Sunday, October 20, 2013

Գրողների Միությունը գնաց գրողի ծոցը


Դեռևս մի քանի ժամ առաջ 390 մարդ` Հայաստանից, 43 –ն` Արցախից և 97 –ն էլ՝ աշխարհասփյուռ հայերից, հոգու խորքում ինքն իրեն համարում էր ՀՀ Գրողների միության նախագահի լավագույն թեկնածուն, քանի որ ասպարեզ էր նետված կանխադրույթը, թե ԳՄ նախագահը պետք է լինի կամ շատ տաղանդավոր գրող, կամ շատ տաղանդավոր կազմակերպիչ (մարկետոլոգ, մենեջեր` ըստ ճաշակի ). այնպես որ յուրաքանչյուրն ազատ է ինքն իրեն համարելու եթե ոչ տաղանդավոր գրող, ապա գոնե գրական գործի տաղանդավոր կազմակերպիչ: Համոզված լինելով սեփական թեկնածության անմրցելիության մեջ, սակայն, 390 + 43 + 97 գրողներ (եվ գրամոլներ) ստիպված եղան ընտրություն կատարել կամ բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի, կամ բանաստեղծ, ՀԳՄ նախագահի ներկայիս պաշտոնակատար, գրահրատարակչության բազմամյա վարչության պետ Էդիկ Միլիտոնյանի և կամ Ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանի միջև: 390 + 43 + 97 գրողների առնվազն մի մասն առնվազն շնորհալի է և Հովիկ Հովեյանից, և մանավանդ Էդիկ Միլիտոնյանից  (Սարգսյանին չենք քննարկում, քանի որ «հենց այնպես» դրված թեկնածու է) : Ընտրության ինտրիգը կարող էր լինել ջահելների թևի թեկնածուի առաջադրումը, այն նույն ջահելների, որոնց ճնշող մասին հանիրավի գովելով` Անանյանը ական դրեց Գրողների Միության հիմքում : Պոռոտախոսությունը` գրականագիտության և պոռնկագրությունը` գրականության հետ շփոթածների մտնելը ընտրապայքարի մեջ ավելի կատարյալ կարտացոլեր մեր ժամանակների ամբողջ պերճանքն ու թշվառությունը :

«Արմնյուզ»-ի Արտակ Ալեքսանյանը հեռուստատաղավար հրավիրելով նախագահի թեկնածուներին՝ երեկ անկեղծորեն զարմանում էր, թե ինչու է ամեն անգամ Գրողների Միության նախագահի ընտրությունն այսքան դրամատիկ անցնում: Նախ նկատենք, որ Հայաստանի գրողների վիճակն ավելի վատ կամ ավելի լավ չէ, քան, ասենք, բժիշկներինը, ճարտարապետներինը, մանկավարժներինը, դատավորներինը, տաքսու վարորդներինը, քաղաքական գործիչներինը, իրավապաշտպաններինը, երաժիշտներինը և այսպես շարունակ: Իհարկե, կա մի նրբություն. այ հենց Արտակը տեսնես պատանի տարիքում ոտանավոր-բան չի՞ գրել։ Չգիտի՞, որ ամեն հայ գրող է` թաքուն կամ բացահայտ: Ում կենսագրությունը փորփրես` մի քանի ոտանավոր կգտնես՝ կամ մատղաշ տարիքում, կամ կյանքի կեսօրին, կամ բոլորովին վերջում` գրականություն ներխուժելու վճռականությամբ:

Եթե մեկնումեկը վերլուծի, թե Հրանտ Մաթևոսյանից հետո ովքեր են հայտնվել Գրողների Միությունում, նրանց շարքերում կհայտնաբերի ամենատարբեր ռանգի գրամոլների` քաղաքական գործիչների, ձեռներեցների և մանավանդ մերձգրական կանանց : Հրանտ Մաթևոսյանից հետո լավ ու վատ թարգմանիչների մի ամբողջ վաշտ, որ Մաթեվոսյանի օրոք համեստորեն բավարարվում էր եղած կարգավիճակով, այլևս ինքնահռչակվեց որպես սաստիկ գրող և «բառային լուծ ընկած»` սկսեց անողոքաբար գիրք գրքի հետեվից տպել:

