Saturday, May 28, 2011

Որն է գրականությունը, որը` ոչ, ով է գրող, ով` չգրող

«Այսօր հասարակության ուշադրությունը սեւեռված է միջակությունների վրա, մինչդեռ կարեւորագույն խնդիր է գրական դաշտը աղբից մաքրելը, թե չէ՝ մեր օրերում գրականության մեջ չափանիշներ չկան, ում մտքով ինչ անցնում է, գրում է, եթե անգամ մեկը այբուբենը ամբողջապես չգիտի, կարող է գրել ու իրեն համարել գրող»,- այս կարծիքին է բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ: Բայց ովքեր եւ ինչպես պիտի զանազանեն ցորենը որոմից: Այ, սա է խնդիրը:

Ոչ հեռու անցյալում, այսինքն՝ անկախության շրջանում, զուգահեռաբար գոյություն ունեին Հայաստանի գրողների միություն եւ Հայ գրողների միություն, ու գրողական այս միավորումները անհաշտ պայքար էին մղում գրական կյանքում իրենց տեղի ու դերի, գրողների միության ունեցվածքը բաժանելու առումով: Այսօր էլ միությունների, միավորումների պահանջարկը չի դադարել արդիական լինել հայ գրողների շրջանում: Իհարկե, քիչ չեն նաեւ այս ամենից օտարված, իրենք իրենց համար ստեղծագործող գրողները: Ինչեւէ:

Ահավասիկ` երեկ մամուլի ակումբներից մեկի հյուրերն էին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ու Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Հետաքրքիր զուգադիպությամբ` մեկ այլ մամուլի ակումբ էլ հյուրընկալել էր ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանին եւ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանին, որը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե` ժամանակակից հայ արձակը վերածնունդ է ապրում, ինչը փաստում է վերջին տարիների գրական հունձքը:

Բնականաբար երկու դեպքում էլ թեման գրողը, գիրքը եւ գրականությունը պիտի լինեին եւ, թերեւս, էին: Բայց տարօրինակ կերպով այս դաշտում, ինչպես միշտ, շատ հակասական էին տեսակետները: Եթե ԳՄ նախագահը խոսել էր տարեկան հրատարակվող 2000-ից ավելի գրքերից եւ մրցանակի արժանացածներից, ոգեւորությամբ նշելով, թե գիրքը գտնում է իր ընթերցողին, ապա Ռազմիկ Դավոյանը շեշտը դրել էր գրական դաշտը աղբից մաքրելու վրա, քանզի այսօր միջակություններին մեծ ասպարեզ է տրվում:

Երեկվա ասուլիսի ժամանակ Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը ներկայացրեց միության հրատարակած նոր` «Գրական կյանք» ամսաթերթը, հայտարարելով. «Մեր նպատակն է շեշտը դնել բարձր գեղարվեստական արժեքի վրա եւ այս թերթի առաքելությունն է գրական զարգացումների համար ավելի դեմոկրատական եւ ժողովրդավարական պայմաններ ստեղծելը»:

Նրա ներկայացմամբ` ամսաթերթն այսօր արդեն ունի 5 հազար տպաքանակ, որը մեր օրերում ամենաբարձր ցուցանիշ ունեցող գրական մամուլն է, ուր ներկայացվելու են ժամանակակից գրականության լավագույն դեմքերը` այդպիսով կողմնորոշելով ընթերցողին:

Բնականաբար Ափինյանը նախանձախնդիր է նաեւ միությունն ընդլայնելու, անդամների լուրջ չափ ու քանակ ապահովելու հարցում, ուստի նա հպարտորեն հայտարարում է. «Արդեն ստացել ենք 200 դիմում, ովքեր ցանկություն են հայտնել անդամակցել Երեւանի գրողների միությանը: Սակայն չենք շտապում մեր անդամների թիվն ընդլայնել, քանի որ շեշտը դնելու ենք որակի վրա, այլ ոչ թե քանակի»:

Երեկ Ա.Ափինյանը ակնհայտ մեծահոգություն ցուցաբերեց, հայտարարելով, թե իրենք պատրաստ են համագործակցել Հայաստանի գրողների միության հետ: Ավելին՝ նա պնդեց, որ երկու միությունների միջեւ ոչ մի տարաձայնություն չկա, պարզապես հակասություն գոյություն ունի գրողների եւ չգրողների միջեւ։

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի ակնկալիքը խորապես հասկանալի է. «Երբ պիտի գրական մի չափանիշ մեջտեղ գա, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա. որն է գրականություն, որը` ոչ»: Այս առումով նա լուրջ դեր է վերապահում գրական մամուլին եւ ողջունում է նոր պարբերականի ծնունդը, միաժամանակ հիշելով հին, բարի, գրապաշտ ժամանակները. «Իմ խմբագիր եղած ժամանակ «Գրական թերթը» շուրջ 150 հազար տպաքանակով էր լույս տեսնում: Ակնկալում եմ, որ թերթի հեղինակները քննադատական սլաքը կուղղեն դեպի ստեղծագործությունները, այլ ոչ թե հեղինակներին: Գրական մի չափանիշ պետք է, ի վերջո, մեջտեղ գա, ու մեր ժողովուրդը հասկանա` որն է գրականություն, որը` ոչ: Ժողովուրդը պետք է ինչ-որ մի ձեւով կարողանա վերադառնալ այն կատեգորիային, որում եղել է մի ժամանակ: Մեր պահանջները շատ խիստ են, իսկ եթե դրանք չկան, գոնե պետք է աղբը մաքրվի գրական դաշտից»:

Բանաստեղծն այն համոզման է, որ «հասարակությունն այսօր պետք է կենտրոնանա ոչ թե հեղինակի, այլ բովանդակության վրա: Մինչդեռ այսօր հանրության ուշադրությունը սեւեռված է միջակությունների վրա»:
Իսկ իր մասին տաղանդավոր բանաստեղծն ասաց. «Անձամբ ես արդեն բավական ժամանակ է` գրական կյանքի հետ գործ չունեմ, ապրում եւ ստեղծագործում եմ ժողովրդի համար»:

ՌՈՒԲԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
9.04.11

No comments:

Post a Comment