Saturday, November 2, 2013

Է. Միլիտոնյանը՝ Գրողների միության համագումարի ու «չբավարարված կապիկների» մասին


«Որոշ ընկերներ հարբած, որոշներն էլ տասը տարի չերևալուց հետո Գրողների միության համագումարի օրը եկան և սկսեցին խանգարել: Երկու-երեքի պատճառով չպետք է ասվի, որ բոլորն են վատը: Պետք է կարողանանք տարբերել գրողին չգրողից, գրականության արժեքներն անարժեքությունից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հոկտեմբերի 20-ին կայացած Հայաստանի գրողների միության համագումարի մասին, ասաց ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Համագումարի օրը իրենց աշխատանքները խանգարողներին նա համեմատեց «չբավարարված կապիկների» հետ, ովքեր անընդհատ ղժղժում են, երբ մի բան իրենց դուրը չի գալիս: Սակայն Է. Միլիտոնյանը իր գործընկերներին չնեղացնելու համար իրեն էլ համեմատեց ՝ նշելով, որ երբեմն ինքն էլ է կապկանում:

Նա նշեց, որ քվեարկության արդյունքների ամփոփումից հետո առաջինն իր ձեռքը սեղմել է ԳՄ նախագահի մյուս թեկնածուն՝ Հովիկ Հովեյանը, իսկ Դավիթ Սարգսյանի ու Ռոմիկ Սարդարյանի հետ էլ բաժակ են բարձրացրել ու շնորհավորել: «Գրողների միությունը գրողական մի ընտանիք է, ամեն մեկս մեր հնարավորությունների սահմաններում պետք է աշխատենք»,- ասաց Է. Միլիտոնյանը:

ԳՄ նորընտիր նախագահի դիտարկմամբ, այսօր իրենց միությունը բազմաթիվ խնդիրներ ունի՝ սոցիալական, ստեղծագործական, բայց նախ և առաջ կարևորեց գրողի դերի բարձրացման ուղղությամբ տարվելիք աշխատանքները: «Այսօր գրողը ոչ թե դեր չունի ու պետք է զոռով բարձրացնենք, այլ պետք է միասին բարձրացնենք այդ դերը»,- նշեց նա՝ թվարկելով և երիտասարդ, և տարիքով գրողների անուններ, որոնք իրենց հետքը թողնել են հայ գրականության մեջ: Նա նաև առաջնահերթ խնդիրներից համարեց Գրողների միությունը նոր տեխնիկայով ապահովելը. «Մեր տեխնիկական հնարավորությունները ծիծաղելի ցածր են»:

http://www.panorama.am/am/culture/2013/10/24/e-militonyan/

No comments:

Post a Comment