Tuesday, May 24, 2011

Գրողների միության նախագահը հեչ գրող չէ

Մարդն այն է, ինչ իր գործն է, գրողի դեպքում` իր գիրքը։ Առավել եւս, եթե այդ գրողը ոչ թե սոսկ «շարքային» գրող է, այլ գրողների միության վարչության նախագահ, որ վաղուց ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի հայ գրողների միությունն է` իր համաշխարհային նախագահով։

Ակնհայտ է, որ Լեւոն Անանյանը միանգամայն պատահական մարդ է ՀԳՄ վարչության նախագահի պաշտոնում։ Մեր կյանքն առատ է քաջ նազարներով... Բայց մի՞թե գրական աշխարհում չկան իրենց գործին նվիրված ազնիվ ու խիզախ հոգիներ, որ այսօր Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի, Մահարու, Շիրազի, Սահյանի, Սեւակի անունից աղաղակեն եւ ասեն` ՀԳՄ նախագահ պարոն Լեւոն Անանյա՛ն, այսպես այլեւս չի՛ կարելի։

«Գարուն» ամսագրում աշխատելիս Լ.Անանյանը թարգմանություններ էր անում, հանդես էր գալիս հրապարակագրությամբ... Գրական համեստ աշխատավոր էր, իր չափի մեջ` ընդունելի... Բայց բախտի բերմամբ թե պատահմամբ նա դարձավ ՀԳՄ նախագահ, որին ի՛նքն էլ չէր հավատում եւ իր տեղում իրեն հաստատելու համար նախ, շատ արագ անցավ խմբակային դիրքորոշման եւ հետո՝ հանդես եկավ գրական այնպիսի մի բարձր տեսակով, որպիսին պոեզիան է եւ, առանց ամաչելու, տպագրեց բանաստեղծական ժողովածուներ։

Լեւոն Անանյանը բանաստե՞ղծ... կհարցնի գրականությանը մոտ կանգնած մարդը եւ նախ` կզարմանա, ապա իրեն ստուգելու համար ձեռքը կառնի նրա ժողովածուն, որպեսզի փարատի զարմանքը։

Նրա բանաստեղծությունների վերջին ժողովածուն վերնագրվել է «Հուշանվերներ։ Souvenir. ......»։ Չափածո շարադրանքները միաժամանակ լույս են տեսել երեք լեզուներով` հայերեն, թարգմանաբար` անգլերեն եւ ռուսերեն։ Երեւի բարեգութ «հանճարը» մտածել է. ինչո՞ւ աշխարհի մյուս ժողովուրդները զուրկ մնան իրեն կարդալու գերագույն հաճույքից, մանավանդ որ գիրքը հոբելյանական հրատարակություն է` ճոխ, շքեղ (այդպես դեռեւս չեն տպագրվել ո՛չ Նարեկացին, ո՛չ Թումանյանն ու Չարենցը) եւ նվիրված է գրողի (՞՞՞) ծննդյան 60-ամյակին, կարծես մյուսները ո՛չ ծննդյան 60-ամյակ ունեն, ո՛չ 100-ամյակ եւ ո՛չ էլ հազարամյակ։

Հիշո՞ւմ եք, թե ինչ ծանրակշիռ, բայց ոչ այսքան թեթեւ ու շքեղ գրքեր էին հրատարակում նախորդ սերնդի բանաստեղծներն իրենց ծննդյան 50, 60, 70, 80-ամյակներին։ Եւ հիմա երբեք բանաստեղծ չեղած Լեւոն Անանյանը հանդես է գալիս բանաստեղծական գրքով եւ, որպես հուշանվեր, այն նախ եւ առաջ ընծայում ինքն իրեն։

Երեւույթն ինքնին թե՛ ամոթալի է, թե՛ ծիծաղելի, մանավանդ, երբ վերնագրի տակ կարդում ես. «Տարբեր տարիների բանաստեղծություններ»։ Տարբեր տարիների, պահո՜... Խեղճ Տերյան, խեղճ Շիրազ, խեղճ Սեւակ։ Որպեսզի վստահ լինեք, որ այդ գիրքը կա եւ ոչ թե խաբկանք է, իմացեք, որ այն տեղագրված է՝ Երեւան, թվագրված է՝ 2006 եւ կազմված է 72 շքեղազարդ ընտիր թղթե էջերից։

