մարզի այն մարդկանցից, ովքեր ուղղակի կապ ունեն առաջին դեմքի հետ, «Доступ: прямой»:

Իրականում դու, «պոետ», Կևորկովին նվիրված մի «միավոր» էիր, որը նույն «որակով» տեղափոխվեց նույն դիրք, բայց նախորդին տրամագծորեն հակառակ կողմնորոշմամբ, ինչպես սևից՝ սպիտակ: Եթե մինչև 1988 թ. հանրությանը ներկայանում էիր Կևորկովի անունից քո հասցեին գովեստի ու հիացմունքի տեքստերով, ապա 1988-ից հետո խոսում էիր, թե մարզի առաջին դեմքը «վախենում էր» քեզանից: Այսինքն՝ միաժամանակ «նորոգում» էիր անցյալդ ու կերտում ապագադ, հիմա արդեն մնացած կյանքի համար՝ հերոսական էջեր, դրվագներ՝ համեմելով այն ԼՂՀ առաջին դեմքերի քո մասին գովեստի «փաստերով», պարգևներով, մեդալներով, կոչումներով: Երբեմն դա անում ես առասպելական հորինվածքներով՝ «Հայկական առաջին հանրապետության նախագահը զանգել է ԼՂՀ նախագահին՝ խնդրել, որ Կիպրոս ուղարկեն քեզ՝ որպես «դեմք»: Հայկական երկու պետությունների նախագահները չգիտես ինչու պիտի այդքան լուրջ ուշադրություն հատկացնեին մի մարդու, որը ամենատարրական պարտքը չի կատարել հայրենիքի ու նրա ժողովրդի առաջ, երբ ժամը օրհասական էր, ձեռք էր պետք՝ զենք բռնող:

Այդ «հաղթական երթը» քեզ թույլ է տալիս ավելի վստահ լինելու, հաճախ էլ «մուննաթով» պահանջներ ու սպառնալիքներ ներկայացնելու։ Հետաքրքիր է, սկի չե՞ս մտաբերում, որ նորանկախ մեր պետության առօրյան կարող է ծնել տղաներ, (կամ՝ ձևավորել) որոնք թքած կունենան քո կողմից գործադրվելիք (զանազան նենգություններով համեմած) ճնշումների վրա ու քեզ «կմատուցեն արժանին», առանց երկմտանքի: Հույսդ դնում ես «ուժային» լծակներիդ վրա: Լավ մտածիր, այս անգամ «սեղանի շուրջ» չեն որոշելու՝ ուր նստած կլինես նաև դու, «պոետ»: Ինձ մեկ անգամ արդեն հասցրել ես ինսուլտի, ինձ մի կերպ են փրկել... Այլևս միտք չունեմ համբերելու՝ «քթիդ հալը հալ չի...»: Քո ընտանիքում կար ու մնում են երեք «դասալիք»` փախչող, թաքնվող անձ, ովքեր վտանգի պահին ընկերներին թողնում, հեռանում են:
Պատերազմի ժամանակ, այն հեռավոր տարիներին Երևանում հեղինակել ես ելույթներ, որի արդյունքում մեզ՝ ղարաբաղցիներիս էլ «բաժին» է հասել... Паникер, անձ, որը խուճապի է մատնել և շրջապատին... Օրինա՞կ՝ «...Ղարաբաղ չկա, պրծածա...»:

Ցավալին այն է, որ բոլորին ապակողմնորոշելու քո շանսերը շարունակում ես պահել, ու առաջինը ամենուրեք դու ես «զեկուցում», իհարկե, քո «ճշմարտությունը»: Ո՞վ պիտի հեռվից գա, շրջանցի քո խոչընդոտները, դառնա նախագահի հավատարիմ անձը ու քեզ ներկայացնի այնպես, ինչպիսին իրականում կաս:

Անշնորհակալ ես, ապերախտ «Крот»: Ինձ ու իմ ազատամարտիկ ընկերներին հասանելիք արժեքները (պատիվ, հարգանք, պատկառանք և այլն) զավթել ես, յուրացրել հաղթանակի պտուղները այնքնան համարձակ ու «արքյավ», որ կարծես պատերազմը քո «պադվալում» է եղել։ Դու մի օրում չէ, որ դարձար այդպիսին: «Հայրենասիրությունդ» դերասանություններով ներկայացնելում մի հատ ես:

