Tuesday, May 24, 2011

Ես՝ «Կեղանքի» առաջին մրցանակակիրս...

Լեւոն Անանյանին, մինչեւ Կենտրոն հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարին հյուրընկալվելը, մեկ էլ տեսել էի մեր մեծերի պանթեոնում` Հրանտ Մաթեւոսյանի գերեզմանին ճառելիս։ Առանձնապես հատկանշական բան չասաց, ինչպես միշտ, բայց չգիտես ինչու հիշողությանս մեջ մնացին նրա այն խոսքերը, որ «Հրանտը մինչեւ օրս էլ սովորեցնում է մեզ, թե ինչպիսին պետք է լինի հայ մարդը»։
Ահա, ուրեմն, նույն մարդը, երեկ, Պետրոսի առաջ նստած, կես ժամ շարունակ մեզ սովորեցնում էր, թե Հրանտ Մաթեւոսյանից, մեր մյուս երեւելիներից եւ այսօրվա շնորհալի գրողներից բացի, էլի ով կարող է լինել Հայաստանի գրողների միության անդամ։

Լոլոները թողնենք մի կողմ. դրանք դարձյալ հատկանշական չէին։ Հիշողության մեջ մնալու արժանի միտքը, որ հայտնեց մեր գրական աշխարհի առաջնորդը, հետեւյալն էր` գրողների միության անդամ կարող են դառնալ բոլորը։ Բավական է մարդը մի քանի բան տպագրած, մի քանի ելույթ ունեցած լինի...Պետրոսի զարմացած հարցին` բա տաղա՞նդը, Լեւոն Անանյանը հարկ համարեց պատասխանել մի պատկերավոր համեմատությամբ, որ մոտավորապես այսպես հասկացանք. «Գրողների միությունը մի անտառ է, որտեղ կան խոտեր, թփեր, ծառեր։ Անտառում հո միայն կաղնիներ չե՞ն աճում»։

Հրաշալի է։ Երանի Պետրոսը մի ուղիղ հարց տար պարոն Անանյանին. «Բուսական աշխարհի ձեր թվարկած տեսակներից դուք, որպես այդ անտառի լիիրավ անդամ, որի՞ն եք պատկանում»։ Երանի տար, բայց չտվեց։
Անտառի բուսական աշխարհը, սակայն, Պետրոսի այդ «վրիպումից» առանձնապես ոգեւորված սվսվալու պատճառ այնուամենայնիվ չունի, որովհետեւ այն, ինչ չասաց Պետրոսը, բազմաթիվ անպատասխանատու հայտարարությունների ու մեծախոսությունների տեսքով գեղգեղաց հաղորդման հյուրը` Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` փողոցային բանահյուսության եւ բառամթերքի բոլոր կանոններով։

Այս մասին կխոսենք քիչ հետո, իսկ հիմա մի շատ կարեւոր նորության մասին, որ, ինչպես պանթեոնում արտասանած նրա նախադասությունը, դեռ երկար կմնա սերունդների հիշողության մեջ։ «Ես թերթ չեմ կարդում»։ Բրավո, պարոն Անանյան։ Պետք է ասել, որ յոթ ստեղծագործական միությունների նախագահների ձեր գլխավորած շարժումը մամուլի դեմ բողոքի շատ յուրօրինակ ձեւ է ընտրել։ Չկարդալ` հետեւաբար չիմանալ զբանս, չիմանալ զբանս` հետեւաբար չմտածել, չմտածել` հետեւաբար հեռուստաէկրանից խելքին փչածն ասել։

Ամեն լավ բանի ձախողում, ի դեպ, սկսվում է լեզվի վրա չկարողանալուց։ Սա հավասարապես վերաբերում է բոլոր երկրների թե ղեկավարներին, թե լրատվամիջոցներին, թե ստեղծագործական միությունների նախագահներին։
Դուք, կարծեմ, դատի էիք տվել մի լրատվամիջոցի եւ, մեռնեմ օրենքին, ստացել ձեր ուզածը։ Այդպես չէ՞։ Կներեք, բայց հետաքրքիր է իմանալ` այդ ի՞նչ մոծակ ձեզ կծեց, որ չկարողացաք ձեր «փառավոր» հաղթանակն ըմբոշխնել գրողական համեստ շրջանակներում։ Ինչո՞ւ ձեր գլխին հավաքեցիք մյուս ստեղծագործական միությունների «կաղնիներին» եւ քեֆ սարքեցիք երկրով մեկ։ Հավանաբար ցանկացաք, ձեր խոսքերով ասած, այս բարոյալքված հասարակության ուշադրությունը գրավել, հա՞։