Գրողի կարգավիճակ նվաճեցին նաև նախկին կյանքում գրականագետ որոշները: Գրողական համաճարակը չշրջանցեց նաև լրագրողներին. և անհամ-անալի հոդվածագիրներից ոմանք գրոհեցին գրականության վրա: Հրանտ Մաթևոսյանից հետո Գրողների Միությունում միակ տարօրինակն այն չէ, որ տասնամյակներ շարունակ Գրողների տան դուռը բախած ու մերժված շատ մարդիկ օր ծերության վերջապես ձեռք գցեցին բաղձալի անդամատոմսը և նոր եռանդով սկսեցին լծվել տոննաներով թուղթ փչացնելու գործին: Նաև այն չէ, որ գրական ճարպիկները սովորություն դարձրեցին պետպատվերով նույն գիրքը որպես նոփ-նոր տպել` փոխելով վերնագիրը կամ բովանդակությունը հետ ու առաջ տանելով: Սովորական դարձավ զանազան կարևոր կամ անիմաստ թարգմանական ժողովածուներում ընդգրկելը նաև նրանց, ում իրականում պետք է արգելել անգամ հայերեն գրել, ուր մնաց թե թարգմանել տալ:

Մրցանակների մասին խոսել անգամ չարժե. դրամական կշիռ ունեցող բոլոր մրցանակները բաժին են ընկնում բացառապես ցեղային օրենքների համաձայն` տարեց բողոքավորներին, և երբեմն էլ` ջահել բողոքավորներին: Գրական ցեղապետության շրջանակներում պատկառելի մրցանակները պարբերաբար հասել են Արտեմ Հարությունյանին և Դավիթ Հովհաննեսին, Դավիթ Հովհաննեսին և Արտեմ Հարությունյանին եև այսպես շարունակ :

Հայ գրականության մեջ հայտնվել են այնպիսի անուններ, որոնց հետ ամաչում են մրցել անգամ երկինքի աստղերը` ռուսերեն բառկապ անող կանայք, կենացագիր եվ շիրմագրեր գրող տղամարդիկ, իրենց կեղտոտ վարտիքի հոտը վավերագրող ջահելներ աղջիկներ ու ընտանիքի օրինավոր կանայք, որ գրականության հանդեպ սիրուց դրդված` մեծանունների հետ «մաստեր կլաս» են անցնում հորիզոնական դիրքում, երեկվա տղաներ, որ մի ժամում հանրահայտ դառնալու մոլուցքով բռնկված` կարող են բանսարկել իրենք իրենց ու նկարագրել իրենց սեռական անկարողության տվայտանքները:

Այս ամենը` դեռ մի կողմ : Հանգուցյալ Լևոն Անանյանն այնպիսի սխալ է թույլ տվել, որ հայաստանաբնակ գրամոլների առաջ Միության դռները լայն բաց անելը անմեղ մի բան է թվում: Խոսքը սփյուռքահայերին լիիարավ անդամի կարգավիճակ շնորհելն է` ընտրելու և ընտրվելու իրավունքով : Մոտ հարյուր հոգին, բոլորին է հասկանալի, պատկառելի ընտրազանգված է, ընդ որում` ակնհայտ է, որ նրանք միահամուռ ընտրելու են գործող նախագահին, ով նրանց հրավիրում է համաժողովների, ով նրանց գովում է, տպում, թարգմանում և համոզում, որ հայ գրականության բախտը գտնվում է, դիցուք, ռուսերեն գրող մի տիկնոջ փխրուն ձեռքերում, ոչինչ, որ սույն տիկինը հայ գրականության և առհասարակ գրականության հետ այնքան կապ ունի, որքան պապուասը` քվանտային մեխանիկայի հետ: Էլեկտրոնային եղանակով ընտրությանը մասնակցող սփյուռքահայերից մեկն ու մեկը վաղը կարող է և առաջադրվել նախագահի թեկնածու, և քանի որ օրենքը չի դնում որևէ սահմանափակում, տեսարակորեն կարող է ընտրվել նախագահ : Պատկերացնու՞մ եք` Թեհրանում կամ Նյու-Յորքում, Սարատովում կամ Դամասկոսում, Ստամբուլում կամ Նալչիկում նստած` ղեկավարի ՀԳՄ-ն:

