Saturday, October 19, 2013

Իմ զենքն իմ կենսագրությունն է. Գրողների միության նախագահի թեկնածու Հովիկ Հովեյան


Բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, ով Գրողների միության նախագահի թեկնածու է, Tert.am-ի հետ հարցազրույցը սկսեց բանաստեղծական ոճով. «Բարև ձեզ պարոն Հովեյան, ձեզ Tert.am-ից են զանգում, ես Արուսն եմ լրագրող» արտահայտությանը հետևեց նրա համպատրաստից պատասխանը. «Ես Արուսն եմ լրագրող, բերել եմ ձեզ շատ խաղող: Լսում եմ ձեզ…»:

-Դուք ինքնաառաջադրվե՞լ եք, թե գրողների խումբ է առաջադրել ձեզ:

-Ինքնաառաջադրվել է ժամանակավոր պաշտոնակատարը, ով քարոզարշավ է սկսել հանրապետության տարածքում և Արցախի Հանրապետությունում, և պայքարը հենց այդ ինքնաառաջադրվելու և կանոնադրական խախտումների դեմ է: Հայաստանի գրողների միություն ՀԿ-ն իր կանոնադրության համաձայն բարձրագույն մարմնի միջոցով, այսինքն՝ համագումարի միջոցով առաջադրում և հաստատում է թեկնածուներին, մինչդեռ, խախտելով կանոնադրությունը, վարչակազմը, մասնավորապես՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, երբ դեռ ոչ մի անուն հայտնի չէր, ինքն արդեն Վանաձորում նախաքվեարկություն էր կազմակերպել, քվեարկվել էր: Մենք էլ հենց պայքարում ենք դրա դեմ, այսինքն՝ ոչ ոք իրավունք չունի ինքնաառաջադրվելու, այլապես եթե գրողների համագումարում մեկ ուրիշ մարդ առաջադրվում է համախոհների կողմից, այդ մարդը զրկվում է այդ նախնական սուտի քարոզարշավի հնարավորություններից: Մենք հայտնվել ենք մի իրադրության մեջ, որ Գրողների միության համագումարը կորցրել է իր անկախ մարմին լինելու ողջ իրավասությունը և ենթարկվել շոուծրագրային հեռուստաարշավների: Քանի որ մեր կողմի լռությունը ընդունվում է որպես համաձայնության նշան, մենք ստիպված մտանք այս արդեն իսկ խախտված գործառույթի մեջ և ձեզ ինտերվյու ենք տալիս:

ՀՀ գրողների միության պատմության մեջ չէր եղել այսպիսի նախադեպ, երբ մենք պետք է հայտնվեինք այսպիսի հասարակայնացման կամ հասարակացման իրադրությունում, ԳՄ բարձրագույն մարմինը և համագումարը նույն օրը պետք է առաջադրի թեկնածուներին, ինքը հաստատի և ինքը լսի թեկնածուների ծրագրերը:

-Ինչպե՞ս եք գնահատում մրցակիցների հնարավորությունները:

-Շատ գեղարվեստական եմ գնահատում: Էս դեպքում, երբ ժամանակավոր պաշտոնակատարը թեկնածու է, ինքը պիտի բոլոր օրենքներով հրաժարվեր ժամանակավոր պաշտոնակատարի իր լիազորություններից և դառնար թեկնածու:

Թյուրիմացության մեջ է մեր ժամանակավոր պաշտոնակատարը, երբ սկսեց նախնական քարոզարշավ խախտելով կանոնադրությունը և բոլորիս դնելով նման իրավիճակի մեջ: Ինձ թվում է, որ ինքը, հավանաբար, գյուղապետի կամ ՏԻՄ ընտրության է մասնակցում:

-Ի՞նչ ծրագրեր ունեք և, որպես առաջնային բարեփոխում, ի՞նչ կփոխեք:

-Վաղը «Գրական թերթում» կտպագրվի բոլոր թեկնածուների ծրագրային դրույթները։ Սահմանել են ընդամենը մեկ համակարգչային էջ, ի՞նչ է նշանակում դա: Ստիպեցին ինձ, որ ես իմ ծրագրային դրույթները կրճատած ներկայացնեմ:

Առաջին դրույթը այն է, որ Հայաստանի ԳՄ ՀԿ-ն պետք է դառնա բոլորի գրողների միությունը, այն պիտի զերծ մնա կամայական և առանձնաշնորհյալ գրողներին տանիք շնորհելու, մրցանակներ շնորհելու իր տարածքային հնարավորություններից: Եվ Ապարանում հանկարծ երկնաքեր չհայտնաբերեն գրողների միությունում, ԳՄ-ն կայացած կառույց է:

-Հավերժ վեճ կա, թե Գրողների միության նախագահը լավ կազմակերպիչ պետք է լինի, թե լավ ստեղծագործող: Դուք ձեզ ո՞ր տեսակն եք համարում:

-Բոլոր տեսակների մեջ էլ ես ինձ տեսնում եմ, ես իմ կենսագրությամբ հավաստել եմ, և՛ լավ կազմակերպիչ, կամ վատ, և՛ լավ ստեղծագործող, կամ վատ, իմ զենքն իմ կենսագրությունն է:

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք կարծիքները, թե Գրողների միությունը մեռյալ կառույց է:

-Դրանք բամբասանքներ են, Գրողների միությունը մեռյալ կառույց չէ, այդ հարցերի պատասխանը պիտի ժամանակավոր պաշտոնակատարը տար, բայց չտվեց, մի «կավեենային» շոու ստեղծվեց, երբ հայտարարեց, որ ԳՄ-ն ճռռացող սայլ է, եթե այդպես է, ապա ինքը, որպես հավանական թեկնածու, ինչու որպես սայլապան ձիթապտղի յուղով չի յուղել այդ սայլի անիվները, կամ իրեն դեն չի շպրտել այդ սայլից, եթե չի շպրտել, ուրեմն կամ խուլ է եղել կամ համր: Չի կարելի վարկաբեկել այդ կառույցը, այդ խոսակցություններն արդեն հոգնեցրել են մեզ:

-Մշակույթի նախարարի պաշտոնից ազատվելուց հետո սա ձեր առաջին «դեբյուտն» է, ի՞նչ կասեք այդ մասին:

-Ոչ թե ազատվել, այլ հրաժարական տալ: Ես միակ նախարարն եմ եղել, ով հրաժարականով է դուրս եկել, որովհետև քաղաքական սադրանք կար, ցայսօր ոչ մի իրավական խախտում չի կատարվել այդ տարածքում իմ նախարար եղած ժամանակ:

-Այդ ժամանակ հրապարակվել էր, թե դուք նախարար եղած ժամանակ ատրճանակի պոչով հարվածել եք էլեկտրիկին:

-Կրկնում եմ, քաղաքական սադրանք է, որը շարունակվում է ցայսօր էլ, բայց եթե ես հարվածել եմ, պետք է դատված լինեի, իսկ եթե չեմ հարվածել, ուրեմն պիտի «Կենտրոնի» Պետրոս չգիտեմ ինչյանը դատարանում հայցադիմում ներկայացնի, իջնեմ այդ մակարդակին, և նա տանուլ կտա: Իմ զենք իմ կենսագրությունն է, ես ուրիշ զենք չեմ ունեցել այս կյանքում:

http://www.tert.am/am/news/2013/10/18/hovik-hoveyan/

No comments:

Post a Comment