Tuesday, May 24, 2011

Նախագահները 37 թիվ են ուզում

Գրողների միությունում իր թիմի հետ միահեծան իշխանություն հաստատելուց հետո այլակարծության եւ ազատ խոսքի որեւէ դրսեւորում չհանդուրժող Լեւոն Անանյանը հիմա էլ ուզում է քիչ թե շատ ազատ մամուլի բերանը փակել։ Երեկ նա եւ նրա նմանակ Կարեն Աղամյանը «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում ասուլիս էին տալիս, որի նպատակն էր դատի տալու սպառնալիքով լռեցնել լրագրողներին։ Մինչ Լեւոն Անանյանը կսկսեր ինքնագովազդն ու լրագրողներին կմեղադրեր ծախված լինելու մեջ, ասուլիսը վարողը ներկայացրեց խոսակցության թեման՝ մեջբերումներ անելով ՀԳՄ հայտարարության տեքստից։

«Գրական եւ լրագրողական այլ մրցանակների կողքին հայտարարվելու է եւս մեկ մրցանակաբաշխություն, որը կոչվելու է «Կեղանք»։ «Կեղանք» նշանակում է խոց, քոս։ Գրական-մշակութային արժեքները խեղաթյուրելու, մշակույթի գործիչներին անվանարկելու, ստեղծագործական միություններին վարկաբեկելու, փաստերը խեղաթյուրելու ասպարեզում սահմանվում է լրատվամիջոցների եւ լրագրողների «Կեղանք» մրցանակաբաշխություն։ Մրցանակները կհանձնվեն ամեն տարեվերջին, ՀԳՄ քարտուղարության որոշմամբ։ Մրցանակակիրներին կտրվեն դիպլոմներ եւ 37 թվականին թողարկված 3 ռուբլիանոցների պատճեններ»։

Լեւոն Անանյանը նախ ասաց, թե շուկայական հարաբերությունները մտել են հասարակության հոգեբանության մեջ, ապա, դա կապելով քաղաքական պայքարի հետ, շարունակեց. «Արդեն օդի մեջ զգացվում է էն սպասվելիք պառակտումները»։ Իհարկե, Լեւոն Անանյանը շատ կուզենար, որ ինչպես իր նախագահած կառույցում է, այնպես էլ քաղաքական դաշտում «ուրիշ» կարծիք չլինի եւ ինչպես ՀԳՄ անդամ գրողների գերակշիռ մեծամասնությունն է անլեզու, հլու-հնազանդ, այնպես էլ հասարակությունը լինի, որովհետեւ ընդդիմությունը սուր հարցադրումներ անելու «գեշ» սովորություն ունի, եւ մի օր էլ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներից վարակվելով՝ ՀԳՄ անդամ գրողները կարող են հարցնել Լեւոն Անանյանին, թե ի՞նչ եղան երկու հեռուստամարաթոնների արդյունքում հավաքված հարյուր հազարավոր դոլարները։

Պարոն Անանյանը, որի փողասիրության մասին ՀԳՄ-ում եւ սրճարաններում գրողները զավեշտական ու տխուր պատմություններ են պատմում, չխորշեց ինքն իր մասին խոսելիս մեջբերում անել Ավետարանից։ «Ես ուզում եմ վկայակոչել էդ՝ Հովհան… Հովհաննեսի, սուրբ Հովհաննեսի ավետարանի հետեւյալ տողերը՝ ես ուզում եմ վկայել իմ մասին, բայց այդ վկայությունը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ որտեղից եմ եկել եւ ուր եմ գնում»,-ասաց պարոն Անանյանը, եւ մնում է միայն ավելացնել՝ ամեն։ Նա պատմեց իր փառահեղ կենսագրության նշանակալի դրվագները, եւ մենք իմացանք, որ Անանյանը կարմիր դիպլոմով է ավարտել համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։

«Դիպլոմային աշխատանքս պաշտպանել եմ անգլերեն։ Դա բացառիկ երեւույթ էր։ Ռուսամոլության ախտանիշի դեմ էր կարծես թե։ Բացել եմ «Ապոլոն» հրատարակչությունը։ Իմ 12 գրքերից 4-ը թե 5-ը հրապարակախոսական բնույթ ունեն։ Արժանացել եմ «Ոսկե գրիչ»… Մի խոսքով, էս ամենը ինքնագովազդ չի»,- ինքն իրեն գովազդեց Լեւոն Անանյանը։ Այնուհետեւ մեծ ոգեւորությամբ տեղեկացրեց լրագրողներին, որ «դատի են տվել» «Հայոց աշխարհ» թերթը՝ «ոչ անհայտ» Կիմա Եղիազարյանի «Թալանել, թալանել մինչեւ վերջ» հրապարակման առիթով, եւ դատարանը բավարարել է իրենց հայցը։

Տպագիր մամուլի վրա ցեխ շպրտելուց եւ նրանց ցածր տպաքանակների հաշվով իր ուրախությունը հայտնելուց հետո պարոն Անանյանն անդրադարձավ հեռուստաընկերություններին։ «Մեր հեռուստաընկերությունները, փառք Աստծու, շատ ավելի զուսպ են եւ ավելի պատասխանատու, բայց էդ մամուլի տեսություններով եւ հատկապես սկանդալները, սենսացիաները որդեգրելով՝ տիրաժավորում են։ Ի՞նչ ա նշանակում տպագրել խայտառակ փաստեր»։

Երբ ստրկամիտ, սովետից ժառանգած «մտավորական» պիտակը կրող միջակությունը սուսուփուս ծամում է իշխանության ողորմած «հանապազօրյա հացը» եւ միայն ընտրությունից ընտրություն իր ներկայությամբ «օգնում» իշխանությունների քարոզարշավին, դեռ կարելի է մտածել՝ մարդ ա, էլի, իր վախերով, իր ստամոքսով, բայց որ ՀԳՄ նախագահն իր ուրախությունը հայտնի տպագիր մամուլի տպաքանակի սակավության եւ հեռուստաընկերությունների կախյալ վիճակի առթիվ, դա արդեն խելքից-մտքից դուրս վարքագիծ է։

Լեւոն Անանյանն անդրադարձավ նաեւ իր մասին մամուլում գրված հոդվածներին ու կարծիքներին։ «Մեկը գրեց, որ ես 1,5 միլիոն եվրո ունեմ (եւ «Հրապարակ» թերթն էլ բոյով-բուսաթով մեկ անամոթաբար արտատպեց) «Անելիք» բանկում եւ ես թալանել եմ Գրողների միության հիմնադրամը։ Էդ խեղճ ու կրակ հիմնադրամն ընդամենը 150 հազար դոլար ուներ»,- լրագրողների աչքերի մեջ նաելով՝ ստեց Լեւոն Անանյանը։ Մեր թերթը չի արտատպել Անանյանի գործունեությանն առնչվող որեւէ հոդված, այլ գրող Բոյ-Բուսաթովը «Ազատ խոսքի հրապարակ» էջում ՀԳՄ նախագահի մասին հայտնել էր իր կարծիքը։

Լեւոն Անանյանը հայտարարեց, թե իրենց դեմ գրվող հոդվածները արտասահմանից են հովանավորվում, ապա քիչ անց ասաց. «Շատ ավելի գերադասելի ու բարոյական է կրկեսի մոտ մարմինը վաճառել երեք ռուբլով, քան խիղճը վաճառել՝ ժուռնալիստի համար, որեւէ դրամով»։ Մենք կրկեսի մոտ կատարվող առքուվաճառքից լավատեղյակ Լեւոն Անանյանի ասածին կարող ենք միայն ավելացնել, որ վաճառվող լրագրողներից պակաս քստմնելի արարածներ չեն մշակութային դաշտն ապականող ստրկամիտ մտավորականները եւ մշակութային թալանչի օլիգարխները։

Անանյանից հետո ավելի կարճ խոսեց Աղամյանը, ով զարմանում էր, որ այդքան ՀԿ-ների մեջ ՀԿ-ի կարգավիճակ ունեցող ստեղծագործական միություններին են «հալածում»։ Հետո եկավ հարցուպատասխանի ժամանակը, եւ մենք փորձեցինք Անանյանից ճշտել, թե ինչ եղան հեռուստամարաթոնի ժամանակ թոշակառուների ու բիզնեսմենների նվիրաբերած գումարները, բայց նա չցանկացավ այդ հարցին պատասխանել եւ զգուշավոր ցրեց. «Դա 4-5 տարի առաջ է եղել, եւ բոլոր հրապարակումները «Գրական թերթում» կան։ Համբարձում, եթե քեզ որեւէ բան հետաքրքրում ա, այնտեղ բոլորը կան։ Ես չեմ ուզում քո հարցին պատասխանել»։

«Պարոն Անանյան, Դուք ասում եք, որ թերթերն առանց փաստերի են գրում։ Մեր թերթում գրող Արփի Ոսկանյանը հանդես եկավ հոդվածով, որտեղ իր գրքի օրինակով ներկայացրեց ՀԳՄ-ի ներսում առկա կոռուպցիոն երեւույթները։ Ինչպես Գրողների միությունն իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել եւ առնվազն 200 օրինակ քիչ է տպագրել գիրքը։ Դուք գիտեք, թե ուր է կորել գրքի չտպագրված խմբաքանակի գումարը»,-հարցրինք մենք։

«Ես եմ կերել, Համբարձում»,-հեգնախառը խոստովանեց պարոն Անանյանը, ապա սկսեց գոռգոռալ. «Դու խառնում ես պատասխանատուներին։ Գրելուց առաջ… Դու շատ ջահել ես։ Շատ ափսոսում եմ, որ դու էլ բռնեցիր էդ ճանապարհը, եւ Արփի Ոսկանյանը թող ինքը գա-կանգնի եւ էդ բոլորը իմ աչքերի մեջ նայելով ասի։ Էն, ինչ որ Արփին գրել ա, շատ մտահոգիչ ա, բայց կոռուպցիա-բան, էդ զազրելի բառերը տար եւ քո թերթի վրա ամրագրի»։ Պարոն Անանյանը մեր մի հարցին հրաժարվեց պատասխանել, մյուսին պատասխանեց գոռգոռալով, ինչպես որ Արփի Ոսկանյանի հոդվածում հիշատակված ՀԳՄ հրատարակչության տնօրեն Բագրատ Ալեքյանն էր պատասխանից խուսափելով գոռգոռացել, երբ գրողը նրան հարցրել էր, թե ինչու են իր գիրքը առնվազն 200 օրինակով քիչ տպագրել։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Հրապարակ»
12.11.2010

No comments:

Post a Comment