Գրողների շրջանում համոզմունք կար, որ հայկական բոլոր ընտրությունների նման` այս մեկի ելքն էլ է կանխորոշված. Էդիկ Միլիտոնյանը կընտրվի և կշարունակի Լևոն Անանյանի սկզբնավորած հոռի ավանդույթները՝ չունենալով գոնե նրա մարդկային որակները: Փաստորեն, գրամոլների սիրելի Լևոն Անանյանը պատրաստի ընտրազանգված նվիրեց Միլիտոնյանին` գրամոլներին, ովքեր երկու ձեռքով կողմ քվեարկեցին այդ պահին իշխանությանը հարմար թեկնածուին : Որքան վատ գրող լինի նախագահը, այնքան ավելի առաջ կգնան իրենց գործերը, գրողի ծոցը, թե Սևանի ստեղծագործական տունը հայր-Միլիտոնյանը դեռ Լևոնի օրոք վարձակալության անվան տակ նվիրել է որդի-Միլիտոնյանին, որ բանը կարող է հասնել Ծաղկաձորին, անգամ ԳՄ շենքին և գույքին:

Եվ վերջում. իսկական գրողներին այս ընտրությունը համարյա չէր հետաքրքրում. հավակնորդների միջև առանձնապես մեծ տարբերություն չկար : Գրողները չէին բացառում, որ վերջին նախագահական ընտրությունների հանգույն` քվեաթերթիկների մեջ մեծամասնություն կազմեն անվավերները ` գրական և ամենևին ոչ-գրական քոմենթներով: Միակ ուրախալի փաստն այն էր, որ նոբելյան երազանքներով քնող-արթնացող արտեմներն և օվկիանոսներ սանձող զորի-զեվսը «լայաղ» չեն անում մտածել ՀԳՄ նախագահի աթոռի մասին : Իսկ միակ հրաշքը, որ կարող էր փրկել Գրողների Միությանը վատի և վատթարի միջև ընտրություն կատարելու պարտադրանքից, Վանո Սիրադեղյանի վերադարձը կարող Էր լինել : Հայտնի անեկդոտի նման, երբ հայտնվում է անտառապահը, և բոլորը փախչում են: Չնայած անկեղծ ասած` ես լինեի Վանոյի տեղը, գրողի ծոցը կուղարկեի ինձ նման առաջարկ անողներին։

Որպես ետհամագումարյան արձանագրում` նկատենք, որ չնայած համագումարին ներկա էին մոտ չորս հարյուր գրողներ, սակայն քվեարկությանը մասնակցել են շատ ավելի քիչ թվով գրողներ, ինչչի արդյունքում Էդիկ Միլիտոնյանը «ջախջախիչ» պարտության է մատնել Հովիկ Հովեյանին` 200 ձայն ընդդեմ 100 –ի: 200-ի մեջ մտնում են Սփյուռքի 44 եվ Արցախի 38 ձայները: Ասենք, որ գրողների շրջանում արդեն իսկ հնչում են կարծիքներ, որ անհրաժեշտ է շտապ ստորագրահավաք սկսել եվ հրավիրել ատահերթ նոր համագումար եվ ՀԳՄ կանոնադրությունից հանել անհեթեթ դրույթը, որը սփյուռքահայ գրողներին քվեարկելու իրավունք է տալիս : Ընդհանրապես, համագումարն ինքնին այնքան դիտարժան ու գրարժան էր, որ մանրամասները կներկայացնենք հաջորդիվ:

Վահե Սարգսյան
http://newsbook.am/archives/14164

No comments:

Post a Comment