1986 թ. դեկտեմբերին դու կոպտորեն հրաժարվեցիր ընդունել Մարտունու ընդհատակյա կոմիտեի առաջարկը՝ նրա շարքերում պայքարելու անկախ Արցախ-Ղարաբաղ ունենալու կամ մայր Հայաստանին վերամիավորվելու համար: Մեջբերում եմ քո խոսքը.
«Էսքան տարիների ընկերներ ենք, իմ ընկերն ես, չեմ ուզում քեֆիտ կպնեմ, բայց եթե նման խոսքեր մեկ էլ լսեմ իմ կաբինետում, որևէ երբևէ, ինձնից չնեղանաս... Լսեցի՞ր... Լուրջ եմ ասում, վերջ»:
Դեղնել էիր: Թարախի քո գույնից դուրս գնացի: Եկա կոմիտեին զեկուցեցի. «Նրա «չէ»-ն էլ ա մեզ պետք»: Սա անհերքելի փաստ է:

Այսքանը մինչև 1988 թ. «պոետ»: 1988 թ. փետրվարի 12-ից հետո, ամբողջ Ղարաբաղը դարձավ շարժման մասնակից, այդ թվում նաև դու․․․ Հոսանքին հակառակվե՞լ... Այլընտրանք չունեիր, չկար: Հասկանալի դարձավ նաև քեզ, որ սա 60-ականները չեն...
Այն ժամանակ գրողների միության նախագահը դաժան հալածանքների ենթարկվեց  ու «վտարվեց» հայրենիքից: Դու, «պոետ», բացարձակ դեմ էիր ազգային ազատագրական պայքարին, Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելուն դեմ էիր․․․Եվ հանկարծ 1988 թ. փետրվարի 20-ին դու՝ նախագահությունում: Շոկ... տառացիորեն ցնցվեցինք, ես ու կոմիտեի տղաները կոկորդով մեկ պիտի գոռայինք՝ Այս մարդը «Крот» է, սրան չի կարելի վստահել․․․

1988թ. մարտի 16-ին Հենրիխ Պողոսյանը Վոլոդյա Խաչատրյանին ու ինձ կանչեց «ագրոպրոմ»։ Մոտ երեք ժամ զրուցեցինք շատ հարցերի շուրջ: Այդ ժամանակ Հ. Պողոսյանին դիմեցի ինձ հուզող «Крот»-ի մասով: Մեջբերում եմ նրա խոսքից, գրառածից. «Ավելի բացարձակ ու անմիջական դավաճանություններ բոլոր ժամանակներում եղել են, բոլորի մոտ, բոլոր ազգերի: Պիտի զգուշանալ, չտալ դիրքավորվելու շանս ու պահը  գտնել «պատասխանելու»... Գործեր շատ ունենք, առայժմ... Ընթացքից կհանենք «Крот»-ներին»:
Ես դժգոհ էի պատասխանից: Բայց դա իմ «կարճատեսությունից» էր: Գուցե նաև միամտությունից ու անկեղծությունից:

Շուտով վառոդի հոտը քեզ մի բուռ դարձրեց: Փախչելը ելք համարեցիր: Որոշեցիր ողջ մնալ ուրիշների ամուսինների, հայրերի, որդիների ու մնացած զենք բռնողների (այդ թվում՝ կանանց) խիզախության հաշվին: Լքեցիր երկիրը, երբ նրան արնաքամ անելու թշնամու մտադրությունը ելակետին էր հասել, մի ձեռքը, մի բազուկը ուժ էր ու պետք ունեինք, ա՛յ ողորմելի...

Դրա մասին ի՞նչ կասես, «պոետ»: Թե՞ արդեն չես հիշում քեզ, քո փախչելը... 1992 թ. մայիսի 17–ից հետո ճանապարհը բացվեց... երբ ուզես գաս, երբ ուզես՝ փախչես: Բայց դու ուշքդ «զարկերակին» մոտ էիր պահում․․․
Փախչողներ, դասալիք, անկայունություն, վախ և նրա դրսևորման ձևեր և այլն եղել է, ցավոք՝ բավականին... բայց այդ մարդիկ ոչ էլ որևէ հարցում դժգոհություն են հայտնել՝ կարծես հոգու խորքում մեղավոր են ճանաչում իրենց ու լուռ ապրում են՝ «դրսում», թե՝ երկրում մեր: Իսկ դո՞ւ: Հազար անգամ ինչո՞ւ անպայման «Дезертир»-ը մեր պետական հիմնի տեքստը գրի... Ուրիշ բանաստեղծ չկա՞ր: Տաղանդավոր, անկեղծ, շիտակ պոետներ միշտ էլ ունեցել ենք, սակայն...

