Wednesday, May 25, 2011

Աղբահանություն ՀԳՄ-ում չի եղել, թե չէ Անանյանն այնտեղ չէր լինի

Հարցազրույց բանաստեղծ, ՀԳՄ անդամ Խաչիկ Մանուկյանի հետ

- Պարոն Մանուկյան, ինչի՞ց է, որ ՀԳՄ-ի շուրջ մշտապես առկա են տհաճ խոսակցություններ, դժգոհություններ՝ լինի դա ֆինանսական բնույթի, ստեղծագործական թե բարոյական։ Որպես «ներսի մարդ»՝ ՀԳՄ անդամ, ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է պատճառը։

- Գրողների միությունն իր գործող կառուցվածքով չի ծառայում ոչ մեկին, որովհետեւ սպառված կարգ է։ Դա ժամանակին ստեղծվեց, որպեսզի կարողանային գրողներին համակարգել ու նաեւ ուղղորդել։ Այսօր ուղղորդման կարիք չկա, ամեն մարդ քիչ թե շատ կարողանում է իր մտքերն ազատ արտահայտել՝ կախված իր հոգու զորությունից ու նաեւ վախի չափման միավորից։ Անընդհատ շեշտվում է, որ 400 գրող կա, բայց համոզված եմ՝ անգամ լավագույն ընթերցողը 40 գրողից ավելի չի կարողանա գտնել։

Այսինքն 40 գրողի շուրջ ստեղծվում է մի կառույց, որը չի ծառայում անգամ այդ 40 հոգու համար, որովհետեւ իրականում ոչինչ չի արվում։ Միությունը դարձել է բիզնես կենտրոն, մտնում ես շենք՝ ամեն ինչ կա, բացի գրական շնչից։ Նախկինում, երբ գոնե գրողներ կային, լսում էիր Ռաֆայել Ավագյանի, Սերո Խանզադյանի ու մյուսների զրույցները, իսկ այսօր չկա այդ հնարավորությունը։

- Բայց առաջ էլ, երբ կային այդ գրողները, հիմա էլ, երբ նրանք չկան, ՀԳՄ-ն որպես կառույց չի փոխվել։

- Բայց այդ շրջանի գրական ղեկավարները շատ նախանձախնդիր էին, նրանք առաջնորդվում էին գրական նպատակներով։ Ես տեսել եմ ՀԳՄ այն նախագահներին, ովքեր իսկապես գնահատում էին գրականությունը։ Հրաչյա Հովհաննիսյանի ժամանակ գրականության ու նաեւ ժողովրդի զարթոնքն այնտեղից էր սկսվում, իրենց ուզած մտքերն էին արտահայտում, քաջ ու այս երկիրը սիրող մարդիկ էին, իսկ սրանց մեջ սիրտ ու հոգի չկա, որ սիրեն կամ չսիրեն։ Այդ ամլության մեջ տառապող, տապակված, հիվանդ ժողովուրդ է հավաքվել, ու ուզում են ճանկռելով ապրել։

Մեր Նազարն էլ սա է, որ մտել է աթոռի տակ ու ասում է՝ խոսքիս տերն եմ ու աթոռի տակից դուրս չեմ գալիս։ Ով է նա գրական կյանքում՝ ոչինչ չարած ողորմելի մեկը, իսկ ընդհանրապես հաջողակ բիզնեսմեն է, ասում են՝ լավ կառույցներ է ստեղծել, բայց որ միությանը վնաս է բերում իր ներկայությամբ, դա անխոս։

- ՀԳՄ նախագահից բողոքներ միշտ են եղել, բայց իրավիճակը դրանից չի փոխվում, չկա՞ Անանյանին փոխարինող մարդ, թե՞ ձեր ուժերը բավարար չեն։

- Այդ 40 գրողը թող դառնա 50-60, բայց երբեք չի դառնա 200, իսկ քանակային այդ բազան իր օգտին է։ Բայց կա այն խումբը, որ նախանձախնդիր է այդ հարցում, այս զավեշտի վերջը պետք է տանք, որ եթե կառուցվածքային փոփոխություն էլ արագորեն չլինի, գոնե կարգին, սրտացավ գրող լինի, որին մտահոգի իր երկիրը, իր գրականությունը։ Իմ սերունդը գոնե վայելել է այն ընթացքը, երբ կար գրական կյանք, երբ շենքն իսկապես ծառայում էր գրականությանը։

Իսկ Անանյանին գրական շահը չի հետաքրքրում, որովհետեւ ցանկացած տաղանդավորի ներկայություն իր գետնաքարշությունը վերհանելու առիթ է։ Իրեն միշտ հետաքրքիր են պուճուր, քծնող մարդիկ, որոնք կարող են փոքր մրցանակով շոյվել։ Արդեն ժամանակն է, որ այս էժանագին վիճակին վերջ տանք, իմ սերնդակիցների մեջ կան մտահոգ մարդիկ, ովքեր մեր նախնական հավաքներում իրենց կարծիքն արդեն արտահայտել են։

- Շա՞տ են այդ նախանձախնդիր մարդիկ, ովքեր Ձեզ նման են մտածում։

- Իհարկե շատ են, բայց նաեւ շատ կարգին գրողներ դուրս եկան, օրինակ Լեւոն Ջավախյանը, որի գիրը կյանքից է գալիս ու իրական արժեք է ներկայացնում, բայց դուրս եկավ ՀԳՄ-ից ու ճիշտ էլ արեց, որովհետեւ այդ կառույցը որեւէ նորմալ գրողի չի հետաքրքրում։ Ժամանակն է, որ ստեղծենք մի օջախ, որտեղ եկող սերունդը մի բան հասկանա, թե չէ սրանք ինչ են պատմելու՝ որտեղից ի՞նչ են փախցրել, ինչքա՞ն գումար են տարել։ Բայց ինձ պետք էլ չի, որ նա գնա գաղութում հայտնվի, որովհետեւ այնտեղ ավելի ճշմարիտ մարդիկ կան, քան ինքն է։ Ինձ հետաքրքիր է, որ մենք ունենանք մեր ճիշտ օղակը։

- Ասացիք «ճիշտ օղակ», կարգին գրող։ Կասե՞ք որպես կարգին գրողներ ում եք տեսնում։ Կա՞ այն մարդը, ով կկարողանա ղեկավարել այդ կառույցը, դրանք ովքե՞ր են՝ Ափինյա՞նը, Դավոյա՞նը։

- Ցանկացած մարդ, ով գրական արժեք է ստեղծել, նույն Ռազմիկ Դավոյանը, Ռուբեն Հովսեփյանը, Զորի Բալայանը, Ալվարդ Պետրոսյանը, գրող, ով այս երկրին մի ծառայություն է մատուցել՝ եւ գրականության մեջ, եւ կյանքում։ Չի կարող լինել թիմային վիճակ՝ սա իմ մտերիմն է, նա՝ ոչ։ Այսօր գրողը չի կարող միայն իր սեղանի առաջ նստել ու ինչ-որ բաներ խզբզել, կյանքի ռիթմերը պահանջում են գրողի իրական ներկայությունը, որն այսօր չկա։ Բայց կան հրաշալի անուններ մեր արձակում՝ Վրեժ Իսրայելյան, Սուսաննա Հարությունյան, Լեւոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան։ Բայց Լեւոն Անանյանի համար Չարենցը նույնն է, ինչ որ մի շարքային հեղինակ, որովհետեւ նա ձայնով է հաշվում, քվե լինի։

Նա լավ հասկանում է, որ անտաղանդներին 10 կոպեկով կարող է խաբել ու ավելի լավ է գնա նրանց հետ իր հարցերը լուծի, քանակություն ապահովի։ Բայց այսօր զառանցաբանություններ ոչ մեկի պետք չեն, մեզ իրական խոսք է պետք, որը, մխիթարելուց բացի՝ վեհացնի այս ժողովրդին։ Ցանկացած տաղանդավոր մարդ արձագանքում է իր ժամանակին, մարդը չի փոխվել, նա բոլոր ժամանակներում էլ նույնն է, Համո Սահյանն անընդհատ գութան էր ասում, բայց 20-րդ դարի բանաստեղծ էր, այսինքն հրթիռը չէր մտել նրա գրականության մեջ։ Իսկ եթե ձեւին ես դիմում, ուրեմն փախուստի ես դիմում, եթե երեկվա մարդն ինձանից շատ է տարբերվում, ուրեմն դու սխալ ես այդ մարդուն ներկայացրել։ Հոգեւոր վիճակը չի կայանում մեր երկրում։

- Այսօր ՀԳՄ-ի վարկաբեկված հեղինակությունն ավելի շատ ՀԳՄ նախագահի հե՞տ եք կապում։

- Քանի որ նա է ՀԳՄ նախագահը, նա էլ ներկայացնում է այդ կառույցի դեմքը, եւ մարդիկ, ծանոթ չլինելով խոհանոցին, մտածում են, որ այն, ինչ նա հանում է ասպարեզ, այն, ինչը զարդարում է մրցանակներով, դա է մեր ունեցած գրականությունը, եւ դրա շուրջ էլ կարծիք են կազմում։ Մեր ժամանակակցի հետ տարածական հաղորդվելու խնդիր կա, դրա համար մարդիկ ասում են՝ այսօր գրող չկա, շենք ես մտնում՝ գրական շունչ չկա, կա մարդ, ով անընդհատ նստած՝ հաշվարկ է անում, այսինքն կա հաշվապահ, հիմա հաշվապահին են դրել նախագահ։

- Վերջերս տեսակետ էիք հայտնել, թե «Հայ գրականության հանդեպ թշնամական վերաբերմունքը հենց մեր՝ գրողներիս մեջ է, եւ խեղճուկրակ այս պարոնն ընդամենը զոհ է»։

- Դա այդպես է, որովհետեւ մարդը (Անանյանին նկատի ունի) վատ շրջապատ է ընկել, խաբել-ասել են՝ գրող ես, ինքն էլ խաբվել է ու այդպես առաջ է գնացել։ Ես իր կողքին չեմ տեսել մեկին, որ ասի՝ այ տղա, զառանցանքներդ մի տպագրի. «Պատուհանի գոգին մեղուն ավանդեց հոգին…». խայտառակություն ինչքան ասես կա, անգամ ողբերգական բաներ նկարագրելուց զավեշտներ է դնում, որ մարդ ամաչում է, չգիտես՝ ինքն իրե՞ն է ծաղրում։ Այսօր կարող ենք մեր գրականագետներից վիրավորվել, որովհետեւ եթե արժանապատիվ գրականագետներ եք, ճշմարտություն եք փնտրում հայ գրականության մեջ, ինչի՞ մի հատ էս մարդուն չեք ասում՝ այ տղա ջան, դու կապ չունես գրականության հետ։

Նրանց դերը մեծ է այստեղ, պիտի կարողանան վեր կանգնել ամեն ինչից, չեմ կարծում, որ ՀԳՄ նախագահը ձեռքի տակ այնպիսի միջոցներ ունի, որ կարող է նրանց արգելել գրել։ Այսօր ՀԳՄ-ն ընտանեկան բիզնեսի վերածված կառույց է դարձել, շենք ես մտնում՝ աջ ու ձախ վարձակալություններ են։ Կամ պիտի մաքրենք, կամ պիտի մաքրվենք կեղտից։

- Այսօր գրական կյանքում արժեզրկվել են նաեւ մրցանակները։ Ինչի՞ հետ եք դա կապում։

- Մեր ժողովրդի աչքի առաջ Գրողների տունն արժեզրկված միավոր է դարձել։ Նախ՝ մինչեւ մրցանակ ստանալն այդ գրական գործը պիտի հասանելի լինի մարդկանց, այսինքն՝ ստեղծագործությունը պիտի արդեն ճանաչելի լինի։ Կամայականություններ միշտ էլ լինելու են, ու երբ այդ խայտառակությանն ականատես են դառնում բոլորը, իհարկե կզզվեն այդ միությունից էլ, դրա նախագահից էլ, բա 11 տարի խոսես ու մի միտք չասե՞ս։

- Օրերս պարոն Անանյանը մեզ տեղեկանք էր ուղարկել, որտեղ մանրամասն նշել էր աղբահանության, կանանց տոնի նվերների, մեքենայի բենզինի ու էլի մի շարք ծառայությունների վրա ծախսված գումարները՝ ի ապացույց ֆինանսական մաքուր գործունեության։

- Ես չեմ հավատում, որ աղբահանություն մեր շենքում եղել է, որովհետեւ այդ դեպքում նա հաստատ այնտեղ չէր լինի։ Ինձ այդքան էլ հետաքրքիր չի, թե այդ գումարներն ինչ ձեւով են լափում, ու մտադիր չեմ նրան ուղարկենք ազգիս գաղութները, որ հիմա էլ այնտեղ չգիտեմ ինչեր ստեղծի։ Եթե գրականությամբ չի զբաղվում, պարզ է, որ պիտի իր հարցերը լուծի, բայց ես իրեն ուզում եմ խորհուրդ տալ, որ վեր կենա գնա, այդ շենքը մաքրենք ու կարողանանք Գրողների միություն սարքել։

ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»
12.05.2011

No comments:

Post a Comment