Tuesday, May 24, 2011

Մեղավորին քեզնից դուրս մի՛ փնտրիր

Ես մանկավարժ եմ։ 25 տարի հայոց լեզու եւ գրականություն դասավանդելիս աշակերտների հոգում սեր ու ակնածանք եմ սերմանել հայ գրականության հանդեպ,՝ հորդորելով, որ ողջ կյանքում որպես իսկական մտավորականի կերպար իրենց հոգում պահեն հանճարեղ Թումանյանին։ Հպարտ եմ, որ իմ աշակերտներից շատերը ընթերցասեր, գիր ու գրականություն հարգող քաղաքացիներ դարձան։

Բայց շատ եմ ցավում, որ վերջին տարիներին գրեթե միշտ նրանք ինձ մոտ են գալիս գրականությանը ու հատկապես գրողներին առնչվող տարբեր սկանդալային իրադարձությունների կամ հրապարակումների առիթով ինձանից լսելու մի մխիթարական խոսք։ Բերում են պետական մրցանակի արժանացած գիրք ու խնդրում են բացատրել դրա գեղարվեստական արժեքը... Չեմ կարողանում, որովհետեւ արժեք չկա։

Բերում են գրական կոչված մամուլում տպագրված անամոթ-անպարկեշտ գրվածքներ ու զայրացած հարցնում՝ ինչպե՞ս կարելի է ընթերցողին պարտադրել աղբն ու անբարոյականությունը... Մի քանի տարի առաջ խորհուրդ էի տալիս այդ հարցերն ուղղել Հայաստանի գրողների միության ղեկավարությանը։ Անսալով իմ խորհրդին՝ դիմեցին, ավելի խորացնելով ու ամրապնդելով հիասթափությունը։

Մեր նոր հասարակության կառուցմանը ես կարող եմ մասնակից լինել իսկական արժեքների նկատմամբ հավատը չկորցնելու հորդորով։ Բայց ահա հեռուստացույցով նայում եմ, ասենք, Չարենցի ծննդյան օրը նրա հուշարձանի մոտ խոսք ասող Լեւոն Անանյանին ու սոսկում եմ՝ «ինչո՞ւ է այսքան մռայլ ու մաղձոտ այս մարդը»։ Ինչպե՞ս նրա մոտ ուղարկեմ գրական արժեքներով մտահոգ իմ սաներին, եթե զգում եմ, որ նա իր մռայլ դեմքով ու կցկտուր հայերենով նրանց ավելի կհուսահատեցնի։

Գրողից պետք է սեր ու բարություն ճառագի. եթե դեմքիցդ ու խոսքիցդ դժգոհություն է տարածվում այն աստիճան, որ մարդու հոգին միանգամից փակվում է քո առաջ, ապա դու ինչպե՞ս կարող ես գրող կոչվել... ավելին՝ ի՞նչ իրավունք ունես մի ողջ պետության գրողների առաջնորդը լինել։ Ինչպե՞ս հերքեմ սաներիս երկաթե փաստարկը՝ «Ուրեմն բոլոր գրողներն են այդպիսին, որ երկրորդ անգամ նրան իրենց նախագահն են ընտրել»։

Հիանալի հասկանում եմ, որ գրողներն էլ սովորական մահկանացուներ են, բոլորիս նման ունեն ապրելու եւ ընտանիք պահելու խնդիրներ, եւ հնարավոր են նահանջներ։ Բայց արդյոք նահանջները դադարեցնելու եւ դիրքերը վերադառնալու ժամանակը չէ՞։

Զարմանում եմ, ինչպե՞ս կարող են հանդուրժել Լեւոն Անանյան ոչ գրողին իսկական գրողները։ Որտե՞ղ են, մի՞թե Հայաստանում չեն Աղասի Այվազյանը, Պերճ Զեյթունցյանը, Ռազմիկ Դավոյանը, Վահագն Մուղնեցյանը, Լեւոն Խեչոյանը... Արդյո՞ք իրենց համար վիրավորական չէ, որ տաղանդով, մարդկային որակներով ու քաղաքացիական դիրքորոշմամբ իրենցից շա՜տ ցածր կանգնած մեկն իրենց առաջնորդն է։ Շատ եմ ցավում, եթե այդպես է։
Բայց ավելի շատ սարսափում եմ այն մտքից, որ նրանք անտարբեր են դարձել։ Չէ՞ որ եթե գրողը չի վառվում իր ազգի համար, ազգն էլ հետո նրան չի հիշում... Իսկ կա՞ ավելի մեծ պատիժ գրողի համար, քան մոռացությունը։ Այսօր էլ մեզ հետ է Թումանյանն իր խոսքով ու գործով, որովհետեւ իր անձից վեր կանգնելով նվիրվեց ազգին։ Ինչո՞ւ չեք նրանից օրինակ վերցնում։

Վերջին տարիներին կուտակված հիասթափությունս իր գագաթնակետին հասավ, երբ Լեւոն Անանյանն ինքն իրեն պատգամավորության թեկնածու առաջադրեց՝ վստահ, որ անպայման կընտրվի։ Չընտրվեց եւ սկսեց աջ ու ձախ մաղձ ցայտեցնել բոլորի ու ամեն ինչի վրա...
Ումի՞ց ես դժգոհում, մարդ Աստծո. խայտառակ պարտությունդ ո՞ւմ վրա ես բարդում։ Ինչո՞ւ ինքդ քեզ չես նայում... բոլորին սեւացնելով ինքդ հո լուսավոր չես դառնո՞ւմ։ Տեսամագնիտոֆոն չունե՞ս. խորհուրդ եմ տալիս՝ խնդրիր մեկին հեռուստաելույթներդ տեսագրել եւ հետո փորձիր կողքի աչքով ինքդ քեզ նայել... դու քեզ կհավատա՞ս... դու քեզ կվստահե՞ս։

Չէ՞ որ մենք էլ աչք ունենք, կյանքի փորձ ունենք, մարդ ճանաչել գիտենք եւ երբեք չենք վստահի մեկին, ով մի պայծառ գրողի մասին խոսում է խոժոռ ու մաղձոտ՝ աշխատելով խոսքն արագ հասցնել իր սիրած հանգերգին՝ «փող տվե՛ք... փող տվե՛ք... փող տվե՛ք»։ Մի հարցնող լինի՝ տրված փողերն ի՞նչ ես արել։ Անընդհատ ասում ես, որ հայ գրողների գործերն ես թարգմանում ու հրատարակում։ Իսկ մեզ համար ի՞նչ ես անում... որտե՞ղ են տպագրածդ գրքերը... ի՞նչ չափանիշներով ես գրիչ վերցնողներից գրողներին ընտրում... արդյոք գրող չես համարում միայն քո կողքին խմբվածներին։

Ամեն տեղ մեղավոր ու հանցագործ ես փնտրում։ Իսկ դու ինքդ մեղավո՞ր չես, որ Գրողների տունը անշուք մի կառույցի է վերածվել։ Մեղավո՞ր չես, որ գրողներն իրենց դիրքերում չեն։ Մեղավո՞ր չես, որ երիտասարդությունը գրքից հեռացել է...
Մեղավո՛ր ես... Փորձի՛ր հասկանալ եւ համապատասխան որոշումներ ընդունելու ուժն ունեցի՛ր։

ԳԱՅԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
Հունիս 29, 2007

No comments:

Post a Comment