Դեռ ավելին, գիրքն ունի «Անհրաժեշտ նախաբան» (այս անհրաժեշտն ամենեւին անհրաժեշտ չէր), որի մեջ Լեւոն Անանյանը սրճագույն տառերով մագաղաթի դեղնություն ունեցող թղթի վրա իր թոթովանքներին, որ ավելի ճիշտ կլինի բնորոշել թո թո թո թո թո... վանքներ, իսկ իր համար՝ թովանքներ, այսպիսի ճանապարհ է մաղթում. «Ինչպես ասում են՝ խոստումնալից մուտք դեպի Պառնաս» (էջ 5)։ Մի հարցնող լինի, իսկ Պառնասը քեզ սպասո՞ւմ է, Պառնասն էլ քեզ համար հո գրողների միություն չէ՞, բա որ Պառնասից էլ երկինք համբառնես ու ասես՝ իմ տեղը հենց այս է։ Լեւոն Անանյա՛ն, ա՜յ չբանաստեղծ, գոնե Պառնասի անունը չտայիր, քանի որ Պառնասը քեզանից այնքա՜ն է հեռու, որքան քո ղեկավարած գրողների միությունը՝ Պառնասից։
Պարզվում է նաեւ, որ հայ դասական գրողները «կողոպտել են» նրա ասելիքը։ Եւ ահա մեծադղորդ գրական դատարկության «60-ամյակի շեմին» նա հանդես է բերում այսպիսի «խիզախություն» (էջ 6) ։

Բաց ես անում գիրքը եւ քո առջեւ է կանգնում գրական հնակարկատը, այլ կերպ՝ փինաչին։ Եւ հոսում են պոեզիայի աղբանոցում թափված կեղտաջրերը։
«Ծաղկառատ հանդ»։ Եթե հանդ է, ուրեմն պիտի ծաղկառատ լինի։ Այսինքն՝ մակդիրը տեղին չէ եւ ոչ էլ մակդիր է, այլ քերականական որոշիչ։ Անծաղիկ հանդ չի լինում, եթե լինի՝ ուրեմն հանդ չէ, այլ անապատ։

Հաջորդում են հնամաշ ձորձ հիշեցնող եւ սայթաքելուց տակմաշ կրկնված նորանոր «պատկերներ». «ուսած գերանդի», կույսի նազանք (պատկերացնո՞ւմ եք), «գերանդին՝ լուսին»՝ պոեզիայի ոսկեջուր կուժն էլ ուսին։ Դե՛, արի ու մի երգիր. «Լուսինո՜վ Լուսի՜ն, Չտեսա՞ր յարիս, Յարաբ ո՞ւր գնաց, Չտեսա՞ր նրան...»։

Իսկ «դաշտը երկինք է թվում» տողը պարզ նմանակում է Համո Սահյանին, այլ կերպ... գրա-մրա-գողություն։ Հազար անգամ ասել ու կրկնել են ե՛ւ արեւի տենդը, ե՛ւ մեռնող օրը, ե՛ւ խոտի դեզն ու հատկապես բանաստեղծական բուրմունքը։ Համո Սահյանից (նաեւ Բակունցից, Մաթեւոսյանից) է գալիս աշխատավոր հնձվորի նույն, նույնական ու նույնատիպ կերպարը։ Այսինքն՝ Լեւոն Անանյանի առաջին իսկ «բանաստեղծության» մեջ չկա ո՛չ մի նորություն։

«Հայրս» վերնագրված այս չափածո շարադրանքի մեջ գրական առումով հայրը կարծես ուրիշի հայրը լինի...
Ահա եւ մագաղաթյա թղթերը բռնագրաված հաջորդ դայլայլը՝ «Վատ տրամադրություն»։

«Տանը պատահաբար ծնվում է / գալիքի հոգնած մանուկը / <...> / եւ գիտի , որ ինքը / մահվան բացասումն է» (էջ 8)։ Ինքնին պարզ է, որ յուրաքանչյուր ծնունդ մահվան բացասումն է։ Այստեղ Լեւոն Անանյանը չի ցանկանում մնալ հնաբույր եւ հիմա էլ անցնում է «նորարարական» այսպիսի անկապ կապիկության.

Պատուհանից խուժում է լռությունը
եւ բրոնզազօծ շրջանակին թախծող աղջիկը
յուղաներկ մատներով բարձրացնում է
դաշնամուրի ձայնախեղդ կափարիչը,
ու մեռած ստեղների գերեզմանոցում՝
բոլորովին ուրիշ մի մեղեդի (էջ 8-9)։

Սա խժալուր անիմաստություն է։ Իսկ «քանզի լեղի է օտարի հացը» տողը բացահայտ արտագրություն-գրագողություն է Դանտե Ալիգերիից, որը Լեւոն Անանյանից 700 տարի առաջ գրել է. «Դառն է օտարի հացը»։ Հաջորդ տողը եւս իր նախօրինակն ունի՝ «Իսկ ջուր՝ ծանր կապար»։ Ծանր ջուր արտահայտությունը շատ վաղուց գիտությունից մտել է պոեզիայի մեջ։ Գրում է. «եւ մութը հեթանոս օրերի միակ քրիստոնյան է»։ Սա լրիվ անմտություն է, որովհետեւ մութը երբեք քրիստոնյա լինել չի կարող, ա՜յն էլ հեթանոս օրերի, որովհետեւ մութը, խավարը, ստվերը սատանայի (Բեհեղզեբուղի, Սադայելի, Լյուցիֆերի) արտահայտության ձեւերն են։

