Monday, July 7, 2014

ԳՄ. ստալինյան կառույցը մնում է

Հուլիսի 4-ին Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-ամյակն էր նշվում։
Բավական խորհրդանշական է, որ միջոցառումը տեղի ունեցավ Կոմեդիայի թատրոնում։
Այս միությունը հասարակական կազմակերպության կարգավիճակ ունի, այսինքն՝ համարվում է «անկախ» կառույց։

Բայց արի ու տես, որ իբրեւ «ՀԱՑԻՎ» միությունը իշխանություններից նվեր ստացավ ծառայողական մեքենա եւ համակարգիչներ։

Ավելին՝ իշխանության կողմից հրապարակված շնորհավորհական ուղերձում էլ նշված է. «Ձեր խնդիրն է գեղարվեստորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը»։

Ստալինի կողմից ստեղծված ստեղծագործական միություններում, փաստորեն, ոչինչ չի փոխվել։ 1930-ականներին բոլշեւիկյան իշխանությունը ճիշտ այսպես հրահանգում էր, թե ինչի մասին եւ ինչպես պետք է գրեն գրողները։

Սա 21-րդ դարն է, բայց ժամանակակից գրողները նույն կերպ, ինչպես անցյալ դարի 30-ականներին՝ դահլիճում նստած, հանգիստ լսում էին իրենց առաջադրված խնդիրը։

Թեպետ, գուցե իսկապե՞ս պետք էր շեշտել, թե ինչի մասին գրեն մեր գրողները, որոնց մեծ մասը ակտուալ թեմաները թողած՝ ժամանակավրեպ ու անհետաքրքիր թեմաներ են շոշափում, ինչի պատճառով ընթերցող չունեն։ Նրանք այնքան կյանքից կտրված են, որ թերթելով նոր հրատարակությունները, մտածում ես՝ լավ, այս հեղինակները ո՞ր մոլորակում են ապրում կամ ե՞րբ են վերջապես 19-րդ դարից հասնելու մեր ժամանակներ։

Պակաս ուշագրավ չէր նաեւ հոբելյանական առիթով իշխանության կողմից մի քանի գրողների ոսկե հուշամեդալով պարգեւատրելու փաստը։ Այն էլ «Հայ գրականության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար»։

Վերջին երկու տասնամյակներին գրական ընթացքին քիչ թե շատ հետեւած մարդիկ անգամ մեծ դժվարությամբ կարող են հիշել պարգեւատրված գրողների անունները, եթե չասենք՝ մի քանիսի անունն առաջին անգամ էին լսում։

Մի խոսքով, ստալինյան կառույցը մնում է ստալինյան կառույց՝ բնույթով, գործելաոճով եւ իշխանությանը ծառայելու անվերապահ հավատարմությամբ։

Դե, 80 տարեկան միությունն իր այս «պատկառելի» տարիքում հո չի՞ փոխվելու...

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ 
ֆեյսբուքյան էջից

No comments:

Post a Comment