Սա էլ համբերեցինք... «Եթե թուրքերը գային, նա կմնար նույն պաշտոնում, կօգտվեր շատ արտոնություններից, կվայելեր նույն հեղինակությունը»: Ժամանակին «վաստակած պտուղների» հաշվին: Այդպես չէ՞, «պոետ»: Ամեն բան մոռացության է տրվելու, ժամանակը իր հետ տանելու է իր հերոսներին, իսկ դու, «պոետ», և քեզ պեսները ապրելու են «կռիսայի» կարգավիճակով՝ խալխին պարտադրված:

Ֆինիշում տեղդ ապահովելուց հետո սկսեցիր ստանալ՝ ԼՂՀ «տարածքի վրա» գոյություն ունեցող պարգևները, մեդալները, տիտղոսները, կոչումները, պաշտոնները, դիրքերը, զանազան կազմակերպություններ նախագահելը... Դոկտոր, պրոֆեսոր, սեփական համալսարանի ռեկտոր, օլիգարխ...

Ախր քեզու ուգյորա կաց, անկուշտ մի՛ եղիր, ագահություն մի՛ արա, մի՛ լկտիացիր, պյուլերը վաղուց ես կոխ տալիս, ու շարունակում ես... Ախր որ ընկերներով հիշում ենք արարքներդ ու տեսնում փայդ, մնում ենք ապշած, թե ինչո՞ւ հնարավոր էր նաև «այսպես»: Օրինա՞կ... Ինչո՞ւ էիր Ադրբեջան ուղարկվող փաստաթղթերը (դեռևս մինչև 1986 թ. խմբագրում, ինչո՞ւ, օրինակ՝ «Արցախ» բառը կարմիրով ջնջում էիր ու գրում «Ղարաբաղ»:

Հաշվարկներդ արդարացրին իրենց: Ինչպես և 1988 թ. ամեն բան ի վերջո վճռվելու էր սեղանի շուրջ: Ուր անպայման ներկա ես լինելու (Կևորկովին գոնե շնորհակալ լինեիր) բոլոր սեղանների շուրջ՝ Ղարաբաղի, թե՝ մեկ այլ:
Դու, «պոետ», ստացար ամենահաջող «դիրքը»: Ամեն բան դու ես որոշում: Ո՞ր ծառայություններիդ  հաշվին ու խաթրին... Տպագրված 45 գրքերի՞դ... Քո խոստովանությամբ վերջին 5 տարում  Երևանում վաճառվել է երկու գիրք, այն էլ՝ ծանոթի: Երկար պատմեցիր ու դժգոհեցիր ՀՀ գրողների միության նախագահից, իբր նա է մեղավոր, որ գրքերդ չեն վաճառվում: Հերիք է, «պոետ». հա բամբասես, դժգոհես: Ասե՞մ ինչի մասին գրես, որ... Պատմիր, թե ինչպես եղավ, որ մայր Հայաստանից զենք վերցրին մեր եղբայրներն ու քույրերը նաև, ու եկան պաշտպանելու քո տունը, տեղը, ունեցվածքը՝ այդ թվում, մեր մի կտոր Հայաստանը՝ Ղարաբաղը: Իսկ դուք (քո ընտանիքում երեք տղամարդ) փախաք Երևան: Գրիր... դա միակ գիրքդ կլինի, որը կվաճառվի և կարելի կլինի խուսափել ողորմությունից՝ քանզի ամբողջ մի կյանք պարտադրաբար խալխի վզին ես կապում գրքեր՝ որոնք լումա չարժեն, զզվանք են առաջացնում՝ ինչպես հետ տված սնունդը: Քաջություն գոնե այս հարցում ցուցաբերիր:

