Wednesday, May 25, 2011

«Գեղանքն» ու «Կեղանքը»

Մեր թերթի էջերում բազմիցս անդրադարձել ենք ստեղծագործական միություններին, այն արվեստասպան միջավայրին, որ տիրում է սովետական փտախտով հիվանդ այդ հաստատություններում, գրել ենք նաեւ այդ միություններում առկա կոռուպցիոն երեւույթների մասին։ Բայց մշակութային օլիգարխների, կաշառակեր դոկտոր-պրոֆեսորների, վաստակավոր կարիերիստների որջեր դարձած միությունների` հասարակությանը հասցրած վնասի մեջ թերեւս պետք է նշվի նաեւ այն, որ այդ միությունները հսկայական քանակությամբ «արվեստագետներ» են արտադրում, որ իրենց արժանի փոխարինողն են լինելու՝ ապահովելով համակարգի հարատեւությունը։

Իշխանական կուսակցությունների նմանությամբ միությունները, գլխաքանակ ապահովելու համար, շարունակաբար ընդունելություններ են կազմակերպում, եւ հեռու չէ այն օրը, երբ նրանք կսկսեն միության անդամ դառնալու համար փող առաջարկել։ Այդ «ինկուբատորների» ժրաջան գործունեության արդյունքում մշակութային դաշտը ծածկվում է ծախսատար միջոցառումներով, իսկ գրականությունն ու արվեստը ընդամենը գործիք են իշխանական «ռեսուրս» դառնալու եւ հարստանալու ճանապարհին։ Այդ կառույցից ուրիշ բան հնարավոր էլ չէր սպասել, եւ այդ հաստատություններին ուղղված քննադատությունը մի տեսակ ինքնանպատակ է եւ նաեւ դրանց նախագահներին է «փիառում»։

Բանը հասել է նրան, որ մի ասուլիսի ժամանակ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն այնքան կարեւորեց իր անձը, որ ասաց, թե լրագրողները պատվեր են կատարում։ Բայց գիտակցելով, որ այդ ռուբենգեւորգյանցների մասին գրելով՝ ակամա ջուր ես լցնում նրանց ջրաղացին, այնուամենայնիվ չես կարողանում անտարբեր նայել ու համակերպվել նրան, թե ինչպես են ապականում մթնոլորտը։ Մի խոսքով՝ մշակութային «չինովնիկությունը» ծլում-ծաղկում է, եւ պատահական չէ, որ այդ միությունների նախագահների այլեւս անպատվաբեր պաշտոնում նստած են գործող ցմահ նախագահները, իսկ այդ պաշտոնի հավակնորդների մեծ մասն էլ իրենց նկարագրով առանձնապես չեն տարբերվում գործողներից։

Ընթերցողին հիշեցնենք, որ ստեղծագործական միությունները սահմանել էին «Գեղանք» եւ «Կեղանք» մրցանակները։ «Գեղանքը» տրվելու էր մշակութային միջոցառումները լավագույնս, այսինքն՝ դրական լույսի ներքո ներկայացրած լրատվամիջոցին ու լրագրողին, «Կեղանքը»՝ «մատնիչ-սադրիչ», այսինքն՝ միությունների գործունեությունը քննադատած լրագրողներին։ Մեր թերթն իհարկե` հավակնում էր «Կեղանք» մրցանակին, բայց, հաշվի առնելով միությունների ներսում անցկացվող մրցանակների ավանդույթը, մենք վստահ էինք, որ մեզ կզրկեն դրանից։

«Գեղանքի» մրցանակակիրը «Հ1»-ի լրագրող Ջուլիետա Կաժոյանն էր, երկրորդ «Գեղանքը» բաժին հասավ «Իրատես դե ֆակտոյին»։ Քինախնդիր Լեւոն Անանյանը «Մեծ կեղանք» մրցանակ հանձնեց Աբգար Ափինյանին, որին «այլախոհության»՝ իր պաշտոնի վրա աչք ունենալու համար ժամանակին հեռացրել էր ՀԳՄ շարքերից։ «Կեղանք» մրցանակի արժանացավ նաեւ տխրահռչակ «Ազատամտության» լրագրող Կիմա Եղիազարյանը։ Լրագրողներն առանձնապես դարդ չարեցին իրենց գործընկերուհուն շնորհված իբր հակամրցանակի կապակցությամբ։

Նրանք մտածում էին, որ տեղն է Կիմային, չհասկանալով, որ միությունների հակամրցանակը մրցանակ է, մրցանակը՝ հակամրցանակ։ Աբգար Ափինյանին շնորհված «Կեղանքի» կապակցությամբ «Հ 2»-ի լրագրողն ասաց, որ դրանից հաշվեհարդարի հոտ է գալիս։ «Այսինքն ո՞վ պետք է գա եւ մեր դատին տեր կանգնի։ Եթե ձեզ վրա հարձակվում են, բռնաբարության փորձ են անում, կողոպտում են, ո՞վ պիտի ձեր փոխարեն դատի տա եւ ձեր իրավունքներին տեր կանգնի»,- լրագրող կնոջն այսպիսի պատասխան տվեց Լեւոն Անանյանը, որից չէր հասկացվում՝ բռնաբարողը Ափինյա՞նն է եղել, Եղիազարյա՞նը, թե՞ երկուսը միասին, բայց որ ցավոտ է եղել՝ դա պարզ էր։

Այս մրցանակաբաշխությունը կրկին անգամ ցույց տվեց, թե ինչ անառողջ մթնոլորտ է տիրում ստեղծագործական միությունների ներսում։ Ինչպես միությունների մյուս մրցանակների դեպքում է հաճախ լինում, «Կեղանք» պատվաբեր մրցանակն էլ հանձնվեց անարժաններին։ Թող անհամեստ չհնչի, բայց մենք ամենասուրն ու անաչառն ենք եղել միությունների գործունեությունը քննադատելիս, եւ այս մրցանակն իրավամբ մեր թերթին էր պատկանում։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Հրապարակ»
24.12.2010

No comments:

Post a Comment