Թե` տեսեք-տեսեք, մեզ դրամով հատուցել են բարոյական վնասի համար, բայց մենք ավելի հեռուն ենք գնալու, ավելի շատ դրամ ենք պահանջելու։ Սա՞ էր այդ օրվա աղմուկ-աղաղակի լեյտմոտիվը, որն իր շուրջն էր հավաքել յոթ չափահաս մարդու, թե՞ բուն նպատակը բազմաչարչար հայ ժողովրդին «Կեղանք» չլսված մրցանակի մասին ծանուցելն էր։
Չեմ հասկանում։ Ո՞վ է ձեզ նման տափակ միտք հուշել, պարոն Անանյան, ազնվորեն խոստովանեք, եւ ձեզ հետ ոչինչ չի պատահի, հավատացնում եմ։ Ոչինչ չի փոխվի ձեր շուրջը, քանզի դուք նույնիսկ ընդունակ չեք գիտակցելու, որ ձեզ դրդել են, ներողություն, հիմարության։

Հիմա արդեն վստահ եմ, որ ժամանակին ճիշտ այդպես ձեզ դրդել են դատի տալ լրատվամիջոցին ու նրա հեղինակին։ Պատասխանող կողմը ձեր դեմ գրչով էր գործել, ճի՞շտ է։ Դա մի թերթ էր, գուցե երկուսը, կարեւոր չէ։ Նրանք գրել էին, բայց գրողների միության լուսամուտները չէին կոտրել, պահակին չէին ծեծել։ Դուք էլ, փառք Աստծո, ոչ թե շինարարական կազմակերպության պրարաբ էիք, այլ գրիչ ունեցող եսիմքանիհոգանոց կազմակերպության ղեկավար։ Չէի՞ք կարող ձեր կազմակերպությունով, ձեր զենքով պայքարել, այնպես գրել, որ թերթն էլ, թերթի հեղինակն էլ ամոթից գետինը մտնեին։ Պարզվում է` չէիք կարող։

Հիմա գանք կղկղանք հիշեցնող ձեր մրցանակին։ Նույնիսկ այս հարցում չկարողացաք առաջինը լինել։ Վաղուց է, ինչ լրագրողները ժանգոտ կողպեքներ ու բանալիներ են նվիրում զանազան հիմնարկների այն ղեկավարներին, ովքեր ամեն կերպ փորձում են իրենց վստահված ոլորտը հեռու պահել «չար» աչքից։ Բայց, ինչպես ասում են, կրկնությունը գիտության մայրն է։

Եվ մեզ հետաքրքրողն էլ այն հարցն է, թե ինչո՞ւ հիշեցիք հատկապես 37 թվականը։ Գուցե այն պատճառով, որ 37-ին լրագրողներից շատ ավելի հենց գրողնե՞րն են տուժել... Հա, էլի։ Տեսնո՞ւմ եք, ինչ բան է վախը։ Ումի՞ց էիք այդպես սարսափած, ո՞վ է հիմա, անկախ Հայաստանում, թերթերի հրապարակումների պատճառով որեւէ մեկից հատուկ ձեւի բացատրություն պահանջում։ Մենք Ստալինի ժամանակներում ենք, ի՞նչ է։ Ինչի՞ց եք ենթադրում, թե թերթի արածը մատնություն է, իսկ լրագրողը` երեք ռուբլով հոգին ծախող արարած։

Ավելի հեշտ չէ՞ պարզապես հայտարարել, որ դուք հրեշտակի թեւերով արարածներ եք ու ամեն ինչ փակել։ Ինչո՞ւ եք ստիպում ավելորդ հարց տալ, թե ո՞վ է այդ դեպքում այն ստեղծագործ մարդը, որը, սեփական գինը վրան դաջված «Կեղանք» մրցանակ է հնարում եւ ուժայինների ձեռքը տալիս լրագրողին, որի դեմ անզոր է անգամ գրիչ շարժել։ Հիմա նստեք ու մի լա~վ փիքր արեք աշխարհի բաները...

