Wednesday, May 25, 2011

Կուզեմ, որ Ջավախյանը փոշմանի

Երեկ մեր օրաթերթի «Ազատ խոսքի հրապարակում» տպագրել էինք գրող Լեւոն Ջավախյանի դիմումը ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին, որտեղ նա գրել էր Գրողների միությունից դուրս գալու իր որոշման մասին, իր այդ քայլը որակելով որպես «ազատագրում»։

Գրողը նշել էր, որ այդ տարիների ընթացքում ՀԳՄ-ից չի ստացել ոչ նյութական, ոչ բարոյական օգնություն եւ ոչ էլ ստեղծագործական քաջալերանք. «Անկատար է նա, ով չի փոխվում, չի գիտակցում իր սխալը։ Իմ որոշումը սխալիս գիտակցումն է»։ Նկատի ունի ՀԳՄ մտնելու որոշումը։ Լեւոն Ջավախյանի այս քայլի վերաբերյալ իր գրչակից գրողների կարծիքն իմանալու նպատակով զանգահարեցինք նրանցից մի քանիսին։ Ռազմիկ Դավոյանն իր խոսքում նշեց, որ համաձայն է գրողի հետ, ով իրեն ազատագրված է համարում. «Մարդն իր զգացողություններն անկեղծ արտահայտել է, եւ պետք է գնահատել իր անկեղծությունը»։

Այն հարցին, թե Գրողների միությունն ինչ է տալիս այսօր գրողին, եւ պե՞տք է արդյոք այն, Ռազմիկ Դավոյանն ասաց. «Ես չգիտեմ, գրողներին հարցրեք՝ այն 400 հոգուց, որ այսօր գուցե արդեն դարձել են 1400։ Ես դրանց հետ կապ չունեմ»։ ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանն էլ նշեց, որ գրողի հրաժարականն իր համար տխուր փաստ էր, եւ հույս ու ցանկություն հայտնեց, որ Լեւոն Ջավախյանը մի քանի օրից գուցե փոշմանի. «Ինքը շատ բռնկվող տղա է, էմոցիոնալ, եւ կարծում եմ՝ պահի տակ է արել այդ քայլը, դա նրա էությունից չի գալիս, այլ վիրավորված հոգու ճիչ է»։ Ի պատասխան նամակում գրված Լեւոն Ջավախյանի այն խոսքերի, որ իր ոչ մի ստեղծագործություն այս տարիների ընթացքում չի թարգմանվել, չի ընդգրկվել որեւէ ալմանախում, էլ չասած մրցանակի մասին, Հովհաննես Գրիգորյանը նշեց. «Ինքը տաղանդավոր գրող է ու արժանի է մրցանակի, որը հետո անպայման կստանա։

Ինքն էլ պիտի հասկանա, որ բոլորին հնարավոր չէ միանգամից մրցանակներ տալ, այս անգամ չի ստանա, մյուս անգամ կստանա։ Կարծում եմ՝ հաջորդ գրքի համար մենք այդ քայլը կանենք։ Մնացած հարցերում ՀԳՄ-ն այդքան մեծ հնարավորություններ չունի։ Կուզեմ շուտ փոշմանի, որովհետեւ բեղմնավոր գրող է»։ Պերճ Զեյթունցյանն էլ նշեց, որ չի հասկանում, թե գրողն ինչու է այդ քայլն արել։ Նշեց, որ ստեղծագործական քաջալերանք պետք չէ սպասել ՀԳՄ-ից, այդ քաջալերանքը պիտի ստանալ ընթերցողից. «Ընթերցողները պիտի քաջալերեն, ոչ թե Գրողների միությունը։ Գրողների միության քաջալերանքն իմ ինչի՞ն է պետք, ինձ պետք է, որ ընթերցողն ինձ սիրի, կարդա, սպասի։ ՀԳՄ-ն 400 անդամ ունի՝ ավելի շատ, քան պետք է Հայաստանին։ Ես Գրողների միությամբ չեմ ապրում, դա իմ կյանքում դեր չի խաղում, ամեն դեպքում, ՀԳՄ-ն ինձ ոչ օգնում է, ոչ խանգարում»։

ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»
04.03.2011



Ազատագրում

Ես չեմ գրում, ես ապրում եմ: Իմ կյանքը ստեղծագործություն է,
թեկուզ եւ այս դիմումը, թերեւս այս ակցիան…
Ես դա հասկացա, երբ արտաբերեցի վերնագիրը`

Հայաստանի գրողների միության նախագահ պարոն` Լեւոն Անանյանին.


Լինելով գրողների միության անդամ ես ոչ մի անգամ չեմ օգտվել Ծաղկաձորի հանգստյան տան ծառայությունից, գրքերիցս ոչ մեկը չի տպագրվել Գրողների միության օժանդակությամբ, իմ ոչ մի ստեղծագործություն չի թարգմանվել այլ լեզուներով` ներառյալ ռուսերեն, գրքերս կամ պատմվածքներս չեն արժանացել գրողների միության գեղագիտական ուշադրությանը, խրախուսանքի, քննարկման, շնորհանդեսի, էլ չեմ ասում` մրցանակի, մի պատմվածք անգամ չի ընդգրկվել Գրողների միության նախաձեռնությամբ պարբերաբար կազմվող որեւէ ալմանախում, ինքս ոչ մի անգամ չեմ ընդգրկվել Գրողների միության կողմից պարբերաբար կազմակերպվող մարզային շրջագայություններում, արտասահմանյան ուղղեւորություններում, չեմ ստացել ոչ մի տեսակ նյութական կամ բարոյական օգնություն, ստեղծագործական քաջալերանք…

Միթե՞ կա ավելի լավ ժամանակ, քան իմ կյանքի ժամանակն է, որն անպատեհ կապված է Գրողների միության մռայլ դամբարանի հետ: Ամեն ինչ հարահոս է, փոփոխական: Անկատար է նա` ով չի փոխվում, չի գիտակցում իր սխալը: Իմ որոշումը սխալիս գիտակցումն է: Քանի որ Գրողների միությունը իմ համար չէ, ի վերջո հասկացա, որ ես էլ Գրողների միության համար չեմ: Ես Գրողների միություն եմ մտել մաքուր խղճով, մաքուր էլ հեռանում եմ` մնացածը թողնելով գլխաքանակին: Ես դուրս եմ գալիս Գրողների միությունից: Ես դեպի կյանք եմ գնում…

Ստորեւ ներկայացնում եմ Գրողների միության անդամատոմսը`
անժաժ, ոչ մի անգամ չօգտագործված:
Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ
02.03.2011թ.

No comments:

Post a Comment