Sunday, August 4, 2013

Ափինյանը՝ «Լեւոն Անանյան ՍՊԸ»-ի եւ աստծուն գժանոց տանելու մասին

Հայաստանի գրողների միության վերջերս կայացած 16-րդ արտահերթ համագումարում «բաց» քվեարկությամբ շուրջ 400 գրող միության նախագահ վերընտրեց Լևոն Անանյանին:  

Aravot.am-ի հետ զրույցում գրականագետ Աբգար Ափինյանը նման կարծիք հայտնեց. «Այս համագումարով վերջ դրվեց Հայաստանի գրողների միություն ՀԿ-ին ու նոր կառույց ստեղծվեց՝ «Լեւոն Անանյան» ՍՊԸ, եւ որեւէ գրական արտադրանք այս կառույցից ակնկալելու իրավունք չունենք: Ինչպե՞ս կարող է գրական համագումար լինել եւ ավարտվել կայծակնային արագությամբ՝ տեւելով ընդամենը մի քանի ժամ ու այդ համագումարում ընդամենը քննարկվի մեկ հարց՝ վերընտրել գործող նախագահին: Նախկինում գրողների միության համագումարները օրեր էին տեւում, քննարկվում էին արձակի, չափածոյի, դրամատուրգիայի, հասարակական կյանքի խնդիրները, կառավարությունն էլ սարսափում էր՝ լսելով, թե համագումար է սպասվում, կառավարության անդամները ներկա էին լինում, գրողների միության համագումարը իրադարձություն էր, գրական փաստ: Մինչդեռ այսօր այդ երեւույթները չկան: Ի՞նչ է, մեր գրականությունը պրոբլեմ չունե՞ր քննելու, երիտասարդական գրականություն ունենք, ժամանակակից արձակ, գրողների սոցիալական վիճակ… հայրենիքի ճակատագիր ունենք վերջապես, ամբողջ Հայաստանը փոթորկվում է: Լուրջ գործընթացներ են կատարվում, մեր պետական կառուցվածքը փոփոխությունն է կրելու: Մի՞թե կարելի դրանց գրող կոչել, ովքեր հավաքվում են ընդամենը Լեւոն Անանյանի հարցով: Ես հրաժարվում եմ գրող կոչել այն մարդկանց, որոնց չի հետաքրքրում հայրենիքի ճակատագիրը, չի հետաքրքրում, որ ջահել աղջիկը գիրք է գրել, թե ինչպես է քնում հարազատ հոր հետ եւ դա Լեւոն Անանյանը ներկայացրել է պետական մրցանակի ու գիրքն իսկապես մրցանակ է ստացել… Փաստորեն, այդ մարդկանց այս ամենը չի հետաքրքրում, հետաքրքրում է միայն ճահիճը, ճահիճ, որտեղ գորտերը կկռկռան, գոլ ջուր կլինի, չի՛ լինի հայրենիք, ազգություն, հեռանկար: Ես արդեն քանի տարի խնդրում եմ՝ բոլոր ՀԳՄ անդամներին գրող մի՛ անվանեք: Լեւոն Անանյանը բանաստեղծություն է գրել այն մասին, որ Աստծուն պետք է տանել գժանոց: Զարմացած եմ՝ ի՞նչ է, դա Մայր աթոռին չի՞ հետաքրքրում, գրասերներին չի՞ հետաքրքրում, որ այսպես արգահատանք ունեն գրականության նկատմամբ: Այս հարցը չպիտի՞ քննարկվեր գրողների միության համագումարում: Ախր ընթերցողներից մեկը կարդալով Անանյանի գրածները, զայրացած բացականչել էր՝ գնալու եմ վառեմ բոլոր գրադարանները, բայց նախկինում ընթերցողները խենթանում էին Սեւակ, Սահյան տեսնելիս, գալիս էին գրողների միություն, ժամերով սպասում, որ Մաթեւոսյան տեսնեն, իսկ էսօր զզվում են, որ գրողի կերպարանքով իրենց ներկայանում է մուննաթ, աշխարհից զզվածի արտաքինով անձնավորություն, որը նստած է Իսահակյանի աթոռին ու չի ժպտում»:

Մեր զրույցի ընթացում անդրադարձ եղավ Աբգար Ափինյանի ու Լեւոն Անանյանի «դարավոր» հակամարտությանը եւ դրա հետ կապված դատական գործընթացներին: Ի դեպ ՀԳՄ նախագահը բոլոր ատյաններում շահել է դատը:

«Ինքն անընդհատ դատական գործընթացների մեջ է, եւ բացառված չէ, որ այս հարցազրույցից հետո էլ դիմի դատարան, բայց դա ինձ չի մտահոգում»,-զգուշացրեց Ափինյանը: Ապա հավելեց. «Մեր «Գրական կյանք» թերթում գրողները իրենց ձայնն էին բարձրացրել այն ամենի դեմ, ինչ-որ կատարվում էր գրողների միությունում, ինքը (Լեւոն Անանյանը-Գ. Հ.) դատի էր տվել «Գրական կյանքին»:

Խնդրեցինք հիշեցնել, թե ինչպիսին էր դատարան դիմելու իրենց ձեւակերպումը: «Մենք էլ իրեն էինք դատի տվել բայց դա էական չէ, էականն այն է, որ մեր գրականությունը մորթվում է, իսկ ձեւակերպումը հետեւյալն էր՝ մենք պետք է ազատենք գրողների միությունը չարիքից եւ գորշ միջակության իշխանությունից: Դատավորը որոշեց, որ չարիք ու գորշ միջակություն ասելով նկարի ունենք Լեւոն Անանյանին, որքան էլ որ փորձում էի համոզել որ դա ընդհանուր խոսք է, ինքը ասում էր՝ դուք Անանյանին նկատի ունեք: Դրանից հետո հենց դատարանում ասացի՝ ուրեմն դո՞ւք էլ այդ կարծիքին եք, այդ դեպքում կարող եք ազատորեն որոշում կայացնել, որովհետեւ մենք ճիշտ ենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/31/271900/

No comments:

Post a Comment