Ողջ մնալուդ խնդիրը ելակետային էր, հանճարեղ կողմոնորոշում, ճիշտ ընտրություն կատարեցիր քեզ ու որդիներիդ համար: Դու սպասում էիր քո ժամին: Մենք՝ ազատամարտիկներս, քեզ ամեն օր մոտեցնում էինք հաղթական երթին, քեզ ու քո ընտանիքին բարգավաճ կյանք էր սպասվում, որովհետև քեզ էին լսելու... Խրամատի ու նրա զինվորի մասին քո հորինվածքներն էին մատուցվելու՝ մեր ճշմարտության փոխարեն:
Մենք խրամատում, իսկ դու քո պադվալում դիմավորեցինք 1994 թ. զինադադարը: «Զրոյից» ստեղծելով անհամ, չկապակցված բառերի կույտեր, աղբ իսկապես, դու ստացար աներևակայելի բաժին... Դու ես այս երկրի Ցենզուրան, դու ես որոշում քեզ հատուկ (ուրիշի ձեռքով`այս տեսակետը մեր հեղինակավոր գրողներինն է) պրիյոմներով:

 Ես փորձեցի քո և քեզպեսների կերպարները բացահայտել «Ժողովուրդը՝ Պետություն, Պետությունը՝ Ժողովուրդը» գրքիս մեջ: Գոնե մի գիրք էլ «այսպիսին» լինի, բայց երեք տարի հալածանքներից ու խեղաթյուրանքներից պաշտպանվել չեղավ: Վերջին պահին «Դիզակ» հրատարակչությունից հանեցիր:

Եթե քեզ ու քո «կատեգորիային» ձեռք չտայի, գիրքս կտպագրվեր: Ի տարբերություն շատերի, ես քեզ գովել չեմ կարող, ես չեմ դադարում ապշելուց, թե քեզ ինչպես է հաջողվում անընդհատ կեղծել, «բազմերես» հերթական ժպիտով, քծնանքով հանդես գալ պատրաստի դերերում ու մնալ «շարքում»: Դու, ա՛յ ողորմելի, ոչ թե հնարավոր բոլոր կոչումները, տիտղոսները, պարգևները, մեդալները, նվերները (այդ թվում՝ դրսից) և այլն, ստացար (մի առիթով էլ քեզ զանգել առաջարկել են ինչ-որ ոսկե մեդալ, դու բնականորեն չես հրաժարվել սակայն հետո պարզվել է, որ դրանից արդեն ստացել ես)... Լա՞նք, թե՞ խնդանք: Այս տիկնիկային հանդեսից ո՞նց չզարհուրեմ...

ՀՀ «հանրամատչելի» տեքստերով շողշողում ես նաև Երևանում, ստանում պարգևներ ու շնորհակալագրեր... Դե, իհարկե, եզակի դեպք է... Էլ ե՞րբ ենք Շուշին վերցնելու, որ մեկ էլ ԼՂՀ գրողների միության նախագահը ներկա չլինի, ավելի ճիշտ՝ փախչի Ստեփանակերտից, որպեսզի Շուշին ազատագրելիս ինքը չտեսնի, ներկա չլինի...

2010 թ. տարեց պոետի մահից քիչ առաջ էր: Ի դեպ, նա շատ մտահոգ տարավ այս արտակարգ իրավիճակը: Քո ռեկտորական կաբինետում վարչության նիստ էր: Ես գործի բերումով էի եկել Ստեփանակերտ ու մասնակցեցի... Վիրավորեցիր քո տեղակալին (ի դեպ, քարտուղարուհի, տեղակալ, ենթակա ցանկացած անձ՝ մշտապես ստորացված են քո կողմից, բազմաթիվ անգամ ներկա եմ եղել ու տեսել նրանց «գնդակահարված» արժանապատվությունը՝ լացի մեջ) գրողներ Խ–ին և Հ–ին չհրավիրելու համար... Հետո խոսքդ ընթացքից ուղղեցիր կառավարությանը՝ կցկտուր միայն քեզ հասկանալի դժգոհություններով: Անընդհատ հոլովելով՝ «վարչապետի», «վարչապետը», թե ի՞նչ, ինչո՞ւ... Այնուհետև սկսվեցին անկանոն միջամտությունները, սատարող ձայնակցությունները՝ բանաստեղծներ, բանաստեղծուհի, ենթականեր կամ ակնկալողներ ջուր էին լցնում քո ջաղացին, իսկ դու ոգևորվածությունդ հասցնում էիր հիստերիայի ու քեզ լիցքավորում: Քեզ հանգստացնել էր փորձում տարեց բանաստեղծը...

