Wednesday, December 11, 2013

«Թքած ունեն քեզ, գրականության ու քո արած-չարածի վրա»



Օրեր առաջ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ Արքմենիկ Նիկողոսյանը և գրականագետ Հասմիկ Հակոբյանը ԳՄ-ից դուրս գալու մասին որոշում են կայացրել: ԳՄ-ում նկատելի աժիոտաժ է ստեղծվել ԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանի՝ «Է» բանաստեղծությունների ժողովածուն պետական մրցանակի ներկայացնելուց հետո: ԳՄ-ից դուրս գալու մասին զրուցեցինք Արքմենիկ Նիկողոսյանի հետ.

-Ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ գրողների միությունից:

-Եթե հիմա պտասխանեմ, գուցե մի քիչ պոետիկ հնչի, բայց իմ մեջ վիրավորվածության զգացողություն կա: Ասեմ՝ ինչո՞ւ: Ես տեսա, որ այն միջավայրում, որտեղ ես ու իմ ընկերներն ուզում ենք որևէ լավ բան անել գրականության համար, թքած ունեն քեզ վրա, գրականության առաջընթացի համար քո թափած ջանքերի, քո արած-չարածի, և ամենակարևորը՝ հենց գրականության վրա, որովհետև այն մղումները, որոնք մեզ շահագրգռում էին աշխատել այս դաշտում, գրողների միության, մեր գրականության համար, պարզվեց, որ ավելի ստորադասելի են, քան անցողիկ, պահի թելադրմամբ ծնված որոշումները և ցանկությունները: Այդպես էլ չընկալվեցին՝ թե պետական մրցականաբաշխությունից առաջ արված իմ հայտարարությունները, թե իմ և Հասմիկ Հակոբյանի այս քայլը, որը հանուն գրականության և հանուն գրողների միության էր: Սա նաև յուրօրինակ բողոք էր այն քարացվածության դեմ իմ սերնդի և իմ ապրած ժամանակի համար: Իմ ժամանակն ու իմ սերունդը ստեղծում են արժեքներ, բայց մենք անընդհատ հետ ենք նայում՝ այդպես էլ առաջընթաց չգրանցելով այդ միությունում:

Անկեղծ ասած, սպասում էի, որ պարոն Միլիտոնյանի առաջին քայլը՝ որպես գրողների միության նախագահի, կլիներ իսկական շոկային, իսկ ավելի շոկային բան մտածել, քան հրաժարվելն էր այդ պետական մրցանակաբաշխությանը մասնակցելուց, չէի էլ պատկերացնում: Ցավոք, այնպիսի վիճակ է ստեղծվել, որ այդ վիճակի դեմն առնելը, փաստորեն, ստացվեց, որ չենք կարող առնել: Ցավո՛ք, ցավո՛ք, ցավո՛ք, մեր երկրում, հատկապես գրականության բնագավառում, հատկապես այն ոլորտներում, որտեղ գումարի, մրցանակի հարց կա, շարունակում են դեր խաղալ ծանոթ-բարեկամ-ընկեր հարաբերությունները, անունները, և մրցանակներ ու որոշումներ են տրվում անգամ առանց գրքերը կարդալու:

Վիրավորվածություն կա նաև մասնագիտական առումով: Ես, որ ծանոթ եմ մեր ամբողջ գրական դաշտին, բարեխղճորեն կարդում եմ գրեթե այն ամենն, ինչ տպագրվում է, սակայն  բարեխիղճ մարդու ձայնը, փաստորեն, որոշիչ չէ և ստորադասվում է այն մարդկանց քմայքին, որոնցից շատերը 20 տարի է՝ գիրք չեն կարդացել, գիրք ընդհանրապես չեն բացում և առաջնորդվում եմ լոկ անձնական նկատառումներով:

-Եթե կարելի է, կհիմնավորե՞ք կամ կմանրամասնե՞ք՝ ինչո՞ւ, օրինակ, գրողների միության նոր նախագահն իր թեկնածությունը չէր կարող ներակայացնել պետական մրցանակի:

-Սա երևի ամենակարևոր կողմն է: Ես ընդունում եմ և նաև կողմ եմ (սա նախկինում նույնպես ասել եմ), որ պարոն Միլիտոնյանը գրողների միության նախագահ լինելուց առաջ կամ նախագահ լինելուց զատ, գրող է, ընդ որում՝ տաղանդավոր մարդ, որ բոլոր իրավունքներն ուներ իր գիրքը ներկայացնելու պետական մրցանակի և իրավունք ուներ ստանալ այդ պետական մրցանակը, բայց այսօր մրցանակներ ստանալուց, բարեկեցություն ապահովելուց, մեր անձնական խնդիրները լուծելուց զատ, ապրում ենք մի ժամանակում, երբ չափանիշներ հաստատելու խնդիր ունենք, մեր հանդեպ՝ գրողների և գրողների միության հանդեպ խարխլված հավատքը վերականգնելու, ընթերցողին դեպի գրականությունը բերելու խնդիր ունենք: Սա ոչ թե արժեքայնության առումով եմ ասում, որ նա պետք է չմասնակցեր, այլ լոկ՝ որպես ժեստ իր կողմից:

Ես վստահ եմ, որ նա այդ քայլն անելուց հետո վաղը կամ մյուս օրը այլևս չի կարողանա ինչ-որ բան չափանշել՝ թե՛ գրողների միությունում, թե՛ մեր գրական կյանքում: Եթե նա սկսի չափանշելու փորձ անել, այլևս չի կարող, քանի որ նախադեպն արդեն կա: Իմ ասած ձևաչափը, եթե կարելի է այդպես անվանել, պարոն Միլիտոնյանն այդ մի քայլով միանգամից կարող էր բարձրացնել՝ և գրողների միության նախագահի, և գրողների միության հեղինակությունը:

-Այսինքն՝  պետական մրցանակի մի՞թե միայն մեկ հոգի իրավունք ունի ներկայացնել իր թեկնածությունը:

-Ոչ, պետական մրցանակի իրավունք ունի ներկայացնել ՀՀ  յուրաքանչյուր ստեղծագործող քաղաքացի, ով գիրք է ստեղծում, ով գիրք է գրել: Խոսքն, ախր, ոչ իր գրքի արժեքայնության մասին է: Իմ մասնագիտական խղճի առջև մեղք գործած կլինեմ, եթե ասեմ, որ նրա գիրքը վատ գիրք է: Խոսքը դրա մասին չէ:

Հայաստանում 4-5 գրողներ կան, որոնք եթե անգամ պետական մրցանակի հանձնաժողովին ներկայացնեն գիրք, որի մեջ միայն սպիտակ թղթեր կլինեն, իսկ կազմի վրա իրենց անունները, կստանան այդ մրցանակը, որովհետև չեն բացում, չեն կարդում, պարզապես ասում են՝ այս հեղինակն է, մրցանակը տալիս ենք նրան:

Իմ քայլը պայմանավորված է նրանով, որ ստեղծվել է մի միջավայր, որտեղ թքած ունեն ջանքի, զոհողության, և ամենակարևորը՝ գրականության վրա: Ես չեմ ուզում շարունակել իմ աշխատանքն այդ մկջավայրում, որովհետև մի շատ կարևոր փաստարկ էլ կա (թող սա գլուխգովանություն կամ մեծամտություն չլինի). ես գրողների միության շարքային անդամ չեմ, այլ գրողների միության համար աշխատող, մեր գրականության համար գոնե մի բան անող անդամ եմ և ուզում եմ, որ իմ ջանքերը շարունակելով ծառայեն մեր գրականությանը, ծառայեն ճիշտ ուղղությամբ՝ ոչ գրողների միության շահերին: Ես վերջնականապես համոզվեցի, որ գրողների միություն և գրականություն կատեգորիաներն իրար հետ կապ չունեն:

-Ձեր դուրս գալու մասին որոշմանն ինչպե՞ս է արձագանքել գրողների միության նախագահը:

-Այդ որոշումն ինձ հեշտ չի տրվել: Ես համբերատար մարդ եմ և արդեն 12-13 տարի այդ ոլորտում եմ: Այդպես չէ, որ հեշտությամբ որոշել եմ դուրս գալ այդ միությունից, կապերս խզել այդ կազմակերպության հետ: Տարբեր զանգեր են եղել, իմ ընկերները, բարեկամները տարբեր գնահատականներ են տվել: Առավոտյան խոսել եմ պարոն Միլիտոնյանի հետ: Նա հարցրեց, թե արդյոք իմ որոշումը վերջնական է: Ես ասացի՝ այո: Մենք ունեցել ենք շատ ջերմ զրույց: Ես իրեն ասացի, որ այս ամբողջը ոչ իր դեմ է, ոչ իր գրքի դեմ է, ոչ էլ գրողների միության դեմ է, այլ գրողների միության կաստայական խմբի ձևավորած անառողջ մթնոլորտի դեմ է:

-Արքմենիկ, Դուք՝ որպես գրականագետ, ի՞նչ եք կարծում՝ Միլիտոնյանի գիրքն արժանի՞ էր պետական մրցանակի ներկայացնելուն:

-Ուզում եք՝ համարեք պատասխանից խուսանավում... Ես պարբերաբար կրկնում եմ՝ պետական մրցանակի պետք է արժանան այն գրքերը՝ լինի ժողովածու, վեպ, վիպակ, որոնք մեր գրականության համար ունեն հանգրվանային արժեքներ: Ես այն կարծիքին եմ, որ պետական մրցանակը պետք է շնորհվի ոչ թե 2 տարին մեկ, այլ 5 կամ 10 տարին մեկ:

http://hetq.am/arm/news/31322/tqats-unen-qez-grakanutyan-u-qo-arats-charatsi-vra.html

No comments:

Post a Comment