Saturday, May 28, 2011

Գրողը նրա համար միայն ձայն է

Արձակագիր Լեւոն Ջավախյանը վերջերս դուրս է եկել Հայաստանի գրողների միությունից: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին ուղղած դիմումի մեջ իր այդ քայլը նա որակել էր «ազատագրում»: Երեկ մենք զրուցեցինք ԳՄ կապանքներից արդեն որոշ ժամանակ ազատ գրողի հետ:

- Պարոն Ջավախյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում Գրողների միությունից «ազատագրվելուց» հետո:
- Թեթեւացած, շունչս` բացված, մեջքս` ուղղված, հայացքս` շիտակ, ճամփես` երկար: Գրողների միությունը ինձ գրող չէր դարձրել, ինձ վրա ամագ չուներ, որ հիմա էլ տրտնջամ: Սխալմունք էր մտնելը: Ավելի ճիշտ կլիներ, որ ո՛չ մտած լինեի, ո՛չ էլ դուրս եկած: Ավելորդություն է իմ կյանքում Գրողների միությունը: Դա գիտակցեցի ու սխալների ուղղում արեցի: Բայց ոչ ոք չի հարցնում` ինչո՞ւ ես մտել: Բոլորը հարցնում են` ինչո՞ւ դուրս եկար:

- Ինչո՞ւ եք մտել:
- Ես Գրողների միությունն էն գլխից չէի ուզում: Լեւոն Անանյանի թախանձագին խնդրանքներին տուրք տալով` մտել եմ: Մտածում էի` ինքը գնահատում է իմ գրականությունը, դրա համար է խնդրում, որ անդամագրվեմ: Բայց նա սխալվել է իր հաշվարկներում. կարծում էր` լոռեցի եմ ու ես էլ եւս մի ձայն կավելացնեմ իր օգտին: Դժբախտաբար, Լեւոն Ջավախյանը կլինի, Արմեն Շեկոյանը, թե Պողոս Պողոսյանը, նա գրողների տաղանդը, շնորհքը չի կարեւորում, այլ ընդամենը գրողներին ընդունում է որպես մի ձայն: Լեւոն Անանյանը ձայներն է հաշվում, իսկ մրցանակները տալիս է` ըստ վախի չափի. ումից շատ է վախենում, ավելի մեծ մրցանակ է տալիս, ումից չի վախենում, ընդհանրապես անտեսում է: Մի տեսակ գազոնային մթնոլորտ կա Գրողների միությունում, համահավասարեցման մթնոլորտ: Նա այնքան Գրողների միության նախագահ չէ, որ իր ելույթներում չի համարձակվում անգամ որեւէ գրողի անուն տալ, որովհետեւ լավ հաշվարկել է, եթե մի գրողի անուն տվեց, մյուսները պիտի ասեն` բա ես: Հավասար-հավասարեցնում է: Էս գլխից արդեն ճտերը հաշվում է, որ ընտրության ժամանակ ձվերն ուտի:

- Գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը հույս էր հայտնել, որ մի որոշ ժամանակ անց գուցե փոշմանեք: Հնարավո՞ր է` նման բան լինի:
- Ափսոս, որ այդ հույսը տածել է Հովհաննես Գրիգորյանը, որին, որպես բանաստեղծի, ես հավանում եմ, որն ամեն տեղ, ամեն կերպ իմ գրականությունը, իմ բերած խոսքը դրվատում է, սիրով է վերաբերվում: Ինքը մի բան էր ասել` «Վիրավորված հոգու ճիչ էր Լեւոնի դուրս գալը»: Վիրավորված հոգու ճիչ է ինչո՞ւ: Որովհետեւ Ադրբեջանում` թշնամու երկրում, տեսնում են, որ Լեւոն Ջավախյան կա: Բա իրենց քթի տակ չնկատեցի՞ն, որ այդպիսի մի գրող կա` մի ալմանախում դնեին իր պատմվածքը, մի պատմվածք թարգմանեին, մի անգամ առաջարկեին գիրքը պետական աջակցությամբ տպագրել: Այդ անդամատոմսը հո չեմ ստացել, որ սրան-նրան ցույց տամ, ասեմ` «չիտայտե, զավիդույտե, յա չլեն սոյոզա պիսատելեյ Արմենիի»: Կոստյումը չէ, որ պիտի ինձ զարդարեր:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ԳՄ մարզային կառույցների ղեկավարների ընտրությունը պետք է համաձայնեցվի մարզպետների հետ:
- Հակոբ Պարոնյանն էր ասում` մեծապատիվ մուրացկաններ: Նորից ուզում ենք ասել, որ մեծապատիվ մուրացկաններ ենք: Էստի-էնդի փող են մուրում, գոյություն են պահում, իբր` գրականություն են զարգացնում: Գրականությունը անհատական պրոցես է: Եթե գրողը գրող է, նա գեղարվեստ կստեղծի` առանց որեւէ օժանդակության, առանց փողի: Ո՞վ է ինձ փող տվել, որ ես գիրք եմ տպել, կամ ո՞վ է ինձ ոգեշնչել, որ պատմվածք եմ գրել: Ոչ մի փողատեր, ոչ մի Գրողների միություն: Կյա՛նքը: Ես նայում եմ կյանքը ու գնում դեպի կյանքը, իմ հետեւից գալիս է ընթերցողը:

- Պարոն Ջավախյան, Գրողների միությունը կարծես նյութական ու ֆինանսական աջակցության դիմաց ճորտագրվել է իշխանություններին: Վերջերս էլ, հենց նույն մարտավարության շրջանակներում պաշտոնանկ արվեց, մասնավորապես, ԳՄ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար Նորիկ Գրիգորյանը: Ըստ Ձեզ, նման մոտեցումն ի՞նչ վտանգներով է հղի:
- Նորիկ Գրիգորյանը ինձ մոտիկ ընկեր է, շիտակ, իսկական թալինցի տղա: Բաց ճակատով գրում է Արագածոտնի աղաղակող թերությունների մասին ու մեկ էլ իմանում է, որ իրեն հանել են, որովհետեւ մարզպետն այնտեղից ասել է` եթե դրան հանես, մարզային կառույցին ես փող կտամ, աշխատասենյակ կտամ: Եթե թողնես նույնը, ոչինչ էլ չեմ տա: Փողով գրականությո՞ւն է լինում: Փողով կարելի է կոշիկ առնել, տուն առնել, հարստություն դիզել, բայց ոչ արվեստ, գեղարվեստ: Փողին սովոր մարդիկ էլ դեպի փողն են գնում, իսկ իսկական գրողը, այդ բաներից հեռու, իր ստեղծագործությունն է գրում:

Նույն հանգամանքներում նաեւ Նոյեմբերյանի կառույցի ղեկավարին է հանել` մի վաստակաշատ գրողի, լրագրողի: Ոնց որ 37 թիվն է: Միայն չեն գնդակահարում: 15 հազար դրամ է, է՞, տված աշխատավարձը: Ասում են` դա էլ, փոխանակ աղայաբար գրի, հաշվապահությունից մարդիկ ստանան, ստորացնելով է տալիս, իր մոտ հերթ պիտի կանգնեն, մտնեն, որ 15 հազար դրամը ստանան: Ես որ Գրողների միությանը հրաժեշտ տվեցի, հազար տեղից զանգեր էի ստանում` շնորհավորանքներ ու հարցազրույցների խնդրանքներ: Է՛, ոնց որ մի մեծ երեւույթ է տեղի ունեցել: Եթե Գրողների միությունից դուրս գալը այդքան մեծ բան է, ապա արժե՞ր այնտեղ մնալ: Եթե հասարակությունը այդպիսի հրճվանքով ընդունում է Գրողների միությունից քո դուրս գալը, արդեն իսկ այն փաստի մասին է հուշում, որ Գրողների միությունը ենթակա է մահվան: Այն, ինչ որ մեռնելու է, պիտի մեռնի:

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»
Մարտ 18, 2011

No comments:

Post a Comment