Հետո նույն շարադրանքի մեջ պիտի հաջորդեն փոշոտ ճանապարհ, հեքիաթի վիշապ, յոթգլխանի վիշապ, Սեւանի սորուն ավազներ, իշխանի վտառ, երկրագնդի էկոլոգիա եւ համանման այլ անհամ արտահայտություններ, որոնց «հումքով» վաղուց արդեն բանաստեղծություն չեն շինում, իսկ եթե շինում են՝ պարզապես շինում են պոեզիան։
Այսպես անլուրջ է դառնում նաեւ մի այնպիսի լուրջ հարց, ինչը գրողի՝ այն էլ ՀԳՄ նախագահ գրողի, քաղաքացիական պատասխանատվությունն է իր ժամանակի առջեւ։ Անլուրջ, որովհետեւ պոեզիան դառնում է թերթային հոդված։ Ահա մեկ հատված «Ձմեռ, 2006»-ից.

Շրի Լանկան լիզում է
իր բաց վերքերը
հզոր ցունամիի
չհայտագրված հորձանքից՝
ոչ հեռու Բեն Լանդենի
ապաստանից,
ուր գաղտնաժողով է հրավիրել
իսլամական ֆաշիզմը... (էջ 24)։

Ահա հատվածներ «Դանդաղ մահ գյուղում» չխմազությունից.

Իսրայելն է նորից անսանձ վարուցանում
արաբների հողը՝ երիցս բզկտված։
Ամերիկան առանց ՄԱԿ-ի բանաձեւի
Ժանդարմն է ազգերի... (էջ 26)։
Եւ այս լրագրահեռուստատեղեկատվական լուրերից հետո հաջորդում է հույժ կարեւոր եզրահանգումը.
Լավ է ապրել այսպես անկապ հուլության մեջ,
լինել դատարկ խեցի ամառային գյուղի
կիզիչ արեւի տակ... (էջ 26)։

Այսինքն՝ ի՞նձ ինչ, թե աշխարհի վիճակը ծանր է։ Եւ սա ՀԳՄ նախագահ բանաստեղծի քաղաքացիական պահվածքն է։ «Ամոթ քեզ նման գոված իգիթին»,- կասեր Հ.Թումանյանը եւ կասեր, որովհետեւ պոեզիայի պես խիզախ ժամապահին Լեւոն Անանյանն առել ու գետնովն է տվել...
Անհաջող նորարարությունից հետո այս անհաջող գրաշարը վերստին անցնում է մեռած ավանդույթի, այսինքն՝ այս դեպքում վաղուց մերժված այսպիսի հանգակապության.

Որքան ախտ ու զեռուն
Այս սոդոմում քուրա,-
Ինձ արփին է գերում՝
Սուրա, նժույգ, սուրա (էջ 11)։

Ուրեմն՝ պիտի գրես «քուրա», որ հետո նժույգդ այնտեղ «սուրա»։ Աշուղ Աշխույժն ու աշուղ Նոր Սոխակը ո՜նց կնախանձեն այս հանգերին։ Կամ՝

Ծաղկի բույրից հեռու,
Լուսամուտիս գոգին,
Մի մոլորված մեղու
Տալիս է իր հոգին (էջ 13)։

Բնությունը թոշնում,
լքում է քեզ հավետ,
Պոեզիան է մեռնում
վերջին լորենու հետ։

Այո՛, Լեւոն Անանյան, այս քո «գոգին» - «հոգին», «թոշնում» - «մեռնում», «հավետ» - «հետ» հանգերի հետ պոեզիան իսպառ կմեռնի։ Եւ մեռցնողը դուք եք։
Այս գրքում ամեն ինչ խառնված է իրար՝ տողերի մեծատառն ու փոքրատառը, ավանդույթն ու նորարարությունը, քնարերգությունն ու արձակը։

Այսպես չե՛ն գրում, այսպես սպանում են բանաստեղծությունը։ Իսկ եթե այսպես են գրում եւ այսպես է գրում նաեւ Հայաստանի գրողների միության վարչության նախագահը, այն էլ նախագահական աթոռը գրական բարձրության վրա պահած Թումանյանից ու Իսահակյանից հետո, ապա այն պետք է վերագրել զավեշտին՝ գրական զավեշտին։ Կարդա՜ ու ծիծաղիր...
Չէ՛, պարոն Լեւոն Անանյան, արժե կարդալ նաեւ ձեր մյուս գրքերը, մեր այս տխուր կյանքում գոնե մի փոքր կզվարճանանք... Տեսնո՞ւմ եք, թե ինչի է հասցնում դիրքի չարաշահումը, հնարավորությունների գերագնահատումը։ Քաջ Նազարին հիշո՞ւմ եք, թե՞ հիշեցնեմ...

ԱՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
Հունիս 13, 2007

No comments:

Post a Comment