Thursday, March 20, 2014

Նախագահի մրցանակն անտե՞ր մնաց


Մեր երկրում տեղի ունեցող ցանկացած մրցանակաբաշխություն, առավել եւս, եթե այն պետական մակարդակով է անցկացվում, հայտնվում է ուշադրության կենտրոնում, ու միանգամայն հասկանալի է, թե ինչու. նախ սիրում ենք մրցանակներ, պատվոգրեր, մեդալներ, հետո էլ ՀՀ պետական եւ ՀՀ նախագահի մրցանակների դեպքում առկա է 5 մլն դրամի եւ 10 հազար դոլարի չափով մրցանակային ֆոնդ, ինչը պակաս դերակատարում չի ունենում, եթե չասենք՝ գլխավոր։ ՀՀ նախագահի մրցանակը, որ շնորհվում է ամեն տարի, 7 բնագավառներում, այս տարի գրականության մասով հայտնվել է ուշադրության կենտրոնում։

Իսկ խնդիրն այն է, որ գրականության բնագավառում մրցույթի ընդունված աշխատանքների մեջ ներկայացված է բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուն, որը, պարզվում է, հեղինակի «Վերջին խոսքի պես» գրքի վերահրատարակությունն է՝ մի քանի համալրված գործերով։ Կրկնությունը, որոշ խոսակցությունների համաձայն, կազմում է գրքի մոտ 70 տոկոսը։ Մինչդեռ, ըստ կանոնակարգի, «եթե աշխատանքը կամ նրա մի մասն ընդգրկված է եղել նախորդ տարիներին ներկայացված աշխատանքում, ապա այն չի կարող մասնակցել մրցույթին»: Այսինքն՝ անգամ մի քանի գործի ներառումը բացառվում է, ինչը, փաստորեն, հանձնաժողովը կամ չի նկատել, կամ չնկատելու է տվել։ Իսկ նախագահի մրցանակին, բացի Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուից, հավակնում է եւս 8 գործ՝ Արեւշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գիրքը, Սմբատ Արունյանի (Մուրադյան)` «Մեգ» վիպակը եւ պատմվածքները, Հովհաննես Երանյանի` «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքների ժողովածուն, որը ներկայացված է «Անտարես մեդիա հոլդինգի» կողմից, Անահիտ Թոփչյանի «Տագնապ» վեպը, Բակուրի (Բորիս Կարապետյան) «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպը, Սամվել Մարգարյանի «Սրբազան լեռնաշխարհ» բանաստեղծությունների ժողովածուն, Շանթ Մկրտչյանի «Արտացոլանքը հեռու, բազմադեմ» բանաստեղծությունների ժողովածուն եւ Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արեւը» վեպը։

Նախօրեին մենք կապվեցինք հանձնաժողովի նախագահ գրականագետ Ազատ Եղիազարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ է այդ խոսակցություններին, մեկ անգամ արդեն ստուգել, համեմատել են, բայց, ըստ երեւույթին, նոր ստուգման կարիք կա: Ապա խնդրեց սպասել մեկ օր, որովհետեւ հաջորդ օրը հանձնաժողովը քննարկելու է այդ հարցը եւ վերջնական որոշում կկայացնի՝ գիրքը հավակնո՞ւմ է մրցանակի, թե՞ դուրս է գալիս քվեարկությունից։

«Ընդունման ժամանակ որեւէ մեկը պարտավոր չէ դնել, մեկ-մեկ ստուգել, հեղինակը գիտի, որ ինքը պետք է ներկայացնի նոր ժողովածու, իսկ գործերն ընդունում է համահայկական հիմնադրամի ներկայացուցիչը»,-ասաց նա, ապա հավելեց, որ դա, հավանաբար, հեղինակի անտեղյակության արդյունքն է։

Ի վերջո, երեկ երեկոյան տեղի ունեցած հանձնաժողովի նիստը որոշել է, որ կանոնակարգային խախտում կա, բայց դա, ինչպես ընդգծեց Եղիազարյանը, գրքի որակի հետ կապ չունի. «Բնականաբար, պետական պրոցեսից Ղուկաս Սիրունյանի գիրքը դուրս է մնում, այսինքն՝ որոշումն այդպես էլ պիտի լիներ, ուրիշ ելք չկար»,-նշեց Եղիազարյանը։ Ինչ վերաբերում է կրկնությունների չափին, ապա, ըստ հանձնաժողովի նախագահի, դրանք բավականին շատ են կազմում, հիշելով, որ նման նախադեպ նախկինում էլի եղել է, երբ 2 գիրք կրկնության համար չի ընդունվել ու դուրս է մնացել մրցույթից։

Սակայն, ինչպես մեզ հայտնի դարձավ օրվա վերջում, նիստի ժամանակ հանձնաժողովի անդամները ոչ միայն քննարկել, այլ նաեւ քվեարկել են 2-րդ փուլ անցած 3 գրքերի համար, ու քանի որ այդ 3-ի մեջ է եղել նաեւ Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուն, որը հանձնաժողովը կրկնության պատճառով դուրս է թողել հետագա պայքարից, ապա մրցույթը ծավալվել է 2 գրքերի շուրջ՝ Արեւշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գրքի եւ Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքների ժողովածուի միջեւ։ Ավելին, քանի որ ձայները հետաքրքիր կերպով են բաշխվել, հանձնաժողովը որոշել է այս տարի մրցանակ չտալ գրականության ոլորտում։ Թե ինչքանով է այդ որոշումը հավաստի, նորից փորձեցինք ճշտել հանձնաժողովի նախագահ Ազատ Եղիազարյանից, ով, սակայն, նշեց, որ, էթիկայից ելնելով, չի կարող պատասխանել, ընդգծելով միայն, որ երկար ու լարված նիստ են ունեցել, եւ իրենց որոշումն ընդամենը առաջարկություն է, որը պետք է հաստատի նախագահը։ Դրանից հետո նոր միայն կհայտարարվի իրենց որոշման մասին։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

No comments:

Post a Comment