Tuesday, January 14, 2014

Ակադեմիկոսն իր կաշին չի փոխում


Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն այս տարի կբոլորի իր 90-ամյակը: Թվում էր, թե ապրած տարիները բավական պիտի լինեին, որպեսզի նա հանգիստ առներ, վայելեր իրեն հրամցվող գումարներն ու պետական միջոցները, միշտ ուրախ լիներ, որ ղարաբաղյան իր ծագումը դրոշակ ու ապավեն է դարձել իր համար:

Բայց իր ողջ կյանքում գրական տարբեր ինտրիգների մեջ ներգրավված, Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում «գորշ կարդինալի,, դերակատարությամբ հանդես եկած, բազմաթիվ անորակ ատենախոսությունների առջև «կանաչ լույս» վառող ակադեմիկոսը, որի մասին Համո Սահյանը շատ դիպուկ ասել է. «Սերգեյը մարդ չէ, քննադատ է» հիմա նորից, վաղեմի ժամանակների սովորությամբ, անդրադարձ է կատարել Պարույր Սևակին ու հայտարարել, թե նշանավոր բանաստեղծը ԿԳԲ-ի գործակալ էր: Ժամանակին հենց Սերգեյ Սարինյանը դարձավ խորհրդային այն հավատաքննիչներից, որոնք հարձակում գործեցին Պարույր Սևակի պոեզիայի վրա, հողմացրիվ արեցին այն: Շատերն են հիշում ակադեմիկոսի ջարդարարական հոդվածը, որը գրված էր կուսակցության Կենտկոմի պատվերով և նպատակ ուներ լռեցնել արդեն իր բանաստեղծական այլախոհությամբ ակնառու դարձող բանաստեղծին:

Տարիներ անց Սարինյանը մի «մեղայական» հոդված տպագրեց, գովերգեց Պարույր Սևակին, բայց, երևի, մոռացած այդ մասին, չփոխելով իր էությունը, նորից անդրադարձել է Պարույրին՝ այս անգամ արդեն նրան մեղադրելով ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ: Իհարկե, որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ մտավորականներից ոմանք իսկապես այդ կառույցի գործակալներ էին, որ գիտահետազոտական ինստիտուտների գիտական քարտուղարները, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարներից ոմանք, մշակութային օջախների որոշ տնօրեններ կամ փոխտնօրեններ համագործակցում էին ԿԳԲ-ի հետ: Գրողների միությունում ևս կային մարդիկ, հատկապես քարտուղարներից, որոնք հանդիսանում էին «ականջ ու բերան», բայց այդ դերում տեսնել Պարույր Սևակի՞ն, սա համազոր է այն բանին, թե Սարինյանն էլ ոչ թե գրականագետ, այլ՝ տիեզերագնաց է: Եթե հավատանք Սերգեյ Սարինյանին, ապա պիտի մտածենք, որ նա ինքն էլ եղել գործակալ, որ այդպես լավ գիտի «գործընկերներին», մանավանդ որ ԿԳԲ-ն խիստ փակ կառույց էր, իսկ գործակալական ցանցի մասին որևէ մեկը հստակ տեղեկություններ չուներ: Կարող էին ունենալ նրանք, ովքեր այդ կառույցում ելումուտ ունեին, ընդգրկված էին գործակալական համակարգում։

Անկախ ամեն ինչից, Սերգեյ Սարինյանի այս հայտարարությունը, որևէ կերպ չառնչվելով իրականությանը, մանավանդ, եթե հիշենք նաև Սևակի հեռացումի առեղծվածը, մեծ բանաստեղծին վարկաբեկելու քստմնեի քայլ է: Հատկապես Սևակի ծննդյան 90-ամյակի տարում։ Գուցե Սարինյանն անհագստացե՞լ է, որ կարող են Սևակի հոբելյանը վերածել համաժողովրդական տոնի, իսկ իր հոբելյանին անգամ չեն գա գրչակիցները։

Մ. Լևոնյան
NewsBook

No comments:

Post a Comment