«Հրանտը մինչեւ օրս էլ սովորեցնում է մեզ, թե ինչպիսին պետք է լինի հայ մարդը»։ Ստիպված եմ խմբագրել՝ «Հրանտը սովորեցնում է բոլորին, բացի այս յոթ հոգուց եւ սրանց հնարած մրցանակի հրաշքին սպասողներից»։ Մրցանակ չէ, իսկը` «Հեղնար աղբյուր», որից, ինչպիսի բարեբախտություն, միայն դրա հեղինակները կկարողանան ջուր խմել։
Իսկ հիմա, ինչպեսեւ խոստացել էինք, Անանյանի փողոցային պահվածքի մասին։

Այս մարդը դեռեւս հույս ունի դատական կարգով, լրատվամիջոցից ու նրա հեղինակից ավելին կորզել։ Ավելին` թե բարոյական, թե նյութական առումով։ Նրան չի գոհացրել արդեն հրապարակած հերքումը, չի բավականացրել նաեւ դրամական հատուցման չափը։ Հասկանո՞ւմ եք, թե ինչի հետ գործ ունենք։ Չէ, սա այն դեպքը չէ, երբ ասում են` ախորժակն ուտելիս է բացվում։ Սա այն դեպքն է, երբ մեկն իրեն մինչեւ վերջ անպատժելի է երեւակայում։ Այսպիսիներին շատ ենք տեսել` 37 թվին էլ, դրանից հետո էլ։

Մենք սիրով դա կվերագրեինք գրողի` առաջին դատավարության արդյունքից ապրած երջանկությանը, սակայն, Անանյանի դեպքում անպատժելիության զգացումին այլեւս ավելի ենք հավատում, քանզի, հայտնի բան է, երջանիկ մարդը լեզուն չի երկարացնում տեղի-անտեղի։ Նա իրեն իրավունք է վերապահում եթերով «կիսագրագետ ժուռնալիստ» որակել հայ լրագրողին եւ, հաշվի առնելով նրա կին լինելը, սպառնալ, թե ինքն էլ կարող է բամբասանքներ տարածել նրա կասկածելի բարոյական նկարագրի մասին (հասկանալի պատճառներով այստեղ չենք կրկնում այդ թեմայով Անանյանի մտասեւեռումը)։ Ինչպես ասում են` ՒՈՍՑ վՈ սՌՓՏ!։ Ի՞նչ է դրանից հետեւում։

Նախ` պարոն Անանյանը, մարդուն անձնական վիրավորանք հասցնելու համար, նոր օրենքով բոլորովին ազատված է քրեական պատասխանատվությունից, հետեւաբար, մեռնեմ օրենքին, պարտավոր է լրագրողին վճարել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը եւ հատուցել (կուզի բարոյապես, կուզի բնամթերքով) այն լրատվամիջոցի բարոյական վնասը, որի անունը հոլովեց եթերում։

Եթե այսքանից հետո լրատվամիջոցին կամ լրագրողին «Յոթի գործով» դարձյալ դատարան քարշ տան Անանյանի որկորին հագուրդ տալու նպատակով, ես արդեն ստիպված կլինեմ, որպես ստեղծագործական որեւէ միության չպատկանող ՀՀ քաղաքացի, որպես մարդ, որին ոչ ոք «37 թիվը հիշեցնող այս օրերին» երեք ռուբլի չի տա նման բան գրելու համար, հայտարարել, որ Անանյանն ու իր վեց ընկերները (1+6) պարզապես խմբակային հանցագործներ են։
Ջհանդամը, թե առաջին «Կեղիքը» ինձ չեն շնորհի` բարոյալքված հասարակության անդամիս։

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
7or.am
Նոյեմբեր 13, 2010

No comments:

Post a Comment