Saturday, July 27, 2013

Եթե գրողները նախընտրում են «թագավորի» ինստիտուտը, ապա ինչ սպասել հասարակությունից

Նորից ու վերստին համոզվեցի, որ մեր երկիրը երբեք չի փոխվի:
Նորից ու վերստին համոզվեցի, որ Գալուստ Սահակյանն ու Լեւոն Անանյանը նույն մարդն են:
Այսօր Հայաստանի գրողների միության համագումարում դարձյալ ՀԳՄ նախագահ է ընտրվել Լեւոն Անանյանը, որը միությունը ղեկավարում է 2001 թվականից:

Ավելի քան 400 անդամ ունեցող միությունը բացի Անանյանից, այլ նախագահ չի տեսնում:
Եթե հասարակության, այսպես ասած, ,,առաջադեմ,, հատվածը ստրկամիտ է եւ գտնում է, որ ՀԳՄ-ում պետք է ցմահ իշխի Անանյանը, ուրեմն՝ ողջ հասարակությունից ակնկալիքներ չպետք է ունենալ:

Եթե գրողները նախընտրում են ,,թագավորի,, ինստիտուտը, ապա ինչ սպասել հասարակությունից:
Անդեմության մարմնավորում Անանյանը, որի որդին սավառնում է կառավարության բարձրունքներում, ուղիղ տասը տարի միությունը ղեկավարում էր առանց կանոնադրության, եւ սա հանդուրժում էին 400 անդամները: Այո՛, անդամները, քանի որ իրենց միության հակաօրինական գործունեության դեմ աչք փակող գրողները չեն կարող գրող համարվել: Անդամ են, միմիայն՝ անդամ:

Եթե այս միության անդամները Անանյանի ղեկավարման 12 տարիներին երբեւէ ՀԳՄ ղեկավարությունից չեն պահանջել արձագանքել /հայտարարությամբ հանդես գալ/ երկրում տեղի ունեցող հակազգային եւ հակասոցիալական գործընթացներին, որոնք ուղղակիորեն հարվածում են ժողովրդին, ապա այդ գրող կոչվածները ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեն:
Անանյանի գլխավորությամբ պալատին ծառայող աշուղների վարքին հետեւելիս, իրոք, դժվարանում ես հավատալ, որ սրանք են հանրային մտքի ,,գեներատորները,,:
Քաղքենիական ճռվողյուններով, տափ արած գոյությամբ ,,գրական կյանքը,, շարունակող ՀԳՄ-ն մեր ամոթն է…

Ուրեմն՝ նման ստորաքարշ, անսկզբունքային, լպրծուն ու պալատին շողոքորթող անդամներով համալրված միության գոյության պայմաններում, բնավ զարմանալի չէ, որ մեր հասարակությունը, ժողովուրդը դարձել է նույնքան ստրկամիտ, թուլակամ ու հարմարվողական:
Դրա համար էլ իշխանությունն ու մտավորականություն կոչվածը երկիրն ու ժողովրդին ուղարկել է գրողի ծոցը…

Կիմա Եղիազարյան
http://www.armblogs.am/facebook/kima-eghiazaryan-11

No comments:

Post a Comment