Դու «խիզախությունդ» տեղափոխեցիր ու խոսքդ կրակահերթով ուղղեցիր ԼՂՀ նախագահին: Իբր քո կողմից շոշափվող հարցի շուրջ եղած խնդիրը չի վերահսկվում ԼՂՀ նախագահի կողմից: Իբր նաև նախագահն է մեղավոր, որ վարչապետը քեզ «դուր չի գալիս», չի կատարում քո պահանջները... Եվ հանկարծ.

– Ես առաջարկում եմ,– բերանիցդ թուք էր փրփրել,– ԼՂՀ գրողների միությունը դուրս բերել ԼՂՀ կազմից և դիմել Ադրբեջանի գրողների միությանը, այդ պետության գրողների միության կազմում ընդունելու խնդրանքով:

Ոչ մեկը հարց չտվեց, թե Ադրբեջանի կազմում Ղարաբաղի գրողների միությունը ի՞նչ ստատուսով պիտի ընդունվի: Մի պահ կասկածելի լռություն տիրեց: Դու աղաղակելով ելույթների էիր կոչ անում: Բայց ոչ մի իրարանցում: Շշմելու բան էր: Տարեց բանաստեղծը ճիգ էր գործադրում ինչ-որ չափով մեղմելու, գուցե սվաղելու... Լրագրող-գրող տղաները ձայնակցում էին բավականին վստահ՝ որքան էլ զարմանալի... Նրանք կամ քո ենթականերն էին ամիջապես կամ՝ անուղղակի կախվածություն ունեին, հացի խնդիրը «հրում» էր: Կուրորեն, քեզ էին սատարում, հավանություն տալիս քո բոլոր առաջարկություններին:
Տարեց բանաստեղծը ինձ համար խոսք խնդրեց: Իսկույն արձագանքեցիր: Երևի ակնկալում էիր «բռնկումներ», «տաքսիրտ-տաքարյուն»:

– Չգիտեմ բուն թեման ինչի մասին է, բայց ես կարծում եմ երկրի ներսում քիչ թե շատ լրջություն ունեցող հարցերը պիտի լուծվեն նախագահի մակարդակով: Եթե առկա են խնդիրներ, ապա պետության նախագահը պիտի տեղեկացվի, գրավոր թե բանավոր․․․
Վեճը շարունակվեց... Քեզ համար, «պոետ», իմ ասածները նորություն չէին, բայց դու անակնկալի եկար: Դու այլ խոսքի, ելույթի էիր սպասում: Ես արդեն փորձում էի, գոնե ինձ համար, պարզել, թե ո՞վ ես դու, «պոետ»: Սահման չկար քո «բեսպրեդելին»: Ո՞ւմ էիր վախեցնում և ինչո՞վ: Սանձարձակությունդ հասնում էր գագաթնակետին: Չեմ կարծում, թե ներկաներից որևէ մեկին դուր եկավ քո կողմից «առաջ քաղածը»: Ուշ էր արդեն... Որևէ ուժ չդիմակայեց քեզ... Քո դեմ խաղ չկա: Դա ակնհայտ էր: Քո սադրանքներին ու «ձևակերպումներին» ծանոթ էին: Փորձանքից հեռու։ Նենգությունդ կտապալեր ու չէր խնայի ոչ ոքի:

Անվստահություն ես հայտնում անխտիր բոլորին, դու՝ մի մարդ, որը պատրաստ է դավաճանել՝ եթե պահանջները չկատարեն: Ինքդ քեզ շնորհել ես այդպիսի իրավունք... Ո՞ր ծառայություններիդ հաշվին ես քո «կապրիզները» պարտադրում սպառնալիքներով:
Քեզ հվաքե, «պոետ», քեզու ուգորա կաց, անշնորհակալ մի՛ եղիր, «փայդ» գերազանցում է քեզ հասանելիքին հազար անգամ:
Ո՞վ ես դու, «պոետ»:

ՍԵՅՐԱՆ ՔԱՄԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment