Tuesday, March 4, 2014

Ստիպված եղա


Տհաճություն է պատճառում այս խնդրին անդրադառնալը, սակայն Էդուարդ Միլիտոնյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցն ստիպեց։ Նա նրբորեն հարցն այնպես է ներկայացնում, իբր մրցանակի, փողի կռիվ է։
Այնինչ կռիվը նախեւառաջ գրականության համար է։ Պարոն Միլիտոնյան, խնդիրն այն չէ, թե այս կամ այն հավակնորդը մրցանակ չստացավ եւ չարախոսում է ստացողին, թե ինչ-որ մեկը հաճախ է ստացել, իսկ, ահա, Դուք արդեն չորս տարի է` չիք:

Թողնենք հանրահաշիվը, մի բան հաստատ է` ով լավագույն գիրքն է գրել, նա էլ ստանալու է, թեկուզեւ` ամեն տարի, հացի հերթ չէ։ Եթե մրցանակն ստանար, ասենք, Հրաչյա Սարիբեկյանը կամ Արեւշատ Ավագյանը, սիրով կշնորհավորեի մրցանակակրին։ Սակայն մրցանակն ստացել է (իրականում` զավթել է) Հայաստանի գրողների միության նախագահը… Ձեր գրքի արժանիքներին կամ անարժանիքներին չեմ ցանկանում դիպչել, նույնիսկ եթե աշխարհի լավագույն գիրքն էլ լիներ` Դուք այն չպետք է ներկայացնեիք, չէ, դրա օրինական իրավունքն ունեիք, իհարկե, բայց խոսքը բարոյական իրավունքի մասին է (նախորդը, օրինակ, տասներկու տարի նախագահեց, սակայն չեմ հիշում, թե իր գրքերը ներկայացրած լիներ որեւէ մրցանակի, նախկին նախագահներն էլ, չեմ հիշում, թե իրենց նախագահած շրջանում իրենց գրքերը ներկայացրած լինեն որեւէ մրցանակաբաշխության), նախ, որովհետեւ հանձնաժողովի բոլոր անդամները Ձեր ղեկավարած կազմակերպության անդամներն են, բնականաբար` կախվածություն ունեն (հազար ու մի մանր ու մեծ խնդիրներ կան, որոնք ես, Հրաչյան կամ մյուսները չէինք կարողանալու լուծել), նաեւ` Դուք մնում եք Գրահրատարակչական գործակալության տնօրեն (թերթ ու գիրք տպագրելու խնդիրներ կան, որ ես, Արեւշատը կամ մյուսները չէինք կարողանալու լուծել): Սա էլ երկրորդ կախվածությունը, էլի ասեմ` հանձնաժողովում էին Ձեր խնամին, մոտ ընկերները, եթե նրանք նույնիսկ գերանաչառ էլ լինեին, էլի բարոյականությունը պահանջում էր, որ կամ Դուք հանեիք Ձեր գիրքը, կամ նրանք դուրս գային հանձնաժողովի կազմից։ Սակայն նրանք անաչառ չեղան, միահամուռ Ձեզ տվեցին ամենաբարձր` տասը միավոր (միայն երկու ջահել գրականագետներն էին, որ համարձակվեցին ընդամենը վեց տալ, ինչի համար էլ նրանց դրել եք կրակահերթի տակ, իբր Ձեր դեմ ի սկզբանե հաշիվներ են ունեցել, այնինչ նրանք Ձեր իսկական բարեկամներն են, ուզում էին փրկել Ձեզ թուքումուրից):

Արդյունքում ստացվեց ծիծաղելի առավելություն` տասը միավորից ավելի երկրորդ եւ երրորդ տեղի գրքերից` վեպեր, որոնք մշտապես ամենշաբաթյա բեստսելլերների մեջ են, Ձեր ընկերները վախից, ինչ է թե հանկարծ չստացվի, որ չափն անցել են, պարո՛ն նախագահ։ Ավելի խորքը գնանք, խնդիրն այն է, որ Դուք եւ Ձեր շուրջ հավաքված` իրեն «գրական էլիտա» համարող խումբը գրական մրցանակները կարուսելային պտույտի մեջ է դրել, զուր չէ, որ նրանց մեծամասնությունն արդեն ունի մեծ մրցանակների ամբողջ փաթեթը, ահա, հիմա Դուք էլ ունեցաք, շուտով մյուսներն էլ կլրացնեն, ի՞նչ է եղել, հանձնաժողովները` Ձերը, լծակները` Ձերը։

Ավելի խորքը գնանք, ո՞նց է ստացվում, որ նույն մարդիկ հավերժորեն պտտվում են հանձնաժողովներում (անուններ չտամ, լավ գիտեք), ոմանք նույնիսկ հաջողացնում են երեք մեծ մրցանակաբաշխությունների հանձնաժողովներին անդամակցել, կամ էլ՝ ի՞նչ են անում հայ ժամանակակից գրականությունը գնահատող հանձնաժողովներում, ասենք, Նատալյա Գոնչարը կամ Արամ Գրիգորյանը, երբ նրանց աշխատանքային լեզուն ռուսերենն է, եւ չեմ հիշում, թե երբեւէ կապ են ունեցել ժամանակակից հայ գրականության հետ, բնականաբար` ներկայացված գրքերը նրանք չեն կարդալու։ Ի դեպ, հանձնաժողովների անդամներից շատերն են, որ չեն կարդում գրքերը, որպես փաստ` վերադարձված գրքերի կպած էջերը։ Է հա, ինչո՞ւ կարդան, երբ մրցանակը գրքին չեն տալու, այլ՝ անձին։ Սա էլ` հանձնաժողովային կարուսելը, «էլիտան» ստեղծում է հանձնաժողով կամ դրա կորիզը, որը հետո պիտի կատարի պատվերը։ Այսպիսով, Ավիկն ընկերների հետ նախագահի մրցանակը հաջողացնում է Հենրիկին, հետո նույն Ավիկը Հենրիկի ու մյուս ընկերների հետ արդեն պետական մրցանակը հաջողացնում է Էդիկին, հաջորդն էլ Էդիկն իր հին ընկերների հետ կհաջողացնի ցուցակով հաջորդին…

Իհարկե, կարելի է թքել մրցանակների վրա, մրցանակների համար չէ, որ գրում ենք (գոնե` ես)։ Սակայն կա գրականության խնդիրը, մրցանակներն ստեղծված են գրականությանը ծառայելու համար, լավագույն գրականությունը մատնանշելու համար, որպեսզի հանրությանն ասվի, թե, ահա՛, տե՛ս, գրականությունը կա, չի մեռնում, ահա, լավագույն գրքերն արժեւորել ենք, ներկայացրել քեզ, կարդա՛, խորհուրդ ենք տալիս…

Կարդում է, եւ ի՞նչ… Նա հո չգիտի՞ գրական էլիտայի խաղերի մասին, կարդում է եւ ընդամենը հաստատում ընդունված կարծիքը` չունենք, չկա։ Մեծագույն վնասը Դուք ինձ կամ մյուս հավակնորդներին չէ, որ պատճառում եք, այլ գրականությանը, գրականության նկատմամբ հավատին։ Մի խոսքով, հարգելի ՀԳՄ նախագահ եւ «գրական էլիտա», գրականությունը կերակրաման չէ, ոչ էլ թքաման, եթե այն Ձեզնով ավարտված տեսնելու մեծամտությունը կամ հոգնածությունն ունեք, հանգիստ թողեք, թողեք նրանց, ովքեր գրականությունն իսկապես սիրում են, ամեն ինչից բարձր են դասում, տեսնում են նրա ապագան, եռանդ ունեն, նաեւ զգում են ժամանակի զարկերակը, այդպիսիք, որքան էլ չցանկանաք տեսնել, կա՛ն, եկել են, մի փնովեք նրանց` հենց միայն Ձեր մանրախնդիր շահերը պաշտպանած լինելու համար։

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

No comments:

Post a Comment