Friday, September 13, 2013

Գրողների միության նախագահի թեկնածուների երկար ցանկ, իսկ արտահերթ համագումարի օրը հայտնի չէ

Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի մահվանից հետո անցկացվելիք Գրողների միության արտահերթ համագումարի օրը, որի օրակարգում լինելու է ԳՄ նախագահի առաջադրումների ու ընտրության հարցը, դեռ հայտնի չէ: Հայաստանի Գրողների միության քարտուղար Էդվարդ Միլիտոնյանը Tert.am-ին հայտնեց, որ պետք է կազմվի հանձնաժողով, որն էլ պետք է որոշի համագումարի օրը:

Ցայսօր շրջանառվում է ԳՄ նախագահի թեկնածուի մոտ մեկ տասնյակի չափ անուն. ԳՄ քարտուղար Էդվարդ Միլիտոնյան, դրամատուրգ Կարինե Խոդիկյան, արձակագիրներ՝ Լևոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան: Ցանկում առկա են նաև մշակույթի նախկին նախարար, թարգմանիչ Հակոբ Մովսեսի և Ռազմիկ Դավոյանի անունները, թեև առաջինը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ կայքերից մեկին տված մեկնաբանությունը, որ ինքը չի ցանկանում լինել Հայաստանի գրողների միության նախագահ, ուժի մեջ է և ավելացնելու ոչինչ չունի:

«Ես չեմ ցանկանում, դեմ եմ այդ տեսակ ստեղծագործական միությունների նախագահ լինելուն, քանի որ դեմ եմ դրանց գոյությանը: Ավելին՝ գտնում եմ, որ դրանք պետք է ինքնալուծարվեն»,- ասաց Հակոբ Մովսեսը:


Ւ պատասխան հարցի, թե, այնուամենայնիվ, ԳՄ նախագահի ընտրություններն անխուսափելի են, և ու՞մ կցանկանար տեսնել այդ պաշտոնում, Հակոբ Մովսեսն ասաց. «Խաչատուր Աբովյանն էլ գար այդտեղ ոչինչ չէր կարողանալու անել»:

Tert.am-ի հետ զրույցում գրող Արփի Ոսկանյանն էլ հայտնեց. «Ով էլ լինի Գրողների միության նախագահը, նրա համար շատ բարդ է լինելու վերականգնել ԳՄ խարխլված վարկանիշը, որովհետև այսքան տարիների ընթացքում Գրողների միությունն իր ղեկավար կազմով ծառայել է իշխանություններին, փորձել է նրանց կամքի արտահայտողը լինել գրողների շրջանակում և ձևավորել էսպես՝ պսևդոինտելեկտուալ ինչ-որ պատրանք, նոմենկլատուրային «մտավորական» էլիտայի դերն էր ստանձնել: Եվ քանի որ Գրողների միությունը՝ որպես կառույց, ավանդաբար շաղկապված է պետության հետ, ցանկացած ղեկավարի համար շատ բարդ կլինի այդ տարանջատումը, մանավանդ որ դրա նախադրյալները չեն էլ երևում: Թե ինչու պիտի տարանջատվի»:

Այնպես որ, Արփի Ոսկանյանի կարծիքով՝ ԳՄ նոր ղեկավարությունը նույն ուղով շարունակելու է: Ուստի Արփի Ոսկանյանը «կոչ է» անում. «ԷՆ մարդիկ, ովքեր վարկաբեկված չեն կամ կարողացել են իրենց դիմագիծը պահել որպես ստեղծագործողներ, գրողներ և ոչ թե «մտավորականներ» պիտի կարողանան զերծ մնալ էդ քաշքշուկից, որը հիմա կսկսվի»:

Նշենք, որ գրական որոշ շրջանակների փոխանցմամբ՝ Հակոբ Մովսեսի ԳՄ նախագահ լինելուն կողմ է եղել երիտասարդ գրողների հատվածը, իսկ գրողների միության անդամ Զորի Բալայանը, երկու թեկնածուներից մեկի համար պատրաստվում է լոբբինգ անել իշխանական շրջանակներում:

Տեղեկացվում է նաև, թե ԳՄ նախագահի աթոռից հրաժարվել են նաև Լևոն Խեչոյանը և Գուրգեն Խանջյանը: Ոմանք չեն բացառում, որ ինքնաառաջադրման փորձեր անի Աբգար Ափինյանը, թեև վերջինս հեռացված է Գրողների միությունից:

Լուսանկարը՝  tesankyun.am-ի

http://www.tert.am/am/news/2013/09/11/writers-union/

No comments:

Post a Comment