Monday, June 10, 2013

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ. «ԱՆԱՆՅԱՆԸ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵՑ ԱՄԲՈՂՋ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«ԱՆԱՆՅԱՆԸ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵՑ ԱՄԲՈՂՋ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ՀՀ նախագահի կողմից 2012 թվականին լավագույն երիտասարդ գրող անվանակարգի թափուր մնալը` այն էլ գրատպության 500-ամյակի եւ Գրքի մայրաքաղաք հռչակված տարում, զարմանքի առիթ դարձավ:
Այս մասին "Իրավունքը" դիմել էր Հայաստանի գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻՆ եւ ստացել հետեւյալ պատասխանը.

- Անկեղծ ասած, ես երիտասարդական մրցանակների հետ առնչություն չունեմ:
- Այսինքն` մենք չունե՞նք երիտասարդ գրողներ:
- Ինքս եմ զարմացած, ընդհակառակը, մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդ ե՛ւ արձակագիրներ, ե՛ւ բանաստեղծներ: Կարծում եմ, որ կազմակերպչական առումով վրիպումներ ենք ունեցել, լավ չի քարոզվել, ճիշտ չի կոորդինացվել: Ցավում եմ, որովհետեւ գոնե վստահաբար 4-5 անուններ այսօր ունենք, երիտասարդներ, ովքեր գրքեր են տպագրել, կարող էին համարձակ մտնել այդ մրցակցության ոլորտը:

Սա, իհարկե, բոլորիս համար սթափեցնող է, ավելի զգոն կլինենք` հաջորդ տարի նման անախորժ եւ անտրամաբանական իրավիճակում չհայտնվելու համար:
Երիտասարդ գրողների թափուր մնացած անվանակարգի մասին «Իրավունքը» խոսեց նաեւ Երեւանի գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ:

ԳՅՈՒՂԱՑԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԳՐՈՒՄ ԵՆ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ

- Պարո'ն Ափինյան, նախագահի կողմից սահմանված երիտասարդ գրողների անվանակարգը թափուր մնալու համար ՀԳՄ նախագահ Լ. Անանյանն ասում է, որ ինքն առնչություն չունի...
- Անանյանը ճիշտ չի ասել, նա պիտի ասեր, որ ինքն, առհասարակ, գրականության հետ կապ չունի, որովհետեւ 11 տարի է ավերում է հայ գրականությունը: Բոլոր տաղանդավոր գրողներին վանեց, շնորհալիներին փչացրեց, բոլորին դարձրեց քծնող, շողոքորթող, հարմարվող, թշվառական: Մի՞թե լավ ուժեր չկան. լիքն են: Հիմնել ենք երիտասարդական ստուդիա եւ միայն մեր ստուդիայում 6-7 տաղանդավոր, շնորհալի երիտասարդ գրողներ կան, այդ ինչպե՞ս եղավ, որ Անանյանի շրջապատում դրանք բացակայում են: Պատճառն այն է, որ Անանյանը հեղինակազրկեց ամբողջ գրականությունը, գրողին մարդատեղ դնող չկա, հարգող չկա, երիտասարդ գրողների հանդեպ էլ կա առհամարական վերաբերմունք: Ես այդ որոշումը համարում եմ դրա հետեւանքը: Սա վերջին տարիների գրականության հեղինակազրկման բնական արդյունքն էր: Երիտասարդ շնորհալի ուժեր միշտ էլ կան, բայց Անանյանը բոլորին դարձրեց իր նման, երբեք չես տարբերի` թե ով` ով է: Սեփական դիրք, շնորք չկա, բոլորը ինկուբատորի ճտերի պես իրար նման գրում են ազատ ոտանավորներ: Խայտառակություն է ուղղակի: Ես չգիտեմ էլ հանձնաժողովում ովքեր են եղել, բայց հանձնաժողովականները, եթե մի փոքր լայն հայացքով նայեին ժամանակակից հայ գրականությանը, կարող էին երիտասարդ բազմաթիվ գրողների հանդիպել, բայց նրանք, ցավոք սրտի, Անանյանի շրջապատում չկան:

- Գուցե վերջերս լույս տեսած "անթոլոգիա" արդի հայ գրականություն գի՞րքն է ընկել հանձնաժողովի ձեռքը, եւ ամաչել են ներկայացնել նախագահին:
- "Անթոլոգիայի" մեջ անանյանական գրողներն են, այնտեղ օտար մեկը չկա: Բոլորը իր ստեղծած կադրերն են: Ինչ-որ գյուղացի աղջիկներ, որոնք գրում են սեքսի մասին: Եկել են քաղաք, տեսել են մի քանի այլանդակություն եւ կարծում են, ահա, հեղափոխական են, եւ դա շատ նոր է: Բայց նորը գեղարվեստ չէ: Ես այդ երիտասարդ գրողներին էլ չեմ մեղադրում, որովհետեւ այն գաղջ, զզվելի մթնոլորտը, որ ստեղծել է Անանյանը իր շրջապատում, այնտեղ բոլոր ծաղիկները, ծիլերը պիտի չորանան, այդպես չի կարելի: Միջավայր է պետք գրողների համար: Երիտասարդ գրողները հանդիպում են երիտասարդների հետ, այնինչ` իրականում երիտասարդները պիտի հանդիպեն ավագ գրողների հետ, ինչպես նախկինում էր: Այն ժամանակ երիտասարդ գրողները հանդիպում էին Ավ. Իսահակյանի, Ստ. Զորյանի հետ եւ ժառանգաբար անցնում էր հայ գրականության գենետիկ այդ մաքրությունը, բարոյականությունը:

Այսօր 40 չգրողի Անանայնաը հավաքում է մի տեղ, իսկ ովքե՞ր են, անհայտ է` իր նման, իր մակարդակի: Մեր գրականությունը Անանյանը իջեցրեց իր մակարդակին, իսկ երիտասարդ գրականությունը, որ միշտ Հայաստանում իսկապես պատիվ է բերել, ու եղել պետության, Գրողների միության ջերմ հոգատարության ներքո, այսօր երիտասարդ գրականությունն էլ ոչնչացման եզրին է, որովհետեւ երիտասարդները չգիտեն ինչ գրեն, ինչի մասին, ինչի համար գրեն, ու քանի որ չկա այդ առաջնորդող լույսը մեր երիտասարդ գրականության համար` այդ լույսը պիտի բերեր Գրողների միության նախագահը: Ավ. Իսահակյանը բերում էր, Անանայանը` մարում է: Ահա եւ երիտասարդ գրականության մեջ այդ պիղծ երեւույթները առկա են: Ոչնչով մարդիկ չեն կարողանում աչքի ընկնել` բացի պղծությունից: Ես այդ ամենը այդպես եմ համարում: Չեմ մեղադրում երիտասարդ հեղինակներին, նրանց մեջ էլ անպայման շնորհալիրները կան, բայց, ցավոք, նրանք գրողի երես չեն տեսնում: Երիտասարդ գրողները տաղանդավոր գրողի երես պիտի տեսնեն, երիտասարդ գրողները պիտի սովորեն գրել, պիտի փորձի փոխանակում լինի: Ռազմիկ Դավոյանից, Հրաչյա Սարուխանից, Ալիսյա Կիրակոսյանից եւ շատերից պիտի սովորեն: Հենց Հայաստանի գրողների միության մեջ հիանալի վարպետներ կան, բայց, ցավոք սրտի, երեխաները, ոչինչ չիմանալով, նայում են Անանյանի դեմքին, իսկ այնտեղ գրված է գորշություն, տափակություն եւ միջակություն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Իրավունք»

07 Հունիս 2013 թ.

No comments:

Post a Comment