Saturday, October 19, 2013

ՀԳՄ-ի անունը կա, ամանում չկա


Հարցազրույց գրող, թարգմանիչ Աշոտ Գաբրիելյանի հետ

- Առաջիկայում սպասվում է գրողների միության արտահերթ համագումարը, որտեղ ընտրվելու է միության նոր նախագահ։ Երիտասարդ գրողները սկզբում նշեցին, որ հանդես են գալու իրենց թեկնածուով, սակայն հետո hրաժարվեցին այդ գաղափարից, ինչո՞ւ:

- Պատճառը մեկն էր: Գրողների միության անդամների մեծամասնությունը հակված չէ բարեփոխումների: Նրանք նոր ընտրությունների կապակցությումբ քննարկում են ոչ թե ծրագրեր, այլ խոսում են անձերից: Շատ քչերին է հուզում ՀԳՄ այսօրվա կարգավիճակը: Նույնիսկ նախագահի թեկնածուներին չի հուզում, թե իրենց հնարավոր ընտրվելու դեպքում, ինչ կարգավիճակի կառույց են ղեկավարելու՝ հասարակական կազմակերպությո՞ւն, թե՞ ստեղծագործական միություն: Այս աննորմալ իրավիճակում ու մթնոլորտում ծրագրերը տեղ չունեն: Երիտասարդները սա հասկանալով՝ ետ քաշվեցին: Անձամբ ես ընտրություններին չեմ մասնակցելու, քանի որ ես ընտրում եմ ծրագրեր և ոչ թե անձնավորություններ, ովքեր չգիտեն թե ինչ կարգավիճակի կառույց են ղեկավարելու: Իսկ այն երիտասարդները, ովքեր այս պայմաններում պիտի մասնակցեն ընտրություններին, ուրեմն նրանք ևս ընդունել են անծրագիր խաղի կանոնները:

- Ի՞նչ օրակարգային հիմնախնդիրներ ունի գրողների միությունը ներկայումս:

- Գրողների միությունը կարիք ունի ճիշտ կառավարման: Խորհրդային կարգերից հետո, հասարակարգի փոփոխման հետ, ՀԳՄ և մյուս ստեղծագործական միությունները պետք է վերադիրքավորվեին: Ինչը տեղի չունեցավ, որի պատճառով այսօր մենք ունենք մի փտած ու անպետք կառույց: Այն գործառույթները, որը պետք է ՀԳՄ-ն վերցներ իր վրա, այսօր դրանք իրենց վրա են վերցրել մի քանի հրատարակչություններ, գրական խմբակներ, կայքէջեր և այլն: Մեր օրերում ՀԳՄ-ն նույնիսկ նորմալ կայքէջ չունի: Ժամանակակից գրականության քարոզումը, որը ՀԳՄ թիվ մեկ խնդիրը պետք է լիներ, այսօր ավելի հաջող կատարվում են ոչ թե ՀԳՄ-ում, այլ՝ ՀԳՄ շրջանակներից դուրս: Այսինքն՝ այն գործառույթների շրջանակներում, որում պիտի ՀԳՄ-ն գործեր, ստեղծվել է մրցակցային մեծ դաշտ, որտեղ ՀԳՄ-ն չի կարողանում մրցակցել: Ավելի կոնկրետ՝ անունը կա՝ ամանում չկա:

- Ձեր պատկերացմամբ ինչպիսի տեղ և դեր պետք է ստանձնի Գրողների միությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և արդյոք ներկայումս միությունն այդ տեղում է:

- Խորհրդային միությունը ստեղծեց միակ ու անկրկնելի գրողների միությունը: Գրական լուրջ խմբավորումների համար այլընտրանք չկար: Տվյալ պարագայում այն ավելի շատ վերածվել էր միակ կուսակցության բարձրախոսներից մեկին: Պետք է խոստովանեմ, որ հասարակարգի փոփոխությունից հետո ՀԳՄ-ն ավելի անատամ դարձավ, քան ԽՍՀՄ-ի շրջանում: Գրողների միության վարչությունը երկրում ծավալված հասարակական, քաղաքական, սոցիալական խոցելի շատ երևույթների չարձագանքեց: Պահպանեց թանկագին լռությունը: Այդ կերպ հասարակությունը երես թեքեց գրականությունից ու գրողից, այլևս չվստահեց նրան, իսկ դրանում մեղավոր չէին անհատ գրողները: ՀԳՄ-ն այլևս լավ ու վատ գրողի, ասել է թե՝ լավ ու վատ գրականության չափանիշ չունի: Ավելի կոնկրետ՝ ՀԳՄ-ն այլևս անելիք չունի:

http://araratnews.am/%D5%B0%D5%A3%D5%B4-%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%A1-%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B9%D5%AF%D5%A1/

No comments:

Post a Comment